ԳՐԵԹԵՐԹ | Լրահոս


ՀՐԱՊԱՐԱԿ
| «Գրեթերթ»-ը՝ 5 տարեկան

13/07/2011
Երեկ երեւանյան ակումբներից մեկում նշել են «Գրեթերթի» 5-ամյակը: Գուրգեն Խանջյանի «Գրեթերթը» երիտասարդներին սովորեցրեց փողոցն անցնել։ Երիտասարդները քայլեցին նրա օգնությամբ, ապա՝ նրա հետ, հետո՝ ինքնուրույն։ 5 տարի, 20 համար, 130 հեղինակների ստեղծագործություններ, որոնցից մեծ մասն իրենց առաջին քայլերը արեցին ու կայացան «Գրեթերթում»։ Այսօր առանց այդ սերնդի ներկայացուցիչների անհնար է պատկերացնել ժամանակակից հայ գրականությունը։ Գրեթերթյան սերունդը եկա՛վ, ձեւավորվե՛ց, ապացուցեց, որ կա եւ կարող է եղանակ թելադրել մեր գրականության մեջ։

ԵՐԿԻՐ | «Գրեթերթ»-ի հնգամյա թռիչքը
12.07.2011
Արդեն 5 տարի է, ինչ լույս է տեսնում «Գրեթերթ» գրական-երիտասարդական թերթը: Թերթը այս 5 տարիների ընթացքում տպագրել է 19 համար. 128 հեղինակ, 14 ժանրեր` 375 բանաստեղծություն, 91 պատմվածք, 31 գրական հոդված, 23 թարգմանություն, 20 էսսե, 12 հրապարակախոսական հոդված, 12 հարցազրույց, 6 պոեմ, 2 վեպ և այլն: Արձակագիր Գուրգեն Խանջյանը պատմեց, որ մի օր երիտասարդ գրողներ էին եկել նրա մոտ և բերել իրենց ստեղծագործությունները: «Նրանց գրելու ձիրքն ակներեւ էր և մտածեցի, որ իրենց թերթ է պետք. այսպես էլ ծնվեց «Գրեթերթը»,- ասաց նա:
Գրողը տեղեկացրեց, որ թերթի ձեռքբերումը եղավ այն, որ այս սերունդը կարողացավ գրականապես կայանալ:
«Նույնիսկ նրանցից շատերը ամսագրեր են ստեղծում, և, ամենակարևորը` նրանք կարողացան ընթերցող ձևավորել»,- ասաց Խանջյանը: Գրողն այժմ թերթի հետ կապված ունի նպատակներ, բայց դրանք, ըստ նրա, իրագործելի չեն: Օրինակ` նա ցանկանում է, որ թերթը այնքան հարուստ լինի, որ իր հեղինակների լավագույն գրքերը տպագրի:
Ինչեւէ, շնորհավոր միակ երիտասարդական գրական թերթի 5-րդ տարելիցը:


WEBTV.AM | Հասմիկ Հակոբյանի տեսանյութը

 

ՖԵՅՍԲՈՒՔ | Ֆոտոշարքեր

Գրեթերթի 5-ամյակը, Կարեն Անտաշյան

Գրեթերթցիք | Հասմիկ Սիմոնյան

ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆԻ ԲԼՈԳԸ | «Գրեթերթը» 5 տարեկան է
13/07/2011
Երեկ «The club» ակումբում տեղի ունեցավ «Գրեթերթ» գրական երիտասարդական թերթի հերթական համարի շնորհանդեսը: Այս համարի շնորհանդեսը «Գրեթերթի» հեղինակների համար իսկական տոն էր, որովհետեւ լրանում է «Գրեթերթի» հիմնադրման հնգամյակը: Հինգ տարիների ընթացքում «Գրեթերթում» 128 երիտասարդ հեղինակների ստեղծագործություններ են տպագրվել: Լավագույն ստեղծագործությունները տարվա վերջում արժանացել են «Գրեթերթի» ամենամյա մրցանակին (դիտել տեսանյութը):

«Գրեթերթի» հեղինակներից մի քանիսն այսօր լավագույնն են «հայ ժամանակակից» կոչված գրականության մեջ: Չընկնելով վուլգար ու ծիծաղելի մոդաների, չհիմնավորված, անհող, թիթիզ նորարարությունների կամ անկմախք, անսկզբունք փորձարարությունների ետեւից՝ «Գրեթերթի» հեղինակները փորձել են ինչ-որ կերպ դիպչել գրականությանը, որ շատ դեպքերում հաջողվել է:

Թերթի խմբագիր Գուրգեն Խանջյանի ջանքերով եւ հոգատարությամբ թերթը շարունակում է դժվար պայմաններում իր ակտիվ գործունեությունը` տարածություն տրամադրելով, հնարավորություն ընձեռելով երիտասարդ ստեղծագործողներին, ովքեր գրում են, ովքեր ցանկություն ունեն իրենց պատմվածքը, բանաստեղծությունը, էսսեն, ակնարկը տպված տեսնել, տպված կարդալ ու դրանով մարդկանց հնարավորություն տալ ընթերցելու, հասկանալու, չհասկացվելու, քննադատվելու: Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն իր «…եվ եղեվ «Գրեթերթ»» էսսեում գրում է. «Հինգ տարի առաջ՝ «Գրեթերթիևց» առաջ, «Գրեթերթ» չկար, բայց կար ամեն ինչ, որ «Գրեթերթ» լինի…

…կար «Սատիրիկոնը», որ երգիծաթերթ էր, ու «Սատիրիկոնի» խմբագրությունը միշտ էլ լի էր երիտասարդներով, ու ջահելներն էլ երգիծանքի հետ սեր չունեին, ու տարիքովների հումորները ձանձրալի էին, ու Գուրգեն Խանջյանը ձանձրանում էր, ու Գուրգեն Խանջյանը հասկանում էր, որ իր դեմքի ժպիտն այդ ջահելների ներկայությունն է բերում, ու Գուրգեն Խանջյանը գիտակցում էր, որ առանց հումորի ու երգիծանքի ժպիտն ու ծիծաղը գերադասելի են առանց ժպիտի ու ծիծաղի հումորից ու երգիծանքից…

…ուրեմն` սկզբում Խանջյանն էր Գուրգեն, որ ասում էր` ջահելներին թերթ է պետք, ու Հուսիկ Արան ու Ոսկանյան Արփին, Սարիբեկյան Հրաչն ու Թեքգյոզյան Հովհաննեսը, Արշակյան Մհերն ու Բեյլերյան Մհերը, Թումանյան Գեւորգն ու Վահե Արսենը կային, որ լուրջ հիմքեր էին ստեղծել, ինչքան կարողացել, կամ ինչքան նրանց թույլ էին տվել` ճանապարհ էին բացել…
… եվ եղեվ «Գրեթերթ»»:
«Գրեթերթը» կայացավ երիտասարդների առաջին գրական փորձերի, լավ գործ գրելու պայքարի, լավ գործ գրելու երազանքի շնորհիվ:
Ջահել, համարձակ, նոր հեղինակների ակտիվ մասնակցությունն է, որ կերկարացնի «Գրեթերթի» կյանքը:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *