Հայ-ճապոնական գրական առնչությունները Խորհրդային միության տարիներին
1958 թվականի գարնանը ճապոնացի գրողներ Տակամի Ջունը (1907-1965), Սակայ Սեյիչիրոն (1905-1993), Աբե Տոմոջին (1903-1973) և գրականագետ Աոնո Սուեկիչին (1890-1961)
[1]Խորհրդային միություն կատարած այցի շրջանակում լինում են նաև Հայաստանում, հանդիպում են հայ գործընկերների հետ, այցելում Էջմիածին, Հաղթանակի այգի, Սարյանի արվեստանոց, գինու գործարան և այլն։ Հայտնի է, որ 1960-ական և 1970-ական թվականներին նույնպես մի խումբ ճապոնացի գրողներ եղել են Հայաստանում։ Ի դեպ, 1965 թվականին Հայաստան այցելած պոետ Սուգավարա Կացումին (1911-1988) նույնիսկ բանաստեղծություն է նվիրել Երևանին։ Հայ գրողներից Ճապոնիա այցելելու հնարավորություն են ունեցել Նաիրի Զարյանը (1961 թ.), Արտաշես Քալանթարյանը (1965 թ.), Սիլվա Կապուտիկյանը (1972 թ.) և ուրիշներ[2]։
Նմանատիպ այցելությունները հնարավոր են դառնում 1956 թվականի հոկտեմբերի 19-ին ԽՍՀՄ և Ճապոնիայի միջև ստորագրված համատեղ հռչակագրից հետո, որով երկու երկրների միջև վերականգնվում են դիվանագիտական հարաբերությունները։ Հռչակագրի ստորագրումից հետո՝ 1957 թվականին Ճապոնիայում ստեղծվում է «Ճապոնիա-ԽՍՀՄ» միությունը, որի առաջին ղեկավարն էր 1954-56 թթ. երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Հատոյամա Իչիրոն (1883-1959)։ 1963 թվականին միությունն ուներ ավելի քան 20,000 անդամ, որոնց թվում էին ձախական հայացքներ ունեցող նահանգապետներ, քաղաքապետներ, դասախոսներ և ուրիշներ։ 1965 թվականին միության ներսում եղած տարաձայնությունների արդյունքում քսանմեկ անդամներ հեռանում են՝ կազմելով «Ճապոնիա-ԽՍՀՄ բարեկամության միությունը»։ Իսկ Խորհրդային միությունում 1958 թվականին ստեղծվում է ԽՍՀՄ-Ճապոնիա ընկերությունը, որի նպատակն էր Ճապոնիայի հետ մշակութային հարաբերությունների ամրապնդումը[3]:
Այս երեք միավորումների, ինչպես նաև Ճապոնիայի կոմունիստական կուսակցության հետ սերտ կապեր ունեցող «Շին Նիհոն Բունգակու» (Նոր ճապոնական գրականություն) միության (գործել է 1945-2005 թթ.) և ԽՍՀՄ գրողների միության ջանքերով և ֆինանսավորմամբ էլ տեղի էին ունենում վերոհիշյալ այցելությունները և գրողների միջև շփումները։ Ճապոնացի հետազոտող Ակիկուսան կարծիք է հայտնում, որ այս միջոցառումների նպատակը ոչ միայն ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդումն էր, այլև մշակութային դիվանագիտությունը կամ փափուկ ուժի կիրառումը։ Ինչպես նա է նշում, Խորհրդային միությունը ֆինանսավորում էր ոչ միայն մշակութային այցերը, այլ նաև ճապոնալեզու «Սովետական գրականություն» հանդեսի տպագրումը՝ ցանկանալով բարելավել Ճապոնիայում ԽՍՀՄ մասին հանրային կարծիքը։ Սակայն այս քաղաքականության արդյունավետությունը սահմանափակ էր, քանի որ նույնիսկ ճապոնացի ձախականներին խորհրդային գրականությունն առանձնապես հետաքրքիր չէր[4]։
Տակամի Ջունի այցը Հայաստան
Արձակագիր, բանաստեղծ Տակամի Ջունը (իսկական անունը՝ Տակամի Յոշիո) թերևս ամենաճանաչված ճապոնացի գրող է, որն այցելել է Հայաստան և դրա մասին գրառումներ արել իր օրագրում։
Տակամի Ջունը ծնվել է 1907 թվականին Ֆուկուի պրեֆեկտուրայում, կրթություն է ստացել Տոկիոյի կայսերական համալսարանում (այժմ Տոկիոյի համալսարան), ուսանողական տարիներին տարվել է ձախական գաղափարներով և դարձել Ճապոնիայի պրոլետարական գրողների միության անդամ։ 1933 թվականին ձերբակալվել է իր քաղաքական հայացքների համար և մի քանի ամիս անց, հրաժարվելով այդ հայացքներից, բաց է թողնվել[5]։ Ի դեպ, 1930-ականների Ճապոնիայում տարածված այս երևույթը, երբ մտավորականները ոստիկանության սպառնալիքի տակ հրաժարվում էին իրենց ձախական հայացքներից և աջակցություն հայտնում միլիտարիստական ուժերին, կոչվում էր «տենկո» (նշանակում է «ուղղության փոփոխություն»)։ Կա մի ամբողջ գրական ուղղություն, որը կոչվում է «Տենկո գրականություն», և Տակամի Ջունը թերևս դրա ամենաճանաչված ներկայացուցիչն է[6]։
Տակամիի ամենահայտնի գործերից են «Կոկյու վասուրեու բեկի» (Հին ընկերները պետք է մոռացվեն, 1936) և «Իկանարու հոշի նո մոտո նի» (Ի՞նչ աստղի տակ, 1940) վեպերը, ինչպես նաև «Շի նո ֆուչի յորի» (Մահվան անդունդից, 1964) բանաստեղծական ժողովածուն։ «Հին ընկերները պետք է մոռացվեն» վեպը, որը համարվում է «տենկո գրականության» ամենափայլուն գործը, պատմում է ընկերների մասին, որոնք նախկինում ունեցել են մարքսիստական հայացքներ, բայց հրաժարվել են դրանցից։ Ոմանք բարեկեցիկ կյանքով են ապրում, մյուսները՝ ոչ այնքան, բայց նրանց միավորում է դատարկությունը, որ նրանք զգում են առանց գաղափարների ապրելով։
Տակամին 1941 թվականից մինչև իր մահը պահել է օրագիր, որը հետմահու տպագրվել է 17-հատորյակով (առաջին, երկրորդ մասեր)։ Երկրորդ մասի 7-րդ հատորում էլ տեղ են գտել Հայաստան կատարած ճանապարհորդության մասին գրառումները[7]։ Ստորև թարգմանաբար կներկայացնեմ այդ օրագրից հատվածներ, ինչպես նաև Տակամիի էսքիզները։
«Տակամի Ջունի օրագիր»
Մայիսի 11, 1958 թ.
9:20 ժամանում ենք Երևան։ Արարատ լեռն է երևում։ Մեզ դիմավորելու են եկել Հայաստանի գրողների միության անդամները։ Նրանց ձեռքսեղմումով բարևում ենք և գնում «Ինտուրիստ» հյուրանոց։ Ճանապարհին տեսնում ենք հեղափոխությունից հետո կառուցված նոր շինությունների և հին հայկական տների միախառնումը (մեզ ասում են, որ հեղափոխությունից առաջ այստեղի բնակչությունն ընդամենը 30,000 էր, իսկ այժմ հասել է 400,000-ի)։
Ճաշին ուտում ենք թարխուն կոչվող բանջարեղեն և կանաչ սոխի նման մի բան։ Գրողների միության անդամներից մեկը կարծես խմելու սիրահար է, կոնյակը օղու պես մեկ անգամից է խմում։
Խոսում են այն մասին, որ Հայաստանում երկրաշարժեր են լինում և դրա հետ կապված նշում, որ այստեղ աղբյուրներ կան։ Այնտեղի հանքային ջրերը վաճառում են։ Մոսկվայում բենզինը 90 կոպեկ է, իսկ Հայաստանում հանքային ջուրն է 90 կոպեկ։ Մեզ հետ ներկա մի վրացի կատակում է, որ հայերը սովորական ջուրը 90 կոպեկով են վաճառում։
Մինչև երեկո քնում ենք։
Երեկոյան գնում ենք Հաղթանակի այգի։ Ճանապարհին անցնում ենք Աբովյան փողոցով։ Աբովյանը գրողի անուն է։ Այդ փողոցում նրա հուշարձանն է դրված։
Զբոսայգում վեր է խոյացել Ստալինի արձանը (Խորհրդային միությունում Ստալինի ամենամեծ արձանն է)։ Այնտեղից երևում է Փոքր Արարատը (՞)։ Գագաթը ձյունապատ է, այն Ֆուջի լեռանն է նման։ Քաղաքային տեսարաններն են երևում։
Երիտասարդ ուսանողներ են գալիս, մեզ հետ լուսանկարվում են։ Քամին ուժեղ է։ Կանաչը գեղեցիկ է։
Հյուրանոցում ընթրիքի ժամանակ Աբեն ինչ-որ բանի համար բարկանում է տիկին Լ-ի վրա, և միայն ես ու Սակայն ենք գնում ժողովրդական երաժշտության համերգին։ Մեզ հետ են գրողների միության երկու անդամներ։ Բեմը բյուզանդական ոճով է զարդարված։ Մեր դիմաց նստած են ամերիկացի զբոսաշրջիկներ (ասում են, որ մեր հյուրանոցում են մնում)։ Հայկական ծագման ամերիկացիներ են։ Շատերը կարծես գյուղացի են։
Համերգի ժամանակ ասմունքում են, ժողովրդական երգեր ու պարեր (ձկնորսների, գյուղացիների պար) կատարում։ Հիշեցնում է խաղող ու թեյ հավաքելու պարեր կատարող չինական երգի ու պարի անսամբլին։
Նվագախումբը բեմին է, իսկ պարողները նրանց դիմացն են։ (Սանթուր կոչվող երաժշտական գործիք կա, կարծես մի կողմ շրջած տավիղ լինի։ Դրա կատարողները՝ բոլորը կանայք, առջևի շարքում են։ Ետևում կանանց երգչախումբն է՝ յոթ հոգի և տղամարդկանցը՝ ութ հոգի։ Մեջտեղում տղամարդիկ ու կանայք են, որ նվագում են ճապոնական կոկյուի նման մի գործիք, շվի, թմբուկ և բիվայի նման ինչ-որ բան)։
Մի գեղեցիկ պարուհի կար, բայց բեղիկներ ուներ։ Սանթուր կատարողները բուդդիստական հրեշտակների տեսք ունեն։ Իսկ բիվա նվագող կինը Բեյձանտեն[8] աստվածուհուն է նման (հագուստը)։ Հյուրանոցում մեզ մի ամերիկացի է խոսեցնում։ Ասում է, որ ինքն էլ է գրող։
Մայիսի 12
……
Գրողների միության անդամները գալիս են մեզ դիմավորելու։ Ավտոմեքենայով գնում ենք քաղաքից դուրս։ Ճանապարհին երևում են հին հայկական տներ։ Քարանձավային տների են նման։ Մեզ ասում են, որ հեղափոխությունից առաջ ամբողջն այսպիսի տներ են եղել։ Սրանք հատուկ են թողել, որպես նմուշ։ Փոքրիկ քարաշեն տներ են, ծեփած պատերով, մեկ կամ երկու պատուհան ունեն։ ……
Ժամանում ենք Էջմիածնի տաճար։ Էջմիածին նշանակում է «այն վայրը, որտեղ իջավ Աստծո միածին որդին»։ Չորրորդ դարի տաճար է։ Երկու անգամ վերականգնվել է և 17-րդ դարում վերականգնումից հետո այս տեսքով է։ Գյուղացիների փոքր խմբեր կան։ ……
Տիկին Լ-ն մեզ բացատրում է, որ այցելուների մեծ մասը պարզապես էքսկուրսիայի են եկել։ Ասում է, որ ի տարբերություն Մոսկվայի եկեղեցիների, մարդիկ այստեղ աղմկոտ են, երեխաներն էլ վազվզում են, և կրոնական խստություն չկա։ ……
Վերադառնալիս մտնում ենք սուրբ Հռիփսիմեի տաճար։ Սուրբ Հռիփսիմեն կին է։ Յոթերորդ դարի այս եկեղեցում այժմ ոչ ոք չկա։ Պետությունն է այն պահպանում, այժմ վերականգնողական աշխատանքներ է տանում։ Եկեղեցու դիմաց նախազգուշացում կա. վնաս պատճառողները կպատժվեն։ ……
Վերադառնում ենք Երևան։ Տեսնում ենք մի հսկայական կամուրջ (1956 թվականին կառուցված)։ Ներքևում ձոր է, ձախ կողմում ոռոգման ջրանցք։
Շուկա ենք մտնում։ Փողոցի մյուս կողմում երևում են մայիսմեկյան տոնակատարության զարդարանքների մնացորդները։ Լենինի ու Ստալինի մեծ նկարներն են, Լենինի ձախ կողմում Խրուշչովի փոքր նկարն է, իսկ Ստալինի աջ կողմում՝ Միկոյանինը։
Շուկան հսկայական է։ Հիմնականում բանջարեղեն են վաճառում։ Ասում են, որ աշնանը մրգեր նույնպես շատ կան։ …… Խաղողի տերևներ են վաճառում։ Դրա մեջ միս են փաթաթում և ուտում (այդ տերևները աղ են դնում և պահում)։ ……
Հյուրանոցի պատուհանից կինոթատրոնն է երևում։ Հին երևանյան տներն են երևում (այստեղ Մոսվյահի հյուրանոցից լավ է, որովհետև հասարակ ժողովրդի կյանքին կարող ես հետևել)։
Քարերն իրար վրա շարած, ծեփած պատերով, տափակ տանիքներով տներ են։ Հողի գույնի։ Մի պապիկ դրսում նստած թոռան հետ է խաղում։ Ամենուր լվացք է փռված։ (շարունակելի)
[1] Ճապոնական անձնանունները գրված են ազգանուն, անուն հերթականությամբ։
[2] Հայ-ճապոնական գրական առնչություններին ծանոթանալու համար ընթերցե՛ք նաև Արծվի Բախչինյան, Հայ-ճապոնական պատմական և մշակութային առնչություններ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2017, գլուխ 4։
[3] Дарья Киба, Развитие советско-японских литературных связей во второй половине 1940-x – первой половине 1980-х годов. Известия Юго-Западного государственного университета. Серия: История и право. 2022;12(2):191-205.
[4] 秋草俊一郎「ソ連より愛をこめて:冷戦期日本における文化交流とソフトパワー」『れにくさ』10、2020:28-41 (Ակիկուսա Շյունիչիրո, Խորհրդային միությունից՝ սիրով. մշակութային փոխանակությունը և փափուկ ուժը սառը պատերազմի շրջանի Ճապոնիայում, Րեկիկուսա 10, 2020, 28-41).
[5] Donald Keene. Dawn to the West: A History of Japanese Literature, Volume 3. Columbia University Press, 1998: 871-878.
[6] «Տենկո»-ի մասին կարդացե՛ք հետևյալ աշխատությունում։ Irina Hayter, George T. Sipos, Mark Williams (eds.). Tenkō: Cultures of Political Conversion in Transwar Japan. Routledge, 2021.
[7] 高見順『高見順日記続第7巻 ソ連・パリ日記』勁草書房、1977 (Տակամի Ջուն, Տակամի Ջունի օրագրեր երկրորդ մաս, հատոր 7. Խորհրդային միություն և Փարիզ, Կեյսո շյոբո, 1977):
[8] Արևելաասիական բուդդիզմի աստվածուհի, որի կերպարը հիմնված է հնդկական Սարասվատիի վրա։




