Ռազմիկ Գրիգորյան | Հերթափոխ

Լուսանկարը՝ Արամ Սալոյանի

Տարիներով լեռել եմ
քո սրտի տան մեջ,
ուր ծխում են հիմա…

***
Ձեռքեր,
որ էլ չեն գրկելու իմ բաժին մութը
և արդեն գիշեր ու կես է
ինչ դատարկ են սրտիս գրպանները:

***
Այդ երեք բառը շուրթերիցդ կախված մարմնից դողն է
որ գիշերները արթնանում և ծուլորեն հորանջում է վայելքից ափին,
արևմտյան ջրերում փրկություն փնտրող փախստականների նման
մարմնիս մեջ լուռ մեռնում է քեզ անլսելի բառերիս արանքում վառված ծխախոտը,
երբեմն ուշանում են փրկարարները և նրանց գործը արձանագրելն է լինում
կամ արնագույն ջրերից դիակները դուրս բերելը միայն…
Առավոտը երազիցս դուրս է բերում կարոտի աճյունը հույսով զմրսած,
քեզ հիշելիս չեմ կարողանում չմտածել փախստականների մասին:

 

***
Վերջերս ամենինչ չքնելու հետ է կապված,
ծխում եմ որ չքնեմ,
խմում եմ որ չքնեմ,
աշխատում եմ որ չքնեմ,
թե չէ երազներս բարձրաձայն են խոսում
արթնանում է կարոտը,
իսկ գիշերվա ժամերգության մեջ
քո հարությունն է մութը…

***
Այգուս սրտի մեջ
ոտքերիդ հիշողությունն է անձրևը,
ով է լսում այն ցավը
որով պոկվում է տերևը ծառից:

***
Գիշերը ամենից լավ ժամն է մարմնիս ստեղներին
լռությունդ նոտայագրելու համար,
արևին չեն դիմանում մատներդ
և գնալու տեղ չունեն առավոտներս:

***
Ոչինչ չկար,
կամ ավելի ճիշտ մեզ չէր հետաքրքրում
եղե՞լ է որևէ բան թե ոչ,
ուսիդ ննջող աստղերն էին
և մրսած ծառերի կիսամերկ ճյուղերին
թառած իրիկունը որն օրորում էր մեզ,
հետո քամին մտավ մազերիդ մեջ
և հասկացա թե ինչու են լռում
ջրվեժի մոտ նստած մարդիկ…
Ոչինչ չկար,
ծխախոտ վառեցի,
գետը տարավ արտացոլանքդ,
մինչև այսօր վազում եմ ջրերի ետևից,
ոչինչ չի լինում առաջվա պես…

 

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31
Մի օր էլ ես կգնամ
երբ եկած լինես,
և անձրևը արցունքի պես կմրմռա
քամու թափանցիկ աչքերի մեջ,
ու ծառերից ընկնող տերևները կսրբեն
այգու խոնավ շուրթերը:
Մի օր էլ ես կհեռանամ բոլոր կանգառներում քեզ փնտրելով
երբ վերադառնաս բոլոր կայարաններում ինձ փնտրելու,
այն աղջիկը էլ չի նվագի պատուհանի ետևում
և քաղաքը քաղաքում չի լինի արդեն,
դեղնած փոշին բերաններում գնացքի վագոնները
մեկ-մեկ կանցնեն աշնան միջով:
Մի օր էլ,
երևի ամենից քիչ սպասված օրը,
սպիտակ հորիզոնը աղոթք կկարդա մեզ համար,
դու կգաս, ես կգնամ,
ես կգամ, դու կգնաս,
և չհանդիպելով կկորցնենք ժամանակը
դեկտեմբերի 31-ին:

 

ՀԵՐԹԱՓՈԽ

Հարբած մարդասպանի պես
մառախուղը չի հեռանում սառած մայթերից,
ցուրտը հավաքել է կանանց դեմքերից ժպիտները,
կյանքը կուչ է եկել կանգառներում
հորիզոնի միջով անցնող որբերը երգ են հյուսում քաղաքի մասին,
ոչ մի փաթիլ ջուր չի դառնում,
ոչ մի արցունք չի ընկնում հողին…
Աշունը խեղդվել է ծառերի քթանցքներում,
օրերի հիվանդ թոքերում խզզում է բուքը,
եկողներին ասում ենք իզուր եք գալիս
գնացողներին՝ զուր եք հեռանում։

***
Շարունակ մտածում եմ քո մասին
որ մոռանամ քեզ,
եւ ամեն առավոտ անցնում եմ ձեր փողոցով
որ շրջանցեմ ձեր տունը։

***
Մանգաղը նվագում էր
խոտի համար,
քարերը լսեցին միայն։

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *