«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ հայտարարում է Դրոշին հավատարմության խոստման մրցույթ:
Մրցույթի նպատակն է հատկապես պատանիների ու երիտասարդների շրջանում հնչեղություն հաղորդել պետականության խորհրդանիշների կարևորությանը։
Որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորում՝ ՁԻՀ-ը մեծ նշանակություն է տալիս նաև նման նախաձեռնությունների իրականացմանը, որոնք ուղղված են ինքնիշխանության, պետականաշինության ու պետական խորհրդանիշների հանդեպ պատկառանքի ու մեծարման մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանը։
Մենք խիստ կարևորում ենք նաև, որ հատկապես ապագայի տեխնոլոգիական հմտություններ ու գիտելիքներ ստացող երիտասարդների մեջ ձևավորվի հայրենիքի շենացման ու առաջընթացի ապահովման գործին մասնակցության պարտավորվածության ու նվիրումի կայուն զգացում։
Մրցանակային ֆոնդը 1․000․000 ՀՀ դրամ է (ներառյալ՝ բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները), որը կբաշխվի հետևյալ երկու անվանակարգերում լավագույն տարբերակներ առաջարկած հեղինակների միջև՝
- Չափածո,
- Արձակ:
Մրցույթի շրջանակում յուրաքանչյուր անվանակարգում հաղթող է ճանաչվելու թեմային առնչվող լավագույն ու ազդեցիկ բովանդակությամբ տարբերակը։
Կարևորվում են հավատարմության խոստման առաջարկվող տարբերակների դաստիարակչական ու հայրենասիրական ուղղվածությունը, ազդեցիկ և միաժամանակ պարզ, ընկալելի, հիշվող ու տպավորիչ լինելը։
Մրցույթի գնահատման հիմնական չափանիշներն են՝
- կառուցվածքը,
- լեզուն և ոճը,
- տեքստի օրիգինալությունը,
- համապատասխանությունը մրցույթի նպատակներին։
Մրցույթն իրականացվում է «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Մրցույթի գնահատման գործընթացում ներգրավված են տարբեր ոլորտների փորձառու մասնագետներ՝
- Հասմիկ Հակոբյան – գրականագետ, «Գրանիշ» գրական համայնքի խմբագիր, գրականագետ,
- Արքմենիկ Նիկողոսյան – գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր,
- Արմեն Սարգսյան – բանաստեղծ, Գրքի երևանյան փառատոնի գեղարվեստական ղեկավար,
- Պավել Սարգսյան – «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի գլխավոր տնօրեն,
- Մարիամ Դավթյան – «Զիմաստ» խորհրդատվական ընկերության տնօրեն,
- Ժենյա Ազիզյան – «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար։
Մրցույթը բաց է ցանկացած տարիքի և մասնագիտության անձանց համար։
Եթե ցանկանում եք մասնակցել մրցույթին, ապա անցեք ստորև նշված հղումով, լրացրեք մասնակցության հայտը և առաջարկեք Դրոշին հավատարմության խոստման Ձեր տարբերակ(ներ)ը՝ https://forms.gle/93vVr5xkuZ5hC7C17
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 3 (երեք) տարբերակ։
Ներկայացվող տեքստը պետք է լինի հայերեն, պարունակի առավելագույնը 500 նիշ (առանց բացատների) և չպարունակի գրագողության տարրեր։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2021 թվականի օգոստոսի 25՝ ժամը 23։59 (Երևանի ժամանակով) ներառյալ։
Նշում՝ մրցույթում հաղթող ստեղծագործությունները ՁԻՀ-ը կարող է առանց հեղինակի լրացուցիչ համաձայնության ամբողջությամբ կամ մասնակի, ոչ կոմերցիոն նպատակներով կիրառել տարբեր ծրագրերի, միջոցառումների և այլ նախաձեռնությունների շրջանակում՝ պահպանելով հեղինակային իրավունքները։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝
+374 11 219797 հեռախոսահամարով կամ info@eif.am էլ․-փոստի հասցեով։