գլուխ առաջին
Էսօրվա պես հիշում եմ թախտը որի վրա պառկած էի,
կարճ յուբկան որ հագիս կար՝
կապույտ գծերով,
մեր հին տանն էի որն արդեն չկա,
քսաներորդ դարն էր որն արդեն ավարտվել ա,
դպրոցը հենց նոր վերջացրել էի,
պառկած էի թախտին,
ու մի տեսակ վախ էր եկել վրաս,
մտածում էի—
Մարինե, էս ճանապարհը որով գնում ես
երկաաաաաաաաաաաար ա,
էնքաաաաան երկար ա,
դու տեղ հասնելո՞ւ ես։
Էսօր,
երբ գրում եմ էս տողերը,
արդեն վաղուց քսանմեկերորդ դարն ա,
մեր հին տունը չկա,
էն թախտը չկա,
իսկ ճանապարհը որով քայլում էի նույնն ա,
սուտ կլինի եթե ասեմ թե արդեն հասել եմ,
բայց տեղը դեպի ուր էսքան տարի քայլում էի
արդեն երևում ա,
ու էդ տեղը կոչվում ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՈՎԱՓԻՆ։
Ես ծովը սիրել եմ դեռ պուճուրվանից,
էն ժամանակ միայնակ արարած էի,
չէի կարողանում մարդկանց հետ շփվել,
իմ ու աշխարհի արանքում պատ կար,
իսկ ծովը տեղն էր որտեղ էդ պատը քանդվում էր,
վախենալու էր ահագին բայց նաև սիրելի,
վախենալու-սիրելի։
էն ժամանակներից շաաատ տարիներ են անցել,
ես հիմա փոխվել եմ,
էլ չկա պատը որ բարձրանում էր իմ ու աշխարհի արանքում,
բայց ծովը ես առաջվա պես սիրում եմ,
որովհետև ծովը ուրիշ տարածություն ա,
սովորականից էն կողմ ընկած ուրիշ տարածություն,
ու ինքը առաջվա պես վախենալու ա մի քիչ,
բայց նաև սիրելի,
վախենալու-սիրելի,
ծովը պատմում ա նրա մասին ինչը չունես դու,
բայց կարող ես ունենալ։
«Հայաստանի ծովափին»ը իմ երրորդ գրքի վերնագիրն ա,
էդ գիրքը լույս ա տեսել 2006-ի վերջին
և անցումային գիրք ա,
դրանում կա անցումը՝
Մարինեից որի գրածները բանաստեղծության նման էին
դեպի Մարինեն
որի գրածները գնալով ավելի ու ավելի քիչ են նման նրան,
ինչը կոչում են բանաստեղծություն։
«Հայաստանի ծովափին» գրքիս շնորհանդեսին
ես ներկաներին բաժանեցի մի տեքստ որը կոչվում էր
«Հայկական նախագիծ»,
հենց դրանից հետո էր որ Նիկոլ Փաշինյանն ինձ առաջարկեց
գրել «Հայկական ժամանակի» համար,
ամեն շաբաթ։
Նիկոլի թերթում իմ գրածները լույս տեսան երեք տարի՝
2007-ի հունվարից մինչև 2009-ի դեկտեմբեր,
դրանք բոլորը
նոր Հայաստանի նախագիծն էին,
նախագիծը՝ խոսքով,
որովհետև էս աշխարհում ամեն ինչ նախ խոսքի մեջ ա լինում։
Հիմա, երբ գրում եմ էս տողերը, 2018-ն ա,
սեպտեմբեր,
հայկական հեղափոխությունը հաղթել ա,
ավելի ճիշտ՝
հայկական հեղափոխությունը սկսվել ա,
ու ես որ տեսել եմ Սովետական Միությունը,
տեսել եմ Սովետական Միության քանդվելը,
տեսել եմ անկախ Հայաստանի ստեղծվելը,
տեսնելու եմ,
հա, հաստատ տեսնելու եմ՝
ոնց ա Հայաստանը հայտնվում ծովափին։
Ու Հայաստանի ծովափը էդ էն չի որ հետ վերցնենք Կիլիկիան,
այլ էն ա որ Հայաստանը հայտնվի մայրուղու վրա՝
մտքի մայրուղու,
կյանքի մայրուղու,
մարդկային երջանկությունը գտնելու էն մայրուղու,
դեպի որը բոլոր հայերովս,
դեպի որը բոլոր մարդկանցովս,
երկար շատ երկար,
դարերով,
գալիս էինք։
Իմ էս վեպի մեջ ես դնելու եմ անցած ճանապարհս՝
պահերը որոնք ապրեցի,
վայրերը որտեղ եղա,
մարդկանց որոնց ճանաչեցի,
տեքստերը որոնք գրեցի,
իսկ ամենակարևորը՝
իմ էս վեպի մեջ ես դնելու եմ ապագան,
ապագան դեպի որը մենք միասին քայլում ենք,
քայլում ենք ու հասնելու ենք՝
ես,
դու
և դու։
(փակագծերում)
Երբ որ վեպիս առաջին գլուխը Իլիկում կարդացի, ոմանք, զգացի, մի տեսակ շվարեցին։ Շվարումի պատճառը ոչ միայն էն էր, որ գլուխը կարճ էր՝ երկար բանաստեղծության չափ, այլ նաև էն, և գուցե առաջին հերթին էն, որ տեքստը անձնականով սկսվում ( «Էսօրվա պես հիշում եմ թախտը որի վրա պառկած էի, կարճ յուբկան որ հագիս կար, կապույտ գծերով․․․․») ու միանգամից անցում էր կատարում քաղաքականի։ Շվարումը մի պահ ինձ էլ փոխանցվեց, ու մի պահ ինձ թվաց արանքում օղակ եմ բաց եմ թողել։ Բայց հիմա նայում եմ՝ չէ, ոչ մի բան էլ բաց չեմ թողել։ Թախտի վրա պառկած, տասնյոթ տարեկան, իմ երազանքը, հստակ հիշում եմ, հենց քաղաքական էր։ Իմ երազանքը պատը քանդելն էր։ Ես էդ պատը ֆիզիկապես զգում էի։ Հիմա էլ եմ զգում։ Էդ էն պատն ա, որը կա իմ խոսքերի ու աշխարհի արանքում։ Դա անձնական ա ու քաղաքական ա։ Էսքան տարի ես քայլել քայլել քայլել եմ, որ հասնեմ էն տեղը, ուր էդ պատը չկա։ Հասնեմ Հայաստանի ծովափին։ Ուզում եմ վեպս էնքան գրեմ մինչև էդ ծովափը լինի։ Էսօր երկուհազարտասնութ թվի հոկտեմբերն ա։ Սկսել եմ։