Սիրված երգերը հայերեն | Հե՜յ ուղտապան

Մոհսեն Նամջուն իրանցի վաստակավոր երաժիշտ է, որը հայտնի է իր խորը գիտելիքներով իրանական ավանդական երաժշտության և բարդ ռիթմերի բնագավառում։ Նա ծնվել է 1976 թվականի մարտի 4-ին Թորբաթ-է Ջամում՝ Իրանի հյուսիսարևելյան Ռազավի Խորասանի նահանգում, և մեծացել է Մաշհադում՝ երկրի կարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկում։ Դեռ 12 տարեկանից նա սկսել է ուսումնասիրել դասական պարսկական երաժշտություն՝ տարված լինելով իր ժողովրդի հարուստ երաժշտական ժառանգությամբ։ Նամջուն իր ստեղծագործությունների միջոցով կարողանում է վարպետորեն միահյուսել ավանդական երաժշտության խորքային շունչը ժամանակակից մոտեցումներին՝ ստեղծելով նոր, ինքնատիպ և հուզիչ հնչողություն, որը խոսում է ինչպես անցյալի, այնպես էլ ներկայի հետ։

 

Հե՜յ ուղտապան, հե՜յ քարավան,
Լեյլային իմ ու՞ր ես դու տանում,
Ա՜խ, տանելով Լեյլային իմ
Հոգին ու սիրտն ես իմ դու տանում։
Հե՜յ ուղտապան, ու՞ր ես դու գնում,
Լեյլային իմ ինչու՞ ես տանում։ 2X

Ժամին մեր սիրո երդման
Մեն Աստված էր մեր վկան,
Քանի աշխարհը կանգուն է այս
Թող մեր սերն էլ կանգուն մնա։
Հե՜յ ուղտապան, ու՞ր ես դու գնում,
Լեյլային իմ ինչու՞ ես տանում։ 2X

Ողջ հավատս աշխարհում անցավոր
Կայծն էր սիրո, որ դարձել էր կյանք,
Խինդ է արցունքը թափված հանուն սիրո,
Խինդ է կյանքն այս հանուն հրի սիրո,
Միշտ, ով Աստվա՜ծ, թող սերը սրտերի
Սրտերին մնա մեր սիրո նման,
Որ Լեյլին ու Մաջնունն[1] առասպել դառնան,
Պատմությունը մեր թող հավերժ լինի։
Դու հիմա փախչում ես սիրուց իմ,
Չես կարդում աչքերումս վիշտն իմ,
Չես տեսնում այս վշտից վիճակն իմ,

Քեզնից հետո չեմ մնա անգամ Աստծուն,
Դու մահն իմ սրտի տես ու գնա՜,
Ուժգին հողմի պես վշտի ճյուղից
Ծաղիկը գոյության իմ քաղիր ու գնա՜,
Քանզի ես ծառն եմ այն միակ,
Որ նստած է այս հողմի ոտքի տակ,
Գոյության իմ ճյուղերը բոլոր`
Կոտրված բնության ցասումից։

Հե՜յ ուղտապան, հե՜յ քարավան,
Լեյլային իմ ու՞ր ես դու տանում,
Ա՜խ, տանելով Լեյլային իմ
Հոգին ու սիրտն ես իմ դու տանում։
Հե՜յ ուղտապան, ու՞ր ես դու գնում,
Լեյլային իմ ինչու՞ ես տանում։ 2X

Թարգմանությունը պարսկերենից՝ Սոնա Փափազյանի և Դիանա Սիսակյանի

[1]«Լեյլի և Մաջնունը» (պարս․՝ لیلی و مجنون) դասական արևելյան սիրային ողբերգություն է, որը հայտնիության գագաթնակետին է հասնում պարսիկ բանաստեղծ Նեզամի Գյանջավիի վերամշակմամբ։ Այն մեծ ազդեցություն է թողել իրանական և համաշխարհային գրականության վրա։

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *