Սուրեն Սարումյան | Հետպատերազմի զառանցական իրականությունը

Սփռված ոսկորներ

Այն անիծյալ աշնանը, երբ մինչ այդ մեր կողմերում երբևէ չերևացած թրթուրները խժռեցին Հադրութի անտառները՝ դրանց թավ կանաչի մեջ նախանշելով վերահաս աղետի ուղին ու հուսահատության սև ակոսներ բացելով նաև մարդկանց սրտերում, Մահը հպվել էր փոքրիկ քաղաքի գրեթե յուրաքանչյուր տանը: Հնությունից ճաքճքած դռների փայտին նրա ոսկրոտ մատները դանակի երկայնակի հարվածներ հիշեցնող հետքեր չէին թողել, ժամանակին ժխորով լի բակերում պարզապես կապարի չափ ծանր թանձրացել էր լռությունը, ու տխուր փողփողացել էին թաղումներից հետո մնացած լայն սև պաստառները:
Հապճեպ, վախվորած այդ թաղումների ընթացքում կանացի լաց գրեթե չէր լսվել. հեծկլտոցի թույլ ձայներն անէացել էին համազարկերի թավ հռնդյունի մեջ, իսկ հրետակոծությունների կարճատև դադարների ժամանակ մարդիկ, սպասման ներշնչած սարսափի պատճառով, արտասվելու փոխարեն ստեպ-ստեպ նայել էին վերև՝ կարծես փորձելով նշմարել երկնքում սավառնող ու իր անտեսանելի ներկայությամբ մարդկային կյանքն ուղեկցող բնական հույզերն անգամ առավել դյուրզգաց սրտերից արմատախիլ անող Մահը: Նույնիսկ մերձավոր ազգականներից շատերը նախընտրում էին չմասնակցել մահվան բեմադրած այդ վտանգավոր ներկայացումներին: Իրենց բացակայությունը հետո նրանք պատճառաբանում էին հապաղում չհանդուրժող որևէ պատերազմական գործով: Որոշ ժամանակ անց իրական շարժառիթը՝ վախը, որ հուղարկավորությունը ցանկացած ակնթարթ կարող է վերափոխվել ինչ-որ դժոխային հնարամտության հղացած փոխաբերության, երբ ապագա հանգուցյալներն իրենց իսկ ոտքով են գնում գերեզմանատուն, ուր քիչ հետո պիտի ամփոփվեն նրանց բզկտված մարմինները, մոռացվում էր: Սեփական բացակայության մասին նրանք սկսում էին խոսել անկեղծ ափսոսանքով, իսկ ևս որոշ ժամանակ անց այդ բացակայությունն ընկալվում էր որպես զոհաբերություն, հանուն ընդհանուր բարօրրության կատարված բարոյական սխրանք:
Այն, ինչ մնացել էր Արմենի մարզված, մկանուտ մարմնից, հայտնաբերել էին պատերազմի ավարտից ամիսներ հետո:
Թուրք սպան, ծուլորեն հորանջելով, ողջ օրն ապարդյուն չարչարված որոնողական խմբի ավագին ցույց էր տվել անմշակ մնացած խաղողայգու եզրին իրենց լանջերով հպվող երկու բլուրների սևին տվող կցվածք:
-Ասումեն՝ այնտեղ գնդացրորդի դիրք է եղել: Եթե չեք ալարում, այնտեղ էլ նայեք:
Գնդացրորդ Արմենի մասունքները գտել էին ժանգոտ պարկուճներով լի խրամատից բավականին հեռու: Թռչունների անտարբեր դայլայլի ներքո հավաքել էին գազանների քարշ տված, տարածքով մեկ սփռած ոսկորները: Շնագայլի ամուր ծնոտների արանքում ջարդված սրունքոսկրին կպած էր եղել խայտաբղետ գունավորմամբ համազգեստից մնացած կեղտոտ լաթակտորը:
«Դեֆկոնի մուլտիկամն է»,- մեքենայաբար մտածել էր որոնողական խմբի կրտսեր անդամը՝ 21-ամյա ենթասպա Գրիգոր Ավանեսյանը: Ակնթարթ անց ամաչել էր իր անտեղի մտքից, զգացել էր այտերը խուժած արյան տաքությունը: Փախցրած հայացքը դեմ էր առել գանգի՝ զարհուրելի ծիծաղի հավիտենաբար բացած ատամնաշարին: Կարծել էր, թե իրեն ծաղրում է ինքը՝ առաջին քոչվոր ցեղախմբերի հետ այդ հովիտներ ու լեռներ եկած Մահը:
Ներքև տանող ոլորապտույտ արահետի վրա Գրիգորի ձեռքի սև պարկի մեջ ոսկորներն անպատկառորեն ուրախ չրխկչրխկացել էին: Այդ պնդերես ձայնից նյարդայնացած՝ անընդհատ կծոտել էր շրթունքները: Փորձել էր նայել ճտքակոշիկների ծայրերին՝ կենտրոնանալով դրանց ռիթմիկ տատանման վրա: Երբ բարձրացրել էր աչքերը, տեսել էր արահետի երկու կողմերով ձգվող մոշի թփերի միջից ատելությամբ նայող երկու դիվային աչքեր: Վախից վեր էր ցատկել՝ ձեռքից բաց թողնելով պարկը: Վայրէջք կատարել էր ուղիղ մոշուտի մեջ: Թռիչքի ընթացքում պարկի բացված բերանից ոսկորները թափվել էին գետնին, իսկ գանգը հրամանատարի անձայն հիշոցների ուղեկցությամբ գլորվել էր ներքև ու կանգ առել՝ բախվելով խաղողայգու կիսափուլ ցանկապատի հենասյանը:
Հրամանատարի հարցերին Գրիգորը պատասխանել էր կմկմալով, կցկտուր, ասել, որ մոշուտի մեջ երևացած գազանային կարմիր բիբերն անակնկալի են բերելիրեն: Թռչունների անտարբեր դայլայլն ու քամու գրեթեանլսելի սոսափյունը կարող էին մատնել, որ Գրիգորի նկատած գազանն ուրվականային բնույթ է ունեցել, սակայն տարօրինակ լռությունը ոչինչ չէր հուշել լարված նյարդերով մարդկանց. աչալրջորեն զննել էին շրջակայքը և հանգստացել՝ համոզվելով միայն, որ թփուտներում մեկ-երկու ժիր մողեսից ու մացառների արանքում թափառող քամուց բացի որևէ կենդանի էակ չկա:
Խմբի քչախոս բուժակը Գրիգորին էր մեկնել կպչուն սպեղանու փաթեթը: Ցուցամատը տնկել էր զարմանքով իրեն նայող ենթասպայի սրունքի վրա: Մոշուտի ճղած տաբատի բացվածքից երևացող մաշկին արյան մի քանի կաթիլներ էին եղել: Ամոթից կաս-կարմիր կտրած՝ փակցրել էր սպեղանին: Սակայն Գրիգորին չէին հանդիմանել: Ընկերների աչքերում միայն կարեկցանք էր նշմարել:
Հնչել էր շարժվելու հրամանը: Պարկը տանելու առաքելությունն այս անգամ վստահել էին որոնողական խմբի ամենից տարեց անդամին:
Իջնելիս թեթևակի կաղալ սկսած Գրիգորը նորից էր նայել մացառուտին: Մոշի թփերի ջղուտ ցողունների արանքում, արյան պես կարմիր, փայլել էին երկու խոշոր մասրահատիկներ:

Գեորգիյան ժապավենը

Արձակման մեջ գտնվող ռուս զինվորները հրմշտում ու հայհոյում էին դռնապանին: Զինվորների խմբում ամենից ժիրը՝ շեղաչք թաթարը, որն իր փոքրամարմին լինելը դեռևս ոչ երկար կյանքի ողջ ընթացքում փոխհատուցել էր նույնիսկ մտերիմների համար անըմբռնելի լկտիությամբ, ճեղքել էր դռնապանի շուրջն իր ընկերների կազմած օղակը և, մի ճարպիկ ոստյուն կատարելով, թքել էր նրա երեսին: Թաթարական թքի գունդը մի կարճ ակնթարթ փայլատակել էր արևի ճառագայթների ներքո ու ծեփվել էր դռնապանի ալեհեր մորուքին: Շեղաչք զինվորի արհամարհանքի ու ատելության այդ լպրծուն արկը գրեթե անմիջապես կորչել էր մորուքի սպիտակ մազերի արանքում: Երբ փոքրամարմին զինվորի հայացքն ընկել էր իր շուրջը մոլեգնող երիտասարդներին չհասկացող, խեղճացած աչքերով նայող դռնապանի դեմքին, կատարվել էր անհնարինը. նա լռել էր, հետ-հետ էր գնացել, ասես կացնահարվածներով տաշած սուր արմունկներով բացել էր ընկերների շարքն ու, մոռանալով ծերունուն, սկսել էր քայլել դեպի վիթխարի էժանագին ուլունքի պես հեռվում պսպղացող լցնովի պաղպաղակի տաղվարը:
Զինվորներից մեկը դռնապանի ձեռքից խլել էր կիսով չափ մաշված ցախավելը, կտրուկ շարժումով պոկել էր կոթի ամրացման վայր երիզած գեորգիյան ժապավենը: Զզվանքի ծամածռությունը դեմքին՝ մի կողմ էր շպրտել ցախավելը: Գեորգիյան ժապավենը խնամքով ծալել էր, դրել ծոցագրպանում: Մեկ անգամ ևս բոթելով ու հայհոյելով դռնապանին՝ բռնարար խումբը հեռացել էր:
Գետնին ընկած ցախավելի հետևից կռանալիս դռնապանը լսել էր իր սրտի անհանգիստ զարկերը, բարձրանալիս՝ փողոցի վրա խոնարհված լորենու ճյուղերի արանքում մոլորված մայիսյան բզեզի միալար բզզոցը:
Լորենու սաղարթի նետած ստվերի պուտերում և բծերում կորած դարպասի փեղկերը ճռռալով հեռացել էին իրարից: Առաջացած ճեղքում երևացած հետաքրքրասեր աչքերը դուրս էին լողացել խավարից՝ փեղկերի հեռանալուն զուգահեռ օղակվելով խորշոմապատ կանացի դեմքով:
-Ի՞նչ էին այդ ստահակներն ուզում քեզանից, ա՛յ մարդ,- հարցրել էր կինը:
Դռնապանը ճանաչել էր փոքրիկ քաղաքի օղակաձև զբոսայգում արևածաղկի սերմ վաճառող ու վճարունակ, վստահելի տղերքին քաղաքի դժվարամատչելի պոռնիկների հետ կապող միջնորդի դեր կատարող պառավին:
-Շատ գիտեմ, աղչի՛,-պատասխանել էր մոլորված,- գետնին ընկած մի լաթի կտոր էի վերցրել՝ ամրացնելով ցախավելիս կոթը: Սրանցից մեկը հենց էդ փալասը տեսավ թե չէ, ցույց տվեց ընկերներին, ու խմբով վրա հասան: Կողերս մի լավ տրորել են անխիղճները…
-Ծխած կլինեն,-չանչ անելով արդեն աներևութացած զինվորների հետևից՝ խորիմաստ տեսքով նկատել էր կինը:
-Կամ էլ՝ լակած,-շփելով ցավացող կողը՝ երկրորդել էր դռնապանը:
-Կամ էլ՝ լակած,-համաձայնել էր կինը:

Դիարանի հրկիզումը

Արմենի գազազած հարազատները «Դատաբժշկական փորձաքննությունների ազգային բյուրոյի» դիարանի վրա հարձակվել էին ԴՆԹ թեսթի դրական պատասխանը ստանալու հաջորդ օրվա կեսգիշերից փոքր-ինչ անց: Պահանջատեր թակոցին հապաղումով արձագանքած քնատ ոստիկանին դուրս էին քաշել կիսաբացված դռան արանքից: Համազգեստից պոկված, նախասրահի սալապատ հատակին ընկնող ոսկեզօծ կոճակների զրնգոցը խլացել էր կատաղի հայհոյանքների տարափից: Արտագերատեսչական պահպանության կրտսեր լեյտենանտի դիմադրության փորձն ապարդյուն էր եղել, դժբախտին արյունլվիկ էին արել, ոլորել դեպի ատրճանակի պատյանը ձգվող ձեռքը, հետո իր իսկ հանդերձանքից պոկած կաշեփոկերով ու գոտիներով նրան ամուր կապել էին դիարանի բակի մի անկյունում գտնվող հեռագրասյանը: Անծանոթ տեսքով ատրճանակը նետել էին կրտսեր լեյտենանտի ոտքերի մոտ, զարմացել՝ փամփուշտ չգտնելով, բայց համենայն դեպս դատարկ պահունակը շպրտել էին դիարանի բակից դուրս:
Նախ ավերվել էր գլխավոր դատաբժշկի աշխատասենյակը: Ֆրանսիական օծանելիքի գունագեղ սրվակի տեսքը եռապատկել էր դժբախտ մարդկանց ցասումը. այն ջարդել էին՝ խփելով գլխավոր դատաբժշկի ընտանեկան լուսանկարի ալյումինե շրջանակին: Սենյակը լցվել էր օծանելիքի սուր հոտով: Չհրկիզվող պահարանը չէին կարողացել բացել: Համակարգիչների վրա ուշադրություն չէին դարձրել՝ ապարդյուն փնտրելով փաստաթղթեր պարունակող ինչ-որ քարտադարան, որտեղ, ըստ Արմենի հորաքրոջ՝ թաղապետարանից վերջերս թոշակի անցած մի գեր կնոջ, պիտի անպատճառ գտնվելիս լինեին սիրելի զարմիկի հանելուկային ճակատագրի վրա լույս սփռող թղթերը:
Աղմկոտ վեճից հետո որոշել էին այնուամենայնիվ բացել դիարանի չարագուշակ սառնարանը: Օդորակիչների միալար աղմուկով լեցուն հսկայական սենյակի երկաթյա դռանփականը կտրել էին՝ օգտագործելով Արմենի քեռորդու «Ֆորդ տրանզիտ» թեթև բեռնատարով շրջահայացորեն բերված գազային եռակցման սարքը:
Մետաղն ագահորեն լիզող հրին հմայված նայող մարդիկ միահամուռ դեպի դուռն էին շրջել գլուխները, երբ փողրակից դուրս ժայթքող դյուրավառ խառնուրդի ֆսսոցն ընդհատվել էր ամբողջ ուժով վրա բերված դռան բարձր թրխկոցով: Տեսնելով իրենց մոտեցող հաղթանդամ ակնոցավորին՝ Արմենի հարազատները պատրաստվել էինկենաց-մահու ճակատամարտի:
Սակայն տղամարդը դատաբժիշկ կամ քաղաքացիական հագուստ կրող ոստիկան չէր եղել:
-Վա՜յ, ես ձեր ցավը տանեմ,-ցածրաձայն ողջունել էր նորեկն ու, միանգամից փուլ գալով գետնին, սկսել էր բարձրաձայն ողբալ:
-Սիրտս վկայում է՝ տղաս էս անիծյալ դռան հետևում է: Թաքցնում են դիակը, գողացել են որդուս մարմինը, ասում են՝ դեռ չեն գտել, խաբում են անսուրբ շան զավակները,-ասել էր՝ աղիողորմ հեկեկալով:
Արմենի մորաքրոջ ամուսինը մի կողմ էր նետել եռակցման սարքի փողրակը, գրպանից հանել էր օղու տափակ շիշն ու պռնկեպռունկ լցրել մեկանգամյա օգտագործման ստվարաթղթե բաժակը:
-Խմի՛ր, ախպե՛րս, կթեթևանաս,-ասել էր շատ ծխելուց խռպոտած ձայնով՝ հոգատարությամբ թփթփացնելով անծանոթի ցնցվող ուսերին:
Տղամարդը, փոքրիկ տղայի պես անօգնական, կուլ էր տվել թուքը, շփոթված նայել էր իրեն օղի առաջարկողի չսափրված, կարմրած դեմքին ու բորբոքված աչքերում մշուշվող մոլեգնությանը: Վերցրել էր բաժակը, դոդդողացող ձեռքերով մոտեցրել էր շուրթերին ու մի շնչով դատարկել:
-Մի հա՛տ էլ լից, ախպե՛րս,- աղերսել էր երերուն ձայնով:
Արմենի հորաքույրը չէր դիմացել:
-Էստեղ խմելու չենք եկել, տնաշե՜ն,- ծղրտացել էր երկարատև փորձը մատնող հմտությամբ,- Արմենիս ԴՆԹ պատասխանն եկել է: Ասում են՝ էստեղ են մասունքները, ստում են լրբերը, ով գիտի որ թուրքի ոսկորներն են հավաքել, բերել-լցել այստեղ, բալես կենդանի է, գերի է բալես, չեն ուզում հետ բերել: Ես դրանց բալան թաղեմ…
Մի շնչով արտաբերված զայրացկոտ պոռթկման ավարտին կնոջ ծղրտոցը վերափոխվել էր վայնասունի: Երբ աղեկտոր ճիչը լռել էր՝ արձագանքի վանկատ կտորներով փշրվելով դիարանի սալիկապատ պատերին, կինը, շարժական կրկեսի փլված քաթանե գմբեթի պես հուշիկ և ծանր, սահել էր գետնին:
Հորաքրոջը մի կերպ ուշքի բերելուց հետո արագորեն ավարտին էին հասցրել գործը:
Չարագույժ, ծանր ճռռոցով բացված դռան հետևում գտնվող սենյակը, ճերմակ պատերով սարսափելի սենյակը դափ-դատարկ էր եղել, տարօրինակորեն մաքուր:
Թքելով քլորի լուծույթի ու ֆորմալինի թույլ հոտ արձակողճերմակ պատի վրա՝ Արմենի մորեղբայրը հանել էր հեռախոսն ու հենց այդտեղից ֆեյսբուքյան լայվ մտել՝ աշխարհին ցույց տալով զոհվածների ծնողների նկատմամբ տեղի ունեցող այդ սրբապիղծ ծաղրը:
-Գնանք, ուր որ է ոստիկանները կգան,- ասել էր հեռախոսն անջատելուց հետո:
-Ես գիտեմ սրանց գլխավոր բժշկի տան տեղը,- դիարանի կիսամթի մեջ խելացնոր փայլող աչքերը ոլորելով՝ տեղեկացրել էր այդպես էլ իր անունն անգամ ասել չհասցրած անծանոթը:
Մորեղբայրը դավադիր տեսքով միմյանց էր շփել ափերը: Գլխավոր բժշկի աշխատասենյակում գրպանից հանել էր օղու շիշն ու մի կում ըմպելուց հետո խմիչքի մնացորդը լցրել գրասեղանի ու վարագույրների վրա: Վառել էր գլանակը, դառնահամ ծուխը խոր ներշնչելուց հետո կրակայրիչը մոտեցել էր վարագույրին:
Ծավալվող հրդեհի ճարճատյունի ներքո դիարանից դուրս գալիս Արմենի մորաքրոջ ամուսինը մի ուժգին աքացի էր հասցրել հեռագրասյանը կապված ոստիկանի բերանին, որից հետո կռացել ու գրպանից հանած ծալովի դանակով կտրել էր նրան կաշկանդող փոկերը:

Մահապատիժը

Հրշեջները ուշակորույս ոստիկանին գտել էին հեռագրասյանը հենված, գետնին ուժասպառ փռված ձեռքի մոտ՝ կտրատած կաշեփոկեր: Հիվանդանոց տանելիս ոստիկանն ուշքի էր եկել: Ողջ մարմնով մեկ տարածվող ցավը տրոփել էր շտապօգնության մեքենայի փարոսիկների առկայծումներին համընթաց: Ճանապարհին ոստիկանին կարեկցել ու քաջալերել էին: Վստահեցրել, որ վատագույնը մնացել է հետևում ու հիմա նրան պատվոգիր կամ շքանշան է սպասվում: Հիվանդանոցի երկար միջանցքներով իրեն պատգարակով տանելիս՝ հաշվել էր առաստաղի՝ աղոտ լույս արձակող լամպերը: Լռությամբ լեցուն հիվանդասենյակում ոստիկանին ցավազրկող էին ներարկել, քիչ հետո ցավը նահանջել էր: Հետազոտություններն ավարտելուց հետո ասել էին, որ ամեն ինչ կարգին է և խորհուրդ էին տվել ջարդված ատամները վերականգնել քաղաքի հայտնի ատամնաբույժներից մեկին պատկանող կլինիկայում: Նույնիսկ խոստացել էին բարեխոսել՝ կլորիկ զեղչի ակնկալիքով:
Տուն գնալու համար օգտվել էր «gg» տաքսի ծառայությունից: Քաղաքավարությամբ, բայց և վճռականորեն կասեցրել էր հետաքրքրասեր վարորդի հարցերը՝ պնդերես զրույցի փոխարեն նախընտրելով սրահի հայելում մերթընդմերթ երևացող անբարյացակամ հայացքը:
Վճարելուց հետո սպասել էր մանրին, ինչն ակնհայտորեն քառապատկել էր վարորդի հակակրանքն ըստ երևույթին լիովին տեղին մի լավ քոթակ կերած ուղևորի հանդեպ:
Ձգտելով չաղմկել՝ բացել էր դուռը: Սրտի անհանգիստ տրոփյունին արձագանքել էր հյուրասենյակի խավարի մեջ եռանդագին տկտկացող հնաոճ ժամացույցը: Սողոսկել էր ննջասենյակ՝ իր հետևից քարշ եկող ստվերի պես գլխահակ ու անձայն: Երբ վարագույրները ինքնաթափից բեռնաթափվող ավազի չափ բարձր շրշացել էին, մտածել էր, թե արթնացրել է հարազատներին: Սակայն սխալվել էր։
Վերմակի տակ կուչ գալուց հետո վերջապես խղճացել էր ինքն իրեն, զգացել էր այտով ներքև սահող արցունքի կաթիլի թացությունը: Ուրախացել էր, որ պատերազմը հետաձգել է հոկտեմբերին նշանակված իր հարսանիքը՝ ապագա կնոջն ազատելով անթերի ատամնաշարում առաջացած դատարկ խոռոչներին նվաստացուցիչ կարեկցանքով նայելու անհրաժեշտությունից:
Խոր քուն մտած տան լռության մեջ հնչած հեռախոսազանգն արթնացրել էր բոլորին, սակայն ջարդվող ապակեղենի ձայներ արձակող անիծյալ սարքին սովորության համաձայն առաջինը հասել էր մայրը: Լուսադեմին հնչող հեռախոսազանգերը ոչ մի լավ բան չէին կարող կանխագուշակել, ու տագնապահար տիկինը նույնիսկ թեթևություն էր զգացել, երբ երկարատև պետական ծառայությունը մատնող չոր ձայնը պահանջել էր հեռախոսի մոտ հրավիրել ոստիկան որդուն:
-Սակայն որդիս այսօր հերթապահության է,-փորձել էր առարկել կինը:
Ինչ-որ հեռավոր աշխատասենյակում հնչած կարճ քմծիծաղը փոխանցել էր զրուցակցի վատ քողարկված արհամարհանքը:
-Ձեր որդին տանն է, բարի եղե՛ք խոսափողը փոխանցել նրան, տիկի՛ն,-պնդել էր ձայնը:
Մոտեցող ոտնաձայների ուղությամբ շրջված կինը, տեսնելով որդու դեմքի հսկայական կապտուկներն, բարձրաձայն «ա՜խ» էր արել ու բնազդաբար նստել բազմոցին:
Ձայնի տերը չէր պատասխանել մոր ձեռքից խոսափողը գրեթե ուժով խլած ոստիկանի բարևին:
-Առավոտյան 9.30 պետք է լինել պետի աշխատասենյակում,-հաղորդել էր անկիրք ու անփութորեն անջատիչի վրա նետել խոսափողը:
Մորը հանգստացրել էր՝ մի կերպ զսպելով նրան կոպտելու կատաղի ցանկությունը: Նորից հայտնվելով անկողնում՝ քնել չէր կարողացել, կռահել էր, որ ոստիկանապետի աշխատասենյակ գլուխը շոյելու համար չեն հրավիրում: Կանխատեսել էր հնարավոր մեղադրանքները, մտովի պատրաստել իր կցկտուր պաշտպանական ճառը: Համարել էր, որ, այնուամենայնիվ, խղճահարությունից ավելի լավ դաշնակից չի ստացվելու գտնել ու որոշել էր պետի ահեղ հայացքի առջև հայտնվել այտը վիրակապած:
Բաժնի բակում ու միջանցքներում հանդիպող գործընկերները փախցրել էին հայացքները, բարձրաստիճան սպաները բարևին պատասխանել էին դժկամորեն: Իր շուրջը ծանրացող անտեսանելի պատնեշները հուշել էին, որ հայհոյախոս պետը առավոտյան տողանի ժամանակ արդեն մի լավ անցած է լինելու ենթակայի ազգուտակի վրայով: Մեջքի հետևում աննկատ խաչել էր ցուցամատները՝ մի անհաղթահարելի պարիսպ տեղադրելով պետի հիշոցների ու իր՝ հայհոյախոսական ճակատամարտին անտեղյակ հարազատների միջև:
Պետի ընդունարանում կյանքից լիովին գոհ կատվի պես ծուլորեն բազմած քարտուղարուհու աչքերում պարող ուրախ կայծեր էր նշմարել: Թվացել էր, թե լսում է աղջկա բիբերի խոնավ կապույտն ընկնող ու մարող կայծերի թույլ թշշոցը: Քիթը խուտուտ էր տվել սրճեփից բարձրացող գոլորշու բարկ արևադարձային բույրը:
-Մտեք,- չափազանցված սիրալիրությամբ առաջարկել էր քարտուղարուհին,- դուք մտեք, իսկ ես դուրս կգամ:
Հասկացել էր, որ աղջիկը, իրենց պետի բոլոր գաղտնիքներն իմացող, ենթակաների համար անխուսափելի ճակատագիր դարձող նրա որոշումները ճշգրտորեն կանխագուշակող աղջիկը փախչում է վերահաս հողմամրրիկի որոտից:
Սրճեփն անջատած ու դուրս գալ պատրաստվող աղջկա աչքերում տեսել էր իր վեհերոտ ժպիտի արտացոլանքը, գլուխը քաշել էր ուսերի մեջ, մեկ անգամ ևս ժպտացել ու մտել ներս:
Փաստաթղթերի մեջ խորասուզված պետը գլուխը չէր բարձրացրել բացվող դռանը նայելու համար, չէր պատասխանել նաև ենթակայի՝ ծառայողական կանոնագրքի պարտադրած «թույլ կտա՞ք» հարցին:
Պետի լռությունը ծայրաստիճան լարել էր իրավիճակը: Իրեն զգացել էր Սողոմոնի տաճարի՝ կարգազանցներին հասցեագրված անլուր լուտանքներով ու մահվան սպառնալիքներով լեցուն տախտակներով պճնված ճաղաշարը հատող օտարերկրացի՝ անմաքուր, անպատկառ, սրբապիղծ և տխմար: Կռահել էր, որ աստվածանարգ հանդգնության դիմաց պետք է հատուցի անխուսափելի մահվամբ: Այս պահին իր արտասանած յուրաքանչյուր հնչյունն ու կատարած յուրաքանչյուր քայլն արագացնելու էին մահվան հետ հանդիպումը, սակայն ծանրացնելու, երկարաձգելու էին այդ ողբերգական ժամադրության ընթացքը: Գելարանների ճռռոց ու դահճի կացնի շեշտակի սուլոց էր լսել: Կարկամել էր՝ վախենալով նույնիսկ շնչել:
Պետի գլխի շարժումը զարհուրելիորեն սահուն ու վեհապանծ էր եղել. զայրույթից շիկացած բիբերը ծանր-ծանր ընկղմվել էին ուղիղ ենթակայի աչքերի մեջ՝ գոյացնելով այրված պատերով երկու անհատակ ջրհորներ: Ենթակայի աչքերից բարձրացող ճենճահոտի հետ պետի հայացքից ժայթքող ցասումը ոստիկանի մարմինը պարուրել էր սարդոստայնի պես լպրծուն ցանցով: Իր կառուցած կատարյալ ու մահաբեր լաբիրինթոսում խճողված ճպուռի հուսահատ թփրտոցից մեկեն աշխուժացած սարդի պես անողորմ՝ պետը կարծես ձգել էր սարդոստայնի ծայրից: Զգացել էր պողպատյա ուժով մարմնի մեջ մխրճվող ցանցի անդիմադրելի լարումը, կարծել էր, թե հիմա լսելու է իր պոկված վերջույթների՝ աշխատասենյակի ողորկ մանրահատակին ընկնելու թրմփոցն ու խեղդվելու է՝ թավալվելով սարսափելի վերքերից հորդող արյան մեջ:
-Առաջ արի,-ասել էր պետը՝ զզվանքից ծամածռելով դեմքը:
Վիշապի սևեռուն հայացքը չկտրելով մոտեցող ենթակայից՝ կանգնել էր ու որոտացել.
-Եթե մի թեթև պատկերացում ունենայիր սպայի պատվի մասին՝ ինքնասպան եղած կլինեիր: Բայց դու կորցրե՜լ ես զենքը, բա ո՜նց, հո՞ դատարկ պատյանով չէիր կրակելու գլխիդ: Արա, կարո՞ղ է դրանց հետ պայմանավորված ես եղել, հը՞: Քեզ էլ մի թեթև լխկել են հետքը կորցնելու համար:
Վիրավորանքից աչքերը լցվել էին: Ցանկացել էր արդարանալ. չէ՞ որ ուժերն անհավասար էին եղել, ի՞նչ կարող էր անել ինքը ՝ մենակ մի քանի հաղթանդամ տղամարդու դիմաց: Չնայած, ատրճանակ ունենալով՝ իրականում անզեն էր եղել, որովհետև նոր տիպի «Գլոկ-17» ատրճանակներին Մակարովի համար նախատեսված փամփուշտները չէին համապատասխանում, բայց ամբողջ 14 րոպե կարողացել էր դիմադրել, իսկ տագնապի կոճակը տենդագնորեն սեղմելը, ինչից հետո պիտի անհապաղ օգնական ուժեր ժամանեին, որևէ արդյունք չէր տվել:
Չորացած կոկորդից միայն անհասկանալի քրթմնջոց էր դուրս եկել:
-Ես քո մոլախոտ ինչն եմ ասել, տես ոնց է անասունի պես պապանձվել,-զայրույթից կարմրատակելով, չռված աչքերը մոլեգնորեն ոլորելով՝ բղավել էր պետն ու ենթակայի վրա նետել գրասեղանից ճանկած քարե մոխրամանը:
Մոխրամանը դիպչել էր ոստիկանի ուսին: Ասես շիկացած կայծակների խուրձ էր մխրճվել մարմնի մեջ, սուր ցավը, ակնթարթորեն հասնելով նյարդերի անհամար ճյուղավորումներից յուրաքանչյուրին, կաթվածահար էր արել:
Բախվելով հատակին՝ մոխրամանը մեջտեղից կիսվել էր:
Պետն ափսոսանքով նայել էր փետրվարի 23-ին քարտուղարուհուց ստացած նվերի բեկորներին:
-Գործերդ ներքին անվտանգությունում են: Պատրաստվի՛ր: Դատվելու՛ ես:
Ոստիկանին թվացել էր, թե պետի վերջին խոսքերում անկեղծ տխրություն էր հնչել:

Գերեզմանատանը

Արմենի մասունքները հողին հանձնեցին մի ամպամած, մռայլ օր: Փոքրիկ քաղաքն օղակած լեռները ինչ-որ պահի կարծես պատռեցին իրենց սուր կատարների վրա ծանրացած ամպերի ուռած որովայններն, ու հունիսյան այդ օրը նորից առատ հորձանքով նեղ փողոցների ու իրար հրմշտող, իրար մեջ մտած տների վրա սկսեցին թափվել երկնքի բոլոր ջրերը:
Հուղարկավորության հարցերով զբաղվող Արմենի մորեղբայրը բարեբախտություն էր համարել, որ նախորդ օրն արև էր եղել: Մեծ դժվարությամբ էին կարողացել գերեզմանափոր գտնել: Փոքրիկ քաղաքի հիմնական գերեզմանափորը՝ առանց այդ էլ խմել սիրող վտիտ մարդը պատերազմից հետո աստիճանաբար լիակատար հարբեցող էր դարձել, ասում էին, թե անգամ նրա կոշտացած հոգին չի դիմացել ամեն աստծո օր իր վրա ընկնող ողբի ծանրությանը:
Արմենի համար գերեզման կտրել հանձն էր առել նրանց հնամաշ թաղամասի դռնապանը:
-Փոքր ժամանակ շատ էր խաղում հոգուս հետ, երանի այդ օրերին,- իր հետ բանակցելու գնացած մորեղբորը սեղանի շուրջ խոստովանել էր դռնապանը՝ ալեհեր մորուքով ծերունին, ով վերջերս չգիտես թե ինչու սկսել էր լուսադեմի ամայի փողոցներում հայտնվել կրծքին գեորգիյան ժապավեն փակցրած:
Փոսը հասցրել էին պատրաստել:
Գերեզմանատանը հուղարկավորության բոլոր մասնակիցներն արդեն մինչ վերջին թելը թրջված էին եղել: Կոշիկներն ու նրանց վրայով գետնին քսվող սքեմի քղանցքը ցեխոտած տեր հայրն ակնհայտորեն շտապում էր: Վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ երիտասարդ տղամարդկանց թաղումների մասնակցած ներկաները կռահում էին, որ իր խոսքի մեջ հոգևորականը երբեմն ամբողջական պարբերություններ է կրճատում, սակայն լռում էին. իրենք ևս մրսում էին:
Ջրի կապարե շիթերից ծանրացած՝ գերեզմանատանը վերջին տարվա ընթացքում աճած եռագույն դրոշների անտառը չէր ծածանվում. դրոշները՝ սգահար խոնարհված, փաթաթված իրենց երկաթե բներին, թույլ թրթռում էին: Անձրևի միալար աղմուկին խառնված՝ լսվում էր միայն կանանց միահամուռ լացը:
Արմենի մորաքրոջ ամուսինը ձեռքը դրեց իր մոտ կանգնած երիտասարդի ուսին:
-Է՜հ, եղբա՛յր, որտեղի՞ց էինք կարող իմանալ, թե դու մեր տղայի բանակի ընկերն ես:
-Բան չկա, հարազա՛տ,-տխուր ժպտաց երիտասարդը՝ ցույց տալով անթերի ատամնաշարից բացակայող 4 ատամների տեղում գոյացած սև խոռոչները,-ոչ մի շան տղա իրավունք չունի ձեզ մեղադրել: Ձեր փոխարեն ես էլ նույնը կանեի:
-Իսկ էդ քրեական թեմաներից պրծա՞ր,-մորաքրոջ ամուսինը ցածրացրեց ձայնը:
-Դեռ չէ, անիմաստ տանում-բերում են, սակայն քննիչն ասել է, որ իմ վրա թեմա չկա:
-Դե մեր մասը կարճել են, նախագահն է միջամտել: Այսօր էլ պետք է ներկա լիներ, ասում են՝ երկրում չէ, որ գա Արմենի պարգևատրման հարցերով հանդիպելու ենք, քո գործի մասին անպայման ասելու եմ,-խոստացավ մորաքրոջ ամուսինը:
-Հա, լավ կլիներ, եթե ասեիր,-համաձայնեց երիտսարդը:
-Արխային, մի տնից չենք, բայց բոլորս էլ մի հալի ենք,-հոգոց հանեց զրուցակիցը:
Նայեցին իրար, տխուր ժպտացին, սեղմեցին միմյանց ձեռքերն ու միացան դեպի գերեզմանափոսն առաջանալ սկսած բազմությանը:
Քիչ հետո լսվեց դագաղի կափարիչին ընկնող հողի ծանր աղմուկը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *