ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:
Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:
Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:
Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:
Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:
ԱՅՍ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐՆ
Այս քարանձավներն` անկոպ ու անբիբ
Աչքերն են անգիր հավիտենության:
Այս պարզ ու պղտոր գետերն աշխարհի
Ասքերն են անգիր հավիտենության:
Կիրճեր կուլ տված կիրճերն այս մթին
Պատկերն են անգիր հավիտենության:
Արեգակն, անձրևն, օդն այս` մեզ տալիք
Պարտքերն են անգիր հավիտենության:
Կռիվ, կոտորած, դավ ու դառնություն—
Մեղքերն են անգիր հավիտենության:
…ԵՎ ԱՐԺԵ՞Ր ԱՐԴՅՈՔ
…Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
Մի տուն, մի գլուխ պահելու համար,
Ժամանակավոր
Մի անմահություն շահելու համար
Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:
Արժե՞ր, որ այդքան ժայռեր փշրեիր
Քարքարոտ մի հուն մտնելու համար,
Պարզ ու նախնական
Մի ճշմարտություն կրկնելու համար,
Մի բուռ ինքնություն գտնելու համար
Արժե՞ր, որ այդքան, այդքան փրփրեիր:
Արժե՞ր, որ այդքան դու քեզ քրքրեիր,
Երբ որ ուժերդ չէին ներելու`
Քո իսկ էության
Փախած բևեռներն իրար բերելու,
Արժե՞ր, որ այդքան հոգսեր կրեիր:
Երբ ամպրոպի պես չէիր պայթելու,
Չէիր վանելու այս մեղկ մարդկության
Եվ մարդու մեղքերն` աշխարհից հեռու,
Արժե՞ր, որ այդքան դու որոտայիր,
Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
ՈԻՇ ԱՇՆԱՆ ԵՐԳԸ
Չվող թռչուններն անցան գնացին
Պարան առ պարան,
Շարան առ շարան անցան գնացին:
Ականջների մեջ
Վերջին որոտի կանչերը տարան
Ու վերջին կանաչ-կարմիրը տարան
Իրենց թեերին:
Աչքերում իրենց թափուր մնացած
Բույն-օջախների պատկերը տխուր
Եվ կտուցներին` իրենց թափառիկ,
Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:
Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան…
Մնացողները կծիկ են դառնում
Թրջվելու վախից
Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:
Ծառերը մրսած մատ ների վրա
Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:
Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,
Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:
Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում:
ՄԻ ՏԵՂ ԻՇԽԱՆ ՈՒ ՏԵՐ
Մի տեղ իշխան ու տեր,
Մի տեղ համեստ հովիվ,
Մի տեղ ճորտ եմ եղել,
Մեկին մոտ-մտերիմ,
Մեկին հազիվ ծանոթ,
Մեկին խորթ եմ եղել:
Մի օր զարթնած անտառ,
Մի օր հնձած հովիտ,
Մի օր կորդ եմ եղել:
Ինչ եղել եմ, եղել,—
Միայն չասեք, թե ես
Ավելորդ եմ եղել:
Ես կատարյալ մարդու,
Մարգարեի, աստծո
Հավակնորդ եմ եղել:
Ես և բարձր եմ եղել,
Եվ շիտակ եմ եղել
Իմ երազի նման,
Եվ իմ անցած երկար
Ճանապարհի նման
Խորդուբորդ եմ եղել:
ՍԱՐԱՀՈՎԻՏ
Իմ հեռավորհեռու սարահովիտ,
Երգս բույրն ունենար սևահողիդ:
Իմ հեռավորհեռու սարահովիտ,
Երգս շունչն ունենար սարահովիդ:
Իմ հեռավորհեռու սարահովիտ,
Երգս կանչն ունենար սարահավիդ:
Իմ հեռավորհեռու սարահովիտ,
Երգս ոտքերն ընկներ արարողիդ:
ԻՐԱՐ ՓՆՏՐԵՆ
Լուսաբացի թավշյա փեշով սրբեմ
Ծիր-կաթինոտ ճակատն իմ Սալվարդի,
Հոգնած իմ տարիքից չնեղսրտեմ,
Խմեմ պաղ ջուրն ու կաթն իմ Սալվարդի:
Ժամանակին, հողմին, հողին խնդրեմ,—
Որ բարձրանան սապատն իմ Սալվարդի
Եվ նախաստեղծ սիրով իրար փնտրեն
Խռով քարայծն ու մարդն իմ Սալվարդի:
ԲԱՑՎՈՂ ՕՐՎԱ ՀԵՏ
Բացվող օրվա հետ վեր թռան հանկարծ
Լույսի խտուտից զարթնած սարերը,—
Իրար շալակած սարը բարձրացան
Իրար պաղ ու շոգ շնչառությունից
Քրտնած սարերը:
Միջօրեի հետ շտկեցին իրենց—
Իրենց ինքնության խորք ու ձևերով—
Հեռացան քիչ-քիչ իրար հրելով,
Եվ բաժանվեցին դաշտ ու ձորերով
Իրար կռնակի կռթնած սարերը:
Թեքվող օրվա հետ թեքվեցին կարծես,
Ամպ ու ժպիտներ փոխանակեցին
Եվ մոտենալով սիրտ տվին իրար—
Իրար շվաքից խրտնած սարերը…
Իրիկնաժամի մշուշների հետ
Իրար շալակած իջնում են սարից
Խուլ, խորհրդավոր, մթնած սարերը:
ԱՇՆԱՆԱՄՈԻՏԻ ՋՐԵՐԸ ԲԱՐԱԿ
Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:
Առաջին սերս քրքրվեց, մնաց
Մասրենիների փշերի վրա…
Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
Սիրո սարսուռ են բերում սարերից:
Ի՞ՆՉ է ԱՍՈԻՄ
Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած« կուրծքը պատռած,
Հոգնածտանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:
ՉՀԻՇԵԻ ՔԵԶ
Հեռանայի, հեռանայի,
Մոռանալով մոռանայի,
Չհիշեի քեզ:
Ծովն ընկնեի խելքիս ձեռից,
Ակունքներից և ափերից
Փախած գետի պես:
Եվ ջրերում դառն ու անհուն
Կորցնեի տոհմ ու անուն,
Ու կորչեի ես…
Թեկուզ բախտից գոհանայի,
Բայց ինձ ծովից գողանայի,
Նորից տայի քեզ:
ՋՐԻ ՊԵՍ
Կռիվ տայի անդադար
Ու փրփրեի ջրի պես:
Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:
Լվանայի քեզ, աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:
Քչքչայի սարն ի վար,
Մարգ ջրեի ջրի պես:
Միայն ջրելու համար
Վիզ ծռեի ջրի պես:
Շողեր, շողեր հագնեի,
Ցող ցրեի ջրի պես:
Թող գեթ մի օր ապրեի,
Բայց ապրեի ջրի պես:
ԵՐԵԽԱՅԻ ՊԵՍ
Հացից խռոված երեխայի պես,
Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում:
Քունս թռցրել, բայց արի ու տես,
Բարձից փախչելով, բարձին եմ նայում:
Ամենքի համար ամեն ինչ արել,
Նստել արածիս վարձին եմ նայում.
Գժված գլուխս ափիս մեջ առել,
Անցած օրերիս դարձին եմ նայում:
ԵՎ Ի՞ՆՉ է ՏՎԵԼ
Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը,—
Հավիտյան նորոգ իր հնությունը,
Իր ջրվեժների անքնությունը
Եվ հոգնահոլով իր կրկնությունը…
Իր քարափների համբերությունը,
Իր խղճի առաջ իր գերությունը,
Իր անդունդների տարողությունը,
Սեփական վերքերն ապաքինելու
Կարողությունը…
Իր սևահողի խոնավությունը,
Մասրենու փշոտ խոնարհությունը…
Ինքնաբաշխումի ուրախությունը,
Ինքնամերժումի խիզախությունը,
Ինքնության պատիվն ու թանկությունը,
Ինքն իր մեծությամբ չպարծենալու
Երջանկությունը…
ԹԵԹԵՎ ԼԻՆԻ
«Թող հողը թեթև լինի թեզ վրա»…
Եվ հետո ծանր մի քար են ղնում
Այդ հողի վըա:
Եվ հետո ծանր մի դար է նստում
Այդ քարի վըա:
Եվ հետո հողի մի սար է նստում
Այդ դարի վըա…
«Թող հողը թեթև լինի քեզ վրա»:
ՈԻ ԵՍ ԵԿԱ
Արդեն չգալ չէի կարող,
Ինչ էլ լիներ, պիտի գայի:
Ու ես եկա… Ասում են թե
Թոնրի շուրթին ուշաթափվեց
Խրտնած շողքը լուսնյակի,
Լուսաբացի մի պատառիկ
Երդիկն ի վար թրթռալով,
Ընկավ մորս հոգնած բարձի
Եվ իմ անհոգ բախտի վրա:
Երդիկն ի վեր թրթռալով
Իմ առաջին ճիչը թռավ
Եվ առաջին ծիծեռնակի
Ծիվ-ծիվի հետ
Քիվից կախվեց բակի վրա:
Իրարանցում եղավ հետո
Խաչիպապենց հին հոդայում…
Պապս ասաց.— Տեր երկնայի՛ն,
Քո փառքը շատ, իմ աչքը լույս,
Տանս մի սյուն,
Մի գերան էլ ավելացավ:
Խաչակնքեց իր երեսին
Ու մրմնջաց տատս մի բուռ.
— Անխիղճ աստված, այս ի՞նչ արիր,
Խեղճ ու կրակ սուփրիս վրա
Մի ավելորդ գդալ բռնող,
Մի բերան էլ ավելացավ:
Ինքն իրենից ամաչելով
Հայրս անցավ սյունի ետև,
Սրբեց քրտինքն իր ճակատի
Եվ աչքերի արցունքը տաք
Ու երևի մտքում ասաց.
— Արտ ու կալում ցավիս ընկեր
Գութան քշող ու կամ քշող
Մի ճիպոտ էլ ավելացավ…
Առան-տվին, տվին-առան,
Ու ոչ մեկը գլխի չընկավ,
Որ աշխարհի կանաչ-կարմիր
Երազների ետևն ընկած
Երկու ոտ էլ ավելացավ:
Երազներից քարե ծաղիկ
Եվ քարեղեն հեքիաթ հյուսող
Երկու ձեռք էլ ավելացավ:
Ու թեկուզ այս մեղքերը շատ,
Վերքերը շատ աշխարհի մեջ
Մի նոր մեղք էլ,
Մի նոր վերք էլ ավելացավ,
Բայց նրա մեծ համերգներում
Մեր աշխարհի համ ու հոտով
Մի նոր երգ էլ ավելացավ:
ԱՅՆՊԵՍ ԵՍ ԳԱԼԻՍ
Այնպես ես գալիս, այնպես գնում,
Ով դու արարող և ավերիչ,
Որ դժվար է մարդ գլխի ընկնում՝
Բերածդ ի՞նչ էր, տարածդ ի՞նչ:
Գալիս ես որպես իրարանցում,
Եվ անց ես կենում որպես երազ.
Կյանք իմ, դու ձրի ներկայացում,—
Բայց ինչքան թանկ ես նստում վրաս:
ԱՂՈԹԱՐԱՆ ՍԱՐԸ
Ձէ, աշխարհի սարերի մեջ
Չուներ հավասարը —
Հարգանքը մեծ ու սիրտը մեծ
Աղոթարան սարը:
Չգիտեիր ո՞վ էր թռչում —
Դո՞ւ, թե ճանապարհը,
Երբ զարթնում էր ու չէր ննջում
Աղոթարան սարը:
Հավք ուզեիր, նա քեզ կտար
Մեկի տեղ հազարը,
Հավքի բույն էր փեշից–կատար
Աղոթարան սարը:
Ծաղիկ ասես, ծաղիկներով
Կպահեր աշխարհը…
Ուրախ էր իր տալիքներով Աղոթարան սարը:
Հյուրը հանկարծ ծարավ մնար,
Իզուր չէր հուսալը,
Սրտից աղբյուր կհաներ նա՝
Աղոթարան սարը:
Մտածե՞լ ես դու երբևէ,
Թե ի՞նչն է պատճառը,
Որ դարձել է բախտիդ բևեռ
Աղոթարան սարը:
Ինչի՞ց է, որ չի սպառվում
Երգի քո պաշարը,—
Լոկ նա գիտե այս աշխարհում —
Աղոթարան սարը:
Նրանից է սնունդ առնում
Քո երգերի ծառը…
Բայց դու արդեն չես բարձրանում
Աղոթարան սարը:
Սարսռում է ինչ-որ ձորում
Գերեզմանիդ քարը,
Նայում, գլուխն է օրորում
Աղոթարան սարը:
Տարին օր է, օրը՝ տարի,
Դու տես գլխիդ ճարը,
Էլ կածանը քեզ չի տանի
Աղոթարան սարը:
ԳՈԻՑԵ ՀԵՆՑ ԱՅՍՏԵՂ
Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Հերքել եմ արդեն
Ես անդարձության օրենքն անողոք:
Մի քանի անգամ գնացել-եկել,
Ապրել եմ այսպես և ապրում եմ դեռ:
Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Ամենավերջին վերջինն եմ եղել
Եվ սպասում եմ վերջնական վերջին:
Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Տեսել եմ արդեն հավիտենության
Ամենավերջին ակնթարթը ես,
Որից դենը դեռ
Կա մի անսահման հավիտենություն:
Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Եղել եմ արդեն անսահմանության
Ամենավերջին սահմանի վրա,
Որից դենը դեո
Կա մի անվախճան անսահմանություն:
Եվ ի՞նչ իմանաս չենք հանդիպելու
Ամենավերջին հավիտենության
Ամենավերջին ժամի ժամանակ,
Ամենավերջին անսահմանության
Ամենավերջին սահմանի վրա,
Գուցե հենց այստեղ և այս նույն պահին:
— Խփիր, այս պահի կենացը խմենք,
Մի վայրկյան հետո գուցե չլինենք:
ԵՐԴԻԿՆ Ի ՎԱՐ
Երդիկն ի վար երկնքի խաղ,
Առավոտ,
Լույսի հոտ է, մոր ծոցի հոտ,
Հացի հոտ:
Զարթնած հովիտ, թրջված հովեր,
Բոբիկ ոտ:
Ցողի հոտ է, ծիծաղի հոտ,
Շողի հոտ:
Արևկող լանջ, մրկած կածան,
Տապ ու տոթ:
Քարի հոտ է, օշինդրի հոտ,
Ուրցի հոտ:
Թախկած ձյուներ և ծաղիկներ
Ձյունի մոտ:
Քամու հոտ է, բարձունքի հոտ,
Ամպի հոտ:
Ծմակն ի վար խոնավ խութեր,
Խոնարհ խոտ
Մամուռի հոտ, սարսուռի հոտ,
Սունկի հոտ:
Ահռելի ձոր, մաշված առու,
Մրսած օդ,
Ցավի հոտ է, անձավի հոտ,
Մութի հոտ:
Մի բուռ հանգիստ պապիս մի բուռ
Հողի մոտ,
Մորմոքի հոտ, արցունքի հոտ,
Խնկի հոտ:
ՀՈՂՈՏ, ՄՂԵՂՈՏ
Հողոտ, մղեղոտ մի մութ էր հագնում,
Հետո լուսնյակ էր հագնում մեր տունը:
Կտուրին բարղու ստվերն էր քնում,
Եվ շեմքի վրա քնում էր շունը:
Կիսարթուն քամին կտուրից թոչում,
Ցանկապատին էր հենում կռնակը:
Անթեղի վրա կատուն էր ննջում,
Իսկ անթեղի տակ հոգնած կրակը:
Բակում փուլ գալիս և առոք-փառոք
Որոճում էին օրհնած եզները:
Տան կտուրի տակ արթուն էին լոկ
Հողոտ, մղեղոտ մեր երազները:
Ամոան գիշերը գլուխը հակում,
Ծնկները գրկում ու մտածում էր…
Իսկ երազները աչք էին փակում,
Երբ որ լուսաստղը աչքը բացում էր:
Հողի տակ են մեր հոգսերը անհոգ,
Բարդու շրշունր, շունը, գիշերը,
Իսկ հողի վրա խշխշում են լոկ
Հողոտ, մղեղոտ իմ վերհուշերը:
ՆՈՐԻՑ ԿԱՐՄԻՐ ՈՒ ԿԱՆԱՉ
Նորից կարմիր ու կանաչ
Իմ երազները
Բաց են արել մեր հին տան
Հին դարբասները:
Մայրս խմոր է արել,
Սպիտակ խեժ է,
Խեժը գնդել է, շարել,
Թոնիրը թեժ է:
Հացը բուրում է՝ հողից
Մինչև եթերը…
Խղճիս ստրուկն եմ նորից
Ու գլխիս տերը:
Աշխարհն այնպես արևոտ,
Այնպես թեթև է,
Եվ մահս՝ յոթ անգամ յոթ
Լեռան ետև է:
Նորից կարմիր ու կանաչ
Իմ երազները
Բաց են արել մեր հին տան
Հին դարբասները:
ՈԻՐ ՈՐ ՆԱՅՈԻՄ ԵՄ
Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,
Քարե արցունք է, քարե ժպիտ,
Քարե սարսուռ, է ու քարե սունկ է,
Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։
Քարերի վրա քարե վագրեր են,
Ուր-որ է պիտի պատռեն իրար։
Քարե երգեր են, քարե վանքեր են,
Քարե հավքեր են քիվերն ի վար։
Քարե մրրիկ է ու քարե բուք է,
Քարե բողոք է ու քարե բերդ,
Քարե շեփոր է, քարե թմբուկ է,
Քարե թափոր է, քարերի երթ…
Քարե ընդվզում, քարե տանջանք է,
Քարե ավար է, առևանգում…
Քարե զարմանք է ու զարհուրանք է,
Քարե թռիչք է, քարե անկում։
Քարե ամպրոպ է ու ծիածան է,
Քարե լծկան է ու քարե մաճ.
Քարե մագաղաթ, քարե մատյան է,
Քարե խորհուրդ է ու քարե խաչ։
Մեր բաժին աստված, քո սիրտն էլ քար էր,
Որ մեզ քարերը տվիր նվեր,
Բայց քո կյանքը կարճ, մերը երկար էր,
Ու երկարում է քարերն ի վեր։
ԳՆԱՄ ԳՅԱԶԲԵԼԻՍ
Գնամ Գյազբելիս հողմերը շնչեմ,
Գնամ հովեըը շնչեմ Գյազբելիս,
Թրջված ամպի մեջ թևերս թրջեմ,
Ու թևերի տակ ննջեմ Գյազբելիս։
Գնամ Գյազբելիս զմրուխտով հարբեմ,
Ելնեմ երկինքոտ ժայռերը նրա
Եվ ներշնչանքիս խորհուրդով չափեմ
Արծվի ճախրանքը վիհերի վրա։
Գնամ շուրթերը համբուրեմ՝ նրա
Ծաղիկների մեջ ծվարած ձյունի,
Փռվեմ Գյազբելիս փեշերի վրա
Ու խղճամ նրան, ով Գյազբել չունի։
ՈՒՐԻՇ ԱՄՊԵՐ ԵՆ…
Ուրիշ ամպեր են նստել սարերին,
Ուրիշ մամուռ է ծաղկել քարերին,
Ուրիշ աչքեր են նայում արևին։
Միայն սարերն են նույնը մնացել,
Միայն քարերն են նույնը մնացել,
Միայն արևն է նույնը մնացել։
Դու ամպի նման փարվիր սարերին,
Մամուռի նման ծաղկիր քարերին,
Հրճվիր արևով, նայիր արևին։
Արևին նայող աչքերն համբուրիր,
Սարերին փարված ամպերն համբուրիր,
Քարերին ծաղկած մամուռն համբուրիր,
Մեծ ելումուտի այս դուոն համբուրիր…
Համբուրիր ճամփան անցավորներիղ,
Հիշատակները մերձավորներիդ,
Խոնարհվիր նրանց շիրմաքարերին…
Ով գնաց, գնաց,— էլ ետ չի գալու,
Ու եկողներն էլ խորհուրդ չեն տալու՝
Փնտրել անհնարն ու անկարելին։
ՄՈՌԱՆԱԼ ԿՏԱ
Ես կգամ, դուռդ կբանաս,
Կընդունես մոլորված որդուդ,
Աշխարհի բոլոր հողմերով,
Հովերով օրորված որդուդ,
Վաստակած և՛ փուշ, և՛ դափնի,
Ցամաքներ ու ծովեր անցած,
Եվ նորից երեխա դարձած
Ու հացից խռոված որդուդ։
Ես կգամ կնստեմ հողիդ,
Եվ հողդ զորանալ կտա,
Ամեն մի քարդ՝ ինձ կառնի —
Մտքիս մեջ խորանալ կտա։
Արտույտներն ինձ արտ կտանեն,
Կկանչեն կկուներն՝ անտառ,
Կաքավը «շաղ-կղա» կասի,
Տարիքս մոռանալ կտա։
ԲԱՌԱՉԸ
Անտաոն ասես Ծիր-կաթինից էր կախված,
Ոտից-գլուխ, ոտից-գլուխ թաթախված
Առավոտի շողաթաթախ ցողերով,
Առավոտի ցողաթաթախ շողերով։
Հավքը հավքի բերանից խոսք էր խլում.
Ողջ անտառն էր մի հավք դառած ծլվլում:
Ղողանջում էր ծլվլոցի մեջ կանաչ
Եղջերուի ցողաթաթախ մի բառաչ։
Ցողաթաթախ երանություն։ Եվ հանկարծ
Հեռու–հեռվում, մի խուլ որոտ, ծուխ ու կայծ…
Ու ձորն ընկավ անտառի աչքի առաջ
Եղջերուի արնաթաթախ մի բառաչ…
Անտառն ասես Ծիր-կաթինից էր կախված,
Ոտից-գլուխ արցունքի մեջ թաթախված։
ԱՄՊՐՈՊՆԵՐԻՑ ՀԵՏՈ…
Ամպրոպներից հետո հեղեղները երկար
Թավալվում են, թռչում, ափերին են տալիս։
Անձրևներից հետո դեռ ամպերը երկար
Գլուխները սարին ու բարին են տալիս:
Փոթորկից հետո՝ թևերը կախ ծովի
Ալիքները երկար փրփրին են տալիս։
Իմ այս երկար կյանքում
Շատ եմ տեսել, մարդիկ,
Մայրամուտի կարմիր հոգեվարքից հետո
Քարափները երկար կարմրին են տալիս։
ՆԵՂՎՈՒՄ ԵՄ…
Նեղվում եմ, խփում են կրծքիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ,
Ներում եմ, նստում են գլխիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Առնում են ու ետ չեն տալիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս,
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։
ՊՏՈԻՂԴ ՔԱՂՈՂ ՉԿԱ
Պտուղդ քաղող չկա,
Մասրենի, սարի մասրենի,
Պատիվդ պահող չկա,
Մասրենի, բարի մասրենի։
Ասում են՝ էլ մարդ չկա,
Որ փնտրի քնքշանքդ փշոտ,
Քեզ գրկի ու տաքանա,
Մասրենի, ժայռի մասրենի։
Երեսիդ նայող չկա,
Մասրենի, վայրի մասրենի,
Կրքերիդ կրակը քեզ
Թող այդպես այրի, մասրենի…
Կանգնել ես քո բարձունքին,
Մեկուսի, մենակ, մենավոր…
Իմ երես առած դարում
Դու լքված այրի, մասրենի։
ԿԱԾԱՆՆ ԻՆՁ ՏԱՆԵՐ
Կածանն ինձ տաներ անտառը՝ ցախի,
Անտառն իմ գլխին ուլունքներ թափեր։
Սուլոցի փոխվեր սարսուռն իմ վախի,
Եվ ոչ մի շշուկ ոտքս չկապեր։
Կացինս թողած կաղնու փչակում,
Պարանս ժայռի փեշերին թողած,
Շապիկիս թևքը՝ մասրենու ճանկում,
Փեշքը՝ մոշենու փշերին թողած,
Թռչեի թրջված հավքի ետևից
Եվ չբռնեի մինչև իրիկուն…
Հարցնեի հողից, ջրից, աստղերից.—
Գտնեի կածանն ու դառնայի տուն:
Հայրս ինձանից բան չհարցներ,
Չնայեր ոչ մի խնդիրք ու լացի,
Ինձ «պարան, կացին ու ցախ դարձներ»…
Եվ մայրս կանչեր իրիկնահացի։
Քթիցս կարծես ծուխ է բարձրանում…
Ինչո՞ւ է կորածն այսքան քաղցրանում։
ԿԱԾԱՆՆԵՐԸ ՃՉՈՒՄ ԵՆ ԱՅՍՏԵՂ
Կածանները ճչում են այնտեղ,
Ջրվեժները լռում են։
Ծաղիկները թռչում են այնտեղ,
Թիթեռները բուրում են։
Ստվերները խեղդվում են շոգից,
Բարդիները մրսում են…
Մեր տանը—մեռածներն են, հոգիս,
Ապրողները դրսում են։
ԱՅՍ ԻՄ ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀՆ Է
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։
Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։
ԼԵՌՆԵՐԴ ԳՆՈՒՄ…
Լեռներդ գնում, մտնում են երկինք,
Ձորերդ գալիս, կիրճերն են մտնում:
Խավարն է խրտնում բարձրության ահից,
Խորության ահից աստղերն են քրտնում։
Լեռներդ կանգնել սարահարթերին,
Իրարից ամպ ու ստվեր են խլում,
Եվ որձաքարե սաղավարտներին
Հավիտենության աստղեր են կրում։
Ցուրտ ամպրոպների շնչին են խառնում
Աշխարհաստեղծման թեժությունը դեռ —
Եվ կայծակների թառեր են դառնում
Ապառաժներիդ եղջյուրները կեո։
Կիրճերիդ խորքում անանցանելի՝
Զրվեժ են դառնում, փրփուր ու ավազ—
Նախապատմական քարանձավների
Խորհուրդը պղտոր ու քրտինքը պարզ։
Քո կիրճերից ջուր խմելու համար
Ամպերը յոթ սև քրտինք են թափում,
Եվ ընկուզենու արմատը համառ
Յոթ յոթգլխանի ժայռ է շաղափում։
Լցվել եմ քեզնով ու երգ եմ ասում…
Բայց ոչ լեռներիդ բարձունքն անառիկ,
Ոչ էլ կիրճերիդ հատակն է հասնում
Իմ ծղրիդային երգը միօրիկ։
ՕԳՆԱԿԱՆԸ ԵՍ ԵՄ
Քույրս մասուր է քաղում,
Օգնականը ես եմ։
Հայրս աղուն է աղում,
Օգնականը ես եմ։
Մայրս ալյուր է մաղում,
Օգնականը ես եմ։
Տատս խմոր է շաղում,
Օգնականը ես եմ։
Պապս կախան է կախում,
Օգնականը ես եմ։
Հոգնել է բոցն օջախում,
Օգնականը ես եմ։
Ով ինչ անի մեր թաղում,
Օգնականը ես եմ…
Վերջ – հոգեվարք ու թաղում.
Օգնականը ես եմ…
Տեսնենք ինձ ո՞վ է թաղում.
Ո՞վ կա… Տանը ես եմ,–
Օգնականը ես եմ։
ՋՈՒՐՆ ԱԿՈՒՆՔԻՑ ՉՀԵՌԱՆԱ
Ջուրն ակունքից չհեռանա,
Երկրի վրա ծով չի լինի,
Բայց ակունքը թե մոռանա,
Աշխարհի սրտով չի լինի։
Ջրի նման դու աշխարհ եկ,
Որ ջուրը քեզ չտանի, երգ։
ԱՎԱՂ, ԻՆՉՈ՞Ի ՆՈԻՅՆՆ է ՆԱԵՎ
Նույն երկինքն է գլխիս վերև,
Ու ոտքիս տակ նույն կածանը,
Բայց ուրիշ են ամպ ու անձրև,
Եվ ուրիշ է ծիածանը։
Նույն արևն է գլխիս վերև,
Ու ոտքիս տակ նույն մարգերը.
Բայց ուրիշ են ծաո ու տերև,
Եվ ուրիշ է այգու տերը։
Նույն աստղերն են գլխիս վերև,
Ու ոտքիս տակ նույն ափերը.
Բայց ուրիշ է ջուրն, արդարև,
Եվ ուրիշ է նրա բեոը։
Նույն տանիքն է գլխիս վերև,
Ու ոտքիս տակ նույն հատակը.
Ավա՜ղ, ինչո՞ւ նույնն է նաև
Մեզ րաժանող ամբարտակը։
ԻՆՁ՝ ՎԱԽԵՆԱԼՈՒ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Ինձ՝ վախենալու խիզախությունը,
Ինձ՝ տառապանքի ուրախությունը,
Ինձ՝ այս կածանի մտերմությունը,
Ինձ՝ հողի հանդեպ այս ջերմությունը։
Ինձ՝ այս քարափի ընկերությունը,
Ինձ՝ երգի տաժանքն ու գերությունը…
Մնացածը՝ ձեզ,
Ձեզ՝ այս աշխարհն ու այս տերությունը։
ԱՐԵՎ Է, ԱՆՁՐԵՎ Է ԳԱԼԻՍ
Արև է, անձրև է գալիս.
— Էհ, գայլը ցկնում է։
Խնձորը կարմրին է տալիս
Եվ ծաոից ընկնում է։
Նայում ես այսօրվա օրին,
Շիկնում, ամաչում ես,
Նայում ես ընկնող խնձորին,
Տխրում, հաոաչում ես։
Ուզում ես լաց լինել մի կուշտ,—
Որ օրն աչքից ընկնում է,
Իսկ գայլը ուրախ է անշուշտ,
Գայլին ի՛նչ, ցկնում է։
ՔԻՉ Է ՄՆՈՒՄ…
Քիչ է մնում թե մանկանամ,
Ելնեմ նորից, Գյազբել գնամ,
Նորից մանուկ գիշերի հետ
Խաղամ աստծու փեշերի հետ…
Քունս տանի, մի քիչ ննջեմ,
Երազիս մեջ երկինքն հնձեմ…
Ամպը բռնեմ լծեմ կամին,
Ճիպոտ անեմ լեռան քամին,
Քշեմ, էլ բան չհարցնեմ,
Հարդագողը հարդ դարձնեմ,
Հարդից ջոկեմ աստղ ու լուսին
Ու տուն բերեմ լուսը-լուսին։
ԱՄՊՐՈՊԻՑ ՀԵՏՈ
Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
ՄԵՆՔ ԻՐԱՐ ՃԱՆԱՉՈՒՄ ԷԻՆՔ
Մենք իրար ճանաչում էինք,
Իրար հետ կանաչում էինք,
Մեր բակի ծառիկը ու ես։
Մենք իրար ճանաչում էինք,
Իրար հետ կարկաչում էինք,
Մեր գետի ալիքը ու ես;
Մենք իրար ճանաչում էինք,
Իրար հետ հառաչում էինք,
Մեր դաշտի ծաղիկը ու ես։
Մենք իրար ճանաչում էինք,
Իրարից ամաչում էինք,
Մեր սարի եղնիկը ու ես։
Մենք իրար ճանաչում էինք
Իրար հետ շառաչում էինք,
Մեր ձորի մրրիկը ու ես…
Մի ուրիշ աշխարհ է աճում,
Գեթ մենք ենք իրար ճանաչում,
Մեր լքված տանիքը ու ես։
Մթնում է, ճրագը վառում
Եվ տխուր իրար ենք նայում՝
Իմ հոգնած տարիքը ու ես;
ՈՒՐԻՇ ՁԿՆԵՐ ԵՆ ՋՐՈՒՄ
Ուրիշ ձկներ են ջրում,
Ուրիշ ջրով են ջրում
Սիրած մարգերս։
Ուրիշ հավքեր են թռչում,
Ուրիշ ցողեր են թրջում
Հոգնած ոտքերս։
Ուրիշ աչքեր են լալիս,
Ուրիշ ձեռքեր են գալիս
Սեղմում ձեռքերս։
Ուրիշ լավեր են քայլում,
Ուրիշ ցավեր են այրում
Ուրիշ վերքերս։
Ուրիշ մամուռ է քարին,
Ուրիշ ամպեր են սարին,
Ո՞ւր են ամպերս։
Ուրիշ մեղքեր եմ քաշում,
Ուրիշ հոգսեր եմ մաշում,
Ուրիշ է բեռս։
Ուրիշ ակներ են բացվել,
Ուրիշ աշխարհ են անցել
Ծանոթ ակներս։
Իմ տարեկից աշխարհից
Լոկ սարերս են մնացել
Ու քարափներս։
Քանի մահի եմ վկա,
Ո՞ւր է կորել ու չկա
Ծույլ Գաբրիելս։
Ետ դառնալու ճար կա՞ որ,
Տեսնես ո՞ւմ էր հարկավոր
Այսքան ապրելս։
ՍԱՐԵՐ
Հազար շապիկ մաշած սարեր,
Իրար ծոցում
Իրար կարոտ քաշած սարեր,
Քարոտ սարեր, խավոտ սարեր,
Սարեր, ձեզ ի՞նչ ասեմ։
Իրար բաշից կախված սարեր,
Աստծո փեշից կախված սարեր,
Բարձրիկ սարեր, քաղցրիկ սարեր,
Սարեր, ձեզ ի՞նչ ասեմ։
Հազար որոտ լսած սարեր,
Ամպերի մեջ մրսած սարեր,
Թրջված սարեր, թրծված սարեր,
Սարեր, ձեզ ի՞նչ ասեմ։
Գլուխ գլխի քնած սարեր,
Արևի մեջ շիկնած սարեր,
Օրհնած սարեր, հոգնած սարեր,
Սարեր, ձեզ ի՞նչ ասեմ։
Հազար ամպրոպ տեսած սարեր,
Հազար ճամփորդ տեսած սարեր,
Փորձված սարեր, փոխված սարեր,
Սարեր, ձեզ ի՞նչ ասեմ։
Խոսք-աղոթքի կարոտ սարեր,
Մարդու ոտքի կարոտ սարեր,
Սարոտ սարեր, ցավոտ սարեր,
Սարեր, ձեզ ի՞նչ ասեմ։
ԱՄՊՐՈՊ
1
Երկնքում բամբյուն ու բոց,
Երկնքում կայծ ու կռիվ…
Բախվում են խորթ ու խռով
Ամպերը խռիվ-խռիվ։
Խրվում են իրար երախ,
Խրտնում են իրար գրկից,
Թռնում են իրար թիկունք,
Բռնում են իրար բկից։
Չոքում են իրար կրծքի,
Ճեղքում են իրար ճակատ,
Կտրում են իրար լեզու,
Ջարդում են դաստակ ու մատ։
Հոգնում են որոտալուց,
Քրտնում են, ջուր են դառնում,
Փլվում են երկրի վրա,
Ամեն ինչ իրար խառնում։
Կարկուտը ուշաթափված
Ընկնում է լեռան բաշին,
Կայծակը բլրին խփում,
Պոկում է գլխի կաշին։
Ամպրոպ է խմում քամին,
Հարբում է լիրբը լրիվ,
Հեգնում է, ում պատահի,
Բորբոքում վեճ ու կոիվ։
Ծառերը բռնում նրան,
Ասում են,— ինչքա՞ն մրսենք,
Մի ոռնա, ամբարտավան,
Բան ասա, թող բան լսենք։
Եվ քամին խոսք է խոսում.
— Ամպրոպ է, ինչքան ջանա,
Արևը քիթը հանի՝
Ամեն ինչ կվերջանա։
2
Աստված գիտե, թե ինչ արավ,
Իրար տվեց, իր մեջ առավ
Խութն ու խոռոչը,
Երկար ժամ էր, թե կարճ տարի,
Չհասկացանք այս աշխարհի
Այոն ու ոչը…
Ջուրը տվեց հողին ծարավ,
Տիղմ ու փրփուր ծովին տարավ,
Այս էր ամբողջը…
Գետի վրա ու կածանի
Թրթռում է ծիածանի
Կտրված պոչը…
ԱՄՊԸ
Ամպը հառաչում էր լեռան լանջին,
Դողում, սարսռում էր հասակով մեկ։
Գալիս, փաթաթվում էր վեցկու մաճին,
Հետո թավալվում էր ակոսի մեջ։
Հետո վեր էր կենում, շտկում իրեն,
Կրկին ձևեր փոխում նա զանազան,
Բարձրանում էր հետո կողերն ի վեր
Եվ շիկացած ուսն էր շփում եզան…
Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն,
Թաթերին էր դնում դունչը մռայլ,
Նայում էր ապուրի տաք գոլորշուն,
Թվում էր ուր-որ է պիտի մռռար։
Բայց չէր մռռում, ավաղ, վեր էր կենում,
Մացառներին թողած պոչը փռչոտ,
Նայում սարերն ի վեր, սարերն էր գնում,
Գնում էր չորեքթաթ կամ չոքեչոք։
Գնում էր, չէր լսում,— Այդ ո՞ւր, Բողա՛ր…
Ի՞նչ Բողար, ճախրում էր, չէր նայում ետ։
Գնում էր, որ վաղը երկինքն ի վար
Դառնար կայծակ, կարկուտ, դառնար աղետ:
ՎԱՌՎԵՑԻՆ ԱՄՊԻ…
Վառվեցին ամպի փետուրներն օդում,
Եվ հանկարծակի եկած արտույտի
Գանգրահեր երգը մնաց կոկորդում։
Կապտեցին կարմիր կողերը լեռան,
Եվ մայրամուտը մեռավ ձորերում,
Եվ աչքերիս մեջ շողերը մեռան;
ՊԱՌԿԵԼ Է ԾԱՌԻ ՍՏՎԵՐՆ ԱՆՇՇՈՒԿ
Պառկել է ծառի ստվերն անշշուկ,
Մեջքին է ընկել թաց գետնի վրա։
Խեղճը կմրսի…
Արդեն սարսռում, սևին է տալիս,
Դողում են արդեն ծնկները նրա,
Շրթունքներն արդեն իրար չեն գալիս։
Ես ի՞նչ անեմ, ծա´ռ։ Նստեմ համբերե՞մ,
Թե ելնեմ գնամ կացինը բերեմ։
Թե՞ ես էլ պառկեմ թաց գետնի վրա,
Ստվերի կողքին,
Շոշափեմ նրա զարկերակը թույլ,
Ճակատը շփեմ,
Գուցե թե փրկեմ ես նրա հոգին։
Ես ի՞նչ անեմ, ծա´ռ…
Ավելի լավ է, քանի չի դիպել
Միջօրեի թեժ ձեռքը մազերիդ,
Եվ արևը դեռ չի հասել զենիթ,
Ստվերդ ծալեմ դնեմ ծոցիս մեջ,
Վեր կենամ գնամ,
Ինքը տաքանա, ու ես զովանամ։
ԾԱՂԿՈՒՆՔԻ ՀԵՂԵՂ Է
Ծաղկունքի հեղեղ է փրփրում
Անտաոի աչքերի առաջ։
Կարոտած ականջ է փնտրում
Զարթոնքի հողոտ մի հառաչ։
Երկնքի մի շերտ է թրթռում՝
Քարափի ափի մեջ կանաչ։
Կարոտած ականջ է փնտրում
Ջրվեժի ճերմակ մի շառաչ։
Այծյամը կածանը կտրում,
Թռչռւմ է բախտին ընդառաջ։
Կարոտած ականջ է փնտրում
Պախրայի բարակ մի բառաչ։
Հավքերը զույգեր են ընտրում,
Գժվել են «աղջիկն» ու «տղան»։
Կարոտած ականջ է փնտրում
Կաքավի շաղոտ «շաղ–կղա»–ն։
ԿԱՐՈՏԵԼ ԵՆ
Հորոտ-մորոտ ծաղիկները
Կարոտել են իմ ձեռքերին,
Կարոտել են իմ ոտքերին
Հորոտ, մորոտ կածանները։
Վայրի, բարի այս հավքերը
Կարոտել են իմ երգերին,
Կարոտել են իմ ականջին
Այս շշուկներն ու ձայները…
Սի՛րտ, նրանցից կարոտս առնեմ,
Հետո դառնամ առնեմ նրանց
Ժպիտներն ու արցունքները,–
Առնեմ, դնեմ քո վերքերին,
Որ դու նորից թեթևանաս,
Ապաքինվես ու լավանաս,
Եվ համբուրես, և համբուրես
Հորոտ, մորոտ այս լեռները,
Թռվռալով թողնես գնաս
Քեզ կարոտած,
Քո կարոտած հեռուները։
ԱՌԱՆՑ ՈՐՈՏԱԼՈԻ
Քեզ բախտն ուր էլ տարավ,
Մտքով քո տանն էիր…
Դու կիրճերում փրփրած
Քո Որոտանն էիր,
Եվ որոտում էիր
Առանց կայծակ տալու։
Քո նախաստեղծ, վայրի
Գեղեցկության դիմաց
Մի նոր գեղեցկություն
Գտար… Եվ դու հիմա
Կայծակներ ես տալիս
Առանց որոտալու…
ՀՐԱՄԱՅԵՔ
Ապառաժներ համր ու հանդարտ,
Հողակիցներ իմ թանկագին,
Զորավարներ անսաղավարտ,
Թագավորներ անթագակիր,
Եկել եմ, որ լսեմ դարձյալ
Խորհուրդը ձեր փակ բերանի,
Լռությունը ձեր քառաձայն,
Համրությունը ձեր լեզվանի։
Կանգնեք այդպես իմ շուրջբոլոր,
Հրամայեք, որ քարանամ
Եվ ձեզ նման բոլոր, բոլոր
Սերունդներին ընկերանամ;
ԵՍ ՇԱՏ ԵՄ ՔՆԵԼ
Ես շատ եմ քնել
Բարձունքի վրա Գյազբելա սարի,
Գյազբելա սարի գիշերը հագած,
Անխռով պառկած
Մամուռի վրա և սունկի վրա
Գյազբելա սարի։
Եվ հիմա, երբ որ քունս չի տանում
Մետաքսների մեջ արքայավայել,
Մտքով Գյազբելա սարն եմ բարձրանում,
Ննջում եմ այնտեղ՝
Բարձունքի վրա Գյազբելա սարի,
Գյազբելա սարի գիշերը հագած,
Անխռով պառկած
Մամուռի վրա և սունկի վրա
Գյազբելա սարի։
ՔՈ ՊԱՐԱՆԸ, ԿԱԾԱՆ
Քո պարանը, կածան,
Օղ ես արել գցել
Իմ մանկության վզին
Ու կախել ես մթին
Անդունդների վրա…
Անդունդների ծոցից,
Ջրվեժների բոցից
Ես լսում եմ կարծես
Արձագանքի փոխված
Վերջին ճիչը նրա։
ԲՈԲԻԿ ՈՏՆԵՐՈՎ…
Բոբիկ ոտներով այնքան եմ քայլել
Անապատի բորբ ավազի վրա,
Որ մինչև անգամ երբ քայլում եմ ես
Մարգերի ծաղկած երազի վրա,
Իրենցից անկախ մի բան հիշելիս,
Իմ ներբանները նվում են հիմա,
Ու ես տխրում եմ չափից ավելի…
Չէ՛, դեո. չի անցել վախը երևի։
ԴՈԻ ՈՒԶԵՑԻՐ
Դու ուզեցիր, որ ես
Քեզ տիրություն անեմ,
Ու ես անտեր մնամ։
Ամեն, ամեն ինչ տամ,
Տեղը ոչինչ չառնեմ,
Ու քեզ ընկեր մնամ։
Դու իմ արևն առար
Եվ ուզեցիր, որ ես
Շնորհակալ լինեմ,
Ես անարև մնամ,
Բայց բո բախտի համար
Արևագալ լինեմ։
Դու ուզեցիր, որ ես
Քեզ թողնեմ ու գնամ,
Բայց և քոնը լինեմ,
Արցունքի մեջ մնամ
Ու սգի մեջ մնամ,
Եվ քո տոնը լինեմ։
Դու ուզեցիր, որ ես
Փոխվեմ հազար անգամ,
Բայց և հինը լինեմ։
Քեզ ուրիշին տվիր
Եվ չուզեցիր անգամ,
Որ ես իմը լինեմ։
Դու ուզեցիր, որ ինձ
Քո մեղքերով չափեմ
Ու մեղքի տակ մնամ,
Քո մեղքերի վրա
Իմ աչքերը փակեմ
Եվ անգիտակ մնամ…
Գուշակեցեք, խնդրեմ,
Մարգարեներ, հիմա,
Ես ձեր ճորտը լինեմ,
Թե մինչև ե՞րբ պիտի
Ես իմ տան մեջ՝ միակ
Ավելորդը լինեմ։
ԵՍ ՀԱՐՈՒՍՏ ԷԻ
Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի երազանքներով
Գնել յոթ երկինք ու տալ քեզ նվեր։
Բայց դու երկնքի կարիք չունեիր,
Քեզ լոկ մի կապույտ թաշկինակ էր պետք
Իմ կապույտ–կապույտ
Արտասուքները սրբելու համար։
Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ վերհուշերի անհուն պաշարով
Գնել աշխարհի ծովերը բոլոր
Ու տալ քեզ նվեր,
Բայց դա ծովերի կարիք չունեիր,
Քեզ հարկավոր էր լոկ մի հայելի՝
Մազերիդ վրա
Մատներիս մեղքը տեսնելու համար։
Ես հարուստ էի։ Ես կարող էի
Անվերջանալի իմ կորուստներով
Գնել Հարդագողն ու տալ քեզ նվեր։
Դու Հարդագողի կարիք չունեիր,
Քեզ լոկ մի խավոտ ուղեգորգ էր պետք՝
Վրան քանդակված
Իմ ոտնահետքը տեսնելու համար։
Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի տառապանքներով
Գնել յոթ աշխարհ,
Հայտնի և անհայտ մայրցամաքներով,
Ու տալ քեզ նվեր։
Դու մայրցամաքի կարիք չունեիր,
Քեզ մի ածու էր հարկավոր միայն
Իմ ցանած հերկը տեսնելու համար։
Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի հղացումներով
Գնել յոթ հազար հավիտենություն
Ու տալ քեզ նվեր։ Բայց դու, հիրավի,
Հավիտենության կարիք չունեիր,
Քեզ մի մեղրամիս, մի մեղրատարի
Եվ մի արծաթե հարսանիք էր պետք,
Քո բախտի վրա և ուսիդ վրա
Իմ հասնող ձեռքը տեսնելու համար։
Ես հարուստ էի։ Եվ թվում էր, թե
Ինձանից հարուստն աշխարհում չկա
Ու չի լինելու։
Բայց դու ինձանից հարուստ դուրս եկար,
Դու, անհատնելի իմ հարստություն:
ՔՈ ԽՈՆԱՐՀ ՋՐԿԻՐՆ ԵՄ ԵՂԵԼ
Քո խոնարհ ջրկիրն եմ եղել,
Եղել եմ՝ և տերդ։
Ինչքան որ ուժերս ներել,
Ներել եմ մեղքերդ։
Թե ինձ էլ լքել եմ մեն-մեկ,
Չեմ լքել պատկերդ,
Երեսով չեմ տվել երբեք
Ուշացած պարտքերդ։
Երգել ես, լցվել եմ երգով,
Իզուր է հերքելդ,
Եվ թաքուն այրվել եմ, երբ որ
Այրվել են վերքերդ։
Տվել եմ քեզ բախտս անխառ,
Արևս, երկինքս
Եվ ինչքս, որ մինչև անգամ
Չունեի ես ինքս։
Տվել եմ,– չեմ առել ոչինչ,
Շնորհ էր շիկնելդ,
Եվ ոչինչ հարկավոր չէր ինձ,
Հերիք էր լինելդ։
Ինձ համար հերիք էր արդեն
Ժպտալդ ու լալդ,
Երբ գալդ պարգև էր մի մեծ,
Ուր մնաց մնալդ։
Եվ դարձյալ առնելիք չունեմ,
Բայց շատ է տալիքս,
Ներիր ինձ, ներիր ինձ, եթե
Չների տարիքս։
Քո խոնարհ ջրկիրն եմ եդել,
Եղել եմ և տերդ,
Ինչքան որ ուժերս ներել,
Ներել եմ մեղքերդ։
ԵՐԱԶԻՍ ՄԵՋ
Երազիս մեջ ես ինձ տեսա քո աչքերով,
Քո աչքերով, քո աչքերով ճանաչեցի։
Երազիս մեջ ես մեռա ինձ անիծելով,
Երազիս մեջ ես ինձանից ամաչեցի։
Երազիս մեջ քեզ խղճացի հազար անգամ,
Հազար անգամ քեզ ներեցի երազիս մեջ,
Եվ զարմացա, ավելորդ է ասելն անգամ,
Թե ես ինչպե՞ս համբերեցի երազիս մեջ։
Երազիս մեջ համբերեցի։ Բայց արթնացա
Եվ հասկացա, որ վաղուց ես ինձ սպանել…
Ես մեկն էի, ինչպե՞ս է, որ երկու դարձա.
Միտք եմ անում… ու չեմ կարող լուսաբանել։
ԵՎ ՉԻՄԱՑԱՆՔ ԹԵ ԻՆՉՈ՞Ի
Ես չիմացա թե ի՞նչու,
Դու չիմացար թե ի՞նչպես
Պատահեցին մեկ-մեկու
Մեր երազներն—առանց մեզ։
Պատահեցին մեկ-մեկու
Ու կանչեցին ինձ ու քեզ,
Ես չիմացա թե ի՞նչպես,
Դու չիմացար թե ի՞նչու։
Դու չիմացար թե ի՞նչպես,
Ես չիմացա թե ի՞նչու
Բուրմունք փռեց ծաղկի պես
Դաշնությունը մեր հոգու։
Ես էությամբ դարձա դու,
Դու էությամբ դարձար ես,
Ես չիմացա թե ինչպե՞ս,
Դու չիմացար թե ի՞նչու։
Խառնվեցին երկու «ես»
Ու դարձան մեկ՝ «ես ու դու»,
Դու չիմացար թե ի՞նչպես,
Ես չիմացա թե ի՞նչու։
Բայց չներեց բախտը մեզ,
Ես դարձա — ես, դու էլ՝ դու,
Դու չիմացար թե ի՞նչու,
Ես չիմացա թե ի՞նչպես։
Ու բախվեցինք մեկ–մեկու,
Ու հեռացանք մշտապես,
Եվ չիմացանք թե ի՞նչու,
Եվ չիմացանք թե ի՞նչպես։
ԵԹե ԵՍ ՄԻ ՕՐ
Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Ո՞ւմ հառաչից ես դու վեր թռնելու,
Ո՞ւմ թևերով ես վեր-վեր թռնելու,
Հոգին առնելու առանց պատճառի։
Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Ո՞ւմ աչքերով ես քեզ ճանաչելու,
Բռիդ մեջ առած ո՞ւմ ես տանջելու,
Ո՞ւմ ես խաչելու հիսուսավարի։
Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Էլ ո՞ւմ հովերն են քեզ օրորելու,
Ո՞ւմ խոսքի մեջ ես սուտ որոնելու,
Ճշտելով տեղն ու տարազը տառի։
Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Էլ ո՞ւմ գլխին ես կրակ թափելու,
Ո՞ր անտերին ես քեզ տեր կարգելու
Եվ շնորհելու կոչումն անճարի։
Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Ո՞ւմ ես անդադար ահաբեկելու,
Ո՞ւմ սուտ մեղքով ես մեղքդ հերքելու,
Ո՞ւմ ես գցելու բերանն աշխարհի։
ԿԳԱՄ
Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ։
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա;
Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա։
Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ։
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ —
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ։
Կգամ և կդառնամ զտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ՝ տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա։
Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ։
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր անհայտ մոլորակից կգամ։
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա։
ԽԵԼՔՍ ՔՈ ԽՐԱՏԻՑ…
Խելքս քո խրատից չկշտացավ,
Տված ու խլածից չկշտացավ.
Ախ, կրակված սիրտս, անսիրտ աշխարհ,
Անսիրտ քո կրակից չկշտացավ:
ԱՉՔՍ ԱՆՏԱՌԻՑ…
Աչքս անտառից չկշտացավ,
Ականջս բառից չկշտացավ։
Ախ, հոգնած ոտքս՝ դար ու քարոտ
Այս ճանապարհից չկշտացավ։
ՁՈՐԵՐՍ…
Ձորերս… նրանք
Օրորոցներն են մանուկ օրերիս,
Մանկան աչքով եմ նայում ձորերիս։
Ձորերս… նրանք
Գերեզմաններն են մեռած օրերիս,
Լալկան աչքով եմ նայում ձորերիս։
Ձորերս… նրանք հարուստ, հյուրընկալ
Օթևաններն են՝ դեռ աշխարհ չեկած,
Չապրած օրերիս,
Եվ ես ձորերիս՝ աչքածակ աչքով
Ու փակ աչքով եմ նայում ձորերիս։
ԱՄԵՆ ԻՆՁԻՑ
Այս ձորերում ամեն ինչից
Օրորոցի հոտ է գալիս,
Պապենական սուրբ օջախի
Ծուխ ու բոցի հոտ է գալիս,
Արմատի հոտ, բողբոջի հոտ
Ու խեժի հոտ տոհմածառի,
Վարող-ցանող հոր ձեռքերի
Ու մոր ծոցի հոտ է գալիս։
ՕՐԸ ՄԱՇՎՈՒՄ Է
Օրը մաշվում է, քաշվում է օրը,
Ինչ արած, օր է, ողորմի հորը…
Ամոթ չլինի հարցնել ասելը.—
Բայց ո՞ւր են տանում այսքան լույսերը,
Որտե՞ղ է թաղում այսքան ձայները…
Եվ մինչև գտնեմ պատասխանները,
Քարափներն ի վար իջնում է ձորը
Ստվերների սև հեծելազորը։
ՄԻ ԲՈՒՌ ԵՍ
Մի բուռ ես, ասում են, մի բուռ ես,
Երգիս մեջ քարափ ու մամուռ ես,
Խաղողի ողկույզ ես ու նուռ ես,
Եվ նորոգ մի բախտ ես երգիս մեջ,
Եվ մի հին, հնօրյա մրմուռ ես։
Բայց կյանքում, ուրիշ ես դու կյանքում.
Սասնա-ծուռ քաջերիդ համար
Եվ Սասնա լաճերիդ համար
Դու կյանքում օջախ ես սեփական,
Սեփական տանիք ես ու դուռ ես։
ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿՐԻ…
Հայաստան երկրի
Ջրվեժի ճերմակ համբույրից հետո
Սկանդինավյան ձերբազատ ձմռան
Կեսգիշերների առագաստավոր
Մրրիկներն անգամ, ինչ արին-չարին,
Շուրթերիս վրա ձյունաթույր մի դող,
Մի սարսուռ փռել չկարողացան։
Հայաստան երկրի
Տաքդեղի կարմիր հրդեհից հետո
Միջինաֆրիկյան միջօրեների
Թանձր ու թեժաթուխ համբույրներն անգամ,
Ինչ արին-չարին,
Շուրթերս վառել չկարողացան։
ՔՈ ՇՐԹՈՒՆՔՆԵՐԸ…
Քո շրթունքները Հայաստանոտ են,
Հայաստանոտ են քո շշուկները,
Քո ժպիտներն ու արտասուքները
Հայաստանոտ են։
Հայաստան հյուսող քո այդ ձեռքերը,
Քո արդեն գրված ու դեռ չգրված
Բոլոր երգերը Հայաստանոտ են։
Հայաստանոտ են քո ապրած կյանքի
Բոլոր էջերն ու ելևէջները։
Քո տանջանքներն ու երազանքները
Հայաստանոտ են…
Եվ դու այնքան ես հայ ու Հայաստան,
Որ մինչև անգամ Հայաստանից դուրս
Քո անցած բոլոր ճանապարհները
Հայաստանոտ են։
ՄՈՐՍ ԾԱՂԻԿ ԾՈՑԻ ՄԵՋ
Մորս ծաղիկ ծոցի մեջ
Կար մի ծիվ-ծիվ Հայաստան,
Ամեն ծալքում մեր ծխի
Կար մի ծիլ-ծիլ Հայաստան։
Հույսեր, հույսեր իմ բուռ-բուռ,
Ձեր ամեն մի հատիկում
Ծլարձակում կար մի լուռ
Եվ կար մի ծիլ Հայաստան։
Երազներ իմ ձյունեղեն,
Մաքուր, մաքուր երազներ,
Ձեր ամեն մի փաթիլում
Կար մի փաթիլ Հայաստան։
Արտասուքներ իմ վճիտ,
Որ ծորացիք ամենուր,
Ձեր ամեն մի կաթիլում
Կար մի կաթիլ Հայաստան։
Երամներ իմ կարոտի,
Ձեր ամեն մի կանչի մեջ
Կար մի տատրակ, մի կռունկ,
Մի արագիլ Հայաստան։
Զարկերակներ իմ զարմի,
Ձեր ամեն մի զարկի մեջ
Զնգում էր մի զրեհիկ,
Զվարթ ու զիլ Հայաստան։
Հավերժություն, աչքդ լույս,
Ուղևորդ է մի նորոգ,
Կանաչ-կարմիր, ծիրանի,
Ճերմակ ու բիլ Հայաստան։
ԾՆՆԴԱՎԱՅՐ
Մի դատարկված ամպի նման
Եկել եմ ես,
Որ ջուր տանեմ քո ձորերից
Դաշտի ծարավ ծաղիկներին։
Եկել եմ, որ մի անգամ էլ
Նստեմ քեզ հետ,
Խոսք-խոսքի տամ, խորհուրդ անեմ,
Ելնեմ գնամ,
Մի խոսք ասեմ քո անունից,
Մի լուր տանեմ գալիքներին։
ՎԵՐՀՈՒՇԵՐՆ ԻՄ ՀԱՎԱՔՎՈՒՄ
Վերհուշերն իմ հավաքվում,
Ախ, ամեն օր, ամեն օր
Նորոգում են իմ հոգում՝
Այն հեռավոր, հեռավոր
Ձորում թողած մի վտակ՝
Ոտքը քարին օրնիբուն,
Մի քարքանդված քարատակ,
Մի քրքրված մանկություն:
ԱՅՍՏԵՂ ՔԱՐԱՓԸ…
Այստեղ քարափը ծունկի էր գալիս,
Եվ ծունկ էր տալիս քարե կածանը։
Ուշքը գնում էր, ուշքի էր գալիս,
Երբ որ առնում էր աչքս ձեր տանը։
Քարափը քարե կղզի է դարձել,
Եվ ջրի տակ է քարե կածանը։
Վայրի բաղերը խնջույք են բացել,
Ճայերը ձու են դրել ձեր տանը։
Լճափին քնել, քնով եմ անցել…
Մնացածն ասի թող Որոտանը։
ՊԱՏՐԱՆՔ
Սո՜ւս… սլանում է կրկին
Քամին–ձորում ձիավոր
Ու տանում է իր գլխին
Մեր տան ծուխը ծիլավոր։
ԼՈՒՅՍԸ ԲԱՑՎԵՑ
Լույսը բացվեց,.. Ի՞նչ տանեմ դաշտ:
Տանն ի՞նչ ունենք, որ ի՞նչ տանեմ,-
Հոր նախատինք, պապի խրատ,
Մոր ձեռքի հոտ, հոգս ու համեմ։
Մթնեց… ի՞նչ եմ բերում դաշտից,—
Կանաչ-կանչեր, արև ու ամպ—
Մազ—մախաղիս, ծոցիս, սրտիս
Եվ աչքերիս տարողությամբ։
ՕՐԵՐ, ԾԻԼ-ԾԻԼ…
Օրեր, ծիլ-ծիլ մի ծուխ բերեք
Պատանության կրակներից,
Մի լույս բերեք հոգնած ու հեզ
Ճամփաս պահող ճրագներից։
Աչքեր չունե՞ք, բա չե՞ք տեսնում,
Որ բախտս ձեր խղճին թողած,
Վերհուշերի ջրերն ընկած,
Ջուրն եմ իջնում Ջրակներից…
ԲԱՅՑ Ո՞ԻՐ ՏԱՆԻ
Իրար գլխի նստած սարեր,
Ձորեր քնած իրար ծոցում։
Սարերի մեջ ու ձորերի
Մի քարեղեն իրարանցում,
Սարերի մեջ ու ձորերի
Մի քարեղեն իրարանցում…
Եվ մի քարափ—քարերի մեջ
Գլուխը կախ, ձեռը ծոցում։
Մամուռ-շապիկ ունի հագին,
Մամուռ-թիկնոց պատառ-պատառ,
Գլխին թաղկած մի թզենի,
Ու ոտքերին՝ մոշ ու մացառ։
Անշարժություն փոթորկալի
Եվ քարեղեն ալեբախում…
Թվում է, թե պիտի քայլի,
Բայց ինչո՞ւ է ոտքը կախում։
Թվում է, թե պիտի քայլի,
Բայց ի՞նչ արած, չի էլ փորձում…
Կանգնել է լուռ, խորհրդավոր–
Գլուխը կախ, ձեռը ծոցում։
Կանգնել է լուռ, խորհրդավոր.
Թե քայլ արավ, պիտի առնի,
Թոռ ու ծոռով, իր քարեղեն
Գերդաստանն էլ հետը տանի։
Կանգնել է նա լուռ ու հանդարտ…
Քայլեց, պիտի հետը տանի…
Բայց ո՞ւր տանի այս մի պատառ
Ինքնությունը Հայաստանի։
ԱՇՆԱՆ ՀՐԴԵՀՆ Է ԳԱԼԱՐՎՈՒՄ
Աշնան հրդեհն է գալարվում
Ձորալանջերն ի վար։
Ո՛չ մեռնելու ուժ է ճարում,
Ո՛չ փրկության հնար —
Ու դողում է հասակով մեկ
Մանկությունս վայրի,
Վախենում է՝ հրդեհի մեջ
Ցնցոտիներն այրի։
ԳԱՐՈՒՆ ԷՐ…
Գարուն էր… սիրտս գնաց,
Բարձունքից-բարձունք ընկավ,
Ոտքիս տակ, ամեն քայլիս,
Մանկության մասունք ընկավ…
Վեր թռա ինչ-որ կանչից,
Տառապած բարձիս վրա
Աչքիցըս իրեն-իրեն
Մի կաթիլ արցունք ընկավ։
ԱՄԱՊՐՈՊՆ ԱՆՑԱՎ
Ամապրոպն անցավ… Հող ու երկինք
Թարմությունից խենթանում են,
Բայց խենթացած հեղեղներս
Կամաց-կամաց խեղճանում են…
Նստեմ հիմա «ավաղ» կանչեմ
Եվ ախ կանչեմ հազար բերան,
Որ երազի, հոգսի, սիրո
Պաշարներս վերջանում են,
Վերջանում են…
ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՑԱՎ ՉՈՒՆԵՆԱՐ
Թող աշխարհը ցավ չունենար,
Կարեկցելս չտեսնի,
Իր կարեկցանքն իրեն մնար,
Ես՝ վերքերս չտեսնեի։
Սիրտն առնեի ծարավ մարդկանց
Ու գնայի կարկաչելով,
Աչքս փակվեր ժամանակին,
Ցամաքելս չտեսնեի։
ՀՈԳՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Հոգնության հետ, հոգսի հետ
Ընկերացել ես արդեն,
Բազկաթոռին ու մահճին
Ընտելացել ես արդեն։
Օրը դարձել է տարի,
Եվ տարին օր է թվում,
Բայց չես ուզում հասկանալ,
Որ ծերացել ես արդեն։
ԿԱԾԱՆԸ ՊՈՒՏ-ՊՈՒՏ
Կածանը պուտ-պուտ շապիկը հանել,
Հանել թողել է
Մարմանդի պուտ-պուտ քարերի վրա,
Հևասպառ եկել,
Ծալվել, ծալծլվել, կծիկ է դառել
Եվ արևկող է արել գետափի
Զոլավոր, կապույտ քարերի վրա։
Մի բուռ է, բայց դուք, օտարուհիներ,
Այդպես մի նայեք, երկար է կարգին,
Կծիկը բացես, քարափներն ի վեր,
Ծայրը կհասնի մինչև Ծիր-կաթին։
ԱՄՊԻ ԳԼԽԻՆ
Ամպի գլխին նստած բարձունք—
Ամպից բուսած հսկա մի սունկ,
Հսկա մի սունկ սիփ-սպիտակ։
Ամպի փեշից կախված կածան—
Կանաչ-կարմիր մի ծիածան
Ծայրը ծալած քարերի տակ։
Լողում է այս հրաշքն անվերջ
Իմ բախտավոր աչքերի մեջ…
Իմ աչքերին աչքով չտաք:
ՔՆԱԾԻՆ Ո՞ՒՐ ԵՍ ԱՍՈՒՄ…
Քնածին ո՞ւր ես ասում,
Մի արթունի ասա…
Սահյանն է այս հողի տակ,
Վնաս չունի, ասա։
Եկել ես, անց ես կենում
Գերեզմանի մոտով,
Մի հայրեն ասա՝ լսի,
Մի անտունի ասա։
Որքան էլ սիրտը այրել
Ու խորովել, ասա,
Իր բախտից ոչ մի անգամ
Չի խռովել, ասա։
Անցնելիս ոտքդ կախիր,
Ուրիշ կտակ չուներ,
Մի «Կռունկ» ասա՝ լսի,
Մի հորովել ասա։
ՍԵՎ ՔՐՏԻՆՔ Է ՔԱՄՈՒՄ
Սև քրտինք է քամում քարանձավը կրկին,
Սև երախը բացել և սև ամպ է լափում,
Մոշի թուփը կանգնել քարանձավի հոնքին
Եվ խեղճ առվի գլխին սև կարկուտ է թափում:
Սև մշուշի միջից կարմիր բոց է բխում—
Մախրենին է մխում քարե բարձի վրա,
Ո՞վ իմանա արդյոք, ի՞նչ մտքեր են գլխում
Եվ ինչե՞ր է խորհում
Քամիների անհոգ անցուդարձի վրա։
Թափուր ձորի վրա
Ծիծեռնակի թափուր բույնն է կախվել նորից,
Եվ մասրենին՝ թափուր կածանների վրա
Իր երազի կարմիր ասուպներն է թափում։
Առվի փեշերն ի վեր
Մի բուռ խոնավ կանաչ ծիծաղում է ձորից.
Թե, հա, տեսեք-տեսեք, ես պատրանքն եմ գարնան,
Մեկը լինի ասի, վերջին, վերջին կանաչ,
Դու այդ ո՞ւմ ես խաբում…
Դու այդ ո՞ւմ ես խաբում, երբ անտառի դեղին
Խելքը վերջին մրսած մացառին է անցել,
Եվ քարափներն անգամ իմաստուն են դարձել։
ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՆՆՋՈՒՄ
Որտե՞ղ են ննջում
Իմ վաղնջական
Առավոտները։
Վեր կենամ գնամ,
Համբուրեմ նրանց
Շաղոտ ոտները։
Ի՞նչ են անրջում
Քերծերից կախված
Արահետները։
Վեր կենամ գնամ,
Առաջվա նման
Խաղամ հետները։
Ի՞նչ են շշնջում
Ակներից փախած
Իմ առվակները։
Վեր կենամ գնամ,
Քարե-քար ընկնեմ,
Գտնեմ ակները։
ՀԱՐՑՈՒՄ ԱՐԻ
Հարցում արի, ժպտաց,
Առուն անուն չուներ։
Անհուն ձորերի մեջ
Կարգին մի հուն չուներ։
Սպիտակել էր նա,
Բայց ծերություն չուներ։
Խաղաղ անկյուն չուներ,
Աչքերին քուն չուներ,
Եկավ, կանչեց, գնաց,
Համբերություն չուներ…
Թռչունների, ամպի
Ստվերները վրան,
Գնաց՝ գետը անցնի,
Գետը տարավ նրան։
ԵԹԵ ԱՇԽԱՐՀԸ ՆՈՒՅՆՆ ԷՐ ՄՆԱԼՈՒ
Եթե աշխարհը նույնն էր մնալու,
Եթե քո ջանքից
Նրա բեռը չէր թեթևանալու,
Էլ ո՞վ էր ասում,
Որ այնքան ծանր հոգսերը նրա
Առնեիր քո թույլ ուսերի վրա։
Եթե քո առաջ դուռ էր փակելու
Եվ չէր դնելու ականջը լանջիդ,
Եվ գլուխ չուներ՝ արձագանքելու
Ամեն մի կանչիդ.
Էլ ինչո՞ւ էիր այդքան թրթռում,
Էլ ինչո՞ւ էիր դու քեզ քրքրում,
Էլ ինչո՞ւ էիր ականջդ սրում,
Որ նրա ամեն շշուկը բռնես,
Որ նրա ամեն խորհուրդն ըմբռնես,
Նրա հետ ընկնես, նրա հետ թռնես,
Մեռնես, համբառնես…
Էլ ինչո՞ւ էիր,
Բոբիկ ոտներդ մաշում քարերին,
Փորձում անհնարն ու անկարելին,
Եթե աշխարհը նույնն էր մնալու,
Եվ ինչ-որ չափով
Չէին մաշվելու հոգսերը նրա։
Բայց էլի, սիրտ իմ,
Շնորհակալ եմ ես հազար անգամ,
Որ գոնե ինքդ բեռ չմնացիր
Աշխարհի հոգնած ուսերի վրա։
ԵՐԲ ՀԵՐԿԱԾԻՍ ՀԱՄԱՐ
Երբ հերկածիս համար
Ինձ հատուցող չկա,
Էլ խոպանն ու խութը
Ինչպե՞ս հերկեմ։
Երբ իմ ոչ մի կորուստն
Ինձ հետ լացող չկա,
Աստծու մեռած գութը
Ինչպե՞ս փրկեմ։
Երբ ճշմարիտ խոսքիս
Հավատացող չկա,
Յոթգլխանի սուտը
Ինչպե՞ս հերքեմ։
Երբ քո դռներն, աշխարհ,
Իմ դեմ բացող չկա,
Այս մեծ ելումուտը
Ինչպե՞ս երգեմ։
ԳԼՈՒԽՍ ԱՌԵԼ ԱՓԵՐԻՍ ՄԵՋ
Գլուխս առել ափերիս մեջ,
Նստել եմ ժեռ քարի վրա,
Միտք եմ անում բլուրների
Ու սարերի պարի վրա…
Խառնվել են սար ու բլուր,
Էլ տարիք ու հասակ չկա,
Ամպ են դարձել բլուրների
Ստվերները սարի վրա։
Ի՞ՆՉ ՀԱՍԿԱՆԱՄ
Ի՞նչ հասկանամ ես իմ խաղաղ,
Խորհրդավոր ժամանակից,
Հոգնասահման այս աշխարհում
Երկնքի և հողի միջև
Չի մնացել սահմանագիծ,
Հոտը հովիվ չի ճանաչում,
Չի ճանաչում հավքն իր ձագին.
Եվ… դառել է մինչև անգամ
Գայլը գառին ժառանգակից;
ԿՈՒԶԵՍ ՊԱՅԹԻՐ
Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սի՛րտ, անցել է սրտի դարը։
Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սի՛րտ, անցել է քո հազարը։
Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սի՜րտ, ք՛ո զարը։
Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշխարհի
Եվ աշխարհի ճանապարհը։
Ի՞ՆՉ ԱՐԱԾ
Ես արծվի ձվից դուրս եկա,
Ճնճղուկներն ինձ հետ մրցեցին,
Խլացրին շառաչը թևերիս
Եվ միայն ծվոցս լսեցին։
Ի՞նչ արած, այդպես պատահեց,
Աշխարհ էր, ու բախտ էր աշխարհում,
Ծնվեցի թռչելու համար,
Ինձ առան հորիկ լծեցին։
ՏՈԿՈՒՄ, ՔԱՇՈՒՄ ԷՐ
Տոկում, քաշում էր եզը համառ,
Շողք ու սարսուռ էր շաղում հողին։
Լեզուն հանում էր, օձի նման,
Ճիպոտի հետքը եզան կողին։
Քաշում էր, ինչքան ուժը պատեր,
Ու երբ պառկում էր մութը հողին,
Տքնության համար որպես պարգև
Ճիպոտի հետքն էր տանում կողին։
ԽԼՈՂ ՉԿԱ
Քո վաստակած ոտքերի տակ
Գորգ ու ծաղիկ փռող չկա,
Կռիվ չանես քո բախտի հետ,
Ուրիշ մի բախտ կռող չկա,
Շնորհակալ եղիր բախտից,
Որ գանձերդ ամենաթանկ,
Ունեցվածքդ անհատնելի —
Կորուստներդ, կորուստներդ,
Կորուստներդ խլող չկա։
ՀՈՎ ԵՄ ԱՐԵԼ
Հով եմ արել սրան-նրան,
Հով լինելս չեմ զգացել,
Ինձ ասել են,
Չեմ ճանաչել հուն ու սահման,
Ծով լինելս չեմ զգացել,
Ինձ ասել են։
Բախտն ինձ շատ է խփել քարի,
Բայց այնքան եմ եղել բարի,
Որ նրա հետ այսքան տարի
Խոով լինելս չեմ զգացել,
Ինձ ասել են։
Մեկն իմ աչքի փուշն է հանել,
Մեկն իմ խոսքից մեղր է քամել…
Մեկն էլ անվերջ միսս ծամել,
Համով լինելս չեմ զգացել,
Ինձ ասել են։
Փոխս չեմ ընկել, ինչքան որ կամ,
Ոչ ոքի հետ ոչ մի անգամ,
Բայց, ի՞նչ արած, մինչև անգամ
Ով լինելս չեմ զգացել,
Ինձ ասել են։
ՄԱՅՐԱՄՈՒՏ, ՄԱՍՅԱՑ ԳԱԳԱԹԻՆ
Մայրամուտ, Մասյաց գագաթին
Խարույկդ վառած մեռնեի,
Արևից, հողից, հողմերից
Կարոտս առած մեռնեի,
Իմ վերջին հառաչքի միջից
Գոհության ճիչը բողբոջեր,
Արտերս, արտերս վարած,
Պարտքերս մարած մեռնեի։
© Համո Սահյան,«Սեզամ, բացվիր», 1972թ.
ԿԳԱՄ
Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:
Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:
Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ—
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:
Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:
Երբ սիրում ես, մտքիդ մեջ ինչքան էլ պատճառաբանություններ ես փնտրում, միևնույնն է, չես գտնում: Սահյանն էդ դեպքերից է:
ԱՇՆԱՆԱՄՈԻՏԻ ՋՐԵՐԸ ԲԱՐԱԿ
Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:
Առաջին սերս քրքրվեց, մնաց
Մասրենիների փշերի վրա…
Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
Սիրո սարսուռ են բերում սարերից:
Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Ո՞ւմ հառաչից ես դու վեր թռնելու,
Ո՞ւմ թևերով ես վեր-վեր թռնելու,
Հոգին առնելու առանց պատճառի։
Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Ո՞ւմ աչքերով ես քեզ ճանաչելու,
Բռիդ մեջ առած ո՞ւմ ես տանջելու,
Ո՞ւմ ես խաչելու հիսուսավարի։
Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Էլ ո՞ւմ հովերն են քեզ օրորելու,
Ո՞ւմ խոսքի մեջ ես սուտ որոնելու,
Ճշտելով տեղն ու տարազը տառի։
Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Էլ ո՞ւմ գլխին ես կրակ թափելու,
Ո՞ր անտերին ես քեզ տեր կարգելու
Եվ շնորհելու կոչումն անճարի։
Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Ո՞ւմ ես անդադար ահաբեկելու,
Ո՞ւմ սուտ մեղքով ես մեղքդ հերքելու,
Ո՞ւմ ես գցելու բերանն աշխարհի։
էլ ես ավել ինչ ասեմ ??????
Էսքան ճշմարիտ հայրենասիրություն, էսքան անկեղծ սեր, վերհուշի ցավ ու քաղցրություն, էսքան անկեղծություն ու իրականության ճշմարիտ արտացոլում երևի մենակ Սահյանի մոտ կգտնենք: Հրաշք է ամենմի տողը, ամեն մի բառը:
Համո Սահյանի բանաստեղծությունները ընթերցելով քանի՜ քանի՜ բանաստեղծներ գլխի ընկան, որ իրենք բանաստեղծ չեն:
ՉԱՓԱԾՈ ԽՈՍՔԸ ՈՒՆԻ ԻՐ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՀՄԱՅՔԸ, ԻՍԿ ՈՉ ՉԱՓԱԾՈ ՊՈԵԶԻԱՆ՝ ԻՐ: ՈՒՍՏԻ ՄԵԿԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼՈՐԴ ՉԻ ԴԱՐՁՆՈՒՄ ՄՅՈՒՍԸ: ՄԻԱՅՆ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ,ՄՈԴԱՅԻԿ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՉԱՓԱԾՈՆ ՀԱՄԱՐԵԼ ՈՉ ԱՐԴԻԱԿԱՆ: ՎԿԱ՝ ՆԱև՛ ՍԱՀՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԸ:
Սահյանը Կովկասի ժամանակակից խոշորագույն բանաստեղծներից է:Գլխավորը նրա մեջ իսկությունն է:
Սահյանը մեր բնության հոտն է, մեր ինքնության խորքը…