Այդ պահին կինը մենակ էր: Հետո աչքովս ընկավ նրա կողմը քայլող տղամարդը: Մարմնեղ մարդու ետևից համարյա վազելով գալիս-հասնում էր փոքրիկ մի երեխա, որ եթե թևի տակ սեղմած տիկնիկը չլիներ, կկարծեի` տղա է: Տիկնիկը մերկ էր, նույնիսկ վարտիք չուներ հագին, մազերը կանաչ ներկով լղոզված էին գլխին ու կիսաճաղատ գանգից կոտոշի նման դեպի աջ էին ցցվում: Մի աչքը կիսախուփ էր, անշարժ, մյուսը երեխայի վազքի ընթացքում բացվում-փակվում էր: Բերանի շուրջը տգեղ ներկված էր կարմիրով:
Շատ եմ տեսել այսպես այլանդակված տիկնիկներ երեխաների ձեռքին, բայց առաջին անգամ էի տեսնում, որ այդքան զզվելի խաղալիքը տնից դուրս են հանում: Ինձնից անկախ երկար զննել էի տիկնիկին ու ինքս ինձ թույլ տվեցի նաև պատկերացնել, թե դա ինչ տեսք է ունեցել խանութում: Դեղին մազերով, կապույտ, լայն բացված աչքերով, երկար թարթիչներով, հագուստը` երևի կապույտ, ժանեկազարդ, սպիտակ կոշիկներով ինքնագոհ նստած է եղել` թևերը մարմնից հեռու տարածած, համարյա ժպտալով, ուղիղ դիմացը նայելով:
Ծիծաղելի էր, բայց հայացքս չէի կարողանում երեխային դարձնել: Խաղալիքը փալասի նման ճոճվում էր` նրա թևի տակ խցկված:
Նայեցի աղջկան. կարճ կտրած գանգուրներով, բարձր, նիհար փոքրիկ, որ կարծում եմ` հինգ տարեկան հազիվ լիներ: Տեղավորվեց մեծահասակների մեջտեղում, նայեց ուղիղ աչքերիս: Ժպտացի: Երեխան խոժոռվեց ու լուրջ զննեց երեսս: Մեծերը մտահոգված մի քանի բառ փոխանակեցին: Տղամարդու դեմքով ստվերի նման անցան անհնարինը հնարավոր դարձնելու բոլոր տարբերակները: Աչքերն ավելի խամրեցին:
Ետ քաշվեցի դեպի պատուհանի տակ դրված նստարանը: Իմ դրությունը, հաստատ, ավելի ծանր էր: Նստեցի ազատ անկյունում: Բոլոր հիվանդասենյակներից կիսաշշուկ դժգոհությունների ալիք էր դուրս թափվում միջանցք: Զարմանալի մի բան կա՝ այսպիսի վայրերում մի քանի րոպեն մեկ նույնիսկ հիվանդին անպայման հիշեցնում են ամենավտանգավորի մասին, որ կարող է պատահել իր հետ այդպիսի դրության ժամանակ, հետո անմիջապես հուսադրում ու ելք առաջարկում: Չգիտեմ՝ ինչ է:
Հիմա մենակ եմ: Աղջիկը շարունակում էր ինձ նայել: Այ թե աչուկներ ուներ՝ խոշոր, լուրջ, սուր հայացքով, սև-սև: Պայուսակս զայրացած շպրտեցի կողքս: Է՞լ ում զանգեմ: Հետո նորից աղջկան նայեցի:
Շատ արագ, թռիչքի նման հիշողություններս ետ տարան ինձ: Սրան նման էի մի քիչ՝ նիհար, գունատ, գանգուրներով: Գրկել էի հորս ձեռքի ճամպրուկը, պառկել վրան, ամբողջ մարմնով սեղմում էի հատակին, պահում, ինչքան ուժ ունեի: Հայրս մի հազար անգամ պոկել էր ինձ ճամպրուկից, գետնից, գրկել, բացատրել, համոզել: Բայց ես գիտեի՝ ինձ միջանցքով քարշ չի տա, ուժ չի գործադրի: Եթե կպնեմ-մնամ սառը առարկային, նա կտաքանա, կսիրի ինձ, չի հեռանա, կհասկանա` ինչքան ուժեղ եմ իմ գոյությամբ: Բայց նա պիտի ցույց տար իր վճռականությունը քիչ հեռվում կանգնած մորս: Անկախ շարժումով ազատվեց մեզնից ու գնաց:
Չգիտեմ՝ նրանց վեճերի որ պատառից էի հասկացել՝ մայրս ուրիշն ուներ: Ատում էի նրան, ամեն գիշեր համոզում ինքս ինձ, որ նա չպահեց հայրիկին ինձ համար:
Դրանից հետո հորս շատ անգամ եմ տեսել: Բայց ցանկացած երեխա ինձ հետ կհամաձայնի՝ հայրը պիտի երեկոյան տուն գա, մի ձեռքով հենվի պատին, հանի կոշիկներն ու հագնի հողաթափերը, ներս մտնի ու այդ ամբողջ ընթացքում երեխային նայելով` հոգնած երեսին փայլեն, ժպտան աչքերը: Հետո լվացվի, ընթրի, գնա նստի բազմոցին, իսկ դու մի քիչ էլ համբերես, որ հանգստանա, ու բարձրանաս ծնկներին: Թե չէ ամիսը մեկ անգամ էլ տեսնես, միշտ թարմ ու հատուկ զավակի հետ հանդիպելու համար հագնված հայրիկը քո կողքին կիսամերկ ու գզգզված մազերով շրջող հայրիկը չէ: Կորցրել ես:
Կորուստների ժամանակ մի՛շտ քիմքիս այն կաշվի համն էր, որ ուներ հորս բալագույն ճամպրուկը ու իմ արցունքների աղը:
Նայում եմ շուրջս: Անծանոթ տղամարդն ու կինը մոտենում են ինձ` երեխային իրենց հետ բերելով: Խնդրում են, հասկացնում, որ մի տասը րոպե ուշադիր լինեմ, մտնեն, տեսնեն` բժիշկն ինչ է ասելու: Ես համաձայնում եմ: Աղջիկն առանց կամակորության նստում է կողքիս: Վրայից անուշ հոտ է գալիս` կարծեմ վանիլային մի բան:
-Անունդ ի՞նչ է:
Ձայնս խռպոտ հնչեց: Վաղուց էի լռել:
-Նուկա:
-Ի՞նչ:
-Տիկնիկիս անունը Ինեսսա է, իմի նման, ուղղակի ինձ բոլորը Նուկա են ասում, ես տիկնիկին Ինեսսա եմ ասում, սիրուն է, չէ՞:
Տիկնիկը անսպասելի ցցեց քթիս տակ: Մոտիկից ավելի սարսափելի էր: Նյարդերս լարված էին, ցնցվեցի:
-Ինքը սկզբում սիրուն չէր, Լիզիկին էր նման` առաջին հարկի Լիզիկին, հետո ես սիրունացրի:
Աղջիկը ետ քաշեց տիկնիկը, պտտեց, գնահատող հայացքով իրենից գոհ զննեց ու այնքան անսպասելի, որ քիչ մնաց խեղդվեի, արտասանեց.
-Մամաս երևի կմեռնի:
Մի կերպ հավաքվեցի, շոյեցի մազերը, ձեռքս տերևի նման դողում էր.
-Այդ ի՞նչ ես ասում, քո մայրիկը դեռ երկար տարիներ կապրի ձեզ հետ: Ինչու՞ պիտի… հիվանդանա:
-Մեռնի…,-ուղղեց աղջիկը,- ինքը արդեն հիվանդացել է:
Հայրիկիս ճամպրուկը նորից ցցվեց հիշողությանս կենտրոնում: Ինչո՞ւ: Երեխաների ներաշխարհն այնքան խորը շերտեր ունի: Ինձ համար այդ ճամպրուկն ու այն պատի ետևում պառկած կինը ամենատպավորիչն էին պատմում ամբողջ կյանքիս մասին: Հիմա ի՞նչ ասեմ այս պստիկին: Ծնողներն ուշանում էին: Պիտի մորս մոտ մտնեի: Աղջիկը, ոտքերն օդում թափահարելով, սկսեց երգելու նման խոսել.
-Ամեն օր գիշերը նրա ետևից տատիկներ են գալիս` պառավ-պառավ… Ես բացում եմ պատուհանը, մերոնք քնած են լինում, ճանճերի նման քշում եմ պառավներին:
Մինչ հասցրի շշմել, աղջիկը լաթի նման տիկնիկը օդում թափ տվեց այս կողմ, այն կողմ` հետն էլ «քըշ-քըշ» ասելով, ու տիկնիկի ահարկու տեսքը ինձ ավելի պատկերավոր ցույց տվեց այդ տեսարանը. սառը հատակին բոկոտն, գիշերանոցով կանգնած փոքրիկ, որ մոր տնքոցների վրա հավաքվող հոգիներին քշում է տնից: Սարսափ ֆիլմի էր նման:
Տիկնիկը ցած իջավ, խփվեց նստարանին: Միջանցքով մեկ տարածվեց հարվածի դխկոցը: Քիչ մնաց` ելնեի, փախչեի նրա կողքից: Երեխան սկսեց քթի տակ ճուտիկի մասին երգել շատ մաքուր, շատ մանկական, քնքուշ ձայնով: Երգը սիրուն էր: Հատո՞ւկ է անում, ինչ է:
-Մի անգամ ապերիկս ինձ պահարանի մեջ է փակել: Ես չեմ վախեցել:
-Սխալ է արել,- հազիվ կարողացա ինքս ինձ ստիպել արձագանքել նրան:
-Դու ապերիկ ունե՞ս:
-Ոչ:
-Պապա՞:
-Այո, ունեմ:
Երեխան լռեց: Ես սկսեցի արագ-արագ հիշել հորս, մորս, ամուսնուս, երեխաներիս… ընկերներիս… լավ մարդկանց: Առաջինը զանգել եմ ամուսնուս ու որդուս: Նրանք առավոտյան այստեղ կլինեն, կգան-կհասնեն, կօգնեն: Աղջկաս դեռ ոչինչ չեմ ասել: Կհուզվի, չի կարելի իր դրության մեջ: Ամենամոտ ընկերուհիս վաղը կեսօրին կայցելի ինձ` երևի հիվանդանոց:
-Մամա՜ս, պապա՜ս:
Աղջիկը ցատկեց նստարանից, վազեց ծնողների մոտ: Ես շաղված հայացքով տեսա նրանց ծամածռված ժպիտները, երեխային տարան իրենց հետ: Ծանր, քարշ եկող ոտքերով քայլեցին դեպի ելքը: Կինը, իսկապես, շատ հիվանդոտ տեսք ուներ: Մի կերպ ոտքի ելա, գնացի հիվանդասենյակի կողմը:
Մորս երեսը ճմռթված թաշկինակի էր նման: Մազերը` ճերմակ արմատներից հետո կարմիր ներկված, ալիքվել էին գունատ բարձի վրա: Այս կնոջ համար երկու տղամարդ` ինքնասպանության հասած, հուսալքվել ու տառապել էին: Գեղեցկուհի է եղել:
Գլուխս հոգնած հենեցի ձեռքերիս: Մորս` սավանին հանգչող մատները ջղաձգվում, ուղղվում էին, տռզած երակների վրա ձգված կաշվից թանզիվի հոտ էր փչում: Շուրջս նայեցի: Նրա ամբողջ ապրածն ու զգացմունքային աշխարհը հիմա հավաքվել ու մի բուռ դարձած կենտրոնացել էր այս սենյակում, ներծծվել թանզիվի, դեղորայքի հոտով: Ուրիշ բան չկա: Ո՞վ կհավատա, եթե մի հայացք գցի այս երկնագույն կտորի տակ բարձրացող-իջնող մարմնին:
Կիսաշրջազգեստների տակ անհնազանդ այծիկների նման թռչկոտող ոտքերը նրան ուր ասես չեն հասցրել կյանքի ընթացքում: Այդ պահին էլ խելագարված կճչայի հրճվանքից, եթե մենակ լինեի: Ոչ մի կին երբեք այդքան գեղեցիկ չի կրել կարճ փեշերն ու բարձրակրունկ կոշիկները: Դե պատկերացնելու չի երկար, ալիքվող մազերի հետ համահունչ ճոճվող կրունկների գեղեցկությունը: Հայրս էլ է տերևներ հանել նրա սիրուն մազերից աշնանային այգում զբոսնելիս, այն տղամարդն էլ… Սիրտս հևաց: Կյա՜նք… Հիմա նրան չեմ մեղադրում, անչափ սիրում եմ, չեմ համարում, թե մեղք է գործել: Ինչո՞ւ: Ամուսնուցս բացի ուրիշ մեկին չեմ սիրել, բայց հասկանում եմ մորս:
Սուրճը ձեռքիս մոտեցա միջանցքի նստարանին: Գիշեր է: Ոչինչ չունեմ անելու սպասելուց բացի: Չգիտես ինչու, հիմա ուզում եմ՝ բոլորն ուշանան: Մենակ տեսնեմ այն, ինչ լինելու է: Գան, ուժ կգտնեմ, կպատմեմ:
Համեղ սուրճ է` իմ պատրաստածից լավը: Հայացքս ցած նետեցի ու նստարանի ոտքի մոտ տեսա ծանոթ տիկնիկի կիսախուփ աչքը: Ինեսսան այնպես էր քսել շրթներկը, որ տիկնիկի հաստլիկ շուրթերը մոռացել էին` ոնց են ժպտացել երբևէ:
Հիշեցի աղջկան: Տեսնես այս ժամին ինչո՞վ է քշում վհուկներին: Ծիծաղս եկավ, բայց աչքերիցս թափվեցին վաղուց զսպված արցունքները: Փաստորեն ես ու Նուկան, մեր տարիքային ահռելի մեծ տարբերությունն անտեսած, նստել էինք նստարանին ու նայել իրականության աչքերի մեջ: Նա` ավելի մեծավարի ու ծանր: Նուկա: Տեսնես ո՞վ է առաջինը մոգոնել այդ Նուկան: Այ քեզ աղջիկ:
Նստել, լաց եմ լինում ու ինձ համար անտեսանելի հոգիները հիմա երևի մորս քաշքշում են մահճակալից: Տիկնիկը վերցնեմ, գնամ քշեմ:
Մարդը դեռ զգում է, մի՛ արեք: Այդ սիրտն ու մարմինը չգիտենք` ինչ մեծ ալիքներից են ցնցվել:
Կռացա, բարձրացրի տիկնիկին: Կպահեմ, երևի վաղն առավոտյան կտեսնեմ աղջկա ծնողներին: Տիկնիկն իսկապես այլանդակ էր: Աչքերս փակեցի: Մազեր ունենար, շոյեի: Երևի ամենահաճելի հպումը ձեռքի ափով մազերին դիպչելն է: Քնել եմ ուզում:
Երեխան խոնարհվեց երեսիս.
-Ես Ինեսսային հատուկ եմ թողել, որ դու գնաս, քշես տատիկներին` պառավ-պառավ: Քաշքշում են մամայիդ:
Վեր թռա: Երազ էր: Տիկնիկը թուլացած մատներիցս սահեց, ընկավ հատակին: Դխկոցը արձագանքվեց գիշերային լռության մեջ:
Ճամպրուկի ու աղի համը քիմքիս էր:
Հորս չեմ ուզում զանգել, բայց պարտավոր եմ: