ԴԻԱՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ | Կինը և կինը

Դիանա Համբարձումյան

(Հատված «Դուռը թակում են» վեպից)

ԿԻՆ. «Է~հ, ի՞նչ ասեմ: Էս Ձիավորն ու էս Եկվորը դեռ չգիտեն իրենց գլխին գալիքը: Սրանք առավոտից իրիկուն թափառում են, որ իրենց ուզածը գտնեն: Կգտնեք, բա չե՞ք գտնի: Էլի պատմելն իմ ուսերին են թողել:
Մինչ Ձիավորը, հյուծախտավորի պես վերջին ուժերը լարած, կռիվ է տալիս լեռնանցքի քամու դեմ, մենակ` քամու դեմ, հիմա էլ սելջուկներն են վրա տալիս ու Տաթևի վանքի գանձերը կողոպտած, Բաղաբերդում թաքցրած ձեռագրերն այրած` գնում-կորչում են ջհանդամի ծոցում: Իսկ Ձիավորը դեռ փայում-փայփայում է Աստվածածնի մազերը շապիկի տակ:
Մինչ Ձիավորն ու սելջուկներն էսպես, Եկվոր ախպերս իր միակ ունեցածը` պարապ ժամանակը, շռայլում է անխնա` օտարի թանգարան քաղաքները չափչփելով, գլուխը` տնկած, հայացքը` տների քիվերից մինչև ամպերի ծերը քսմսելով, որտեղ բերանի ջրերը ծլինք-ծլինք հոսում են, կաթիլ-կաթիլ չորանում ու ցամաքում: Եկվորը շռայլում է կյանքը, երբ գիշերվա մենությունից, ցերեկվա ժխորից պատսպարվելու համար վերուվար է անում մարմնավաճառ ու հոգեառ փողոցներում, ուր երեկվա քամու պոկած տերևներն ու անցորդների նետած ծխախոտի մնացուկները դեռ դողդողում ու ննջում են գիրկընդխառն: Տերևները` թափված: Ծխախոտը` մարած: Գիրկընդխառն: Քամին, բացգլուխ անցորդների ականջները քաշքշելով, անձեռնոց ձեռքերը ձաղկելով` սուլում է անպատիժ: Սովորական փողոց է Վիեննայում: Քամիների փողոց` Վիեննայում: Մարգուշի ու Համոյի ավլած ետնաբակը Երևանի արվարձանում հիմա նախշված է պզուկոտ տղաների բերանից ծլլոցով թափված թքի կույտերով և սալոտ փորով տղամարդկանց հախուռն խնչած խլինքի հետքերով, որ ամեն ամառ խնամքով ախտահարվում են օճառաջրի շիթերով` եռանդուն տանտիկինների գորգալվացքից հետո: Սովորական բակ է Երևանում: Տեսնես` Մարգուշն էն օրը ի՞նչ երազ է տեսել: Ասում է` վատ երազ եմ տեսել, գնամ թոշակս ստանամ: Տեսնես` Մարգուշը հիմա երազ տեսնո՞ւմ է: Հիմա ո՞ւմ երազում է Մարգուշի երազը: Հիմա ո՞վ է տեսնում Մարգուշի երազը: Տեսնես` անտեր երազ լինո՞ւմ է: Հը՞, լինո՞ւմ է:
Էս Եկվորը դեռ չի ազատվել մեղքի ծանրությունից: Բոլորովին չի ազատվել: Օտար քաղաքի ՙՍթարբաքսում՚ նստած, սուրճի բաժակն ափերով գրկած, կիսամութ ՙՓաբում՚ գարեջրի գավաթն ատամների արանքում չխկացնելով, հեռուստացույցի էկրանին սևեռած հայացքը մթնեցնելով ու բջջային հեռախոսի զանգը լսելիս մթնդած` դեռ սպասում է մեղադրականին, որ արձագանք-արձագանք հնչում է Համոյի ձայնով` Մարգուշին էն աշխարհ ճամփելու համար պատասխան պահանջելով` բայց խի՞, խի՞ ախպեր, խի՞ թույնեցիր, թող մնար էլի, թող ապրեր էլի, ե°ս կավլեի, թող ինքը նստեր պատի տակ ու նայեր, թող նայեր ու բան չտեսներ, բայց նայեր, թող նայեր ու զգար, որ ես կամ իր համար, գոնե ե°ս կամ, ու որ գալիս եմ, գալիս եմ իրան տեսնեմ, մոտենում եմ իրան, որ ինքն էլ ինձ տեսնի, մենակ թե մնար ու նայեր, մենակ թե ապրեր, ես սաղ կանեի, ես սաղ կավլեի:
Եկվորը թե` ժողովո~ւրդ, ա°յ ժողովուրդ, եթե ուզում եք, եթե շատ եք ուզում, լսե°ք, հիմա պատմում եմ, թե էդ ամբողջը ոնց եղավ, թե ոնց որոշեցի մեղք գործել, թե ոնց ուզեցի մեղք գործել: Շատ ուզեցի: Էնքա~ն ուզեցի, որ վերջը չդիմացա ու արեցի: Ամեն օր գցում-բռնում եմ` անեմ-չանեմ, անե՞մ, թե՞ չանեմ: Ա~խր, մեղքս գալիս է, ա~խր, դրսում էնքա~ն ցուրտ է, աղիքներդ սառում` կպնում են մատներիդ, հենց ձեռքդ մտցնում ես շապիկիդ տակ ու դնում փորիդ, որ համոզվես` կաս ու փոր ունես, փորդ աղիներով է լցված, աղիներիդ մեջ` սննդի մնացորդներ, որ դուրս են մղվում` ցուրտ լինի, թե տաք, տանը լինես, թե դրսում, փողոցում, անգամ` օտար փողոցում: Տանը ապրես, թե փողոցում, աղիքներդ մրսում են: Ոսկորներդ փշրող ցուրտ է: Սիբիրի սառնամանիքը ձեզ օրինակ, ու Մարգուշն էլ էնքա~ն է հյուծվել, էնքա~ն է բարակել, որ կաշի-ոսկորն է մնացել: Յոթ աղջիկը յոթ փեսայով Մարգուշին առոք-փառոք տնից հանել` դրել են մայթի ծերին, ու հիմա թագուհի Մարգուշը բազմել է կյանքի գահին ու մոռացվել` մնացել է մայթին: Օրվա հացի կարոտ է խեղճը: Նիկոլի թվի ինչքան փալաս-փուլուս ունի` փաթաթել է վրան ու նստել ասֆալտին: Էլ չի ավլում Մարգուշը, ուժը չի հերիքում, թե ցախավել բռնի: Մի օր մոտենում եմ խանութին ու տեսնում` մեր մրսած, սոված, մեր լավ-լավ Մարգուշը թուլացած, գույնը գցած` ծուռվիզ գլուխը հենել է պատին ու աչքերը փակել: Ասում եմ` Մարգո°ւշ մորքուր, մի տաք կոֆե առնեմ, խմի, ձեռքերդ ցրտից կապտել են, ա°ռ էս ձեռնոցները` հագի, մերս է գործել աղջկաս համար, աղջիկս հիմա կաշվից ձեռնոց ունի, դու հագի` ձեռքերդ հետ գան: Ձեռնոցը չի հագնում ու, որ հանգած հայացքը գցում է աչքիս, տեսնում եմ, որ մեռած է, մեռելից ավելի մեռած է Ծուռվիզ Մարգուշը, էլ ցախավել բռնելու ուժ չունի: Մտնում եմ կողքի դեղատուն, դուրս գալիս, սուրճի բաժակը դնում եմ ավտոմատի ծորակի տակ: Լսում եք, չէ՞: Մանրամասն պատմում եմ, որ տեսնեք ու միջի բանը հասկանաք: Էլի ի°նձ մեղադրեք, ճիշտ էլ կանեք, բայց մինչև էդ` պատմեմ, լսեք, հետո ինչքան ուզում եք` մեղադրեք:
Ուրեմն, սուրճը փրփռալով` լցվում է միանգամյա օգտագործման պլաստիկե բաժակի մեջ, բուռս բացում եմ, ծալծլած թուղթը մատներիս դողով ուղղում ու ցուցամատս թփթփացնելով` փոշին թափ տալիս սուրճի մեջ: Էն, որ Ֆրանսիայի թագուհի Եկատերինա Մեդիչին նովարական թագուհի Ժաննա դը Ալբրեին սպանում է մկնդեղով թունավորված ձեռնոցներով, ես լավ գիտեմ, ուշի ուշով քննել եմ, ուշի ուշով սովորել, բայց ես դա չեմ անում մի անակնկալ` խանգարող հանգամանքի պատճառով, ես Մարգուշին էդպես չեմ փրկում մեզնից ու մեր աշխարհից, քանի որ աղջկաս ձեռնոցից բուրող օծանելիքը դեռ քթիս մեջ է, իսկ ինքը հայրենիքից հազարավոր մղոններ հեռու է, գաղթել է հայրենիքից: Աղջիկս գաղթել է ինձնից: Անճար հորից: Աղջիկս է ու գաղթել է:
Էն, որ Եվրոպայի սրտում` Գերմանիայում, Ֆրանսիայում ու Իտալիայում մի ժամանակ մկնդեղի վաճառքը թույլատրելի էր միայն բժիշկներին, դեղագործներին, ոսկերիչներին ու ներկարարներին, ես դա նույնպես գիտեմ, գուցե հիմա էլ այդպես է, չգիտեմ, բայց միևնույն է, միշտ ու ամեն տեղ, թե պետք լինի, մկնդեղ կճարվի, փողի°ն մուննաթ: Թող փող լինի, դժվար ճարելին էլ մկնդեղը լինի: Ես մկնդեղը չեմ խնայում Մարգուշի համար: Թող մեռնի` պրծնի էս մեռած կյանքից: Բարի գործ եմ անում: Մարգո°ւշ մորքուր, մնալդ քոռ կոպեկ չարժե, դե, մկնդեղն էլ թող թանկ լինի: Տակդ մաքրող չկա, հոտը բռնել է բակը, քաղաքը, աշխարհը: Մեղք ես, մեռի` պրծի: Մերս ասում էր` «մեղք» մի ասա, քթիդ կբուսնի: Ասում եմ` մեռի, պրծի: C’est fini la comedie. Որ ընտրելու լիներ, Մարգուշը ֆրանսերենն էր ընտրելու: Ֆրանսերենը սիրելու լեզուն է, Մարգուշը մինչև մկնդեղին հասնելը սիրում է, սիրող կնիկ է, չի կարող չսիրել, երբ միոտանի Համոն ցախավելը պինդ բռնում է ու լոքլոք անելով` ավլում իր փոխարեն, իր տեղն ավլում է, որ ինքը մեջքը շտկի, երկու րոպե շունչ քաշի ու վզի ծռությունը մի ակնթարթ ուղղի, Մարգուշը, ուրեմն, սիրում է: Համոյին նայելիս Մարգուշը ծիծաղ է նկարում կնճիռների վրա ու ափով բերանը ծածկում, որ Աստված իր փորից դուրս եկած ծիծաղի ձայնը չլսի ու շատ չհամարի: Շշուկով է ծիծաղում, որ շատ չհամարի: Մարգուշը, հաստատ, ֆրանսերենն է ընտրելու, մեկ էլ ֆրանսիացի թագուհուն վայելը` մկնդեղը: Ընտրում է: ֆրանսերենն ու մկնդեղը:
Լսո՞ւմ եք, մարդն իր բերանով է պատմում: Էլ չասեք, չգիտեք` մեղադրե՞ք, թե՞ գովքն անեք: Էս Եկվորն ինձ է ասում` սրա բերանում ջուր չի տաքանում, բա հիմա չբռնե՞մ ու ասեմ` ախպե°ր ջան, բերանումդ մի կաթիլ մկնդեղ անգամ չի տաքանում, ինչ կա-չկա` դուրս ես տալիս ու մեզ կրակը գցում: Հիմա ի՞նչ անենք էս Ծուռվիզ Մարգուշի ու Եկատերինա Մեդիչիի հետ: Ի՞նչ կարող ենք, որ ի՞նչ անենք:
Ասում եմ` ես ոնց հասկանում եմ` էս փողոցը տիեզերքում բացված արահետի հիշողությունն է երկրի վրա: Մենք հիմա էդ փողոցում ենք: Էս մասը շատ ուշադիր լսեք. աման-չաման, տուն-տեղ, սեքս ու սեր թողեք մի կողմ, մի քանի րոպե կանգ առեք, թիակներդ ուղղած նստեք ու լսեք: Որ չօգնի, վնաս էլ չի տա, լսե°ք: Բայց որ չլսեք, էլի° վնաս չի տա, քանի որ վնասն ավելի շատ հեզ լսելուց է, քան չլսելուց: Մեղքը վախկոտ հեզությունից է: Մեղքը հեզությունն է, որ կա, ուրեմն, թե հեզ եք լսելու, ավելի լավ է գնաք պոռնո վիդիո նայելու:

Լեռը լեռան կողը խրվելով, գլուխը դնելով մյուսի ուսին, փեշերին ծնկածի գլուխը ստվերելով` կանգուն է: Լեռները, որ ծալք-ծալք դիզվել են երկնքի աչքի առաջ, քչփչալով ու իրար հանդուրժելով, կան: Լեռներ են ու գիտեն, որ օրերից մի օր ջրի տակ անցնելու, հրաբխից ցրիվ գալու, անտառներից զրկվելու հեռանկար կա, ուստի, իրար մի կերպ դիմանալով` կան: Լեռներ են, հազար ու մի ցավ ունեն, բայց կան:
Ո՞ւր է թե, մարդը մարդուն էսքան հանդուրժեր` մի մատնաչափ ցանկապատի ու փշալարի հակառակ կողմերում: Ձիավորը տնքում է ու հողոտ ափը քսում դեմքին, ու ափը, կարծես, համոզվում է, որ վերադարձողն իր տերն է: Ափն աչքափակ ճանաչում է տիրոջը: Եկվորը նայում ու տեսնում է Ձիավորի ճակատը, որ քրտինքի ծլլացող կաթիլներից դարձել է սայթաքուն: Ձիավորի ճակատը պատված է փոսորակ կնճիռներով` լի տառերի անընթեռնելի տողանով: Ձիավորը, ինչպես կույրը, մատների ծայրով շոշափում է քրտնած ճակատը, որ կարդա, ու կարդում է:
Հայացքդ ուր հասնի` լեռ է: Լեռների արքայությունում փսփսոցներ են վազվզում` դարահոտ, ձնադիր: Աչքառու լեռնաշխարհ է: Ջրի ու կրակի ամբար` Նաիրի: Հանգուցյալ աստված Արան կամ Լույսը, Կինը հիմա գիտի, տաք աչքով է նայում լեռների մութի մեջ քառատրոփ վարգող ձիավորներին: Քանի տարի է` գիտի: Կինը: Արան: Ձիավորները: Քանի~ տարի է:
Այսպես Կինը, որ հեքիաթասացն է և, ում քիթը հեռվից առնում է Ձիավորի քրտնահոտը, ինքն է հայտնվում նրա ճակատի գրում: Ձիավորն ու Եկվորը տալիք-առնելիք ունեն, իսկ մեջտեղում շահողն ու կորցնողը Կինն է, մեկ էլ` Ձիավորը, մեկ էլ` Եկվորը: Երբ տեսնում ու չես ճանաչում, լսում ու չես ճանաչում, երբ հոտն առնում, բայց չես ճանաչում, դնում ես լեզվիդ վրա, ատամիդ տակ ճզմում, համը տեսնում ես, բայց չես ճանաչում, մատներիդ մեջ շուռումուռ տալիս, երկար շոշափում ու էլի չես ճանաչում, ի՞նչ մտածես, ի՞նչ կարելի է մտածել: Մտածում ես, թե ո°չ տեսնում ես, ո°չ էլ լսում, ո°չ հոտն ես առնում, ո°չ համտեսում, ո°չ էլ մատներիդ տակ մի բան ես շոշափում: Կարելի է, բայց չես մտածում, քանի որ չես ճանաչում, ոչ էլ ուզում ես ճանաչել: Քո ինչի՞ն է պետք ճանաչելը, երբ տեսնում ես, լսում, համտեսում, հոտն առնում ու շոշափում ես: Դու գիտես, որ ուզածդ ունես ու ավելին չես ուզում, երբ ավելին ուզես, կճանաչես: Ճանաչի°ր: Ինչպես մեղվի բզզոցը` արտի կանաչի մեջ, ինչպես արևի շողը` լճի խորքում, ինչպես Ձիավորի ոտնահետքը` լեռան ստորոտին: Ինչպես մենք` մեզ: Մարդ ես էլի, ճանաչիր:
Կինն անցնում ու տեսնում է: Եկվորն անցնում ու աչքը կկոցելով` նկատում է. երևանյան ետնաբակում երեք-չորս տարեկան տղաները ցաքուցրիվ խաղում են, մի կողմ քաշված` խաղում են ծնողների աչքից հեռու: Հեր ու մեր են. մի մասն աշխույժ նարդի է գցում, մի մասն էլ` տնետուն սուրճ խմում, բաժակ նայում, Թուրքիայից բերած շոր-մոր ծախում: Երեխա են էլի, թող խաղան, մեծանան: Խաղում` մեծանում են: Մեկ էլ չորս տարեկան բոյովը, մի ոտքը` հենց նոր անձրևած ասֆալտին, մյուսը` ինքնագնացի ոտնաչափ հարթակին, խառնվում է իրար, շուրջը նայում, խլշկոտում ու դեմքը ծռմռելով` թնկթնկում է` ուզում եմ տո~ւն գնամ: Տո~ւն եմ ուզում: Հոգնել եմ, մրսո~ւմ եմ: Գնում եմ տո~ւն: Տուն եմ գնո~ւմ: Երեք տարեկան կոլոտը թե` ուզում ես գնաս, գնա, ինչի՞ ես լացում, մի° լացի: Բոյովը թե` չգիտեմ ուր գնամ: Կոլոտը թե` արի տանեմ, ես գիտեմ, ես ձեր տան տեղը գիտեմ: Բոյովն ու Կոլոտը նայում են իրար, իրար հասկանալով` կողք կողքի գնում ու մտնում են ինըհարկանի շենքի երկրորդ մուտքը, երկու կողմից ինքնագնացը բռնած` մի կերպ քարշ են տալիս երկրորդ հարկ, մատիկների բարակությամբ թակում քսաներկուերորդ տան դուռը, բայց հերն ու մերը գնացել են իրենց գործին: Դուռը բացող չկա: Թակում են: Հերթով: Մատիկները հոգնում են: Մատիկները ցավում են: Կարմրել են: Դուռը բացող չկա: Բոյովը լացում է: Կոլոտը ձգվում է` սրբում Բոյովի արցունքը, հետո Կոլոտն էլ է լացում: Հա թակում են: Բացող չկա: Հետո հոգնում են: Մեջք մեջքի նստում են քարե սանդուղքի սառնության վրա ու քնում: Երազ են տեսնում: Իբր` գնացել են սար` ձնծաղիկ հավաքելու: Իբր` ձնծաղիկ հավաքած` իջնում են սարից, մշուշը սարի գլխից գալիս` ծածկում է արահետը, իրենց թաց ոտքերն ու ձնծաղիկի գլուխները: Իբր` վախենում են: Վախից իրար գրկում ու բարձր-բարձր լաց են լինում: Հենց լացում են, իրար ձայնից արթնանում ու տեսնում են` իրար երազի մեջ են, իրար գրկում ու ինքնագնացը երկու կողմից բռնած` իջնում են բակ: Ինքնագնացով` բակ: Երկուսով մի ինքնագնաց ունեն ու հերթով քշում են` մի ոտքը` հարթակին, մյուսը` գետնին, արագություն են հավաքում, ապա մյուս ոտքը օդում պահած` սլանում զառիթափն ի վար: Ինքնագնացը ճռռում է, սվվում, վզզում, հետո խըրթ` կանգ է առնում: Ջա~ն: Շատ հավեսով են քշում: Երկուսով մի ինքնագնաց են քշում: Բոյովը: Կոլոտը: Հետո էլի երեխաներ են գալիս ու ինքնագնացը քշում: Բոլորը մի ինքնագնաց են քշում»:

 Սույն հատվածը  վերցված է Դիանա Համբարձումյանի նոր` «Դուռը թակում են» վեպից. գիրքը հրատարակման փուլում է և շուտով լույս կտեսնի:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *