ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | Արի խմենք, լա՞վ

Հարություն Հարությունյան

Չիմացա էլ` տարին նահանջ էր, թե… Սակայն ինչ տարբերություն: Տարին տարի է, կարեւորը բարի տարի լինի` շառից փորձանքից հեռու:
– Իմաստության տարի է,- ասացի կնոջս:
Ծիծաղեց.
– Քեզ իզուր տեղը մի մեծացրու: Ոնց կայիր նույնն էս մնացել, մի քիչ մազերդ են սպիտակել, մի քիչ էլ փոր ես գցել:
-Չէ, -ասում եմ, – էլ էն չեմ, շուտ եմ հոգնում:
-Արձակուրդ վերցրու, գնա Աշտարակ հանգստացիր:
-Է~ ,-ասում եմ,- դու էլ հո չասացիր: Հազար ու մի գործ կա, չեմ հասցնում: Անընդհատ շտապում եմ, վազում եմ: Էսքան, որ ուրիշ երկրում աշխատեի, միլիարդատեր կդառնայի ու Հայաստան գալուց էլ, ինքնաթիռի շարժասանդուղքի տակ երկրի բարձրագույն ղեկավարությունը կդիմավորեր:
-Պահ, պահ, ի՞նչ էլ ախորժակ ունես, երազանքդ, փաստորեն, դա է, հա՞, որ քեզ դիմավորե՞ն:
-Չէ, -ասում եմ,- ուշադրությունը վատ բան չէ, վերաբերմունք է, հասկանում ե՞ս:
-Եթե փողն է ուշադրության պատճառը, քո ինչի՞ն է պետք այդ կեղծ ուշադրությունը: Քո նկատմամբ որքան անուշադիր լինեն, այնքան լավ: Քո հարստությունը ես եմ, ես, -ասաց ու, թե,- փողով, թե առանց փողի, ինձանից հեռու չես գնա: Ուր էլ որ գնաս, վերջում էլի իմ մոտ ես գալու: Քեզ ես եմ դիմավորելու,- ասաց ու, կարծես, նոտարին հատուկ վճռականությամբ կնքեց չկարդացածս փաստաթուղթը:
-Էդ, նոր հասկացա՞ր:
-Վաղուց գիտեի, մայրս էր ասել: Հորիցս ավելի կնամոլ չձեւանաս: Է~, ինչեր ասես, որ մորս գլխին չբերեց:
-Ես կնամեծար եմ, դրանք տարբեր բաներ են:
-Երկու դեպքում էլ արմատը կինն է, ի՞նչ տարբերություն, -ասաց ու, թիկունքախառն վզովս փաթաթվելով, շարունակեց,- արդեն հիսուն ես, ընտանիքի արժեքը ես չէ, որ քեզ պետք է բացատրեմ:
Ես, անկեղծ ասած, երբեք կասկածելու առիթ նրան չեմ տվել: Չնայած` ինչ իմանաս, կնոջ հոգին խորն է, համառ կնոջ հոգին` ավելի խորը: Համբերատար կինը երկա~ր, կլռի, կսպասի հարմար պահին եւ մի օր այնպես երեսովդ կշրխկացնի արած-չարածդ, որ կփոշմանես ապրածդ օրերի համար: Եվ այն ժամանակ, երբ արդեն կուզենաս հեռանալ, կյանքդ փոխել, այլ կերպ դասավորել, առջեւդ կկանգնեն եւ աչքերիդ մեջ այնպես կնայեն երեխաներդ, որ քեզ այլ բան չի մնա, քան հասկանալ, որ արդեն հիսուն ես ու պետք է ապրես այլեւս իրենց համար:
Երբ ծանոթացանք, այլ կարգեր էին` խորհրդային: Երբ ամուսնացանք վերակառուցման շրջանն էր: Կարելի է ասել` վերակառուցման տարիների մտածողությամբ էլ ամուսնացանք: Առանց հարսանյաց հանդեսի, առանց կենացների եւ առանց դհոլ զուռնայի: Միասին հրապարակով երկու շրջան քայլեցինք եւ գնացինք տուն: Մայրս, այսօրվա պես հիշում եմ, աճառով փլավ էր պատրաստել, կերանք եւ ամուսնացանք: Առանց քաղաքացիական ամուսնության գրանցման ընտանիք կազմեցինք, եկեղեցու մասին խոսելն էլ ավելորդ է: Եկեղեցական պսակը հետո եղավ, երբ արդեն քաղաքացիական ամուսնությունը ԶԱԳՍ-ում աշխատող մորաքրոջս ձեռամբ իրականացվել էր։ Քառասունն անց էի: Երեխաներս ներկա եղան երկու «պսակին» էլ: Տղաներս մոմերն էին բռնել իսկ աղջիկս հիացած էր, այդպես էլ չհասկացա` Տեր Հոր աղոթքից, թե՞ իմ խոնարհ պահվածքից: Եկեղեցու սպասավորի օրհնությամբ պսակվելը ինձ համար անակնկալ էր: Կինս էր գաղտնի նախաձեռնել: Այսինքն` բոլորը տեղեկացված էին, բացի ինձանից: Եվ երբ երեկոյան աշխատանքից վերադարձա տուն եւ փաստի առաջ կանգնեցի, այն ժամանակ հասկացա, որ բոլորից կարելի է փախչել, նույնիսկ` ինքդ քեզանից, բայց կնոջից ` երբեք:
– Երբ ամուսնացանք, հայրս էլ էր հիսուն, -ասացի,- քեզ շատ էր սիրում: Ոնց որ դու աղջիկը լինեիր, ես` ձեր տնփեսան:
– Հա,-համաձայնեց կինս,- ինքն իմ թիկունքից գնաց, հայրս` քո:
-Բա, որ ասում եմ իմաստության տարի է, չես հավատում: Դու էլ ես իմաստնանում:
-Աստված հոգին լուսավորի,-հոգոց հանելով ասաց կինս, ու զգացի` աչքերը խոնավացան:
-Արդեն համարյա նրա տարիքին եմ, համարյա հասակակիցներ ենք…
-Լավ բաներից խոսիր, -կտրեց կինս,- քեզ ի՞նչ է եղել…
-Ի՞նձ, ոչինչ էլ չի եղել: Կտրուկ քայլերով մոտենում եմ հորս տարիքին, սարսափելի է:
– Նորի՞ց…
-Լսիր, – ասում եմ,- նախկինում գուցե, հիսունը տղամարդու համար ծաղկուն տարիք էր, բայց էս վերջին քսան-քսաներկու տարիների մեր քաշածը, եթե բազմապատկես երկուսով, կստացվի իննսուն:
-Ինչո՞ւ երկուսով, հիմա ի՞նչ ես մոգոնել, – զարմացավ կինս:
-Խորհրդային տարիներին այդպիսի հաշվարկ գոյություն ուներ: Երբ մարդուն կալանավորում էին, ողջ նախաքննական շրջանում կրած կալանքի մեկ օրը կրկնակի էին հաշվում: Հիմա` մեր էս անկախության շրջանի տառապանքները, մեկ օրը երկուսով հաշվելն էլ քիչ է:
Լռեցինք: Երկուսս էլ մեր հիշողություննեի հետ էինք: Առանց խոսելու, առանց իրար աչքերի մեջ նայելու, երկուսս էլ նույն բանն էինք մտածում: Միայն ես չէի, որ տառապել էի: Իրենք դրսում, ազատության մեջ, ավելի ծանր օրեր էին անցկացրել: Ես հիմա էլ չունեմ այդ հարցի պատասխանը` երբ մարդուն ձերբակալում են, ինքն է՞ ավելի շատ տուժում, թե՞ ազատության մեջ գտնվող ընտանիքը: Կինս երբեք այդ մասին չի խոսել, տհաճ հիշողություններ են, բայց ուրիշներից շատ եմ լսել, այնքան, որ մի պահ իրար հերթ չտալով էին պատմում: Լռությունը խախտեց հեռախոսի զանգը: Մայրս էր: Ավանդույթի համաձայն` տվեց հերթապահ հարցերը, տեղեկացավ , որ արդեն տանն եմ եւ էլ դուրս չեմ գնալու, հեռախոսի մյուս ծայրում խորը հոգոց հանեց եւ հնչեցրեց նույն` ամենօրյա օրհնանքների շարքը.
-Փառքդ շատ Աստված, տղերքիս գլխից անպակաս լինես, ես մեռնեմ իմ բալեքի ոտի տակի հողին,- եւ այլն, եւ այլն: Այնքան, որ ես արդեն երեւի քանի հարյուրհազարերորդ անգամ փորձեցի նույն կերպ ընդհատել` նեղսրտելով.
-Լավ էլի, մա՚մ ջան, վերջացրու, ամոթ է : Հիմա էս հեռախոսը լսողները իրենց բան ու գործը թողած ծիծաղում են, որ ամեն օր նույն զեկույցը պետք է գրեն:
Մայրս, չհասկանալով ակնարկս եւ անհաղորդ խնդրանքիս, շարունակեց.
-Զինան էլ է՞ տանը:
-Հա, ասում եմ, -եկել է:
Մայրս ստուգողական հարցով ճշտում է
-Այսօր էլ տեղ չունի գնալու, չէ՞:
-Չէ, չունի, – ու լավ իմանալով , որ հարցնելու է նաեւ, արդյո՞ք ես տանից դուրս գալո՞ւ եմ, թե՞ ոչ, միանգամից պատասխանում եմ,- ես էլ, տեղ չունեմ գնալու, արդեն տանն եմ:
Մայրս նորից իրենն է շարունակում.
-Ես ձեր ջանին մեռնեմ, ոտներդ փուշ չմտնի, բալես: Ես իմ հարսների ջանին մեռնեմ , գլխիցս անպակաս լինեք, վերեւն` Աստված, ներքեւում ` դուք….
-Մա՚մ, մա՚մ ջան, դե լավ, բարի գիշեր:
Չէ, լսում եմ` մայրս խոսում է, իրենն է շարունակում: Ես` նորից իմը.
– Մա՚մ , ամոթ է, լավ, վերջ, – ասում եմ ու դնում ընկալուչը:
Ամենօրյա խնդրանք-հորդորներս մորս վրա երբեք չեն ազդում: Նա իր գործը լավ գիտի: Չի պառկի քնելու, մինչեւ չհամոզվի, որ ընտանիքումս բոլորը տեղում են, եւ դրսում մարդ չկա մնացած: Եվ կապ չունի, որ ես արդեն փոքր չեմ, արդեն հիսուն եմ: Մոր սիրտ է: Երեւի բոլոր մայրերն էլ այդպես են, մտածում եմ, ուղղակի դրսեւորումներն են տարբեր:
-Մաման էր, բարեւում էր, – ասում եմ ու նկատում, որ կինս ժպտում է:
-Ինձ էլ էր զանգել, – չթաքցնելով ժպիտը` ասում է Զինան:
Երկուսս էլ հասկանում ենք մի բան` քանի դեռ մայրս կա, շարունակվելու են երեկոյան ստուգումները, ես ո՚չ հիսուն , ո՚չ էլ վաթսուն չեմ դառնալու: Մնալու եմ այն նույն երեխան, երբ ամեն առավոտ, կոկիկ հագնված, մորս ուղեկցությամբ դպրոց էի գնում եւ տուն վերադառնում: Եվ ամեն անգամ, ստուգողական հեռախոսազանգից հետո, կարծես ականջներումս զնգում է մորս ձայնը. «Հը՞, ինչ ե՞ս ստացել, հո չարություն չե՞ս արել»:
Հիմա ես եմ ամեն օր նույն հարցը տալիս տղայիս: Գիտեմ` հատկապես անցումային շրջանում պետք է ուշադիր լինեմ եւ ամեն անգամ այդ հարց տալիս եւ ձեւական պատասխանը լսելուց հետո, ինձ ավելի հանգիստ եմ զգում:
– Մի քիչ հետը խիստ եղիր,խորհուրդներ տուր – ասում է կինս ,- ուզում է ոչ մի բանից չզրկվի, ուր ասես գնում է, առավոտից երեկո դրսում է, դասերին ժամանակ չի մնում:
-Ես էլ էի այդպես, -ասում եմ:
-Գիտեմ, ճիշտ քո կտորն է:
-Կլոնը, -ուղղում եմ կնոջս:
-Քաշվանք,- հեգնում է կինս:
-Դժգոհ ե՞ս:
Կինս նորից ժպտում է: Ես էլ: Երկուսս էլ նույն բանի համար ենք ժպտում, նույնիսկ ժպտալիս ենք իրար անխոս հասկանում, հատկապես, երբ խոսակցության թեման փոքր տղաս է: Հակոբը, երբ ծնվեց, շատ շոգ էր, երեւի երկրագնդի պատմության ամենաշոգ օրը: Երկնքից կրակ էր թափվում: Այդ ժամանակ մենք ապրում էինք, «խրուշչովկա» կոչվող հինգ հարկանի շենքերից մեկի վերջին հարկում` թիթեղյա տանիքի ներքո: Արեւի ճառագայթներից առաջացած ողջ ջերմությունը առաջինը փոխանցվում էր մեր բնակարանին: Ո՚չ օդորակիչ ունեինք եւ ո՚չ էլ հույս, որ կունենանք: Բնականաբար, նման պայմաններում, տղայիս լույս աշխարհ գալու առիթը տան մեջ նշելը խելագարությանը համարժեք մի բան կլիներ, եւ որոշեցի , որ ընկերներիս հետ պետք է հավաքվենք, բացօթյա մի վայրում` բնության գրկում: Լավ խմեցինք: Օղին ջրի տեղ խմվում էր, բայց ծարավը չէր հագեցնում: Առիթը լավն էր, տրամադրություններս` բարձր: Կեսգիշերն անց, երբ արդեն քաղաք էինք իջել, օդի տաք «հարվածից» հայտնվեցի նոկդաունի մեջ: Տղերքը տուն տարան: Գրպանիս բանալիով դուռն անաղմուկ բացեցի: Ոտնաթաթերի վրա, այնպես, որ ոչ ոքի չանհանգստացնեմ, հատկապես` զոքանչիս, որ խնամում էր երեխաներիս, մտա տուն, հանվեցի եւ թոշնած ծաղկեպսակի պես փռվեցի հյուրասենյակի բազմոցին: Տանը անտանելի տոթ էր` օդի դեֆիցիտ կար: Ես` մինչեւ ծնկներս հարբած, սկսեցի դիմադրել մթնոլորտին: Պարտվեցի: Վիճակս ոչ թե նոգդաունի, այլ նոկաուտի հետ համեմատելը նույնիսկ մեղմ կլիներ: Կինս նման դեպքերում ասում է` սենյակից սթափարանի հոտ է գալիս, բայց այս դեպքում տանը զոքանչս էր, որն իրավունք չուներ բնորոշումներ հայտնելու: Ինչ-որ պահի, կարծես, լուսադեմին, զուգարանի կարիք զգացի: Վեր կացա եւ քայլերս ուղղեցի զուգարանի կողմը: Դե, գիտեք, այդ «խրուշչովկաների» միջանցքում գտնվող զուգարանը, հենց մոտքի դռան կողքին է, եւ ես այդ դուռը բացելու փոխարեն բացեցի մուտքի դուռն ու Ադամի նման համարյա մորե մերկ հայտնվեցի դրսում` աստիճանավանդակի վրա: Դռան չրխկոցից սթափվեցի: Մնացել էի դրսում: Առաջին բանը, որ արեցի հարեւանների դռներին հայացք գցելն էր` համոզվելու համար` հո բաց դուռ չկա՞: Ավելի լրջացա, երբ համոզվեցի, որ վիճակս անհույս է: Դիմացս երկաթյա փակ դուռն էր: Շուրջս, փառք Աստծո, հարեւանների փակ դռները: Իմ բախտից քաղաքը քնած էր: Ճար չկար, սեղմեցի զանգի կոճակը: Քիչ անց դուռը բացեց զոքանչս: Աչքերից հասկացա` վախեցավ եւ, գոլորշու պես աներեւույթ ձուլվելով տաք օդի հոսանքների մեջ, անհետացավ տեսադաշտիցս: Խեղճ կինը սկզբից մի լավ վախեցել էր, իսկ ավելի ուշ եզրակացրել, թե ես նույն` այդ վիճակով եմ տուն եկել: Առավոտյան մի թեթեւ փորձ արեց իմանալ` ինչն ինչոց է եւ տեղում էլ հասկացավ, որ իր կողմից այդ թեմային անդրադառնալը, ինձ համար, մեղմ ասած, հաճելի չէ: Բնականաբար, թե՚ ընկերներս եւ թե՚ հետագայում կինս, իմացան այս պատմության մասին, եւ ամեն անգամ տղայիս տարեդարձի օրը, իմ կատակով հարցին` գիտե՞ս այսօր ի՞նչ օր է, տղաս ժպտալով պատասխանում է. »Հա, էն որ տկլոր մնացել էիր դրսում»:
-Շատ տիպն ա ,- ասաց կինս,- յուրահատուկ հումոր ունի եւ նախաձեռնող է, ինչի՞ց պետք է դժգոհ լինեմ:
-Հա,- ժպտում եմ,- ինձ է քաշել:
-Քո կլոնն ա, -ասում է ու հետո, թե,-թող այդպես լինի:
-Ըհը, այս հարցում էլ համաձայնեցինք, էլ ի՞նչ հարցեր կան չպարզաբանված,- կատակի եմ տալիս:
– Աղջկադ հետ խոսել ե՞ս, ե՞րբ է գալու, ինձ ժամկետները չի ասում: Ասում է` անակնկալ եմ անելու:
-Կգա էլի… երբ էլ գա-չգա, հիսունիս նախօրեին կգա:
-Ո՞նց, -լրջանում է կինս,- ես իրեն ասել եմ` շուտ գա, որ կազմակերպի քո հիսնամյակը:
-Ոչինչ էլ չեմ անելու, իզուր մի ոգեւորվեք, -ասում եմ:
-Հարազատներդ, բոլորը սպասում են այդ օրվան, որ մի լավ ուրախանան, իսկ դու ասում ես` ոչինչ չեմ անելո՞ւ: Ես կանեմ, քո գործը չէ…
-Լավ հարազատը չի ուրախանա, ի՞նչ ուրախանալու բան է….պահ, պահ մի տես է~, մարդը ծերանում է , իսկ հարազատները ուրախանում են:
-Հիսունում չեն ծերանում, հիսունից հետո իմաստնանում են, -փորձում է համոզել կինս:
-Նայած ով,- ասում եմ,-մարդ կա իմաստուն է ծնվում` Աստծո կամոք…
– Դու էդ դեպքը չես, հաստատ:
-Գիտեմ, -համաձայնում եմ կնոջս հետ,- ես Կոնֆուցիոսը չեմ: Ես ես եմ` հորս տղան, որ արդեն դառնում եմ նրա տարիքին: Բեր, էն իմ քաշած դամբուլի օղուց բեր, խմենք, հերն էլ անիծած, հիսունից հետո ապրելու հավանականությունը դառնում է հիսուն-հիսուն: Արի խմենք, լա՞վ:

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *