Առաքել Սեմիրջյան | Հեգելին հեգնելիս

Քաղաքը նրան կարոտում էր, կամ էլ ինքն էր իրեն համոզել, որ իրեն կարոտող կա․ եթե կարոտող էլ չլինի, միևնույն է՝ կա քաղաք, որը հաստատ ինչ-որ մեկին կարոտում է՝ իր մայթերով, փողոցներով, փոսերով, լուսակիրներով, լուսանցքներով, պատուհաններով, ծառերով, պաստառներով, պատշգամբներով, ծտերով, աղբամաններով` վրայի կատուներով, հեռախոսի լքված խցերով, մոխրամաններով ու ցայտաղբյուրներով, լցվացքի պարաններով ու վրայից կախված կրծկալներով։
Գրականության երկրպագուները նրա նկարները սոսնձել էին մետրոյի կայարաններում, գետնանցումներում, հանրային զուգարաններում ու կանգառներում: Եկեղեցու դիմաց էլ նկար կար փակցված, ու մի թշվառ տատի ամեն անգամ այն տեսնելիս խաչակնքվում էր՝ մտածելով սրբի նկար է։
Բոլորի համար ամեն ինչ հստակ էր, նույնիսկ խաչակնքվող տատիկի ու միայն նա դեռ չէր հասկացել, որ իրականում ինքը արտերկրում ապրող մարդն է, թե նկարը, որն իրենից անկախ ապրում է քաղաքում ու հիշեցնում ինքն-իր մասին։
Նրա դիմանկարները քաղաքի հետ արթնանում ու քնում էին, քաղաքի հետ փոշոտվում ու անձրևոտ օրերին թրջվում, քաղաքի հետ միասին մաշվում ու գունաթափվում, քաղաքի հետ ճմրթվում ու անպիտան դառնում։
«Իսկ միգուցե ինքը միաժամանակ երկու տեղում էլ ապրո՞ւմ է ու երկու տեղի ապրածն էլ իրակա՞ն է․ պարզապես չգետես ինչ կատեգորիաներից ելնելով՝ մարդը չի կարող միաժամանակ տարբեր տեղերում լինել»,- մտածեց նկարը։
Միգուցե հաշվի չէին առել, որ մարդկության ստեղծած կատեգորիաներից բացի ուրիշ կատեգորիանել էլ կարող են լինել, որոնք ավելի հարմար են կյանքը որևէ ձևով տանելի դարձնելու համար, թե չէ եղած կատեգորիաներով էդքան էլ հեշտ չէր գոյատևելը։
Ուրիշ բան կլիներ, եթե քաղաքը վերանար ու չլիներ այն կետը, որի վրա կարելի կլիներ կանգնել ու շարունակել ապրել, համ էլ երկակիության զգացումը քաղաքի հետ միասին կանհետանար։
Նա այնքան էր օտարվել իր նկարներից, որ միայն քաղաքն էր այն կապող օղակը, որը նույնականացնում էր նրան իր սեփական անձի հետ։ Միայն քաղաքն էր, որը հնարավորություն էր տալիս հավատալ, որ ինչ էլ լինի, ինչքան էլ օտարվի ինքն-իրենից, միևնույն է՝ քաղաքին հանդիպելու պարագայում նրանք կրկին կմիաձուլվեն։
Նկարը, մի պահից սկսած, հասկացավ, որ երկուսի միջից շնչավորը հենց ինքն է, իսկ այն օտարության մեջ ապրողը պարզապես իր պատկերից օգտվող մի օտարական, որը փորձում է ամեն կերպ վերադառնալ, սակայն չի համարձակվում, քանի որ վստահ չէ՝ վերադառնալու պարագայում նրա պատկերացրածն ու իրականը նույնը կլինեն, թե չէ։
Նա նույնիսկ վստահ չէր, մարդիկ իրեն կճանաչեն, թե իրեն կընդունեն, որպես իր նկարի կրկնօրինակը։ Վախի սարսափը նրան ավելի էր հեռացնում նկարից, իսկ քաղաքն էլ աստիճանաբար ատելի դարձնում։
Ինչ-որ պահից՝ նա սկսեց զզվել իր նկարներից ու դա ամենևին էլ խանդի հողի վրա չէր։ Նրա զզվանքը կապված էր այն պատկերի հետ, որի վրա դեռ հույսի նշաններ կային․ նաև նրանց հետ, ովքեր իր նկարները տեսնելիս ինչ-որ հույսով էին լցվում։
Մոռանալ է պետք այս ամենը, իսկ Հեգելն էլ ինչքան էլ նրան փորձես հեգնել՝ փաստացի ճիշտ դուրս եկավ, քանզի այն, ինչ արդեն դու չես, մեկ ուրիշն է, ու այս պարագայում՝ նույնիսկ քաղաքը քեզ չի կարող փրկել։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *