Թումանյանին, Բակունցին, Մաթևոսյանին․
իրենք գիտեն, թե ինչու․․․
արթնացա այն առավոտ, երբ գյուղը վճռել էր սպանել արջին, Վրեժը թակեց դուռս, ամեն ինչ արդեն կանխորոշված էր գուցե դեռ ծնվելուցս առաջ․
-թվանգ օնիս, ուրեմն՝ պարտականություն օնիս,- ասաց՝ նայելով աչքերիս,- արջը յարալու ա, դյուզ վախտն ա։
նրա աչքերում ինչ-որ բան կար, որ ստիպեց ինձ ենթարկվել՝ թերևս այն նույն անբացատրելի ամոթը, որը դեռ մանկուց, որը դեռ տածում էի մահվան հանդեպ, սակայն ներքուստ ուտում էի ինձ․ ի՞նչ պարտականություն, տեսնես ընդդիմացող եղե՞լ է, ամեն դեպքում՝ լռեցի, հետո անշտապ վերցրի որսորդական հրացանս, կարծես ուրիշի հրացան լիներ, իսկ ձեռքս՝ ուրիշի ձեռք, վստահ էի՝ զենքի կշիռը առեղծվածային կերպով փոխվել է գիշերվա ընթացքում, ծանրացե՞լ էր, թե՞՝ թեթևացել, դժվար էր ասելը, բայց հաստատ, բայց նախկինը չէր:
գյուղամիջյան հրապարակում հավաքվածները ստվերների էին նման, նայում էի, Հարությունը, որի խոզերից մեկին արջը տարել էր, խոսում էր առանց ձայնի, նայում էի, շրթունքների շարժումները տեսնում միայն ու չէի զարմանում, մարդիկ գլխով էին անում, բոլորը ծխում էին, գլխով անում, նայում էի․
-․․․
-․․․
-վըր տըսալ ըս, վըր մոտիկ ըս լյա, քեզ աշկա՞վ ա ըրա, թյա չէ՞,- կրկնեցի։
ծիծաղում էր, ծիծաղում էին․․․
-Հարություն, վըր կողքեն ըս լյա, վըր կռեվ ըք լյա անում, թքա՞լ ա իրեսիդ։
ծիծաղի նոր ալիք պայթեց․․․
-վըր հլյա կռեվ չըք լյա անում, վըր նոր-նոր տըսալ ըս, էրկու վըննի յրա լյա՞, թյա չորսի՞,- կրկնեցի։
-լրիվ արջագետ ըս, տնաշե՛ն,- ծիծաղում էր, ծիծաղում էին․․.
-․․․
-․․․
մեր խումբը՝ ոչ ավել, ոչ պակաս յոթ զինված տղամարդուց բաղկացած, շարժվեց անտառի ուղղությամբ, ամեն քայլափոխի գյուղը հեռանում էր, նայում էի, վստահ էի՝ հեռանում է ոչ թե տարածական, այլ, մի տեսակ, այլ ուրիշ չափման միավորով, նայում, գյուղը ասես իրականությունն էր, մենք ու արջը դառնում էինք հեքիաթ, նայում էի, և գիտեի՝ հրացանս ամենակարևոր պահին չի կրակելու, վիրավորվելու եմ կամ չէ, վերջում կենդանին անխուսափելիորեն սպանվելու է, մտածում էի՝ տեսնես ինչու չի կարող առանց միջամտության, իր մահով սատկել, չէ՞ որ այդպես եղել է, տեսել ենք, շատ բան անցավ, շատ բան էր անցնում մտքովս, ու այդպես էլ չկարողացա բառերի վերածել, ու տխրեցի, ու թվաց՝ վերածելու դեպքում ուղեկիցներիս աչքերում ևս արջը իսկույն կփոխվեր մի ուրիշ բանի՝ մի գաղափարի կամ խորհրդանիշի, որին հնարավոր չէ սիրելով սիրել տալ քեզ և ատելով հեռացնել քեզնից, որը մեռնում է ինքն իրեն, մի գիշերվա մեջ, հանկարծակի, ու անկարելի է այն մոտեցնել կամ հեռացնել, ու մնում է պատրաստվել, սպասել գիշերվան, ու պարզապես պատրաստ լինել, սպասել, նայում էի, արնահետքերը առաջնորդում էին մեր խմբին, ձգում անտառի խորքը, կուլ տալիս, նայում, արդյո՞ք արջի արյունն է, նայում էի, գուցե ի՞մ արյունն է, որ հոսում է ապագայից ներկա՝ նախազգուշացնելու, կարող է և արյուն էլ չէր, և տեսնում էինք այն, ինչ ակնկալվում էր տեսնել․
-․․․
-․․․
-ծմակեն աբեշիգ օնե՞,- հարցրի։
-ա՛ ջահիլ, էսօր թյարս վըննի յրա ըս յեր կացա՞, քեզ հի՞նչ ա տըռա,-պատասխանեցին,- երեսուն տարուց ավել ա Ազատն ա էս թյարափների թաք աբեշիգը, տեսուչը։
-․․․
-․․․
-․․․
-լյավ ա, վըր մըր Ազատն ա,- ասացի,- կյանքը էրգյան նի…
-․․․
-․․․
ծառերը, որ սկզբում, որ անտարբեր էին մեր հանդեպ, հիմա ուշադիր նայում էին՝ ասես կռահելով մեր ճակատագիրը, զգացի՝ արջը գիտի մեր մասին, զգացի՝ գիտի մեր մտադրությունների, գիտի նույնիսկ մեր կասկածների մասին, սպասում էր մեզ, բայց ոչ որպես զոհ, բայց որպես դատավոր․
-մոտիկ ըք,- շշնջաց Վրեժը։
հետո տեսանք բացատը, կամ այն տեսավ մեզ, հետո արջը ընկած էր սեփական արյան մեջ, իսկ շուրջը, իսկ գայլեր, հետո գայլերն ավելի շատ էին, քան հնարավոր եղավ հաշվել կամ փորձ չարեցի էլ, ոհմակի առաջնորդը՝ մեծ, գորշ գայլը նայեց ուղիղ աչքերիս, զգացի, որ գիտենք, զգացի, որ ճանաչում ենք միմյանց՝ միայն թե մեկ այլ կյանքում, միայն թե մեկ այլ պատմության մեջ, հետո հաշված կրակոցներ հնչեցին, ու գայլերը չընկրկեցին, ու շրջապատեցին մեզ, հետո լիցքավորված հրացանները գետնին հայտնվեցին, ու գայլեր առաջ եկան, ու սեղմելով օղակը․
-ծառե՛րը,- գոչեց մեկը, եթե մեկի ձայնն էր և ոչ ենթագիտակցությանս հրամանը:
ծառերը մեր փրկությունն էին, մեր ապաստարանը, մագլցեցի ամենաբարձր ճյուղը, որը կարող էր պահել ինձ, նայում էի, ահա՛ բացատը, ահա՛ գայլերը, ահա՛ սատկած արջը և համագյուղացիներս, որոնք, ինչպես ես, կախված էին ծառերից, նայում, գայլերը միտք էլ չունեին հեռանալու, պտտվում էին ծառերի շուրջը՝ երբեմն-երբեմն վեր նայելով, սակայն հիմնականում, սակայն զբաղված էին արջով, նայում էի, սա էր մեր ձեռքով մեր ճակատին գրածը, ոչինչ այլևս չէր փոխվելու, ոչինչ այլևս չէր կարող փոխվել, ոչ մի, այսպես պետք է մնայինք այնքան ժամանակ, մինչև կհիշեին մեր գոյության մասին, կշտապեին օգնության, ոչ մի բառ, եթե մեզ, եթե գտնեին էլ, արդյո՞ք կվերադառնայինք նույն մարդիկ, արդյո՞ք մենք ուրիշ չէինք արդեն, ոչ մի, ու գիշերն իջավ, ու ստվերները երկարեցին, ու գայլերի աչքերը վառվեցին մթության մեջ, չէինք խոսում, ոչ մի, ոչ մի բառ, ոչ մի, չէի զարմանում, գայլերը սպասում էին ճիշտ ինչպես մենք, բայց գայլերը, բայց գիտեին, թե ինչի են սպասում․
-․․․
-․․․
-․․․
-․․․
-․․․
-․․․
-․․․
երբ լույսը բացվեց, երբ նոր-նոր էր բացվում, երբ համագյուղացիներս քնած էին դեռ, տեսա բացատը, տեսա գայլերին և մեզ՝ մարդկային յոթ՝ դեռ երեկ հոշոտված մարմին, իսկ արջը, իսկ վաղուց, իսկ հեռացել էր․․․
