Աղվան Վարդանյանի «Ելք երկրից» ժողովածուի առաջաբանը
Բանաստեղծությունը կամ, ավելի որոշակի ասեմ, բանաստեղծության ոսկին գնահատվելու շատ չափանիշներ ունի. զանգված, քաշ, անվանական արժեք, իբրև արժույթ, իբրև ձուլակտոր, իբրև զարդ: Բայց այդ ամենով հանդերձ` ոսկու վրա փոքրիկ մի նշում է դաջված, որը կոչվում է հարգադրոշմ: Դա գնանշում չէ, որ փորձագետները կամ վաճառողներն են դնում, ոչ էլ այն արժեքը, որ քննադատները կամ թեկուզ ընթերցողներն են սահմանում: Դրանք փոփոխական են և կարող են բարձրանալ կամ իջնել: Հարգադրոշմը ոսկու աստիճանակարգն է. դա է, որ կարգում է«ազնիվ մետաղ» փոխաբերությունը: Հարգով է որոշվում Մենդելեևի աղյուսակի այդ տարրի զտությունը և հնչունությունը` առաջին դեպքում նրան կապելով հումից, անմշակից կամ խառնից նրա զատման աստիճանին, երկրորդ դեպքում` թերևս հնչմունքի հետ այն աշխարհների, որտեղից իջեցվել է: Երկրորդ դեպքում ոսկին այլևս ոչ թե քիմիական տարր է, այլ` երաժշտության և մելոսի: Կարող եմ նաև ասել, որ հարգը մի տեսակ լույսի ներկայությունն է այդ մետաղի մեջ: Համենայնդեպս, որոշիչը դա է:
Հայոց բանաստեղծության մեջ Միսաք Մեծարենցի բանաստեղծություններից ավելի հուժկու, ավելի զանգվածեղ և պաթետիկ (ես սա ասում եմ լավ իմաստով), գուցե և ավելի գործնական ու գործածական ձուլակտորներ կան: Բայց ինձ համար ամենաբարձրը նրա բանաստեղծության հարգն է: Միջնադարի մեծ բժշկապետ Պարացելսուսի ամենազորեղ բուժամիջոցները նրա կարմրոսկե փոքրիկ հմայիլներն էին, որոնք նա դնում էր իր հիվանդների սրտերին:
Այս ամենը ես ասում եմ ասելու համար, որ անցած դարի 80-90-ականներին մեր բանաստեղծություն եկածների մեջ ամենաբարձր մի հարգադրոշմը Աղվան Վարդանյանի բանաստեղծությունների վրա էր դրված:
Այս գրքում ամփոփված է այն, ինչ այն ժամանակ երիտասարդ բանաստեղծը հասցրեց հրատարակել և առաջին գիրքը տպագրելուց հետո գրել: Հետո մեկը գողեգող – բայց ինչո՞ւ գողեգող – մոտեցավ այդ թվականներին արդեն կոհորտա ձևավորող տաղանդավոր մի խումբ մարդկանց և նրանց ներքաշեց իր ոլորտ,- նրա անունը այն ժամանակ, կարծեմ, քաղաքականություն էր:
Բնական էր, որ ինչը երազվում էր բանաստեղծությամբ և բանաստեղծության մեջ` այդ մարդիկ հնարավորություն տեսան կիրառելու նաև քաղաքականության մեջ: Ստացվե՞ց: Չգիտեմ, չգիտեմ: Բայց որ Աղվան Վարդանյանի բացակայությունը մեր բանաստեղծության մեջ նրա մի հնարավորության բացակայությունը եղավ` համոզված եմ…
Հայոց բանաստեղծության` Նարեկացու«Տաղերով» իր ձևավորումն ստացած և Մեծարենցով լրման եկած ներբողային գիծն էր, որին կագնել էր Աղվան Վարդանյանը: Նրան հատուկ է աշխարհում բովանդակ եղողի – Հովհ. Թումանյանը դրան ասում է աստնվոր – փառաբանումը: Ֆրանցիսկ անունով կաթողիկե աշխարհի ասսիզեցի սրբից («Փառաբան լեր, Տեր, վասն քամու, ով եղբայրն է մեր») դեռևս գրեթե երկու հարյուրամյակ առաջ հայոց ճգնավորն ու բանաստեղծը իր «Տաղերում» մեջտեղ էր հանել այն բերկրանքն ու ցնծությունը, որը ճառելի է դարձնում Աստծուն և անճանաչելին վայելքի մեջ է քաշում ամեն ինչով` Լույսով, Քամիով, Անձրևով, Խոտով, Առավոտներով, Բլուրներով, Ջրերով, Ցնծությամբ և Սգով, Ծնունդով և Մահվամբ…
Այս ավանդույթը Տերյանի և Չարենցի մի շարք բանաստեղծություններից հետո ասես ընդհատակ անցավ: Իմ ասած ութսունական թվականներին այն վերածնվելու և ծավալվելու հնարավորություն ուներ… Աղվան Վարդանյանի բանաստեղծությունները ահա այդ հնարավորություններից էին: Այս վերահրատարակվող գրքում զետեղված մի քանի տասնյակ բանաստեղծությունները իրենց լեզվով և գեղեցիկ առոգանություններով ահա այդ կորած և ինձ համար շատ թանկ գիծն են շարունակում…
Ինչպե՞ս բնութագրենք այս բանաստեղծությունը: Ավետարանը անբնութագրելին բնութագրելու կամ նրա մասին ինչ-որ կերպ խոսելու միակ հնարավոր ձևն է առաջարկում` առակը: Ես էլ դիմեմ նրան: Մեկը – հաստատ բանաստեղծ – իր հայրենի Նախիջևան երկրի` քարտեզի վրա այլևս զուր փնտրվելիք Գեմուր իրենց գյուղի` իրենց տան դեմի չորս բլուրների պատկերը աչքերի մեջ` մի օր հյուր գնաց մեր երկրի հյուսիսների Կորխ գյուղ: Բայց ինչպե՞ս գնաց: Ասենք` իբրև հարսնատես: Իր հարսնատեսությանը սպասող այդ գյուղի բլուրը զուգվելզարդարվել էր: Նրա ուսին թռչուն էր նստած: Նրա կրծքին ծաղիկ էր բացվել: Ես ասում եմ` հարսնատես, բայց կարելի է ասել նաև բլրատես: Ինչպես որ վերոհիշյալ նույն գծի նրա գրչեղբայրը` Աշոտ Ավդալյանն է իր մի բանաստեղծության մեջ երկիր այցելելու – և, ավաղ, իսկույն հեռանալու – իր կյանքի ծեսը անվանել Երկրատես: Ուրեմն` բլրատես: Իսկ ի՞նչ տեսավ այնտեղ: «Ինչ որ տեսա` մի պահ տեսա»: Ասվում է`«մի պահ», որովհետև այդպես կայծակնային է բանաստեղծության մեջ երևացածը: Այն չի պատմվում, ինչպես որ չի պատմվում հենց ինքը` կայծակը: Եվ քանի որ մենք չենք կարող այն վերապատմել` ստիպված ենք նորից ու նորից բացել բանաստեղծությունների այս գիրքը: Եվ ի՞նչ նվերով է բանաստեղծը գնացել իր այդ ծեսին: Բայց բանաստեղծները մի նվերով կարող են վերևում ասված «աստնվորի՚` դաշտ ու բլուրի, ջրի և օգոստոսի, քամու և թռչունի, լույսի և միջօրեի, զատիկի և գառի սիրտը առնել – բառերով: Աղվան Վարդանյանի բառերը, տոներն ու կիսատոները բավական են դրա համար…
Թող ների մեր ընկերը (ՙընկեր՚ բառը միայն կուսակցական իմաստ չունի, այլ նաև` ավետարանական), եթե ես ասեմ, որ չգիտեմ` ինքը կվերադառնա՞ բանաստեղծություն (դրա մի նշանը կա. վերջերս զանգեց և ասաց, որ բանաստեղծություն է գրել),- բայց դա թողնելով իրեն իր բուն աշխարհ` բանաստեղծության բնաշխարհ վերադարձնելու իր կարողությանը` ես ոչ մի քաշվելու բան չունեմ ասելու, որ այս մի բուռ բանաստեղծությունները ինձ համար վերջին շրջանի մեր բանաստեղծության մեջ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ են: Ես կարող եմ ասել նաև` ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ:
Գործի բերումով ժամանակին դրանց մեծ մասը առաջինը – կամ առաջիններից մեկը – հավանաբար ես եմ կարդացել, բայց բանաստեղծության բերումով ես հավանաբար վերջինն եմ – երևի հեղինակի հետ միասին – ով դրանք երբեք չի մոռացել:
Չեմ մոռացել, որովհետև դրանցում առկա է երեք բան.
Առաջինը և ամենակարևորը` ոճ`«ոճը մարդն է», տվյալ դեպքում`«ոճը բանաստեղծությունն է» հայտնի մեկնաբանությամբ. ոճ կարող է ունենալ միայն անհատականությունը, բանաստեղծ անհատականությունը, տվյալ դեպքում` միայն նրա կերտած բանաստեղծությունը:
Երկրորդ` լեզու – Աղվան Վարդանյանի բանաստեղծություններում մի սքանչելի հայերեն է ցնծում:
Եվ ապա` զարմանալի, թեթև, անբռնազբոսիկ, առինքնող և մի տեսակ զվարթ տխրությամբ պարուրող գեղեցկություն, որ միջօրեի կամարներին հեղված լույսն է ունենում: Վերջինս` պարուրված չքնաղ ռիթմերով, որոնց հույները «մետրիկա-տաղաչափություն» կամ «պրոսոդիա» էին ասում, ես վերջին բառը թարգմանում եմ «առոգանություն»,- Աղվան Վարդանյանը այն բանաստեղծն է, ով առանձնանում է անգամ իր առոգանություններով:
Չմոռանամ նշել հանգավորման համակարգի խիստ ինքնատիպ լուծումները, որոնցից մի քանիսը մեր բանաստեղծության մեջ Աղվան Վարդանյանի ՙներմուծումներն՚ են:
Ընթերցելով-վերընթերցելով այս գիրքը` ես ևս մի անգամ համոզվեցի, որ լավ բանաստեղծությունը քանակական բնութագիր չունի. պոեզիայի պատմության մեջ քիչ չեն 40-50 բանաստեղծություն թողած այն բանաստեղծները, որոնք մեկնաբանության և հիացմունքի 40-50 հատոր են ծնել: Օրինակ` Ֆրանսուա Վիյոն անունով ֆրանսիացի խուլիգան հրեշտակը:
Մի բան էլ. լավ բանաստեղծությունը չի հնանում կամ մոռացվում. Աղվան Վարդանյանի բանաստեղծությունների մեծ մասը, լա°վ, եթե ուզում եք, որ Վիյոնի անունը տալուց հետո ես մեղմասացությամբ ասեմ` առնվազն մի քանիսը (բայց թեկուզ և մեկը) այն լավագույններից են, որոնց վրա դրված է հայերենի ոսկու ամենաբարձր հարգադրոշմը: