Մոհսին Համիդը ծագումով Պակիստանի Լահոր քաղաքից է, որտեղ անց է կացրել իր կյանքի կեսը։ Մնացած տարիներին ապրել է Լոնդոնում, Նյու Յորքում և Կալիֆոռնիայում։ Համիդի վեպերն արժանացել են բազմաթիվ գրական մրցանակների։ «Հայելու արտացոլանքը» վերցված է Համիդի նոր՝ «Վերջին սպիտակամորթը» վեպից (ժանրը՝ մոգական ռեալիզմ), որը լույս է տեսել 2022 թվականի օգոստոսին։
Մի առավոտ սպիտակամորթ Անդերսն արթնացավ ու հայտնաբերեց, որ դարձել է անհերքելիորեն մուգ շագանակագույն։ Սա նրա գիտակցությանը հասավ աստիճանաբար, իսկ հետո՝ հանկարծակի: Սկզբում՝ որպես զգացողություն, ասես վաղ առավոտվա լույսի պատճառով իր նախաբազուկն ինչ-որ տարօրինակ գույն ուներ, երբ ձեռքը մեկնեց դեպի հեռախոսը, իսկ ավելի ուշ և հենց սկզբից էլ՝ որպես վայրկենական համոզմունք, որ անկողնում իր հետ այլ մարդ կար՝ տղամարդ՝ ավելի մուգ գույնի, բայց սա, թեև դա էլ սարսափելի կլիներ, հաստատ անհնար էր։ Նա համոզվեց, որ այդ մյուսը, որ շարժվում էր իրեն զուգահեռ, իրականում ոչ թե մարդ էր, ոչ թե առանձին մարդ, այլ հենց ինքը՝ Անդերսը, որից նա թեթևության ալիք զգաց։ Եթե այն, որ այնտեղ ուրիշ մեկն էլ կար, երևակայության արդյունք էր, ապա, այն, որ իր մաշկի գույնը փոխվել էր, իհարկե, նույնպես ինչ-որ հնարք էր, օպտիկական պատրանք կամ մտավոր արվեստափաստ՝ ծնված երազների և արթնության հատման անորոշ կետում։ Միայն թե այս ընթացքում հեռախոսն արդեն նրա ձեռքում էր, և նա շրջել էր տեսախցիկն ու տեսել, որ իրեն նայող դեմքն ամենևին իրենը չէր։
Անդերսը վեր կացավ անկողնուց և շտապեց դեպի լոգարան, բայց, հանգստացնելով ինքն իրեն, դանդաղեցրեց քայլքը՝ ավելի խոհեմ, կշռադատված դառնալու։ Արդյո՞ք նա քայլն արեց, որ հաստատի իրավիճակի վրա իր վերահսկողությունը, մտքի բացարձակ ուժով ստիպի իրականությանը վերադառնալ, թե՞ որովհետև փախուստն ավելի կվախեցներ իրեն, ընդմիշտ հետապնդվող զոհի կվերածեր՝ նա չգիտեր։
Լոգարանը խղճուկ տեսք ուներ, բայց հաճելիորեն ծանոթ էր՝ սալիկների ճաքերը, ճեղքերի միջի կեղտը, չորացած ատամի մածուկի շերտը՝ լվացարանի արտաքին հատվածին։ Ներսում երևում էր դեղապահոցը, ապակե դուռը բաց էր։ Անդերսը բարձրացրեց ձեռքն ու իր արտացոլանքը տեղավորեց իր աչքերի առջև։ Դա այն Անդերսի արտացոլանքը չէր, որին ճանաչում էր։
Նրան պատեց հուզմունքը․ դա ոչ այնքան ցնցում կամ վիշտ էր, թեև դրանք ևս կային, իր դեմքը փոխարինող դեմքը նրան ամենից առաջ զայրույթով լցրեց, կամ, ավելի ճիշտ, դա ավելին էր, քան զայրույթը, անսպասելի, սպանիչ կատաղություն էր։ Նա ուզում էր սպանել այն գունավոր տղամարդուն, որ կանգնել էր իրեն դեմառդեմ իր տան մեջ, ուզում էր մարել այն կյանքը, որ կենդանություն էր տալիս այդ մարմնին, չթողնել ոչ մի կանգուն բան, բացի իրենից՝ այնպիսին, ինչպիսին առաջ էր։ Նա բռունցքով հարվածեց իրենց նայող դեմքին՝ այն թեթևակի կոտրելով, ինչի պատճառով ողջ կցամասը, պահարանը, հայելին և մնացած ամեն ինչը թեքվեցին, ինչպես նկարը՝ երկրաշարժից հետո։
Անդերսը կանգնեց, ձեռքի ցավը մեղմացավ՝ իրեն պարուարած զգացողություների հորձանքից: Նա զգաց, որ դողում է, թույլ, հազիվ զգալի դող, որ հետո ուժեղացավ, ինչպես ձմեռային կատաղի ցուրտը, ինչպես դրսի սառնամանիքը, երբ անպաշտպան ես։ Եվ հենց այդ զգացումը նրան ստիպեց վերադառնալ իր անկողին, իր վերմակի տակ, և նա պառկեց այնտեղ երկար ժամանակ, թաքնված՝ երազելով, որ այս օրը, որ նոր էր սկսվել, երանի, երանի, չսկսվեր։
Անդերսը սպասում էր ետդարձի, ետդարձի, որը տեղի չէր ունենում, և ժամերն անցնում էին, ու նա հասկանում էր, որ իրեն կողոպտել են, որ ինքը հանցագործության զոհ է դարձել, որի սարսափը միայն սաստկանում էր, հանցագործություն, որն իրենից խլել էր ամեն ինչ, իրեն էր խլել իրենից, քանզի ինչպե՞ս կարող էր ասել, թե ինքը Անդերսն է հիմա, լինել Անդերսը հիմա, երբ այս մյուս տղամարդը նայում էր իրեն, հեռախոսի էկրանին էր, հայելու մեջ։ Նա փորձում էր չստուգել անընդհատ, բայց ժամանակ առ ժամանակ նորից էր ստուգում, ու նորից տեսնում, որ կողոպտվել է, իսկ երբ չէր ստուգում, չէր կարող խուսափել իր թևերն ու ձեռքերը տեսնելուց՝ մուգ, ընդ որում՝ վախենալու։ Առայժմ դրանք իր վերահսկողության տակ էին, բայց ոչ մի երաշխիք չկար, որ այդպես էլ կմնային, և նա չգիտեր, թե խեղդվելու մասին միտքը, որ վատ հիշողության պես անընդհատ հայտնվում էր գլխում, մի բան էր, որից վախենու՞մ էր, թե՞ ինչն ամենաշատն էր ուզում անել։
Ի վերջո, թեև ախորժակ չուներ, փորձեց սենդվիչ ուտել՝ հանդարտվելու, խաղաղվելու համար, և ինքն իրեն ասաց, որ ամեն ինչ լավ կլինի, թեև համոզված չէր։ Նա ուզում էր հավատալ, որ ինչ-որ կերպ ամեն ինչ հետ կփոխվի կամ կուղղվի, բայց արդեն կասկածում էր ու չէր հավատում։ Ինքն իրեն հարցրեց, թե արդյոք այդ ամենն իր երևակայության արդյունքն էր, և փորձեց ստուգել՝ լուսանկարվելով ու լուսանկարը թվային ալբոմում տեղադրելով․ ալգորիթմը, որ նախկինում առաջարկել էր իր անունը, որ այնքան վստահելի, այնքան հուսալի էր, չկարողացավ ճանաչել նրան։
Անդերսը սովորաբար դեմ չէր մենակությանը, բայց հենց այդ պահին նա ասես մենակ չլիներ, այլ, հակառակը, լարված ու թշնամական ընկերակցության մեջ, թակարդում, քանի որ չէր համարձակվում տնից դուրս գալ։ Նա համակարգչի մոտից քայլեց դեպի սառնարանը, մահճակալը, բազմոցը՝ տեղաշարժվելով իր փոքրիկ տարածքում՝ չկարողանալով մի րոպե ավելի մնալ այնտեղ, որտեղ էր, բայց այդ օրն Անդերսի համար փրկություն չկար Անդերսից։ Անհարմարությունը հետապնդում էր։
