Վլադիսլավ Խոդասևիչ | Գումիլյով և Բլոկ

Ռուս բանաստեղծ Վլադիսլավ Խոդասևիչի (1886-1939) «Մեռելաքաղաքը» լույս է տեսել Բրյուսելում 1939-ին՝ բանաստեղծի մահից քիչ առաջ: Գրքում իր ժամանակի գրողների մասին տեղ գտած հիշողությունները, որ տպագրվել են տարբեր երկրներում, գրված են 1924-1938 թվականներին. դրանք Խոդասևիչը գրել է Ռուսաստանից մեկնելուց հետո միայն: Նրա կերտած գրական դիմանկարները (Վալերի Բրյուսով, Նիկոլայ Գումիլյով, Անդրեյ Բելի, Մաքսիմ Գորկի, Ալեքսանդր Բլոկ, Սերգեյ Եսենին, Ֆեոդոր Սոլոգուբ և ուրիշներ) ընթերցողին տալիս են ավելի շատ տեղեկություններ, քան պարզապես ծանոթությունն է նրանցից յուրաքանչյուրի հետ:
«Մեռելաքաղաք»-ն ամենից առաջ բանաստեղծի արձակ է ու խոհագրություն, որ ստեղծել է հայրենի բանահյուսության գիտակն ու նուրբ հետազոտողը, հեղինակը բազմաթիվ փայլուն քննադատական հոդվածների, Պուշկինի մասին հիմնարար աշխատանքի, Դերժավինի կենսագրության: Միևնույն ժամանակ, դրանք հիշողությունն է մարդու, որ ծանոթ էր իր ժամանակի համարյա բոլոր ականավոր գրողներին և տիրապետում էր մարդկանց ներսից տեսնելու գաղտնիքին, յուրաքանչյուրին՝ իր արժանապատվության և թերությունների ողջ հակասականությամբ: Ստորև ներկայացվում է այդ գրքից Բլոկի և Գումիլյովի մասին խոհագրությունը:

 

ԳՈՒՄԻԼՅՈՎՆ ՈՒ ԲԼՈԿԸ

Բլոկը մահացել է 1921 թվականի օգոստոսի 7-ին, Գումիլյովը՝ 27-ին: Բայց ինձ համար երկուսն էլ մահացել են օգոստոսի 3-ին: Թե ինչու՝ կպատմեմ ստորև:
Հավանաբար դժվար է պատկերացնել իրարից այդքան տարբեր երկու մարդկանց: Կարծես տարիքի առումով էլ նրանց միջև այդքան մեծ տարբերություն չկար. Բլոկն ընդամենը վեց տարով էր նրանից մեծ:
Պատկանելով գրական նույն դարաշրջանին՝ նրանք բանաստեղծական տարբեր սերնդի մարդիկ էին: Սիմվոլիզմի դեմ ժամանակ առ ժամանակ ըմբոստացած Բլոկը ամենամաքուր սիմվոլիստներից մեկն էր: Գումիլյովը մինչև կյանքի վերջը Բրյուսովի ազդեցության տակ էր, իրեն սիմվոլիզմի խոր, հետևողական թշնամի էր երևակայում: Բլոկը միստիկ էր, Գեղեցիկ Տիկնոջ երկրպագու և գրում էր անարգ բանաստեղծություններ ոչ միայն նրա մասին: Գումիլյովը չէր մոռանում եկեղեցում բոլորի ներկայությամբ խաչակնքվել, սակայն ես հազվադեպ եմ տեսել մարդկանց՝ այդ աստիճան չկասկածող կրոնին: Բլոկի համար իր պոեզիան ամենաառաջնայինն էր, կյանքից անբաժանելի իրական հոգևոր սխրանք: Գումիլյովի համար գրական գործունեության ձև էր: Բլոկն իր կյանքի յուրաքանչյուր պահի միշտ բանաստեղծ էր: Գումիլյովը միայն այն ժամանակ, երբ գրում էր բանաստեղծություններ: Այդ ամենը (և շատ այլ բաներ) հանգեցրեց նրան, որ նրանք իրար տանել չէին կարողանում և դա չէին թաքցնում: Սակայն իմ հիշողությունների մեջ նրանք հաճախ պատկերվում են միասին: Նրանց կյանքի վերջին տարին, իրապես, միակ տարին նրանց հետ իմ ծանոթության, ավարտվեց երկուսի համարյա միաժամանակյա մահով: Ե՛վ նրանց վերջի, և՛ այն ցնցման մեջ, որն առաջացավ Պետերբուրգում, համախմբող ինչ-որ բան կար:
Ես ու Գումիլյովը ծնվել էինք նույն տարում, սկսել էինք տպագրվել նույն տարում, սակայն երկար չէինք հանդիպել. ես քիչ էի լինում Պետերբուրգում, իսկ նա Մոսկվայում կարծեմ երբեք էլ չէր եղել: Մենք ծանոթացանք 1918 թվականին Պետերբուրգում՝ «Համաշխարհային Գրականության» կոլեգիայի նիստին: Գումիլյովի «նիստ վարելու» կարևորությունն ինձ իսկույն հիշեցրեց Բրյուսովին:
Նա ինձ հրավիրեց իր տուն և դիմավորեց այնպես, ասես դա երկու միապետերի հանդիպում էր: Նրա հանդիսավոր քաղաքավարության մեջ կար այնպիսի անբնական բան, որ սկզբում մտածեցի. մի՞թե կատակում է: Եվ ստիպված ես էլ նույն դերի մեջ մտա. մնացած ամեն ինչը ընտանեվարություն կլիներ: Ամայացած, սովահար, վոբլայի հոտով ներծծված Պետերբուրգում երկուսս էլ սոված, սաստիկ նիհարած, մաշված պիջակներով և ծակծկված կիսակոշիկներով, ցուրտ ու թափթփված առանձնասենյակում նստած՝ զրուցում էինք չափազանց կարևորությամբ: Հիշելով, որ ես մոսկվացի եմ, Գումիլյովն անհրաժեշտ համարեց թեյ առաջարկել, բայց դա արեց այնքան անվստահ ձայնով (հավանաբար շաքար չկար), որ ես հրաժարվեցի և, թվում է, այդպես նրան հանեցի դժվարին վիճակից: Դրանով հանդերձ, սակայն, նրա առանձնասենյակն ավելի էր իմ ուշադրությունը գրավում: Գրասեղանը, եռափեղկ գրապահարանը, միջնապատերի միջև բարձր հայելիները, բազկաթոռները և մնացած իրերն ինձ արտակարգ ծանոթ էին: Վերջիվերջո, զգուշորեն հարցրի, թե նա արդյոք վաղո՞ւց է ապրում այդ բնակարանում:
-Ճիշտն ասած, սա իմ բնակարանը չէ, -պատասխանեց Գումիլյովը, – սա Մ.-ի բնակարանն է:
Ես ամեն ինչ հասկացա: Մենք նստած էինք իմ նախկի՜ն առանձնասենյակում: Դրանից տասը տարի առաջ այդ կահույքը մասնակիորեն ինձ էր պատկանում: Դա իր պատմությունն ուներ: Ծովակալ Ֆյոդոր Ֆյոդորովիչ Մատյուշկինը՝ Պուշկինի ընկերը լիցեյից, ինչ-որ նավից այն տեղափոխել և դրանով կահավորել էր կալվածքի իր տունը՝ մոտ Բոլոգոյին ՝ լճափին:
Կալվածքի անունը Զաիմկա էր: Ըստ տեղացիների՝ Պուշկինը, իհարկե, մեկ անգամ չէ, որ եղել էր այդտեղ. ցույց էին տալիս նույնիսկ Պուշկինի սիրած պաստառապատ սեկե կանաչ բազկաթոռը: Ինչպես ընդունված է, դա միայն լեգենդ էր. Պուշկինը երբեք այդ վայրերում չէր եղել, դե իսկ Մատյուշկինն էլ այդ կալվածքը գնել էր Պուշկինի մահից միայն 30 տարի անց: Մատյուշկինի մահից հետո Զաիմկան ձեռքից ձեռք էր անցել, անվանվել Լիդինների, սակայն հին տան մթնոլորտը պահպանվել էր: Նույնիսկ բուֆետի հատուկ հարմարանքները, որ նավի ճոճքի ժամանակ ամանեղեն կախելու համար էին, փոխարինված չէին սովորական դարակներով: 1905-ին ես պատահական դարձա այդ կահույքի տերը և այն տեղափոխեցի Մոսկվա: Հետո դրան բախտ վիճակվեց փոխադրվել Պետերբուրգ, իսկ երբ հեղափոխությունն ամենքին և ամեն ինչ վերջնականապես տեղահան արեց, ես այն տեսա տնօրինելիս Գումիլյովին: Դրա իսկական սեփականատիրուհին Ղրիմում էր:
Այդքան ձգձգված այցից հետո (նստելով ինչքան որ անհրաժեշտ էր) ես վեր կացա: Երբ Գումիլյովն ինձ ճանապարհում էր, նախասենյակի կողքի դռնից դուրս վազեց մի նիհար, գունատ տղա (ճիշտ նույնպիսի երկարուկ դեմքով, ինչպիսին Գումիլյովն էր)՝ կեղտոտ շեղօձիք վերնաշապիկով ու վալենկաներով: Նրա գլխին ուլանական սաղավարտ կար, նա թափահարում էր խաղալիք թուրը և ինչ-որ բան գոռում: Գումիլյովը թագավորի տոնով նրան, ինչպես դոֆինին, իսկույն ճանապարհեց սպասավորների մոտ: Զգացվում էր, սակայն, որ խոնավ ու փտած բնակարանում Գումիլյովից ու նրա որդուց բացի ոչ ոք չկա:
Երկու տարի անց ես փոխադրվեցի Պետերբուրգ: Մենք սկսեցինք հաճախակի տեսնվել: Նրա մեջ լավ բաներ շատ կային: Նա գերազանց գրական ճաշակ ուներ, փոքր-ինչ մակերեսային, բայց որոշակի իմաստով՝ անսխալական: Բանաստեղծությունների նկատմամբ վերաբերմունքը ձևական էր, սակայն այդ բնագավառում և՛ սուր էր, և՛ նուրբ: Նա մեկն էր քչերից, որ թափանցում էր բանաստեղծության մեխանիկայի մեջ: Կարծում եմ, որ դա անում էր ավելի սրատեսորեն, քան անգամ Բրյուսովը: Նա պաշտում էր պոեզիան, քննադատություններում փորձում էր անաչառ լինել:
Այդ ամենով հանդերձ, նրա հետ զրույցները, ինչպես և բանաստեղծությունները, հազվադեպ էին ինձ «սնունդ» տալիս: Նա զարմանալիորեն հոգով երիտասարդ էր, իսկ գուցե նաև խելքով: Բայց նա ինձ միշտ երեխա էր թվում: Ինչ-որ երեխայական բան կար նրա՝ գլուխը մեքենայով խուզված արտաքինում, նրա՝ ավելի շուտ գիմնազիստի, քան զինվորականի կեցվածքում: Այդ նույն երեխայականը ցայտուն երևում էր նրա` Աֆրիկայով տարվածության մեջ, պատերազմի մեջ, վերջապես այն շինծու կարևորության մեջ, որն այնպես զարմացրեց ինձ առաջին հանդիպման ժամանակ, և որը հանկարծ սողաց ու ինչ-որ տեղ անհետացավ, մինչև նա, հանկարծ ուշքի գալով, բռնեց այն ու նորից քաշեց իր վրա: Նրան, ինչպես բոլոր փոքր երեխաներին, դուր էր գալիս իրեն մեծահասակ երևակայել: Նա սիրում էր գրական ղեկավարություն՝ «մետր» խաղալ իր գումիլյովակաների, այսինքն՝ իրեն շրջապատած փոքրիկ բանաստեղծ, բանաստեղծուհիների հետ: Բանաստեղծ երեխեքը նրան շատ էին սիրում: Երբեմն պոետիկայի մասին դասախոսություններից հետո նրանց հետ աչքակապուկ էր խաղում՝ բառի ամենաբուն և ոչ փոխաբերական իմաստով: Երկու անգամ ես դա տեսել եմ: Նման պահերի Գումիլյովը նմանվում էր շատ հաճելի հինգերորդ դասարանցու, որը ոգևորված խաղում էր նախապատրաստական դասարանի աշակերտների հետ: Զվարճալի էր տեսնել, թե ինչպես դրանից կես ժամ հետո որպես մեծ խաղալով՝ լրջմտորեն զրուցում էր Ա.Ֆ.Կոնիի հետ, և Կոնին միանգամայն զիջում էր նրան դիմելաձևի կարևորությամբ:
