Քաղաքային շուկայի մի անկյունում, որտեղ մեծ-մեծ տառերով, շատ հասկանալի ձեռագրով գրված է՝ «Փուչ պոպոք», թաքցված է փակ կամերան ու միկրոֆոնը, իսկ վաճառասեղանի ետեւում կանգնած է մի ծերունի` ավստրիացու դիմագծերով, խոշոր հայկական աչքերով, մաքուր սափրված ու կոկիկ հագնված: Դեմքին, կարծես մշտական դարձած, բանիմաց, վստահ ու խորամանկ ժպիտն է, եւ անունն էլ Ռաֆայել է, ու ոչ ոք նրան Ռաֆիկ չի ասում: Նույնիսկ թոռը նրան ասում է՝ Ռաֆայել պապի: Եւ նրա ժպիտի մեջ կարծես հենց իր իսկ փուչ ընկույզների պատմությունն է թաքնված, եւ թվում է, որ հենց այդ պատմությունն է հաղորդում նրան այս բանիմաց ու խորամանկ տեսքը: Եւ պտտվում է այդ պատմության ժապավենը: Եւ ժպիտից այն կողմ, խոշոր պլանով երեւում են նրա տասներկու ընկուզենիները, որոնք այնքան շատ են բերք տալիս` կարծես ստիպում են հավաքել ու տանել շուկա, կարծես հասկացնում են, որ այս փուչ պոպոքը միայն իրենը չի: Եւ նա կնոջ առաջարկով սկզբից որոշում է հարեւաններից միանգամից էժան, շատ գնել, հետո խառնել իր փուչ պոպոքների հետ ու վաճառել: Բայց չի կարողանում խղճի դեմ գնալ ու մտածում է` եթե Աստված այս է ուղարկում, ուրեմն այս էլ պիտի վաճառեմ: Դե՛, իրեն ու կնոջն էլ յոլա գնալու համար շատ փող պետք չի: Իսկ ընկուզենիները օր օրի ավելի շատ են բերք տալիս` այնքան, որ ինքն ու կինը չեն հասցնում հավաքել: Բայց` բոլորն էլ փուչ: Սկզբից մտածել են` երեւի ընկուզենիները ինչ-որ հիվանդություն ունեն, ու սրսկել են տարբեր դեղանյութեր: Ոչինչ չի օգնել, իսկ տասներկու հսկա ընկուզենի սղոցելն ու քոքահան անելը ահավոր դժվար գործ է, ու հետո այդ կողմերում միայն լավ ընկույզ է աճում` ստուգված բան է դարերով: Եւ նա, կարծես, ստիպված վերցնում է մի պարկ իր ընկույզից ու առաջին անգամ, 4 տարի առաջ, բերում շուկա: Սկսում է եռակի էժան վաճառել ու քաշվելով ասել, որ էժան տալու պատճառը պոպոքների փուչ լինելն է: Իսկ կողքի վաճառողները բոլորը ծիծաղում են ու ասում` ցնդած է: Առաջին հաճախորդը իր տարիքի մի ծերունի է եղել: Հետն ահագին զրուցել է, հետո մի կիլոգրամ հենց այնպես գնել ու հեռացել: Ու մեկ էլ չի երեւացել` լավ մարդ էր, բայց՝ հիվանդ, ասել է՝ սիրտս լավ չէ: Իսկ նա ամեն առավոտ կանոնավոր եկել է շուկա, վճարել տեղի ու կշեռքի համար ու կանգնել իր տեղում: Կողքի վաճառողները` տեսնելով, որ համենայն դեպս նա մի փոքր առեւտուր է անում, նորից ծիծաղել են ու ասել, թե կշեռքի համար ինչո՞ւ է իզուր փող տալիս` թող աչքաչափով ուղղակի տա: Նա ոչինչ չի ասել ու շարունակել է իր առեւտուրը: Եւ կամաց-կամաց սկսել են նրան նկատել, ու շատ շուտով այնպես է ստացվել, որ ամբողջ շուկայում ամենաշատ վաճառվել է իր ապրանքը, եւ նա ամենաշուտն է հանձնել կշեռքը ու գնացել տուն: Եւ իր գործը ավելի հեշտացնելու համար, որ ամեն մեկին չբացատրի էժան վաճառելու պատճառը` նա գրել է այդ մասին մեծ-մեծ տառերով: Եւ քիչ հեռու տեղադրված փակ կամերան պարզորոշ ցույց է տալիս` փուչ պոպոք ամենաշատը սիրում են 6-7 տարեկան երեխաները, որոնք մի կերպ կարդում են` «փուչ պոպոք», ու զարմացած աչքերով սկսում են քաշել մայրիկների փեշերից, որ նրանք գնեն:
Նրանք էլ գնում են` իրենց փոքրիկին չնեղացնելու համար: Շատ են գնում նաեւ սրամիտ մարդիկ: Նրանք միանգամից մի քանի կիլոգրամ են գնում եւ հյուրեր են հրավիրում տուն: Հյուրերը գալիս-նստում ու սկսում են կոտրել պոպոքները, իսկ տանտերերը ծիծաղում են, զվարճանում: Մի քիչ չարչարվելուց հետո ծիծաղում են նաեւ հյուրերը: Եւ տանտերերը հաճույքով տեղեկացնում են նրանց, ու շատ են սիրում այդ մասին ասել բոլորին` տալով նրանց այդ փուչ պոպոքները, նրանք բացում են գաղտնիքը՝ հայտնելով, որ միեւնույն է, դրանք բոլորն էլ փուչ են, մենք արդեն փորձել ենք, մենք գիտենք: Եւ փակ կամերան մաքուր տեսագրում է այն պահը, թե ինչպես է զարմանում հայտնի, շատ հայտնի բուսաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսորը: Եւ նա իր ասիստենտի հետ գնում է նրա ամբողջ երկու պարկ պոպոքը ու տանում ստուգման: Հետո մյուս օրը, ավելի համոզվելու համար, նա այցելում է այդ այգին եւ ուսումնասիրում 12 ընկուզենիները: Եւ այդպես էլ ծառերի տակ, զարմացած ուտում է խորովածը ու խմում գինին: Իսկ ծերունին ժպտում է: Եւ դրանից հետո նա իր հաճախորդների հետաքրքրությունը բավարարելու համար ավելի հաճախ է այդպես ժպտում ու իր վաճառասեղանի մի անկյունում պոպոքները ջարդել-ստուգելու համար հատուկ քար է պահում: Եւ նրան հաճախ են մոտենում մարդիկ, որոնք իրենց առեւտուրն արել-վերջացրել են հիմնականում, եւ արդեն շատ քիչ փող է մնացել: Եւ նրանք գնում են մեկ կիլոգրամ, քանի որ խոստացել են ընկույզ տանել տուն, ու չեն հավատում, որ մեկ կիլոգրամի մեջ գոնե կես կիլոգրամ առողջ չլինի:
Համալսարանական իր թոռը երբեմն ընկերների հետ այցելում է նրան ու բոլորին մի-մի բուռ պոպոք է տալիս` բոլորը ուրախ ժպտում են, բոլորն էլ գոհ են մնում: Ինքն էլ է ժպտում, եւ այդ ժպիտից այն կողմ նշմարվում է մի երիտասարդ զույգի պատմություն: Եւ մաքուր ձայնագրությունից լսելի է, թե ինչպես աղջիկը տղային ասում է` արի երկու կիլոգրամ գնենք, ու եթե այդքանի մեջ գոնե երկու առողջ ընկույզ գտնվի, ուրեմն մեր բախտն է դա:
Ու նա շփոթվում է, նա վստահ է, որ իր պոպոքները բոլորն էլ փուչ են, ու դա նրան դրդում է գողության: Նա աննկատ երկու առողջ ընկույզ է թռցնում հարեւան վաճառողից ու խառնում իր վաճառած ապրանքին, եւ տղան ու աղջիկը գնում են: Եւ այդ տղան արդեն տարուց ավելի ամեն շուկա գալուց իր պոպոքից ձեռի հետ մի կես կիլո առնում է ու հարցնում, թե ինչպես են Ռաֆայել պապի գործերը: Եւ այսպես, հիմնականում առեւտուր անողները ժպտալով կես կիլո, մի կիլո գնում են ու գոհ հեռանում, մինչեւ այժմ ոչ մեկը դեռ չի բողոքել, բացի մեկից: Այս մարդը մի օր եկել ու սկսել է կռիվ անել, պարզվում է, որ տարել, հյուրասիրել է իր հյուրերին, ու մի պոպոք առողջ է դուրս եկել, եւ ինքն է շփոթվել դրանից:
Նա բացատրում է, որ այդպիսի բան լինել չի կարող, կամ խառնվել է այդ մի հատը, կամ կողքի վաճառողն է դիտմամբ նետել իր տոպրակը, որովհետեւ տարիներով ստուգված է իր բերքը, իր պոպոքները բոլորն էլ փուչ են: Եւ եթե ուզում է, թող վերցնի քարը ու ինչքան ուզում է ջարդի: Մարդը բարկացած մի կիլոգրամի չափ ջարդել է, հետո ներողություն է խնդրել եւ ուրախ-ուրախ նորից հինգ կիլոգրամ գնել: Իսկ նա հիմա ուշադիր հետեւում է, որ կողքից մեկը հանկարծ առողջ ընկույզ չնետի իր պարկը: Մի երկու անգամ կողքի ընկույզ վաճառողները փորձել են նրանից էժան գնել ու խառնել իրենցին, բայց նա շուտով գլխի է ընկել, ու հիմա ինչ էլ անեն, նրանց չի վաճառի: Հետո այդ ընկույզ վաճառողները գնացել են շուկայի տնօրենի մոտ բողոքի, բայց տնօրենն ասել է, որ դա արգելված ապրանք չէ, ու նա իրավունք ունի վաճառելու, մանավանդ, որ վաճառում է եռակի էժան ու չի թաքցնում, որ իր պոպոքը փուչ է: Իսկ մի օր նրա կողքի վաճառողը որոշել է իր առողջ ընկույզները վաճառել եռակի էժան` կարծելով, որ նրանից այլեւս չեն գնի: Հարեւանից, իհարկե, սկսել են շատ գնել, բայց իր հաճախորդների թիվը էլի չի պակասել դրանից, որովհետեւ, կամերայի կարծիքով, իր եւ նրա հաճախորդները տարբեր են, միմյանց հետ կապ չունեն:
Նրա ժպիտը երբեմն ավելի բանիմաց ու խորամանկ է դառնում` դա այն օրերին է, երբ բոլոր վաճառողների ապրանքները պարտադիր սանիտարական ստուգում են անցնում, պարտադիր բժշկական ուսումնասիրության են ենթարկվում: Դե, նրա ապրանքը չեն ստուգում` կարծես արդեն ամեն ինչ պարզ է: Ու առավոտ ծեգին շուկա եկած հատուկենտ շտապող մարդիկ տեսնում են, որ իր վաճառասեղանի ետեւում հանգիստ, ժպտադեմ կանգնած է Ռաֆայելը ու վաճառում է իր փուչ պոպոքները: Պատկերացնո՞ւմ եք` բոլոր դարակները դատարկ են, ու միայն մի տեղ ընկույզ է դրված ու վրան գրված`«փուչ»: Եւ չնայած այդ շտապող մարդիկ նրանից ոչինչ չեն գնում, բայց, համենայն դեպս, դա մի խոսուն փաստ է, նրա առավելությունը, փակ կամերայի ամենահաջողված կադրերից մեկը:
Եւ, ետ պտտելով ժապավենը, պտտելով պատմությունը, ժպիտի ձեւավորման ընթացքը` պարզ երեւում է, որ ոմանք էլ ուղղակի դեսուդեն անցնելով ու շրջելով, առանց գրածը նկատելու, մոտենում հարցնում են, թե ինչ արժի ընկույզը: Նա անմիջապես տեղեկացնում է, որ իր պոպոքը փուչ է, իսկ նրանք կամ չեն հավատում, որ հնարավոր է` բոլորն էլ փուչ լինեն, ու ժպտալով գնում են մի քանի կիլոգրամ, կամ փողը մեկնելուց հետո արդեն ամաչում են ետ վերցնել ու ոչինչ չգնել, կամ էլ արդեն առաջանում են որոշակի հետաքրքրություններ: Նա ասում է, բացատրում` ջարդեք-նայեք, բոլորն էլ փուչ են, բայց գնում են ու ասում` պետք չէ ստուգել, դու կշռի: Եւ ինքն էլ ստիպված կշռում է: Իսկ երբ վաճառասեղանին են մոտենում 16-17 տարեկան տղաներ` ուրեմն ամեն ինչ պարզ է:
Մոտիկ փակցված բարձրախոսի մաքուր ձայնագրությունը տեղեկացնում է, որ նրանց մայրը կամ հայրը տվել են որոշակի գումար եւ ուղարկել շուկա` հատուկ ցուցակով, թե ինչ պետք է գնել: Բայց նրանց հարկավոր է տնտեսել մի քիչ դրամ` կինոյի կամ սիգարետի համար: Ու Ռաֆայել պապը նրանց էժան վաճառում է մեկ կիլոգրամ փուչ պոպոք: Եւ քանի որ փուչ պոպոքի մեկ կիլոգրամը համարյա կրկնակի տեղ է գրավում առողջի հետ համեմատած, այսինքն` քանի որ թեթեւ է, շատ է երեւում, տղաները մի կես կիլո էլ առողջ ընկույզ են գնում եւ խառնում փուչի հետ: Դե, իսկ ծնողներն էլ տանը երեւի ասում են` ոչինչ, երեխան անփորձ է, առնելու փորձ չունի, դրա համար գնացել է, անորակ ընկույզ է գնել: Ու դրանից հետո անմիջապես հաջորդում է մի այլ ձայնագրություն, եւ համապատասխան ժապավենի հետ երեւում է հետեւյալ պատկերը` ակնոցավոր մարդը մոտենում ու հարցնում է ոգեւորված` ուրեմն բոլորն էլ փո՞ւչ են, դատա՞րկ, ուրեմն, ինչքան ուզում ես ջարդի, բաց արա, նայի, դատա՞րկ է` հանճարեղ է, հոյակապ: Ու նա գնում է յոթ կիլոգրամ ու սկսում ջարդել: Բավական ջարդելուց հետո պարզվում է, որ բոլորն էլ փուչ են, բայց նա մի կողմ է քաշվում եւ շարունակում ջարդել, ու ժապավենի վրա երեւում են միայն նրա ջարդող ձեռքերը, հետո մի փոքր էլ է հեռանում, ու այլեւս ոչինչ չի երեւում:
Նա դուրս է մնում, ու միայն շարունակվում է դատարկ, փուչ պոպոքի ջարդվելու ձայնը, եւ կադրի մեջ է մտնում մի այլ մարդ: Նա մոտենում է Ռաֆայել պապին ու մեկնում նրան խոշոր թղթադրամ: Փուչ պոպոքների ջարդվելու ձայների հետ մի կերպ ձայնագրության մեջ լսելի է դառնում, որ նա այդ պոպոքների վրա մեծ գրազ է շահել, ու որպես հատուցում՝ բերել է այդ փողը` ինչ ուզում է թող գնի այդ փողով իր համար: Փողը զոռով խոթում է նրա գրպանը ու հեռանում: Իսկ Ռաֆայել պապի համար ապրանքափոխանակության շուկայական օրենքը գոյություն չունի: Մյուս վաճառողները ընկույզ են տալիս ու կանաչի վերցնում փոխարենը, ընկույզ են տալիս ու պանիր վերցնում, եւ երբ սովածանում են, ուտում են: Իսկ նա միայն դրամով կարող է գնել նրանցից որեւէ ուտելու բան: Չնայած մի օր կանաչի վաճառողը հաջող առեւտրից հետո չի դիմացել գայթակղությանը ու մի կիլոգրամ գնել է այդ փուչ պոպոքից: Եւ փակ կամերայի տեսանկյունից երեւում է մի կիսախելագարի կերպար, որն առավոտյան շուտ օգնում է վաճառողներին իրենց ծանր պարկերը բերել-հասցնել վաճառասեղանների մոտ, ու դրա համար ստանում նրանց ապրանքից մի բան` խնձոր, պանիր, լավաշ, բողկ, ընկույզ կամ որեւէ այլ բան:
Բայց այդուհանդերձ, նա ամենահաճույքով տեղափոխում է փուչ պոպոքի տոպրակները եւ ոչինչ չի պահանջում` ուղղակի վերցնում է մի քանի բուռ այդ պոպոքից, դնում քիչ հեռու ու սկսում ջարդել` միաժամանակ ուտելով վաստակած լավաշն ու պանիրը: Եւ, անկախ իրենից, մեկ նայում է թաքնված կամերային, մեկ էլ իր ջարդած փուչ պոպոքներին, եւ ուրախանում: Ու թվում է, թե միայն նա գիտի թաքցված կամերայի մասին: Ժապավենը ավելի ուշադիր ուսումնասիրելով` կարելի է որոշ մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկել: Այդ որոշ մարդիկ շրջում են շուկայով մեկ ու սրանից մի խնձոր են թռցնում, նրանից` մի քանի ընկույզ, մի դեղձ, մի վարունգ: Բայց Ռաֆայել պապից ոչ մեկը ոչինչ չի թռցնում` երեւի արդեն համոզվել են, որ փուչ է:
Կրկեսի աշխատողները շատ ինքնատիպ պահվածք ունեն, ու կադրի մեջ ընկնելով, անմիջապես տարբերվում են մյուսներից: Նրանցից մեկն արդեն մշտական հաճախորդ է դարձել, ու հաճախ հենց նույն տեղում, այդ փուչ պոպոքները գնելիս, ցույց է տալիս իր մշակած ֆոկուսը, որն, ըստ երեւույթին, ավելի հեշտ է անել թեթեւ փուչ պոպոքներով: Եւ հյուրախաղերի մեկնելուց առաջ նա միշտ մեծ քանակությամբ գնում է: Եւ ժապավենը հոգեբանական վերլուծության ենթարկելիս՝ պարզվում է, որ հիմնական հաճախորդներ են նաեւ երիտասարդ, առողջ տղամարդիկ: Եւ մանավանդ կնոջ ներկայությամբ մի քանի կիլոգրամ գնում են ժպտալով, երեւի հիշելով ընկույզի որոշակի հատկությունները: Եւ միկրոֆոնը հապաղում է, բայց որակյալ փակ կամերան անմիջապես տարբերում է, երբ նրանց խառնվում է մի անառողջ, ծերացող տղամարդ: Դա հատկապես զգացվում է նրանց մոտեցումից, թե ինչպես են նրանք ուզում ցույց տալ, որ փուչ պոպոք գնելը, մանավանդ՝ կնոջ ներկայությամբ, միայն առողջության նշան է: Ու նրանք հպարտորեն գնում են այն` ցույց տալով, հասկացնելով, որ իրենց բնավ պետք չէ առողջ պոպոք, իսկ սա գնելը ուղղակի փոքրիկ առողջ հումոր է:
Կադրի մեջ հաճախ ընկնում են նաեւ արտասահմանցիներ: Մանրամասն ուսումնասիրություններից ու ձայնագրություններից պարզվում է, որ արտասահմանցի հյուրերի մեջ, որպես կանոն, ամերիկացիները միշտ կես կիլո կամ մեկ կիլո գնում են այդ փուչ պոպոքից: Իսկ դեռ լույսը չբացված, երբ շուկայում ոչ ոք չկա, բայց թաքցված կամերան աշխատում է` այդ վաճառասեղանի վրա դրված է լինում փուչ պոպոքների մի փոքրիկ բլրակ: Հավաքարարը Ռաֆայել պապի պատահմամբ այս ու այն կողմ գցած պոպոքները հավաքում ու դարսում է նրա վաճառասեղանի վրա` դե պարզ է, հո տուն չի՞ տանի: Եւ սրանից անմիջապես հետո ժապավենը ենթարկվում է սոցիոլոգիական ուսումնասիրության: Պարզվում է, որ, չգիտես ինչու, ո՛չ, ոչ թե՝ չգիտես ինչու, այլ՝ բոլորիս համար էլ շատ պարզ է, թե ինչու, նրանից ոչ մի անգամ պոպոք չեն գնում զինվորականները: Նոր տարվա նախօրյակին Ռաֆայել պապի առեւտուրը վատ է գնում` չնայած այդ օրերին մի քանի անգամ ավելի շատ մարդ է այցելում շուկա: Բայց դրա փոխարեն նկատելի է, որ ամենահաջող առեւտուրը լինում է մարտի 8-ին ու մանավանդ ապրիլի 1-ին: Հետո թաքցված կամերայի մեջ երեւում է այդպիսի մի կամերա, եւ թվում է, թե կամերան ինքն իրեն է նկարել` խոշոր պլանով, բայց հետո պարզվում է, որ այդ կամերան թաքցված չի ու կախված է ինչ-որ մեկի ուսից: Այդ մարդը կինոյի աշխատող է: Եւ նա որոշել է մի տեսարան նկարել, որտեղ պարկը շրջվում է, եւ միջի ամբողջ ընկույզը թափվում է ասֆալտին: Եւ ձայնագրությունից իմանում ենք, որ նա կարծում է, թե փուչ ընկույզի թափվելու ձայնը ավելի հնչեղ է ու լավ: Եւ նա գնում է միանգամից ամբողջ մի պարկ: Այդպես պարկ-պարկ է գնում նաեւ մի մարդ, որի ով լինելը շատ դժվարությամբ է պարզվում:
Կենտրոնից հաղորդում են, որ այդ մարդը հուշանվերների արտադրամասի վարիչն է, եւ նա այդ փուչ պոպոքներից փոքրիկ տիկնիկներ է պատրաստում, նաեւ ներկում է դրանք, ասես, հարմարեցնում վրան եւ, տեղադրելով հատուկ պատվանդանի վրա` այն դարձնում մանկական փոքրիկ գլոբուս: Եւ պարզվում է, որ այդ փուչ պոպոքները շատ ուշ են փչանում, ու ասեղի վրա հեշտությամբ են պտտվում, ու նաեւ ներկը երկար ժամանակ չի թափվում վրայից` մի խոսքով, փաստորեն, առեւտուրը պետական հիմքերի վրա է դրված:
Եւ պատահմամբ ժապավենի վրա հայտնվում են տեսարաններ պատերազմից` ռումբեր, կրակոցներ ու անմիջապես դրանից հետո` Ռաֆայել պապը, իր փուչ պոպոքները վաճառելիս: Ինչ անհեթեթ տեսարան: Երեւի սխալմամբ ուրիշ ժապավեն են մոնտաժել: Պետք է կտրել այդ անկապ հատվածը, դեն նետել:
Եւ կամերան, կարծես որսաշուն, մեզ տանում է ժամանակակից կերպարվեստի թանգարան, եւ կանգ ենք առնում երիտասարդ նկարչի նատյուրմորտի կողքին ու նայում: Խորունկ շրջանակի մեջ ամրացված է կանգնած ժամացույց, երկու չորացած ձուկ, եւ այդ ամենը շրջապատված է փուչ, դիմացկուն պոպոքներով: Եւ մի պահ Ռաֆայելի ժպիտը չքանում է, ու ձայնագրությունն էլ անհաջող է ստացվել այդ պահին: Եւ թվում է, որ կամերայի ու միկրոֆոնի կարծիքները չեն համընկնում: Պարզվում է` նրանից ինչ-որ մեկը ուզում է պոպոք գնել ուղղակի խղճալով: Եւ քանի որ ձայնագրություն չկա, մի կերպ Ռաֆայել պապի ձեռքի շարժումներից հասկացվում է, որ նա բացատրում է այդ մարդուն իր ընկույզների առանձնահատկություններն ու կարծես խնդրում, որ, եթե նա գնում է հենց այնպես, խղճալով, եթե իրեն պետք չեն այդ ընկույզները, ապա թող չգնի, պետք չի: Եւ երբ նա ցույց է տալիս մյուս ընկույզ վաճառողներին` պետք է հասկանալ, թե նա հասկացնում է այդ մարդուն, որ իր ընկույզն ամենալավն է վաճառվում, եւ ամենաշուտը շուկայում ինքն է իր առեւտուրը վերջացնում: Բայց այդ համառ մարդը շարունակում է տխուր ժպտալ, գնում է մի քանի կիլոգրամ ու, իրեն լավ զգալով, շոյված, գոհ հեռանում:
Եւ երեխաների կամ առողջ տղամարդկանց այցելությունից հետո միայն ժպիտը կամաց-կամաց վերականգնվում է ու ստանում իր բնորոշ տեսքը: Եւ ճապոնական, գնդասեղի մեծության միկրոֆոնը, որն ամրացված է նրա շապիկից, մեզ է հասցնում մի քանի ձայնագրություն, ու, չնայած ժապավենի բացակայությանը, ձայներից հասկանալի է դառնում, թե ով է խոսում, նույնիսկ ինչ շարժումներ է անում, ու նրա ժպիտը ինչ փոփոխություններ է կրում այդ պահին: Սա, ըստ երեւույթին, տղան է, ամոթանք է տալիս հորը, թե` խայտառակ ես անում, անհարմար է: Իսկ հայրը, ամենայն հավանականությամբ, կիսաբարկացած, կեսաշխույժ ժպտում է ու բացատրում, որ նախ`իրենք ընկուզենիներով իրենց գոյությունը կպահպանեն, եւ երկրորդ` եթե մարդիկ այդ պոպոքները գնում են, նշանակում է՝ ինչ-որ բանի համար նրանց պետք են դրանք: Եւ այդ խոսակցությունից հետո համարյա ոչինչ չի լսվում՝ դրանից բացի: Առաջ ենք պտտում ձայնագրությունը, ու լսվում է խոսակցություն` շապիկն արդեն հագել է, դուրս է գալիս, եւ պարզ է, որ կինն է հարցնողը, թե կարո՞ղ է այսօր հետը մի քանի կիլոգրամ պոպոք բերել` ուտելու համար:
Եւ լռում է Ռաֆայել պապը, եւ այդ ձայնագրված լռությունից պարզ հասկանալի է դառնում, որ նա մտածում է` այդքան մարդ ինձնից է ընկույզ գնում, ես ուրիշի՞ց պիտի գնեմ: Եւ այստեղ օգնության է հասնում ժապավենի մի փոքրիկ հատված` նա հարեւան վաճառողից ընկույզ է գնել ու բերել տուն: Ինքն ու կինը ջարդում-ուտում են, եւ գնածների մեջ մեկ-մեկ փուչ է պատահում, եւ նա, ժպիտը դեմքին, լուռ բարկանում է` ցույց տալով, որ սա ուրիշ փուչություն է, իրենն`ուրիշ, ու հետո մրթմրթում է, որ սրիկան խաբել, փուչ պոպոքը սաղացրել է վրաներս: Կինը շարունակում է լուռ մնալ, ու նրա լռությունը այն մասին է, որ շատ ես երեւակայում քեզ, իբր դու ոչ մի կապ չունես փուչ պոպոք սաղացնելու հետ, իբր մերն ուրիշ է, նրանցը` ուրիշ: Եւ մոտենում է ժապավենի վերջին հատվածը, այսինքն` հայտնի չէ, թե արդյոք սա՞ է վերջինը` գուցե վերջինը վաղուց նայվել է:
Բայց, ինչեւէ, այս հատվածը շատ հաջող է տեսագրվել, ու ձայնագրությունն էլ միշտ համընկնում է ու նույնպես հաջող է ստացվել: Ու կարծես եւ՛ միկրոֆոնը, եւ՛ թաքցված կամերան համամիտ են այդ պատկերին: Ու քանի որ սա, փաստորեն, վերջին հատվածն է, այսինքն` սրանից հետո այլեւս ժապավեն ու ձայնագրություն չկա` ակամայից ավելի ենք լարվում եւ ուշադիր հետեւում, օրվա վերջն է, շուկան այնքան էլ բազմամարդ չէ, բայց չորս կողմում դեռ աշխույժ առեւտուր է գնում: Լավաշ վաճառողը սպասում է վերջին հաճախորդին, որ մնացած մի քանի կիլոգրամը էժան տա ու տուն գնա: Ռաֆայելն էլ ուր որ է կավարտի իր առեւտուրը ու կամաց-կամաց նախապատրաստվում է: Նրան է մոտենում երկար մազերով միջին տարիքի, բերետով, թավ, սեւ մորուքով, արտիստիկ կեցվածքով մի մարդ: Մարդը մի փոքր օրորվում է, կարծես քեֆը լավ է: Մոտենում է ու վստահ հարցնում է, թե ինչ արժի փուչ պոպոքը: Իմանալուց հետո նորից հարցնում է, թե ինչո՞ւ է կիլոգրամը երկու ռուբլի, եւ ոչ յոթ` հնարավոր չի՞ կիլոգրամը յոթ ռուբլով գնել: Ռաֆայելի ժպիտը մի պահ փոխակերպվում է, բայց հետո նորից վերականգնվում է, երբ այդ մարդը բարձրաձայն, հրավիրելով կողքի վաճառողների ու հաճախորդների ուշադրությունը, հայտարարում է.
―Հայրիկ, ախր դու չգիտես, քո ընկույզները աշխարհի լավագույն ընկույզներն են․․․