Նա չկարողացավ զսպել իրեն, սկսեց ուսումնասիրել ինքն իրեն՝ գլխի մազերի կառուցվածքը, դեմքի կարճ մազերը, ձեռքերի մաշկի երակները, հազիվ տեսանելի դարձած արյունատար անոթները, ոտքերի եղունգների գույնը, սրունքների մկանները, մերկացրեց կատաղի առնանդամը՝ առանձնապես չառանձնացող իր չափով ու հաստությամբ, ոչնչով չառանձնացող, բացի նրանից, որ իրենը չէր և, ուստի, տարօրինակ էր, անընդունելի, ինչպես մի ծովային արարած, որ պիտի գոյություն չունենար։
Առաջին օրն Անդերսը հաղորդագրություն գրեց, որ հիվանդ է։ Երկրորդ օրը գրեց, որ ավելի ծանր հիվանդ է, քան կարծում էր, և, ամենայն հավանականությամբ, աշխատանքի չի գնա այս շաբաթ, ինչի պատճառով նրա տնօրենը զանգահարեց նրան։ Երբ Անդերսը չպատասխանեց, տնօրենը հաղորդագրություն ուղարկեց՝ ասելով՝ «լավ կլինի՝ մեռնելիս լինես», բայց դրանից հետո հանգիստ թողեց Անդերսին։
Այդ շաբաթ Անդերսն աղոտ վտանգ էր զգում քաղաքով շրջելիս, ինչն անում էր հնարավորինս քիչ։ Թեև դա էլ իր ռիսկերն ուներ, նա հուդի էր կրում, այնպես որ, նրա դեմքը կողքից տեսանելի չէր։ Եթե ավելի ցուրտ լիներ այդ հիանալի, վաղ աշնանային օրերին, նա ձեռնոցներ էլ կդներ, բայց հաշվի առնելով ջերմաստիճանը՝ դա ծիծաղելի կլիներ, այնպես որ, նա ձեռքերը գրպաններում էր պահում, մի ուսին՝ ուսապարկ, որի մեջ էր այն ամենը, ինչ գնել էր՝ ծխախոտի թուղթ ու հաց, հեռախոսի մալուխ։ Սա նշանակում էր, որ նա հիմնականում կարող էր թաքցնել ձեռքերը՝ դրանք դուրս սահեցնելով միայն այն ժամանակ, երբ պետք է դուռ բացեր կամ վճարում աներ: Շագանակագույն մաշկի առկայծում՝ նման ջրի մակերեսին սրընթաց հայտնվող ու նորից ցած իջնող ձկան, որ տեղյակ է նշմարվելու դեպքում իրեն սպառնացող վտանգների մասին։
Նրան ճանաչող մարդիկ այլևս չէին ճանաչում նրան։ Նա անցնում էր նրանց կողքով մեքենա վարելիս կամ մայթով քայլելիս: Նրանք երբեմն ճանապարհ էին տալիս իրեն, իսկ երբեմն ինքն էլ, առանց մտածելու, անում էր նույնը։ Ոչ ոք չէր հարվածում, դանակահարում կամ կրակում նրան, ոչ ոք չէր քաշքշում, ոչ ոք նույնիսկ չէր բղավում նրա վրա, համենայն դեպս՝ առայժմ, և Անդերսը վստահ չէր, թե որտեղից էր գալիս վտանգի զգացողությունը, բայց այն կար, ուժեղ էր, ու երբ նրա համար ակնհայտ դարձավ, որ ինքն անծանոթ էր այն մարդկանց համար, ում անուններով գիտեր, նա փորձում էր չնայել նրանց դեմքերին՝ թույլ չտալու, որ իր հայացքը սխալ մեկնաբանությունների առիթ տա։
Գրեթե նույնքան, որքան այն, որ կարող էր իր ծանոթներից մեկին տեսնել, մտահոգիչ էր այն զգացողությունը, որ իրեն կարող էր ճանաչել մեկը, ում ինքը չէր ճանաչում, մուգ մաշկով մեկը, որ սպասում էր կանգառում, ավլում էր հատակը կամ նստած էր պիկապ մեքենայի հետնամասում մի խումբ մարդկանց հետ, որոնց տեղափոխում էին մի գործից, մի տեղից հաջորդին, ասես նրանք կենդանիների խումբ էին, մարդ չէին (նա հազիվ էր զսպում իրեն)։ Իսկ իրականում նա ավելի էր տագնապում այն պահին, երբ մուգ մաշկով ինչ-որ տղամարդ նայում էր նրան, այնպես էր նայում Անդերսին, ասես տեսնում էր նրան, նրանց աչքերը հանդիպում էին մի պահ՝ ոչ բարեկամաբար, ոչ էլ թշնամաբար, այլ այնպես, ինչպես մարդկանց հայացքներն են հանդիպում, սովորական մարդկանց, և երբ սա պատահում էր, Անդերսն արագ փախցնում էր հայացքը։
Անդերսը չէր պատմում հորը, հետաձգում էր, թե ինչու՝ վստահ չէր․ գուցե այն պատճառով, որ Անդերսի հայրը, թվում էր, միշտ նրանից մի փոքր հիասթափված էր, իսկ սա կավելացներ նրա հիասթափությունը, կամ գուցե այն պատճառով, որ հայրն առանց այդ էլ լավ օրի չէր, և Անդերսը չէր ցանկանում ավելացնել նրա բեռը, կամ գուցե այն պատճառով, որ մինչև հայրն իմանար, կպարզվեր, որ իրականում ոչինչ չէր եղել, Անդերսը նորից Անդերսը կլիներ, այնտեղ՝ այն տանը, որտեղ մեծացել էր, պատմելն ամեն ինչ հետ կբերեր, կփոխեր ամեն ինչ, անդառնալիորեն կփոխեր։ Ինչ էլ որ լիներ պատճառը, նա սպասեց, սպասեց ու պատմեց ավելի ուշ։
Նա դա արեց հեռախոսով, ինչը վախկոտություն էր։ Առաջին անգամ հայրն անջատեց հեռախոսը, իսկ երկրորդ անգամ հարցրեց՝ արդյոք թմրանյութերի ազդեցության տակ էր, արդյոք կատակում էր, և երբ Անդերսը երկու դեպքում էլ ասաց՝ ոչ, հայրը պողպատե ձայնով (պողպատ, որ այնքան ծանոթ էր Անդերսին) հարցրեց, թե արդյոք որդին փորձում էր նրան ռասիստ անվանել, ինչին Անդերսը պատասխանեց, որ հաստատ ոչ, և հայրն ասաց․ «Ցույց տուր, ա՛յ խելոք, արի էստեղ ու ցույց տուր, թե կարող ես»։
Անդերսի հայրը նրան ուժեղ ծեծել էր միայն մեկ անգամ: Պատահել էր մի քանի անգամ, որ խփել էր, բայց դաժան ծեծ միայն մի անգամ էր եղել։ Մայրն արգելել էր ծեծել նրան, իսկ այդ անգամ ծեծել էր լիցքավորված ատրճանակի հետ անփույթ վարվելու համար, սխալմամբ կրակելու համար, անփույթ վարվելու համար՝ բազում զգուշացումներից հետո։ Այդ ժամանակ Անդերսը հորից երկու գլուխ ցածրահասակ էր, և հայրը, Անդերսի կարծիքով, ճիշտ էր արել, որ ծեծել էր իրեն, թեև այդ ծեծն Անդերսը երբեք չէր մոռանա, ո՛չ ծեծը, ո՛չ ստացած դասը: Հենց դրանում էր իմաստը․ ատրճանակը նշան էր մահվան ճանապարհի վրա և, որպես այդպիսին, պիտի հարգվեր, ինչպես դագաղ, գերեզման կամ կերակուր՝ ձմռանը։ Մինչ մեքենայով գնում էր հոր տուն, թեև ինքն էր հիմա ավելի բարձրահասակ, ամրակազմ, չգիտես ինչու, մտքին եկավ այդ ծեծը։
Անդերսի հայրը վարպետ-շինարար էր, մինչև ուղնուծուծը հյուծված ու հիվանդ, աղիների հիվանդությամբ, բայց չէր վստահում բժիշկներին և հրաժարվում էր բժշկի գնալ, իսկ գունատ աչքերը փայլում էին այնպես, ասես տենդի մեջ էր կամ մարդասպանություն էր տենչում։ Դրանք այդպիսին էին Անդերսի մոր մահից հետո կամ այն ժամանակվանից սկսած, երբ նա հիվանդացավ, և պարզ դարձավ, որ չի ապաքինվելու։ Կամ՝ գուցե ավելի վաղուց, Անդերսը վստահ չէր, բայց, ողջ հյուծվածությամբ հանդերձ, նրա մեջքն ուղիղ էր, իսկ նախաբազուկներն ասես պիրկ պարաններ լինեին։ Նա կարող էր քայլել անհավանական ծանր բեռով՝ գրեթե առանց օրորվելու, այնպիսի ուժով, որով կարելի էր ամեն ինչ անել, վախենալու ուժով, եթե Անդերսն անկեղծ լիներ։ Հայրը կանգնած էր իր տան վերանդայում և նայում էր իր որդուն, այն որդուն, որ հիշեցնում էր իր կնոջը՝ տղայի մորը։ Այնպես չէ, որ տղան մեղմ էր, բայց ավելի մեղմ էր, քան պետք էր, նա հեշտությամբ էր տրվում երազներին և մոր նրբագեղ դրոշմն էր կրում։ Տղա՝ մոր կաղապարով։ Եվ երբ նա տեսավ հիմա այդ տղային մոտենալիս, այդ ամենը հօդս էր ցնդել, մայրը հօդս էր ցնդել, իսկ այս տղան, որ բարդացնում էր պարզ բաները, որ դեռ չէր գտել իր ճանապարհը, այս տղան, Անդերսի հայրը տեսնում էր, տառապելու էր։ Իսկ նրա մայրն անհետացել էր, նրա հետքն անգամ չէր մնացել նրա մեջ, և նա՝ Անդերսի հայրը, կանգնել էր այնտեղ՝ ծխախոտը բերանում, մի ձեռքով բռնած որդու հագուստի թևքից, մյուսը՝ անշարժ դրած իր կողքին։ Նա ողբում էր, ողբում էր անձայն, ինչպես դողը, անվերջանալի հազը, հայացքը հառած այն տղամարդուն, որ Անդերսն էր եղել, մինչև իր որդին նրան իր ներսն էր ընդունել։ Նրանք վերջապես նստեցին։
Երկրի տարբեր մասերից հաղորդումներ էին ստացվում այն մասին, որ մարդիկ փոխվում էին, հաղորդումներ, որոնք սկզբում կասկածելի էին, ուշադրության չէին արժանանում և սուր ծաղրի էին ենթարկվում։ Ավելի ուշ վստահելի ձայների կողմից հարց բարձրացվեց՝ այս դեպքերը հաստատելու, և հիմա դրանք հաստատվում էին․ ըստ երևույթին, նման բան տեղի էր ունենում։ Հաղորդում էին հեռուստատեսությամբ։ Անդերսն ինքն էր տեսել՝ ինչպես էր լրագրողը հարցազրույց վերցնում մեկից, ով դադարել էր սպիտակ լինել։
Իր տնօրենին Անդերսը բացատրեց իր վիճակը, ասաց, որ երևույթը եզակի ու վարակիչ չէր, որքանով տեղյակ էին, իսկ մեկշաբաթյա դադարից հետո վերադարձավ մարզասրահ։ Նրա տնօրենը սպասում էր նրան մուտքի մոտ՝ ավելի ծանրամարմին, քան Անդերսը հիշում էր նրան, թեև ակնհայտորեն նույն չափերի էր։ Նրա տնօրենը նայեց նրան և ասաց․ «Ես ինձ կսպանեի»։ Անդերսը թոթվեց ուսերը՝ չիմանալով ինչ պատասխանել, իսկ տնօրենն ավելացրեց․ «Եթե ես լինեի»։ Թեև քրտինքի հոտ էր գալիս, մարզասրահը դատարկ էր։ Քանի որ վաղ առավոտ էր, պողպատե դարակները, փայտե հատակով հարթակներն ու նստարանները, որոնց պատռված պաստառները կպցված էին կպչուն ժապավենով, զբաղեցված չէին։ Նրանք առանձին էին մարզվում, իսկ ավելի ուշ հայտնվեցին մարզասրահի մյուս այցելուները։ Անդերսի տնօրենը հրեշավոր կքանստումներ էր անում, հաստ արմունկները՝ նման ծնկների, ծնկները՝ նման գլուխների, դեմքը՝ կատաղությունից կարմրած, ինչպես ամեն անգամ ծանրություն բարձրացնելիս։
Անդերսի տնօրենն ասել էր, որ կսպաներ ինքն իրեն։ Հաջորդ շաբաթ քաղաքում մի տղամարդ հենց այդպես էլ վարվել էր․ նրա պատմությունը Անդերսը կարդաց տեղական մամուլում, ավելի ճիշտ՝ կարդաց առցանց՝ խոշոր լրատվականի տեղական բաժնում, քանի որ տեղական թերթը վաղուց էր փակվել։ Տղամարդը կրակել էր ինքն իրեն իր տան դիմաց։ Կրակոցի ձայնը լսել էր հարևանը, սակայն ոչինչ չէր տեսել, օգնություն էր կանչել՝ ենթադրելով, որ տղամարդը տունն էր պաշտպանել, իսկ այնտեղ պառկած սևամորթը տուն ներխուժածի մարմինն էր, որը պայքարից հետո կրակել էր ինքն իրեն իր սեփական զենքով։ Սակայն տանտերը ներկա չէր, նրան ոչ մի տեղ չգտան, իսկ հետո հավաքեցին մահացածի ամուսնական մատանին, դրամապանակն ու հեռախոսը։ Ուղարկված հաղորդագրություններից, փորձագետների ուսումնասիրությունից և փաստերի հանրագումարից պարզ դարձավ, որ, այլ կերպ ասած, սպիտակամորթ տղամարդն իսկապես կրակել էր սևամորթին, բայց պարզ էր նաև այն, որ սևամորթն ու սպիտակամորթը նույն մարդն էին։
Քաղաքի տրամադրությունը փոխվում էր՝ ավելի արագ, քան գույնը, քանի որ Անդերսը դեռևս զգալի փոփոխություն չէր տեսնում փողոցներում քայլող սևամորթների թվի մեջ կամ, եթե նույնիսկ տեսնում էր, չէր կարող վստահ լինել։ Նրանք, ովքեր փոխվել էին, ըստ բոլոր հաշվարկների, դեռևս սակավաթիվ էին, իսկ տրամադրությունը, այո, տրամադրությունը փոխվում էր։ Խանութների դարակները դատարկվել էին, գիշերը ճանապարհները լքված էին, և նույնիսկ օրերն էին ավելի կարճ ու ավելի զով, քան վերջին ժամանակներում։ Տերևներն այլևս այնքան վստահ չէին իրենց կանաչում, և, թեև այս սեզոնային փոփոխությունները հավանաբար սովորական երևույթ էին, Անդերսին այս երևույթը տագնապ էր պատճառում։
Քաղաքում բռնության դեպքեր էին գրանցվում․ մի տեղ՝ ծեծկռտուք, մի այլ տեղ՝ կրակոցներ, իսկ քաղաքապետը շարունակ հանգստություն պահպանելու կոչ էր անում։ Փողոցներում սկսել էին հայտնվել զինյալներ, գունատ մաշկով զինյալներ՝ ոմանք հագնված գրեթե զինվորների նման՝ մարտական հագուստով, կամ կիսով չափ զինվորների նման՝ զինվորական ոճի տաբատներով և քաղաքացիական բաճկոններով, մյուսները՝ որսորդների նման՝ անտառային գույներով հագուստով կամ ջինսով ու զինվորական ժիլետներով։ Բոլոր զինյալները, անկախ իրենց հագուկապից, ցուցադրաբար զինված էին, իսկ ինչ վերաբերում է ոստիկանությանը, ոստիկանությունը իրական ջանքեր չէր գործադրում նրանց կանգնեցնելու համար։
Հաջորդ անգամ, երբ Անդերսը գնաց հորը տեսնելու, զով օր էր։ Նա օգտվում էր խուլ ճանապարհներից, վարանում էր, կանգ էր առնում խաչմերուկներում և նայում շուրջը՝ ինչպես խոտակերն է անում՝ ինքնապահպանման բնազդից ելնելով, շարժվելուց առաջ պարզելով՝ ինչ է սպասվում առջևում։ Նրա ձեռքերին ձեռնոցներ էին, գլխին՝ գլխանոց, իսկ աչքերին՝ արևային ակնոց․ քողարկման անհաջող փորձ, որ, թերևս, բավարար էր հեռվից չերևալու համար։ Այնպես չէ, որ նրան սպառնացել էին, չէին սպառնացել, դեռևս՝ ոչ, նա պարզապես վտանգ էր զգում, հետևաբար ռիսկի չէր դիմում, խուսափում էր՝ երբ կարող էր։
Հայրը միանգամից չպատասխանեց, երբ նա թակեց դուռը։ Անդերսին ցնցեց, թե այս շաբաթների ընթացքում՝ վերջին անգամ նրան տեսնելուց հետո, որքան էր վատացել հոր վիճակը։ Որդին հաստատ գիտեր, որ հայրը հեռանում է, այս հզոր, նիհար մարդն այն աշխարհի ճանապարհին է, գրեթե լքել է այս աշխարհը։ Անդերսն ուրախ էր, որ ակնոց էր դրել․ հայրը չտիպված չէր լինի տեսնել, ինչպես է այդ համոզմունքը մտնում Անդերսի աչքերի մեջ։ Հայրը կռացել էր, ընդամենը մի քիչ, նա, ով միշտ այդքան ուղիղ էր կանգնել, կռացել էր այնպես, ասես հիվանդությունն այդ առավոտ հարվածել էր նրա փորին, իսկ նա չէր ցանկանում ցույց տալ, որ հարվածը շարունակում էր ցավեցնել։ Սակայն երբ կռանում է այն, ինչ այդքան ուղիղ և այդքան կարևոր է, թեկուզ փոքր-ինչ, անհնար է չնշմարել, և Անդերսը նշմարեց։ Նրանք սեղմեցին ձեռքերը․ ամուր ձեռքսեղմում, ավելի ամուր, քան սովորաբար՝ փոխհատուցելու համար տկարությունը։ Անդերսի հորը դուր չէր գալիս նայել Անդերսին, նրան, ինչ դարձել էր իր որդին, և նրան դուր չէր գալիս այն, որ իրեն դա դուր չէր գալիս, ուստի նա ստիպեց իրեն նայել որդուն, ավելի երկար բռնել որդու ձեռքը. նրա շագանակագույն մաշկն ու իր գունատ մաշկը։ Նա թփթփացրեց Անդերսի ուսին և սեղմեց նրա ուսը, ինչն Անդերսի հոր կողմից խոսուն ժեստ էր։ Նա գլխով արեց՝ որպես ողջույնի նշան և սևամորթ դարձած իր որդուն հետ տարավ տուն։
Տան կահույքը հնաոճ էր և չէր սազում Անդերսի հորը․ նա ինքը դա չէր գնի։ Կահույքը գնել էր Անդերսի մայրը, այն Անդերսին հիշեցնում էր մորը։ Բազմոցի ծածկոցների փոքրիկ ծալաբոլորքները, ժանյակավոր սկուտեղները՝ կողային սեղանիկների վրա։ Հյուրասենյակում իրենց բոլորի լուսանկարներն էին․ Անդերսի ծնողները` երիտասարդ տարիքում, Անդերսը՝ նորածին ու երեխա ժամանակ, ամբողջ ընտանիքը՝ միասին, բոլորը մեկ տասնամյակից առաջվա լուսանկարներ, լուսանկարներ, որ արդեն hնացել էին ժամանակի հոսքից։
Հայրը լսում էր՝ ինչպես էր որդին պատմում իր տագնապի մասին, և նայում էր՝ ինչպես էր որդին գարեջուր խմում, մինչ ինքը թողել էր, որ իր գարեջուրը, որից հազիվ մի քանի կում էր խմել, նստի։ Իսկ գարեջուրը պահում էր՝ սովորությունից ու քաղաքավարությունից դրդված, քանի որ Անդերսի հայրն այլևս չէր կարող իրեն թույլ տալ գարեջուր խմել։ Նա ձեռքն առավ մետաղյա տարրան, որտեղ կանխիկ գումար էր պահում, և որդուն գումար տվեց՝ չնայած նրա առարկություններին։ Նա փորփրեց իր դարակները և օգնեց որդուն առաջին անհրաժեշտության որոշ պարագաներ տեղափոխել նրա մեքենայի մեջ կամ դրանք փոխանցեց որդուն։ Ամեն դեպքում, տղան ստիպված էր անել այդ գործը։ Կանգնելը բավականին բարդ էր, բայց նա արհամարհում էր ցավը, որովհետև դա հիմա իր մի մասն էր՝ մշտական, հեռու տանելի լինելուց, բայց նաև անխուսափելի, և պետք էր համակերպվել, ինչպես զզվելի եղբորը կամ քրոջը։ Նա վերցրեց ատրճանակն ու մի տուփ պարկուճ, ընդդիմացավ տղայի դիմադրությանը, ասաց՝ վերցրու և սպասեց ու ականատես եղավ նրան, որ իր տղան արեց այն, ինչ պիտի աներ, այսինքն՝ դադարել ձևացնել, ընդունել իրավիճակը և ընդունել այն, ինչ հոր ձեռքում էր, ինչի կարիքն ակնհայտորեն կար։ Տղան լրջացավ՝ զգալով ատրճանակի ու պարկուճների ծանրությունը․ դա լավ էր, իրավիճակը լրջություն էր պահանջում։
Երբ Անդերսը վերադարձավ իր տուն, մտածեց, թե արդյոք իրականում ավելի ապահով էր, երբ մոտն ատրճանակ կար։ Զգում էր, որ մեն մենակ էր, և ավելի լավ էր չհակառակվել, քան դիմակայել դժվարությունների։ Նրա մտքով անցավ, որ ավելի հավանական էր, որ իր հետևից կգային, եթե պարզեին, որ զինված էր, չնայած չէին պարզի, չնայած այնքան մարդիկ էին զինված։ Նա պարզապես զգում էր, որ կարևոր էր այնպես անել, որ իրեն որպես սպառնալիք չընդունեն․ որպես սպառնալիք ընկալվելը, որքան էլ ինքը սև լիներ, կնշանակեր մի օր հայտնվել ոչնչացվելու վտանգի տակ։
Աշխատավայրում Անդերսն այլևս միակը չէր, որ փոխվել էր․ կային ուրիշներ ևս։ Իսկ մարզասրահում, ուր նախկինում գրեթե միայն սպիտակամորթներ էին հաճախում, այժմ հաճախ երեք կամ նույնիսկ չորս սևամորթ էր լինում։ Անդերսի մտքով անցել էր, որ սա կարող էր բարելավել վիճակը, սակայն, կարծես թե, հակառակն էր տեղի ունենում․ մարզասրահում իրավիճակն ավելի ու ավելի էր լարվում, և իրար տարիներ շարունակ միմյանց ճանաչած տղամարդիկ այժմ այնպես էին իրենց պահում, ասես չէին ճանաչում իրար կամ, ավելի վատ, միմյանց նկատմամբ թշնամաբար էին տրամադրված, չարությամբ լցված։
Մի գիշեր, երբ Անդերսն արդեն պատրաստվում էր գնալ, երկու տղամարդ վեճի մեջ մտան, որը տեղափոխվեց դուրս, իսկ այնտեղ ավելի տարիքով տղաներ էին՝ ավելի խոշոր, ամրակազմ, ուժեղ և զարմանալիորեն արագաշարժ՝ չնայած փորերին։ Ավտոկայանատեղիում նրանք սկսեցին հրմշտել իրար։ Մի քանի մարդ հավաքվեց, բայց հավաքվածներից ոչ ոք ոչինչ չասաց, ինչից Անդերսը ցնցվեց։ Ոչ ոք չասաց այդ երկուսին կանգ առնել, ոչ ոք չոգևորեց նրանց․ նրանք լուռ էին, նրանք պարզապես դիտում էին։ Շուտով երկու տղամարդիկ արդեն բռունցքներով հարվածում էին․ կատաղի տեսարան էր: Քրթմնջոցի ու խառնաշփոթի մեջ լսվում էր բռունցքներով դեմքին հասցվող հարվածների ձայնը, ամուր հարվածներ, խուլ ձայն, սահուն, բայց միևնույն ժամանակ՝ ոսկորները ջարդող, ընդերային, տագնապով լի ձայն, որ ստիպեց Անդերսին շրջվել։ Նա հեռացավ՝ առանց տեսնելու, թե ինչ եղավ հետո, արդյոք սևամո՞րթը հաղթեց, թե՞ սպիտակամորթը։ Անդերսը չցանկացավ տեսնել և, թեև չտեսավ, ձայնը չէր նահանջում։ Երբ այդ գիշեր պառկած էր անկողնում, այն շարունակում էր լսվել, ինչից նա կծկվում էր կամ ծամածռվում։ Ֆիզիկական արձագանք․ Անդերսն այնտեղ ջղաձգվում էր միայնակ, այդպես էր Անդերսն արձագանքում։
Անդերսը լսել էր, որ զինյալները սկսել էին ազատվել մարդկանցից՝ սևամորթ մարդկանցից՝ նրանց քաղաքից դուրս քշելով։ Երբ տեսավ, որ իր տանը մեքենաներ են մոտենում, գիտեր՝ դա ինչ էր նշանակում, թեև միշտ էլ անակնկալի ես գալիս, երբ այն, ինչին սպասում ես, ինչից վախենում ես, այն էլ՝ այս մեծության աղետի դեպքում, ի վերջո տեղի է ունենում։ Այսպես, Անդերսը և՛ պատրաստված էր, և՛ անպատրաստ, բայց, որքան էլ պատրաստված լիներ, չէր սպասում, որ երեք տղամարդկանցից մեկը կլիներ իր ծանոթը, մեկը, ում ճանաչում էր։ Սա ավելի էր վատացնում իրավիճակը, մտերմության տարր էր ավելացնում։ Նույնն է, ինչ լռեցնեն, երբ խեղդվում ես։ Անդերսը չսպասեց, մինչև նրանք կմոտենային իր դռանը։ Անդերսն ինքը բացեց դուռն ու կանգնեց այնտեղ՝ դռան շեմքին, ատրճանակը՝ ձեռքերում՝ պատրաստ, փողը՝ վեր պարզած։ Որդին՝ որսի գնացող հոր պատկերով։
Անդերսը հույս ուներ, որ ավելի համարձակ էր երևում, քան զգում էր։ Նրանք երեքն էլ զինված էին, բայց, երբ տեսան նրան, կանգ առան մի քանի քայլ այն կողմ։ Նրանք նայում էին նրան արհամարհանքով ու հետաքրքրությամբ, և Անդերսը մտածեց, որ նա, ում ինքը ճանաչում էր, նույնպես խանդավառությամբ էր նայում իրեն․ ասես սա նրա համար առանձնահատուկ, անձնական կարևորության դեպք էր։ Անդերսը նկատեց՝ որքան ինքնահավան էին նրանք, որքան վստահ էին, որ ինքը՝ Անդերսն էր սխալ, որ այստեղ ավազակն ինքն էր, որ փորձում էր կողոպտել նրանց, նրանց, ում արդեն կողոպտել էին, ովքեր արդեն ոչինչ չունեին բացի իրենց սպիտակությունից, դրա արժեքից, և նրանք թույլ չէին տա Անդերսին վերցնել դա, ո՛չ նրան, ո՛չ ուրիշ մեկին։
Բայց նրանք առանձնապես գոհ չէին այն փաստից, որ նա զենք ուներ և, կարծես թե, իր ձեռքն էր վերցրել նախաձեռնության մի մասը։ Ի վերջո, դա նրանց դերն էր։ Նրանք այսպիսի բան չէին սպասում նրանից․ դա պղտորել էր իրավիճակի պարզությունը, ուստի նրանք կանգ առան, ծանրութեթև արեցին։ Անդերսը, նրա ծանոթն ու երկու անծանոթները։ Անդերսն ասաց․ «Ողջույն, տղերք։ Ի՞նչ կարող եմ անել»։
Նրանք խոսեցին, իսկ Անդերսը լսեց, վերջում էլ այդ տղամարդիկ ասացին, որ լավ կանի՝ այնտեղ չլինի, երբ վերադառնան։ Անդերսն ասաց, որ պետք է մտածի։ Երբ ասաց դա, նա գրեթե հավատում էր, որ մնալու էր։ Նրա ձայնում զայրույթ կար, զայրույթ, որից նա գոհ էր՝ չնայած նրանց արհամարհական ժպիտներին։ Երբ նրանք հեռացան իրենց ավտոմեքենաներով, Անդերսն ահռելի թեթևություն զգաց, թեթևություն, որ համակեց նրան և ողողեց պարտությամբ․ նա գիտեր, որ գնալու է, որ ընդամենը րոպեներ անց փախչելու է, իսկ այս վայրը, իր վայրը՝ այնքան ծանոթ, կկորչի իր համար, այլևս իրենը չի լինի։
Երբ Անդերսը եկավ հոր տուն, հայրը նրան ներս տարավ և քաշեց պատառոտված վարագույրները, հետո տան հետևում՝ նեղ հողակտորի վրա, որ կինը պարտեզ էր անվանում, կայանեց որդու ավտոմեքենան, ավտոմեքենան, որ իր կնոջ մեքենան էր եղել։ Կար ժամանակ, երբ այնտեղ ծաղիկներ էին աճում, լոլիկ, ոլոռ և ուրց։ Իսկ հիմա այնտեղ միայն ցեխ էր ու մոլախոտերի խրձեր, մոլախոտեր, որ չորացել ու մեռել էին ձմռան շեմին։ Անդերսի հայրը ստուգեց՝ համոզվելու, որ մեքենան չի երևում փողոցի կողմից։ Նրա շարժումները թույլ էին ու կաշկանդված, բայցև՝ նպատակաուղղված։ Այնուհետև, երբ արդեն աննկարագրելի ջանքեր էր գործադրել, նա հյուրասենյակում նստեց որդու կողքին։ Հեռուստացույցը միացված էր, ատրճանակները՝ նրանց կողքին, և նրանք սպասում էին, որ, ուր որ է, ինչ-որ մեկը պիտի հայտնվեր և պահանջեր, որ Անդերսը հանձնվեր, բայց ոչ ոք չհայտնվեց, ոչ ոք չեկավ, ոչ, համենայն դեպս, այդ առաջին գիշերը։
Անդերսի հայրը դեռևս չէր սովորել Անդերսին, նրա տեսքին, ինչ-որ իմաստով նա երբեք էլ սովոր չէր եղել նրան, նույնիսկ այն ժամանակ, երբ Անդերսը երեխա էր՝ այնքան լռակյաց, երբ տանջվելով փորձում էր կապել կոշիկների կապիչները կամ ընթեռնելի ձեռագրով գրել, քանի որ Անդերսի հայրը, թեև առանձնապես լավ աշակերտ չէր եղել, բայց միշտ հմուտ էր եղել, հմտորեն էր կատարել իրեն հանձնարարված առաջադրանքները։ Եվ ոչ միայն դպրոցում, դպրոցից դուրս ևս։ Իսկ որդին տարբեր էր, և այդ տարբերությունը տղայի մոր համար բնական էր։ Այդպես տղան դարձավ մոր տղան, իսկ իրենց միջև՝ իր և տղայի, պատեր էին, և նա հասկանում էր այն կռվարարներին, որ ծաղրում էին իր որդուն, երբ նա փոքր էր, և նա կարող էր հասկանալ նրանց, ովքեր հիմա ուզում էին, որ Անդերսը գնար քաղաքից, ովքեր վախենում էին նրանից կամ սպառնալիք էին զգում նրա կողմից, այն սևամորթ տղամարդու կողմից, որ դարձել էր իր տղան։ Եվ իրավունք ունեին վախենալու․ նրանց փոխարեն ինքն էլ նույն կերպ կզգար, այդ ամենը նրան դուր չէր գալիս նույնքան, որքան նրանց։ Նա տեսնում էր այն ավարտը, որն ազդարարում էր այս տղան, ամեն ինչի ավարտը։ Նա կույր չէր։ Բայց նրանք չեն տանի իր տղային՝ ոչ այդքան հեշտ, ոչ իրենից՝ տղայի հորից, և, անկախ նրանից, ինչպիսին էր Անդերսը, ինչպիսին էր նրա մաշկը, նա շարունակում էր իր հոր որդին լինել, շարունակում էր իր մոր որդին լինել, և նա էր առաջին տեղում՝ հավատարմության ցանկացած ձևից բարձր, նա այն էր, ինչ իսկապես կարևոր էր։ Անդերսի հայրը պատրաստ էր իր որդու նկատմամբ ճիշտ վարվելու, դա պարտք էր, որ նրա համար կյանքից էլ կարևոր էր, և նա երազում էր, որ ավելի շատ կյանք ունենար իր ներսում, բայց նույնիսկ այն քիչ կյանքով, որ ուներ, նա անելու էր այն, ինչ կարող էր։
Առավոտյան էլեկտրականությունն անջատեցին, և տունը մթության մեջ էր, վարագույրներն իջեցված էին, ու լույս չկար, այնուամենայնիվ, բավականաչափ լուսավորություն կար շուրջը տեսնելու համար։ Անդերսի հայրը նպատակահարմար գտավ մոմերը խնայել գիշերվա համար, և այդպես մի կերպ մնացին աղոտ լույսի պայմաններում։ Իսկ հետո Անդերսը հայտնաբերեց, որ իր հեռախոսն արդեն զանգեր չէր ընդունում, հոր հեռախոսը՝ նույնպես։ Անդերսը մտածում էր, թե արդյոք ծառայությունը միտումնավոր է անջատվել, թե բջջային կապի աշտարակների պահուստային մարտկոցներն են նստել։
Անդերսը մենակ էր, պառկել էր իր մանկության հին մահճակալին՝ շատ ավելի մենակ՝ առանց առցանց աշխարհ մուտք գործելու հնարավորության։ Եվ եթե բառացիորեն չէր ավելի մենակ, ապա ավելի մենակ էր իր զգացողություններում, և, այո, առցանց խոսակցությունները մռայլ էին, ոչ միայն քաղաքում, այլ նաև ողջ երկրի տարածքում, բայց էլի ինչ-որ բան էին։ Իսկ հիմա դա էլ էին խլել նրանից, և ժամանակն ինքնին դանդաղել էր, առաջ չէր գնում, ասես րոպեները հոգնել էին, մոտենում էին ավարտին։ Իսկ հետո կեսգիշերին մոտ հոսանքը միացավ առանց զգուշացման, նրա հեռախոսը որսաց ազդանշանը, ժամանակը վերականգնվեց ու շարունակվեց։
Օրերն անցնում էին, ու թեև նրանք ժամանակ առ ժամանակ լսում էին կրակոցների ձայներ, իսկ մի գիշեր՝ հենց իրենց տան մոտ, նրանք անձամբ դեռևս չէին առերեսվել նման բանի, և Անդերսը պիտի որ թեթևացած լիներ, որ ազատվել էր զինյալներից, ժամանակավորապես։ Նույնիսկ եթե թեթևացել էր, դա հուսահատեցնող թեթևություն էր, քանի որ նորից ապրելով հոր կողքին՝ նա ցնցվեց՝ բացահայտելով, թե որքան մեծ ֆիզիկական ցավ էր զգում իր հայրը, ցավ, որ հայրը կարող էր թաքցնել մի կամ երկու պահ, բայց ոչ մի ամբողջ երեկո, ոչ ժամեր շարունակ։ Եվ Անդերսը տեսնում էր դա հոր դեմքին և նրա շարժումներում, և թեև հայրը փորձում էր խնայել նրան և հաճախ առանձնանում էր իր ննջարանում, Անդերսը լսում էր նրա խուլ տնքոցներն ու ցածրաձայն հայհոյանքը։ Նրա հոր ներսում պայքար էր ընթանում, պայքար, որում նա պարտվում էր, և Անդերսն իրեն մեղավոր էր զգում նրա համար, որ ավելի լավ որդի չէր եղել, որ հորն այդքան լքված էր թողել, նույնիսկ երբ գիտեր, որ հայրն այլ կերպ թույլ չէր տա, որ միայն այստեղ լինելով՝ Անդերսը հորից ինչ-որ բան էր վերցնում, խլում էր նրա արժանապատվությունը՝ ստիպելով նրան թույլ տալ տեսնել իրեն այնպիսին, ինչպիսին չէր ցանկանում, որ իրեն տեսնեին։
Անդերսի հայրն արդեն հազվադեպ էր դուրս գալիս իր ննջարանից։ Այնտեղից այնպիսի հոտ էր գալիս․ նա դա հասկանում էր Անդերսի դեմքից, երբ նա ներս էր մտնում, իսկ երբեմն նույնիսկ ինքն էր զգում, ինչը տարօրինակ էր․ նույնն է, ինչ ձուկը զգա, որ թաց է։ Հոտը, որ զգում էին, մահվան հոտն էր, որը, Անդերսի հայրը գիտեր, մոտ էր, և դա վախեցնում էր նրան, բայց նա լիարժեք չէր վախենում վախենալուց, ոչ, նա երկար ժամանակ էր ապրել վախի հետ և թույլ չէր տվել, որ վախը տիրի իրեն, դեռ ոչ, և նա փորձում էր շարունակել, շարունակել թույլ չտալ, որ վախը տիրի իրեն։ Հաճախ նա մտածելու էներգիա չէր ունենում, իսկ երբ ունենում էր, մտածում էր՝ ինչն է մահը լավ մահ դարձնում, և զգում էր, որ մահը լավը կլիներ այն դեպքում, եթե չվախեցներ իր տղային, որ հոր պարտքը նրանում չէր, որ խուսափեր որդու աչքերի առաջ մեռնելուց (դա մի բան էր, որ հայրը չէր կարող կառավարել), այլ այն, որ եթե հայրն իսկապես ստիպված է մահանալ որդու աչքերի առաջ, պետք է անի դա հնարավորինս լավ, այնպես, որ ինչ-որ բան թողնի որդուն, որ որդուն թողնի ապրելու ուժ և ուժ՝ իմանալու, որ մի օր ինքն էլ կարող է լավ մահանալ, ինչպես իր հայրը։ Այսպես, Անդերսի հայրը ջանում էր դեպի մահ տանող իր վերջնական ուղևորությունը վերածել նվիրման, հայրության, բայց դա հեշտ չէր լինելու, հեշտ չէր, համարյա անհնար էր, բայց, քանի դեռ միտքն առողջ էր, նա որոշել էր փորձել։
Ցավն այնպիսի ուժգնության էր հասել, որ ժամանակ առ ժամանակ չկար ուրիշ ոչինչ, միայն՝ տարիներ թվացող ժամեր, երբ ոչ ոք չկար, չկար Անդերսի հայրը, կար միայն ցավը, իսկ հետո ցավը փոքր-ինչ նահանջում էր, և նա նորից մարդ էր։ Եվ երբ Անդերսի հայրը նորից մարդ էր դառնում, նա կարողանում էր նայել որդու աչքերին, գլխով անել նրան և թույլ տալ, որ տղան բռնի իր ձեռքը, և լսում էր տղայի կցկտուր մեղմ խոսքերը՝ այնքան նման այն խոսքերին, որ իր կինը՝ տղայի մայրը, մի ժամանակ ասում էր։ Իսկ հետո, երբ գալիս էր ժամանակը, գլխով ցույց էր տալիս դեպի դուռը, որպեսզի տղան հեռանար, քանի որ ցավը նորից գալիս էր տիրելու նրան։
Շաբաթներ շարունակ այնտեղ թաքնված լինելուց հետո Անդերսը վերջապես խիզախեց դուրս գալ իր հայրական տնից, խիզախեց դուրս գալ՝ ձեռք բերելու դեղորայք՝ որոշ չափով բթացնելու հոր տառապանքը։ Լսել էր հոսպիսում աշխատող մեկի մասին, որը հայտնի էր մութ գործերով, և երբ զանգել էր նրան, պատասխանող տղամարդն ասել էր, որ Անդերսն անձամբ պետք է գնար, եթե ցանկանում էր խոսել։ Նրա ձայնն այնքան նման էր սպիտակամորթի ձայնի, որ Անդերսը չէր ցանկանում բացահայտել իր գույնը։ Այնուամենայնիվ, Անդերսը զենքը դրեց մեքենան, հավաքեց իր ողջ խիզախությունը և ուղևորվեց այնտեղ։ Ճանապարհին նրան ոչ ոք չանհանգստացրեց, իսկ տղամարդը, ում ձայնը սպիտակամորթի ձայն էր, իրականում սևամորթ էր, և Անդերսը մտածեց, որ նրա ձայնը չէր համապատասխանում տեսքին, իսկ ավելի ուշ մտածեց՝ ով գիտի, գուցե նա էլ նույն բանն է մտածում իմ մասին։
Անդերսը բացատրեց իրավիճակը, և պարզ չէր՝ տղամարդը հավատաց նրան, թե ոչ, բայց նա խորհուրդ տվեց Անդերսին ինչ անել, և Անդերսը նրան վճարեց կանխիկ։ Բայց, իհարկե, չկար դեղատոմս, և ոչ մի փորձ՝ ձևացնելու, թե դեղատոմս կար․ ընդամենը շագանակագույն թղթե տոպրակ էր, որը, չգիտես ինչու, Անդերսին հիշեցրեց մի բան։ Երբ փոքր տղա էր, հայրը նրան տարել էր աշխատանքի, և նրանք նստել էին շինհրապարակի այդ բոլոր ուժեղ տղամարդկանց մեջ, և այդ մարդիկ հարգում էին իր հորը․ դա կարելի էր տեսնել նրանց պահվածքում։ Անդերսը հպարտ էր, երբ նստած էր նրանց հետ։ Փոքրիկ տղա՝ տղամարդկանց մեջ։ Նրանք բացել էին իրենց տոպրակները և ճաշում էին միասին՝ հավասարը հավասարի պես։
Ցավազրկողները հոր մոտ տանելու ճանապարհին երկու ձեռքերը ղեկին դրած՝ Անդերսը նկատեց, թե որքան սև դեմքեր կային, և թե ինչպես էր քաղաքն այլ քաղաք դարձել, քաղաք՝ այլ վայրում, այլ երկրում, շուրջբոլորը՝ այս սևամորթները՝ թվով ավելի շատ, քան սպիտակամորթները։ Դա անհանգստացրեց Անդերսին, չնայած ինքը ևս սևամորթ էր։ Այնուամենայնիվ, նա թեթևացավ՝ նկատելով, որ որոշ խանութներ վերաբացվել էին, իսկ լուսացույցները հիմնականում աշխատում էին։ Նա նույնիսկ անցավ շտապօգնության մեքենայի կողքով, որը նորմալ գնում էր՝ առանց ազդանշանի․ պարզապես մի վայրից մյուսն էր գնում մի սովորական օր՝ առանց շտապելու։ Խենթություն էր դա։ Երբ նա տուն հասավ, գնաց հոր մոտ ու տվեց դեղերը, իսկ հետո սենյակից սենյակ անցավ և լայն բացեց վարագույրները։
Հոր կյանքի վերջին օրերին լինում էին պահեր, երբ նա խոսում էր, ընդամենը մեկ կամ երկու բառ, իսկ երբեմն չափազանց կարճ նախադասություններ, և Անդերսին ուրախացնում էին այս պահերը, այս բառերը, թեև ոչ միշտ էր հասկանում դրանք, քանի որ հայրն այլևս այնքան պարզ չէր խոսում, որքան առաջ։ Եվ հիմա, երբ հնչում էին բառեր, որոնք ոչ այլ ինչ էին, քան հնչյուններ, Անդերսը հաճախ էր զգում մորը, ավելի ճիշտ, Անդերսը զգում էր իր հիշողությունները և իր կարոտը մոր նկատմամբ, և հույս ուներ, որ հայրը նույնպես զգում էր նրան։
Անդերսի հայրը երբեմն նայում էր այն սևամորթ մարդուն, որ նստած էր իր մահճակալի կողքին, և գիտեր, որ դա իր որդին է, բայց երբեմն նայում էր Անդերսին ու չէր հասկանում՝ ով է նա, բայց նա գիտեր, որ պարտք ունի այս մարդու առաջ, որ պարտավոր է տալ նրան ինչ կարող է։ Նա փորձում էր իր ուժերի ներածի չափով նույնիսկ, և հատկապես այն պահերին, երբ վստահ չէր, թե ով էր այդ մարդը, որովհետև հետո հայրական զգացմունքներ էին արթնանում, իսկ գուցե դրանք որդիական զգացմունքներ էին, ասես ինքն էր որդին, իսկ այս մարդը հայրն էր, երկուսն էլ հայր էին, երկուսն էլ՝ որդի, և նրանց միջև կապ կար, և նրանք միասին կանցնեին այդ ամենի միջով կամ, եթե ոչ միասին, ապա գոնե ոչ առանց ընկերակցության։
Անդերսի հայրը մահացավ մի պարզ ջինջ առավոտ՝ լուսադեմից կարճ ժամանակ անց։ Անդերսը նրա հետ նրա սենյակում էր, երբ նա մահացավ․ այդ գիշեր նա նկատել էր հոր շնչառության փոփոխությունը և մնացել էր նրա հետ։ Հայրը մթության մեջ բացել էր աչքերն ու մահճակալի կողքին տեսել Անդերսին։ Անդերսը տեսել էր, որ հայրը տեսել էր Անդերսին։ Անդերսի հայրը նորից փակել էր աչքերը, և նրա՝ արդեն ծանրացած շնչառությունն ավելի էր ծանրացել, մինչև շնչելու ջանքերը նկատելի էին դարձել, շնչառության ձայնը լցրել էր սենյակը, ասես Անդերսի հայրը շնչում էր կտորի տակից, որ ավելի ու ավելի էր հաստանում, և նրա թոքերից ավելի շատ ուժ էր պահանջվում։ Իսկ երբ նա դադարեց շնչել, դրան նախորդեց մի հուժկու շունչ, մի հուժկու շունչ, որը հանեց նրա ներսից ամեն ինչ, հանեց նրան իր ներսից, և այդ շնչից հետո Անդերսի հայրն այլևս չկար։
Սկզբում Անդերսը չլացեց, նա պարզապես նստել էր, և թվում էր՝ նստած ինչ-որ բանի էին սպասում Անդերսն ու հայրը, որի ձեռքը դեռ չէր սառել Անդերսի ձեռքի մեջ, և միայն երբ Անդերսը հանեց իր հեռախոսը, հեռախոս, որն այդ պահին ատում էր, ատում էր դրա հասցրած անարգանքը, հեռավորության՝ դրա ստեղծած կեղծիքն այն սուրբ անմիջականության նկատմամբ, որ զգում էր։ Երբ ձեռքում պահեց ապակուց ու մետաղից պատրաստված այդ սալիկը, և էկրանը լուսավորվեց, ու նա փորձեց մի ձեռքով կամ մի բթով գործի դնել այն, միայն այդ ժամանակ նա իսկապես սկսեց լաց լինել, և նա այնքան ուժեղ էր ողբում և այնքան բարձրաձայն, ինչից ինքն էլ զարմացավ և ցանկացավ լռեցնել ինքն իրեն։
Անդերսի հայրը մահվանից հետո պարտքեր չէր թողել և հոգացել էր սեփական հուղարկավորության ծախսերը․ երկուսն էլ նրա համար սկզբունքի հարց էին՝ կոշտ ու անսովոր սկզբունքի։ Նա նախապես տեղեկացրել էր Անդերսին՝ ինչ էր պետք անել։ Դիահերձարանի աշխատողները եկել էին լավ հագնված ջրմուղագործներ պես, նրանք Անդերսի հորը տարել էին իրենց դիակառքի մոտ և տեղափոխել էին թաղման սրահ։ Անդերսը հետևել էր նրանց՝ ասես վախենալով, որ հորը կարող են գողանալ կամ խառնել դիակները, և միայն այնտեղ հաջողվեց համոզել Անդերսին թողնել հորը։ Մասնագետներն ասացին Անդերսին, որ հենց նրան պատրաստեն, կկանչեն նրան՝ նորից տեսնելու հորը։ Նրանք այդպես էլ արեցին, նրանք փորձ ունեին։ Իսկ ավելի շատ նրանք խոսում էին չոր փաստերով՝ չթերագնահատելով իրավիճակի սարսափը, և Անդերսը լսեց նրանց այնպես, ինչպես իրենից առաջ լսել էին մյուսները, արեց նրանց ասածն ու գնաց տուն։
Հետդարձի ճանապարհին փայլում էր արևը, ասես ոչինչ չէր պատահել, գետնին ձյուն չկար, տեղ-տեղ կանաչի նշաններ էին երևում։ Սովորական օր էր, որ համարյա կարող էր լավ օր լինել, այնպիսի օր, որն այդքան ոչ տեղին, նյարդայնացնող ձևով հուշում էր, որ ձմեռը շուտով կավարտվի և իրավունքները կզիջի գարնանը։ Այդ ամենն ուղղակի ապտակ էր Անդերսին՝ անքուն, կարմրած աչքերով։ Ապտակ էր ուղիղ նրա դեմքին։
Գուցե Անդերսն իդեալականացրել էր հորը, կամ գուցե Անդերսի հայրն Անդերսին կապում էր նրա հեռավոր անցյալին, ավանդույթներին, որոնց Անդերսը ծանոթ չէր, իսկ հիմա այլևս երբեք չէր ծանոթանալու։ Անդերսին համակեց այն միտքը, որ ինքը պետք է փորեր հոր գերեզմանը։ Այդ ժամանակ նա մտածեց՝ գուցե իր հայրն էլ էր փորել իր հոր գերեզմանը, և, չգիտես ինչու, մտածեց, պարզապես մտածեց, որ, այո, փորել էր։ Անդերսը համարյա պատրաստվում էր զանգել գերեզմանատուն ու հարցնել՝ կարող էր արդյոք անել դա, իսկ հետո կանգ առավ և ինքն իրեն ասաց՝ սա խենթություն է, ու ոչինչ չարեց։ Նա դա չարեց, նա դա չարեց, թեև արդեն զգում էր իր ձեռքերում հողի մեջ խրվող բահի փայտյա կոթն ու ծանրությունը։ Իսկ հետո նա զղջաց այդ որոշման համար, նա զղջաց, ոչ դառնագին, ոչ, թեթևակի, բայց զղջաց իր ողջ կյանքի ընթացքում։
Անդերսի հոր հոգեհանգստի ժամանակ նրա դագաղը կիսաբաց էր և Անդերսին հիշեցնում էր իրենց տան հետևի դուռը, որ երկու փեղկանոց դուռ էր։ Անդերսի հայրը երբեմն կանգնում էր այնտեղ, երբ Անդերսը փոքր տղա էր։ Դռան ներքևի փեղկը փակ էր լինում, վերևինը՝ բաց, և Անդերսի հայրը սիրում էր մի ձեռքը դնել դռան եզրին, իսկ մյուսով՝ ծխել։ Եվ նա նայում էր Անդերսին դեմքի այնպիսի արտահայտությամբ, որ Անդերսը չէր կարողանում կարդալ․ ոչ թե սիրով, ոչ, դժվար թե, ավելի շուտ թվում էր՝ փորձում էր ինչ-որ բան հասկանալ։ Իսկ հիմա Անդերսի հոր աչքերը փակ էին, դեմքը շպարված էր, ինչի պատճառով նա փոքր-ինչ տարօրինակ տեսք էր ստացել, և Անդերսը չէր տեսնում նրա դեմքի արտահայտությունը և այլևս երբեք չէր տեսնելու նրա դեմքի արտահայտությունը։
Անդերսը կարծում էր, որ ատելու է թաղման արարողությունը, բայց նա չատեց թաղման արարողությունը։ Նրա համար մխիթարանք էր լինել այս մյուս մարդկանց հետ, որ եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու։ Անդերսը չգիտեր՝ ով ով էր, մինչև նրանք չէին ներկայանում, թեև ժամանակ առ ժամանակ կռահում էր։ Շատ մարդ չկար, բայց նրանց թիվը բավական էր, հենց ճիշտ թվով մարդիկ էին։ Բոլոր նրանք, ովքեր ներկա էին, նրանք էին, ում համար միևնույն չէր, իսկ արարողությունն արեց այն, ինչ պետք է աներ, այսինքն՝ ստիպեց կատարվածը իրականություն համարել և Անդերսին ու մյուսներին հյուսեց իրենց կորստի ընդհանուր ցանցի մեջ։ Իսկ Անդերսի հայրը միակ գունատ մարդն էր, որ ներկա էր, միակ սպիտակ մարդը, որ մնացել էր ողջ քաղաքում, քանի որ մինչև այդ պահն այլևս ոչ ոք չկար։ Հետո փակեցին նրա դագաղը, թաղեցին նրան, հողին հանձնեցին նրան՝ վերջին սպիտակ մարդուն, և դրանից հետո՝ նրանից հետո, ոչ ոք չմնաց։
Թարգմանությունը անգլերենից՝ Լիլիթ Պետրոսյանի