1920 թվականի Ծննդյան տոներին և ջրօրհնեքին Արվեստի պատմության ինստիտուտում պարահանդես էին կազմակերպել: Հիշում եմ. Իսակիևյան հրապարակի զուբովյան կալվածքի սառույց կտրած հսկա դահլիճներում թույլ լուսավորություն է ու սառնամանիքային գոլորշի: Բուխարիում դառը ծխում և մխում են խոնավ փայտերը: Ողջ գրական և նկարչական Պետերբուրգը ներկա է: Երաժշտությունը դղրդում է: Մարդիկ շարժվում են կիսախավարում՝ ձգվելով դեպի բուխարիները: Աստվա՛ծ իմ, ինչպե՜ս է հագնված այդ ամբոխը: Վալենկաներ, սվիտերներ, հնամաշ մուշտակներ, որոնցից անհնար է բաժանվել անգամ պարասրահում: Եվ ահա պատշաճ ուշացումով հայտնվում է Գումիլյովը՝ թևանցուկ մի տիկնոջ, որը խոր կտրվածք ունեցող սև զգեստով դողում է ցրտից: Գումիլյովը՝ ֆրակով, ձիգ ու հպարտ, անցնում է դահլիճներով: Նա ցնցվում է ցրտից, բայց մեծահարգ ու սիրալիր խոնարհվում է աջ ու ձախ: Նրբակիրթ տոնով զրուցում է ծանոթների հետ: Նա պարահանդես է խաղում: Ողջ տեսքն ասում է. «Ոչինչ էլ տեղի չի ունեցել: Հեղափոխությո՞ւն: Չեմ լսել»:
****
Այդ ձմեռ Բլոկը խուսափում էր մարդկանցից: Իհարկե, նա պարահանդեսին չէր էլ եղել: Նա իմ հիշողության մեջ մնացել է ուրիշ երեկոյից: Գրողների տունը՝ մեր վերջին ապաստարաններից մեկը, որոշեց Պուշկինի մահվան օրը կազմակերպել ամենամյա համառուսական հարգանքի տուրք՝ նվիրված նրա հիշատակին (հետագայում դա փոխարինվեց ծննդյան օրով. դրանով էլ արտասահմանում սկիզբ առան նաև «Ռուսական մշակույթի օրերը»): Առաջին երեկոն տեղի ունեցավ 1921 թվականի փետրվարի 11-ին: Ելույթ էին ունենալու Ա.Ֆ. Կոնին, Ն.Ա.Կոտլյարևսկին, Բլոկը և ես: Կուզմինը պետք է բանաստեղծություններ կարդար: Ես հիվանդ էի, չհասցրի ժամանակին խոսք պատրաստել և հրաժարվեցի ելույթից, բայց գնացի երեկոյին: Բեմում նստել էին Գրողների տան ներկայացուցուչները՝ Ն. Մ. Վոլկովիսկին, Բ. Ի. Խարիտոնը, Վ. Յ. Իրեցկին: Նախագահության սեղանի շուրջ՝ կենտրոնում, Կոտլյարևսկին (նախագահ) էր, նրանից աջ՝ Ախմատովան, Շեգոլևը և ես, իսկ ձախում՝ Կոնին, Կուզմինը և սեղանի ծայրին՝ Բլոկը, որ ողջ ժամանակ նստած էր գլուխը կախ:
Ելույթներն ընդմիջվում էին տարբեր կազմակերպությունների կարճ հայտարարություններով, թե ինչպես են պատկերացնում հետագայում նշել պուշկինյան օրերը: Պատվիրակների թվում էր նաև ի պաշտոնե կառավարության ներկայացուցիչ ոմն Կրիստի, այսպես կոչված, ակադեմիական կենտրոնի բաժնի վարիչ: Գրողներն ու գիտնականները ստիպված էին լինում միշտ նրա հետ գործ ունենալ: Նա տարիքով էր, մեղմ ու բարյացակամ: Լեփ-լեցուն դահլիճի ոչ քաջալերող դեմքերից նա նկատելիորեն շփոթվեց: Երբ խոսք տվեցին, կանգնեց, կարմրեց և տեսակով՝ անսովոր ելույթ ունենալու, իսկույնևեթ մոլորվեց. նա չէր նախատեսել, որ բացասաբար կընդունվի իր խոսքը, և ասաց բառացի հետևյալը.
-Ռուս հասարակությունը չպետք է ենթադրի, որ Պուշկինի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուն բանվորագյուղացիական իշխանությունը կխոչընդոտի:
Դահլիճը ծիծաղից թնդաց: Ինչ-որ մեկը բարձրաձայն ասաց.
-Եվ չենք էլ ենթադրում:
Բլոկը հայացքը բարձրացրեց և ծուռ քմծիծաղով նայեց Կրիստիին:
Պուշկինի մասին իր ոգեշունչ խոսքը նա կարդաց վերջինը: Նրա հագին սև պիջակ էր՝ սպիտակ սվիտերի վրայից վեր բարձրացված օձիքով: Ջղուտ ու չոր, քամուց կոշտացած, ողջ դեմքով կարմրած՝ նա նման էր ձկնորսի: Խոսում էր խուլ ձայնով, կտրտված բառերով, ձեռքերը գրպանը դրած: Երբեմն գլխով դառնում էր Կրիստիի կողմը և պարզ ու հստակ ասում.
-Չինովնիկնե՛ր, մեր էությունը խաժամուժն է, երեկվա և այսօրվա խաժամուժը… Թող վատ մականունից զգուշանան այն չինովնիկները, որոնք պատրաստվում են պոեզիան ուղղորդել ինչ-որ սեփական հունով ՝ ոտնձգություն անելով նրա խորհրդավոր ազատության դեմ և խոչընդոտելով նրան՝ կատարելու իր խորհրդավոր դերը:
Խեղճ Կրիստին նկատելիորեն տառապում էր՝ շուռումուռ գալով իր տեղում: Ինձ փոխանցեցին, որ գնալուց առաջ նախասրահում վերարկուն հագնելիս բարձրաձայն ասել է.
-Ես Բլոկից նման անշնորհքություն չէի սպասում:
Սակայն այդ իրավիճակում Բլոկի շուրթերից ելույթը հնչեց ոչ անշնորհք, այլ խոր ողբերգականությամբ՝ մասնակիորեն գուցե մեղայականով: «Տասներկուս»-ի հեղինակը ռուս հասարակությանը և ռուս գրականությանն էր կտակում պահել թեկուզ և «գաղտնի» պուշկինյան վերջին ժառանգությունը՝ ազատությունը: Եվ քանի դեռ նա խոսում էր, զգացվում էր, թե ինչպես է աստիճանաբար փլվում իր և դահլիճի միջև եղած պատը: Ծափահարությունները, որով նրան ճանապարհեցին, այն լուսավոր ուրախությունն էին, որոնք միշտ ուղեկցում են սիրելի մարդու հետ հաշտությանը:
Բլոկի ելույթի ժամանակ հայտնվեց Գումիլյովը: Թևանցուկ նույն տիկնոջը, որ նրա հետ էր պարահանդեսին, նա հանդիսավոր քայլելով անցավ ողջ դահլիճի միջով: Սակայն այս անգամ՝ պուշկինյան երեկոյին նրա և՛ ուշացման, և՛ նրա ֆրակի (գուցե Բլոկի սվիտերի համեմատ), և՛ նրա ուղեկցուհու շրջազգեստի խոր կտրվածքի մեջ ինչ-որ տհաճ բան կար: Բեմում նրա համար պատրաստած տեղ կար:
Նա արդեն ոտքը դնում էր ճոճվող աստիճանին, սակայն Կոտլյարևսկին ձեռքով կտրուկ թույլ չտվեց, և նա նստեց հանդիսատեսի մեջ՝ ինչ-որ տեղ, ու մի քանի րոպեից էլ դուրս եկավ:
Երեկոն երեք անգամ կրկնվեց: Ես վերջապես գրեցի իմ խոսքը («Ճոճվող եռոտանին») և կարդացի այն: Կուլիսներում՝ իմ հերթին սպասելիս, ես ու Բլոկը զրուցում էինք: Ըստ էության միայն երեկոների ժամանակ ենք երկուսով քիչ թե շատ մենակ զրուցել: Վերջին անգամ (դա համալսարանում էր) այնպես պատահեց, որ մի դատարկ սենյակում՝ մոմլաթե սառը սեղանի շուրջ, մենք նստեցինք ժամուկես: Սկսեցինք Պուշկինից, անցանք վաղ սիմվոլիզմին: Այն դարաշրջանի, այն ժամանակվա միստիկական հրապուրանքների, Անդրեյ Բելիի և Ս.Մ. Սոլովյովի մասին Բլոկը խոսում էր սիրալիր հեգնանքով: Այդպես հիշում են մանկությունը: Բլոկը խոստովանեց, որ այն ժամանակվա իր շատ բանաստեղծություններ ինքն այլևս չի հասկանում. «Մոռացել եմ, թե այն ժամանակ շատ բառեր ինչ էին նշանակում: Բայց դրանք ախր թվում էին սրբազան: Իսկ հիմա կարդում եմ այդ բանաստեղծությունները, ինչպես ուրիշինը, և միշտ չէ, որ հասկանում եմ, թե, ըստ էության, հեղինակն ինչ է ցանկացել ասել»:
Փետրվարի 26-ի այդ երեկոյի ժամանակ նա տխուր էր ավելի, քան երբևէ: Շատ էր խոսում իր մասին. խոսում էր ասես ինքն իր հետ՝ իր խորքը նայելով, շատ զուսպ, երբեմն կիսաակնարկներով, աղոտ, անկապ, բայց նրա խոսքերի հետևում զգացվում էր անողոք, դառը ճշմարտությունը: Թվում էր՝ նա տեսնում է աշխարհն ու իրեն՝ ողբերգական մերկությամբ ու պարզությամբ: Ճշմարտությունը և պարզությունը հավերժ մնացին իմ մեջ ՝ կապված Բլոկի մասին հիշողություններին:

 

****
Գումիլյովը չափազանց լավ էր հասկանում, թե ինչ է բանաստեղծական վարպետությունը, որպեսզի բնավ չգնահատեր Բլոկին: Սակայն դա չէր խանգարում անձնապես չսիրել Բլոկին: Չգիտեմ՝ ինչպիսին էին նրանց հարաբերությունները մինչ այդ, բայց, գալով Պետերբուրգ, ես փոխադարձ թշնամանք տեսա: Չեմ կարծում, թե դա մանրուքների պատճառով էր, թեև Գումիլյովը, որ շատ էր հաշվի առնում, թե ով ինչ տեղ էր զբաղեցնում բանաստեղծական հիերարխիայում, կարող էր նախանձել Բլոկին: Հավանաբար այստեղ շատ ավելի լուրջ հակասություններ կային: Թշնամական էին աշխարհայեցությունը, կտրուկ հակադարձ գրական խնդիրները: Բլոկի պոեզիայում գլխավորը, դրա «գաղտնի շարժիչը» և դրա հոգևոր իմաստը պետք է որ խորթ լինեին Գումիլյովին: Ըստ Գումիլյովի՝ Բլոկի մեջ հատուկ պարզությամբ պետք է որ նշմարվեին թշնամական և Գումիլյովին ոչ լիովին հասկանալի սիմվոլիզմի տարրերը: Զուր չէ, որ ակմեիստների մանիֆեստներն առաջին հերթին ուղղված էին Բլոկի և Բելիի դեմ: Բլոկին էլ պետք է որ գրգռեր Գումիլյովի «դատարկամիտ» ու «անպետք» լինելը, նրա «արտաքինը»: Ի դեպ, Գումիլյովի պոեզիայի հետ, եթե բանը միայն դա լիներ, Բլոկը հավանաբար կհաշտվեր, ամեն դեպքում կկարողանար նրան վերաբերվել մեծ համբերությամբ: Սակայն այդտեղ բարդացնող երկու հանգամանք կար: Գումիլյովի՝ աշակերտի վրա էր թափվում ուսուցչի՝ Բրյուսովի դեմ տարիներով կուտակված զայրույթը, ընդ որում այնքան սուր թշնամանք, որը ծնվել էր նախկին սիրո ավերակների վրա: Ակմեիզմը և այն ամենը, որն ավելի ուշ կոչեցին «գումիլյովականություն», Բլոկին բրյուսովականի քայքայում էր թվում: Երկրորդ. Գումիլյովը միայնակ չէր. տարեցտարի աճում էր նրա ազդեցությունը գրական երիտասարդության վրա, և Բլոկը դա հոգեպես և բանաստեղծորեն կործանարար էր համարում:
1921 թվականի սկզբներին թշնամանքը ջրի երես ելավ: Որպեսզի անցողակի անդրադառնանք էլի մի քանի դեպքերի, սկսեմ փոքր-ինչ հեռվից. պատերազմից դեռևս չորս տարի առաջ Պետերբուրգում առաջացավ բանաստեղծների ընկերակցություն, որը «Բանաստեղծների Ցեխ» անվանումը ստացավ: Դրան մասնակցում էին Բլոկը, Սերգեյ Գորոդեցկին, Գեորգի Չուլկովը, Յուրի Վերխովսկին, Նիկոլայ Կլյուևը, Գումիլյովը և նույնիսկ Ալեքսեյ Տոլստոյը, որն այդ ժամանակ դեռևս բանաստեղծություններ էր գրում, իսկ երիտասարդներից՝ Օսիպ Մանդելշտամը, Գեորգի Նարբուտը և Աննա Ախմատովան՝ Գումիլյովի այդ ժամանակվա կինը: Սկզբնական միավորումը գրական առումով անկուսակցական էր: Հետո ակմեիստները գրավեցին այն, իսկ նրանք, ովքեր չէին հարում ակմեիզմին, այդ թվում և Բլոկը, աստիճանաբար առանձնացան: Պատերազմի և զինվորական կոմունիզմի դարաշրջանում ակմեիզմն ավարտվեց, և «Ցեխը» փակվեց: 1921 թվականի սկզբներին Գումիլյովը մտածեց հարություն տալ դրան և ինձ հրավիրեց մասնակցելու: Ես հարցրի՝ արդյոք դա առաջի՞ն «Ցեխն» է՝ այսինքն՝ անկուսակցականների, թե՞ երկրորդն է՝ ակմեիստներինը: Գումիլյովն ասաց, որ առաջինն է, և ես համաձայնեցի: Հենց այդ երեկո էլ պետք է ժողով տեղի ունենար, արդեն երկրորդը՝ ըստ թվի: Այն ժամանակ ես ապրում էի Արվեստի Տանը, շատ էի հիվանդանում և համարյա ոչ մեկին չէի տեսնում: Ժողովից առաջ ես մտա իմ հարևանությամբ ապրող Մանդելշտամի մոտ և հարցրի, թե ինչու մինչև հիմա նա ինձ ոչինչ չի ասել «Ցեխ»-ի վերականգնման մասին: Մանդելշտամը քմծիծաղեց:
– Դե, որովհետև ոչ մի «Ցեխ» էլ չկա: Բլոկը, Սոլոգուբն ու Ախմատովան հրաժարվել են: Միայն թե Գումիլյովը նախագահ դառնա: Չէ՞ որ նա սիրում է զինվորիկներով խաղալ: Իսկ Դուք ընկել եք թակարդը: Այնտեղ փոքրիկ գումիլյովականներից բացի ոչ ոք չկա:
-Ներեցե՛ք, իսկ դուք ինքներդ ի՞նչ եք անում նման «Ցեխ»-ում,- վրդոված հարցրի ես:
Մանդելշտամը շատ լուրջ դեմք ընդունեց:
-Այնտեղ կոնֆետով թեյ եմ խմում:
Ժողովում, բացի Մանդելշտամից և Գումիլյովից, ես տեսա ևս հինգ հոգու: Բանաստեղծություններ էին կարդում, քննարկում դրանք: «Ցեխ»-ն ինձ անօգուտ թվաց, բայց և անվնաս: Սակայն արդեն երրորդ ժողովի ժամանակ ինձ տհաճ անակնկալ էր սպասում: Տեղի էր ունենում նոր անդամի՝ երիտասարդ բանաստեղծ Նելդիխենի ընդունելությունը: Սկսնակը կարդում էր իր բանաստեղծությունները: Դրանք ասես արձակ բանաստեղծություններ էին: Դրանք նույնիսկ հոյակապ էին իրենց թեթևսոլիկ հիմարությամբ, ինչը դրանց մեջ լցված էր առաջին տողից մինչև վերջինը: Այդ ես-ը, որի անունից բացատրվում էր Նելդիխենը, փայլուն և կատարյալ ապուշի կերպար էր, ընդ որում՝ երջանիկ ապուշի՝ հաղթանակած ու անսահման ինքնագոհ.

Կանայք՝ երկուսուկես արշինանոց տիկնիկներ …..
Հռհռացող, մարմնեղ,
Փափկաշուրթ, թափանցիկ աչքերով, շագանակագույն մազերով,
Որ կրում են զանազան զգեստներ ու անփայլ կախովի ականջօղեր,
Որ սիրում են իմ ալտաձայն խրատները, և վատ տնտեսուհիներ են:
Օ՜, ինչպես են ինձ հուզում նման կանայք:
Փողոցներում, ամենուր ճեմում են զույգերը:
Բոլորն ունեն կանայք և սիրուհիներ,
Ես չունեմ ինձ համապատասխան մեկը:
Ես ամենևին էլ հրեշ չեմ պատահական,
Երբ գիրանում եմ, նույնիսկ դեմքով
Նմանվում եմ Բայրոնին…»

Հետո ասվում էր, որ, վերջապես, հայտնվել է ինչ-որ Ժենկա կամ Սոնկա, որին նա գրպանի լապտերիկ է նվիրել, բայց աղջիկը սկսել է դավաճանել նրան հաշվապահի հետ, իսկ նա, որպեսզի վրեժխնդիր լինի, երբ աղջիկը տանը չի եղել, նրանից գողացել է լապտերիկը:
Այդ ամենը արտասանվում էր ծոր տալով և միանգամայն լուրջ: Լսողները ժպտում էին: Նրանք ծիծաղից չէին թուլանում միայն այն պատճառով, որովհետև համարյա անգիր գիտեին լապտերիկի պատմությունը: Նելդիխենի զեղումներն արդեն բառերի մեջ էին: Հեղինակային ընթերցումը «Ցեխ»-ում ընդամենը միայն ձևականություն էր. այդ առումով Գումիլյովը որսորդ էր: Երբ Նելդիխենն ավարտեց, Գումիլյովը դատապաշտպանի պես ողջույնի խոսք ասաց: Ամենաառաջինը, որ նշեց, այն էր, թե մինչև հիմա հիմարությունն արհամարված է եղել, բանաստեղծներն անիրավացիորեն զզվել են դրանից: Սակայն ժամանակն է, որ գրականության մեջ այն իր ձայնն ունենա: Հիմարությունը ճիշտ նույնպիսի բնական երևույթ է, ինչպիսին խելքն է: Այն կարելի է զարգացնել, կատարելագործել՝ հիշելով Բալմոնտի երկտողը.
Բայց սրտին նողկալի է հիմարի կերպարը,
Եվ հիմարությունները չեմ կարող հասկանալ:
Գումիլյովն այն անվանեց դաժան և ի դեմս Նելդիխենի՝ ողջունեց հերթական հիմարությամբ լի ելույթը բանաստեղծների «Ցեխ» -ում:
Ժողովից հետո ես հարցրի Գումիլյովին՝ արդյոք արժե՞ ծաղրել Նելդիխենին, և մի՞թե «Ցեխ»-ին նա պետք է: Ի զարմանս ինձ՝ Գումիլյովը հայտարարեց, որ ոչ մի ծաղր էլ չկա:
-Իմ գործը չէ քննարկել, թե բանաստեղծներից ով ինչ է մտածում,- ասաց նա:- Ես միայն հետևում եմ, թե նրանք ինչպես են իրենց մտքերը կամ իրենց հիմարությունները ձևակերպում: Ես ինքս չէի ցանկանա հիմար լինել, բայց ես իրավունք չունեմ խելք պահանջել Նելդիխենից: Իր հիմարությունը նա կարողանում է արտահայտել այնպիսի հմտությամբ, ինչը չեն կարողանում բազմաթիվ խելացիներ: Իսկ չէ՞ որ պոեզիան հենց հմտություն է: Ուրեմն Նելդիխենը բանաստեղծ է, և իմ պարտքն է նրան «Ցեխ» ընդունել:
Որոշ ժամանակ անց Նելդիխենի մասնակցությամբ պետք է տեղի ունենար «Ցեխ»-ի հրապարակային երեկոն: Ես Գումիլյովին նամակ ուղարկեցի իմ՝ «Ցեխ»-ից դուրս գալու մասին: Սակայն դա միայն Նելդիխենի պատճառով չարեցի: Ես այլ պատճառ էլ ունեի, շատ ավելի ծանրակշիռ:
Մինչև իմ Պետերբուրգ տեղափոխվելը, այնտեղ կազմավորվել էր Բանաստեղծների Համառուսաստանյան Միության բաժին, որի վարչությունը Մոսկվայում էր և ղեկավարում էր երևի հենց ինքը՝ Լունաչարսկին: Չեմ հիշում, թե վարչության կազմում ովքեր էին ընդգրկված, դրա նախագահն էլ Բլոկն էր: Մի անգամ գիշերը ինձ մոտ եկավ Մանդելշտամը և տեղեկացրեց, որ մեկ ժամ առաջ միության «բլոկյան» վարչությունը տապալվել է, և այն փոխարինվել է ուրիշով, որի կազմի մեջ են մտել բացառապես «Ցեխ»-ի անդամները, այդ թվում և ես: Նախագահ է ընտրվել Գումիլյովը: Իշխանափոխությունը տեղի է ունեցել ինչ-որ տարօրինակ ձևով: Ծանուցագրերն ուղարկվել են ժողովից երևի մեկ ժամ առաջ, և հազիվ թե բոլորն այն ստացած լինեին: Այդ ամենն ինձ դուր չեկավ, ես ասացի, որ առանց հարցնելու զուր են ինձ ընտրել: Մանդելշտամը սկսեց ինձ համոզել, որ «պատմություն չսարքեմ», որպեսզի չնեղացնեմ Գումիլյովին: Նրա խոսքերից հասկացա, որ «վերընտրությունները» սարքել էին «Ցեխ»-ի մի քանի անդամները, որոնց անհրաժեշտ էր տիրանալ միության կնիքին, որպեսզի դրա օգնությամբ ճարպկորեն առևտրային և խարդախ գործեր սարքեն: Դրա համար էլ նրանք թաքնվել էին Գումիլյովի անվան ու դիրքի հետևում: Գումիլյովին էլ, ինչպես երեխայի, գայթակղել էին նախագահի տիտղոսով: Ավարտվեց նրանով, որ ես խոստացա ձևականորեն դուրս չգալ վարչությունից, սակայն փաստացի չմասնակցեցի ո՛չ դրա նիստերին, ո՛չ էլ միության գործերին: Հենց դա էլ ինձ ստիպեց դուրս գալ «Ցեխ»-ից:
Բլոկը, ինչ խոսք, հասկանալի է, միությունում իր նախագահ լինելուն մեծ նշանակություն չէր տալիս: Բայց նրան դուր չէին եկել բացահայտ սարքովի ընտրությունները, և նա դժգոհ էր, որ այսուհետ միության վարչության ճնշումով կամրապնդվի Գումիլյովի գրական ազդեցությունը: Եվ Բլոկը որոշեց գործել:
Հենց այդ ժամանակ հաջողվեց «Լիտերատուրնայա գազետա» անվանումով շաբաթաթերթ հրատարակելու թույլտվություն ստանալ: Խմբագրակազմում էին Ա. Ն. Տիխոնովը, Ե. Ի. Զամյատինը և Կ. Ի. Չուկովսկին: Առաջին համարի համար Բլոկը Գումիլյովի և «Ցեխ»-ի դեմ ուղղված հոդված տվեց: Այն կոչվում էր. «Առանց պաշտամունքի, առանց ներշնչանքի»: «Լիտերատուրնայա գազետան» դադարեցրեց իր գոյությունն ավելի վաղ, քան սկսեց լույս տեսնել. Զինովևի կարգադրությամբ Զամյատինի պատմվածքի և իմ առաջնորդողի համար դեռևս տպարանում համարը բռնագրավվեց: Ես միայն տարիներ անց կարդացի Բլոկի հոդվածը նրա ստեղծագործությունների հատորում: Խոստովանեմ. այն ինձ շատ թույլ ու մշուշապատ թվաց, ինչպես Բլոկի շատ հոդվածներ: Բայց այդ ժամանակ լուրեր էին պտտվում, թե այն շատ սուր է: Բլոկի հետ այն ժամանակվա հանդիպումներից մեկի ժամանակ նա ինքն էլ նույնը ասաց: Վրդովված ասում էր, որ Գումիլյովը «ոչնչից» բանաստեղծ է սարքում:
Դա իմ վերջին խոսակցությունն էր Բլոկի հետ: Բայց մեկ անգամ էլ նրան տեսա հեռվից. մարտի մեկին Փոքր թատրոնում նրա բանաստեղծությունների երեկոն էր: Խորհրդային ժամանակով համարյա արդեն ժամը ութն էր, իսկականով՝ հինգը: Անշտապ գնում էի Թատերական փողոցով, որովհետև սիրում եմ օրվա այդ ժամը: Լույս էր ու դատարկություն: Չերնիշևի պուրակում իմ հետևից լսեցի շտապող թեթև քայլերի և հենց այդ պահին շտապող, բայց թույլ ձայն.
-Արա՛գ, արա՛գ, այլապես կուշանա՜ք:
Բլոկի մայրն էր: Փոքրիկ, չորուկ, խորշոմապատ վառ կարմիր դեմքով նա համարյա վազում էր իմ կողքով և շունչը կտրելով՝ անդադար շշնջում, որ անհանգստանում է Սաշայի համար, որ մենք ահա-ահա ուշանում ենք, որ վախենում է՝ հանկարծ Չուկովսկին տափակություններ դուրս չտա (Չուկովսկին պետք է բացման խոսք ասեր): Հետո, որ ես անպայման, անպայման պետք է գնամ կուլիսներ՝ Սաշայի մոտ, որ Սաշայի ոտքը ցավում է, բայց կարևորը, կարևորն այն է, որ մենք չուշանա՜նք: Վերջապես հասանք: Պարզվեց՝ մեր տեղերը կողք կողքի են, բայց նա անընդհատ շուռումուռ գալուց և հուզմունքից տեղից վեր թռավ և հավանաբար բեմ վազեց:
Երկրորդ բաժնում՝ ընդմիջումից հետո, Բլոկը բեմ բարձրացավ: Հանգիստ ու գունատ կանգնեց բեմի կենտրոնում և սկսեց կարդալ՝ սովորության համաձայն գրպանում թաքցնելով մեկ այս, մեկ մյուս ձեռքը: Նա հուզիչ պարզությամբ և խորը լրջությամբ կարդաց միայն մի քանի բանաստեղծություն, ինչի մասին ամենից լավ կարելի է ասել Պուշկինի բառով՝ «կարևորությամբ»:
Նա բառերն արտասանում էր շատ դանդաղ՝ իրար կապելով հազիվ որսացող մեղեդիով, հասկանալի գուցե միայն նրան, ով կարող է որսալ բանաստեղծության ներքին ընթացքը: Կարդում էր հստակ, պարզ՝ ամեն տառն արտասանելով, սակայն այդ ժամանակ առանց ատամները սեղմելու շարժվում էին միայն շուրթերը: Երբ նրան ծափահարեցին, նա ո՛չ շնորհակալություն հայտնեց, ո՛չ էլ կեղծ անուշադրության մատնեց: Անշարժ դեմքով աչքերը խոնարհեց, նայեց գետնին և համբերատար լռությամբ սպասեց: Վերջինը, որ կարդաց, «Դատաստանի առաջ»-ն էր՝ իր ամենահուսահատ բանաստեղծություններից մեկը.

Շփոթմունքի մեջ ի՞նչ ես խոնարհվել:
Առաջվա նման նայի՛ր ինձ շիտակ,
Այդ ի՜նչ է քեզ հետ քո անկումն արել,
Այս ինչպիսի՜ն ես դու պարզ լույսի տակ:
Ես ինքս էլ, այո՛, հինը չեմ վաղուց՝
Հպարտ ու մաքուր, չար ու աններում,
Հիմա առավել բարի ու անհույս
Հայացքով եմ ես աշխարհին նայում :

Հանդիսատեսը գոռում էր. «Տասներկո՜ւսը», «Տասներկո՜ւսը», իսկ նա կարծես չէր էլ լսում: Միայն նայում էր շատ ավելի մռայլ, սեղմում էր ատամները: Ու թեև կարդում էր հրաշալի (ավելի լավ ընթերցում ես երբեք չեմ լսել), ամեն ինչ, սակայն, ավելի նկատելի էր դառնում, երբ նա կարդում էր մեխանիկորեն՝ միայն կրկնելով սովորական, վաղուց անգիր արած ելևէջումները:
Հասարակությունը պահանջում էր, որ նա իր առջև կանգնի նախկին Բլոկի նման, որին ճանաչում կամ էլ պատկերացնում էր, բայց նա, ինչպես դերասան, նրա առջև տանջանքով խաղում էր այն Բլոկին, որն արդեն չկար: Գուցե այդ ամենն այդպիսի պարզությամբ ես տեսա նրա դեմքին ոչ այդ ժամանակ, այլ հետո, ըստ իմ հիշողության, երբ մահն ավարտեց ու բացատրեց նրա կյանքի վերջին գլուխը: Բայց հստակ ու ճիշտ հիշում եմ, որ այդ գիշեր նրա ողջ էությունը համակված էր տառապանքով ու խորթությամբ: Դա այնքան բացահայտ էր, այնքան ապշեցուցիչ, որ երբ վարագույրն իջավ, ու դադարեցին վերջին ծափերն ու ճիչերը, ինձ թվաց՝ նրա մոտ՝ կուլիսներ գնալը անհարմար է ու կոպիտ:
Մի քանի օրից արդեն հիվանդ, նա գնաց Մոսկվա: Վերադառնալով՝ պառկեց ու այլևս վեր չկացավ:
Պուշկինի մասին իր խոսքում ճիշտ մահից կես տարի առաջ նա ասել է.
– Հանգիստ ու ազատություն: Դրանք անհրաժեշտ են բանաստեղծին ձերբազատվելու ներդաշնակությունից: Բայց հանգիստն ու ազատությունը նույնպես խլում են: Ո՛չ արտաքին հանգստություն, այլ ստեղծագործական: Ո՛չ երեխայական ազատություն, ո՛չ ազատական լինելու ազատություն, այլ ստեղծագործական ազատություն, ներքին ազատություն: Եվ բանաստեղծը մեռնում է, որովհետև այլևս շնչելու օդ չկա. կյանքն իմաստը կորցրել է:
Հավանաբար նա, ով առաջինն ասաց, թե Բլոկը խեղդվեց, հավանաբար հենց սա է նկատի ունեցել: Եվ նա ճիշտ է: Մի՞թե տարօրինակ չէ. Բլոկը մահանում էր բոլորի աչքի առջև, բժիշկները մի քանի ամիս նրան բուժում էին, բայց ոչ ոք չասաց և չէր էլ կարող ասել, թե ինչ հիվանդ էր նա: Սկսվեց ոտքի ցավերից: Հետո ասում էին, թե սիրտն է թույլ: Մահից առաջ նա ուժգին տառապում էր: Բայց, այնուամենայնիվ, ինչի՞ց մահացավ: Անհայտ է: Նա մահացավ ասես նրանից, որ ամբողջովին հիվանդ էր, նրանից, որ այլևս ապրել չէր կարողանում: Նա մահացավ մահից:

*****
Բանաստեղծների «Ցեխ»-ից դուրս գալս չազդեց իմ ու Գումիլյովի անձնական հարաբերությունների վրա: Համարյա այդ ժամանակներում նա նույնպես բնակվելու տեղափոխվեց «Արվեստի Տուն», և մենք սկսեցինք հաճախակի տեսնվել: Նա գործունյա էր, առույգ ու աշխույժ: Նրա վերջն էլ սկսվեց մոտավորապես հենց այն ժամանակ, երբ նաև Բլոկի վերջն էր:
Զատկին Մոսկվայից Պետերբուրգ էր վերադարձել մեծ տաղանդի և մեծ թեթևամտության տեր մեր ընդհանուր ընկերներից մեկը: Ապրում էր, ինչպես երկնքի թռչունը, խոսում էր այնպես, ասես Աստված նրա մեջ իր հոգին էր դրել… Մատնիչներն ու լրտեսներն այնպես կպած էին նրան. գրողների մասին նրանից կարելի էր իմանալ ամենը, ինչ պետք էր: Նա Մոսկվայից իր հետ բերել էր իր նոր ծանոթին: Ծանոթը երիտասարդ էր, ուներ հաճելի վարվեցողություն՝ շռայլ, ոչ մեծ նվերների առումով. ծխախոտ, քաղցրեղեն և այլ բաներ: Իրեն սկսնակ բանաստեղծ էր համարում, շտապում էր բոլորի հետ ծանոթանալ: Ինձ մոտ էլ բերեցին նրան, բայց շուտով ես նրա մի կերպ ճամփու դրեցի: Նա շատ դուր եկավ Գումիլյովին:
Նոր ծանոթը նրա հաճախակի հյուրը դարձավ: Օգնում էր կարգի բերել «Բանաստեղծների Տունը» (միության մասնաճյուղը), պարծենում էր խորհրդային իր բարձր կապերով: Միայն ինձ չէ, որ նա կասկածելի թվաց: Փորձեցինք Գումիլյովին նախազգուշացնել. դրանից ոչինչ դուրս չեկավ: Մի խոսքով, չեմ կարող հաստատել, թե այդ մարդը Գումիլյովի կործանման գլխավոր և միակ մեղավորն էր, բայց դրանից հետո, երբ Գումիլյովը ձերբակալվեց, նա իսկույն անհետացավ. ասես ջրի տակն անցավ: Արդեն արտասահմանում ես Մաքսիմ Գորկուց իմացա, որ այդ մարդու ցուցմունքները դեր են խաղացել Գումիլյովի գործում, և որ նրան ուղարկել էին գաղտնի նպատակով:
Ամռան վերջում ես պատրաստվում էի գնալ գյուղ՝ հանգստանալու: Չորեքշաբթի՝ օգոստոսի 3-ին, ես պետք է մեկնեի: Մեկնումիս նախօրեին՝ երեկոյան, ես գնացի հրաժեշտ տալու ոմն մեկին, որն ապրում էր «Արվեստի Տան» հարևանությամբ: Ժամը 10-ի մոտ ծեծեցի Գումիլյովի դուռը: Նա տանն էր, դասախոսությունից հետո հանգստանում էր:
Մենք լավ հարաբերություններ ունեինք, բայց մեր մեջ մտերմություն չկար: Եվ ահա, ինչպես դրանից երկուսուկես տարի առաջ ինձ զարմացրեց Գումիլյովի չափազանց պաշտոնական ընդունելությունը, հիմա էլ չգիտեի՝ ինչին վերագրեի անսովոր աշխուժությունը, որ իմ այցն էր պարգևել նրան: Նա ցուցաբերեց անգամ ինչ-որ առանձնահատուկ ջերմություն, ինչն ընդհանրապես բնորոշ չէր նրան:
Ես պետք է նաև այցելեի բարոնեսա Վ.Ի. Իկսկուլին, որը մի հարկ ներքև էր ապրում: Սակայն ամեն անգամ, հենց տեղից բարձրանում էի, որ գնամ, Գումիլյովը թախանձագին խնդրում էր. «Մի քիչ էլ մնացեք»: Այդպես էլ ես չայցելեցի Վարվառա Իվանովնային՝ մնալով Գումիլյովի մոտ մինչև գիշերվա ժամը երկուսը: Նա չտեսնված ուրախ էր: Խոսում էր շատ, տարբեր թեմաներից: Չգիտեմ՝ ինչու, հիշում եմ միայն իր մի պատմությունը, երբ թագուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնան և բարձրաստիճան իշխանուհիներն այցելել են Ցարսկոյե Սելոյի զինվորական հիվանդանոց: Հետո Գումիլյովը սկսեց ինձ հավատացնել, որ իրեն վիճակված է շատ երկար ապրել. «Ծայրահեղ դեպքում՝ մինչև 90 տարի»: Նա ուրախ կրկնում էր.
-Անպայման մինչև 90 տարի, ոչ մի դեպքում դրանից քիչ …
Իսկ մինչ այդ պատրաստվում էր մի շարք գրքեր գրել: Ինձ հանդիմանեց.
-Ահա, մենք տարեկիցներ ենք, բայց տեսեք, ես, իրոք, տասը տարով ավելի ջահել եմ: Պատճառն այն է, որ սիրում եմ ջահելությանը: Ես իմ ստուդիականների հետ աչքակապուկ եմ խաղում և այսօր էլ եմ խաղացել: Այդ իսկ պատճառով կապրեմ իննսուն տարի, իսկ Դուք հինգ տարի անց կթթվեք…
Եվ նա ծիծաղելով ցույց էր տալիս, թե ինչպես հինգ տարի անց ես կորացած պետք է ոտքերս քարշ տամ, և ինքն էլ ինչպես պետք է «երիտասարդ երևա»:
Հրաժեշտ տալով՝ ես խնդրեցի թույլ տալ՝ հաջորդ օրն իրեն որոշ իրեր տանեմ, որ պահի: Երբ առավոտյան պայմանավորված ժամին իրերով մոտեցա Գումիլյովի դռանը, իմ բախելուն ոչ ոք չարձագանքեց: Ճաշարանում ծառայող Եֆիմն ասաց, որ գիշերը Գումիլյովին ձերբակալել և տարել են: Այսպիսով, ես միակն էի, որ տեսել էի նրան ազատության մեջ: Նրա չափազանց մեծ ուրախությունը իմ այցի առիթով հավանաբար կանխազգացում էր, որ ինձնից հետո այլևս ոչ ոքի չի տեսնելու:
Ես գնացի տուն և այնտեղ տեսա բանաստեղծուհի Նադեժդա Պավլովիչին՝ մեր՝ Բլոկի և իմ ընդհանուր ընկերուհուն: Հենց այդ պահին նա փախել էր Բլոկի տնից՝ ջերմությունից կարմրած ու արցունքներից ուռած աչքերով: Ասաց, որ Բլոկը հոգեվարքի մեջ է: Ինչպես լինում է նման դեպքերում, սկսեցի մխիթարել, հուսադրել նրան: Այդ ժամանակ՝ վերջին հուսահատ պահին, նա մոտ վազեց և արցունքներից խեղդվելով՝ ասաց.
-Դուք ոչինչ էլ չգիտե՜ք, ոչ մեկին չասե՜ք… արդեն քանի օր է… նա խելքը թռցրե՜լ է…
Մի քանի օր հետո, երբ արդեն գյուղում էի, Անդրեյ Բելին ինձ հայտնեց Բլոկի մահվան լուրը: Ամսի 14-ին՝ կիրակի, գյուղի եկեղեցում մենք նրա համար հոգեհանգստի կարգ կատարեցինք: Երեկոյան խարույկների մոտ հավաքվել էր տեղի ջահելությունը. երգեր էին երգում: Ես ուզում էի թաքուն հիշատակել Բլոկին: Առաջարկեցի երգել «Վաճառականները», որն այնքան սիրում էր նա: Զարմանալի էր. ոչ ոք չգիտեր «Վաճառականները»:
Սեպտեմբերի սկզբին իմացանք, որ Գումիլյովը սպանվել է:
Պետերբուրգից նամակները մռայլ էին, կիսաակնարկներով, լռությամբ: Երբ վերադարձա քաղաք, այդ երկու մահերից հետո այնտեղ դեռ ուշքի չէին եկել:
1922 թվականի սկզբին, երբ թատրոնը, որի մասին ձերբակալությունից առաջ այնքան խոսում էր Գումիլյովը, բեմադրեց նրա «Գոնդլա» պիեսը, գլխավոր փորձի, իսկ հետո՝ առաջին ներկայացման ժամանակ, դահլիճը սկսեց կանչել.
-Հեղինակի՜ն….
Կարգադրեցին պիեսը հանել խաղացանկից:
Փարիզ, 1931

Թարգմանությունը ռուսերենից՝ Կարինե Մեսրոպյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *