Արեգ Բագրատյան | Գրաքննությունը իրանական սփյուռքի արձակագիրների աչքերով

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի

Ազատությունը երկուսին գումարած երկու՝
հավասար է չորսի ասելու հնարավորությունն է։
Եթե դա թույլատրվի, մնացած ամեն ինչ կբխի դրանից
․․․

Ջ Օրուել

Խոսքի ազատությունը, այդ թվում՝ տեղեկատվության հասանելիությունը մարդու անօտարելի իրավունքն է։ Այս իրավունքից լիարժեք օգտվելը մեծ նշանակություն ունի անհատի աշխարհայացքի, երկրի ժողովրդավարության, հասարակական-քաղաքական կայուն գիտակցում ունեցող քաղաքացու դաստիարակման հարցում։ Խոսքի ազատություն նշանակում է՝ յուրաքանչյուր անհատ իրավունք ունի ունենալ սեփական կարծիքը և արտահայտել այն առանց վախի։ Գրաքննությունը այս հիմնարար իրավունքին հակասող դրսևորումն է։
Գրաքննությունը պետական վերահսկողության ձև է տեղեկատվության բովանդակության ու տարածման, հրատարակչական գործունեության, երաժշտական ու գրական ստեղծագործությունների, ռադիո և հեռուստահաղորդումնրի, ինտերնետային կայքերի ու պորտալների, որոշ դեպքերում նաև անձնական հաղորդակցության նկատմամբ՝ նպատակ ունենալով կանխել այն գաղափարների ու մտքերի տարածումը, որոնք իշխանության համար անցանկալի են[1]։
Պատմական գիտությունների դոկտոր Տատյանա Գորյաևայի կարծիքով՝ գրաքննությունը ծագել է այն պահին, երբ պետական իշխանության գլխին կանգնած մարդկանց խումբը սկսել է իր կամքը պարտադրել հասարակությանը։ Ցենզուրա բառը ծագել է լատիներեն «census» բառից, որը Հին Հռոմում նշանակում էր մարդկանց ունեցվածքի ժամանակավոր բաժանում՝ հասարակությունում դասերի առանձնացման համար։ Երկրորդ իմաստը վերաբերում էր քաղաքացիության իրավունքն օգտագործելու սահմանափակմանը։ Այս ձևով, ըստ Գորյաևայի, հռոմեական գրաքննիչը ազդում էր քաղաքացիների քաղաքական կողմնորոշման վրա[2]։
Գրաքննությունը, ձևավորվելով անտիկ շրջանից, իր զարգացումն ապրեց հատկապես 20-րդ դարում՝ ամբողջատիրական համակարգում դառնալով ճնշման ապարատի, հասարակական մանիպուլյացիայի ու ռեպրեսիայի անբաժանելի մաս։ ԽՍՀՄ-ում գրաքննությունը գտնվում էր կոմունիստական կուսակցության վերահսկողության ներքո ու կրում էր գաղափարախոսական բնույթ[3]։ Լուսավորության և պրոպագանդայի նախարարությունը իր վերահսկողության ներքո էր պահում ամբողջ տեղեկատվական դաշտը Գերմանիայում։ Ցանկացած այլախոհություն, որը հակասում էր ազգային-սոցիալիստական նացիոնալիստական գաղափարախոսությանը կամ իշխող համակարգին, արգելվում էր[4]։
Գրաքննության ամենահաս ձեռքը անմասն չի մնացել նաև Իրանից։ Պետք է նկատել, որ այս երկրում գրաքննությունը շատ խոր արմատներ ունի, և այն վերաբերում է թե՛ շահական, թե՛ իսլամական վարչակարգերին։ Մեր աշխատանքում գրաքննության դեպքերը կքննենք իրանական սփյուռքի արձակագիրների հետևյալ երկերում՝

  • «Իմ բանտը, իմ տունը» – Հալեհ Էսֆանդիարի
  • «Թեհրանի տանիքները» – Մահբոդ Սերաջի
  • «Իրանական կերպարանափոխություն» – Մանա Նեյեսթանի
  • «Գրաքննելով իրանական սիրավեպը» – Շահրիար Մանդանիփուր
  • ««Լոլիտայի» ընթերցանությունը Թեհրանում» – Ազար Նաֆիսի
  • «Շուտով եկան իմ հետևից» – Մազիար Բահարի
  • «Սալորենու ճառագայթումը» – Շոքուֆեհ Ազար
  • «Բանտարկյալը․ իմ 544 օրերը իրանական բանտում» – Ջեյսոն Ռեզայան
  • «Ֆրանկֆուրտի օդանավի կինը» – Մոնիրու Ռավանիփուր

Նախահեղափոխական շրջանի գրաքննության մասին կարդում ենք Հալեհ Էսֆանդիարիի «Իմ բանտը՝ իմ տունը» և Մահբոդ Սերաջիի «Թեհրանի տանիքները» վեպերում։ Առաջինն իր բնույթով ինքնակենսագրական է, որի հեղինակ-հերոսը շահական շրջանում աշխատել է Իրանի ամենահեղինակավոր թերթերից մեկում՝ «Քեյհան»-ում։ Նա պատմում է մամուլի գրաքննության մասին․ «Գրաքննիչը՝ Մահրամ Ալի Խանը, այդ պաշտոնը զբաղեցնում էր 1930-ականներից, և ամեն օր, գրաքննիչի ցուցակը ձեռքին, մի խմբագրականից մյուսն էր անցնում: Ստուգում էր բոլոր էջերը և կարդում բոլոր հիմնական նյութերը: Երբեմն նա հրամայում էր հանել անուն կամ պարբերություն, երբեմն՝ մի ամբողջ նյութ: Մեզ թույլ չտվեցին, օրինակ, հաղորդել արտասահմանցի ուսանողների ցույցերը, որպեսզի դրանք օրինակ չլինեն մեր իսկ համալսարանականների համար: Մեզ արգելեցին անդրադառնալ շահին քննադատող արտասահմանյան նյութերին»[5]։
Մամուլի ազատության սահմանափակումներին զուգահեռ՝ հանդիպում ենք գեղարվեստական երկերի արգելքի, մարդկանց տներից գրքերի բռնագրավման և այրման դեպքեր։ Խոսքը հիմնականում կոմունիստական գաղափարներով լեցուն հեղինակների և նրանց գրքերի մասին է, օրինակ՝ Էթել Լիլիան Վոյնիչի «Բոռը», կամ Էրիխ Ֆրոմի, Անտոնիո Գրամշինի աշխատությունները։ Ահա մի հատված «Թեհրանի տանիքները» վեպից․ «․․․․Նա խոսում էր դիալեկտիկ մատերիալիզմից, դետերմինիզմից և կապիտալի կենտրոնացումից՝ գովաբանելով ու մեջբերելով այնպիսի գիտնականների, ինչպիսիք էին Լուի Ալտյուսերը, Էրիխ Ֆրոմը և Անտոնիո Գրամշին՝ մարքսիստ գիտնականներ, ում աշխատությունները Իրանում արգելված են»[6]:
Նույն վեպում հանդիպում ենք նաև, թե ինչպես էին ՍԱՎԱՔ-ի խուզարկուները մտնում մարդկանց տներ՝ փնտրելու և առգրավելու Իրանում այդ պահին արգելված գրքեր․ «․․․․Բժիշկը կարող է մի քանի տարով հայտնվել ՍԱՎԱՔ-ի՝ շահի գաղտնի ոստիկանական ծառայության բանտում, եթե գտնեն կառավարության կողմից արգելված իր գրքերը: Մի օր գրախանութից տուն վերադառնալու ճանապարհին նրան պատմում եմ, թե հայրս ինչպես էր արգելված գրքերը թաքցնում զուգարանում կառուցված փոքրիկ պահոցում:
– Երբ վեց տարեկան էի, ՍԱՎԱՔ-ը ներխուժեց մեր տուն,- ասում եմ ես: – Մայրս փորձեց նրանց դեմն առնել դեռ բակի մոտի դռնից, սակայն նրանք իրենց ճանապարհից ուղղակի մի կողմ հրեցին մորս: Հայրս իր աշխատասենյակում ընթերցանությամբ էր զբաղված, բայց երբ լսեց, թե ինչ իրարանցում է, գիրքը գցեց հատակին ու սենյակից դուրս վազեց: Գիրքը բնազդաբար վերցրի, գնացի պահոցի կողմը ու դուռը ներսից կողպեցի: Չգիտեմ՝ ինչու. թերևս նրա համար, որ այն ժամանակ հայրս սովորություն ուներ պահոցն անվանելու «մեր գաղտնիքը»՝ ինձնից խոստում կորզելով, որ դրա մասին ոչ մի տեղ չեմ ասի: Խուզարկուները ժամեր շարունակ տակնուվրա արեցին մեր տունը, բայց ոչինչ չգտան: Նրանք դատարկաձեռն գնացին, բայց դրանից ի վեր հայրս մեր տանն այլևս արգելված գրքեր չպահեց
»[7]:
1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո գրաքննությունն Իրանում նոր մակարդակի հասավ՝ երբեմն վերածվելով մշակույթի։ Եթե շահական շրջանում գրաքննվում էին հիմնականում իշխանություններին քննադատող հոդվածները, կամ քաղաքական այլ հայացքներ տարածող գրքերը, ապա հետհեղափոխական Իրանում գրաքննությունը դարձավ ավելի բազմաճյուղ։ Գրաքաննության տակ են հայտնվում այն բոլոր գործերը, որոնք քննադատում են Հազրաթ-է Մեհդիի[8] գոյությունը, Վելայաթ-է Ֆաղին[9], Իսլամական հանրապետությունը, Խոմեյնիին, Իսլամական հեղափոխությունը, իսլամի հիմունքները, հոգևորականներին, տարածում են արևմտյան գաղափարներ, գովազդում են այլ կրոն և այլն[10]։
Իսլամական հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո Այաթոլլահ Խոմեյնին հայտարարեց Մշակութային հեղափոխության մասին, երբ «․․․․վարչակարգը փորձեց մաքրել ակադեմիան «Արևմտյան և ոչ իսլամական» ազդեցություններից՝ այն համապատասխանեցնելով իսլամին»[11]:
