Էրիխ Ֆրոմ | Հարցերը, ոչ թե պատասխաններն են կազմում մարդու էությունը

Հին Հունաստանից, միջնադարից սկսած` մինչեւ Կանտի ժամանակները, մտածողների մեծ մասի համար ինքնին հասկանալի էր, որ գոյություն ունի «մարդկային բնության» նման մի բան, որը, փիլիսոփայական լեզվով ասած, կազմում է մարդու էությունը: Չնայած կային տարբեր տեսակետներ, թե ինչ է իրենից ներկայացնում այս «էությունը», այնուամենայնիվ, գերիշխեց այն տեսակետը, որ կա «էություն», այսինքն` մի բան, որը մարդուն մարդ է դարձնում:
Հարյուր տարի առաջ, կամ նույնիսկ ավելի վաղ, մարդիկ սկսեցին կասկածել այդ ավանդական տեսակետին: Դրա պատճառներից մեկը մարդկության պատմության ավելի ինտենսիվ հետազոտությունն էր: Մարդկության զարգացմանը վերաբերող ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր դարաշրջանի մարդիկ այնքան են տարբերվում ավելի վաղ ժամանակների մարդկանցից, որ պատմական բոլոր դարաշրջաններում արված ենթադրությունը, թե գոյություն ունի «մարդկային բնույթ», անիրատեսական է դարձել: Մեր դարաշրջանում պատմական հետազոտությունները կատարվել են հիմնականում մարդաբանական ուսումնասիրությունների միջոցով: Այսպես կոչված, պարզունակ ժողովուրդների ուսումնասիրությունն է ի հայտ բերել տարբեր սովորույթների, արժեքների, զգացմունքների եւ մտքերի այնպիսի բազմազանություն, որ շատ մարդաբաններ եկել են այն եզրակացության, որ մարդը ծնվում է որպես դատարկ թղթի թերթ, որի վրա յուրաքանչյուր մշակույթ գրում է իր տեքստը: Պատմության եւ մշակութային մարդաբանության ուսումնասիրությունների ազդեցությանն ավելացավ էվոլյուցիայի տեսության ազդեցությունը: Սա նաեւ սասանեց հավատը ընդհանուր «մարդկային էության» հանդեպ: Ժան- Բատիստ դը Լամարկը եւ Չարլզ Դարվինը մասնավորապես, այլ կենսաբաններ նույնպես, ապացուցել են, որ բոլոր կենդանի արարածները ենթարկվում են էվոլյուցիոն փոփոխությունների: Վերջապես ժամանակակից ֆիզիկան կարողացավ ցույց տալ, որ ֆիզիկական աշխարհը նույնպես ենթակա է էվոլյուցիայի եւ փոփոխության: Դա ուղղակի փոխաբերություն չէ, երբ ասում ենք, որ աշխարհը շարժման մեջ գտնվող ամբողջություն է, որն, ինչպես կասեր Ալֆրեդ Նորթ Վայթեդը, գտնվում է ընթացքի մեջ:
Եվս մեկ գործոն նպաստեց մարդկային ընդգծված էության, մարդկային էության գոյությունը ժխտելու միտումին: Հասկացությունը մարդկային էության մասին այնքան հաճախ է շահարկվել եւ գործածվել որպես վահան, որի հետեւում կատարվել են ամենասարսափելի անարդարությունները, որ երբ այդ մասին հիշատակվում է, մենք հակված ենք լրջորեն կասկածելու նրա բարոյական արժեքին, նույնիսկ այն անիմաստ ենք համարում: Կենտրոնանալով մարդկային բնության վրա` Պլատոնը, Արիստոտելը եւ մինչեւ տասնութերորդ դարի մտածողների մեծ մասը պաշտպանում էին ստրկությունը: (Հույների մեջ բացառություն էին կազմում ստոիկները, ովքեր համոզված էին բոլոր մարդկանց հավասարության հարցում, Վերածննդի դարաշրջանի հումանիստները, ինչպիսիք էին` Էրազմ Ռոտերդամցին, Թոմաս Մորը եւ Խուան Լուիս Վիվեսը): «Մարդկային բնույթի» նման վկայակոչումը ծնել է ազգայնականություն եւ ռասիզմ: Եվ վկայակոչելով արիական բնության ենթադրյալ գերազանցությունը` նացիոնալ-սոցիալիստները սպանեցին ավելի քան վեց միլիոն մարդու: Վկայակոչելով մարդկային էության մասին որոշակի վերացական հասկացություն` սպիտակամորթն իրեն առավել է համարում սեւամորթից, հզորն` անօգնականից, ուժեղը` թույլից: «Մարդկային բնույթ» հասկացությունը մինչ օրս էլ հաճախ է օգտագործվում պետության եւ հասարակության նպատակների համար:
Հետեւաբար, պե՞տք է գալ այն եզրակացության, որ գոյություն չունի մարդկային էություն: Նման ենթադրությունը, հավանաբար, պարունակում է նույնքան վտանգներ, որքան` հստակ սահմանված հասկացությունը: Եթե բոլոր մարդկանց բնորոշ չլիներ ընդհանուր էությունը, մարդկային միասնություն չէր լինի, չէին լինի բոլոր մարդկանց համար գործող արժեքներն ու նորմերը, չէր լինի նաեւ հոգեբանություն կամ մարդաբանություն գիտությունը, որը մարդկային ճանաչողության օբյեկտն է: Այսպիսով, եկեք չհայտնվենք երկու անցանկալի, նույնիսկ` վտանգավոր ենթադրությունների երկընտրանքում. մեկը ռեակցիոն տեսակետն է, որը ենթադրում է հստակ սահմանված, անփոփոխ մարդկային բնույթ, եւ հարաբերական տեսակետ, որը հանգեցնում է այն եզրակացության, որ մարդիկ ունեն միայն անատոմիական եւ ֆիզիոլոգիական հատկանիշներ:
Միգուցե դա մեզ կօգնի, եթե մենք տարբերակենք մարդու բնույթ եւ էություն հասկացությունները, նաեւ` որոշ հատկանիշներ, որոնք ընդհանուր են բոլորի համար, եւ որոնք, այնուամենայնիվ, առանձին վերցրած, պատկերացում չեն տալիս բնության կամ մարդու էության մասին: Մենք կարող ենք դրանք անվանել իսկական հատկանիշներ, այսինքն` հատկանիշներ, որոնք պատկանում են մարդուն որպես այդպիսին, եւ, այնուամենայնիվ, պետք է տարբերենք դրանք մարդու էությունից, որը կարող է ներառել այս բոլոր հատկանիշները, նույնիսկ` ավելին, գուցե հենց նրանից են սերվում տարբեր հատկանիշներ:
Այս հատկանիշներից ամենաբնորոշը մենք տեսնում ենք հույն փիլիսոփաների, միջնադարի եւ տասնութերորդ դարի մտածողների գործերում, առաջին հերթին` Կանտի գործերում, որը մարդու մասին իր սահմանումը տվել է որպես բանականությամբ օժտված էակի (կենդանական հիմնավորում): Այդ սահմանումը կասկած չէր հարուցում եւ ինքնին ակնհայտ էր` մինչեւ մարդու խորն իռացիոնալության բացահայտումը: Պլատոնը, հույն դրամատուրգները, Դանթեն, Շեքսպիրը, Դոստոեւսկին եւ շատ ուրիշներ արդեն ծանոթ էին դրանց, բայց միայն Ֆրեյդը դրանք դրեց իր էմպիրիկ, գիտական հետազոտությունների առանցքում: Մարդը կարող է լինել բանականությամբ օժտված էակ, բայց հարցը մնում է այն, թե ինչ կշիռ ունի նրա իռացիոնալությունը, եւ որոնք են դրա պատճառները: Մարդու մեկ այլ, կարեւոր սահմանումն այն է, որ նա zoon politikon է, սոցիալական էակ, կամ, ավելի ճիշտ` էակ, որի գոյությունն անխուսափելիորեն կապված է սոցիալական կազմակերպության հետ: Թեեւ դժվար է վիճարկել մարդու` որպես սոցիալական էակի սահմանումը, այն բավականին ընդհանուր է եւ քիչ բան է ասում մարդու էության մասին, բացի նրանից, որ նա, այնուամենայնիվ, ավելի շատ հոտային արարած է, քան` առանձին էակ:
Մեկ այլ սահմանումն այն մասին է, որ մարդը հոմո ֆաբեր է (homo faber), կենդանի էակ, որը կարող է ինչ-որ բան «արտադրել»: Այդ սահմանումը նույնպես ճիշտ է եւ ցույց է տալիս մի կարեւոր հատկանիշ, որը տարբերում է մարդկանց կենդանիներից, բայց այն նաեւ բավականին ընդհանուր է եւ ճիշտ հասկանալու համար լրացուցիչ հստակեցումներ է պահանջում: Քանի որ կենդանին նաեւ ինչ-որ բան է «արտադրում», դժվար թե ավելի լավ օրինակ ծառայի, քան մոմե մեղրախորիսխները, որոնք մեղուները պատրաստում են իրենց մեղրը պահելու համար: Բայց, ինչպես բացատրել է Կարլ Մարքսը, մեծ տարբերություն կա մարդ էակի եւ կենդանի էակի միջեւ: Կենդանին արտադրում է բնազդով կառավարվող վարքագծի օրինաչափությունից ելնելով, մինչդեռ մարդն արտադրում է իր կողմից նախապես կազմված ծրագրի համաձայն: Ինչ-որ մի բան տարբերում է արտադրող մարդուն արտադրող կենդանուց: Մարդն արտադրում է այն գործիքների օգնությամբ, որոնք նա ստեղծում է իր պատկերացմամբ սեփական վերջույթները երկարացնելու համար, որպեսզի ավելի բարձրացնի իր արտադրելու ունակությունը: Իր զարգացման ընթացքում մարդը ոչ միայն գործիքներ է պատրաստել, այլեւ յուրացրել է էներգիան (գոլորշի, էլեկտրականություն, նավթ, ատոմային էներգիա) այնպես, որ այն փոխարինի կենդանական եւ մարդկային ուժին, որը նախկինում օգտագործվում էր արտադրության համար: Վերջերս, եւ դա բնութագրում է երկրորդ արդյունաբերական հեղափոխությունը, մարդն արտադրում է սարքեր, որոնք ոչ միայն փոխարինում են նրանց ֆիզիկական էներգիային, այլեւ նույնիսկ մտածողության գործառույթներին (ավտոմատացման եւ կիբեռնետիկայի ոլորտներում):
Վերջապես մարդն ունի վերջնական, կարեւոր նպատակ, որի մասին նշել են Էռնստ Կասիրերը եւ խորհրդանիշներն ուսումնասիրող փիլիսոփաները: Մարդը խորհրդանիշ ստեղծող էակ է, իսկ նրա ստեղծած ամենակարեւոր խորհրդանիշը խոսքն է: Խոսքի օգնությամբ նա կարող է իր մտքերը փոխանակել այլ մարդկանց հետ, ինչը զգալիորեն դյուրացնում է մտածողության եւ աշխատանքային պրոցեսը:
Մարդու այդ հատկանիշները` բանականությունը, հասարակական կազմակերպություն ստեղծելու կարողությունը, խորհրդանիշներ ստեղծելու ընդունակությունն, անշուշտ, էական են, բայց դրանք չեն կազմում մարդկային էության ամբողջությունը: Դրանք միայն ընդհանուր մարդկային ներուժն են բնորոշում եւ դեռեւս ոչ այն, ինչը կոչվում է «մարդկային բնություն»: Նույնիսկ այդ բոլոր հատկանիշներն ունենալու դեպքում մարդը կարող է լինել ազատ կամ դետերմինացված, բարի կամ չար, եւ դա կախված է նրա ագահությունից կամ իդեալներից: Նա կարող է կամ չի կարող իրեն թույլ տալ բնությունը կառավարել օրենքներով: Եվ բոլոր մարդիկ, բացի նշված հատկանիշներից, կարող են ունենալ ընդհանուր բնավորություն կամ` ոչ: Բոլոր մարդկանց համար կարող են լինել կամ չլինել ընդհանուր արժեքներ: Այսպիսով, մենք դեռ բախվում ենք ի սկզբանե գոյություն ունեցող խնդրին. բացի որոշ ընդհանուր հատկանիշներից կա՞ մի բան, որը կարելի է անվանել «մարդու բնավորություն» կամ «մարդու էություն»: Համեմատաբար նոր տեսությունը, թվում է, ունակ է լույս սփռելու խնդրի լուծման 0վրա, բայց միաժամանակ նաեւ` այն ավելի է բարդացնում:
Մի շարք փիլիսոփաներ, սկսած Կիերկեգորից եւ Կարլ Մարքսից մինչեւ Վիլյամ Ջեյմս, Անրի Բերգսոն եւ Տեար դը Շարդեն, գիտակցել են, որ մարդն ինքն է ստեղծում եւ կերտում իր պատմությունը: Ավելի վաղ ենթադրվում էր, որ կյանքը մեր աշխարհում ընկած է ստեղծագործության եւ տիեզերքի միջեւ, եւ որ մարդը մի էակ է, որն աշխարհ է եկել իր կյանքի ինչ-որ փուլում երջանկության հասնելու կամ էլ անեծքի արժանանալու համար: Սակայն ժամանակն այժմ էական դեր է խաղում մեր օրերի փիլիսոփայության եւ հոգեբանության մեջ: Մարքսը պատմությունը դիտարկում էր որպես շարունակական գործընթաց, որի ընթացքում մարդը ձեւավորվում է որպես անհատ եւ որպես տեսակ: Ջեյմսը կարծում էր, որ կյանքը «գիտակցության հոսքն» է: Բերգսոնը հավատում էր, որ մեր հոգու խորքում մենք «տնական» ենք, այսինքն` մեր ապրած ժամանակն անձնական է եւ չի փոխանցվում, էքզիստենցիալիստներն իրենց հերթին մեզ ասում էին, որ մենք չունենք էություն, այլ` առաջին հերթին գոյություն ենք, ինչը նշանակում է, թե ինչի ենք վերածվում մեր կյանքի ընթացքում:
Սակայն եթե մարդը պատմական է եւ կապված է ժամանակի հետ, եթե նա ազդում է զանգվածների վրա եւ փոխվում է ժամանակի ընթացքում, ապա ակնհայտ է, որ մենք այլեւս մեկ «մարդկային բնույթ» չունենք եւ կարող ենք խոսել «մարդկային էության» մասին: Այդ դեպքում մարդն այլեւս բանականությամբ օժտված էակ չէ, նա միայն դառնում է այդպիսին: Նա դեռեւս սոցիալական էակ չէ, նոր է դառնում այդպիսին: Նա դեռեւս կրոնական էակ չէ, նոր է դառնում այդպիսին: Իսկ ի՞նչ կասեք այդ դեպքում մարդկային էության մասին: Կարո՞ղ ենք ընդհանրապես խոսել այդ մասին:
Ես կառաջարկեի մի պատասխան, որն, իմ կարծիքով, ամենաիրատեսականն է մարդկային էությանը վերաբերող հարցին: Այն նաեւ հարմար է երկու ծայրահեղ դիրքորոշումների պատճառով ծագած դժվարությունները հաղթահարելու համար. կա մարդու ֆիքսված եւ անփոփոխ բնույթ, կամ որ չկա մի բան, որն ընդհանուր է բոլոր մարդկանց համար, բացի մի քանի էական հատկանիշներից: Ես կցանկանայի բացատրել իմ տեսակետը մշտական եւ փոփոխական մեծությունների մասին մաթեմատիկական տեսանկյունից: Քանի դեռ մարդիկ գոյություն ունեն, նրանց մեջ կա մի բան, որն անփոփոխ է մնում` էությունը: Բայց կան նաեւ մեծաթիվ փոփոխական գործոններ, որոնք մարդկանց հնարավորություն են տալիս` հասնելու նոր ձեռքբերումների, ստեղծարարության, արտադրողականության եւ առաջընթացի (թեեւ այստեղ առաջընթաց ասելով ես նկատի չունեմ, որ միշտ կարող ես ավելին ունենալ, այլ` ավելի շուտ մեր գիտակցության մշտական աճը): Թոմաս Աքվինացին շատ մերձեցավ այդ գաղափարին, երբ նա դիտարկեց հաբիտուսը, այսինքն` մեր գործողությունների դինամիկան` որպես գոյությանն հաջորդող պատահականություն: Նրա համար հաբիտուսն այն էր, որը թեեւ չի կազմում մեր ողջ էությունը, սակայն լավ է բացահայտում այն իրականությունը, որում մենք կանք: Սպինոզայի գաղափարները նույն ուղղությունն էին ընտրել: Իր «Էթիկա»-ի մեջ (3-րդ մաս, 6-րդ թեզիս) նա ձեւակերպում է. «Ամեն իր համառորեն ձգտում է (conatur) հասնել նրան, ինչից կախված է իր գոյությունը»: Իսկ իր «Էթիկա»-ի 4-րդ մասի նախաբանում նա խոսում է «մարդկային էության մոդելի» մասին, որին անհատը կարող է քիչ թե շատ մերձենալ:
Մարքսն իր աշխատություններում փորձում է նաեւ տարբերակել հաստատուններն ու փոփոխականները: Իր «Կապիտալ»-ում (հ. 23, էջ 637, նշում 63) ընդդեմ Բենթամի, նա գրում է. «Եթե ուզում եք իմանալ, օրինակ, թե ինչն է օգտակար շան համար, պետք է ճանաչել շան էությունը: Այդ էությունն ինքնին չի կարող կազմված լինել «օգտակարության սկզբունքով»: Անդրադառնալով մարդկանց փոխակերպմանը` կարող եմ նշել, որ եթե մարդն ուզում է դատել մարդկային բոլոր գործողությունների, շարժումների, փոխհարաբերությունների եւ այլնի մասին` ըստ օգտակարության սկզբունքի, ապա դա առաջին հերթին վերաբերում է մարդու էությանն ընդհանրապես, այնուհետեւ` մարդկային բնությանը` պատմականորեն փոփոխված յուրաքանչյուր դարաշրջանում»:
Մարքսը հետամուտ է այդ գաղափարին եւ տարբերակում է «անդադար» կամ «ֆիքսված» մղումները, որոնք բնորոշ են բոլոր մարդկանց, եւ «հարաբերական» ցանկությունները, «որոնք իրենց ծագմամբ պարտական են միայն հասարակության որոշակի կառույցին, արտադրության որոշակի պայմաններին» (ՄԵԳԱ 1,5, էջ 596):
Մարդկային էության վերաբերյալ Ֆրեյդի տեսակետները շատ ընդհանրություններ ունեն Սպինոզայի եւ Մարքսի գաղափարների հետ:
Ֆրեյդի համար գոյություն ունի նաեւ մարդկային բնության մոդել, որը բնութագրվում է ես-ի եւ այն-ի միջեւ հակամարտությամբ (բանականության եւ բնազդի միջեւ), եւ նրա տեսության հետագա տարբերակում բնորոշվում է կյանքի բնազդի եւ մահվան բնազդի հակամարտությամբ: Այս հիմնարար, հակասական փուլերն են կազմում մարդկային էության մոդելը, ընտանիքի եւ հասարակության ազդեցությունը ձեւավորում է այդ մոդելն այնպես, որ ծագում են բազմաթիվ, տարբեր տեսակի հոգեբանական կառույցներ:
Օրտեգա ի Գասեթի նման մտածողները, որոնք չեն ընդունում դասական փիլիսոփաների ներկայացրած մարդկային էության գաղափարը, պնդում են, որ թեեւ չկա իրական մարդկային էություն, բայց մարդն ունի կազմություն: Երիտասարդ տարիքում Տեար դը Շարդենը առաջ էր քաշել մարդկային էության մասին այն գաղափարը, որ այն միշտ նույնն է, բայց այն կարող է զարգանալ, եթե մեծ բարդույթներ է ժառանգում: Տեար դը Շարդենի համար օնտոգենեզի օրենքը նշանակում է ոչ այլ ինչ, քան այն, որ եթե ուղեղն ունի ավելի բարդ կառուցվածք, գիտակցությունն ավելի զարգացած է: Ըստ նրա`մարդիկ ոչ միայն ավելի գիտակից ու ավելի բարդ են, քան բարձրակարգ կենդանիները, այլ նրանք իրենք են գտնվում էվոլյուցիոն ընթացքում, էվոլյուցիա, որը միաժամանակ նրանց կընձեռի ավելի շատ սոցիալականացման հնարավորություն եւ կպարգեւի ավելի շատ անհատական ազատություն:
Ես տեսնում եմ մարդու էությունը կամ բնույթը` մարդկային գոյությանը բնորոշ որոշակի հակասությունների մեջ` ի տարբերություն կենդանական գոյության: Մարդը կենդանի է, բայց այնպիսին, որ բավականաչափ բնազդներ չունի, որպեսզի ղեկավարի իր գործողությունները: Նա ոչ միայն խելամիտ է, ինչպես կենդանին, այլեւ` գիտակից, սակայն չի կարողանում խուսափել բնության պատվիրաններից: Նա «բնության հրեշ» է, քանի որ պատկանում է բնությանը եւ միաժամանակ գերազանցում է նրան: Այս հակասությունները ծնում են կոնֆլիկտներ եւ վախեր, անհավասարակշռություն, ինչին պետք է մարդիկ պատրաստ լինեն` հավասարակշռությունը բարելավելու համար: Բայց հենց որ նա հասնում է դրան, ծնվում են նոր հակասություններ, որոնց դեպքում նա պետք է ձգտի նոր հավասարակշռություն ստեղծել: Հարցերը, եւ ոչ թե պատասխաններն են կազմում մարդու էությունը: Պատասխանները, որոնք փորձում են լուծել երկատվածությունները, մարդկային էության տարբեր դրսեւորումներ են ի հայտ բերում: Հակասությունները եւ դրանցից բխող անհավասարակշռությունը մարդու էության անքակտելի մասն են: Այդ հակասությունների տարբեր լուծումները կախված են սոցիալ-տնտեսական, մշակութային եւ հոգեբանական գործոններից, բայց դրանք ոչ մի դեպքում կամայականորեն եւ թվաքանակով չեն սահմանափակվում: Կան սահմանափակ թվով պատասխաններ, որոնք ստանում ենք կամ հայտնաբերում ենք մարդկության պատմության ընթացքում: Թեեւ այդ պատասխանները պայմանավորված են պատմական հանգամանքներով, դրանք տարբերվում են նրանով, թե որքանով են առաջարկում լուծումներ, որոնք կարող են խթանել մարդկային կենսունակությունը, ուժը, ուրախությունը, քաջությունը: Այն փաստը, որ այս լուծումները կախված են բազմաթիվ գործոններից, չի բացառում, որ մարդկային խորաթափանցությունն ու կամքը կարող են գործել ավելի լավ, քան ավելի վատ լուծումներ գտնելիս:
Ընդհանուր առմամբ, նշանակալից համաձայնության են հասել նրանք, ովքեր ուսումնասիրել են մարդկային էությունը: Տիրապետող է այն համոզմունքը, որ մարդ-արարածն իր ողջ հստակությամբ դիտվում է որպես ֆիզիկական էակ, որը գտնվում է առանձնահատուկ հոգեբանական եւ սոցիալական աշխարհում, մարդկային գոյության այդ ասպեկտից բխող բոլոր սահմաններով ու թուլություններով հանդերձ: Միաժամանակ մարդը միակ արարածն է, որը կյանքի ընթացքում հասել է ինքնագիտակցության, որի գիտակցությունն անընդհատ աճելով հասու է իրեն եւ իրեն շրջապատող աշխարհին, եւ որն իր մեջ կրում է նոր նյութական եւ հոգեւոր ունակություններ զարգացնելու հնարավորություն, որոնք դետերմինացված նպատակներով բացում են նրա կյանքի ճանապարհը: Պասկալն այսպես է գրում իր «Մտքեր»-ում. «Մարդը միայն եղեգ է ամենափխրուն աշխարհում, բայց եղեգ, որը մտածում է»: (էջ 347):
Հնարավոր չէ մարդկանց հստակ դասակարգել: Այնուհանդերձ, այն «բնական հատկանիշները», որոնց մասին խոսվում է, կարող են մեզ բավարար պատկերացում տալ այն մասին, ինչը կարելի է անվանել «մարդկային բնություն»: Մարդկային էությունը սոսկ սկզբունք չէ, այլ նաեւ` ընդունակություն: Մարդը հասու է իր էությանն այնքանով, որքանով զարգացնում է իր բանականության եւ սիրո ունակությունները: Մարդն ընդունակ է բանականության եւ սիրո, քանի դեռ նա գոյություն ունի. կա նաեւ հակառակ տեսակետը` մարդը գոյություն ունի, քանի դեռ կարող է խելամտորեն դատել ու սիրել: Ինքն իրեն ճանաչելու, իր եւ իր էքզիստենցիալ դրության մասին հաշիվ տալու կարողությունն է մարդուն մարդ դարձնում: Եվ հենց այդ ունակությունն է բնորոշ նրա էությանը:
Այդ համոզմունքն ունեին ինչպես Արեւելքի, այնպես էլ Արեւմուտքի մեծ փիլիսոփաներից, միստիկներից եւ աստվածաբաններից շատերը: Նրանք բոլորը ճանաչում են մարդուն բնորոշ ոգեղենությունը, որի շնորհիվ նա կարող է ճանաչել իրեն եւ ուրիշներին, եւ որը նրա կյանքի մի մասն է: Այնուամենայնիվ, այնպես չէ, որ միայն մարդկային հոգով հետաքրքրված փիլիսոփաներն են հանգել այդ տեսակետին: Նույնիսկ եթե նրանք օգտագործում են տարբեր եզրույթներ, այսպես կոչված, մատերիալիստներից շատերը նույնպես շեշտում են, որ այդ էքզիստենցիալ հակամարտությունը մարդկային կյանքի հիմքն է: Այդպիսի մի օրինակ է Դեմոկրիտը Հին Հունաստանում: Նրանց շարքում են նաեւ հույն սկեպտիկները, որոնք կարծում են, որ էականը ոչ թե խոսելն է, այլ` լուռ մտորումներին տրվելը: Դա վերաբերում է նաեւ Ֆոյերբախին եւ Մարքսին, որոնց համար մարդն ինքնին նպատակ է:
Ի վերջո, պետք է տարբերակել նրանց, ովքեր մարդուն համարում են ինքնին նպատակ, եւ նրանց, ովքեր հավատում են, որ, ինչպես այլ էակներ, նրանք միայն միջոց են այլ նպատակների համար` պետության, ընտանիքի, սեփականության, իշխանության եւ այլն: Մեծ մտածողներից շատերը պատկանում են առաջին խմբին: Նրանց բոլորին թվում է, որ մարդիկ կարող են գիտակցաբար ապրել, զարմանալ եւ գտնել արժեքներ ու նպատակներ, որոնք իրենց էքզիստենցիալ երկատվածության համար լավագույն լուծումներն են առաջարկում: Անկախ այն բանից` այդ մտածողները ելնում էին աստվածադավանությունի՞ց, թե՞ ոչ աստվածադավանությունից, նրանք բոլորը մարդուն դիտարկում էին որպես մի էակի, որի մեծությունը հիմնված է իր սահմանների մասին գիտակցման եւ այդ սահմանները հաղթահարելու ունակության վրա:
Եթե մենք համոզված ենք, որ մարդն իր չէ եւ չպետք է ծառայի որեւէ մեկին` որպես նպատակին հասնելու միջոց, ապա իսկապես ճիշտ է, որ երբեք այնքան դժվար չի եղել մարդու էությունը հասկանալու համար, որքան մեր ներկա արդյունաբերական հասարակության մեջ: Բանականության օգնությամբ այս հասարակությունը պատրաստ էր այնպես իշխել բնությանը, որի մասին հարյուր տարի առաջ ոչ ոք չէր կարող երազել: Իր անընդհատ աճող տեխնիկական հնարավորություններին տիրապետելու շնորհիվ մարդն իր ողջ էներգիան կենտրոնացրել է իրերի արտադրության սպառման վրա: Այս գործընթացում նա իրեն զգում է որպես մի իր, որը մանիպուլացնում է մարդկանց եւ մանիպուլյացիայի ենթարկվում նրանց կողմից: Քանի դեռ նրան չեն շահագործում ուրիշները, նա ինքն իրեն է շահագործում: Նա իր էությունը ծառայեցնում է ապրուստ հայթայթելուն, նա օգտագործում է իր մարդկային ուժերը` բավարարելու իր` անընդհատ աճող, հիմնականում արհեստականորեն ստեղծված կարիքները: Նա իրեն վտանգի է ենթարկում` մոռանալով, որ մարդ է: Հետեւաբար, երբեք ավելի դժվար, բայց նաեւ ավելի անհրաժեշտ չի եղել, քան այսօր, վերաիմաստավորելու ավանդական տեսակետները մարդկային գոյության մասին:
1. Ալֆրեդ Նորթ Վայթեդ (1861-1947)- անգլիացի մաթեմատիկոս, փիլիսոփա:
2. Էռնստ Կասիրեր (1874-1945)-գերմանացի փիլիսոփա եւ մշակութաբան:
3. Ջերեմի Բենթամ (1748-1832)- անգլիացի սոցիոլոգ, իրավաբան, ազատականության (լիբերալիզմի) խոշորագույն տեսաբաններից մեկը, օգտապաշտության (ուտիլիտարիզմ) փիլիսոփայական ուսմունքի հիմնադիրը:
(«Իրական կյանք» գրքից)

Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *