Սերգեյ Մկրտչյանն | Հիմա՝ աղմուկ

Հա, իրո՛ք ընկալեցի վերջապես, համաձայն եմ այս մտքին՝ ապրում եմ միայն նկարելու համար։ Ժամանակ առաջ, երբ դեռ հասկանալ էի սովորում, ինձ ինչ-որ մեկը ասաց, կամ, չեմ հիշում կոնկրետ, երևի մտքերս հուշեցին  «ապագան խոստանում է ցուցահանդես, որում ներկված են լինելու միայն ներկայի գույները»: Իմ ամբողջ կինոյիկ էպիզոդների միակ դիտորդը սեփական հիշեցումներն են, բայց դեռ շատ քիչ նկարներով ներկա ցուցահանդեսում։ Ինչ խոսք՝ ավելացնեմ պատկերները։
-Ցանկանու՞մ ես քեզ գտնել։
-Հարցիդ կպատասխանեմ փոքր նախաբանով։ Երիտասարդ էի դեռ, երբ ինքս ինձ համար եզրույթ որոշեցի։ Այդ պահին թվաց, որ էլ ավել էգոիստ եմ ու այսուհետ իրավունք չունեմ ինձ ինչ-որ տեղ փնտերլու։
-Հետո՞ ․․․
-Փորձում էի բառերը բացել։ Հայտնի բոլոր օգտագործվող անունները, որոնք հաստատուն կրկնում էի՝ կարծելով, որ գիտեմ։ Երկար էին տևում պեղումները, սակայն ամենաբարդը որոշումս պահապանելն էր․եսս չխառնել նրանց հետ։ Լռում էի, որ հասկանամ՝ ինչ է լռությունը, զայրանում՝ զայրանալու համար, ստելուց հետո էլ օգտագործում լռությունը, որ հանկարծ դրդապատճառներ չհորինեմ. այդպես սուտն էլ ընկալեցի ինչ բան է։
-Ամեն դեպքում, ո՞րն էր բոլորից շատ հենց քոնը։
-Խա,խա․․լա՜վն էր։
-Ու՞․․.
-Հիսուն ոտնաչափ առաջ՝ մինչ քեզ գտնելը, հանդիսատեսը քիչ էր, սակայն բավարար։ Քայլող անցորդները խոժոռում էին իրենց դեմքը «պերֆերատորի» դռդռոցից՝ փորձելով պաշտպանել ներքին լսողության փափուկ խեցիները։ Գիտե՞ս, երբ լարես դեմքիդ մկանները, դա քեզ չի օգնի, որ չխլանաս։ Ուզում էի հայտնել դրա մասին, սակայն նրանց չէի տեսնում։ Աչքերս փակ էր։ Մազութի հետքերը դեմքին՝ փողոցում աշխատող բանվորը բռնեց ուսիցս։ Ջղաձգված հայացքով փորձում էր ինձ արթնացնել։ Չէի լսում նրան, կամ լսել էի դեռ առավոտյան, երբ զարթուցիչն էր աղմկում։ Մի հակասություն էր մոլորեցրել. այդ դռդռոցը ավելի ինձ մտերմացրեց քնին, քան հանգստությունը։ Իմ զարթուցիչը ավելի իրական էր նրա դեմքից, որը կոչ արեց հեռանալ փողոցի այդ հատվածից, որտեղ ասֆալտն էին քանդում։ Դե, երևի, արդեն հասկացար՝ շատ եմ ուսումնասիրել հայացքներ։ Տուր մարդուն երեք վայրկյան զարմանալու համար, կամ մեծ խրախճանքի խնդություն և աչքերի մեջ կկարդաս անդիմակ պատահականությունը, նրանք չեն հասցնի տրամադրվել։ Հանգստության մեջ բոլորի միտքը, անկախ իրենցից, արդեն բեմադրում է հաջորդ հայացքը։
Երբ հեռացա փողոցի այդ անկյունից, հետզհետե կորչող ձայների պակասը ստիպեց քայելու ընթացքում կոշիկի կրնկամասով հարվածել գետնին։ Հետո քեզ նկատեցի։ Լսիր,մի այլ կարևոր բան եմ ուզում հայտնել քեզ, դու ինձ լավ ես հասկանում։ Ես․․․
-Ի՞նչ եք ուզում իմ երեխայից,-հարցրեց մի կին, որը շտապեց բռնել մանկասայլակից և կարծեմ ատելության նախանշաններով ընդհատեց ինձ։
-Ոչինչ,ուղղակի զրուցում էինք, հրաշք բալիկ է։
– Շնորհակալ եմ, նա դեռ մի տարեկան էլ չկա, հաջողություն,-ասաց կինը և հեռացավ քշելով սայլակը, իսկ իմ զրուցակիցը շարունակեց անխոս ժպտալ, երբ ձեռքով հաջողություն էի անում նրան։
Քեզնից ութ տարով էի մեծ, երբ առաջին անգամ հայտնվեցի թատրոնում։ Բեմում ասպետական երկաթներով դերասաններ էին։ Լի դահլիճը կարծես խլանում էր հնչող «Օ ֆորտունայից», նրանք չէին տարբերվում դռդռոցից մռայլացած անցորդներից, որոնց, սակայն, կրկին չէի նկատում։ Հիմա ցուցահանդեսին ավելացավ ևս մի բառ։
-…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *