(ԲԵԽՕՏԵՍ-ի ուղին)
Պարոն Մարատի վերջերս արված մտերմիկ հորդորը, որ անպայման մասնակցեմ հայտարարված գրական մրցույթին, անչափ շարժեց հետաքրքրությունս, մանավանդ, որպես նախապայման առաջարկվում էր հանրային բաց քննարկում հասարակության երկու` ավանդական և մոդեռն կողմնորոշում ունեցող գրասեր շերտերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ նոր ձևաչափով գրական մրցույթի բաց քննարկման եզրափակիչ փուլը ըստ կանոնակարգի պետք է հեռարձակվի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: Sms քվեարկության ձայների հաշվարկով ու արհեստավարժ ժյուրիի պարգևած միավորների Fifty-Fifty համադրությամբ որոշվելու է Մրցանակակիրը: Սահմանված է միայն մեկ առաջին մրցանակ` 1000 Ոսկի պատկառելի հիմնադիր գումարով, աննախադեպ երևույթ մեր անմխիթար գրական իրականության համար, որտեղ Բացառիկ ու Եզակի Խարիզմայով Օժտված Տաղանդավոր Երիտասարդ Ստեղծագործողը (այսուհետ` ԲԵԽՕՏԵՍ, համացանցում որոնեք` BEXOTES) խարխափում է հեռանկարների բացակայությունից և չի նշմարում առկայծող լույսը Լաբիրինթոսի Ելքում:
Ես 30 տարեկան ԲԵԽՕՏԵՍ եմ, թախծոտ ու մտախոհ, ընկճախտը հաճախ է խաթարում իմ հոգեկան երերուն անդորրը: Ատում եմ համացանցը, այդ մտավոր անպտուղ օնանիզմը, դա ժամանակի քմահաճ վատնում է: Կարդում եմ քիչ, միմիայն ընտրյալ գրքեր, սիրում եմ ունկնդրել ջութակի մանրանվագներ: Առանց շաքարի և կոնսերվանտների առողջ սնունդը իմ նախասիրությունն է: Փափուկ ու դյուրամարս կերակուրները խենթացնում են ինձ, երբ հրավիրում են ինձ ռեստորան և հյուրասիրում առատորեն: Գրում եմ, այո, որքան էլ տարօրինակ թվա այդ զբաղմունքը այս արևի ներքո իմ անհաղթահարելի թուլությունն է, որը ես հարկավ ժառանգել եմ մեր Նախահայր Ադամից : Այդ նա էր, որ ձախ ձեռքի ճկույթի` հատուկ այդ նպատակի համար աճեցրած 2սմ 6մմ երկարությամբ կեռ եղունգով դրախտահողի վրա գրում էր սիրային նամակներ և կերտում Նախամոր դիմանկարները: Գրելը հարկավ ամոթալի չէ և պարսավելի չէ գրվածը զետեղել ժողովածներում: Անընդունելին թերևս կարող է միայն լինել այն, որ Ինքնասիրահարված Հեղինակը պարտադրում է իր անձը, մանավանդ իր գրական պրոդուկտները` հասարակությանը, կամ էլ որևէ մեկին, ով ընդհանրապես իրազեկ չէ ժամանակակից գրական անցուդարձին: Տվյալ մարդու աչքում գրողը կարող է ներկայանալ ոչ այնքան լիարժեք անձ, որը մրցունակ չէ որպես սոցիումի բաղադրիչ և ունակ չէ ինքնուրույն դիմակայելու կյանքի առաջադրած մարտահրավերներին: Ասված է ճիշտ, որ երբեք չի կարելի լինել ձանձրալի ու կպչուն, հարգանքը դիմացինի և նրա նախասիրությունների հանդեպ պետք է լինի գրողի կենսափիլիսոփայության հիմնաքարը: Հայհոյանքը դեղատոմս չէ և ոչ մի պարագայում չի կարող լինել որևէ ԲԵԽՕՏԵՍ-ի հաղթաթուղթը:
Անվիճարկելի փաստարկները ԲԵԽՕՏԵՍ-ի թիկնազորն է, դիպուկ, անշեղ ու ժամանակին կրակված խոսքը մահացու այն զենքն է, որով նա պետք է տեղաշարժվի նախանշված Ճանապարհային Քարտեզով:
Եվ ահա պարոն Մարատի անակնկալ առաջարկը մասնակցել գրական այդ նոր ձևաչափով մրցույթին, պարզապես մի կազդուրիչ թթվածնային ներարկում էր աշխուժացնելու Երազախաբ եղած գրական մթնոլորտը և ազդարարելու ոչ շաբլոն մտածողության առաջնայնությունը: 1000 Ոսկին բավականին ծանրակշիռ գումար է իմ նման ԲԵԽՕՏԵՍ-ի պարագայում, երբ կյանքը անթաքույց կանչում է իր ամեն մի թրթիռով, երբ հանկարծակի դողում ես սարսափից` տեսնելով փողոցով տեղաշարժվող կանացի զանգվածը, ով աներկբա արհամարհում է քեզ` իր վավաշոտ բուրմունքով, բնազդաբար զգալով քո Անվճարունակ Կենսակերպը:
Հավատացե’ք պարոնա’յք, ես գիտեմ թե ինչպես կարելի է արդյունավետ ծախսել փողը, միանշանակ քվեարկությամբ տվեք ինձ այդ շանսը և կհամոզվեք ձեր ճիշտ` Ինովացիոն Ծրագրի ընտրության հարցում:
Փողը հարգալից վերաբերմունք է սիրում, նա հոսում է այնտեղ, որտեղ իրեն սպասում են ակնածանքով ու մեծագույն հարգանքով: Փողը ինձ նման ԲԵԽՕՏԵՍ-ի համար սովորական գործիք չէ կյանքում խնդիրներ կարգավորելու, այն նախ և առաջ մի սրբագույն էներգիա է` ճակատագրի շարժիչները լիցքավորելու և առաջ շարժվելու համար: Յուրաքանչյուր մանրադրամ ինձ համար Սրբություն է, որին ես դավանում եմ, որին ես հավատում եմ և վստահում` Իմ Կյանքի Ուղին:
Գրական այս նոր ձևաչափով մրցույթը իրավամբ հավակնում է դառնալ անաչառ մի ARMAGEDDON, որին ես պատրաստվում եմ Տենդագին Ծիսակարգով և մինչև վերջ գնալու անզիջում համառությամբ:
Ոչ մի ներում չի լինելու բոլոր նրանց, ովքեր կփորձեն այլասերել մրցույթի գաղափարը և այլափոխել քվեարկության արդյունքը: Այդպիսի դավադրության հետևանքը աննախանձելի կլինի, այն սադրողների համար: Նրանք միանշանակ պատասխան կտան Միջազգային Ատյանի առջև, քանզի Ճշմարիտ Գրականությունը ինքնին համամարդկային երևույթ է և Անեղծելի Պրոդուկտ ու մրցույթի անկաշառ դիտորդների հանձնախումբը շատ լավ է գիտակցում այս իրողությունը:
Ինչևէ, պարոնայք, այս աննախադեպ գրական մրցույթի մեկնարկն արդեն տրված է, կատարե’ք ձեր գրադրույքները, կարդացե’ք, քվեարկե’ք, բարձրաձայնե’ք ձեր կարծիքը, անտարբեր մի եղեք իմ նման ԲԵԽՕՏԵՍ-ի ճակատագրի հանդեպ: Իմ գրական, և ոչ միայն, կենսափիլիսոփայության մակարդակը խփում է ամենաբարձր նշանաձողին: Իմ մասնակցությունն ակնհայտ է երկու ընդունելի ոճերում էլ.
– Է¯հ, այ բալա’, հլա մի պապայիդ պալտոն բեր, տենամ հո ցեցերը չեն կերել: Ֆանառը հետդ տար, ֆանառը այ ախչի…
– Ստվերները դանդաղ տարալուծվեցին: Սարսափը շամփրեց Ֆերնանդո Տոռեսին, դիահոտը ուժգնանում էր: Դիակիր մեքենայից դեպի իրեն եկող երկաթե դիմակով մարդու ստվերը ասես գիշերվա երազի շարունակությունը լիներ: Անհամաչափ կտրված եղունգների տեղատարափը սաստկանում էր…
Կատարեք ձեր գրադրույքները պարոնայք, քվեարկեք ԲԵԽՕՏԵՍ-իս օգտին, թող որ ձեր աներկբա դիրքորոշումը սաստիկ բարկացնի իմ հակառակորդին, այդ Պառավին` Ագրոֆինիա գյուղաքաղաքից, թող որ նա անզորությունից կրճտացնի իր արհեստական բազմագույն ատամները և զգա 4510- ըստ Ֆարենհայտի սեփական ցամաք հետույքի վրա:
Արհամարհե’ք նրան պարոնայք, արհամարհե’ք նրա թերուս գրելաոճը, նրա էժանագին օծանելիքն ու թափթփված հագուկապը, մերժեք նրա մանրախնդիր քծնանքը, երեսին շպրտեք վերջնագրի խոսքեր.
– Մի’ լղոզիր թղթի ճերմակությունը Պառավ, այն քեզ համար ձևախեղված վարտիք չէ…