Գրաքննության տակ առնվեց նախ մամուլը։ Տեղի էին ունենում խմբագրականների փակում, լրագրողների անհետացումներ, ձերբակալություններ ու սպանություններ։ Առհասարակ, Իրանում, պայմանավորված քաղաքական այս կամ այն դեպքերով, երբեմն գրաքննությունը մեծ ծավալներ էր ստանում, երբեմն էլ զարմանալիորեն շատ էր թուլանում։ Հետհեղափոխական Իրանում եղան այնպիսի շրջափուլեր, որոնք նշանավորվեցին խիստ գրաքննությամբ։  Դրանցից են 1990-ականների առաջին կեսին մտավորականների հանդեպ սկսված գործողությունները, որ Իրանում հայտնի են «Շղթայական սպանություններ» անվամբ։ Հ․ Էսֆանդիարին այս մասին գրում է․ «….Տասը շաբաթվա ընթացքում փակվեցին ավելի քան քսան լրատվականներ, որոնք կազմում էին բարեփոխական գրեթե ամբողջ մամուլը։ Մի քանի հայտնի պարբերականների լրագրողներ ու խմբագիրներ դատապարտվեցին բազմամյա բանտարկության՝ «պետական անվտանգությունը խաթարելու», «իսլամը վիրավորելու», հասարակական կարծիքը «շփոթեցնելու» մեղադրանքներով։ Լրագրողների թվում էին Էմադեդդին Բաղին և Աքբար Գյանջին, որոնք իրենց հետաքննող լրագրության մեջ անդրադարձել էին հետախուզության նախարարության և բարձրաստիճան անանուն պաշտոնյաների՝ 1998 թ. «Սերիական սպանություններին» և այլ սպանություններին»[12]։ Էսֆանդիարին իր գրքում նաև անդրադառնում է 90-ականների լրագրողներից մեկի՝ Ֆարաջ Սարքուհիի բռնության դեպքին՝ մասնավորապես նշելով․ «1996-ի նոյեմբերին «Ադինեհ» ամսագրի լրագրող և խմբագիր Ֆարաջ Սարքուհին, որն այցելում էր Գերմանիայում բնակվող իր ընտանիքին, «անհետացավ» նախքան Թեհրանի ինքնաթիռ նստելը: Յոթ շաբաթ անց նա հանկարծ հայտնվեց մամուլի ասուլիսում`իր բացակայության անհավանական բացատրությամբ: Ավելի ուշ երկրից դուրս հանված մի նամակում Սարքուհին հայտնեց, որ մի քանի շաբաթվա ընթացքում նա ենթարկվել է հարցաքննության, ծեծի և հոգեբանական ուժեղ ահաբեկման: Նրան ստիպել են խոստովանել, որ լրտեսել է հօգուտ Ֆրանսիայի և Գերմանիայի։ Նա նաև ստիպված է եղել խոստովանել մի քանի կանանց հետ ապօրինի հարաբերությունների մասին: Սարքուհիի հանդեպ այնքան դաժան են վերաբերվել, որ նա հարցաքննողներին խնդրել է սպանել իրեն»[13]:
«Շղթայական սպանությունների» գագաթնակետը եղավ մի իրադարձություն, որը երկար ժամանակ ցնցեց Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Խոսքը 1996 թվականի օգոստոսի 6-ի մասին է, երբ իրանցի մի խումբ գրողներ պիտի մեկնեին Հայաստան՝ մասնակցելու ՀՀ Գրողների միության կողմից կազմակերպված համաժողովի։ Ազար Նաֆիսիի ««Լոլիտայի» ընթերցանությունը Թեհրանում» վեպում կարդում ենք․ «Մոտ երկու ամիս առաջ գրողների միությունը հրավեր ստացավ՝ մասնակցելու Հայաստանում անցկացվող համաժողովի։ Հրավերն ուղղված էր միության բոլոր անդամներին։ Սկզբում շատերը զանգեր ստացան անվտանգության ծառայություններից, և նրանց սպառնացին և հրահանգեցին չգնալ, բայց շուտով վարչակարգը կարծես հետ քաշվեց և նույնիսկ խրախուսեց մեկնումը։ Ի վերջո, քսան հոգի ընդունեց հրավերը։ Նրանք որոշեցին ուղևորության համար ավտոբուս վարձել։ Մանրամասների հարցում որոշ հակասություններ կան ոմանք պնդում են, որ հենց սկզբից էլ կասկածում էին, որ մի բան այն չէ, մյուսներն էլ՝ մեղադրում իրար՝ դավաճանության մեջ մեղսակից լինելու հարցում։ Բայց բոլորն էլ նշում են, որ առավոտյան քսանմեկ գրող ճամփա ընկավ դեպի ավտոկայան։ Ոմանց համար մի փոքր տարօրինակ էր, որ ավտոբուսը ժամանակին չշարժվեց, և վարորդն էլ փոխվել էր։ Ոմանք նկատեցին, որ իրենց գործընկերների մի մասն էլ առավոտյան է մտափոխվել և հրաժարվել ուղևորությունից։ Ի վերջո, նրանք ճանապարհին էին։ Ուղևորությունը սահուն ընթացավ մինչև կեսգիշերն անց, կամ, ինչպես ոմանք են ասում, մինչև գիշերվա ժամը երկուսը, երբ բոլոր ուղևորները քնած էին՝ բացի մեկից, որ նկատեց՝ ավտոբուսը կանգ է առել, և վարորդն էլ՝ անհետացել: Նա նայեց պատուհանից և տեսավ, որ ավտոբուսը կանգնած է շատ բարձր անդունդի եզրին: Այդ պահին նա շարունակ վազում էր և բղավում, որպեսզի արթնացնի մյուսներին, մինչև հասավ ավտոբուսի առջևի մաս, նստեց ղեկին և շրջեց ավտուբուսը։ Մյուս ուղևորները քնաթաթախ իջան ավտուբուսից՝ տեսնելով անվտանգության աշխատակիցների, որոնք այնտեղ էին իրենց Մերսեդեսներով և ուղղաթիռներով։ Ուղևորներին տարան հարցաքննության տարբեր վայրեր, իսկ հետո նրանց հորդորեցին ոչ մի բառ չխոսել պատահարի մասին, այնուհետև ազատ արձակվեցին»[14]։
Այս ուղևորության մասնակիցներից պետք է լիներ նաև արձակագիր Մոնիրու Ռավանիփուրը, որը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին պահին հրաժարվել է իրանահայ հասարակական-քաղաքական գործիչ Ժանետ Լազարյանի խորհրդով, որն ասել է, թե ինչ-որ վտանգ է տեսնում այդտեղ։
Ըստ իրանական սփյուռքի արձակագիրների՝ մտավորականների հանդեպ բռնաճնշումների հաջորդ ալիքը բարձրացավ 2000 թվականի ապրիլի 7-9-ը Բեռլինում տեղի ունեցած «Իրանը ընտրություններից հետո» համաժողովի շրջանակներում և դրանից հետո։ Այդ օրերին Գերմանիայի Կանաչների կուսակցության և Հ․ Բյոլի հիմնադրամի հրավերով իրանցի ավելի քան 10 մտավորական մեկնեցին Բեռլին։ Նրանք համաժողովի ընթացքում ելույթներ ունեցան կանանց իրավունքների, ազատության, ժողովրդավարության, Իրանի Իսլամական Հանրապետությունում բռնապետության և այլ թեմաներով։ Թեպետ ԻԻՀ Հանրային հեռուստաընկերությունը համաժողովից ընդամենը կես ժամ հեռարձակեց Իրանում, սակայն այն մեծ իրարանցում առաջացրեց երկրում։ Տեղի ունեցան բողոքի ցույցեր, հոգևորականությունը մեղադրեց Բեռլինում ելույթ ունեցողներին՝ իրենց հայրենիքի վրա քարեր նետելու մեջ։ Իսկ նախագահ Խաթամին մեղադրեց Հանրային հեռուստաընկերությանը՝ ասելով տարեկան հարյուրավոր նման համաժողովներ են տեղի ունենում։ Մի՞թե իմաստ ունի գնալ և քրրքել բոլոր արխիվները[15]։
Բողոքի ցույցերը սրվելուն պես դատական համակարգը չլռեց և դատական գործեր բացվեցին համաժողովի մասնակիցներից շատերի վրա։ Իսկ մի մասն էլ ուղղակի հետ չվերադարձավ Իրան։ Հ․ Էսֆանդիարին, անդրադառնալով այս թեմային, «Իմ բանտը, իմ տունը» գրքում նշել է․ «Դատական իշխանությունները իսլամական սրբությունները իբրև թե վիրավորելու և ազգային անվտանգությունը խաթարելու մեղադրանքով ձերբակալեցին և դատեցին մի քանի գրողների, որոնք մասնակցել էին Բեռլինի Հայնրիխ Բյոլ ինստիտուտում Իրանի վերաբերյալ համաժողովին: Մտավոր համայնքին ուղղված հստակ նախազգուշացման արդյունքում մասնակիցներից վեցը դատապարտվեցին ազատազրկման՝ չորսից տասը տարի ժամկետով»[16]։
Բեռլինի համաժողովին հաջորդող դեպքերի մասին է դրան մասնակցած Մ․ Ռավանիփուրի «Ֆրանկֆուրտի օդանավակայանի կինը» պատմվածքը՝ համանուն ժողովածուից։ Պատմվածքի գրող հերոսուհին գնացել է Բեռլինի համաժողովին, և դրան հաջորդած հայտնի դեպքերից նա վախեցած է ու տագնապած։ Նա այլ ելք չունի, քան մնալ օտարության մեջ[17]։
Հաջորդ դեպքը, որը, ըստ իրանական սփյուռքի գրողների, անձի և նրա գործունեության հանդեպ գրաքննություն է, որը հանգեցրել է անգամ սպանության, կանադաբնակ Զահրա Քազեմիի ձերբակալությունն ու սպանությունն է։ Այն տեղի է ունեցել 2003-ին, որը, ճիշտ է, հեռու է՝ 90-ականների «Շղթայական սպանությունների» ժամանակագրությունից և հայտնի շղթայականությունից, սակայն քանի որ, ըստ երևույթին, տրամաբանությունը նույնն է, հարկ ենք համարում անդրադառնալ աշխատանքի սույն հատվածում։ Լրագրող Մազիար Բահարին իր «Շուտով եկան իմ հետևից» գրքում գրում է․ «Զահրան, որին ընկերները Զիբա էին ասում, եռանդուն ու նվիրված լրագրող էր։ Մի օր նա զանգահարեց ինձ՝ քննարկելու Իրանում ռեպորտաժներ պատրաստելու դժվարությունների մասին։ Ես նրան խորհուրդ տվեցի զգույշ լինել Իրանում աշխատելիս` անկախ նրանից, թե ինչ թեմայով երբեք չես իմանա, թե ինչն է վրդովեցնում իշխանություններին։ Մեր զրույցից մի քանի օր անց Զիբային ձերբակալեցին Էվինի դիմաց իրենց բանտարկյալներին սպասող ընտանիքներին լուսանկարելու համար։ Հետո իմացա, որ Էվինի ղեկավարությունից մեկը՝ Էլիաս անունով մի մարդ, դուրս էր եկել և փորձել վերցնել նրա տեսախցիկը։ Երբ նա հրաժարվել էր հանձնել իր տեսախցիկը, Էլիասը բռունցքով հարվածել էր նրա գլխին։ Էլիասի ձեռքին հակինթե մատանի կար, մի մատանի, որ Մուհամմադ մարգարեն էր խորհուրդ տվել կրել՝ պաշտպանվելու հավանական վտանգներից։ Մատանու հարվածից կոտրվել էր Զիբայի գանգը։ Նա ընկել էր գետնին և գլուխը հարվածել մայթին։ Ըստ ինձ պատմող անձի՝ Էլիասը նպատակ չի ունեցել սպանել նրան: Բայց այն բանից հետո, երբ նրան տարել են բանտ, բժշկական օգնություն չեն ցուցաբերել, և նա շուտով մահացել է ներքին արնահոսությունից»[18]:
Զահրա Քազեմիի սպանությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային հանրության շրջանում։ Իրանական սփյուռքի ներկայացուցիչներից շատերն են անդրադարձել նրա հետ կատարվածին, այդ թվում՝ Հալեհ Էսֆանդիարին, Մարինա Նեմաթը։ Վերջինս իր «Թեհրանի բանտարկյալը» վեպում նշում է, որ աշխարհը խոսում էր Զահրայի մասին, քանի որ նա կանադացի էր։ Եթե աշխարհը շատ ավելի վաղ ուշադրություն դարձրած լիներ, Զահրան մահացած չէր լինի, ինչպես նաև շատ ու շատ կյանքեր փրկված կլինեին։ Նեմաթն անգամ Քազեմիի սպանությունը համարում է կարևոր շարժառիթ՝ իր բանտային հուշագրությունը գրելու և աշխարհին մարդկանց տառապանքի մասին հաղորդակից դարձնելու համար[19]։
Մամուլին զուգահեռ՝ ըստ իրանական սփյուռքի արձակագիրների՝ զարգանում է գեղարվեստական գրականության գրաքննությունը։ Հեղինակներն իրենց երկերում նկարագրում են, թե ինչպես են Իսլամական առաջնորդության նախարարության հատուկ ծառայողները տող առ տող գրաքննում յուրաքանչյուր գործ՝ թույլ տալով կամ չտալով գրատպության։ Հետաքրքիր է, որ նրանք նաև ներկայացրել են, թե ինչ միջոցների են դիմում գրողները՝ գրաքննությունից խուսափելու համար։ Նրանց մեծ մասը դիմում է եզոպոսյան լեզվին, կամ, այլ կերպ ասած՝ գաղտնագրերի լեզվին։ Ասելիքը ներկայացվում է այլաբանորեն, փոխաբերաբար, թափանցիկ ակնարկներ են արվում, զանազան կեղծանուններ են մշակվում, որոնք այս կամ այն կերպ օգնում են խույս տալ գրաքննիչից։ Օրինակ՝ ինչպես նշում է գրաֆիկ մշակույթի ներկայացուցիչ Մանա Նեյեսթանին իր «Իրանական կերպարանափոխություն» գրքում, իր ոլորտում խոսքի ազատության և գրաքննության սիմվոլը կոտրված ծայրով մատիտն է[20]։
Սակայն որքան էլ կան ուղիներ՝ քիչ թե շատ խուսափելու գրաքննության ամենազոր ձեռքից, շատ ստեղծագործողներ չեն կարողանում լիովին համակերպվել այդ իրականությանն ու ցանկություն ունեն իրենց ասելիքը բացեիբաց ասել և գրաքննությունը դիտում են իրենց ստեղծագործական իրավունքների հիմնական ոտնահարում։ Այդպիսի անձանցից է ավստրալաբնակ երիտասարդ հեղինակ Շոքուֆեհ Ազարը, որն իր «Սալորենու ճառագայթումը» վեպի բնաբանում գրում է․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել հորս, որն ինձ սովորեցրել է ազատ ճախրել գրականության երկնքում։ Ես երախտապարտ եմ մորս, առանց որի աջակցության՝ չէի կարող ապրել ազատ երկիր Ավստրալիայում՝ կարողանալով ստեղծագործել առանց գրաքննության»[21]։
Թերևս վերջին ժամանակաշրջանում գրաքննության նախադեպը չունեցող երևույթը կարելի է համարել Այաթոլլահ Խոմեյնիի կողմից բրիտանաբնակ հնդիկ գրող Սալման Ռուշդիի դեմ 1988 թվականին արձակված ֆեթվան, որի պատճառը եղել է հեղինակի կողմից իր «Սատանայական այաթներ» վեպում Մուհամմադ մարգարեի կերպարը բացասաբար օգտագործելը։ Իրանի հոգևոր առաջնորդ Ռուհոլլա Խոմեյնին հրապարակայնորեն անիծեց Ռուշդիին և իր ֆեթվայով նրան դատապարտեց մահվան՝ կոչ անելով ողջ աշխարհի մուսուլմաններին ջանալ այս դատավճիռն իրագործել[22]։ Այս դեպքն անգամ հանգեցրեց Մեծ Բրիտանիայի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների խզմանը: 90-ականների սկզբներին Իրանի նախագահ Մուհամմադ Խաթամին անձնապես հայտարարեց, որ Ռուշդիի գործը «պետք է փակված համարել»։ Սակայն 2003 թվականին ԻՀՊԿ-ն հայտարարեց, որ գրողի հանդեպ կայացված մահապատիժը մնում է ուժի մեջ, իսկ 2005 թվականին Ալի Խամենեին հայտարարեց, որ Ռուշդիի սպանությունը «աստվածահաճո գործողություն կլինի»։ 2012 թվականին «Խորդադ 15» հիմնադրամը Ռուշդիի սպանության պարգևավճարը բարձրացրեց մինչև 3,3 միլիոն դոլարի[23]։
Իրանական սփյուռքի արձակագիրներից Շահրիար Մանդանիփուրի «Գրաքննելով իրանական սիրավեպը» վեպը ամբողջությամբ նվիրված է իրանական գրաքննության մշակույթին։ Հեղինակը մանրամասն ներկայացնում է գրաքննության ու գրատպության ընթացակարգը։ Նա Իրանի բոլոր ժամանակների գրաքննիչներին մեկտեղել է Պորֆիրի Պետրովիչի կերպարի շուրջ։ Ինչպես գիտենք՝ այդ անունն է կրել Ֆ․ Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպում Ռասկոլնիկովի սպանության քննիչը։ Մանդանիփուրը ինքն է իր վեպում վերլուծելով նկարագրել գրաքննիչ Պետրովիչի կերպարը։ Ահա մի հատված վեպից․ «․․․Նախարարության որոշակի վարչությունում Պորֆիրի Պետրովիչ մականվամբ մի մարդ (այո՛, Ռասկոլնիկովի սպանությունների բացահայտման համար պատասխանատու հետաքննողը) պատասխանատու է գրքերը, մասնավորապես վեպերը և պատմվածքների ժողովածուները, հատկապես սիրային պատմությունները ուշադիր կարդալու համար: Նա ընդգծում է յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր նախադասություն, յուրաքանչյուր պարբերություն կամ նույնիսկ յուրաքանչյուր էջ, որը անպարկեշտ է և կարող է վտանգել հասարակական բարոյականությունն ու հասարակության կողմից ընդունված ժամանակի արժեքները: Եթե ​​այդպիսի ընդգծումներ շատ են, ապա գիրքը, ամենայն հավանականությամբ, կհամարվի անպիտան տպագրության համար. եթե այդքան շատ չլինեն, հրատարակչին և գրողին կտեղեկացվի, որ նրանք պարզապես պետք է վերանայեն որոշակի բառեր կամ նախադասություններ: Պարոն Պետրովիչի համար այս աշխատանքը պարզապես աշխատանք չէ. դա բարոյական և կրոնական պատասխանատվություն է: Այլ կերպ ասած՝ սուրբ մասնագիտություն: Նա չպետք է թույլ տա, որ անբարո և ապականիչ բառերն ու արտահայտությունները հայտնվեն պարզ և անմեղ մարդկանց, հատկապես՝ երիտասարդների աչքերի առաջ և աղտոտեն նրանց մաքուր միտքը: Երբեմն նա նույնիսկ ինքն իրեն ասում է. «Նայի՛ր այստեղ, ա՛յ մարդ: Եթե ​​ գրիչիցդ մի բառ կամ արտահայտություն խուսափի և սադրի երիտասարդին, մասնակիցը կդառնաս նրա մեղքին, կամ, որ ավելի վատ է, նույնքան մեղավոր կլինես, որքան այն այլասերված մարդիկ, որոնք պոռնոգրաֆիկ ֆիլմեր և լուսանկարներ են պատրաստում և անօրինականորեն տարածում են դրանք հասարակության մեջ»: Ըստ նրա՝ գրողները հիմնականում խայտառակ, անբարոյական և անհավատ մարդիկ են, որոնցից ոմանք ուղղակիորեն կամ անուղղակիորեն սիոնիզմի և ամերիկյան իմպերիալիզմի գործակալներ են, և փորձում են խաբել իրենց հնարքներով»[24]։
Վեպի մյուս հերոսները Սառան ու Դարան են, որոնք սիրահարներ են, սակայն ըստ Իրանում տարածված օրենքների՝ նախքան ամուսնությունը իրավունք չունեն միասին զբոսնելու, իրար ձեռք բռնելու։ Հետաքրքիր է, որ նրանք ևս իրենց հարաբերություններում օգտվում են եզոպոսյան լեզվից՝ այս անգամ միմյանց փոխանցելով գրքեր և հատուկ բառերի կողքին բազմակետեր դնելու միջոցով արտահայտում են իրենց զգացմունքները։ Նրանք կարդում են «Քոռ բուն», «Փոքրիկ Իշխանը», «Դրակուլան», «Խոսրովը և Շիրինը», իսկ նրանց ընթերցանությանը զուգահեռ՝ հեղինակը մանրամասն ներկայացնում է, թե տվյալ գրքերից որն ինչու է գրաքննվում։
Գրաքննությանը օրինակներով է անդրադարձել նաև Ազար Նաֆիսին, որն իր «Այն ամենը, ինչից ստեղծված են երազանքները» էսսեում նշում է․ «Ըստ Իրանի Իսլամական Հանրապետության «բարոյականության պահապանների»՝ այնպիսի գրքերը, ինչպիսիք են «Լոլիտան» կամ «Տիկին Բովարին», զուրկ են բարոյականությունից նրանք սարսափելի օրինակներ են եղել ընթերցողների համար՝ վերջիններիս դրդելով անբարո արարքներ գործել։ Ինչպես բոլոր տոտալիտարները, նրանք նույնպես չէին կարող տարբերակել իրականությունն ու երևակայությունը, ուստի փորձեցին ճշմարտության սեփական տարբերակը պարտադրել ինչպես կյանքին, այնպես էլ՝ գեղարվեստական գրականությանը: Ուստի մենք չպետք է կարդանք «Լոլիտան», որպեսզի ավելին չիմանանք մանկապղծության մասին, Կալվինոյի «Ծառաբնակ բարոնը» ընթերցելուց հետո հանկարծ չորոշենք ապրել ծառերի վրա»[25]։
Գրքերի արգելքին զուգահեռ՝ ըստ շատ հեղինակների՝ Իրանում հետհեղափոխական առաջին տարիներին սկսվում է գեղարվեստական գրականության լայնամասշտաբ ոչնչացնում։ Շ․ Ազարը իր գրքում պատմում է, թե ինչպես մի օր հայտարարվեց Մշակութային հեղափոխություն։ Բոլոր այն գրքերը, ձայնագրությունները, որ հակասում էին իսլամին և Իսլամական հեղափոխությանը, ենթակա էին ոչնչացման։ Ըստ հեղինակի՝ գալիս են իրենց տուն և բռնագրավում իրանական ու համաշխարհային գրականության հսկայական նմուշներ, տանում են հրապարակ և այրում[26]։        
Գրաքննությունը ճակատագրական հետք է թողնում գրաֆիկական վեպի ժանրում ստեղծագործած Մանա Նեյեսթանիի վրա։ Նա եղել է Թավրիզում ապրող ծաղրանկարիչ, որը համագործակցում էր Իրանի ընդդիմադիր թերթերի հետ և նյութերի կողքին ծաղրանկարներ անում։ 2006 թվականին նա մի ուտիճ է նկարում, որը խոսում է ազարիով։ Դա վրդովեցնում է ատրպատականցիներին, տեղի են ունենում բողոքի զանգվածային ցույցեր, որին հաջորդում է Նեյեսթանիի ձերբակալությունը։ Թերևս պատահական չէ նաև Մ․ Նեյեսթանիի վեպի վերնագիրը՝ «Իրանական կերպարանափոխություն»։ Նա վեպն այնպես է կառուցել, որ իր կերպարը հիշեցնում է Ֆրանց Կաֆկայի հայտնի «Կերպարանփոխությունը»։ Ինչպես Կաֆկայի հերոս Գրեգոր Զամզան է ուտիճ դառնում և այդպես փակվում սենյակում, որը դառնում է նրա հոգեբանական ու ֆիզիկական ոչնչացման պատճառ, այնպես էլ Նեյեսթանիի հերոսն է վերածվում մի Գրեգոր Զամզայի, որն ուտիճի պատճառով հայտնվել է բանտում, և մոտ է նրա հոգեբանական ու ֆիզիկական ոչնչացումը[27]։
Հաջորդիվ ցանկանում ենք խոսել Շահնրուշ Փարսիփուրի «Կանայք առանց տղամարդկանց» վեպի գրաքննության մասին։ Վեպում առանցքային թեման իրանցի կանանց կուսությունն է, որի վերաբերյալ գրելու համար հեղինակը չորրորդ անգամ է հայտնվում բանտում։ Իր բանտային հուշագրության մեջ՝ «Համբուրելով սուրը» գրքում, Փարսիփուրը պատմում է վեպում այդ տաբու թեման արծարծելու վերաբերյալ իր հարցաքննությունը։ Նա նշում է․ «Ես բացատրեցի, որ հոգեբանական տեսանկյունից կուսությունը վճռական դեր է խաղում իրանցի կանանց կյանքում, և որ այս խնդրի ծանրությունը հուզականորեն տանջում է նրանց: Հավելեցի, որ վեպում կուսության մասին խոսող հերոսները 28 և 38 տարեկան երկու երիտասարդ կանայք են, որոնք վախի մեջ են ապրում կուսության հարցի շուրջ: Ես նրան ասացի, որ կարևոր է հասարակության մեջ քննարկել այս թեմաները, և դրանով կարող ենք խուսափել բազմաթիվ ողբերգություններից»[28]։
Գեղարվեստական գրականությունից բացի՝ իրանական սփյուռքի արձակում մեծ տեղ է հատկացված նաև արտասահմանյան ֆիլմերի գրաքննությանը։ Շ․ Մանդանիփուրի «Գրաքննելով իրանական սիրավեպը» վեպի հերոսներից Դարան ժամանակին աշխատել է արտասամյան ֆիլմերը գրաքննող և դրանք հնչյունավորել թույլատրող մի ընկերությունում։ Զարմանալիորեն հեղինակը պատմում է, որ ժամանակի Իրանում ֆիլմերի գրաքննության ամենակարևոր ներկայացուցիչը եղել է կույր, որին վեպում անվանում է Mr. X։ Եվ ներկայացնում է, թե ինչպես էր տեղի ունենում գրաքննման գործընթացը։ Նրա կողքին նստում էին մարդիկ և մի քանի վայրկյանը մեկ սեղմում դադարի կոճակը, մանրակրկիտ ասում, թե ինչեր են պատկերված, ինչ դետալներ կան, հերոսներն ինչ զգեստով են։ Վեպի հերոս Դարան ընթերցողին է ներկայացնում ամերիկյան «Գայլերի հետ պարողը» ֆիլմի գրաքննությունը, որի ժամանակ նախ հանվում է վերնագրի «պար» բառը, քանի որ այն, ըստ կույր գրաքննիչի, հեռուստադիտողի մոտ սեռական գրգիռ կառաջացնի։ Կանայք կարող են մնալ առանց գլխաշորի, եթե իրանցի չեն։ Ֆիլմից հանվում են հերոսների՝ իրար ձեռքեր բռնելու, համբույրի, ինտիմ բոլոր տեսարանները։ Եթե հերոսուհին լանջաբաց զգեստով է, պատկերն այնքան են խոշորացնում, որ միայն դեմքը երևա[29]։
Իր «Բանտարկյալը իմ 544 օրերը իրանական բանտում» գրքում ֆիլմերի գրաքննությանն է անդրադարձել նաև Ջեյսոն Ռեզայանը։ Նա գրում է, որ «Մեծ Լեբովսկի» ֆիլմի 1ժամ 57 րոպեից մնացել էր միայն 50 րոպեն։ Ո՛չ սպիտակ ռուսներ կային, ո՛չ մարիխուանա ծխել, ո՛չ միզել։ Պարզապես երկու տղա և պարսկական գորգ։ Ըստ հեղինակի՝ «Անձեռնմխելիները» ֆիլմում ողջ պատմությունը գլխիվայր շրջված է, իսկ Ալ Կապոնեն դարձել է հարկերից խուսափող մարդասպան։ Իսկ «Ֆիլադելֆիա» կինոնկարում Թոմ Հենքսի և Անտոնիո Բանդերասի կերպարները եղբայրներ էին[30]։            Ազար Նաֆիսին իր էսսեում ևս անդրադարձել է ֆիլմերի գրաքննությանը և նշել մի քանի օրինակներ։ ««Համլետի»՝ Իրանում ռուսերենով տարածված տարբերակում Օֆելյայի տեսարանների մեծ մասը կտրեցին, Լոուրենս Օլիվիեի «Օթելլո» ֆիլմի մեծ մասում Դեզդեմոնան ենթարկվեց գրաքննության, իսկ Օթելլոյի ինքնասպանության տեսարանը ևս ջնջվեց, քանի որ գրաքննիչները կարծեցին՝ ինքնասպանությունը կհուսալքի և կբարոյալքի մասսաներին»[31]։
Իհարկե, շատ իրանցիներ հաճախ կարողանում են սև շուկաներից գտնել և դիտել տարբեր ֆիլմերի չգրաքննված տարբերակները, սակայն դրանց բացահայտումը կարող է հանգեցնել ազատազրկման, ինչպես տեսնում ենք Մանդանիփուրի վեպի հերոս Դարայի դեպքում։ Նա հայտնվում է բանտում հետևլալ ֆիլմերի չգրաքննված տարբերակները ձեռք բերելու և վաճառելու համար՝ «Դատավարություն», «Թռիչք կկվաբնի վրայով», «Z», «Պայթյուն», Անդրեյ Տարկովսկու «Հայելին», Բահրամ Բեյզաիի «Հորդ անձրև» և «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»[32]։
Ամբողջացնելով գրաքննության մասին մեր ունեցած պատկերացնումները ըստ իրանական սփյուռքի տարբեր ստեղծագործությունների՝ չենք կարող զուգահեռներ չանցկացնել համաշխարհային գրականության այնպիսի երկերի հետ, ինչպիսիք են Ջորջ Օրուելի «1984»-ը և Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»-ն։ Վեպերից առաջինն այնքանով է նման սփյուռքաբնակ իրանցիների գործերին, որ երկուսում էլ արծարծվում է իշխանությունների կողմից անհատի մտավոր հորիզոնը կաղապարների մեջ դնելու, նրա վրա իշխելու, մտածել թույլ չտալու թեման։ Իսկ Բրեդբերիի հայտնի վեպը պատմում է գրքերը այրելու տեսքով գրաքննելու, մարդկանց մտքերի վրա ազդելու գաղափարը, ինչը թե՛ փոխաբերական, թե՛ բառիս բուն իմաստով կարելի է տեսնել իրանական սփյուռքի արձակում։

[1] Տե՛ս Федотов М. А. Гласность и цензура: возможность сосуществования // Государство и право : журнал. — Наука, 1989. — В. 7. — С. 80-89։

[2] Տե՛ս Горяева Т. М. Политическая цензура в СССР. 1917-1991. — 2. — М.: «Российская политическая энциклопедия» (РОССПЭН), 2009. — С. 117.

[3] «Пережиток Средневековья» или элемент культуры? https://magazines.gorky.media/novyi_mi/2008/10/perezhitok-srednevekovya-ili-element-kultury.html

[4] Nazi propaganda and censorship. https://encyclopedia.ushmm.org/content/en/article/nazi-propaganda-and-censorship

[5] Esfandiari Haleh, My Prison, My Home: One Woman’s Story of Captivity in Iran, HarperCollins e-books; Reissue edition, 2009, p. 35 (թարգմ․ անգլերենից՝ Ա․ Բ․)։

[6] Seraji Mahbod, Rooftops of Tehran; a novel, Berkley, 2009, p. 27 (թարգմ․ անգլերենից՝ Ա․ Բ․)։

[7] Սերաջի Մ, նշվ․ աշխ․,  էջ 30:

[8] Նշանակում է «Ճշմարիտ առաջնորդ»։ Ըստ սուննիների ու շիաների՝ նա կհայտնվի աշխարհի վերջում՝ աշխարհը չարից և կեղծիքից մաքրելու։ Իսլամում նշվում է, որ նա գալու է Հիսուսի կողքին և ստեղծելու է Երկնային արքայություն։

[9]  Այս համակարգը, որը Իսլամական հեղափոխությունից հետո ներդրեց Այաթոլլահ Խոմեյնին, ընկած է ԻԻՀ-ի կառավարման հիմքում։

[10] Տե՛ս Cultural Censorship in Iran https://smallmedia.org.uk/old/pdf/censorship.pdf?fbclid=IwAR3JG_rr2A_8e7b3yoGdfXuEw7UTWSHwDozzawtisWw01jiFYgfgmQvz3Hk

[11] Yaghoobi Jafar, Let us water the flowers; the memoir of a political prisoner in Iran, Prometheus Book, Amherst, New York, 2011, p. 109 (թարգմ․ անգլերենից՝ Ա․ Բ․)։

[12] Esfandiari Haleh, My Prison, My Home: One Woman’s Story of Captivity in Iran, HarperCollins e-books; Reissue edition, 2009, p. 125 (թարգմ․ անգլերենից՝ Ա․ Բ․)։

[13] Նույն տեղում, էջ 123:

[14] Nafisi Azar, Reading Lolita in Tehran: A memoir in Books, USA, Random House, 2008, p. 202-203 (թարգմ․ անգլերենից՝ Ա․ Բ․)։

[15] بررسی تاریخی کنفرانس برلین+ تصاویر و فیلم https://www.mashreghnews.ir/news/298702/%D8%A8%D8%B1%D8%B1%D8%B3%DB%8C-%D8%AA%D8%A7%D8%B1%DB%8C%D8%AE%DB%8C-%DA%A9%D9%86%D9%81%D8%B1%D8%A7%D9%86%D8%B3-%D8%A8%D8%B1%D9%84%DB%8C%D9%86-%D8%AA%D8%B5%D8%A7%D9%88%DB%8C%D8%B1-%D9%88-%D9%81%DB%8C%D9%84%D9%85

[16] Esfandiari Haleh, My Prison, My Home: One Woman’s Story of Captivity in Iran, HarperCollins e-books; Reissue edition, 2009, p. 126 (թարգմ․ անգլերենից՝ Ա․ Բ․)։

[17] منیرو روانی پور، زن فرودگاه فرانکفورت، چاپ چهارم، آذر ماه، سان برناردینو، ۱۳۹۵ ص ۴۸

[18] Bahari Maziar, Then They Came for Me, Oneworld Publications, 2013, pp 104-105 (թարգմ․ անգլերենից՝ Ա․ Բ․)։

[19] Տե՛ս Nemat M., Prisoner of Tehran, Free Press, Toronto, 2006, pp. 300-301.

[20] Neyestani Mana, An Iranian Metamorphosis, translated by Ghazal Mosadeq, Uncivilized Books, 2014, p. 125.

[21] Azar Shokoofeh, The Enlightenment of the Greengage tree, Wild Dingo Press, Melbourne, Australia, 2017, p. 7. (թարգմ․ անգլերենից՝ Ա․ Բ․)։

[22] Приговор для всех https://web.archive.org/web/20111016210338/http://www.ogoniok.com/archive/1998/4560/25-14-19/

[23] افزايش ۵۰۰هزار دلاری جايزه اعدام سلمان رشدی توسط بنياد ۱۵ خرداد https://iqna.ir/fa/news/1099093/%D8

[24] Mandanipour Shahriar, Censoring an Iranian Love Story, translator Sara Khalili, Vintage, 2009, p. 12 (թարգմ․ անգլերենից՝ Ա․ Բ․)։

[25] Zanganeh Lila Azam, My Sister, Guard Your Veil; My Brother, Guard Your Eyes: Uncensored Iranian Voices, Beacon Press, Boston, 2006, p. 7։  Հայերեն թարգմանությունը հասանելի է http://cultural.am/hy/2020-03-06-09-14-27/aknark/3707-azat-nafisi-ayn-ameny-inchic-steghtsvats-en-erazanqnery հղումով։

[26] Տե՛ս Azar Shokoofeh, The Enlightenment of the Greengage tree, Wild Dingo Press, Melbourne, Australia, 2017, p. 136.

[27] Տե՛ս Neyestani Mana, An Iranian Metamorphosis, translated by Ghazal Mosadeq, Uncivilized Books, 2014, p 46. (թարգմ․ անգլերենից՝ Ա․ Բ․)։

[28] Parsipur Shahrnush, Kissing the Sword: A Prison Memoir, Translated by Sara Khalili, New York, The Feminist Press, 2013, pp. 164-165. (թարգմ․ անգլերենից՝ Ա․ Բ․)։

[29] Տե՛ս Mandanipour Shahriar, Censoring an Iranian Love Story, translator Sara Khalili, Vintage, 2009, p. 100.

[30] Տե՛ս Rezaian Jason, Prisoner: My 544 Days in an Iranian Prison―Solitary Confinement, a Sham Trial, High-Stakes Diplomacy, and the Extraordinary Efforts It Took to Get Me Out, Anthony Bourdain, 2019, p. 96.

[31] Նաֆիսի Ազար – «Այն ամենը, ինչից ստեղծված են երազանքները» http://cultural.am/hy/2020-03-06-09-14-27/aknark/3707-azat-nafisi-ayn-ameny-inchic-steghtsvats-en-erazanqnery

[32] Տե՛ս Mandanipour Shahriar, Censoring an Iranian Love Story, translator Sara Khalili, Vintage, 2009, p. 87.

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *