Հարաբերությունս Հայաստանի հետ – նախ և առաջ հայերենի հետ – ունի միասնաբար և՛ խոր անձնական (intimo), և՛ առասպելական մի բան։ Շատ տարիներ առաջ Ջանֆրանկո Կոնտինին՝ բանասերը, որի հանդեպ խորին հարգանք ունեի և ունեմ, ինձ ասաց, որ Ագամբեն ազգանունն անշուշտ հայկական ծագում ունի։ Հայկական Ագանբեկյան[1] ազգանունը[2], կարծես, կարճացել է՝ դառնալով Ագամբեն, այնպես, ինչպես իտալական Ջաննին ծագում է հայերեն Ջանիկյան ազգանունից։ Եվ սա ավելի ուշ ինձ համար հաստատեց նաև Վենետիկի Հայկական կղզու վանականներից մեկը՝ առանց քամահրանքի նշույլի։ Սակայն իմ ընտանիքի ավանդությունների մեջ այսօրինակ ծագման որևէ դեպք չկար, և այդ ազգանունը, որն Իտալիայում միայն մենք ենք կրում, բացատրվում էր այլ զարմանահրաշ կերպով, թերևս հնարովի, որպեսզի ծածկվի դրա տարաշխարհիկ ծագումը։
Իմ ինքնությունը, այսպիսով, բաժանված է, սակայն այդ բաժանումը, ըստ երևույթին, պարունակում է ինչ-որ արժեքավոր ցուցում։ Ես հա՞յ եմ, իտալացի՞ եմ։ Իսկ ի՞նչ է նշանակում հայկական ծագմամբ իտալացի լինելը։ Որքան շատ ես ձուլվում մի լեզվի ու մշակույթի – ինչպես ես՝ ըստ կարելվույն, ձուլվել եմ իտալերենին – այնքան ավելի անհրաժեշտ է, որ գոյություն ունենա ելքի մի ուղի։ Թերևս հայերենն այդ ելից ուղին է ինձ համար։ [Բայց] որտեղի՞ց և ո՞ւր։ Ոչ թե իտալերենից դեպի այլ ավելի սկզբնական ինքնություն, կամ, ավելի գեշ մի բան դեպի ինչ-որ տարտամ ընդհանրականություն (universalità), այլ ավելի շուտ, դեպի այն չմտածված այլուրը, որը թաղված է յուրաքանչյուր լեզվի և յուրաքանչյուր ինքնության սրտում, և առ որը մշտապես ճամփորդել են բոլոր լեզուներն ու ինքնությունները։ Իտալացի լինելը, հայ լինելը մեկնակետ չէ, այլ նպատակակետ, որին մենք գուցե երբեք չհասնենք, բայց դեպի այն արժե գնալ։ Եվ ամեն դեպքում, ինչպես բանաստեղծն է գրել Ոդիսևսի և նրա հայրենի կղզու մասին, դա կլինի այն նպատակակետը, որը ձեզ տվել է ճամփորդությունը. «Իթակեն քեզ պարգևեց ճամփորդությունը սքանչելի։ / Առանց նրա դու ճամփա չէիր ընկնի։ / Արդ, նա քեզ տալու այլ բան չունի[3]»։
Նոյեմբերի 30, 2023 թ.
Ջորջո Ագամբեն
Թարգմանությունն իտալերենից՝ Սահակ Գալոյանի
[1] 2019 թ․ հունիսի 30-ին Առնո Վիդմանի հետ հարցազրույցի ժամանակ (Frankfurter Rundschau գերմանական թերթի համար) «Ի՞նչ է նշանակում Ձեր անունը» հարցին Ագամբենը պատասխանում է․ «Բանասերները բացատրեցին ինձ, որ այն ծագում է հայերենից՝ Ագամբենյան, Ագամբենի զաւակ։ Բայց ես չգիտեմ, թե ինչ է նշանակում Ագամբեն։ Երբ պատմեցի մորս, մայրս կարծեց՝ գժվել եմ։ Սակայն․ հայերը 18-րդ դարից ապրում են Իտալիայում։ Լիդոյի մոտերքում հայկական Սուրբ Ղազար Կղզին է։ Հայ վանականները, որոնք փախել էին Թուրքիայից, այնտեղ վանք են կառուցել։ Այն դարձել է հայկական մշակույթի կենտրոններից մեկը» (գերմ․ Herr Agamben, was bedeutet Ihr Name?
Philologen erklärten mir, er stamme aus dem Armenischen: Agambenian, Kind des Agamben. Ich weiß aber nicht, was Agamben bedeutet. Als ich das meiner Familie erzählte, erklärte meine Mutter mich für verrückt. Aber: Armenier gibt es in Italien seit dem 18. Jahrhundert. In der Nähe des Lido von Venedig liegt die Insel „San Lazzaro degli Armeni“. Dort erbauten damals vor den Türken geflohene armenische Mönche ein Kloster. Es wurde zu einem der Zentren armenischer Kultur.)։
[2] Սույն հոդվածում Ագամբենը գրում է Aganbeghyan (Ագանբեկյան), որը նաև հանդիպում է Աղանբեկյան տառադարձությամբ։ Ուշ դարձրե՛ք նախորդ ծանոթագրությունում մեջբերված հատվածին, ուր գրված է Agambenian (Ագամբենյան)․ այսպես արտասանե՞լ է Ագամբենը, թե՞ սխալմամբ գրառել Առնո Վիդմանը՝ դժվար է ասել։
[3] Քաղվածքը հույն բանաստեղծ Կոնստանտինոս Կավաֆիսի (Κωνσταντίνος Καβάφης, 1863-1933) Իթակե բանաստեղծությունից։

