«հարցազրույց ինքս ինձ հետ» շարքից
– մեկ-երկու բառով նշեք
ձեր բանաստեղծության
առանձնահատկությունները
– զուսպ են չեն ճչում
խունջիկ-մունջիկ չեն գալիս
ընթերցողի հիշողության մեջ
տարածվում
նստում են ծաղկափոշու պես
*
– բանաստեղծության
ձեր չափանիշը
– որ այն լինի
նաև բանաստեղծություն
անցած-գնացած դարերի համար
*
– ձեր ներշնչանքը
ի՞նչ ակունքներից է բխում
– հույզի ակնթարթային վետվետումներից
պայծառացած մտքի շողարձակումներից
մաքուր ապրումի շնկշնկոցներից
ամբողջի հետ մեկ լինելու ներսուզումներից
զնզնգացող անմարմին խոսքի կանխավայելումներից
չնչին սովորական երևույթների
դիտարկումներից
*
– ձեզ այնքան էլ չեն սիրում
հեգնում քմծիծաղում են
լուրջ չեն ընդունում
ունեք կռահումներ
ինչի՞ համար
– միգուցե պատճառը
խաբուսիկ ինքնահեգնանքս է
միգուցե
ընդգծված զանցառությունս է
լուրջ և անլուրջ թեմաների
միգուցե
վերջին շրջանի
ձաղկող գործերս են
միգուցե
անպաճույճ տողերս են
միգուցե
անհավակնոտ գիրս է
միգուցե
այլոց համար արտասովոր
ոչ բանաստեղծական ապրումներս են
լիքը պատճառներ կան
եսիմ
– մեր մեջ ասած
մեր ընկերներից մեկը
վերջերս շատ նրբորեն
մեզ ակնարկեց
մեր վերջին գրքի վերնագրի
Ունայնիկների
գրագողության մեջ
ի՞նչ կասեք
– իհարկե ներքուստ վրդովվեցի
ինքս մեր մեջ եռ եկա
19-րդ դարի անգլիացի
նկարիչ բանաստեղծ Էդվարդ Լիրը
անունը մեր ընկերը ասաց
լիմերիկներ է գրել
անհեթեթ իմաստազուրկ
հինգտողանի բանաստեղծություններ
գրքի վերնագիրն էլ
հենց Անհեթեթություններ է
և ի՞նչ ես կարծում
վերնագրերի պատահական համընկնումը
գրագողությո՞ւն է
երբ ինքներս
կիլոմետրերով վերնագրեր
կարող ենք արտահանել
*
– լավ
իսկ Գևորիկների մասին
ի՞նչ կասեք
միայն չարդարանաք
թե անտեղյակ էիք
Վերգիլոսի Գեորգիկներից
Դեմոսֆենի և Ցիցերոնի Ֆիլիպիկներից
Ւգոր Գուբերմանի Գարիկներից
– իհարկե
էդ ամենի մասին ես գիտեի
առաջին հերթին
ինձ հրապուրեց անվան հետ կապված
խաղարկումների լայն հնարավորությունները
մեր պոեզիայում
նման բան երբեք չէր եղել
ես ինքնամոռաց ներքաշվել էի
ստեղծագերծական խաղի մեջ
ինչպես հիմա
թեպետ ոմանք
հնարավոր է կարծեն
թե տառապում եմ
անձի երկատվածությունից
կամ մեծամիտ եմ
*
– իսկ ի՞նչ
արձագանքներ եղան
Ունայնիկների վերաբերյալ
որքան գիտեմ
այն համարում եք
մեր պոեզիայի համար
նշանակալից գիրք
սակայն եթե անկեղծորեն
դրանք նույն գևորիկներն էին
ոչ ավելին
– բացի Անի Հովնանից
կարծես թե ոչ ոք
մի տեսակ
գիրքը չսիրվեց
կամ չհասկացվեց
թեպետ այնտեղ կան բանաստեղծություններ
որ միայն ես կարող էի գրել
*
– ի դեպ
վերջին շրջանի ձեր բանաստեղծությունները
հենց բանաստեղծության մասին են
ինչո՞ւ
– մեկ-մեկ
այլ բաների մասին էլ եմ գրում
ուշադիր չե՞ք
այսպես ասեմ
իմ բանաստեղծությունների համար
տեսական հիմնավորումներ են պետք
թեպետ Արքմենիկ Նիկողոսյանը
և Արմեն Ավանեսյանը
որոշ դիտարկումներ արել են
*
– ըստ Արքմենիկի
Զահրատի և ձեր գործերի միջև
որոշակի հարազատության կա
և միայն Զահրա՞տն է
– հին արևելքի պոեզիայից
մինչև Սասնա ծռեր
համաշխարհային հեքիաթներից
մինչև բոլոր ազգերի դիցաբանություն
հայրեններից մինչև Թաքուբոքո
Բասյո-Իսսայից մինչև Չիլո
Վիյոնից մինչև Շեկո
ժողովողից մինչև Հակոբ Մովսես
թերևս նաև
Հովհաննես Գրիգորյանից
թերևս նաև
Զահրատից
*
– մեկ բանաստեղծություն ունեք
որ կարծես թե
ձեր պոեզիայի հռչակագիրն է
կասե՞ք
– Թիրախ չկա
ես ձգում
և բաց եմ թողնում լարը
առանց նետի
*
– վայրկյան առ վայրկյան ավելացող
պոեզիայի երկիրն ու երկինքը ապականող
վատ բանաստեղծությունների ճիրացող լորձի դեմ
ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ
կազդուրիչ վարժություններ կառաջարկեք
– բացարձակապես ոչ մի
բանաստեղծության ինքնամաքրման պրոցեսները
նյութափոխանակության համակարգերը
միշտ էլ անխափան ախատել են
*
– տարիներ առաջ
մեր համատեղ ընթերցողների
և բանաստեղծների համար
կազմել էիք մի անլուրջ
ու սադրող հարցաշար
հանուն զվարթության
թույլ կտա՞ք
սահուն կերպով
այն խցկել այս շարքի մեջ
– ինչպես կուզեք
փաստենք միայն
որ միալար էս զրիցը
էդ հարցերի հետևանքն է
*
հարց 1
բանաստղեծը շաբաթվա մեջ
քանի՞ օր պիտի խմի ոգելիցներ
և խմելուց ի՞նչ ու ինչքա՞ն պետք է խմի
հարց 2
ի՞նչ թեմաներ երևույթներ
ապրումներ հույզեր
չի կարող հաղթահարել
պատկերել պոեզիան
հարց 3
հնարավո՞ր է
զոռով դառնալ բանաստեղծ
հարց 4
պարտադի՞ր է
որ բանաստեղծը աղքատ լինի
հարց 5
արվեստի ճյուղերից
ո՞ր մեկն է
ավելի անպաշտպան խոցելի
դիլետանտական հարձակումներից
հարց 6
արդյոք ճի՞շտ է
որ տաղանդավոր բանաստեղծուհին
կամ չի ամուսնանում
կամ եթե ամուսնանունում
հետագայում ամուսնալուծվում է
հարց 7
արդյոք ճի՞շտ է
որ տաղանդավոր բանաստեղծը
առողջական որոշակի խնդիրներ ունեցող
կամ ձախորդ մեկն է
հարց 8
բանաստեղծը կարո՞ղ է լինել
գեր ցմփոր ճարպակալած
բոխախավոր հաստավիզ
եթե այո
բերեք գոնե մեկ օրինակ
հարց 9
բանաստեղծը քանի՞ տարեկանից հետո
կարող է հանգիստ թողնել
բանաստեղծություն գրելը
հարց 10
ո՞վ է մեր ժամանակների
«ամենաբեղմնավոր» բանաստեղծը
շատագիրը էլի
եթե համարձակություն ունեք պատասխանեք
հարց 11
եթե համարձակություն ունեք
չեք երկնչում հետագա քաշքշուկներից
գրեք 3 բանաստեղծի անուն
որոնց գործերը
տակնուվրա են անում ձեր նյարդային համակարգը
կամ նրանց բնավ էլ
բանաստեղծ չեք համարում
հարց 12
բանաստեղծական որոշ ձևեր
ժանրեր անհետանում են մեր պոեզիայից
կամ արդեն անհետացել են
ինչո՞ւ
հարց 13
եթե չի գրվում
ի՞նչ անի բանաստեղծը
հարց 14
ձեզնից բացի
էլ ո՞ւմ եք համարում
տաղանդավոր բանաստեղծ