Սուրեն Սարումյան | Հերթապահի սպասումն ու միջուկային ռումբը

ՀակագազՀսկիչ-անցագրային կետի մոտ

Զորամասի հսկիչ-անցագրային կետի շենքի երկու պատուհաններին կապարե ծանր թերթեր էին ամրացրել: Պատուհանների բարակ շրջանակների մեջ խնամքով տեղավորած կապարե թերթերին նայելիս թվում էր, թե շենքին կույրի անթափանց ապակիներով ակնոց են հագցրել՝ սարսափազդու, դատարկ ակնախոռոչների կուչ եկած միսը քողարկելու համար: Կապարե թերթերը հսկիչ անցագրային կետում հերթապահող անձնակազմին պիտի պաշտպանեին ներթափանցող ճառագայթումից: Հետախույզները նախօրեի խորհրդակցության ժամանակ պնդել էին, որ հակառակորդը հաջորդ օրը երեկոյան դեմ միջուկային ռումբ է կիրառելու: Եթե միջուկային հարվածը զորամասին մոտ հասցվեր, զորամասի բոլոր շինությունները, նաև հսկիչ անցագրային կետի շենքը, շենքին հագցված կապարե ակնոցներն ու շենքում հերթապահող մարդիկ գոլորշիանալու էին՝ դառնալով մինչ երկինք բարձրացած ատոմային սնկի հսկայական ամպի մի փոքրիկ, պատառ-պատառ եղած ծվենը:
Սակայն ռումբը կարող էին նետել նաև զորամասից հեռու, տասնյակ կիլոմետրեր հեռու: Այդ դեպքում պատուհանների կապարե թերթերն ասպետների վահաններ էին դառնալու՝ մարտերում խունացած, փայլն անվերադարձ կորցրած, սակայն հուսալի և ամուր վահաններ: Այդ դեպքում կապարե թերթերը պաշտպանելու էին անաղմուկ ու անտեսանելի մարդասպանից՝ ներթափանցող ճառագայթումից:
Առավոտյան, երբ միջուկային հարվածի մասին լուրը հաղորդել էին, զորամասի ողջ անձնակազմին պահեստից հանել ու մարդկանց հակագազեր էին բաժանել: Զորամասի հրամանատարը՝ հսկայական ուսերի արանքում փոքրիկ լապտերի պես փայլող ճաղատով գնդապետը հրամայել էր, որ հակագազների ապակիները հղկեն ու փայլեցնեն, հետո ամեն մեկն իր հակագազի ապակիները սև էր ներկել: Երբ միջուկային ռումբը պայթեր, ցասումից շիկացած, անհամար կրակներով պսակված արևն ընկնելու էր գետնին: Անասելիորեն զայրացած՝ կուրացնելու էր իրեն նայող մարդուկներին՝ անհամար փայլող կրակներով, ասես բիբերի մեջ մխրճած անհամար սրերով, խլելով նրանց տեսողությունը: Հետո, երբ երկրի վրա ընկած արևը միջուկային սնկի կատարին նստած նորից վեր բարձրանար, կենդանի մնացածները մաքրելու էին հակագազների ապակիների սև ներկը ու չէին ճանաչելու երկիրը, որի վրայով գլորվել էր ցասումից շիկացած արևը:
Հսկիչ անցագրային կետի հերթապահը՝ տարեց, փոքրամարմին սպան զայրացած էր: Անզոր զայրույթից ողջ օրը կծոտել էր շուրթերը: Հերթապահությունն ընդունելիս հանդիպել էր հսկիչ –անցագրային կետի մոտ կանգնած ամենագնացում մի կողքի վրա թեք նստած, ինչ-որ մեկի հետ շփոթված տեսքով հեռախոսազրույցի բռնված հրամանատարին: Մոտեցել ու ներկայացել էր: Հրամանատարը մի կողմ էր դրել հեռախոսը, ուշադիր նայել էր սպային՝ ասես փորձելով հիշել, թե վերջին անգամ որտեղ է տեսել նրան ու անսպասելիորեն հայհոյանքների տարափ էր տեղացել:
-Արա, ինչու՞ սափրված չես: Ես քո փնթի…. Չգիտե՞ս, որ սպան պիտի միշտ սափրված լինի, հատկապես՝ միջուկային հարվածի սպասելիս, սափրված այտերն անկոտրում ոգու նշանն են: Թե՞ միայն խոսել գիտեք: Հը՞, արա: Դրա համար էլ ամեն ինչով ե՞ս պիտի զբաղվեմ:
Հայհոյանքների տարափ տեղացող գնդապետի ճաղատը մեքենայի միջից փայլել էր ասես փայտյա լաքապատ գունդ: Հերթապահը՝ դողացող շուրթերով, ուսերը կռացրած տարեց սպան, նայել էր հրամանատարի փթանոց մարզաքարեր հիշեցնող կլոր ուսերի վրա ցնցվող փոքր գնդին ու պատկերացրել, թե ինչպես է ճաղատի ողորկ մակերեսին հսկայական պողպատե սեպեր խփում: Վստահ էր, որ ճեղքելուց հետո գնդի երկու կեսերն իրարից զզված ամուսինների պես միանգամից բաժանվելու են, ու ինքը հայտնաբերելու էր ընկույզի սմքած միջուկի չափ փոքր, կուչ եկած ուղեղը:
-Արագ կարգի բե՛ր քեզ, – հայհոյանքների տարափից հոգնած, գրեթե փաղաքուշ ձայնով ասել էր հրամանատարը: Քիչ անց զորամասի շարասյան առջևում հրամանատարը մեկնել էր լեռներում կառուցված, մինչ այդ միայն զորավարժությունների ժամանակ կիրառված Ապաստարանը:
Շուրթերը զայրույթից կծոտելով կուլ էր տվել հրամանատարի ծանր բառերը: Շուրթերը զայրույթից կծոտելով սափրվել էր: Սափրվել էր, որովհետև միջուկային ռումբը կարող էր ընկնել զորամասից հեռու, տասնյակ կիլոմետրներ հեռու, ու ինքը կենդանի էր մնալու: Հսկիչ-անցագրային կետում միջուկային հարվածին սպասելիս զգացած անափ ազատությունը իր հոգնած մարմնի հետ չէր գոլորշիանալու միջուկային սնկի գալարվող քուլաներում: Երբ մահաբեր ամպը նստեր գետնին, ներթափանցող ճառագայթումից կապարե թերթերով պաշտպանված ավտոմեքենաներով նորից հայտնվելու էին իր ազատության խստապահանջ տերերը:
Սափրվելիս կատաղորեն քերել էր երեսը՝ վրեժխնդիր լինելով իրեն հրամանատարի առջև խայտառակելու համար ու մի քանի անգամ խոր կտրել էր մաշկը: Զուգարանի թղթի փոքրիկ կտորներ էր կատաղորեն պոկոտել, լեզվի ծայրով թրջել դրանք ու կպցրել կտրվածքներին: Հերթապահությունն ընդունել էր թղթի կտորներով պատած ծնոտով և այտերով: Օգնականնները չէին փռթկացել, հերթապահին նայել էին տխուր, ամեն ինչ հասկացող աչքերով: Բարևել էր օգնականներին: Ձեռքով:
-Դեհ, գնանք, տղանե՛ր,-ասել էր այնպես, կարծես իր որդիների հետ էր խոսում:
Մտել էին հսկիչ-անցագրային կետից ներս ու դանդաղ փակել դուռը, աչքերը հառած դռան փակվելու հետ փոքրացող ու շրջանակին հասնելուն պես՝ դռան և շրջանակի միջև մնացած նեղ ճեղքում ճզմված լույսին:

Հարվածին սպասելիս

Հսկիչ–անցագրային կետի կապարե թերթերով փակված պատուհաններից լույսը ներս չէր թափանցում: Տեղադրելիս թերթերի եզրերը զոդել էին պատուհանների մետաղյա շրջանակներին: Շենքում տիրող մթության դեմ հուսահատորեն պայքարում էր տագնապային լամպի կապտավուն, առկայծող լույսը: Առկայծող լույսի կապտավուն ցոլքերի ներքո հերթապահի ու նրա երեք օգնակաների դեմքերը անկենդան ու տարօրինակորեն ձգված էին թվում: Այտերը՝ փոս ընկած, աչքերը՝ զարկերակի պես տրոփող, անհանգիստ: Խունացած համազգեստները կապտավուն ցոլքերի մեջ փայլփլում էին մետաղաթելե կարերից անդրադարձող կայծերով: Թվում էր, թե հսկիչ-անցագրային կետում կապույտ կրակից շապիկներ հագած ուրվականներ են հայտնվել: Կենդանի դիակներ: Բորբոսնած շիրիմներից դուրս եկած վաղեմի հանգուցյալներ, մի անծայրածիր գերեզմանատան շրջմոլիկ բնակիչները: Սենյակի կենտրոնում առկայծող լույսին միահյուսված ու նրա հետ թրթռացող մթությունը խտանում էր անկյուններում՝ ասես թշնամական զորք, սպասելով սենյակի կենտրոնում առկայծող մենավոր լամպի վրա հարձակվելու ժամին: Մթության խորքից, որտեղ զուգարանի կիսաբաց դուռն էր, լսվում էր ծորակից ընկնող ջրի ծանր կաթիլների ձայնը, սենյակի կենտրոնում՝ թրթռացող լույսի պես անհանգիստ՝ չորս գունատ մարդու ընդհատ շնչառությունը:
Հերթապահն իր սրտի տեղում դատարկություն էր զգում: Սրտի մեծ մասը թողել էր քաղաքում՝ կնոջ ու երեխաների մոտ: Ցանկանում էր զրահահար հրթիռի նման ծակել պատուհաններին ամրացրած կապերե թերթերն ու լինել ընտանիքի մոտ՝ ապագան՝ մահը կամ փրկությունը նրանց հետ կիսելու համար: Սրտի՝ քաղաքում թողած կտորի փոխարեն կրծքի տակ նվվացող ցավ էր զգում՝ ասես ինչ-որ մոլագարի հմուտ ձեռք իր մաշկից երկարավուն զոլեր էր պոկել՝ թողնելով արնածոր վերքեր: Վախ չկար, որովհետև ինքը ոչինչ անել չէր կարող: Վախ չկար, որովհետև ապագան անխուսափելի էր կյանքի վերջնագծի մոտ կանգնած ու բարեհոգաբար ժպտացող մահվան պես: Վախ չկար, որովհետև անխուսափելի ապագան կույր էր՝ ասես մոլեգնած տարերք:
Խաղաղությունը լուսադեմին քաղաքի վրա իջնող լռության չափ խորն էր թվում, իրար հաջորդող օրերի ու տարիների չափ՝ անվերջանալի: Լռության չափ խոր ու իրար հաջորդող տարիների պես անշտապ խաղաղությամբ պարուրված քաղաքում ռմբապաստարաններ չէին կառուցել: Եթե միջուկային ռումբը նետեին քաղաքի վրա, հերթապահի կինն ու երեխաները ատոմային ամպի սև, կեղտոտ քուլաներում առկայծող փոքրիկ աստղեր էին դառնալու: Ծխի հաստ, անվերջանալիորեն վեր խոյացող սյան գագաթին բարձրանալու էին երկինք, ու հերթապահն ամեն գիշեր տիեզերքի աստղալից մթության մեջ անհուսորեն փնտրելու էր նրանց՝ իր սրտի ամենից մեծ կտորն անվերադարձ տարած կնոջն ու երեխաներին:
Ժամանակը կանգնել էր: Հերթապահին թվում էր, թե իր մտքերն հավաքվում են գլխի կատարին, մազերի պտույտքի տակ, խտանում, ծանրանում, հետո կաթիլների պես հատ-հատ ընկնում ներքև, իսկ ինքը, ասես դրսից, զարմանքով նայում է մտքերի՝ ընկնելուն պես չորս կողմը տարածվող ցայտերին՝ անզոր լինելով կառավարել դրանք:
Մթության մեջ անտեսանելի պատին ամրացված բարձրախոսում հնչած ձայնը սենյակում արձագանքեց, ասես հնչում էր մի հազարամյա դամբարանի խորքից:
-Առաջինը՝ դարպասներին, Առաջինը՝ դարպասներին- պատասխան պահանջեց ձայնը:
-Դարպասներն՝ Առաջինին, ընդունում եմ,- սեղանին ամրացված խոսափողի վրա կռանալով՝ պատասխանեց հերթապահը:
-Մեկ ժամից սպասեք հարվածի, մեկ ժամից սպասեք հարվածի,- գուժեց ձայնը:
-Դարպասներն՝ Առաջինին, ընդունել եմ,- ցածրաձայն պատասխանեց հերթապահը:
-Կապի վերջ:
Հերթապահին թվաց, թե ջրի հսկայական կաթիլի պես հիմա ներքև է ընկնելու ու բյուրավոր ցայտերի է բաժանվելու նաև իր գլուխը: Կամքի ուժով կարողացավ մի կերպ գլուխը պահել ուսերի վրա: Նայեց մոմե տիկնիկների պես լուռ, անշարժ իր օգնականներին:
-Տղաներ, ինքներդ լսեցիք հաղորդագրությունը, ռումբը մեկ ժամից նետելու են: Այստեղ չորս հոգով մնալը լիակատար հիմարություն է: Հիմա դուք կհագնեք հակագազերը, վազքով կհասնեք դեպոյին, այնտեղից կվերցնեք առաջին իսկ պատահած դրեզինան ու դրանով կսլանաք դեպի Ապաստարան:
Մոմե տիկնիկների աչքերում թերահավատության ու հույսի կրակներ հայտնվեցին: Կրծքերն ուռեցին՝ մատնելով թոքերի ուժեղացած աշխատանքը:
-Հրամանատա՛ր, քեզ մենակ չենք թողնելու, չգիտեմ՝ ով ինչպես, ես մնում եմ,- առարկեց օգնականներից մեկը:
-Հրամանատարը մի բան գիտի, եթե ասում է գնացեք՝ ես գնում եմ,-արագ-արագ, ասես վախենում էր ուշանալ՝ վրա բերեց երկրորդը:
– Միգուցե հրամանատարին էլ մեր հետ վերցնե՞նք,- հարցրեց երրորդը:
-Բայց հրամանատարը որոշել է մնալ,- հիշեցրեց երկրորդը:
-Ես նրա հետ եմ,-պնդեց առաջինը:
-Ձայնե՛րդ,- հերթապահը բռունցքը զայրույթով խփեց սեղանին,- ժամանակը սպառվում է, ավարտը մոտ է, ոչ մեկդ էլ այստեղ չի մնալու:
-Բայց ես,-փորձեց հակաճառել առաջինը:
-Ոչ մի բայց, վազքով դեպի դեպոն,-զարհուրելի ձայնով հրամայեց հերթապահը:
Հրամանը ասես գործարկեց օգնականների մարմնում թաքնված մեխանիզմն աշխատացնող կոճակը: Նրանք վեր ցատկեցին, իրար հրմշտելով ու խանգարելով՝ բացեցին հսկիչ-անցագրային կետի ծանր դուռն ու վազքով անհետացան դռան բաց խորշից թափով ներխուժած կուրացուցիչ լույսի մեջ: Հերթապահը դանդաղ վեր կացավ աթոռից, աչքերը կկոցած՝ մոտեցավ կուրացուցիչ լույսի մեջ թաղված դռանն ու, ծանր շնչելով, փակեց այն: Հետո նստեց աթոռին, գլուխն իջեցրեց սեղանին դրված ձեռքերի վրա ու թույլ տվեց, որ տագնապային լամպի կապտավուն լույսով իր դեմքն ագահորեն լիզող մթությունը, հազարամյա ամայության, ավերված Բաբելոնի փոշու ու հարյուրավոր հրդեհների մոխրի հոտով ներծծված մթությունը ներխուժի իր մեջ:

Ապոկալիպսիս

Լուսանկարը՝ Սուրեն Սարումյանի

Լուսանկարը՝ Սուրեն Սարումյանի

Մթության մեջ անտեսանելի պատին ամրացրած բարձրախոսը հազաց՝ չոր, ընդհատ՝ ասես ցեմենտի խեղդող փոշի կուլ տված մարդ: Հերթապահը գլուխը բարձրացրեց սեղանին դրված ձեռքերի վրայից ու ողջ մարմնով լսողություն դարձավ. տագնապային լամպի առկայծող կապույտով ու խոնավության հոտ ունեցող մթությամբ պարուրված լսողություն:
-Հր… մենք… հա….մարդ….ա…եղ,- բարձրախոսում հայտնված էլեկտրական աղմուկը հմուտ մսագործի պես անդամահատել, անհասկանալի էր դարձրել օգնականների խոսքը:
Էլեկտրական աղմուկի մի սուր ճայթյունից հետո բարձրախոսը լռեց: Այն կենդանացնելու հուսահատ փորձերը հունից հանեցին հերթապահին: Սեղանից պոկեց ու ողջ ուժով բարձրախոսի վրա շպրտեց խոսափողը:

Նայեց ժամացույցին, երկու ժամ առաջ ռումբը երկնքի մի սև պատռվածքից պիտի ընկած լիներ գետնին: Երկիրը պիտի դողար իր վրա ընկած, զայրույթից փքված ու պայթած արևի ամեհի ուժից, ահեղ ձայն պիտի հնչեր, մինչ հորիզոնը տարածված սոսկալի ձայն՝ Վերջին Դատաստանի շեփորների դղրդոցի պես զարհուրելի ու բարձր: Հսկիչ-անցագրային կետի շենքը պիտի ցնցվեր իրեն կատաղությամբ խփված օդի ալիքի ուժից, դրսում աղեկտուր, չարագուշակ պիտի ոռնար շչակը ու գետնին պիտի ծանր-ծանր նստեր ռադիոակտիվ փոշին:
Սակայն դրսից ոչ մի ձայն չէր լսվել, հսկիչ-անցագրային կետում տագնապային լամպի կապույտ լույսի առկածումներից ցնցվել էր միայն մթությունը: Մթության խորքում չերևացող ծորակից ընկնող ջրի կաթիլների ձայները համընկել էին հերթապահի սրտի զարկերին, ու նրա սիրտը կաթ առ կաթ հոսել էր ներքև, երբ մտածել էր քաղաքում մնացած կնոջ ու երեխաների մասին:
Հերթապահը քայլել էր դեպի դուռը՝ ամեն քայլը փոխելիս կարծես թե լսելով կաթ առ կաթ ներքև հոսած ու ոտքերի տակ ջրափոս դարձած սրտի ճլմփոցը: Հերթով բացել էր բոլոր փականները, ուսը դեմ տվել զրահապատ դռանն ու դժվարությամբ, շնչասպառ լինելով բացել այն: Արևը փողոցային խուժանի պես բյուրավոր մատերով հարվածել էր հերթապահի աչքերին: Գլխապտույտ էր զգացել, երկիրը երերացել էր ոտքերի տակ, նստել էր գետնին՝ ռունգերում քամու բարձրացրած փոշու ու երեքնուկների մարգագետնից եկող հոտը: Փորձել էր զանգահարել տուն, բջջային հեռախոսը քարի անկենդան կտոր էր դարձել. ստեղները սեղմելիս՝ հեռախոսը տարօրինակ ձայներ էր արձակել, հետո լռել: Տագնապից գլխապտույտն ուժեղացել էր, կարծել էր, թե հիմա գետնին է ընկնելու ու չի կարողանալու բարձրանալ՝ մինչ իր մահը ստիպված լինելով ապրել շուռ եկած հեռագրասյան պես: Հետո փակել էր աչքերն ու սկսել հաշվել անտեսանելի ամպերը: Երբ ամպերի հաշիվը հասել էր երեսունին՝ օդաճնշիչ մուրճի արագությամբ կրծքին խփվող սիրտը սկսել էր դանդաղեցնել զարկերը, երբ հաշիվը հասել էր հարյուրին, անցել էր նաև գլխապտույտը:
Հերթապահը ոտքի էր կանգնել, մի կերպ փակել էր հսկիչ-անցագրային կետի զրահապատ դուռն ու ամայացած ճանապարհով քայլել էր դեպի ավտոմեքենաների կայանատեղին: Երրորդ բեռնատարը կարողացել էր գործարկել: Ծերունու պես փռշտալով ու ցնցելով ծռմռված անվածածկոցները, ռադիատորի երեսպատիչի ճաղերի արանքից փոշի թքելով՝ բեռնատարը դանդաղորեն սողացել էր առաջ: Հերթապահը հակագազը դրել էր ուղևորի նստատեղին, երկու ձեռքերով ամուր բռնել էր ղեկն ու դուրս գալով քաղաք տանող մայրուղի՝ ողջ ուժով սեղմել գազի ոտնակը:
Սովորաբար բանուկ մայրուղին, որտեղ հաճախ էին լինում մղոններ ձգվող խցանումները, զարհուրելիորեն ամայի էր, բեռնատարի հերմետիկ խցիկում չզգացվող քամու անընդհատ հոսքից փողոփղում էին միայն լուսավորության սյուներին ամրացված փոքրիկ եռագույն դրոշակները: Եթե քամին կտրվեր, ու դրոշակներն անկենդան ներքև կախեին իրենց եռագույն երիզները, հերթապահի սիրտը կանգնելու էր: Կարծելու էր, թե իրեն դրել են մի սարսափելի սև-սպիտակ լուսանկարի մեջ, որտեղ ամեն ինչ տափակ է ու անկենդան, իսկ ինքը՝ միակ կենդանի, միակ մտածող ու զգացող էակը պիտի ճաշակեր համընդհանուր անկենդանությանը դեմ առ դեմ բախվելու ամբողջ զարհուրանքը:
Ղեկը պտտելիս հերթապահը սոսկալի հայհոյանքներ էր տալիս, աչքերը կատաղորեն ոլորում ամայի մայրուղու վրա, հետո հայհոյանքները փոխարկվում էին անհասկանալի մրմնջոցի, աչքերը լցվում էին արցունքով ու մայրուղու վրայով կարծես անընդհատ հեռու փախչող հորիզոնը մշուշվում էր, անէանում: Կարծում էր, որ քաղաքը, իր քաղաքը, որտեղ սիրելի կինն ու ոսկեմազ երեխաներն էին, փախչում է իրենից, վախենում էր, որ մայրուղին այլևս երբեք քաղաք չի հասնելու, ու ինքն անվերջ հայհոյանքներ է տեղալու հավերժության մեջ ձգված մայրուղու վրա բեռնատարի ղեկն անվերջ պտտելիս:
Վերջապես հորիզոնին երևացած քաղաքի շինությունների գորշ ուրվագծերը տեսնելով՝ հերթապահը ակամա ավելի ուժեղ էր սեղմել գազի ոտնակը՝ չզգալով նրա համառ դիմադրությունը: Քաղաքի գորշ շենքերը՝ ասես մայրուղով վազող հսկայամարմին մարզիկներ, արագորեն մոտեցել էին: Բետոնակուռ վազորդներին հանդիպելուն պես՝ հերթապահը կտրուկ շրջադարձ էր կատարել ու նրանց արանքում կարմիր շորերով մրցավարի պես վեր խոյացած հեռուստաաշտարակի մոտից թափ հավաքելով՝ մտել հին, կարծես իրար վրա ընկած տներով արվարձանի խորքերում ոլորվող ճանապարհը: Արվարձանի հին, սևացած պատերով տների արանքում օձագալար պտույտներ կատարող փողոցը դուրս էր գալիս քաղաքի կենտրոնական պողոտաներից մեկը՝ զգալիորեն կարճացնելով հերթապահի ճանապարհը: Երբ բեռնատարը, թափքը գրեթե քսելով ցածր երկաթուղային կամուրջի երկաթբետոնե փորին, դուրս էր եկել պողոտա, հեթապահը կտրուկ արգելակել էր, ապշահարված՝ թողել ղեկն ու անուժ ցած գցել ձեռքերը: Քաղաքի կենտրոնական պողոտան, մեքենաներով ու մարդկանցով, խլացնող ազդանշաններով ու ժխորով մշտապես լեցուն պողոտան դատարկ էր, հանձնված՝ պահածոյի թիթեղյա տուփը իր երկարությամբ մեկ քշող քամուն: Քամու պոռթկումներից անկանոն փողփողում էին սյուներից կախված եռագույն դրոշակները ու պատշգամբների միջև ձգված բարակ ճոպաններին փռված սպիտակ լվացքը: Քամու պոռթկումներց քաղաքը լցվել էր ամայության ձայներով. ահազդու շշուկներով ու ավելի սարսափելի լռությամբ:
Հերթապահը չէր նկատել, թե ինչպես էր հասել իրենց շենքին: Բակը մտնելիս բեռնատարը թափքի պողպատյա անկյունով շենքի պատից մի քանի քար էր պոկել, զգալով մեքենայի ցնցվելը՝ պարզապես քթի տակ անհասցե հայհոյել էր ու ուղիղ մուտքի առջևում կտրուկ արգելակել: Շքամուտքի դռան առջև կարծել էր, թե մի հին, վաղուց թալանված դամբարան է մտնում: Մեռելային լռությունից սարսափահար՝ վազել էր վերև: Բնակարանի դուռը բաց էր, ներսում՝ ամեն ինչ ծանոթ ու սովորական, բոլոր իրերն՝ իրենց տեղում, բայց կինն ու երեխաները չկային: Հերթապահը հեռուստացույցի տակդիրի ու ճաշասեղանի վրա ապարդյուն փնտրել էր կնոջ երկտողը. կինն առանց ամուսնուն զգուշացնելու երբեք տնից չէր գնում, եթե չէր ստացվում զանգահարել, անպայման գրություն էր թողնում: Նորից հուզմունքից դողացող մատներով բջջայինի վրա հավաքել էր կնոջ համարը, նորից կապ չէր եղել: Սկսել էր արագ սենյակից սենյակ քայլել, ննջասենյակում աչքն ընկել էր անկողնի ու պատի անկյունում որբուկի պես գլուխը կախած խաղալիք արջուկին: Վերցրել էր խաղալիքը, խաղալիքից իր փոքրիկ աղջկա թույլ, անորսալի բուրմունքը զգացել: Աչքերից արցունքներ էին ցայտել: Նստել էր անկողնի մոտ, հատակին: Գլուխը հենել պատին, իսկ կիսախուփ աչքերից գլորվող արցունքները այտերին անմիջապես խոնավության երկար շիթեր էին նկարել:

Ընտանիքի որոնումները

Հերթապահը գիտեր, որ ընտանիքի անհետացումը սպանելու է իրեն: Աչքերում լճացած արցունքի կաթիլներում ուրվագծվող մահը ուժ էր տվել հերթապահին: Թևքով մաքրել էր արցունքներն ու վազել ներքև. որոշել էր գնալ Ապաստարան. քաղաքի դատարկվելն առանց բանակի հրամանատարության իրականացված լինել չէր կարող:
-Հավանաբար տարահանել են, հաստատ, անպայման տարահանել են, հո՞ չէին թողնելու մարդիկ ռումբի փայ դառնան,- աստիճանները վազքով հաղթահարելիս հուսադրել էր իրեն:
Բեռնատարը գործարկվել էր դժվարությամբ: Օդաճնշիչ բալոններից ծանր հոգոցներ հանելով՝ անշտապ թափ էր հավաքել ու, քաղաքին իջած ամայությունն իր հռնդյունով ճեղքելով, չնկատելով ամայության հետ քաղաք եկած քամու ուժգին պոռթկումները, սլացել էր առաջ, դեպի քաղաքից դուրս եկող մայրուղին, դեպի լեռների խորքում սարքավորված Ապաստարանը, դեպի Ապաստարանի պողպատյա դռան հետևում թաքնված հույսը: Հերթապահը գիտեր, որ հույսը իրեն տեսնելուն պես զայրացած գեներալի չար աչքեր է ունենալու, գիտեր, որ հույսը ծանր խոսքերով նախատելու է իրեն ու ձերբակալելու էր հսկիչ-անցագրային կետն ինքնակամ լքելու համար: Իսկ ինքը՝ անհայտությունից իր ընտանիքը վերադարձրած հերթապահը, ժպտալու էր գեներալի զայրացած աչքերին, ժպտալով մեկնելու էր ձեռքերը ռազմական ոստիկանության աշխատակցին և, ձեռնաշղթաների ուրախ չխկչխկոցի տակ ժպտալով, գնալու էր կալանատուն:
Ապաստարանի հսկայական, միջուկային ռումբի ուղիղ հարվածին դիմանալու չափ ամուր պողպատյա դուռը բաց էր եղել, ասես այնտեղ երկրի նախագահի այցին էին սպասում: Նախագահի առջև փակ դռներ չպետք է լինեին, անգամ պատերազմի ժամանակ, անգամ միջուկային հարվածին սպասելիս: Սակայն եթե Նախագահն այցելած լիներ Ապաստարան, դիմացի տափարակը պիտի լցված լիներ դեսուդեն վազվող մարդկանցով: Երկրի Նախագահը, ինչպես ձգողականության մեծ ուժ ունեցող տիեզերական մարմին, ստիպում էր իր ուղեծրում պտտվել բազմաթիվ փոքրերին: Փոքրերի բրոունյան շարժումը չկար, ուրեմն՝ չկար նաև Նախագահը:
Երբ հայտնաբերել էր Ապաստարանի դատարկ լինելը՝ սարսափից սկսել էր դողալ: Ինքը հայտնաբերել էր աներևակայելին, ինքը տեսել էր անպատկերացնելին: Նման ռազմավարական նշանակության հրամանատարական կետը լքված լինել չէր կարող: Նման ռազմավարական նշանակություն ունեցող կետերը մարդկային կյանքից թանկ էին, եթե կետի վրա անսպասելի հարձակում էր եղել, պետք է, որ մինչ վերջին փամփուշտը հերոսաբար մարտնչած պահապանների մարմիններին հանդիպեր: Եթե հակառակորդի դիվերսանտները չէին հարձակվել, իրեն պետք է արդեն կանգնեցրած ու ինքնաձիգների փողերի մռայլ, սև հայացքների տակ փաստաթղթեր պահանջած լինեին:
Վազել էր ներս, մի քանի քայլ առաջանալով՝ հասկացել էր, որ Ապաստարանն արագորեն, հապշտապ լքել են՝տանելով այն ամենն, ինչ արժեքավոր էին համարել: Պատերից պոկել էին կապի և իրազեկման բոլոր միջոցները, սարքերի տակ թաքնված անցքերից, ասես պատի հետևում թաքնված մետաղե գոմեշների թավամազ պոչեր, կախված մնացել էին բազմաթիվ երփներանգ լարերը ընդհանուր մեկուսիչի տակ թաքցրած սև մալուխները: Հերթապահը, վազքն արագացնելով, անասելիորեն տագնապահար ու վախեցած, հասել էր օպերատիվ ղեկավարման սենյակ՝ հրամանատարական կետի ստորգետնյա խորանը, ճակատագրական որոշումների, բաբելոնյան վիճակախաղի բանկադիրների տաճարը, որտեղ ուսադիրներով մոյրաները՝ ճակատագրի աստվածների պես կույր և անողոք, բազմաթիվ մարդկանց՝ հազարների ու տասնյակ հազարների համար վիճակ էին նետում: Քարտեզների վրա՝ սլաքներ, բնագծեր ու սև քառակուսիներ: Տեղանքում՝ կրակ ու արյուն: Մահ, հաշմանդամություն ու խելագարություն՝ շատերի համար: Կյանք, հարստություն և փառք՝ քչերի:
Օպերատիվ ղեկավարման սենյակում հերթապահը միայն շրջված աթոռներ էր հայտնաբերել, իրար վրա դարսված սեղաններ ու ոտքի տակ ընկած միայնակ թղթին արտատատպված հսկայական ներբանի կեղտոտ դրոշմը:
Խելակորույս՝ դուրս էր վազել՝ սայթաքելով, խփվելով միջանցքի պատերին: Երբ միջանցքի վերջում երևացել էր զրահապատ դռան՝ սպիտակ լույսով ողողված կլոր խորշը, ցանկացել էր լույսի մեջ ոտք դնելուն պես անէանալ, դառնալ բոլորին տեսնող երկնքի մի ծվենը, հայտնաբերել կնոջն ու երեխաներին ու լույսի շողերով պարուրել նրանց: Դուրս ցատկելիս գլուխը խփել էր դռան եզրին ու զգացել տաք արյան ծորալն ականջի հետևով:
Մեքենայի շարժիչը գործարկելիս՝ թվացել էր, թե բեռնատարը թավ ձայնով, ջղային ծիծաղում է իր վրա: Բռունցքով խփել ու ջարդել էր հողմապակին: Ցավ չէր զգացել, ցավ զգալու ունակությունը լքել էր նյարդային բջիջներն ու տեղավորվել հերթապահի սրտում: Սրտի փոխարեն՝ անասելի ցավ: Հողմապակու փոխարեն՝ թոքերի ու աչքերի մեջ խուժող սուր քամի: Երկրի փոխարեն՝ անսահման ամայություն: Ու ամայության մեջ ձգվող դատարկ ճանապարհներ:
Ճանապարհներից մեկով վարել էր մեքենան: Կարծել էր, թե ճամփեզրի օրորվող թփերը սգակցում են իրեն: Փոշոտ, գորշ թփերը քամուց ծփացող կեղտոտ պատանքներ էին թվացել: Ճանապարհը դեմ էր ընկել նեղ հովիտը երկու գագաթ ունեցող լեռան ստորոտում փռված դաշտից բաժանող բլուրին ու իր գորշ, ասֆալտե կարկատաններով պատած մարմինը հսկայական օձի պես փաթաթել էր բլրին: Կարկատաններն արևի տակ փայլել էին ասես օձի սառը թեփուկներ:
Հերթապահը չէր նկատել ճանապարհը: Հերթապահը չէր նկատել, որ մեքենայի վառելիքը վերջանում է: Երբ բեռնատարը դժգոհ ֆռթացել ու, դժկամորեն դանդաղեցնելով ընթացքը, կանգնել էր, իջել էր ու ամայության մեջ ձգվող իր ուղին շարունակել էր ոտքով: Հասել էր բլրի գագաթին ու շանթահարվել. թվացել էր՝ դաշտը ծայրեծայր լցված էր գնդերով՝ սպիտակ գնդերով, շարժվող, տատանվող գնդերով, որոնց շարքերի արանքում խենթացած քամին ձգում, քաշքշում ու ոլորում էր բարձր ձողերի վրա փողփողացող դրոշների լայն պաստառները: Հերթապահը հասկացել էր, որ դաշտը լի էր մարդկանցով՝ քաղաքի ողջ բնակչությամբ: Իրեն մոռացել էին, իրեն թողել էին մեռնելու մոռացված հսկիչ-անցագրային կետում: Մեծ իրադարձությունների արանքում փոքր մարդկանց մոռանալը սովորական բան էր: Հերթապահը խելացի էր, հերթապահը պատմություն գիտեր ու չէր նեղանում, որ իրեն թողել են մեռնելու. չէ որ մոռացված հսկիչ-անցագրային կետերում պատերազմի ժամանակ մեկնումեկը պիտի մեռներ: Հերթապահը կամ նրա օգնականը: Զորամասի քաղաքացիական այցելուն կամ դիմացի խանութը վազող սպան: Նեղանալու ոչինչ չկար: Բախտի հարց էր մահը, ոչինչ ավելին: Հետո իր համար անկեղծորեն կափսոսային, ավելի ուշ՝ բարեհաջող կմոռանային:
Իսկ քաղաքի բնակիչներին տարհանել էին: Սուր, անհավասար ատամներով կլոր ապարաջանի պես դաշտն օդակած լեռնաշղթան քաղաքի բնակիչներին պիտի պաշտպաներ միջուկային ռումբի պայթյունի հուժկու ալիքներից:
Հերթապահը վազել էր դեպի դաշտը: Երբ շնչակտոր, հևիհև մխրճվել էր հակագազեր հագած մարդկանց շարքերի մեջ, կարծել էր, թե բոլորը, անծայրածիր թվացող դաշտը լցրած բոլոր այդ մարդիկ՝ մեծից փոքր, խորշոմապատ, անկենդան մաշկով ու ապակե աչքերի մեռյալ հայացքով հրեշներ են: Մտածել էր, որ նրանցից երեքն իր հարազատներն են: Մեկեն նվաղած սիրտը հուշել էր, որ նրանց գտնելը ոչնչով չէր տարբերվելու նրանց կորցնելուց: Հակագազեր հագած մարդիկ նման էին իրար. տղամարդիկ՝ կիսազինվորական լայն տաբատներով ու փոշոտ ճտաքակոշիկներով, կանայք՝ մինչ ծնկներն իջնող գորշ շրջազգեստներով, բոլորը՝ լուռ, բոլորն՝ անշարժ: Միայն երեխաները՝ անճարպիկ ու ծանր, կնճռապատ մաշկով փղիկների պես, դանդաղ վազում էին ապակե աչքերը հերթապահին սևեռած մեծերի արանքում:
Երբ դեպի շարքերի մեջ խորանալ ցանկացող հերթապահին կանգնեցրեցին ու անձայն նրան մեկնեցին հնամաշ, գունաթափության դեղնավուն պուտերով պատված հակագազը, մտածեց, որ հիմա նաև իրեն են խլում իր հարազատներից: Բայց պիտի հնազանդվեր: Հերթապահի ողջ կյանքը մի երկարատև հնազանդություն էր եղել, ու նա սուսուփուս գլխին քաշեց հակագազի՝ անտեսանելի ճաքերով պատած ռետինը: Թվաց, թե դեմքը մտցնում է կծու հոտով, ծանր տխրության մեջ: Առաձգական տխրությունը գլխին հարմարեցնելիս մտածեց, որ իր վախն ու իր սերը պիտի նվիրի անծայրածիր թվացող դաշտը լցրած մարդկանցից յուրաքանչյուրին: Յուրաքանչյուր դիմակի տակ կարող էր լինել իր կեսը, յուրաքանչյուր դիմակի տակ կարող էր լինել իր միսն ու իր արյունը: Պիտի ներեր բոլորին, որովհետև կնոջն ու երեխաներին գտնել չէր կարողանալու: Պիտի օգներ բոլորին, որովհետև յուրաքանչյուրն իր կինն էր ու իր երեխան: Յուրաքանչյուրն իր եղբայրն էր ու հայրը: Հարևանն ու դասընկերը: Անհունորեն օտար ու անհունորեն հարազատ: Օտարացնելու համար պետք էր եղել դիմազրկել: Հակագազներ հագնելով՝ բոլորը հարազատացել էին: Հակագազերը հանելու համար դաշն օղակած բլուրների հետրում պիտի երևար միջուկային սնկի գալարվող գագաթը: Ռումբը բացելու էր կախարդական շրջանը, սակայն ռումբը կարող էր և ջնջել շրջանը: Վախ չկար, որովհետև ինքը ոչինչ անել չէր կարող: Վախ չկար, որովհետև ապագան անխուսափելի էր կյանքի վերջնագծի մոտ կանգնած ու բարեհոգաբար ժպտացող մահվան պես: Տխրությունը պարուրում էր գրեթե աննկատ, ասես ծուլորեն փչող զեփյուռ:
Հերթապահը օրորեց գլուխն ու կանգնեց իր համար տեղ բացած շարքերից մեկում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *