Հարցազրույց Դիանա Անփիմիադիի հետ

-Շնորհավորում եմ Ձեր առաջին հայալեզու բանաստեղծական ժողովածուի՝ «Դավադրության տեսության» կապակցությամբ: Գիտեմ, որ բազմիցս այցելել եք Հայաստան և ծանոթ եք հայ ժամանակից գրականությանը։ Որքանո՞վ եք կարևորում հայ ընթերցողի հետ ծանոթությունը։

-Ամեն նոր լեզու հեղինակի համար մեծ ուրախություն է, բայց հայերեն թարգմանությունը կապված է յուրահատուկ հույզերի հետ։ Արդեն մի քանի տարի է, ինչ իմ ամենաթանկ ընկերոջ՝ Ասյա Դարբինյանի օգնությամբ, ժամանակակից հայ պոեզիա կարդալու հնարավորություն ունեմ։ Դա շատ յուրատեսակ, ինքնամփոփ միջավայր է, որը պիտի բացվի աշխարհի առաջ։ Նույնի կարիքն ունի նաև վրացական ժամանակակից գրականությունը, հատկապես պոեզիան, և այս իմաստով, գրքիս գոյությունը համարում եմ փոքրիկ երկխոսություն, պատուհան՝ նայելու միմյանց տնից ներս, որի համար շնորհակալ եմ ժողովածույից թարգմանիչ Ասյա Դարբինյանին և Ակտուալ Արվեստ հրատարակչությանը։

-Ինչպե՞ս մտաք գրականության աշխարհ, և մեր օրերում, երբ կարծես էլ ոչինչ չի զարմացնում ու տպավորում, ի՞նչն է ոգեշնչում Ձեզ։

-Ես շատ փոքր տարիքում սկսեցի խոսել և գրել միաժամանակ, սա իմ ինքնաարտահայտման ամենապարզ ու հստակ ձևն էր, ոչ թե ընտրություն, այլ՝ բնականորեն առաջ եկած պահանջ։ Այնքան բնական, ինչպես սեփական ձայնիդ տեմբրը, որ մի ողջ կյանք ուղեկցում է քեզ։ Եվ փաստորեն, լավագույնը, որ գիտեմ անել, գրելն է։

Ինչ վերաբերում է հազարավոր մտահոգություններով, տեղեկություններով և իրադարձություններով լի կյանքում ոգեշնչման աղբյուր գտնելուն, ապա կարևորում եմ սեփական փոքրիկ կղզյակ ունենալը, ուր կարող ես առանձնանալ, լռեցնել աղմուկն ու գրել։ Եվ հենց մարդկային մենակությունն է իմ գրականության առանցքային թեման։ Հատկապես այսօր՝ համացանցային անչափելիության մեջ, ուր թվում է՝ հաղթահարված է մենակությունը, մենք ամենաամենախոցելին ենք: Մեզ շրջապատող այս դատարկությունը և՛ քաղցր է, և՛ դառը… Մենակությունը մարդու ամենաթունավոր սերն է։

-Ուրեմն պոեզիան փախո՞ւստ է, պայքա՞ր, թե՞ հաշտություն։

-Պոեզիան և՛ առեղծված է, և՛ դրա լուծումը, Պանդորայի արկղը փակվելուց և բացվելուց հետո պոեզիան լեզվի իրավունքն է, լեզվական մտքի իրավունքը և բարձրագույն ձևը։ Հետևաբար, բոլոր առեղծվածներն ու դրանց լուծումները մեկ փոխաբերության մեջ են՝ բանաստեղծական փոխաբերության։:

նչո՞վ է պայմանավորված Ձեր պոեզիայում հունական դիցաբանության հաճախակի վերաիմաստավորումը:

-Հունական դիցաբանությունը մանկությանս ամենասիրելի ընթերցանությունն էր, այս կերպարները լցնում էին իմ երևակայությունն ու ոգեշնչում: Հետագայում հասկացա, որ իրականում ոչինչ չի փոխվել, և առասպելական արքետիպերը հավերժ են: Գրքերիցդ մեկը, որ կոչվում է «Ամփոփ առասպելաբանություն», նվիրել եմ հենց այս կերպարների վերաիմաստավորմանն ու ներկայացմանը ժամանակակից իրողությունների համատեքստում։ Հատկապես կանանց կերպարների վերլուծությունն ու վերակերպավորումն է հետաքրքրական. մի՞թե կանայք այսօր էլ չեն զոհաբերվում ուրիշների պատերազմներում, այսօր էլ չեն թաղվում տղամարդկանց շահերի պատճառով, այսօր էլ արական արժեհամակարգով չեն ընկալվում։ Սա աշխարհից էլ հին ու միշտ արդիական պատմություն է…

-Ձեր  հայերեն ժողովածույում տեղ է գտել «Ինչու այլևս չեմ գրում բանաստեղծություն» գործը, որը Անգլիայում և Գերմանիայում լույս տեսած համանուն գրքերի վերնագիրն է։ Ինչո՞ւ այլևս բանաստեղծություն չեք գրում։

 

-Մի կողմից՝ բանաստեղծությունն առաջ է գալիս իբրև մտորում ասվածի ազնվության մասին, մյուս կողմից՝ մտածում այն մասին, թե որքանով պիտի ազնիվ լինի բանաստեղծությունը։ Ի՞նչ ենք գրում, ինչպե՞ս է լեզուն վերածվում բանաստեղծության, ինչպե՞ս է լեզուն փոխում իրականությունը. գուցե բանաստեղծությունն ամենագեղագիտական ​​սո՞ւտն է։ Երբեմն ստիպված ենք չգրել մտածածը։ Հատկապես կանայք հաճախ են ստիպված լինում լռել տողերի արանքում։ Օրինակ Վրաստանում եթե գեղարվեստական տեքստում նկարագրում ես կնոջ ինտիմ զգացմունքները, կարող ես վստահ լինել, որ քննադատությունը չի ուշանա։  «Ինչու այլևս չեմ գրում բանաստեղծությունը» ինձ համար սրտի ցավ էր, քանի որ գրաքննությունը պոեզիայում սկսվում է ինքնագրաքննությունից, ինչը մի տեսակ հանձնվել է նշանակում։

Իբրև գրքի վերնագիր, ես փոքրիկ սադրանք էի ուզում՝ մի կողմից դու բանաստեղծական ժողովածու ես կարդում, որի հեղինակը դադարել է գրել, մյուս կողմից՝ բանաստեղծությունը կայուն, հորիզոնական միապաղաղություն չէ՝ նման Մագրիտի հայտնի նկարին, որում ծխամորճը ծխամորճ չէ։ Բացի այդ, գրողը ոչ թե մենք ենք, այլ՝ լեզուն, և լավագույնը, որ կարող ենք անել՝ լեզուն ընտրելն է։ Հետևաբար, ընթերցողի կողմից վերնագրի ըմբռնման յուրաքանչյուր տարբերակ կլինի ճիշտ։

Չորս բանաստեղծական ժողովածու, հինգ արձակ և հինգ մանկական գիրք, բազմաթիվ մրցանակներ, թարգմանություններ։ Ի՞նչն է Ձեզ առաջ մղում։

-Գաղտնիքը մոռանալու և մոռացվելու վախն է։ Վախենում եմ մոռանալ ինձ հետ պատահած ամեն բան, վախենում եմ՝ որ ես էլ կջնջվեմ հիշողությունից։

-Եվ վերջում, ինչո՞ւ կարդալ պոեզիա։

-Նույն պատճառով։ Պոեզիան մարդու հիշողությունն է։ Եթե մի օր մարդկությունը Ալցհայմերով հիվանդանա, միայն պոեզիան կհիշեցնեի, թե ում է խելագարի պես սիրել և ում է համբուրել առաջին անգամ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *