Հերմինե Բաբուռյան | Հետ պահիր այնպես, որ առաջ ընկնեմ

Հերմինե Բաբուռյան

Ձկներե՞ն էր լեզուս, հեռացող իմ նավազ,
Ես ի՞նչ լեզվով լռեմ, որ դու ինձ… հասկանաս.
Չմոլորվես ծովի շշուկներում հանկարծ,
Երբ իմաստուն աստղով մակույկդ ինձ հասնի:
Գուցե երազ տեսար՝ իմ ճայերից հուշված,
Քեզ հմայող երգիս որտե՞ղ հավատացիր.
Բայց ինձ գտա մի օր քեզ հետ աղոթելիս,
Եվ օրհնելիս բախտի այս կորուստը քաղցր:
Իմ փնտրածը ծով էր՝ այն, որ ափեր չունի,
Այնինչ շնչահեղձ եմ ավազներին այս ցուրտ,
Եվ ցավո՜տ է այնքան սթափվելը քնից,
Նորից քնելն` այնպես անհնարին մի ջանք:
Ձկներեն էր խոսքս, ինձ իմ ծովը մնաց,
Նրան կյանքը տարավ ալիքների ուժով,
Ինձ կողոպտեց մինչև հավատամքս վերջին,
Մինչդեռ զուգեց ցավի բողբոջներով ազնիվ:

Հիմա հազար լեզվով կյանքն ինձ ձայն է տալիս,
Բայց ի՞նչ լեզվով լռեմ, որ էլ չհասկանաս…

 

Որտեղ և ինչպես…

Ես քեզ որտե՞ղ գտա ու ինքս ինձ կորցրի,
Հավատացի՜ այնպես միֆին հավերժահամ,
Թող աստղերը պատմեն հոգուս կեսգիշերից,
Որ եղել են բոլոր անկյուններում իմ տան:
Ես քեզ ինչպե՞ս տեսա եւ զրկվեցի լույսից,
Բայց Լո՜ւյս դարձա ինքս ոտքից գլուխ,
Եվ ծանրացավ այնպես կյանքի թիկնոցն ուսիս,
Որ թափվեցին աստղերն իմ աչքերից մարող:
Դեռ չճոճված մի կուշտ օրորոցում սրտիդ`
Ես հեռացա ճամփով «խելոք» սթափության,
Եվ որ լռի մի պահ արյունն իմ մեկուսի,
Տառապանքիս սերմից թողեցի քո այգում:
Հիմա հազար դարով ես հեռու եմ քեզնից,
Չի՜ սթափվել, սակայն, հոգին իմ միֆապաշտ,
Ինչքա՜ն պիտի ճոճվեմ այս կամրջին մազից
Եվ աստղերով խոսեմ սրբազնաշուրթ:
Ես քեզ ինչպե՞ս կորցրի,
Որ ինձ… էլ չգտա…

 

Էլի ՔԵԶ…

Հետ պահիր թելը կամուրջ տեսնելուց.
Էլ թևեր չունեմ:
Հետ պահիր հեռուն մոտիկ զգալուց.
Էլ ոտքեր չունեմ:
Հետ պահիր բառով կյանքս լցնելուց.
Էլ շուրթեր չունեմ:
Հետ պահիր մութին ապավինելուց.
Էլ աչքեր չունեմ:

Սոսկ սիրտս մնաց քո ձեռքերի մեջ,
որ ինքնագլոր մի կյանք ունենամ…

 

«ՇԱՄԻՐԱՄՈՒԹՅՈՒՆ»

Ինչքա՜ն հեշտ էր շրջել տիեզերքում հոգուս,
հետո լուռ չքանալ որպես չեղած աստված.
ինձնից խլիր նաև հույսը վերադարձիդ,
իմ խռովքի կարմիր գիշերները խլիր:

Քո իսկ տված նետով երկուսիս էլ խոցած՝
ես նույն վերքի ցավով վարակեցի քեզ էլ,
իմը՝ ծուխ ծխանի, դեռ կծխա դարեր,
քոնը՝ առկայծուն բոց ինքնամարող:

Անթեղելու համար քո հետքերն եմ ծածկում
եւ սղոցում ձեռքերն իմ մտովի առ քեզ,
ես՝ անժպիտ դահիճ, ինձ եմ սպանում իմ մեջ,
քանզի անկարող եմ քեզ չներե՛լ անգամ:

Դեռ Շամիրամ ցեղիս սպասումով հիմար
ահեղ հեռացումդ շներին եմ տալու,
զի շրջում եմ դարձյալ իմ օրերում ավեր՝
հորինելով, որ դու հրաշքով ես գալու:

Հազար ռազմի դաշտում քեզ կփրկեի դեռ,
բայց հանուն մեր միֆի չպոկվեցիր հողից,
և պատռելով դողդոջ պատմությունն իմ անտեր՝
ես դռներն եմ կողպում բոլո՜ր երազներիս…

 

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Շուրջս խելահեղ ձեռնածություն է,
Իսկ ես՝ անտոմսակ մի հանդիսատես,
Աջուձախ նայեմ՝ ի՜նչ օթոցներ են,
Ինձ հերիքում է սրտաչափ տեղս:

Ուր որ վազում եմ, թատերգություն է,
Հոգիս դառնում է հայելի մատյան,
Տես հանուն կյանքի ի՜նչ առուծախ է,
Ինձ հերիքում է իմ ճերմակ մուսան:

Երբ դատարկվում է բեմը քաղաքի,
Մի հի՜ն թիկնոցով ես եմ հայտնվում,
Որ հետնաբեմից աշխարհին ժպտամ
Եվ վարագույրը իջեցնեմ օրվա…

 

Սովորական մի օր

Մի օր ես ու մարմինս
տնից ելանք`
ես` նոր մարմին,
նա` նոր հոգի որոնելու:
Երբ ետդարձին
խելակորույս հանդիպեցինք,
պարզվեց` էլի
տուն ենք դառնում…
իրա’ր գրկած…

 

ՆԱԵՎ ԱՅՍՊԵՍ

Ձեւից անդին էությունս հրաշք ունի,
որ որոմի անդաստանում չի սերմանվում,,
ճոխ ձեւերով չեմ տառապում, Աստվա’ծ չանի,
փոխարենը երկնահաղորդ հաց եմ ծամում:
Լույսն ինձ բանբեր է երկնային ավետիսի,
Որ այգի հետ վարգ է բերում երակներիս.
Ես կեցության ոչ մի գաղտնիք չեմ վերծանում,
Բայց բարձրանու՜մ եմ երկրային թեւիկներից:
Կյանքից անդին մի հրաշք եմ սովորական,
Որ ընթացքը վախճանից է դեռ տեսանում.
Երգող հացս հալալ լինի ձեր ձեւերին,
Ես «մե՜ծ հոգու» աչքերին եմ խիղճս դնում…

 

ԽԵՂԿԱՏԱԿՍ

Մի օր որպես չար կատակ քո դերն առա՞, թե՞ տրվեց,
Հավատացի իբրեւ թե զավեշտներիդ խնդավետ,
Եվ ծիծաղիդ փշրանքով անմեղորեն մոլորված՝
Բեմ ու ճամփա կորցրած՝ գլորեցի տարիներ:

Քո գունագեղ գլխարկով ինձ զգացի թագավոր,
Բախտակից իմ խեղկատակ՝ իմաստուն ու ապաբախտ,
Քո աչքերով զարմացա գահից մինչեւ հետնախորշ,
Ճանաչեցի ցավագին աղվեսներին հացկատակ:

Հիմա ինչպե՜ս եմ զղջում ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆՆ այդ խելագար՝
Վերջին լաթով ծածկելով ակոսներս աղեհամ,
Ես աչքերիս վիհերից ձեռք եմ պարզում փրկության.
Սովորական մի դեր տաս՝ մի քիչ ապրեմ, հեռանամ…

 

***
Երջանկության լաստս գերանաթափ
մնաց անհայտության ծովախորշում,
ավազներն եմ մաշում հիմա տառապանքի.
համրանք չունեն արդեն
դառն ումպերը կենաց,
բոսորահամ օրերն արդեն համրանք չունեն:
Սերս հավք էր անուշ,
սրինգներով զուգեց շուրթերն իմ երազի,
չզլացավ վերջում երեք խնձոր նետել,
սակայն կտրեց-տարավ ինձ ապրեցնող
երակները վերջին`
հայացքներն իմ հավատավոր:
Կյանքս բան չէր երևելի.
կավիս փշրանքներն իսկ
չհաշտվեցին միմյանց,
բայց դե սովորական պատմություն է հավերժ:
Համրանք չունեն արդեն
անուրջներս թոշնած,
դառն ումպերս կենաց արդեն… համրանք չունեն:

 

ՔԵԶ ՀԵՏ և առանց քեզ

Տերև առ տերև զուգվում է կենաց ծառս քեզանով`
կեղևահատվող բունս մատնելով
քո անառասպել մտքերի կացնին,
հետո ծառախոս աչքերիս վիհից
բոսորն է աճում ճերմակի՜ն տալով
և անմեղությունն իմ
խոստանալով սոսկ քո մահիճին:
Բախտ էր տարաբախտ…
Հասուն մրգի պես սերս դառնում է
քամահրանքի կեր,
ցավի բյուրավոր ասեղիկներն են
գգվում բիբերիս, բայց բարի՜-բարի՜
նույն սոսափյունն է մեջս շնկշնկում`
ինձ տեսլացնելով որպես իրական ոգեղեն դրախտ:
Հիմա ընկալման բոլոր մուտքերիս
բանալիները քո ափերում են,
իսկ դու ակամա՜ մանրիկ հպումով
շրջում ես կյանքս,
լույսի երգեցիկ գավերով զուգում
աղքատ սեղանս,
հետո կողոպտում աչքերիս
նյարդե զարդատուփերը,
որ քեզնից հեռու սաղմոսերգելիս
դեռ մարգարիտ են արտասվում սիրով:
Էլ մի՛ ձևանա անգիտության զոհ,
հոգիս մի՛ կորզիր իբր անմեղունակ,
նահա՛նջս տոնիր,
ես տանուլ տվող մի թռչնահավք եմ,
բայց մարտնչումիս շառագույն դաշտը
քեզ եմ ընծայում որպես այգեստան:
Գիտե՞ս, ա՛յս երգն էլ քեզ հալալ լինի,
բայց հեռանում եմ օրերիդ մուժից,
զի երակներս լի են մահացու քո դատարկությամբ…
Բախտ էր… տարաբախտ,
կորուսյալ ընծա,
գոյության նման ինքնակա մի բան,
որից այդպես էլ բա՜ն չեմ հասկանա…

 

«Կարծական եղավ մեզ այս կյանքը»
Ար. Լաստիվերցի
………………………………………………
Կյանքս պահեր է խլում ժամանակի աչքերից՝
Առագաստներ պարզելով անդարձության հովերին,
Թիապարտի լռությամբ բախտս հանձնած ալիքին՝
Մտքով, թե չենք լինելու, ի՜նչ ասես չեմ դարմանում:

Ջուրը խղճի պես ցավոտ փշրվում է ափերին՝
Մեր ապրածը անցյալի խեցիներում թողնելու,
Եվ ճաշակում եմ անհագ այն մանանան շուրթերիս,
Որ անխարխափ տանում է դեպի դուռը հայտնության:

Որ ժամանակն էլ շրջեմ մանանեխի հատիկով,
Պատվիրանաց գրերով իջնեմ նոյյա՛ն լեռներից,
Ուղտի նման սողոսկեմ անցքով հազա՜ր ասեղի,
Պահերս պահ տամ դարձյալ ժամանակի թեւերին:

 

ՀՐԱՇԱԼԻ ՏԻԿՆՈՋԸ

Լույսը մեղրի՜ նման ծորում Աստծո երկիր,
Հետո հազար վրձնով օրն է ոսկեզօծում,
Հանգչող հմայքները հովի խաղին տված`
Մեր փողոցով դարձյալ մի տիկին է անցնում:
Թռչուններ են թևում զգեստի հառաչանքից,
Իսկ մատներից ծառե՝ հուշի տերեւաթափ,
Կենաց երամներն են փախչում այն երկնքից,
Որ մեղա է գալիս ու ինքն իրեն հերքում:
Խորշոմների խորքում հազա՜ր ու մի երազ`
Մեր փողոցով, հրա՜շք, նույն տիկինն է անցնում,
Եվ մազերի ձյունից տարիները պոկված
Փետուրներ են հագնում ու… վարսերիս գալիս:
…Մենությունդ սիրեմ, դու էգուցն ես հուշում,
Կյանքի խաշամ չկա թեեւ ոտքիս առաջ,
Դու հալվում ես հեռվում, ի՛մ ուսերն են ցնցվում,
Եվ Աստծո լույսն ասես դառնանում է մի քիչ…

 

Մ ո ր ս…

Երբ երկինքն է կախում
շղարշներն իր աստղե,
Հուշի թռչուններն են
հատիկ-հատիկ գալիս…
Կտուցներին լուսե
ափսոսանքի վարդեր,
Փետուրների խորքում`
մղկիտն անցավորաց:

Մի նշա՜ն տուր, մարե՛,
թռչնահանդե՞ս է սա,
ցավի համանվա՞գ,
թե՞ կարոտն է կտցում
բաց աչքերը հոգուս`
որպես եղջերվամիս.
մի նշան տուր՝ գտնեմ
գեթ հաշտության հնար:

…Թե տիրաբար եկաք,
Հևիկ-հևիկ թռեք,
Աչքերիցս տարեք
Այս Հարդագողն աղե
և օրերի ջղուտ
տագնապների փոշին,
որ հաշտություն խաղամ,
մինչև հաջորդ գիշեր,

Երբ երկինքը կախի
շղարշներն իր աստղե,
հուշի թռչունները
հատիկ-հատիկ ինձ գան`
կտուցներին լուսե
ափսոսանքի վարդեր,
փետուրների խորքում`
մղկիտն անցավորաց…

 

Զրույց Քեզ հետ, Տեր

Շնորհածդ բառ ու բախտի տառապանք էր,
Որ աչքերիս հովիտներում լույս է ծնում,
Ուր կեցության սերմնացաններն արտասուքի
Իմ օրերի անհայտության ցավն են ցանում:
Կենսածովի ավազներին՝ բոբի՜կ ու մե՜րկ,
Ջրերի մեջ՝ հեքիաթային ձկնապոչով,
Իսկ երկնքում՝ բախտակից եմ թռչուններին
Ու մարդկային Գողգոթայի հոգեխաչով:
…Ու՞ր է հրում ճանապարհն ինձ անուղեցույց,
Ի՞նչ սպասեմ էլ գալիքից հանապազորդ.
Օրերը՝ պաղ մարգարտաշար ցավահարույց,
Իսկ ձեռքերդ՝ ինձ փրկելու համար… անզոր:
…Ինքնապտույտ ու հայեցում գաղտնահաղորդ,
Երանիներ՝ դրախտաբույր բողբոջելիս.
Ո՞րն է կյանքս խեղկատակող պահը հաջորդ,
Ո՞վ կկիսի ինձ հետ ցավն իր ու հաճելին:
Մեջս ծփող երիցուկի հովիտներ կան,
Իսկ աչքերս դեռ բուրում են կորուստներս,
Քարշ է գալիս դավաձանձիր մեկիս ներկան,
Ում թեւերի ճերմա՜կ ճախրը գուցե… ներես:
Շնչահեղձ եմ տեղատվության այս ափերին,
Շնորհածդ բառ ու բախտի տառապանք չէ՞ր.
Որ բառեղեն արտասուքներն իմ շուրթերին՝
Մի օր սիրո՛վ քո դրախտի հովտում հանգչեմ…

 

Ո՜նց բան չիմացա…

Ծառս շարժվում է:
Հավք է մոլորվել ճյուղերի ցավում.
թե հեքիաթից է՝ յոթ սարի հետև,
թե իմ հարահոս կենսաջրերից,
եկել-խրվել է խնձորենուս մեջ,
և թպրտոցի ամեն ջղություն
մի-մի հեքիաթ է գետի մեջ նետում:
Չքնաղ հավք է մի՝ համր ու երգեցիկ,
ուսերիս նրա թևերն են երգում,
ճանկերը նրբին հոսում են դեպի բիբերս, հոգիս,
և արյան տեղակ ի՜նչ կակաչներ են ինձանից հորդում:
Ո՜նց եմ սպասում գիշերակեսին՝
պահը որսալու այն եռափետուր,
որ չի ճաշակել աղահար վերքով ոչ մի ասացող:
Ծառս շարժվում է:
Ինչպես եկել էր, այնպես էլ թռավ,
գնաց, որ գտնի այն խնձորները իմ երազանքի.
թե հեքիաթից էր՝ յոթ սարից անդին,
թե կենսածովից իմ հարահոսուն:
Էլ բա՜ն չիմացա…

 

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՀԱՎԵՐԺԱՊԱՀ

Մի հացուջուր կեցություն չի՞, ապրենք գնանք.
Ո՛չ կյանքը մեզ, ո՛չ մենք կյանքին պարտք չմնանք:
Պերճախոսենք «բառն աշխարհ է» իմացությամբ,
Լռության մեջ խոհեմության ձա՜յնը որսանք:
Նետենք վիրապն ունայնության ստույգ դավին
Եվ ճաշակենք երազողի ոսկե գավից:
Սիրո դիմաց ծովն էլ ճեղքենք մովսեսաբար,
Ի հատուցում քմծիծաղի՝ ժպտանք երկա՜ր:
Խուլի դեմ կույր, կույրի դիմաց չհամրանանք,
Խղճի մուրճի արթնության դեմ գորգ չդառնանք:
Բախտի գավը դատարկելիս շատ չփութանք.
Օշարակի դառնադիրտից զգույշ մնանք:
Չմոլորվենք անհայտներում Երկնավորի՝
Եվ ոչ այլոց, մե՛ր իսկ դատից զարհուրելով:
Թե աններում, անհանդուրժող՝ ոչինչ չտանք,
Մարդկանց կյանքին չարախնդում չբռնանանք:
Չմոլանանք համառությամբ մի զրաջան.
Չի՜ լինելու հատուցումը ոսկեհունչ ժամ:
Զի չի փոխվի մեր բեմելուց ոչ մի արար,
Մեզ մեզանից չհալածենք խռովահար:
Խորհրդավո՜ր հավերժապահ ապրած՝ գնանք,
Ո՛չ կյանքը մեզ, ո՛չ մենք կյանքին պարտք չմնանք…

 

Ինձ այսպես օրհնեց…

Դեռ չհնձած բերքի աղերսանքի նման
Սոսկ հայացքս փլվեց թղթիս մեկնած ձեռքին,
Ծանր է գրիչը այս իմ մատների համար,
Բայց մոր ահեղ ուժով՝ դեռ տանում եմ գրկիս…
Գուցե այսպես հուշվեց բախտիս Ասացողից՝
Ցամաքին ձուկ լինեմ, իսկ ջրերում՝ թռչուն,
Որ իր ձայնին հլու՝ ես վեր թռչեմ քնից
Եվ դռնից ներս թողնեմ անտուն մտքերի չուն:
Ես ընկա ու ելա անփորձությամբ մանկան,
Բայց ելնելով ընկա. այդպես ե՞րբ չի եղել,
Եվ որ չխենթանամ վերուվարից այսքան,
Դեռ պատրաստ եմ նույնիսկ այս թեւերը պոկել…
Բայց քա՛րշ կտամ ինձ հետ իմ մարմինը հանգած՝
Բարձրացնելու լեռն այն, որտեղից չեն ողբում,
Ինձ մատնացույց կանեն որպես կույր համրացած,
Եվ կլքեն վերքս հարալեզներն անգամ:
Էլ չեմ թռչի, գիտեմ, ես ինչ ասես տեսա,
Ոտքիս երեր հողը ինձնից խլեց դարեր.
Ես ո՜ր վիհից ասես ինքս չբարձրացա,
Բայց գրի՛չս գրկած ինձ կտանի վերեւ…

 

ՏԻՐՈՋԸ
Ետ պահիր այնպես,
Որ առաջ ընկնեմ
Առանց ընկնելու…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *