Քամու, կարկտի ու բուլդոզերների մարգերում Դու պնդարմատ ընկուզենի էիր,
Հա՛յր։
Աճել էիր ու առել պարարտ ձեռքերով կնոջդ։
Առել էիր ու ծաղկավետ այգիներ հիմնել հետը։
Հա՞յր էիր։
Այգիները կրում էին Քո անօգուտ ազգության անունն ամենուր,
եւ դա Քեզ փրկում էր միշտ, չառնելու ճակատիդ այլոց թուքը։
Շնորհը նրանից ու անունը Քեզ։
Ու դա պատիվ էր Քեզ, իսկ նրա շնորհը հեչ բան էր՝ հին ճաշ ու մեռած մաշկ։
Հա՞յր էիր։
Քո այգիներին միայն կյանք ու գեն տվիր։ Գենը պատուհաս, կյանքը կապույտ օձիգ նրա վզին։
Հա՞յր էիր։
Այգիներդ ձեռքիդ անապատ կդառնային, ինչպես նա էր դարձել ու ճակատը պինդ հարվածում էր քարաթմբին, որ ընդերքից ջուր ջուրս տա, ոռոգի այգիներդ դաստիարակության ու կրթության ջրերով։
Հա՞յր էիր։
Չորս հեկտար սեւահող, իրար եզերվող թեք թմբերի վրա, վրաները տարբեր հասունության ծառեր, որոնց ճյուղերը տարիներ էտվել ու խնամվել էին նրա պարարտ ձեռքերով։
Հա՞յր էիր։
Խնամքը սեփական միսն էր ծանում` հոգու վրա թողնելով անառողջ հետքեր։
Սեւահող, տեսակ-տեսակ փարթամ ծառերով, որոնք հետո բերք պիտի տային հայրենիքիդ ու տանդ։
Հա՞յր էիր։
Պարարտացնող ձեռքերը ծաղկեցրին երկրիդ ու տանդ համար պտղատու ծառեր՝ խաչվելով սեփական կրծքին։
Շնորհատերն այլեւս չկա, շնորհն է հիշվում սեւ քարի կողքին։
Պարարտացնող ձեռքերն այլեւս չկան ու բարձր ընկուզենիների համատարած ճյուղերն այլեւս յոլոտ չեն միմյանց հետ։
Էտողը գնաց…
Շնորհալի ձեռքերը խաչեց սպիտակ կրծքին ու գնաց։
Հա՞յր էիր։
Հիմա, արեւի ու իրիկվա ուղղությամբ ձգվում են ճյուղերը, որ սրաշեղբ դաշույն են միմյանց համար։
Իսկ Քո անունը, որ շնորհ չդարձավ ու ձեռք չդարձավ պարարտ, այդպես էլ մնաց ճյուղերի շվաքներում ու վայելեց այն մեկի արածը, որ վերագրում էիր Քեզ։
Հավաքում եմ իմ ճյուղերը։
Իմ հովից ու շվաքից հեռացնում Քեզ` ԱՆԱՐԺԱՆ։
Ձեռքերը խաչողի կրծքին սգալը սարկավագի գործն է, Քոնը հոգալն էր, հոգին սիրելը։
Չիմացար ու չես էլ իմանա, թե ոնց է արվում դա։
Շվաքներիցս չքվիր այնտեղ, որտեղ չեն երեւում իմ ճյուղերը։ Մի գիշերում չերեւացիր որպես բորենու աչք անգամ ու մեծ լուսին։ Անունդ այլեւս մոռացված է, որովհետեւ հիշեցնողն էլ չկա, անվանատերն էլ չի՛ եղել, չկա։
Հայր չէի՛ր։