պատմվածք հեծանիվի մասին
Կար-չկար մի կարճահասակ մարդ
նա չար էր ու նախանձ
և նա նստեց հեծանիվն ու գնաց աստծո մոտ
ինչ անեմ ասաց
ես չար եմ ու նախանձ
և աստված ասաց
նստիր իմ փոխարեն երկնքում մինչև կմտածեմ ու կասեմ
և չար կարճահասակ ու նախանձ մարդը նստեց ամպի վրա
իսկ աստված նստեց հեծանիվն ու քշեց իջավ երկիր
և այլևս չբարձրացավ:
վերջին գիրքը
(հիմնված է իրական դեպքերի վրա)
մի գիրք ապրում էր մեծ քաղաքում:
նրան բոլորը ծաղրում էին,
ոչ ոք չէր նայում նրան,
էջերը չէին շոյում,
սիրով չէին զբաղվում իր ներսի բառերի հետ:
ու գիրքը որոշեց ինքնասպան լինել:
գնաց ազգային բանակ
ու թերթ առ թերթ
ծառայեց ազգային բանակի զուգարանում:
կերուխում թիվ 15
հայոց եղեռնի մասին կարդացածս միակ վավերագրքի
միակ նախադասությունը
ուտում է ուղեղս.
«փոքրիկ երեխաները գիտեին
հենց մեռնեին
իրենց ուտելու են
կենդանի մնացած սովածները»:
կինոաչք
սարսափ – ֆիլմեր չեմ սիրում:
երաժշտությունը այնտեղ դողդղում է
ու ցնցվում
ծերունու ձեռքի նման
ձանձրույթից ստիպված մեռնում եմ
չորացած պառավի պես
ամոթը զուգարանում է
պոեզիան գնաց զուգարան
բնական կարիքները հոգալու
պոետները ետևից թաքուն գնացին
բռնեցին
ու մինչև հիմա բաց չեն թողնում
ազատություն պոեզիային
Горе от ума
ամեն անգամ երբ ասում եմ
էնքան աշխատեմ տուն ունենամ
ու գրադարան
մայրս ծիծաղում է ու ասում
խելք ունեցի ամուսնացի
թող ամուսինդ քո համար առնի
մտածում եմ
որ խելք հավաքեմ
համ կաշխատեմ համ տուն կունենամ համ գրադարան
ջհանդամ թե բաժանված չեմ լինի
ու ալիմենտի հույսին
շաբաթօրյակ
ամեն անգամ ասում եմ վերջ
էլ չեմ սիրում
էլ չեմ պատասխանի զանգերին
կջնջեմ ինտերնետիս ընկերների ցանկից
ու կարգին մաքրություն կանեմ սրտիս մեջ`
վերջապես դատարկելով ահռելի մեծ աղբից
ու ամեն անգամ հենց տեսնվում ենք
լրիվ անկախ իմ կամքից
ձեռքերս փաթաթվում են նրան
ձայնալարերս գեղգեղում են սիրաբառեր թե`
վիզը ամենասիրածս տեղն է պիտի համբուրեմ
աչքերս զոռով փակվում են անտանելի երանությունից
և սիրտս պայթում է խոռոչներում հրաշքով հայտնված աղբ ու զիբիլից
հետո չանգռելով դեմքը նստում է ու գրում
նամակ հարազատ եղբորը`
Սիզիփոսին:
չկայացած սեր
ես բանաստեղծությանս թութակն եմ
երբ ուզում կեր է տալիս
երբ հիշում ջուր
կիսաքաղց է թողնում որ դաստիարակի
գազօջախը վառելիս մտածում է
թևերս խանձի
ինձ էլ մի բուռ գրիլ անի
քնելուց առաջ վիզս ուզում է ոլորի ու ճզմի
առավոտը սկսվում է .«հա սիրուն ջան,
հա պուպուշ ջան»-ով
ու արդեն ես բանի տեղ չեմ դնում:
«ախպերս» ու ես
ամիսը մեկ հանդիպում ենք
խոսում աշխարհից
գիտությունից մեքենաներից
շներից
աշխատավարձի հերիքել-չհերիքելուց
ծնողներից
ծանոթներից` կարճաժամկետ ձեռքբերովի ու կայուն
իր սերերից
իմ սերերից
վերջում տուն ճանապարհելուց
չի մոռանում նայել աչքերիս մեջ ու կամացուկ հարցնել
կարող ա ամուսնանամ իր հետ
ու էդպես ամեն ամիս
աբիժնիկ հս պրեդստավլյայետ
ամեն անգամ լիալուսնի ժամանակ
հիշում եմ ինձ չսիրող տղերքին
ու չարախնդալով սպասում
հաջորդ կյանքերից մեկին
երբ ես տղա կլինեմ իրենք աղջիկ
լիալուսնից հետո փառք եմ տալիս տիրոջը
որ իմ կողմից չսիրված տղերքը
ինձ նման վայրենի չեն ու ինքս ինձ խոստանում եմ
հատ-հատ պատասխանել նամակներին
ու լինել ավելի սիրալիր
քանի որ
ես պատ եմ
որ չունի լուսամուտ
բացվող ուրիշ պատի ականջի մեջ
ընկերներս հանգիստ սրտով
թափում են իրենց ներսի զիբիլը
քարերիս տակ ու
գնում նոր աղբի հետևից:
փոթորիկ
առաջարկեց հանդիպել
ու առանց էս կողմ էն կողմ ընկնելու
համբուրվել
համ իմ լարվածությունը կանցնի համ քո
վստահեցրեց
հանդիպման չգնացինք
լարվածությունը աճեց աճեց աճեց
դարձավ ձանձրալի ծառ ու չորացավ
նկարազարդ գիրք երեխաների համար
հեղափոխությունը
պայթեցրեց փողոցները
մազանոթների պես
կախարդական սրնգահարը եկավ ու նվագեց
ու մարդիկ առնետների պես տնկեցին քթերը վեր
հետո սրնգահարը հոգնեց նվագելուց
ու գնաց պառկեց հեքիաթի գրքի իր էջում
ոմանք մնացին տնկած քթերով ու տեսան երկինքը
ոմանք իջեցրին քթները ցած ու տեսան ցեխի մեջ
կորած ոտքերը
նախասիրություններ
ինձ ժամանակակից
իմ ամենասիրած բանաստեղծը
Հրաչյա Սարիբեկյանն է
սիրածս արձակագիրը
Հովհաննես Գրիգորյանը
բա հետո՞
շտապ օրեր են
հապճեպ մարդկանցով լիքը
հանքային ջրի պղպջակների պես անցողիկ
սկսում եմ հավատալ համակարգչի գուշակությանը
մարդիկ խաղաղության մեջ կապրեն
եթե նրանց առանձին – առանձին
գցեն ապակե անոթների մեջ
ու կես ժամը մեկ ուրախության եթեր ներարկեն
հատուկ ընտրված ռոբոտների կողմից
սենյակում փակված
համակարգչի ապակու ետևից
տուրք ենք տալիս
մեծն ինտերնետին
դիակիզում
զարթնեցրու ինձ կեսօրին
պանթեոնի ճամփան դժվար է երկար
այս ձմեռվա ցրտին
որ փակ ճամպրուկ է
ձյունից ցեցոտ փողոցներով
զարթնեցրու ինձ կեսօրին
գնամ հասնեմ պանթեոն
տեսնեմ մոխիրս
քամին ուր է քշելու
և ում եմ տեսնելու
և ում չեմ տեսնի
օրորոցային
խմեմ վերջին երգը
մի անգամ էլ քայլեմ տանիքների սպիտակին
արևին դիմավորեմ թեյի բաժակով ու քնատ հայացքով
համոզվեմ որ առավոտը սկսվեց մի մատ խորքից
մեծատառով
գնամ հաջորդ պարբերություն
ու քնեմ մատիտով ընդգծած տողերի տակ
Գրանիշ [02] offline