– Ողջույն, տիկին Դիանա: Ինչպե՞ս եք, ինչպե՞ս վերադարձաք կանադական ուղևորությունից:
Դ.Հ. – Ողջույն, սիրելի Գրանիշ: Լավ վերադարձա, ինչպես տեսնում ես` ողջ-առողջ և նորանոր ծրագրերով: Կանադա այցիս նպատակն էր մասնակցել Վալ-Դավիդի, Քեբեկի «Գրող-բնակիչ» միջազգային ծրագրին: Մեկ ամսվա ընթացքում հասցրի մասնակցել տարածաշրջանի գրողների ամենամյա «Գրքի տոնավաճառին», որտեղ ծանոթացա մի շարք կանադացի գրողների հետ, այդ թվում` Կանադայում բավականին հեղինակություն և ճանաչում ունեցող մի գրողի` Հելեն Դորիոնի հետ, ում հետ զրույցում պայմանավորվեցինք, որ կարող ենք իրար գրականություն ներկայացնել մեր երկրներում` թե փոխադարձ թարգմանություններով, թե հրավերներով` մասնակցելու գրողական հավաքների ու միջոցառումների: Ծրագրի ղեկավարն ինքը` Ֆլավիա Կոսման նույնպես հայտնի գրող է Կանադայում, որը ազգությամբ ռումինացի է, բայց արդեն չորս տասնամյակ է, ինչ ապրում և ստեղծագործում է Կանադայում և արժանացել է Կանադայի մի շարք հայտնի գրական մրցանակների և թարգմանվել է բազմաթիվ լեզուներով: Հանդիպում ունեցա նաև Վալ-Դավիքի քաղաքապետի` Նիկոլ Դավիդսոնի հետ, որն իր զրույցում ընդգծեց, որ գիտի հայ ժողովրդի պատմությունը` իբրև հին քաղաքակրթության ու մշակույթի պատմություն: Նաև բախտ ունեցա մի քանի օր հյուրընկալվելու Կանադայի ամենահայտնի անգլագիր, ազգությամբ հայ գրողի` Հակոբ Հաչիկյանի տանը, որի կինը` Բրիջիդը, մրցանակակիր թարգմանչուհի է Կանադայում, ազգությամբ ֆրանսուհի, որոնց հետ անցկացրած օրերն ու վարած զրույցները թե մարդկային ջերմության ու սիրո պարգև էին, թե գրողի ու թարգմանչի համար անփոխարինելի ձեռքբերումներ: Կանադացի բանաստեղծ ու հասարակական գործիչ Սելին Լեդուկը կազմակերպեց անգլերեն պատմվածքներիս ընթերցումը կանադացի գրողների և ընթերցողների համար, որի ընթացքում մի շարք անգամներ ընդհատում էի խոսքս, որպեսզի տեղեկություններ հաղորդեմ հայ մշակույթի, գրականության և հայոց պատմության վերաբերյալ, քանի որ «Հեռագիր Ֆաթիմային» պատմվաքծս նման մեկնությունների հնարավորություն և անհրաժեշտություն էր ստեղծում: Ասեմ, որ դա ներկաներին շատ հետաքրքրեց, որի մասին Լեդուկը բազմիցս խոսել է ինձ հետ հեռախոսազրույցներում` խնդրելով իրեն տրամադրել ավելի խոր ու բազմակողմանի տեղեկություններ հայ ժողովրդի և Հայոց պատմության ու գրականության վերաբերյալ: Սա ինձ շատ գոհացրեց:
– Ուրախալի է, որ օվկիանոսից այն կողմ գրական ու մարդկային շփումները գոհացրել են հայ գրողին, իսկ հայ համայնքի հետ ինչպիսի՞ հանդիպումներ ունեցաք: Գիտեի՞ն, որ այնտեղ եք, և ինչպե՞ս դիմավորեցին:
Դ.Հ. – Ոչ միայն գիտեին, այլև հենց ժամանմանս օրը դիմավորելուց մինչև վերադարձիս օրը ճանապարհելը պարտական եմ Կանադայի` Մոնրեալի և Տորոնտոյի կրթամշակութային ընկերության` «Համազգայինի» վարչության անդամների անձնվիրությանն ու բարյացկամությանը: Նրանց նախաձեռնությամբ Մոնրեալի և Տորոնտոյի Հայ կենտրոնի գրադարաններում երկու և ավելի ժամ տևողությամբ հանդիպումներ եղան, որի ընթացքում ներկայացրի իմ գրական ու մասնագիտական ձեռքբերումները, գրքերիս ու նրանց թարգմանությունների, ինչպես նաև` իմ թարգմանությունների մասին խոսեեցի, ներկայացրի նաև հայ ժամանակակից գրականության այն դեմքերին, որոնք վերջին քսան տարիներին ներդրում ունեն հայ գրականության մեջ, անդրադարձա նաև երիտասարդ սերնդին, որի հայտնի անունների, գրքերի թվարկումը, ընդհանուր գծերով ասելիքի և թեմաների ներկայացումը որոշակի պատկերացում տվեց ունկնդրին` հաստատելով, որ հայ գրականությունը ոչ միայն արժանավոր գրիչներ ունի այսօր, այլև վաղվա օրն էլ հուսադրող է` այդպիսի երիտասարդների շունչը զգալիս:
Կարևորում եմ հարցազրույցներս, որոնք ամփոփ ներկայացվեցին «Գրական Հորիզոնի» էջերում, ինչպես նաև հեռուստատեսային հարցազրույցս, որը վարեց հայտնի հաղորդավար Թամար Շահինյանը:
– Ասում են` իմացությունը ճանաչելի է դարձնում մարդուն, բայց և բարձրացնելով նրան` հեռացնում է մարդուց : Ինչպե՞ս եք դիմագրավում երկու փորձություններին:
Դ.Հ. – Մարդն անսահմանորեն անճանաչելի արարած է, այնպես որ` ինչքան էլ իմացությունը կամ, ես կասեի` իմաստությունը, մեզ մոտեցնում է մարդիմացությանը, միևնույն է, մենք մշտապես ձգտում ենք ավելի ու ավելի մոտենալ նրան` հուսալով փոքր-ինչ ավելին իմանալ նրա մասին, բայց, ի վերջո, հասկանում ենք, որ դա տիեզերքն ուսումնասիրելու պես բան է: Կարևորն այն է, որ չենք հուսահատվում: Այսքան միլիոնավոր տարիներ հետո դարձյալ որոնում ենք մարդուն, չենք գտնում, բայց չենք հուսահատվում: Ուրեմն, մարդու ճանաչողությունը, եթե այն փոքրիշատե կա, չի կարող մարդուն հեռացնել մարդուց, ընդհակառակը, այդ ճանապարհին կանգնած մարդը մնում է իր նմանի խոնարհ ծառան, փորձում է գեթ մի մազաչափ օգնել նրան, կարեկցել, ի վերջո, սիրել նրան, որպեսզի թեթևացնի այն հոգսը, որը բաժին է ընկել դրախտից վտարվածին: Այսինքն, փորձությունը մեկն է. դիմանալ մարդ լինելու և մարդ մնալու պարտադրանքին:
– Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն է մերօրյա հայ հասարակությունը:
Դ. Հ. – Հայ հասարակությունը հայի նման է: Հայը, որքան ես ճանաչում եմ ինձ, ինձնով` մյուս հայերին, շատ դիմացկուն է, ամեն բանի դիմանում է. էս տերով աշխարհում` անտերությանն է դիմանում, էս առնեմ-փախնեմի մեջ` իր վերջին ունեցածին է կառչում, էս պատեհապաշտության ժամին` իր հին երգն է երգում, էս համատարած անկումների հենքին` ձեռքից եկածն է անում, որ գոյատևի ու հանկած պարզվում է` գյուտ է արել: Սա հայն է, սա նաև հայ հասարակությունն է: Բայց մի ուրիշ հայ էլ կա: Չգիտեմ, թե որտեղից է սերմն ընկել մեր մոր արգանդը, բայց ընկել է, ու ծնվել է հայը, որ ինձ նման հեռուների կարոտ ունի, ինձ նման անբավություն ու բողոք ու ընդվզում ու զայրույթ ու կատաղություն ունի, ու հենց քթի տակ բարձրացող պատը տեսնում է, սկսում է համառել, որ պատը ոտ առնի, հեռանա, իրեն ճամփա տա, մինչդեռ կարող է, կարող է, չէ՞, պատը շրջանցել, շուրջն աչք ածել, տեսնել` կողքինները ոնց են հաղթում պատին, չէ, էս հայը դժգոհում է, կռիվ տալիս, պարտվում ինքն իրեն ու ինքն իրենից խռով` իրեն արտաքսում: Եսիմ, մեր հասարակության հայերը ոչ թե իրար են նայում, այլ իրար պաշտոնի, ունեցվածքի, զորբայության ու «անունի”, բայց դե, զարմանալի չէ, որ էդպես է, օտար հասարակություններում էլ նույն վարակն է տարածված, ուրեմն, հարկավոր է վարակասպան հակաթույն գտնել, որ կբուժի աշխարհը: Բայց, հավանաբար, այդ դարմանն արդեն կա, դա մարդկայնությունն է, որ մնում է տարածել Հայաստանով ու աշխարհով մեկ:
– Ձեր «Դուռը թակում են» վեպը(հատվածներ կարող եք կարդալ այստեղ և այստեղ), որը վերջերս հրատարակեց «Անտարես» հրատարակչությունը, արդյո՞ք մարդու և հասարակության գոյապայքարի պատմությունն է, թե՞ մարդու և նրա ճակատագրի միջև եղած հակամարտության պատմությունն է:
Դ.Հ. – Իմ կարծիքով` «Դուռը թակում են» վեպը մարդու պատմությունն է, ավելի ճիշտ` հայ մարդու պատմությունն է, որի ողբերգությունն այն չէ, որ հեռացել է իր երկրից ու ամենուր եկվոր է, այլ այն, որ աբորիգեն հայը «եկվորի»` օտարի, օտարվածի զգացողությամբ է ապրում իր երկրում: Հայը իր երկրի տերը չէ. տանտիրոջ գորովն ու խնամքը, խղճմտանքն ու սերը փոխարինվել են ծառայի ուզվորությամբ, ընչաքաղցի գողությամբ ու ընկեցիկի դաժանությամբ, վրեժխնդրությամբ: Վկա` մեր անտառահատված լեռները, մեր ապականված օդն ու ջուրը, մեր բռնաբարված հողն ու մարդկային ամլությունը, մեր ազգային ու մշակութային արժեքները, որ բարձիթողի, ոտնատակ են: Կյանքն անպտուղ, անօգուտ ու անիմաստ վատնող մարդն է այս վեպի ասացողը, որն ի բնե խելացի է, կարեկցող, արդարամիտ ու չհարմարվող, ուստի դառնում է երկրի սանձերն իրենց ձեռքերում պահող տգետ, բիրտ, խորամանկ ու ստորաքարշ «լողլող մարտինների» ատելության թիրախը և ինքն իրեն արտաքսում երկրից, որն այլևս իրենը չէ, բայց և իրենը չեն դառնում եվրոպաները, ուր թափառելով տարիներ շարունակ, ի վերջո, համարձակվում է վերադառնալ ու տեր կանգնել իր երկրին, բայց` ապարդյուն: Այդուհանդերձ, հույսի մի շող դեռ մարմրում է, քանի որ մեր գենի ապաստարան Կինը, Ձիավոր Հայաստանի կտակած «Աստվածածնի մազը» որպես կյանքի շարունակականության խորհրդանիշ` ափի մեջ պինդ պահած, վերադառնում է երկիր:
– Իսկ ինչո՞ւ` «Դուռը թակում են»: Ովքե՞ր և ինչո՞ւ են թակում, և ովքե՞ր են բացում դուռը, եթե բացում են, իհարկե:
Դ.Հ. – Դուռը, եթե կա, հենց նրա համար է, որ թակեն, որ բացվի, որ փակվի ու էսպես շարունակ, ինչպես որ կյանքն ու մահն են փոխնիփոխ լրացնում իրար, ինչպես որ դռան այս ու այն կողմերում եղածի ու կատարվողի շրջելիությունն է վավեր, բայց հաճախ է պատահում, որ «ոչխարների գավիթը դռնով չեն մտնում», որ «գող-ավազակ են ու ոչխարների հովիվ», որ վարձկաններն իրենցով են անում ոչխարներին` մոլորեցնելով նրանց` «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը» շուտասելուկի պես վրա տալով, «Ես եմ դուռն» ասողից ավելի շուտ հասնելով ու առաջինը դուռը թակելով: Այսպես: Այս դուռն է, որի թակոցը ամեն մարդու կարող է ցավ պատճառել, կարող է մերկացնել ճշմարտությունը` թակողին մեն-մենակ թողնելով դռան այս կամ այն կողմում: Երկուսն էլ մեկ են: Դուռը թակողն էլ ենք մենք, բացողն էլ, մեր ձեռքին է մեր ուզածը, բայց հաճախ ենք մեղքը բարդում Դռան վրա: Կամ էլ` այսպես: Կարծեմ ասացի այն, ինչ ուզում էիր լսել:
– «Դուռը թակում են» վեպը գնահատվել է որպես արտագաղթի դեմ գրված գեղարվեստական երկ: Արդյո՞ք համամիտ եք այս որակման հետ և ինչպե՞ս եք վերաբերվում արտագաղթին:
Դ.Հ. – Այո, եղավ այդպիսի բան: Գիրքը ներկայացվեց որպես արտագաղթի դեմ գրված «ոչ ճակատային», բայց և այնպես, ենթատեքստում արտագաղթին «ոչ» ասող գործ, քանի որ վեպի ասացողներից մեկը` հայրենիքից հեռացած Եկվորը, վերադարձի ճիգ է անում, բայց` ապարդյուն: Այս ձախողումը, այո, կարելի է որակել որպես զգոնության կոչ, հային վիճակված նոր մարտահրավեր, որի հաղթահարումը թե’ գնացողների, թե’ մնացողների ու վերադարձողների համատեղ ջանքն է պահանջում: Բայց մյուս կողմից, այսինքն` ի սկզբանե ես նման խնդիր չեմ ունեցել, երբ գրում էի վեպը, մտքովս չէր անցնում, թե գրում եմ մի բան, որն ինչ-որ բանի դեմ է, քանի որ էն գլխից համոզված եմ եղել, որ գրում եմ հանուն մարդու, հանուն մարդկայնության: Բայց որ մի երկրորդ հայացք նետենք «հանունի» վրա, կերևա, որ այն տեղով մեկ «ընդդեմ» է, ուրեմն, այո, այս վեպը հանուն իր երկրում տիրոջ պես ապրող մարդու է, ուստի` ընդդեմ իր երկրում օտարի պես ապրող, օտարված մարդու գոյության: Ինչ վերաբերում է արտագաղթին, ես դեմ արտագաղթը ծնող երևույթներին, որոնց թագն ու պսակն անարդարությունն է: Անօրեն երկրում չի կարող լինել ազատություն, անկախություն ու բարգավաճում: Իսկ սրանք մարդկության ամենափայփայած իրավիճակներն են, որոնց ներկայությունն ապահովում է մարդու ու երկրի առաջընթացը, նորանոր ձեռքբերումներն ու կատարելագործումը: Երանելի են նրանք, որ կտեսնեն:
– Ինչո՞ւ եք գրում: Ներեցեք, եթե հանդուգն է հնչում հարցս:
Դ.Հ. – Այո, հանդուգն է: Պատասխանս էլ հանդուգն է. գրում եմ, քանի որ ուզում եմ գրել մարդու մասին, ում ուզում եմ ճանաչել, ավելին, գրում եմ, քանի որ կարող եմ գրել իմ մասին` առանց կեղծելու: Դու էլ ներիր:
– Իսկ որն է ավելի հեշտ Ձեզ համար. գրե՞լը, թե՞ թարգմանելը:
Դ.Հ. – Երկուսն էլ դժվար է: Ես դժվար եմ թարգմանում, քանի որ դժվար էլ գրում եմ: Երբ գրում եմ, պատկերացնում եմ, թե որքան դժվար կլինի այն թարգմանելը, իսկ երբ թարգմանում եմ, պատկերացնում եմ, թե որքան դժվար է այն գրվել: Ուրիշ կերպ չեմ պատկերացնում:
– Ո՞վ է ժամանակակից ընթերցողը: Ի վերջո, կա՞ այդ ընթերցողը, թե՞` ոչ:
Դ.Հ. – Կա: Իհարկե կա, եթե` ոչ, էլ ինչո՞ւ եմ գրում: Ոնց որ կանաչին աճեցնես, տանես շուկա, ու պարզվի, որ կանաչի ուտող չկա, գնորդ չկա: Մի օր, երկու օր, տասն օր, ի՞նչ է անելու կանաչի աճեցնողը, թարգելու է էդ գործը: Էդպես էլ գրողը: Եթե գիրք ես աճեցնում, ուրեմն, գիրք ուտող կա: Հա, ժամանակակից ընթերցողը կա և լավ էլ քմաճաշակ է, քանի որ համաշխարհային գրականության նահապետները նրան հագեցրել են նրբախորտիկներով, էնպես որ, եթե ուզում ես գրածդ կարդան, նախ և առաջ, քիմքիդ առ այդ խորտիկները, դրանց համը տես, որ անալի-անհամ, ջրիկ-վռտիկ ճաշեր չեփես, թե չէ ստիպված կլինես թթվեցնել ու թափել կոյուղին:
– Վերջապես, ո՞ր Դիանա Համբարձումյանն է իշխում Ձեր «ես»-ին. արձակագի՞րը, թարգմանի՞չը, թե՞ գիտնականը:
Դ.Հ. – Թվարկածդ հերթականությամբ իշխում են ու ենթարկվում իրար: Ավելի ճիշտ` սպասարկում են իրար: Ինձ թվում է` այս տեսակետից ես բախտավոր եմ. միանգամից երեք թագուհի ունեմ, որոնք փոխնիփոխ դառնում են իրար նաժիշտ: Իսկական ժողովրդավարություն է. ոչ մեկը մյուսին չի բռնանում:
– Նախանձելի է: Շնորհակալություն անկեղծ զրույցի համար:
Դ.Հ. – Շնորհակալություն` անկեղծ լինելու թողտվությանդ համար:
Հարցազրույցը՝ Գրանիշի գրական ակումբի