Ջոնի Պետրոսյան | Հեքիաթ-հիշողություն

(ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ – ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ)

Թփերի ետևում կուչ եկած երեխաները չէին էլ հասցրել քարով հարվածել պատուհանին, երբ այն բացվեց: Նորդը, ում դպրոցում Նորդի էին կոչում, ողջ գիշեր, լարվածությունից չէր քնել և տեսնելով իրենց բակ մտնող ընկերներին, շտապեց պատուհանով դուրս գալ: Նախ ուսապարկը երկրորդ հարկից նետեց տղաներին, իսկ ինքը կառչելով տանը կից աճած ծառի ամենահաստ ճյուղից, ճարպկորեն իջավ ցած:
-Փոլն ուր է՞… իսկ Նենտը՞,- շշնջալով հարցրեց Նորդը:
– Նրանք չեն գալու,- ունքերը կիտած պատասխանեց տղաներից ամենաբարձրահա-սակն ու միաժամանակ ամենագերը:
-Ինչպե՞ս թե… Նենտը բոլորից շատ է խրճիթի բլուրը գնացել, նա հստակ գիտի ճանապարհը, իսկ Փոլը՝ թվում էր, թե բոլորիցս առավել է ոգևորված մեր ճամփորդությամբ:
Ընկերներից ոչ ոք դեռ չէր հասցրել պատասխանել Նորդին, երբ նրանց տան խոհանոցի լույսը վառվեց: Հինգ տղաները խուճապահար փախան տան հակառակ կողմը, հետո փողոցի երկայնքով վազեցին մինչև մոտակա այգին, որտեղ էլ շունչ քաշելով շարունակեցին զրույցը: Նրանցից ամենափոքրամարմինը, ում շնչառությունն առաջինը վերականգնվեց, շտապեց Նորդին ներկայացնել արշավին չմիացած տղաների պատճառաբանությունները.
– Նենտն ասած, որ երեկոյան չափից շատ է խակ պտուղներ կերել և հիմա փորլուծու-թյան պատճառով չի կարող մեզ միանալ: ինչ վերաբերում է Փոլին, ապա նա գոնե չստեց ու գիշերով անտառ գնալու վախը թաքցնելու փոխարեն խոստովանեց, որ եթե կածանով քայլե-լիս ոտքը որևէ սողունի վրա դնի կամ հանկարծակի գլխավերևից բվի ձայն լսի, անմիջապես սրտիը կաթված կստանա:
Նորդը հոգոց հանեց ու գոտկատեղից ներքև սահող շալվարի գոտին ձգելով, առանց որևէ բառ ասելու գնաց առաջ:
Րոպեներ անց, դուրս եկան այգուց, շրջանցեցին լիմոնդաի գործարանը, հետո մոտ կես կիլոմետր քայլեցին մայրուղով ու հասնելով անտառի եզրին, լքեցին մեքենաներից զուրկ, մութ ճանապարհը և ուղիղ կեսգիշերին, խրվեցին եղևնուտի մեջ:
Օդը սառն էր, խոնավ և լցված էր գիշերային միջատների, թռչուննաերի ու տարբեր- տարբեր գազանների զազրելի ձայներով: Լուսնի լույսը ծառերի փարթամ ճյուղերի արանքով ներքև չէր հասնում, փոխարենը ներքևում աննշան լույս էին սփռում խմբերով թռչող լուսատտիկները, որոնց լույսն այդ պայամններում այդքան էլ զվարճալի չէր թվում: Տղաների լապտերները հաճախ ուղղվում էին վերև, դեպի ծառի ճյուղերը, որտեղ դրանց լույսերը երբեմն հանդիպում էին չարագուշակ տնքացող բվերի փքված մարմիններին, մառախուղի պես խիտ, մանր հյուսված սարդոստայնների կամ փերիների, էլֆերի, վիշապների սիլուետ-ներ հիշեցնող ստվերների:
Ոչ ոք չէր ցանկանում նմանվել Փոլին ու Նենտին, ուստի ողջ ուժով թաքցոնւմ էին իրենց վախը: Նրանցից ամենաանվախի համբավ ունեցողը՝ կապույտ աչքերով և խիստ մուգ արևայրուքով, առջևից գնացող տղան, ցրտից ու վախից իրար հարվածող ատամների ձայնը քողարկելու նպատակով որոշեց խոսել.
– Պետք չէ հուզվել,- այնպես բացականչեց կապուտաչյան, որ բոլրորը ցնցվեցին,- երեկ, ծառերի ճյուղերին կապած մեր ժապավանները, թույլ չեն տա, որ շեղվենք ճիշտ արահետից ու ոչ ուշ քան երկու ժամից կհասնենք բլրին:
– Եվ ինչպիսի՜ տեսարաններ են մեզ սպասվում,- աչքերը կկոցելով, վախը մի ակնթար-թով մոռացած, երանելի ձայնով ասաց գեր մարմնովը:
– Ինչպիսի՞,- նետեց Նորդը,- մենք գնում ենք կախարդանք տեսնելու:
– Ես հենց դա էլ նկատեի ունեի,- արդարացավ գիրուկը:
– Իսկապե՞ս,- չարախնդեց Նորդը,- ես մեկ անգամ չէ, որ լսել եմ, թե ինչպես ես դպրո-ցում հիացմունքով խոսում այն մասին, որ բլրի գագաթին ապրող կախարդի երեք վհուկները մեկը մյուսից գեղեցիկ են… Լուսանի պես ճկուն, մառախուղի պես նուրբ, կրակի պես պայծառ ու տաք: Եվ ամենակարևորը, ծիսակարգերի ժամանակ, նրանք բոլորովին մե՜րկ են,- վերջին բառերն ասելով, քթի տակ ծիծաղեց Նորդը:
Տղաներից միակ շիկահերը, ով օրեր առաջ գլխի վրա չգիտես որտեղից հայտնված ոջիլներից ազատվելու նպատակով ճաղատացել էր, աչքերը կկոցելով ու ձայնի չարաճճի առոգանությամբ ասաց.
– Նորդ, բայց միթե՞ քեզ միայն կախարդանք տեսնելն է հետաքրքրում:
Մի պահ լռություն տիրեց, հետո բոլորը ծիծաղեցին, բայց անմիջապես լրջացան, քանի որ այն բացատով որով անցնում էին, նրանց ձայնն այնքան տարօրինակ արձագանքեց, որ ստիպեց վերհիշել վախի մասին:
Առջևից քայլող կապուտաչյա տղան սկսեց լապտերն անկանոն կերպով աջ ու ձախ տանել, հետո տեղում կանգ առավ, շրջվեց դեպի ընկերներն ու թուքը կուլ տալով ասաց.
– Բլրի մոտ գնալիս, դուք երբևէ նման բացատով անցե՞լ եք: Ես ոչ մի ժապավեն չեմ տեսնում…
– Մենք մոլորվել ենք,- ջղաձգված դեմքով ասաց ամենափոքրամարմինը:
– Այդ գրողի տարած Նենտը… ախ եթե նա մեզ հետ լիներ, նա հինգ մատի պես գիտի անտառը: Թող որ այլմոլորակայիններն առեվանգեն քեզ, Նե՛նտ,- վախեցած ու զայրացած խոսեց Նորդը:
– Ահա Նորդի, հիմա տեսնում ես, որ այս ճամփորդությունը լավ գաղափար չէր,- մրթմրթաց գեր տղան,- մի բան է ցերեկով գնալ բլրի խրճիթի մոտ, մեկ այլ բան է դա անել գիշերով: Հավանաբար այդ կախարդն ու վհուկները երբեք էլ գոյություն չեն ունեցել, հակա-ռակ դեպքում, գոնե մի անգամ, մեր ցերեկային արշավների ժամանակ խրճիթը դատարկ չէր լինի:
– Ցերեկը նրանք գնում են անտառի մյուս ծայրը սնկեր ու դեղաբույսեր հավաքելու,- իր խոսքերի նկատմամբ բացարձակ հավատով ասաց ճաղատ-շիկահերը:
Նորդը իպատասխան գլխով արեց, հետո հաղթական տոնով ասաց.
– Պետք է գնալ առաջ, ի՞նչ է պատրաստվում ենք մնալ այստե՞ղ, բացատում կանգնա՞ծ:
Երեխաները գիտակցեցին որ անկախ ամենից պետք էր շարժվել ու քիչ անց դուրս եկան բացատից։ Կես ժամից ավել տևած անկանոն հետագծով փնտրտուքներից հետո, երբ արդեն հուսալքվել էին, գտան սպիտակ ժապավենով մի ծառի:
Հանգստացած շունչ քաշեցին, բայց շատ ժամանակ չունեին ուստի կապուտաչյան ոգևորված կոչ արեց.
– Այո՜, մենք կրկին գտանք ճիշտ ճանապարհը: Շտապեք տղաներ, շտապե՜ք, քանի դեռ կախարդը գիշերային ծեսը չի ավարտել:
– Եվ վհուկները չեն հագնվել,- ակամայից, կիսաձայն ասաց փոքրամարմին տղան:
Չէին հասցրել վերջին արտահայտությանը վերաբերող որևէ մեկնաբանություն նետել, երբ գեր ու բարձրահասակ տղան դանդաղ ու կարծես բառերը դժվարությամբ արտաբերելով ասաց.
– Մի անգամ ես ու Նենտը, ճիշտ այստեղից դեպի մոտակա ֆերման տանող, կարճ ճա-նապարհ էինք գտել: Ահա այն մացառուտների ետևով,- հաստ ձեռքը տնկելով ցույց տվեց ձախ կողմի, սակավաթիվ ծառերով տարածքը,- եթե ուղիղ գնանք ապա մի ժամից էլ քիչ ժամանակում անտառից դուրս կգանք:
– ինչու՞ պետք է անտառից դուրս գանք,- զարմացավ Նորդը:
– Ես նկատի ունեմ, որ դեռ ուշ չէ և կարելի է հրաժարվել այս գաղափարից: Հանուն մերկ կանանց տեսնելու, արժե՞ արդյոք այսքան վտանգների ենթարկվել… իսկ եթե կրկին մոլորվե՞նք ու մեր ծնողներն առավոտյան մեզ չգտնե՞ն: Պատկերացնում եք, թե ի՞նչ կլինի, երբ ետ վերադառնանք:
Շիկահեր-ճաղատը, որ արդեն հավանել էր անտառը լքելու գաղափարն, ասաց.
– Կարող է ավելի վատ էլ պատահել: Միայն մտածելն արդեն իսկ սոսկալի է, թե մեզ հետ ինչ կանի կախարդը, եթե նկատի:
– Դուք ցանկանում եք գնա՞լ,- շեշտակի ասաց ամենահամարձակը:
– Մենք չենք կարող բաժանվել, դա կրկնակի վտանգավոր կդարձնի մեր արշավը,- նկատեց Նորդը:
– Դեպի բլրի խրճիթը գնացողների համար, գուցե, իսկ դեպի ֆերման տանող արահետը ընտրածների համար՝ ոչ: Շատ արագ դուրս կգանք անտառից, իսկ հետո մեքենայի ճանա-պարհով կհասնենք տուն.- ասաց ամենագերը:
– Եթե ուզում եք, ապա գնացե՛ք: Անտառում մոլորվելուց վախեցողները պատկերացնում եմ, թե կախարդանքները տեսնելիս ինչպես տակները կլցնեն,- արհամարհական ասաց փոքրամարմինն ու ցույց տալով, որ արդեն պատրաստվում է շարունակել արշավը, կտրուկ շրջվեց։
Ամենաբարձրահասակը, հերթով նայեց տղաներին, իսկ վերջում հայացքը կանգնեցրեց ճաղատ-շիկահերի վրա ու ասաց.
– Գնացի՞նք, եղբա՛յր:
– Իսկ վհուկները՞,- տատանվելով ասաց տղան:
– Մենք նոր վեցերորդ դասարան ենք փոխադրվում, հետո դեռ կհասցնենք մերկ կանանց տեսնել, իսկ եթե մոլորվե՞նք, մեզ գայլերն ուտե՞ն կամ էլ կախարդը նկատի՞, ապա էլ երբեք չենք տեսնի,- պատասխանեց ձայնին հնարավորին չափ սարսափազդու երանգ հաղորդելով:
Նրանք բաժանվեցին: Երկուսը գնացին դեպի ֆերման, իսկ երեքը՝ Նորդը, ամենահամարձակն ու կապուտաչյան շարունակեցին ճանապարհը: Միմյանցից դեռ շատ չէին հեռացել, երբ կապուտաչյան մտքում արդեն հեռացած ընկեների հետ կռիվ տալուց էլ ավելի բորբոքվելով շրջվեց դեպի տեսադաշտից անհատացած, արդեն իսկ վախկոտի պի-տակը կրողներն ու գոռաց.
– …բայց այ իսկական կախարդանք, երբեք չեք տեսնի:
Նորդը ձեռքը դրեց կապուտաչյաի ուսին ու դրանով փորձեց հասկացնել, որ պետք չէր աղմկել: Երկար ժամանակ տղայի բացականչությունը եղավ արտաբերված վերջին խոսքը: Ոչ ոք խոսելու սիրտ չուներ, թվում էր թե կորցրեցին իրենց երկու ընկերներին: Չգիտեին, թե ինչպես պետք է կրկին միմյանց հետ փախչեին դասերից, բասկետբոլ խաղային, խաղահրապարակում ընկնեին ու ջարդուխուրդ լինեին: Այն, ինչ համարվում էր ամուր ընկերություն, ճրթալով կոտրվել էր և դրա պատճառը ոչ թե վախի ու մերկ կանանց կամ կախարդանք տեսնելու ձգտման բախումն էր, այլ մի բան, որ ամենաշատն է խաթարում մանկության ընկերների միջև եղած կապվածությունը: Դա նոր ձևավորվող գաղափարների, արժեքների, աշխարհայացքների տարբերությունն էր:
Փոքրամարմնի ձեռքի ֆոսֆորե նիշերով ժամը ցույց էր տալիս, որ արդեն գիշերվա եր-կուսն էր, սակայն բլրին հասնելուն դեռ շատ կար: Քայլում էին փոքր բայց կտրուկ զառիթափի եզրով: Նրանց շուրջ աճած փարթամ պտերները տարածվում էին մինչև ներքում հոսող գետի ափը և թվում էր թե դրանք այնքան խիտ էին աճած, որ երեխաները ներքև գլորվելու դեպքում միայն անցավ կերպով կսահեին բույսերի վրայով: Գարնան վերջին, գետն ինչպես միշտ, վարար էր ու իր աղմուկով թույլ չէր տալիս, որ տղաները խոսեին միմյանց հետ և անգամ այն բանից հետո, երբ փոքրամարմինն ու կապուտաչյան սարսափած բղավեցին, նրանց ձայնն անմիջապես խլացավ:
Նորդի ոտքը դիպավ գետնից դուրս պրծած, հաստ մի արմատի ու նա կորցնելով հավասարակշռությունը գլորվեց ներքև: Անկումն ինչպես կանխատեսվում էր ցավոտ չէր, բայց գետի ջուրը որի մեջ նա հայտնվեց սառն էր ու մազութի պես մութ: Ընկերները Նորդի անունը բացականչելով շտապեցին կիսանստած իջնել ցած, փորձելով չհավատալ, որ տղային գետն արդեն հեռու էր քշում:
Չնայած նրան, որ շունչը երկար պահելու մրցությունում Նորդը միշտ զիջում էր Փոլին, այնուամենայնիվ նրան հաջողվեց գլորվելու ժամանակ կատարած վերջին ներշնչումից հետո, ջրի տակ մնալ այնքան ժամանակ, մինչև որ հաջողացրեց ոտքը հարմարեցնել ստորջրյա քարերից մեկին ու հրվելով բարձրանալ մակերևույթ: Նախ փորձեց ետ լողալ, բայց զգալով հոսանքի անգերազանցելի ուժը, անմիջապես անցավ հաջորդ պլանին:
Գետի հոսանքով քշվելու հետ մեկտեղ, փորձեց իրեն ուղղորդել դեպի ափը և բռնվել այնտեղի խոշոր քարերից կամ բույսերից: Առաջինները փրկության հարմար թեքնածու չեղան, քանի որ կլոր էին, խիստ մամռապատ ու սայթաքուն: Ինչ վերաբերում է բույսերին ապա դրանք ափին էլ ավելի մոտ էին ու դրանց հասնելը հեշտ չէր:
Տղայի ոտքերի մկաններն արդեն ցրտից անզգայացել էին, հետո սուր ցավով բռնվեց ձախ ձկնանման մկանը և ջրի երեսին մնալը կրկնակի բարդացավ: Մտքի հեռուներում, ինքնապահպանման բնազդի բարձրացրած աղմուկի ետևում նա արդեն պատկերացնում էր, թե ինչպես էր մահանալու, ինչպես էին ծնողներն իր դիակի վրա նախատելու իրեն, իսկ ուրիշ ծնողներն իրենց երեխաներին իր օրինակով վախեցնելու և ետ պահելու անտառ գնա-լուց:
Չնայած պահի ողջ դրամատիկությանը, ինքնախղճահարության ու խուճապի միաձուլման արարողությունը կիսատ մնաց: Չզգաց էլ թե ինչպես բոլոր վերջույթներով բռնվեց գետի մեջ շուռ եկած բարալիկ ծառի բնից: Վայելելով փրկված լինելու գիտակցումը մի քանի վայրկյան մնաց այդպես ծառին փաթաթված, հետո դանդաղ սկսեց սողալ դեպի ափը, մինչև որ բավականաչափ մոտենալով համարձակորեն ոտքերն իջացրեց ու կպցրեց ջրի հատակին: Սրթսրթալով ջրից ելավ ու կողքի վրա ընկավ հողին: Փորձեց լարել լսողությունն ու լսել, թե արդյոք ընկերներն իրեն ձայն չէին տալիս, բյաց անյքան ուժեղ էր հևում, գետն էլ այնքան մոտ էր, որ ուրիշ ոչ մի ձայն լսելի չէր: Որոշեց ինքն օգնություն կանչել, սակայն մեջքի ու կրծքավանդակի մկանները ցրտից ուժջին սեղմվել էին, ու թոքերից օդը կտրուկ դուրս մղելով բղավելը դարձել էր անհնար:
Նորդի կարծիքով շատ հեռու չէր քշվել և ընկեները ուր որ է վրա կհասնեին, բայց նրանք կարծես թե ուշանում էին: Նա հասկանում էր, որ երկար, անշարժ սպասելու դեպքում էլ ավելի կսառեր և հետո տեղից ելնել այլևս չէր կարողանա, ուստի դժվարությամբ ոտքի կանգնեց ու քայլեց ձորակն իվեր:
Լապտեր չուներ, ուսապարկը գետում ուսերից գցել էր, ամբողջությամբ թաց էր, վախեցած, պատժված իր իսկ համարձակության համար: Վզից կախված կայծքարը չորանալուց հետո կարող էր օգնել կրակ վառել, միայն թե խոնավ անտառում չոր ճյուղեր, ծառերի կեղև կամ տերևներ ճարելը հեշտ չէր: Նա մթնշաղային տեսողության ռեժիմին հարմարված աչքերով փնտրում էր ցանկած բան որ հեշտությամբ կայրվեր, երբ հեռվից լսեց չորս ընկերների բացականչությունները:
Նախ իրեն երջանիկ զգաց, որ վերջնականապես չէր կորել, հետո չգիտես որտեղից եկավ ուրախության երկրորդ ալիքը, երբ հասկացավ, որ հավանաբար ամենագերն ու շիկահերը մյուսների բացականչությունները լսելով ետ էին վերդարձել ու միացել օգնության: Հույսը մկանները ջերմացրեց ու նա պատասխան բացականչություններով, ողջ ուժով սկսեց վազել ձայնի ուղղությամբ:
Մոտ երեք տասնյակ մետր անցնելուց հետո հասկացավ, որ ձայնի աղբյուրը գնալով հեռվանում էր և հետևաբար նա սխալ կողմ էր վազում: Մի քանի վայրկյան կանգ առավ, վերակողմնորոշվեց ու հետո նետվեց հակառակ ուղղությամբ, բայց քիչ անց հասկացավ, որ կրկին, ձայնն ուժգնանալու փոխարեն թուլանում էր: Մի քանի րոպեում, խուճապահար նույնը կրկնեց հորիզոնի բոլոր կողմերի համար և բոլոր դեպքերում էլ հաջողության չհասավ: Սկսեց կասկածել, որ ընկերներն իրեն լսում էին, չհավատաց որ երբևէ կհասնի նրանց:
Նա դանդաղ, բայց հստակ հասնում էր այն գիտակցմանը, որ սկսել էր մի ճամփորդու-թյուն, որից հետադարձ ճամփա գոյություն ունենալ չէր կարող: Մի վերջին անգամ լսողու-թյունն ու տարածության մեջ կողմնորոշվելու կարողությունները լարեց և վազեց այն ուղղությամբ, որն ամենախոստումնալին էր թվում:
Վազեց առանց կանգ առնելու, առանց գոչյուններին ականջ դնելու: Անցավ մի քանի բացատների միջով, փոքրիկ ճահիճների կողքով, հասակով իրեն շատ չզիջող խոտերի միջով, փշոտ թփերի արանքով, ցատկեց մանր առվակների վրայով ու սողոսկեց գետնի վրա կռացած հազարմյա ծառերի ճյուղերի և հողից դուրս ելած դրանց արմատների արանքով: Հետո երկար ժամանակ շուրջը ծառեր չէին երևում, իսկ Նորդն արդեն ոչ թե վազում էր, այլ արագ տեմպով մագլցում էր վեր: Նայում էր միայն ոտքի տակ և ոչ մի կանչ այլևս չէր լսում: Անգամ պատկերացում չուներ, թե որքան էր վազել, երբ ոչ թե հոգնածությունից, այլ միայն մտքերն իմի բերելու կարիքից, կանգ առավ: Գլուխը վեր բարձրացրեց ու տեսավ, որ իրեն քաջ հայտնի բլրի գագաթից քիչ էր հեռու, իսկ այնտեղ, լուսնի լույսի տակ հստակ երևում էր կախարդի խրճիթը:
Ներսում լույս չէր վառվում, ծխնելույզից ծուխ չէր ելնում: Տղան մտածեց, որ կախարդն ու վհուկները ծիսակարգն ավարտելով քնել էին, հետո ինքն իրեն առարկեց, պնդելով որ իրական կախարդանքը դժվար այսքան շուտ ավարտվեր: Որոշեց, որ նրանք խոտաբույսեր հավաքելով շատ հեռու էին գնացել և որոշել էին անտառում գիշերել:
Մոտեցավ տնակին, թաքուն պտտվեց դրա շուրջն ու բոլոր երեք պատուհաններից ներս նայելով համոզվեց որ այնտեղ ոչ ոք չկար: Նախկինում, անգամ ցերեկային այցելությունների ժամանակ ինքն ու մնացած երեխաները, երբեք ներս մտնել չէին համարձակվել, բայց այս անգամ Նորդը մրսում էր, նաև սոված էր ու հոգնած:
Դուռը որ թվում էր, թե պետք է ճռար, անձայն ու սահուն կերպով բացվեց: Ներսում եղած համեստ կահկարասին դասավորված էր խիստ կարգ ու կանոնով. սեղանը դրված էր տան միակ սենյակի կենտրոնում փռված օվալաձև, քրքրված կարպետի ճիշտ կենտրոնում, իսկ չորս աթոռները շրջված էին դրա վրա, նաև հաստատուն էր պահված հատակին փռված չորս ներքնակների միջև հեռավորությունները: Պահարանը կախված էր անկյունում, իսկ դրա գլխին, իհարկե ճիշտ երկու դռնակների միջև առկա ակոսի ուղղությամբ, դրված էր անթառամ ծաղիկներով կավե կճուճ, որի վրա նաև կանացի կարմիր գլխաշոր էր փաթաթված:
Տանն ամեն ինչ պատված էր փոշու հաստ շերտով և դժվար չէր ենթադրել, որ այնտեղ վաղուց ոչ ոք չէր եղել, բայց տղան այնքան քաղցած էր, որ ուտելիք գտնելու հույսը չկորցնելով, մոտեցավ պահարանին ու բաց արեց: Ներսում հնաոճ, հախճապակյա մի քանի ափսեներ էին, կավե տարաներ, էմալաթափ գդալներ և երկու պարկեր:
Դրանցից առաջինում չորացված դեղաբույսեր էին, իսկ երկրորդում՝ սնկեր: Նորդն ինքն էլ այլայլվեց չոր սկներն ուտելու իր գաղափարից, բայց հենց էդպես՝ այլայլվելով դրանք գցեց բերանն ու սկսեց ծամել: Ծամեց այնքան մինչև որ դրանք թքի հետ շաղախվելով փափկեցին, ուռչեցին և առանց կոկորդին դեմ առնելու, հանգիստ գլորվեցին ստամոքս:
Մի քանի սունկ ուտելուց հետո, Նորդն իրեն կուշտ համարել չէր կարող, սակայն այժմ քաղցի փոխարեն ավելի շատ ճնշում էր հոգնածությունը: Ներսում, չնայած տան փայտից լինելուն և տասնյակ ճեղքերին, զարմանալիորեն տաք էր և տղան մոռանալով բոլոր վախերի մասին, որոշեց մի քանի րոպե քնել, և միայն հետո արթնանալ ու գնալ ընկեների ետից:
Ընկավ ամենամոտ ներքնակին, մտավ դրա վրա փռված բարակ ծածկոցի տակ, կուչ եկավ ու դեռ չէր հասցրել քնել, երբ երազ տեսավ:
Երազին՝ լույսն արդեն բացվել էր, իսկ կախարդն ու վհուկները դեռ չէին վերադարձել: Սպասում էր նրանց, բայց գիտեր, որ չէին գալու: Չէր էլ ուզում տուն գնալ, իրեն արդեն իսկ տանն էր զգում և ոչ ոքի չէր կարոտում այն աշխարհից, որից իրեն գետը գողացավ:
Սկզբում վստահ էր, որ քանի դեռ կախարդը չէր վերդարձել, կախարդություն տեսնել ու սովորել չէր կարող, բայց ժամանակի ընթացքում հանձնված կյանքից հոգնեց: Սկսեց ինքնու-րույն ծիսակատարություններ հորինել, սիմվոլներ մոգոնել, ծիսական երգեր գրել: Աստի-ճանաբար անտառային ոգիների հետ հաղորդակցվելու տարբեր եղանակներ բացահայտեց, իսկ նրանցից սովորեց էլ ավելի առասպելական ու այլաշխարհական էակների հետ կապ հաստատել: Երազի ամեն օրը նոր գիտելիքներ էր բերում, հետո օրերը դառնում էին տարի-ներ, գիտելիքներն էլ՝ իմաստություններ, մինչև որ միտքը հասունանալով ժխտեց անտառի ոգիներին ու առասպելական էակներին: Նրանց մերկացրեց մարդկային երևակայության տարրերից ու մաքրեց դրանով աղտոտվածություինց, հետո բաժանեց կառուցվածքային մանրագույն միավորների ու հենց դրանք ուսումնասիրելու ճանապարհին հրաժարվեց բոլոր սեփական հորինած կամ սովորած ծիսակարգերից:
Նորդը կախարդանքն առասպելներից պոկեց ու դրա աղբյուրը փննտրելով հասավ սեփական գանգատուփին: Խրճիթում նստեց, օրեր շարունակ թափառեց մտքի խորքերում, գտավ պատասխաններ ու տասնապատիկ անգամ շատ հարցեր: Սովորեց իր տարիներ ձգվող երազում երազ տեսնել ու անգամ իր երազից մեկ ուրիշի երազը սողոսկել:
Հայտնվելով կապուտաչյա ընկերոջ երազում, տեսավ թե նա ինչպես էր մինչև հիմա գիշերային արշավի մասին մղձավանջներ տեսնում: Հայտնվեց այն Նորդի երազում, որը գոյություն կունենար եթե արշավին չմասնակցեր ու տեսավ մի այնպիսի երիտասարդի, որ երազը մղձավանջի վերածվեց ու արթնացավ: Մեկ ուրիշ անգամ էլ, որոշեց հայտնվել կախարդի երազում ու տեսավ, թե ինչպես էր մի ծերունի, երեք պառավների հետ խոտաբույսեր հավաքելով օր օրի բլրին մոտենում:
Երազներում ճամփորդելով տարված ու դրանով ոգեշնչված, որոշեց իր խրճիթում անցնող կյանքի խենթությունը հազարապատկել: Նա պառկեց տան հատակին ու հստակ մտադրությամբ, անսասան կամքով գնաց երազների աշխարհ, տիեզերքի երազի մեջ ներխուժելու: Խենթությունը չհազարապատկվեց, այն հասնելով իր գագաթնակետին կորավ, իմաստությունն իր ճանապարհին ամեն անմեկնաբանելի ոչ թե մեկնաբանեց, այլ հենց այդպես՝ չմեկնաբանված դարձրեց ընկալելի:
Նորդը զգաց, որ մինչև միջուկը հասկացել էր ողջ հայտնին ու անհայտը, և միաժամանակ ընդունել, հարգել անհասանելիի գոյությունը: Նրան միայն մնում էր ողջ իմաստությունը գլխում պահած արթնանալ, երբ դեմքին սառը ջուր լցվեց: Գլխապտույտ-գլխցավով վեր թռավ ու տեսավ իր առջև կանգնած ծեր կախարդին ու երեք, ծերությունից կռացած վհուկներին:
– Դու՛, քանի՞ տարի ես իմ տանն ապրում: Կորի՛ր այստեղից,- բղավեց ծերունին:
– Չգիտեմ, չգիտեմ քանի տարի,- շփոթվեց Նորդը,- ներեք ինձ, կախա՛րդ, ես հիմա կհե-ռանամ:
– Կախա՞րդ,- միաժամանակ կրկնեցին երեք պառավները,- մեծ տղա ես, բայց երեխաների հյուսած լեգենդներին ես հավատում,- խզված ձայնով շարունակեց նրանցից մեկը,- մենք մահվանը սպասող ծերակույտ ենք, որ սարերում դեղաբույսեր հավաքելով, իսկ հետո մի կերպ, շուկայում դրանք ծախելով ենք ապրում: Կախարդանքի տիրապետելու դեպքում կլինեինք երիտասարդ, գեղեցիկ, հարուստ… ոչ թե այնպիսին, ինչպիսին որ մեզ տեսնում ես։
– Իհարկե՜, ինչպես էի մոռացել: Սա էլ է երազ… դուք էլ երազի կտորներ եք: Չէ, ես մեծ տղա չեմ, ես դեռ մի դպրոցական եմ, ով թրջված, քաղցած ու հոգնած պառկած է այ այս ներք-նակին ու տեսնում է երազում այս ողջ տարիները,- մատնացույց անելով դռան կողմից չորրորդ ներքնաը, ժպտալով խոսեց Նորդը:
– Այս ամբարտավանն ինձ արդեն հունից հանում է,- խռպոտ ձայնով գոռաց ծերուկն ու իր տարիքի համար զարմանալի զորեղ բազուկներով հասավ Նորդի վրա, բռնեց նրա գոտկատեղից ու բարձրացրեց վեր: Երեք պառավները նրան օգնեցին տղային օդում պահել և դռնով դուրս հանեցին, մի քանի մետր տարան դեպի բլրի լանջն ու ցած գլորեցին:
Դպրոցահասակ Նորդը սարսափած արթնացավ, բայց ոչ թե ներքնակի վրա, այլ լանջի վրա գլորվելով: Չհասկանալով թե ինչ էր կատարվում, ինչ էր կատարվել և թե ինչ պետք է կատարվեր, առանց լուրջ վնասվածքների, բայց բազմաթիվ քերծվածքներով հասավ ստորոտ:
Առավոտ էր, արևի դիրքից կարելի էր ենթադրել, որ դեռ ժամը յոթը չկար: Անտառն արդեն քիչ թե շատ լուսավորվել էր և գիշերվա սարսափներն արևի շողերից ցրվել էին: Լսելի էին քամուց օրորվող ճյուղերի ձայնն ու թռչունների երգը, իսկ այդ ամենի խորքից լսվում էին երեխաների հեռվից եկող բացականչությունները:
Տղան, գլխապտույտի պատճառով չկարողացավ անմիջապես կանգնել, իսկ մի քանի րոպե անց՝ երբ ստացվեց, սկսեց հազալ ու փսխեց գիշերը կերած սնկերը: Հետո թոքերի ողջ կարողությունը ներդնելով սկսեց գոռել ու քայլեց մոտեցող ձայների ուղղությամբ:
Քարրորդ ժամ անց, չորս ընկերները, որ ողջ գիշեր փնտրել էին և արդեն պատրաստվում էին գնալ ու մեծերին տեղեկացնել, վերջապես գտան Նորդին: Նա պատմեց որ գիշերել էր խրճիթում, ու որ ոչ մի կախարդ էլ չկար, նաև ասաց իր անսովոր երազների մասին, սակայն դրանց բովանդակություննը մտաբերել չստացվեց: Միայն հիշում էր, որ իրեն երազում տանից դուրս նետեցին, իսկ իրականությունում արթնացավ անմիջապես դուրս նետվելուց հետո, բայց այդ մասին նա լռեց: Փորձեց հիշել, թե երազում կախարդն ինչ տեսք ուներ, բայց նորից ձախողվեց, նաև չկարողացավ հստակեցնել, վհուկները երիտասարդ էին, գեղեցիկ, մերկ, թե ընդամենը ցնցոտիավոր պառավներ էին:
Անցան իրականության տարիներ: Երազի որոշ դրվագներ հիշվեցին, որոշներն էլ, էլ ավելի թաղվեցին մոռացության մեջ: Նորդն իր երազը հիշելու նպատակով առանձնացավ ոչ մեծ մի բնակարանում, որտեղ չգիտես ինչու, չգիտես ինչպես հերթով հայտնվեցին երեք կանայք. մեկը գանգրահեր ու թխամաշկ, մյուսը գանգրահեր ու դեղնականաչ աչքերով, իսկ մյուսը գանգրահեր-կարմրահեր:
Շենքի երեխաներն ասում էին, որ այդ տարօրինակ մարդը կախարդությամբ էր զբաղվում, իսկ նրա հետ ապրող երեք կանայք, իրականում նրա օգնական վհուկներն էին: Ոմանք պնդում էին, որ գիշերները դիմացի շենքի տանիքից տեսել էին, թե ինչպես էին այդ կանայք մերկանում և ծիսակատարություններ կատարում, սակայն բոլոր նրանք ովքեր փորձում էին անձամբ հիանալ տեսարանով, նկատում էին, որ տան վարագույրները, երեկոյան երբեք չէին բացվում:
Հարևանները հաճախ ականջները պատերին սեղմած, փորձում էին լսել ու թեկուզ չնչին պատկերացում կազմել այն ամենի մասին, ինչ կատարվում էր այդ բնակարանում, բայց միայն կողքի տան հարևանին էր հաջողվում որևէ ձայն որսալ: Նա ստետոսկոպը պատին սեղմած սպասում էր մինչև երեկո, երբ լռության միջից դուրս էր պրծնում միակ լսելի, միապղաղ, խուլ ձայնը և հարևանն ինքն էլ ապշում էր, թե ինչու էր ամեն անգամ ողջ մարմնով դողում, սարսափում գրամեքենայի ստեղնաշարի, թվացյալ սովորական ձայնից:

; 2019թ. հունիս

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *