«Ահա Ձեր տունը ավերակ կը թողնվի
ձեզ և քար չպիտի մնա քարի վրա»
Մաթեոս 23, 24
Անցյալի ու ապագայի մեջ խճճված, փնտրվող ու չգտած ճանապարհի, ճակատագրի քաղաք: Զավակներիդ տառապանքի ու նվաստացման հաճույքով առաջնորդիդ ու քաղաքատիրոջդ ոչ երկրային փառաբանման բոլոր աստիճաններն անցած ու այդպես էլ քոնը չգտած քաղաք: Տեսնես ծնելու ես մի Խորենացի, որ գոնե քո պատմության վերջում ողբա քեզ ու հիշատակի անցյալդ, որովհետև ապագադ մշուշոտ է ու չափից դուրս անհեռանկար: Մի ժամանակ հպարտ գդակ կրող քաղաքացիներիդ գոյությունը հիմա մենաշնորհ է դարձել, որից ազատվել չես ուզում: Հայի` առանց պատասխանի ակնկալիքի, մշտապես ինքն իրեն տրվող հարցը կարծես միայն քոնն է հիմա. ո՞վ եմ ես, որտեղի՞ց եմ գալիս և ո՞ւր եմ գնում: Դու քո ճամփան վաղուց ես կորցրել, քեզ խաբել են, թե փյունիկի պես հառնել ես ավերակներից:
Ամեն ինչ կորցրած, գարշահոտ փչող աղբամանների մեջ սնունդ ու նույնիսկ ամռան ամիսներին ձմեռվա վառելիք փնտրող ուրվականներն են հիմա քո դեմքը, շների հետ` արևի տակ իրենց տեղը գտնելու համար կռիվ տվող ու մշտապես պարտվելու դատապարտված այն ուրվականները, որ մի ժամանակ քո սիրեցյալ զավակներն էին գուցե: Աստվածաշնչյան կորուսյալ քաղաքի ողբը հիմա քոնն է, որովհետև քո լավագույն օրերի հիշողությամբ ու ներկայիդ վիճակի լացով ենք ապրում ու մխիթարություն չենք գտնում:
Քեզ լքեցին, երբ պետք էր կողքիդ լինել, քո երկրային կյանքը փոխեցին կեղծ երկնայինի հետ, քո աղջիկներն ու հարսները գերադասեցին թշնամու հետ քնելը` ամուսնական մահճից, քո որդիները հիմա օտարի տունն են կառուցում իրենցը ավերակ թողած:
Քեզ խաբեցին, թե դրախտ կա երկնքում և դու հավատացիր, թեև դյուրահավատ չէիր, խաբվեցիր սուտ մարգարեներին, թեև քեզ խաբելը անհնարին էր թվում:
Ո՞վ էր քո տերը և ո՞վ է պատրաստվում դառնալ: Հիմա ո՞ւմ ես երկրպագելու և ո՞ւմ առաջ ես խոնարվելու: Քո ծառաները չեն քո տերերը, այլ դու ես, դո’ւ, որ միշտ մերժել էիր կեղծ բարեպաշտներին ու նրանց խոստացած զոհը, բայց հիմա քաղցած ես ու մատաղի միսը հաճելի է քիմքիդ: Հիմա քեզ ծաղրում, քո դափնիները իրենց պարանոցին են կրում մարդիկ, որոնց դու երբեք չէիր ծնի, երբ ինքդ էիր դափնեկիր, քո փառքը հիմա ավելի շատ երկնային է, եթե իհարկե դեռ կա:
Կանգնի’ր, որովհետև ճամփադ հստակ չէ, առջևումդ անդունդ է, ցատկի’ր, եթե կարող ես, բայց գիտեմ ոտքերդ ուժ չեն տալիս այլևս: Քեզ հիմա դադար է պետք, որպեսզի գտնես անցնելիք ճամփադ, քեզ ցատկի համար ուժ է պետք:
Զգույշ եղի’ր, քո դեմ նորից դավեր են նյութում, մի հավատա քեզ ծառայելու երդում տվողներին մինչև չտեսնես այդ ծառայությունը: Ու երբ պատրաստ կլինես ցատկի, երբ ոտքերիդ տակ հողը հաստատուն կզգաս, հենվիր ինձ վրա, ես քեզ ուժ կտամ, ես քեզ չեմ լքի մինչև ցատկդ կատարյալ չլինի և դու հետևումդ չտեսնես անդունդը:
ք. Գյումրի