Գևորգ Թումանյան | Հեծանիվ քշելու օգտակարության ու առավելությունների մասին

*

մերոնց խոստացածը
տարիներ հետո ես գլուխ բերեցի

երկարուձիգ տարիներ հետո
ես ինձ համար հեծանիվ առա

միջնեկ աղջկաս
նվեր էի գնել
բայց դե հիմա ես եմ քշում

էժան
երկար ոտքերս
կարճ վերմակիս համապատասխան
չինական կամ ինդոնեզական
պողպատե մարմնով
ծանրաքարշ մի գետաձի
և ոչ թե
ալյումինե շրջանակով
կամ առավել ևս ոչ կարբոնե
կամ տիտանե իրանով երիվար

 

*

զգուշանում եմ փողոցի
պարապ-սարապ շներից
միանգամից վրա են տալիս

զգուշանում եմ ծալապակաս վարորդներց
ոչ մի դեպքում չեն զիջում

քարուքանդ փողոցներից եմ զգուշանում
մանավանդ երբ անձրև է գալիս

ու մեկ էլ
ժիժի կանգնող քամիներից
միշտ դեմից են փչում

 

*

աշխարհի բոլոր հայտնի մարդիկ
հեծանիվ են քշել
բայց ինձ գրողներն են հետաքրքրում

Տոլստոյը քշել է
Բլոկը քշել է
հեծանիվի անունն էլ Վասկա է դրել
Մարկ Տվենը քշել
և սրամտել է
Հեմինգուեյը քշել է
դե Մայակովսկին ու Բուքովսկին
քշել ու քշել են
մեր Սարոյանն էլ է քշել
իր փառահեղ բեղերը
քամուն տալով

իսկ Վարուժանն ու Չարենցը քշե՞լ են
Բակունցն ու Մաթևոսյանը քշե՞լ են
լավ գոնե Տերյանը վելոսիպեդ քշե՞լ է

 

*
ձեռս
կիսով չափ որ բերնիս հասավ
կփոխեմ պառավ յարիս
թե էս տարի չստացվեց
մյուսին կփորձեմ

որոշել եմ հաստատ
կծախեմ դանդալոշիս
նորը կառնեմ
մեծը կառնեմ
թեթևաբարո
ալյումինե կոնքեր ունեցող
մեկին կառնեմ

այ թե
պոեզիաս գնահատող
մեծահարուստ մեկը լիներ
այ թե
շռայլ մի սիրուհի ունենայի

չէ
կազատվեմ
էս անզգամից
ինքն ինձ չի տանում
ես եմ նրան քշում

 

*

էս ինչ պաթոսախառն
դոնկիխոտամերձ զգացմունքներ է առաջացնում
Ավետ Տերտերյանի
N 3 սիմֆոնիայով վարելը
մեն-մենակով
կարծես
մի ահռելի զորագնդի դեմ
բախման գնաս

 

*

քայլելը բերկրանք է
հեծանիվ քշելը երանություն

համենայն դեպս
որպես
ստեղծագործական խթանիչ
ընտրում եմ հեծանիվը

երբ մեռնեմ
ինձ հեծանիվովս կթաղեք

 

Չիլոյաբար

տարիներ հետո
կգան նորերը
արդեն եկել են

ու կհարցնեն
ի՞նչ է արել
Գևորգ Թումանյանը բանաստեղծության համար

ես
ինքնըստինքյան հիմա կասեմ
հեծանիվ եմ քշել
իսկ դու՞ք

 

*

հեծանիվովս
գնամ տեսնեմ
Հատիս սարը
ու նոր մեռնեմ

 

*

մեկ շաբաթից
ավելի է
քամիները համը հանում են

դեպի արևելք եմ քշում
քամին արևելքից է փչում
դեպի արևմուտք եմ քշում
քամին արևմուտքից է փչում

հյուսիսից փչող քամին
միշտ փչում է հյուսիսից
հենց հարավ եմ քշում
քամիները բոլոր կողմերից են փչում

այսքան
բացահայտ խանդի հորձանուտի մեջ
նույնիսկ կինս ինձ չէր գցի

 

*

ոչ մի ֆինտ ու ֆլյուշկա
մոտս չի ստացվում
ոչ հետևի ակով
դեմինը վեր հանած
կարող եմ գնալ
ոչ էլ հետևս պոկած
միայն առջևինով քշել
ոչ աչքերս փակ սլանալ
ոչ ձեռքերս պարզած սուրալ

հեծանիվս ոչ զանգ ունի
ոչ լեդ լապտերիկ
ոչ արագաչափ ունի
ոչ էլ ակերին գույնզգույն լույսեր
ոչ պոմպ ունի
ոչ էլ քսուքներ
հետևին նստարան չկա
լույսեր էլ չկան
ղեկին հայելի չկա
ժապավեն էլ չկա

ոչ սաղավարտ ունեմ
ոչ էլ թևկապ-սրբիչ
ոչ ակնոց ունեմ
ոչ էլ ձեռնոցներ
ոչ ծնկակալ ունեմ
ոչ արմնկակալ
ոչ պայուսակ ունեմ
ոչ էլ հեռախոսի բռնակ

ոչ մայթերով եմ թռչում
ոչ էլ փոսերով
ոչ արագ եմ գնում
ոչ էլ դանդաղ

 

*

էս շոգին
հեծանիվ քշելու համար
ես ինձ
ու նրանց ում ճամփեքին էսօր տեսա
հեռվանց ծոծրակներին թփթփացնելով
ձեռնադրում եմ
հավատարմության լեգիոնի շքանանշանի
ասպետ տիտղոսով

բայց էս ինչ
առատորեն է քրտինքը չռռում

 

*

քրտնփչած մտնում եմ տուն
թաց շորերս նետում եմ դեն
և մտնում ցնցուղի տակ

ասես ոգի էի
ու հիմա
ջուրը ինձ
աստվածներին վայել
մարմին է հագցնում

ախ
առանց մարմին
ինչ տխուր է
հրեշտակների զվարթնությունը

 

*

և քանի որ
ինձնից բացի
էս բանաստեղծությունը ոչ ոք չի գրելու
և քանի որ ես շատ կուզենայի
որ իմ երկրում
իմ քաղաքում
հեծանիվ քշողների թիվը
վայրագորեն աճեր
հա հա
համատարծ գյուղ-քաղաք
բոլորը հեծանիվ քշեին
/իբր ինձ
համատարած կարդում են/
ճարս ի՞նչ
նստեմ ինքս էլ գրեմ
հեծանիվ քշելու օգտակարության
ու առավելությունների մասին բանաստեղծությունը

լավացնում է
քնի որակը

բայց չգիտեմ
օղի չխմելու՞ց է
թե հեծանիվ քշելուց

բայց որ
ստրեսի հորմոն կորտիզոլը
մարմնիցս կամաց-կամաց չքվում է
հավաստում եմ

ես էլ շատ
տարօրինակ մարդ դուրս էկա
համ ծխում եմ
համ խմում
համ հեծանիվ քշում

գրգռում է
ախորժակը
արագացնում նյութափոխանակությունը

թեպետև
ախորժակս միշտ գրգռված է եղել
արագ նյութափոխանակությունս էլ
ապահոված
հավաստում եմ

բարձրացնում է տոկոնությունը
այրում ճարպերը
պահպանում մկանային տոնուսը
դանդաղեցնում
փնթփնթան
քաքլան բիձա
դառնալու գործընթացը

առաջին երեքը
հաստատում եմ

վայ
ինձ հետ ապրողներին

արյանս խելացնոր շրջանառությունից
անոթներիս պատերը
շուտ չեն վնասվելու
երակներս չեն լայնանալու
չեն դեֆորմանալու
մաշկիս տակ
հանգույցների գունդուկծիկ չի գոյանալու

թթվածնի անվերահսկելի հոսքից
ուղեղս անխափան է բանում
ստեղծագործական մտածողությունս
դարձել է անկառավարելի
թե չէ
եքա մարդ եմ
դարակազմիկ թեմաները թողել
նստել հեծանիվ-հեծանիվ եմ հորինում

թոքերս իրենց կամքից անկախ
զվարթորեն օդափոխվում են
ազատելով ինձ աղտոտված օդի
վնասկարար նյութերից

մեր մեջ ասած
էս մեկը չեմ հավաստում
քաղաքիս փոշին ծուխը
էն ձևի ալափուչիկ են խաղում
գիշերուզօր հեծանիվ էլ քշեմ
թոքերս վնասկարար նյութերից
չեն ազատվի

աչքերիս մկանները
գերազանց մարզավիճակում են
վեստիբուլյար ապարատս շողուլի է բերված
փոքր կոնքիս էլ
էնքան արյուն է մատակարարվում
որ շագանակագեղծի հետ կապված
բորբոքումներ
հուրախություն կնոջս
չեմ ունենա
էլ չասեմ
ֆինանսական խնայողությունների մասին
մանկավարժի աշխատավարձի
խնայողությունս ո՞րն է
մեղա մեղա

բայց ամենակարևորը
էս արվեստի մեջ
ճիշտ և հարմարավետ
նստատեղ ունենալն է

հիշեք
հեծանիվը մեծ բերկրանք կառթի
եթե ձեր տմբուզը շատ չցավի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *