ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ | Ենոքի աչքը

Լուսանկարը` Կարեն Անտաշյանի

Ենոքն անկողին է մտնում: Ռոք:
[Հատված վեպից]

Գրոֆոն անտրամադիր էր: Լցնովի գարեջուր խմեց սրճարանում` փչելով-հեռացնելով փրփուրը գավաթի եզրից, ծխեց, հանեց ռոք-փառատոնի աֆիշը, ծալքերն ուղղեց, նայեց, ժպտաց` վերստին պահեց ծոցագրպանում, ևս մի քանի կում, ծխի մեծ բաժին` և նյարդայնությունն անցած էր, տհաճ զգացողությունները թռել էին անհետ կամ այնքան խոր թաղվել ներսում, որ հավասար էին թռնելուն, ուրիշ ո՞նց, առջևում կյանք կա, չէ՞… Թեև մոտակա առջևում` ընդամենը Ենոքի հետ օղի խմելու հեռանկարն էր:

Սակայն Ենոքին անկողնում գտավ` անարձագանք կծկված, աչքը փակ էր, մյուսը` փակ ու փակ, բայց քնած չէր` դեմքի մկանները կծկվում-թուլանում էին, թուքը հաճախակի կուլ էր տալիս, մերթ ընդ մերթ էլ ձայնում` «Օ՛ֆ-օ՛ֆ…»:
– Ի՞նչ եղավ այս մարդուն, առավոտյան լավ էր, ճամպրուկը հավաքել` գնում էր:
– Մրսել է, ջերմություն ունի: – Տեղեկություն տվող տիկին Արուսյակի ձայնն ու դեմքն անկիրք-խաղաղ էին, մաշկը` թարմ, թշիկները` վարդագույն, կուշտ կերած կատվի տեսք ուներ: Գրոֆոն մտովի լիզեց նրա դեմքը, թվաց` անուշ քաղցրահամ է զգում:
– Հրաշալի տեսք ունեք, տիկին Արուսյակ, օր-օրի ջահելանում եք,- նկատեց:
– Հա՞ որ…- անուշիկ ժպտաց կինը:
– Մի անկեղծ բան ասեմ` չնեղանաք, ամուսնու կորուստը ձեզ չի փչացնում, հակառակը…
– Էդպես մի ասա…
– Ինչու՞:
– Էդպես չի կարելի…
– Ինձ կարելի է: Ճշմարտությունից վախենալ պետք չէ, գոնե` ինձ հետ, տիկին Արուսյակ, Ջիվանը թեև իմ հայրն է, բայց ճշմարտությունն` առավել, ես ձեր կողմից եմ, այսինքն` ինչ եմ համոզում, դուք լավ գիտեք…
– Չէ, վայ, էդպես մի ասա…- ասաց կինը և գնաց խոհանոց:
Հարևան սենյակից դուրս եկավ Խորենը, փողկապը հեռու թեքված էր` դնչի տակը դատարկ թողնելով, ինչի պատճառով իրանն ասես զրկվել էր համամասնությունից. եկավ, կանգնեց հիվանդի գլխավերևում: Ենոքը կռահեց նրա ներկայությունը, շրջվեց, նայեց երկար, Խորենն անվրդով դիմացավ նրա աչքի շաղափին, եթե մի քիչ նեղվեց էլ, ապա մյուս` սև կաշվով ծովահենավարի կապած աչքից, ավելի ճիշտ` կապով վարագուրված դատարկ ակնախոռոչից, իսկ աչքն աթոռին դրված բաժակի մեջ էր, պղտոր ջրերը թափանցելով` հայացք էր որսում:
– Բժիշկ չկանչե՞նք,- առաջարկեց Խորենը:
– Հարբուխին ի՞նչ բժիշկ,- մերժեց Ենոքը,- այ հիմա Գրոֆոյիս հետ հարուր-հարուր կգցենք, կանցնի, կկորսվի:
Խորենը գնաց խոհանոց, խոսակցության ձայնն այնտեղից հասավ Գրոֆոյի ականջին, սակայն ո՛չ այն չափով, որպեսզի հասկացվեր, հետո Խորենն արդեն բաճկոնը հագած եկավ, փողկապն էլ ուղղված էր, Ենոքին առողջություն մաղթեց, Գրոֆոյին` հաջողություն, դռանը հասած` ինչ-որ բան ուզեց ասել, նույնիսկ շրջվեց կեսով, բայց մտափոխվեց` դուրս եկավ:
– Գոռն ու՞ր ա, է՜,- հարցրեց Ենոքը:
– Գյուղ գնաց,- տեղեկացրեց Գրոֆոն: – Չինչին:
Ենոքի հարցական աչքը պաղեց-բթացավ, այդպես որոշ ժամանակ մնաց, հետո դեմքի լարումը թուլացավ, սկսեց ժպտալ, ծիծաղել, քրքջալ երեխայի պես, մի կերպ զսպելով քրքիջը` Գրոֆոյին մոտ կանչեց ու մի գռեհիկ անեկդոտ պատմեց, պատմեց ու հազիվ ավարտած` նորից անզուսպ քրքջաց, շունչ առնելիս` թոքերը լսելի խզխզում էին, հազաց ու քրքիջը մոռացած` դարձյալ բութ, պաղած աչքը հառեց Գրոֆոյի դեմքին, թվաց` հարցնելու բան ունի, բայց լռելյայն շրջվեց պատի կողմը` քնեց: Գրոֆոն դուրս եկավ բակ, կանչեց շանը, շունը չեկավ, կանչեց կատվին, կատուն ուզեց գալ, սակայն շան զայրանալը զգալով` մնաց կես ճյուղաճամփին: «Գոռն ի՞նչ եղավ, է՜»,- սրտնեղեց Գրոֆոն:
Իսկ Գոռը հեռու չէր, մեքենան արդեն թեքել էր տուն տանող նրբանցք: Դարպասի մոտ ծխող Գրոֆոն արագ մոտ վազեց արգելակող մեքենային` բացեց դուռը Նարեի առաջ: Աղջիկը հրաժեշտ տվեց Գոռին` դուրս եկավ, Գրոֆոյի ողջույնի ժպիտն անտարբերության մատնած` քայլեց դեպի տուն: Գրոֆոն հետաքրքրված նայում էր նրա ետևից, ինչ-որ բան խիստ գրավել էր ուշադրությունը:
– Ի՞նչ ես էդպես նայում,- նյարդայնացավ Գոռը:
– Ո՞նց անցավ ճամփորդությու՞նը…
– Նորմալ:
– Իսկապե՞ս… Իսկ ինձ թվում է ինչ-որ բան, այնուամենայնիվ, նորմալ չէ, հը՞… Ասա՛ եղբորդ, խոստովանի՛ր, թեթևացրու՛ հոգիդ…
Գոռը զայրույթը մեխեց եղբոր աչքերի մեջ, սակայն երբ հանդիպեց նրա հայացքին` տարակուսեց. այն, ինչ ասաց Գրոֆոն քիչ առաջ և շարժումների այն թատերայնությունը, որով ասաց, ամենևին կապ չունեին հայացքի հետ, հայացքի մեջ անմեկնելի անդունդ էր, սառնամանիք էր բարձրանում այնտեղից: Գոռը շրջվեց` քայլեց դեպի տուն: Եղբայրը ստվերի պես հետևեց նրան:
– Պապը լավ չի,- խոսեց ստվերը: – Եկա, տեսնեմ` պառկել է: Մի քիչ ջերմություն ունի, բայց դա չի, անկապ բաներ է խոսում, նույնիսկ հայհոյում է… Մեկ ճանաչում է, մեկ էլ այնպես է նայում` կարծես առաջին անգամ է տեսնում…
Մտան տուն: Ենոքը քնած էր, Գոռը մոտեցավ, նստեց մահճակալին:
– Սոված չե՞ս,- հարցրեց տիկին Արուսը:
– Ջերմությունն ինչքա՞ն է,- պատասխանեց Գոռը:
– Յոթ ու վեց: Մրսել ա: Կճաշե՞ս:
– Չէ: Սուրճ տուր:
Ենոքն արթնացավ, շրջվեց ճռռալով, նայեց Գոռին, Արուսին, Գրոֆոյին, նորից Գոռին…
– Էս Գոռը չի՞…
– Ես եմ, պապ: Մրսել ե՞ս:
– Լավ եմ, արաղը խմեցի` լավացա: Էն անտերը համը հանում ա…
– Ո՞վ:
– Էն…- ծերունին լարվեց, փորձում էր հիշել, դեմքի մկանները ձգվեցին, կնճիռները խտացան, հետո հոգնեց, ձեռքը թափ տվեց` շրջվեց պատի կողմ:
Գոռը հեռացավ` հեռու աթոռին նստեց, հանեց հեռախոսն ու շտապօգնություն կանչեց: Հետո Ռուսաստան զանգեց: Ելենան անմիջապես արձագանքեց. «Օյ, Գոռ, նորություն ունե՞ք»: «Չէ, ես էլ ձեզնից եմ նորություն սպասում»: «Ցավոք, ոչինչ ասել չեմ կարող: Երեկ ոստիկանությունից կանչեցին, տարան մորգ, մի դիակ ցույց տվին, բեռնատար մեքենա էր անցել վրայով, մի շաբաթ մնացել էր առվի մեջ, սարսափ էր, սարսափ… Փառք աստծո, Ջիվանչիկը չէր, դե ես Ջիվանչիկի մարմինը լավ գիտեմ…»:
– Ու՞մ հետ էիր խոսում,- հարցրեց տիկին Արուսը, երբ Գոռն արդեն պահել էր հեռախոսը:
– Ամուսնուդ տանտիրուհու:
– Թե՞ սիրուհու:
– Տանտիրուհու,- պնդեց Գոռը, ապա դարձավ եղբորը.- Ի՞նչ ես էդպես ժպտում:
– Չժպտա՞մ… Լավ, չեմ ժպտում,- խոժոռվեց Գրոֆոն: – Ստալինյան աքսորավայրերում լավ ռեժիմի պետ կլինեիր` չժպտա՛լ, չխոսել, չշնչե՛լ…
Բժիշկների եռյակը ներխուժեց սենյակ, տղամարդը ջուր ուզեց, խմեց, դուրս եկավ բակ` վարորդն էր, հարցրեց. «Հո չի՞ կծի, պինդ եք կապե՞լ»: Տարեց կինը սարքերն էր տեղավորում սեղանին, իսկ բժշկուհին նստեց մահճակալի եզրին, բռնեց Ենոքի դաստակը` զարկերակ փնտրեց: Ծերունու հայացքը կենդանացավ, թոշնած այտերը վարդագունեցին:
– Ո՞նց ես, պապի, էդքան վատ չես, չէ՞,- հարցրեց բժշկուհին:
– Լավ եմ, մեռնեմ քեզ, ուտեմ ծիծիկդ…
– Թող ձեռքս, պապի, թող, որ ճնշումդ չափեմ:
– Մրսել եմ, կանցնի, բալես, իզուր էլ չարչարվել` եկել ես, այսինքն լավ ես արել, թե չէ քեզ ո՞նց էի տեսնելու:
Ենոքի վավաշոտ շողոքորթությունը, որին բժշկուհին հանգիստ էր վերաբերվում,- երևի բացառիկ դեպք չէր,- ո՛չ այնքան տհաճ էր, որքան խղճալի, նրա աչքերի զառամական փայլը, կնճռապատ դեմքի կարմրատակումը, ահեթեթորեն վեր թռած հոնքերը, իրեն ձիգ պահելու օրհասական ճիգը… Գոռը հանկարծ ուզեց սպանել նրան, մի ինչ-որ անցավ ձևով սպանել` հանել կյանքից, ազատել բնազդների ծաղրանքից: Գրոֆոն գլխով արեց, իբրև թե` հասկանում եմ քեզ: «Այդպիսի դեղ կա,- մոտենալով` շշնջաց նա,- սրսկում ես, հանգիստ քնում է, էլ չի արթնանում, ոչինչ չի զգում, ոչ մի դավադրություն, հաճելի թմբիրի մեջ, բոլորի հետ հաշտ` գնում է խաղաղությամբ: Ես տեսել եմ, թե շանը ոնց քնացրին, գլուխը դրեց սրսկողի ոտքին, նույնիսկ ձեռքը լիզեց, աչքերը փակեց ու գնաց»: Գոռը գլուխը չթեքեց, չուզեց նայել Գրոֆոյի դեմքին` մոտավորապես պատկերացնում էր արտահայտությունը: «Սոսկալի է մարդու ձևափոխումը մահվան,- շարունակեց եղբայրը,- կարճ ժամանակում է լինում, մարդ էր, մեկ էլ նայում ես` մահ է, բերանը փլված-ետ գնացած, մաշկը` գորշ- կանաչավուն, աչքերը` խեժոտ, շունչը` այնկողմնային խսխսոց-փսփսոցով, կարծես արդեն չարքերի ծիծաղն է տեղափոխում շնչուղիներով… Իմ պապն այդպես էր»:
– Սարսափելի բան չկա,- եղբայրների հետ առանձնացավ բժշկուհին,- ծերունական է, հանգստացնող սրսկեցի, կքնի մինչև առավոտ, սիրտն արագ է խփում, երակները խցանված են, երիկամները վատ են աշխատում… Մի խոսքով` ջահելացնել հնարավոր չի, հասկանում եք, բայց ինչ-որ չափով օգնել կարելի է, դեղեր եմ գրել, սեղանին է թուղթը, կտաք, կկարգավորվի մասամբ, եթե չկարգավորվեց` հիվանդանոց տեղափոխեք:
Շտապօգնության մեքենայի ձայնը փողոցում հազիվ մարած` Ենոքն արդեն անխռով խռմփացնում էր, սև կապն ասես այն աշխարհից նայող աչք լիներ, որ չէր ներդաշնակում խռմփոցին, խռմփոցը շինծու էր դարձնում, ուշադրություն շեղելու միջոց:
– Մինչև առավոտ կքնի,- ասաց Գրոֆոն: – Ի՞նչ անենք, հո չե՞նք թթվելու տանը… Անգլիական զբոսայգու տեղը գիտե՞ս:
– Ինչի՞դ ա, էնտեղ գոմիկներն են հավաքվում:
– Հնարավոր է, բայց այսօր ուրիշ միջոցառում կա:
Եղբայրները դուրս եկան տանից: Գոռը զանգեց Ումային, բայց անպատասխան մնաց, մտածեց` հիմա նստած է իր պատշգամբում, գիրքը ձեռքին, կատուն` ծնկներին, հայացքը` երկնքին, լսում է հեռախոսի զանգը, բայց ինքն իրեն համոզում է, թե պատշգամբում այն լսելի չէ:
Գրոֆոյի առաջարկով ճամփից շեղվեցին, սրճարան մտան` «Այսպես ճլորած` ռոք-փառատոնի գնալ չի կարելի»: Ոտի վրա մեկական բաժին թեքիլա խմեցին, նայեցին իրար, կրկնեցին: Թեքիլան արագ աշխուժացրեց, հատկապես` Գրոֆոյին, որ սկսեց առանց դադարի խոսել.
– Դու երևի ռոք չես սիրում, դու երևի դասական ես սիրում, չէ, դու ջազ ես սիրում, հիշեցի, արհեստանոցում ջազ էիր լսում…
– Ես ամենակեր եմ:
– Ռոքից երևի Փարփլ ու Զեփելին ես սիրում…
– Վատն ե՞ն:
– Չէ, լավն են, բան չեմ ասում: Բայց ինձ համար ռոքը` ծանր ռոքն է, ինչքան ծանր, ինչքան չոր, հղումներից ու ներմուծումներից մաքուր` այնքան լավ, քո սիրած խմբերի մեջ ռոքընռոլի, բլյուզ-մլյուզի, էթնիկի ներկայությունը շատ է, ռոքն ինչքան քիչ կապ ունեցավ համաշխարհային մշակույթի հետ, ինչքան ինքնաբավ եղավ, այնքան` լավ, քաղքենիականը` քիչ, անկեղծը` շատ… Այդ տեսակ ռոքը հատուկ առաքելություն ունի` էությունդ մաքրում է համաշխարհային մշակույթի բռնաբարող խցանումներից, քաղաքակրթության ախտերից, բնազդներդ սրվում են, թարմանում ես, առողջանում, ինքդ քեզ սկսում ես լավ տեսնել ու հասկանալ: Աշխարհի հետ խոսելու ճիշտ լեզուն ծանր ռոքն է, ուրիշ լեզվով խոսեցիր` նվնվոց է ստացվելու, աղերսանք, լացուկոծ, ստորաքարշություն… Չ-չէ մի` Ռեքվիեմ, Լակրիմոզա…
Գրոֆոն էքստազի մեջ էր, ոգևորությունը նրան նույնիսկ մի քանի քայլ առաջ էր մղել Գոռից, բայց չէր նկատում, այդպես եռանդուն խոսելով, ձեռքերը թափահարելով` գնում էր առանց ետ նայելու, սակայն բարձր էր խոսում, Գոռը լսում էր նրան.
– Բոլոր համերգներին հանդիսատեսը սովորաբար ծափահարում է, սնոբական ծիսակարգ է, իբր` մենք ձեզ լսեցինք, մենք հավանեցինք ձեզ… Նրանք համերգի են գնում հավանելու, գնահատելու, ասացեք խնդրեմ, թու՛, քաղքենիներ… Իսկ ռոքին չեն ծափահարում, չեն հեռացնում կատարողներին իրենցից, այստեղ գալիս են համախմբվելու, իրար հետ ազատություն վայելելու և աշխարհին ասելու` ֆա՛ք, ֆա՛ք, ֆա՛ք…
– Քո ինչին է պետք համախմբվելը, դու հո նախիրի մարդ չե՞ս,- նկատեց Գոռը:
– Ես ամեն ինչի մարդ եմ, երբեմն, հանուն բազմազանության, նախիրի մեջ լինելն էլ վայելք է, բայց չպիտի երկար մնաս, թե չէ կապուշանաս: – Գրոֆոն լռեց, առջևը մուրացկան էր բուսել, ձեռքը պարզած` հացի փող էր ուզում: – Ճիշտ հասցեով չես դիմում, կի՛ն, ետևս անցի՛,- մերժեց նա և համարյա հրելով` շրջանցեց մուրացկանին, մուրացկանն այնպես շփոթվեց, որ Գոռից փող ուզել մոռացավ: Գոռը հասավ եղբորը, ստիպողական ընդհատումից հետո նա շարունակում էր իր մենախոսությունը.- …Ես եմ իսկական մարդասերը, ես ազատում եմ մարդուն, ես ուզում եմ, որ մարդը չկառչի, չնվնվա, չքծնի, չստորանա… Դժվար է, այո, սով կլինի, ցուրտ կլինի, գլխին ծածկ չի լինի, հիվանդությունը կտանջի, կյանքը կարճատև կլինի… ինչպես ասում են` մեռիր ջահել, բայց ապրիր ազատ ու հպարտ:
Գրոֆոն դադար առավ: Սակայն նա Գրոֆոն չէր լինի, եթե հենց այդ թատերային պաթոսով էլ ավարտեր իր մենախոսությունը. շրջվեց եղբոր կողմը և ձայնն իջեցրած, մտերմիկ, նույնիսկ մեղմիկ, հարցրեց.
– Լավ ասեցի, չէ՞…
– Ձախ թեքվի, հասել ենք:
– Ի՞նչ…
– Ասում եմ` հասանք:
– Հասե՞լ ենք… Այո, հասել ենք, ես արդեն լսում եմ բասերը: Ձեռքդ դիր խղճիդ և ասա ինձ, եղբայր, համե՞ղ էր արդյոք մեր չքնաղ հարևանուհին,- հանկարծ հարցրեց Գրոֆոն` խոր թափանցելու միտված ժպիտը ուղղելով Գոռի աչքերի մեջ:
– Ես իմ անձնականը չեմ կիսում, նույնիսկ` եղբորս հետ,- հանգիստ դարձրեց Գոռը:
– Ինչու՞, եղբայր, մի՞թե ես արժանի չեմ իմանալու սրտիդ գաղտնիքները:
– Գրոֆո…- Գոռը սպառնանքով շրջվեց եղբոր կողմը:
– Մի բորբոքվի, հա՞… Դու էլ, քո Նարեն էլ…
Նրանք հասան բեմահարթակի մատույցներին, հա­մերգն արդեն թնդում էր` աղմկող բազմությամբ շրջա­պատված, Գոռը հայացքը պտտեց-նայեց` պատանիներ էին, ձեռքներին` սիգարետ ու գարեջուր, հնչող ռիթմով թափահարում էին գլուխները, մատները վեր ցցած` գոռում: Գրոֆոն կրպակից գարեջուր բերեց, մեկը տվեց Գոռին, իրենը պթթացնելով բացեց` կում արեց, միացավ զանգվածին, ճկույթն ու ցուցամատը ցցած-բարձր պահած` երկարուձիգ բղավեց, սևաթույր խոպոպները յուղային փայլատակումներով պարեցին օդում: Գոռը զգաց` իր մարմինն էլ է շարժվել ուզում…
– Ո՞նց ա, ռոքի մասնագետ, հավանու՞մ ես,- հարցրեց եղբորը:
– Այնպես, էլի… Երգիչը շատ փոփային է, ոնց որ Մայքլ Ջեքսոնը լինի: Բայց եթե շատ խիստ չմոտենանք` տանելի է:
Խումբը փոխվեց, նոր խումբն ավելի ծանր էր նվագում, Գրոֆոն ոգևորվեց, մխրճվեց զանգվածի մեջ` առաջ գնաց, Գոռը մնաց տեղում, հայացքով էր հետևում եղբորը: Ծլնգաց հեռախոսը, նամակ էր, Նարեից. «Քո պուճուրիկ աղջկան չես կարոտե՞լ, սեր ջան»: Գոռը չպատասխանեց, ուզում էր պատասխանել, բայց պատասխանելիքը չէր գտնում: Հեռախոսը գրպանը դրեց, հայացքով փնտրեց եղբորը, գտավ, ինչ-որ աղջիկների հետ էր խոսում բեմահարթակի մոտ, թողեց աղջիկներին` դարձավ դադար առնող խմբի կողմը, կանչեց վարից, ապա բարձրացավ բեմահարթակ, ձեռքերը եռանդուն շարժելով խոսում էր, գրկեց կիթառահարին, նույնիսկ պաչպչեց, խումբը սկսեց նվագել, սակայն Գրոֆոն չէր իջնում հարթակից, ավելին, միկրոֆոնը ձեռքն առած` երգեց, մերթ` ցածր, խռպոտ ու թավ, մերթ էլ` ծայրահեղ բարձր, հիստերիկ. «Դու՛, դու՛, դու՛, բոլորդ, ռադներդ քաշեք, չմնաք կողքիս, ինձ ազատ թողեք, զզվում եմ ձեզնից, սիրտս խառնում է` բուաա՜, փսխում եմ` բուաա՜… Ուզում եմ մենակ մնալ, ուզում եմ մենակ մնալ, ուզում եմ մենակ մնալ… Նույնիսկ դու՛, սիրունիկ ճստո, ռադ եղիր, գնա… Ով մնաց` մնաց, ես մեղք չունեմ, կբռնաբարեմ, բուկդ կկրծեմ, ես արնախում եմ, ես մարդասեր եմ, ես մարդակեր եմ, աչքդ կհանեմ, քիթդ կկրծեմ, անդամդ կկտրեմ, որ ազատվես, որ ազատվես, որ ազատվես… Ֆա՛ք, ֆա՛ք, ֆա՛ք…»: Գոռը զարմանքով տեսավ, որ բազմությունը համաձայնության հրճվալից գոռոցներով է արձագանքում, հատկապես` երբ Գրոֆոն, ապակյա աչքն աչքին դրած` սպառնում էր սպանել, բռնաբարել…
– Ավելորդ էներգիաս հանեցի, նեղում էր,- ասաց նա հևասպառ` դարձյալ Գոռի կողքին հայտնվելով:
– Կյանք կոչված ողբերգությունը ես զավեշտ եմ սարքում, որովհետև իրեն շատ ենք նշանակություն տալիս, ինքն էլ ուռում-փքվում է, նստում գլխներիս:
– Է կախվի, եթե ողբեգություն է…
– Է կախվեմ, խնդիր չկա… Բայց հիմա չէ, չուրախանաս, հետո` երբ մսերս լխկեն-կախկխվեն, իսկ հիմա, քանի դեռ թարմ եմ, թույլ տուր իմ կայֆը որսամ:
– Բայց էդ կայֆը էլի կյանքն ա քեզ տալիս:
– Չի տալիս, պոկում եմ: – Գրոֆոն գարեջրի տուփը սեղմեց բերանին, բայց տուփն արդեն դատարկ էր:
– Ե՛ս կբերեմ,- ասաց Գոռը. նրա գարեջուրն էլ էր սպառվել:
Կրպակը հեռու չէր: Բայց մինչ վերադարձավ` իրավիճակը հասցրել էր կտրուկ փոխվել. երեք տղա Գրոֆոյին քաշել ծառի տակ` ծեծում էին, Գրոֆոն պաշտպանվում էր, բայց` հուսահատ: Գոռը տուփերը գցեց թմբին, մոտ վազեց, գրկեց` շպրտեց մեկին, մյուսին, երրորդին շրջեց` հարվածեց, տեսավ, թե ոնց է ընկնում, շպրտված երկուսը ուշքի եկան` հարձակվեցին, երրորդն էլ ոտքի կանգնեց` միացավ ընկերներին, Գրոֆոն սայթաքեց, Գոռը պատսպարեց եղբորը, ախոյաններից մեկը շրջանցեց` թիկունքից գրկեց Գոռին, Գոռն իր վրայով պտտեց նրան` գետին գցեց, Գրոֆոն նստեց տապալվածի փորին` հախուռն բռնցքահարեց, Գոռի հարվածից տապալվեց ևս մեկը, հակառակորդ եռյակն ընկճվեց` դիմեց փախուստի: Գոռը նայեց` փախչողներից մեկը բռնել էր կողքը, ձեռքն արնոտ էր, նայեց Գրոֆոյին` անձեռոցիկով դանակն էր մաքրում:
– Իզուր արիր,- կշտամբեց Գոռը:
– Մի վախենա,- դանակը գրպանը դրեց Գրոֆոն,- մատով պահել էի, երկու սանտիմից ավել չի մտել, դաստիարակչական խոցում` այսպես ասած…
– Մեկ է, չպիտի անեիր:
– Դե… Ինչ արեցի` արեցի…
– Ի՞նչ էին ուզում:
– Ասեցին` էդ մեզ քրֆի՞ր, ապեր:
Գարեջուրը վերցրին թմբից` խմեցին: Գրոֆոն նայեց ժամացույցին.
– Սակայն մենք ուշանում ենք արդեն,- նկատեց նա:
– Ինչի՞ց:
– Արկածից, Գոռ: Գնացինք:
– Ու՞ր…
– Անպայման պիտի իմանա այս մարդը… Եղբայրդ եմ, ասում եմ` գնանք, ուրեմն գնանք, թող անակնկալ լինի: Լավ, ասեմ, թե չէ տեղից շարժվողը չես: Մեր ընկերուհիներին հանդիպեցի, այն, որ գիշերով պարեցինք ձորի պռնկին: Հիշեցի՞ր: Ասին` Թիֆլիս ենք գնում, ասացի` մենք էլ ենք գալիս, տեսնեիր ոնց ուրախացան…
– Թիֆլի՞ս…
– Թիֆլիս, հա, ի՞նչ կա որ… Ես քո տանը եղա, հիմա էլ դու իմ տուն մտիր: Գիտեմ, ասելու ես` հայրս կորած, պապս հիվանդ… Բայց մի օրը ի՞նչ է փոխելու, գնացք կնստենք, առավոտյան Թիֆլիսում ենք, հաջորդ առավոտյան մեքենայով ետ կգանք… Այ մարդ, ինչ ես կարկամել, թափ տուր քեզ: Դե՞…
– Գնացինք:
Գրոֆոն առաջ ընկավ: Դարձյալ ոգեշնչված մենախոսում էր.
– Ռոքը մեռնում է, ջազը մեռնում է, դասականը մեռնում է, փոփը խժռում է բոլորին, փոփն ամեն ինչ յուրացնում է, էժանացնում, վերածում աղբի ու տալիս զանգվածներին` առեք, կերեք, իսկ զանգվածները գոհ են, բավարարված են, երջանիկ են… Այս դարը վերջնականապես չոքեց, զզվում եմ այս դարից, դուխ չունի այս դարը, համատարած հարմարվողականություն է, փողի ստորաքարշ պաշտամունք, այս դարը պիտի փողի պաշտամունքի եկեղեցիներ հիմնի, փողի սրբապատկերներ կախի, մոմ վառեն տակը, աղոթեն` օ՜ սրբազան դոլար, գթա նվաստիս, այցելիր ինձ քո ամբողջ թափով, ես զոհեր կմատուցեմ` հայրենիքիս, մերձավորներիս, ծնողներիս, երեխաներիս, ում ուզես, միայն չլքես ինձ, աղերսում եմ: Ո՜նց եմ զզվում, ո՜նց եմ զզվում… Քեզնից էլ եմ զզվում, Գո՛ռ… Չէ, ստում եմ, տարօրինակ է, բայց քեզ սիրում եմ, դե, այնքան շատ չէ, բայց` կա, կա… Բայց այնքան էլ մի հավատա, ես հիմա մի բան եմ զգում, մի ժամից` ուրիշ, ինձ բնորոշ է: Ինչո՞ւ ես լռում, Գոռ, միշտ համբերատար լռում ես, տանել չեմ կարողանում քո այդ համբերատարությունը, խոսի՛ր, ասա՛, ասա, որ ատում ես ինձ, ասա, որ իմ մռութն էլ հաճույքով կջարդեիր, ինչպես այն տղերքինը, ասա՛… Լավ, գոնե ասա, ո՞ր կողմ գնանք, որ շուտ հասնենք կայարան…

Գրանիշ [01] լեզվանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *