Սեմիլուն | Գրողը մեռել է

Մառախուղ է։
Կուտակված ամպերը բացում են ճանապարհդ,
Զուգահեռ փակում են մյուսներինը։
Կանաչ քարեր են երևում:
Իմ կարմիր տնակը ճամփի մեջտեղում է:
Մոտենաս, քեզ ջուր կտամ՝
Վախից թուքդ չչորանա:
Թե սառած ես՝ դարչինով տաք թեյ՝
Թունդ ու առանց շաքար:
Տաքանաս, սթափվես, հասկանաս՝
Սխալ ես եկել:

 

***

Թե հայրենիք լինեի
Անունս Հույս կլիներ,
Որ ինձնով սպասեին,
Լցվեին ու լի լինեին:
Իմ ֆոնին լավ լուսանկարներ կստացվեին՝
Տարբեր, գունեղ,
Անթիվ-անհամար:
Տեսնողը չէր իմանա՝ որտեղ եմ,
Տեղանքս կփոխվեր
Կախված՝ որտեղից են գալիս:
Թե ինձնից լքվեին,
Կգային, երգեր կձոնեին,
Կթեթևանային, կհեռանային:
Ես վերջինը կմեռնեի,
Կտառապեին՝ անհույս ենք:

 

***

Տարածությունը կես բուռ է դառնում,
Մտքիդ կրկին հեռանալն է
Այս նոր վայրից,
Ցավոք, չգտար տեղդ,
Վախենամ՝ ոչ էլ գտնես,
Չեկած արցունքների մեջ հասկացել ես՝
Արևն էլ չի օգնում,
Ցրտի մեջ ես մնացել,
Վերջույթներդ անշարժացած են,
Ինչքան էլ փաթաթես դրանք:
Կձեռնարկես,
Կլքես,
Կըմբռնես՝
Պետք չէր տանջվել,
Անհարմար է,
Ուր էլ լինես,
Ով էլ լինես։

 

***

Գրելս չի գալիս:
Գլուխս տարել են բոլոր ձայները,
Ու ես գլուխս տարել եմ հեռու,
Ուլտրամանուշակագույն ճառագայթներից ու մեխանիկական տատանումներից այն կողմ՝
Մոտ անօդ տարածությանը,
Անհեթեթ դատարկությանը
Ու աստղափոշուն:
Վրաս թափ տամ,
Գլուխս հավաքեմ,
Խելքս գլուխս հավաքեմ
Կամ հավաքեմ գլխիցս թափածը
Ու հետ գնամ դեպի աղմուկ։

Էլի հեգնում եմ:

 

***

Ընկնում ենք,
Ծեփվում գետնին,
Բարձրանում,
Ստուգում, որ ողջ ենք,
Ու իրական էր:
Լիզում ենք փոշոտ արյունը,
Փնթփնթում,
Գոհ լինում
(Սրանով պրծանք),
Ստիպելով աչքերից սահեցնում ենք երկու կաթիլ
(Ցավը լավ զգանք),
Թողնում դեմքի բոլոր կնճիռներով հոսի,
(Կդիմանանք):
Երդվում ենք՝ փոխվելու ենք,
(Հեշտ կլինի):
Կգոռայինք,
Զուտ շունչ չկա:

 

***

Եթե դու լավ աստված ես,
Թո՛ղ մեռնեմ:
Հետո էլ խղճից ես խոսում,
Ուժ ես բաշխում ձգելու համար,
Կեցության պահերը լայնացնելու համար,
Չես հասկանում՝
Զորությունդ չի օգնելու,
Ապաշնորհ եմ,
Անկամք եմ ապրելու համար,
Մեռնելու հրահանգ էլ չես տալիս:
Այսօրվանից հետո,
Կամ չէ, ինչու՞:
Վաղուց
Ապրել տալով,
Շունչ մեկնելով,
Ոտք հրելով,
Խնայելով,
Ինձ պահել ես,
Պահպանել ես,
Հավիտյանս հավիտենից:

Դե դու լավ աստված չես,
Բայց եթե աստված ես,
Հույս տուր գոնե,
Կմեռնեմ:

 

***

Հին պատկերները քեզ քացուտակ կգցեն,
Դու կապրես երկնքում քեզնից մնացած մասերով,
Մի պահ թև են առնելու, գործելու կամք տան աշխարհներին:
Կպայքարես մեռնելու դեմ,
Հակառակը՝
Ապրելը վատ սովորություն կդառնա,
Քեֆ անելով ման կգաս,
Թեև մահ, կորուստ ու վիշտ է կողքդ,
Կշրջանցես, կերգես, կսավառնես,
Մինչև հին պատկերները քեզ քացուտակ գցեն:

Չվախենաս,
Հետ կգաս,
Կպարես, կներկվես, կժպտաս:
Լավ ես սարքված,
Կդիմանաս:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *