Կյանքից դեն նետված հինգ հոգի
Հազար ինը հարյուր երեսուներկու թվական, ապրիլի վեց, շաբաթ երեկո
Կարմրած աչքերով մարդիկ լցրել են ոսկու արդյունաբերության փոխանակման բորսան։
Ոսկու կուրսը գցող քամին փչում է հարյուր կիլոմետր ժամ արագությամբ, մարդկանց փչում դարձնում է վայրի գազան, փչում տանում է բանականությունը, փչում տանում է նյարդերը։
Հու Ծյունյին անտարբեր ժպտաց, ասաց․ «Ինչի՞ց վախենամ։ Հինգ րոպեից կուրսը նորից կբարձրանա»։
Հինգ րոպե անցավ․ «Իջավ վեց հարյուր լյանի»։
Փոխանակման բորսայում կրկին լուրեր տարածվեցին․ «Ճապոնիայում ուժեղ երկրաշարժ է եղել»։
«Ութ հարյուր յոթանասուն լյան»։
«Երեսուն երկու լյան»։
«Յոթ ամբողջ երեք ցիեն»։
(Պոպլինի կտորից խալաթ հագած, բերանի անկյունում ժանիքի տեսքով մուշտուկ սեղմած մի միջին տարիքի մարդ հանկարծակի ուշագնաց եղավ։)
Ոսկու կուրսը գցող քամին ավելի արագ է փչում։
Հինգ րոպե էլ անցավ, Հու Ծյունյին վերևի ատամով կծեց ներքևի շրթունքը։
Երբ շուրթը վնասվեց, ութ հարյուր հազարի սեփականությունն էլ ոսկու կուրսը գցող քամին վնասեց։
Երբ շուրթը վնասեց, մի ժամանակակից բիզնեսմենի ամուր սիրտ էլ վնասվեց։
Հազար ինը հարյուր երեսուներկու թվական, ապրիլի վեց, շաբաթ երեկո
Ճըն Փինը նստած է համալսարանի բակի լճակի մոտ։ Նրա դիմացով զույգ-զույգ սիրահարներ են անցնում։ Նա աչքերը չորս արած նայում է, սպասում, սպասում Լին Նինային։
Երեկ երեկոյան նա երաժշտություն էր ուղարկել, ներքևում գրել․ «Եթե դեռ ինձ թույլ ես տալիս ապրել, վաղը երեկոյան արի համալսարանի բակի լճակի մոտ։ Քո պատճառով անգամ մազերս ես տառապանքից սպիտակել»։
Լին Նինան անգամ երաժշտությունը չվերադարձրեց։ Մի գիշերում Ճըն Փինի մազերը նորից սև դարձան։
Այսօր ճաշելուց հետո նա այնտեղ սպասում էր, սպասում էր ու մտածում․
«Մի ժամը բաժանում ենք վաթսուն րոպեի, մի րոպեն բաժանում ենք վաթսուն վայրկյանի։ Էս բաժանումը ճիշտ չի, հակառակ դեպքում, ինչի՞ եմ ընդամենը մեկ ու կես ժամ սպասել, բայց զգում եմ, որ մորուքս էլի է երկարել»։
Լին Նինան եկավ, այն Երկարաոտ Վանի հետ։
– Hey, Ա Փին, ո՞ւմ ես սպասում, – Երկարաոտ Վանը ծաղրանքով նայեց։
Լին Նինան գլուխը թեքել էր, չէր նայում իրեն։
Ճըն Փինը քթի տակ երգի նախադասություններն էր ասում․
«Օտա՜ր
Ժամանակին ես քեզ «սիրելիս» էի անվանում
Հիմա ասում ես, որ օտար եմ
Օտա՜ր
Ժամանակին ասում էիր՝ քո ստրուկն եմ
Հիմա ասում ես, որ օտար եմ
Օտա՜ր»
Լին Նինան քաշեց Երկարաոտ Վանի ձեռքից, որ գնան։ Երկարաոտ Վանը գլուխը շրջեց Ճըն Փինի կողմ ու ծաղրանքով նայեց։ Ճըն Փինը վերևի ատամով կծեց ներքևի շրթունքը։
Երբ շուրթը վնասեց, նրա մազերը էլի սպիտակեցին։
Երբ շուրթը վնասեց, Ճըն Փինի դեմքի մազերը մաշկի տակից էլի աճեցին։
Հազար ինը հարյուր երեսուներկու թվական, ապրիլի վեց, շաբաթ երեկո
Սյաֆեյ փողոց, փողոց՝ վերցրած Եվրոպայից։
Ոսկեդեղին, արևի լույսով թաթախված ու լայն տերևներով ամբողջովին ծածկված փողոցով քայլում էր։ Դիմացից քայլող մի երիտասարդ հանկարծ գլուխը թեքեց, մի հայացք գցեց նրա վրա, կողքի երիտասարդին բան ասաց։
Նա ականջները սրեց, լսեց․
Երիտասարդ Ա․
-Հինգ տարի առաջվա էն հայտնի Հուան Դայցիե՞նն է։
Երիտասարդ Բ․
-Նայելը հաճույք է։ Տեսքն իրոք․․․․ ամե՛ն։
Երիտասարդ Ա․
-Ափսոս մենք ուշ ենք ծնվել։ Ամե՛ն։ Կինը հինգ տարուց ավել ջահել չի մնում։
Ասես մի օձ կծեց նրա սիրտը, շտապ անցավ դիմացի փողոց։ Երբ գլուխը բարձրացրեց, ցուցափեղկի մեջ տեսավ իր ստվերը, երիտասարդությունը իրենից թռել էր ուրիշի մոտ։
«Կինը հինգ տարուց ավել ջահել չի մնում»։
Վերևի ատամով կծեց ներքևի շրթունքը։
Երբ շուրթը վնասեց, օձը կուլ տվեց իր սիրտը։
Երբ շուրթը վնասեց, նորից վազեց զարդերի ֆրանսիական կրպակ։
Հազար ինը հարյուր երեսուներկու թվական, ապրիլի վեց, շաբաթ երեկո
Ծի Ծիեի աշխատասենյակում։
Գրապահարանին տարբեր հրատարակչությունների Շեքսպիրի HAMLET-ն էր դրված՝ ճապոներեն թարգմանությամբ, գերմաներեն թարգմանությամբ, ֆրանսերեն թարգմանությամբ, ռուսերեն թարգմանությամբ, իսպաներեն թարգմանությամբ, անգամ թուրքերեն թարգմանությամբ։
Ծի Ծիեն նստած ծխում էր, նայում՝ ինչպես է ծուխը բարձրանում վերև, օրորվում, օրորվում։ Հանկարծ նա զգաց, որ ամբողջ տիեզերքը ծուխ է դարձել, բարձրանում է վերև։ Տարբեր հրատարակչությունների HAMLET-ները բացեցին բերաններն ու սկսեցին իր հետ խոսել․
-Դու ի՞նչ ես։ Ես ի՞նչ եմ։ Ի՞նչ է «դու»-ն։ Ի՞նչ է «ես»-ը։
Ծի Ծիեն վերևի ատամով կծեց ներքևի շրթունքը։
-Ի՞նչ ես դու։ Ի՞նչ եմ ես։ Ի՞նչ է «դու»-ն։ Ի՞նչ է «ես»-ը։
Երբ շուրթը վնասվեց, տարբեր հրատարակչությունների HAMLET-ները ժպտացին։
Երբ շուրթը վնասվեց, նա էլ ծուխ դարձավ ու վերև բարձրացավ։
Հազար իննհարյուր X թվական․․․ շաբաթ երեկո
Քաղաքային իշխանություններ։
Գլխավոր քարտուղար Մյաո Ծոնդանը հանկարծ քաղաքապետից գրավոր նամակ ստացավ։
Հինգ տարի աշխատել է այստեղ, քաղաքապետներ են փոխվել, բայց նա արմատներ է գցել, միայն վերև աճել, մի աստիճան չի իջել։ Ու երբեք քաղաքապետից նամակ չի ստացել։
Հինգ տարի աշխատել է այստեղ, ստանդարտ տառատեսակով փոքր տեքստեր գրել, նստել բազմոցին, կանաչ թեյ խմել, տեղական թերթի հատուկ էջերը կարդացել, երբեք չի ուշացել, երբեք շուտ չի գնացել, մեծ հավակնությունները, երազանքներն ու սիրավեպերը մի կողմ թողել։
Հինգ տարի աշխատել է այստեղ, երբեք քաղաքապետից նամակ չի ստացել։ Այսօր հանկարծ նամակ է ստացել։ Նա նամակը բացեց պաշտոնական փաստաթուղթ արտագրելու զգուշությամբ։ Ո՞վ կսպասեր։ Աշխատանքից ազատվելու նամակ էր։
Մի վայրկյանում աշխարհի վերջը եկավ։
Նա չհավատաց․ «Ի՞նչ սխալ բան եմ արել»։
Երկու անգամ էլ նայեց։ Մեկ է, ազատման նամակ էր։
Նա վերևի ատամով կծեց ներքևի շրթունքը։
Երբ շուրթը վնասեց, թանաքամանի թանաքը էլ տրորելու կարիք չկար։
Երբ շուրթը վնասեց, հաշվապահական բաժնի պետը ուղարկեց իր աշխատավարձը։
Շաբաթ գիշեր
Հաստ, ապակե պտտվող դուռ, որ կանգ առած հոլանդական հողմաղացի էր նման, շարժվելիս՝ բյուրեղյա սյունի։
Ժամը հինգից վեցը ամբողջ Շանհայը՝ մի քանի հարյուր հազար մեքենա, արևելքից լցվում էին արևմուտք։
Այնուամենայնիվ, գրասենյակի պտտադռները նմանվում էին հողմաղացի, ռեստորանների պպտադռները՝ բյուրեղյա սյունի։ Մարդիկ կանգնած էին փողոցի վերևում, լուսացույցի կարմիր լույսը լցվում էր նրանց մարմինների վրա, մեքենաները նրանց քթերի տակով անցնում էին։ Երբ բյուրեղյա սյուների պես դուռը կանգ էր առնում, մարդիկ ձկան պես լող տալով ներս էին մտնում։
Շաբաթ երեկոյի ծրագիրն էր․
1․ սառույցով ջրով ու պաղպաղակով ճոխ բանկետի մասնակցել
2․ սիրած մարդ գտնել
3․ մտնել գիշերային ակումբ
4․ սնուցող խորտիկները, բացի սառույցով ջրից, պաղպաղակից և մրգերից բացարձակապես արգելված են
(Հիշեցում․ խելքդ երկուշաբթի է գլուխդ գալիս, քանի որ կիրակի Շաբաթ է։)
Chicken a la king ուտելուց հետո միրգ է, հետո սև սուրճ։ Սիրելին Chicken a la king-ի պես նուրբ է, մրգի պես թարմ։ Բայց այդ կնոջ հոգին սուրճի պես սև է․․․ Եդեմից փախած օձ։
Շաբաթ երեկոյի աշխարհը ջազի առանցքի շուրջ պտտվող «մուլտֆիլմային» երկրագունդ է՝ այնքան թեթև ու այնքան խելահեղ։ Չկա երկրի գրավիտացիա, ամեն ինչ օդում է կառուցված։
Շաբաթ երեկոն իռացիոնալ օր է։
Շաբաթ երեկոն դատավորի հանցանք գործելու ցանկության օր է։
Շաբաթ երեկոն աստծու դժոխք մտնելու օր է։
Մարդիկ, որ կանանց հետ են եկել, լրիվ մոռացել են քաղաքացիական օրենսդրության գայթակղության մասին օրենքները։ Ամեն տղամարդու հետ եկած կին ասում է, որ դեռ տասնութ տարեկան չկա և թաքուն լեզու հանում։ Մեքենա վարողը լրիվ մոռացել է, որ դիմացը անցորդներ են, քանի որ նրա աչքերը վայելում են սիրած մարդու մարմնի տեսքը, իսկ ձեռքերը շոշափուկներ են դարձել։
Շաբաթ երեկոյան խուլիգանություն չանող մարդիկ բան են գողանում, անմեղների սիրտը լիքն է դավադրություններով, քրիստոնյաները ստում են, ծերերը կյանքը չխնայելով երիտասարդացնող հաբեր են կուլ տալիս, փորձառու կանայք Kissproof շրթներկ են վերցնում։
Փողոց․․․․
(Փու Յի անշարժ գույքի կազմակերպության ամեն տարվա մաքուր եկամուտի մեկ երրորդը․․․
100000 լյան
Արևելյան երեք նահանգները ընկա՞ն
Ոչ, արևելյան երեք նահանգների զինվորական կամավորները դեռ ձյան մեջ մինչ մահ պայքարում են ճապոնացի ագրեսորների դեմ
Հայրենակիցնե՛ր, միացեք ամենամսյա նվիրատվությանը
Դալու թերթի վաճառքները հասել են հիսուն հազարի
Հազար ինը հարյուր երեսուներեք թվական, Բաո Թաքը
Ազատ սթեյք կերեք)
«Երեկոյան թերթ»։ Թերթ վաճառող երեխան կապույտ բերանը բացած, բերանի մեջ կապույտ ատամներ ու կապույտ լեզու։ Նրա դիմացի կապույտ բարձրակրունկների ծայրը իր բերանին էր ուղղված։
«Երեկոյան թերթ»։ Հանկարծ նրա բերանը կարմրեց, կարմիր բերանից դուրս եկող լեզուն։ Դիմացի մեծ շշից գինի էր թափվում։
Կարմիր փողոց, կանաչ փողոց, կապույտ փողոց, մանուշակագույն փողոց․․․ վառ գույներով դիմահարդարված քաղաք։ Նեոնային լույսերը թարթում են․․․ հնգագույն լույսերի հոսք, փոխվող լույսերի հոսք, անգույն լույսերի հոսք, լույսով ողողված երկինք, երկնքում գինի կա, լամպեր կան, բարձրակրունկներ կան, ժամացույց կա․․․
Խմեք Ուայթ Հորս բրենդի վիսկի․․․ Ծիշը ծխախոտների ծուխը չի վնասում կոկորդը։
Ալեքսանդ կոշիկների խանութ, Ջոնսոն բար, ԼաՍալլե ծխախոտ, Դեյզի երաժշտական խանութ, Շոկոլադե կոնֆետների խանութ, Գուոթայ կինոթատրոն, Համիլթոն հյուրանոց․․․
Թարթում են, հավերժ թարթում են նեոնային լույսերը։
Հանկարծ նեոնային լույսերը անշարժացան։
«Հուանհոու գիշերային ակումբ»։
Ապակե դռների բացվելու ժամանակ հնդիկի դեմք երևաց, հնդիկը էլ չէր երևում, դուռը էլի բացվում էր։ Դռան դիմաց կապույտ վերարկու հագած մարդ էր կանգնած, ձեռքին սպիտակ փագ տեսակի շան ձագեր էին, ծվծվում էին։
Մի մեծ գորտ, զույգ աչքերը լայն բացած, որովայնը գետնին սեղմած, ապակե դռան դիմաց կռկռալով կանգնեց։ Մեքենայից, գլուխը կախած, գեղեցիկ օրիորդ դուրս եկավ, հետևից՝ երեկոյան կոստյում հագած ջենթլմեն, քաշեց օրիորդի թևից։
-Արի էս շներից առնենք։
Ջենթլմենը գումար հանեց, շուն գնեց ու տվեց օրիորդին։
-Ո՞նց ես ինձ շնորհակալություն հայտնելու։
Օրիորդը գլուխը ուսերի մեջ թաղեց, լեզու հանեց, քիթը կնճռոտելով ծաղրող դեմք ընդունեց։
-Charming,dear!
Այսպես նա սեղմեց շան փորը, որ հաչա ու ներս շտապեցին։
Հինգ ուրախ մարդ
Սպիտակ սփռոց, սպիտակ սփռոց, սպիտակ ափռոց, ապիտակ սփռոց․․․ սպիտակ․․․
Սպիտակ սփռոցի վրա՝ սև գարեջուր, սև սուրճ․․ սև, սև․․․
Սպիտակ սփռոցի մոտ նստած երեկոյան կոստյումով տղամարդ՝ սև ու սպիտակի կույտ՝ սև մազեր, սպիտակ դեմք, սև աչքեր, սպիտակ օձիք, սև փողկապ, սպիտակ օսլայած վերնաշապիկ, սև վերարկու, սպիտակ ժիլետ, սև տաբատ․․․ սև ու սպիտակ․․․
Սպիտակ սփռոցի հետևում կանգնած մատուցող, սպիտակ շորեր, սև գլխարկ, սպիտակ տաբատի վրա սև եզրագծեր։
Սպիտակամորթի երջանկություն, սևամորթի տառապանք։ Աֆրիկայի սևերի մարդակերության ծիսակատարությունը, ուժեղ ու թույլ ամպրոպ հիշեցնող թմբուկների ձայնը, շեփորի սուր ձայնը։ Մեջտեղում՝ հատակին, մի շարք մեծ տարիքի սլավոնական արքայադուստրեր սևամորթների չեկոտկա պարն են պարում, սև ատլասով ծածկված մարմնի տակ սպիտակ ոտքերը ցատկոտում են։
Դա, դա, դա․․․ դադա։
Էլի սև ու սպիտակի կույտ։ Ինչի՞ են կուրծքը ծածկել երկու կտոր ատլասով, փորի ներքևն էլ՝ մի կտորով։ Պարում են սլավոնական արքայադուստրերը, պարում են՝ սպիտակ ոտքեր, սպիտակ կուրծք ու սպիտակ փոր, պարում են, սպիտակի ու սևի կույտ․․ սպիտակի ու սևի կույտ։ Ներկաները բոլորը տառապում են մալարիայով։ Մալարիայի երաժշտություն, Աֆրիկայի թավուտների մեջ թունավոր մոծակներ են։
Ճաղավանդակներով աստիճանների մոտից քոթոթը հաչաց։ Ապակե դռները բացվեցին, օրիորդը դիմացն էր, ջենթլմենը՝ հետևում։
-Նայի՛ր, Պավլովայի խմբի պարը։
-Վատը չի, – ասաց ջենթլմենը։
Հաճախորդների զրույց․
-Նայի՛ր, Հու Ծյունյին։ Հու Ծյունյին է եկել։
-Դռան մոտ կանգնած էն միջին տարիքի մա՞րդը։
-Հա։
-Կողքի էն աղջիկը ո՞վ է։
-Հուան Դայցիե՞նը։ Ա՜յ, ինչ մարդ ես։ Հուան Դայցիենին էլ չես ճանաչում։
-Ո՞նց կարող եմ Հուան Դայցիենին չճանաչել։ Էս Հուան Դայցիենը չի։
-Ո՞նց թե ինքը չի։ Ո՞վ ասաց՝ ինքը չի։ Գրազ եմ գալիս, ինքն է։
-Հուան Դայցիենը էսքան երիտասարդ չի։ Էս Հուան Դայցիենը չի։
-Ո՞նց թե էսքան երիտասարդ չի, մոտ երեսուն տարեկան չի՞։
-Էն կողքի աղջիկը երեսուն տարեկան կա՞։ Երեսուն տարեկան չի լինի։
-Չեմ վիճում հետդ։ Ասում եմ, որ Հուան Դայցիենն է, ասում ես՝ չէ։ Հետդ գրազ եմ գալիս մի շիշ գինու վրա։ Նորից ուշադիր նայիր։
Հուան Դայցիենը լայն ժպտում էր, Նորմա Շիրըրի ոճի կարճ սանրվածքի տակ աչքերից մեկն էր երևում, աչքերի անկյունում շատ կնճիռներ կային, բայց վարպետորեն թաքցրած էին սև աչքերի և երկար ունքերի մեջտեղում։ Նա բարձր քիթ ուներ, որ ստվերում էր բերանի անկյունների կնճիռները։ Բայց աչքերի տառապանքը անգամ ժպիտով չէր կարող թաքցնել։
Շեփորը արագ փչում էր, սլավոնական կես սև կես սպիտակ արքայադուստրերը հերթով կենտրոնից սահեցին սպիտակ սփռոցների վրայով, երեկոյան շորերով տղամարդկանց մեջ հերթով հալվեցին։ Մի ծնծղա ապակե ափսեի պես ընկավ գետնին, վերջին սլավոնական արքայադուստրը կիսով չափ կռացավ, հետո էլ չերևաց։
Ծափերի պոռթկում, տանիքը կարծես փլվելու վրա էր։
Հուան Դայցիոնը քոթոթին շպրտեց Հու Ծյունյինի վրա, ծափ տվեց, Հու Ծյունյին անմիջապես ծափ տվող ձեռքերով բռնեց շանը, բարձր ծիծաղեց։
Հաճախորդների զրույց․
-Լավ, հետդ գրազ եմ գալիս։ Ասում եմ՝ էն աղջիկը Հուան Դայցիենը չի։ Ա՜յ, համբերի։ Ասում եմ՝ Հուան Դայցիենը էդքան երիտասարդ չի, ասում եմ՝ հեսա երեսուն տարեկան է, ասում ես՝ Հուան Դայցիենն է։ Գնա հարցրու իրեն, եթե քսանհինգ տարեկան չկա, ուրեմն Հուան Դայցիենը չի, ինձ մի շիշ գինի ես պարտվում։
-Բա եթե քսանհինգից մեծ լինի՞։
-Ես քեզ կպարտվեմ։
-Լավ։ Փոշմանել չկա, եղա՞վ։
-Հարց չկա, գնա։
Հուան Դայցիենն ու Հու Ծյունյին նստած էին սպիտակ սփռոցի կողքին, մի մատուցող այդ պահին իր կողքին սպիտակ թաշկինակով փաթաթած գինու շշից նարնջադեղին գինին լցնում էր գավաթի մեջ։ Հու Ծյունյին նայեց գինուն, ասաց․
-Գինու պես կարմիր շուրթեր։ Քո բերանի գինին էլ ավելի արբեցնող է։
-Չարաճճի՜։
-Երգից նախադասություն է։
-Հա՜, հա՜, հա՜։
-Ներողություն, դուք քսան տարեկա՞ն եք, թե՞ երեսուն։
Հուան Դայցիենը գլուխը շրջեց, տեսավ, որ հաճախորդ Ա-ն կանգնած է իր հետևում։ Նա չհասկացավ՝ ում հետ էր խոսում, նայեց այդ մարդուն։
-Ասում եմ, Դուք էս տարի քսան տարեկա՞ն եք, թե՞ երեսուն։ Քանի որ ես ու ընկերս․․․
-Ի՞նչ, ի՞նչ էիք խոսում․․․
-Հարցնում եմ քսան տարեկա՞ն եք, թե՞․․․
Հուան Դայցիենը զգաց, որ ցերեկվա օձը էլի կծեց սիրտը, կատաղած վեր թռավ, ուժեղ ապտակեց, անմիջապես հետ քաշեց ձեռքերը, կծեց շուրթերը, գլուխը սեղանին իջեցրեց, սկսեց լացել։
Հու Ծյունյին ասաց․
-Ի՞նչ նկատի ունես։
Հաճախորդ Ա-ն ձախ ձեռքով ծածկեց ձախ այտը․
-Ներողություն, ներեցեք ինձ, սխալ մարդու էի մոտեցել, – խոնարհվեց ու հեռացավ։
-Սրտիդ մոտ մի ընդունիր, Դայցիեն։ Ուրիշի հետ էր քեզ խառնել։
-Ծյունյի, ես իրոք ծե՞ր եմ երևում։
-Չէ, չէ։ Իմ աչքերում դու հավերժ երիտասարդ ես։
Հուան Դայցիենը սկսեց ծիծաղել։
-«Քո» աչքերում հավերժ երիտասարդ եմ։ Հա-հա, հավերժ երիտասարդ եմ, – բաժակը բարձրացրեց, – իմ երիտասարդության համար, – խմեց գինին ու Հու Ծյունյիի ուսին հենվեց, սկսեց ծիծաղել։
-Դայցիեն, ի՞նչ եղավ։ Ո՞նց ես։ Դայցիեն։ Նայի՛ր, գժվել ես։ Գժվել ես, – շան փորը սեղմելով ճչաց։
-Հեչ էլ չեմ գժվել, – հանկարծ լռեց։ Քիչ անց նորից ծիծաղից պոռթկաց, – ես հավերժ երիտասարդ եմ, – արի ամբողջ գիշեր ուրախանանք, – Հու Ծյունյիին պարահրապարակ քարշ տվեց։
Մի դատարկ սեղան մնաց։
Կողքի սեղանի մոտինը ցածրաձայն ասաց․
-Էս աղջիկը լուրջ գժվել է։
-Հուան Դայցիենը չի՞։
-Ինքն է։ Վերջը ծերացավ։
-Իր հետի տղան նման է Հու Ծյունյիին, մի անգամ ընկերս հյուր էր կանչել, բանկետի ժամանակ հանդիպել եմ։
-Հաստատ ինքը չի՝ ոսկու արքա Հու Ծյունյին։
-Էս քանի օրը շատ չե՞ն խոսակցությունները, որ ամբողջ ոսկին կորցրել է։
-Ես էլ եմ լսել, որ խոսում են։ Բայց հիմա որ տեսա՝ նստեց Լինքըլն մեքենան, Հուան Դայցիենի հետ խանութից լիքը բաներ առավ, չեմ մտածում, որ ամեն ինչ միանգամից է կորցրել, առաջին օրը չի, որ ոսկու գործով է զբաղվում։
Ապակե դուռը նորից բացվեց, ծիծաղելով ներս մտան մի քսաներկու-երեք տարեկան տղամարդ ու համարյա իր տարիքի մի մարդ՝ թևից քաշելով։ Իրենց հետ մի շատ երիտասարդ օրիորդ, որի դեմքից երևում էր, որ տեղը չի գտնում, քայլում էր, հետևում մի քիչ ժպտում։ Առաջինը մտած մարդը նայեց պարահրապարակի մենեջերի ճաղատ գլխին, որ ձեռքը բարձրացրեց ու բութ մատով քորեց փայլուն սափրած գլուխը․
-Շա՜տ փայլուն է։
Փորը բռնած հետ ընկավ ծիծաղից։
Բոլորը գլուխները թեքեցին, նրան նայեցին։
Վերնաշապիկի վրա կրծքին գինու հետքեր էին, մի մազ ընկած էր ճակատին, աչքերը կարծես սառն ու տաքից խոնավացել էին, երկու թշերը կարմրել էին, կրծքի փոքր գրպանում անփութորեն մի թաշկինակ էր խցկած։
-Էս ջահելը ինչքա՞ն է խմել։
-Էս ո՜նց է խմել։
Ճաղատ գլխովը գլուխը քորելով շտապեց, որ օգնի նրան վեր կենալ ու հարցրեց մեկ այլ տղամարդու
-Պարոն Ճընը որտե՞ղ է խմել։
-Հյուրանոցում։ Էսքան խմել է ու մի բան էլ էստեղ է եկել, – հանկարծ մոտեցավ նրա ականջին, ասաց, – տեսե՞լ ես՝ օրիորդ Լինը եկե՞լ է էստեղ, էն Լին Նինան։
-Էստե՜ղ է։
-Ո՞ւմ հետ է եկել։
Այդ պահին սեղանի մոտ կանգնած մի կին կողքի տղամարդուն ասաց․
-Չգնա՞նք։ Էն հարբեցողն եկավ։
-Վախենո՞ւմ ես Ճըն Փինից։
-Էնպես չի, որ վախենում եմ։ Հարբել է, իմաստ չկա կոպտել։
-Եթե ուզում եմ դուրս գալ, չպիտի՞ իր դիմացով անցնենք։
Աղջիկը փափկացրեց ձայնը, զառանցելու պես ասաց․
-Գնա՛նք։
Տղան գլուխը իջեցրած ականջին ասաց․
-Լավ, սիրելի՛ Նինա։
Նինան ժպտաց, կանգնեց ու դուրս քայլեց։ Տղամարդը իր հետևից։
Պարահրապակի մենեջերը գոռաց․
-Էն ինքը չի՞։
Հարբածի հետ մտած կինը խառնվեց խոսակցությանը
-Ճիշտ էլ գուշակել էի, էն Երկարաոտ Վանը չի՞։
-Թու՜։ Թշնամիները հանդիպեցին։
Երկարաոտ Վանն ու Լին Նինան մոտեցան։ Լին Նինան տեսավ Ճըն Փինին, գլուխը կախ, կամաց ասաց՝ «Մինսին»։
-Նինա, էստեղ եմ, մի վախեցիր։
Ճըն Փինը ծիծաղում էր, ծիծաղում, ծիծաղում։ Չգիտես ինչու ծիծաղելիս արտասուք էր գալիս աչքերից։ Արցունքի կաթիլների հետևից տեսավ Նինան իր կողմ է քայլում, ուրախ բացականչեց․
-Նի․․․
-Արցունքները սրբեց, պարզ տեսավ Նինային՝ կախված Երկարաոտ Վանի թևից․
-Նի․․ դու։ Հըմ, էս ինչ է, – թևերը բարձրացրեց։
Ընկերը անմիջապես բռնեց նրա թևը․
-Նայի՛ր, ուրիշն է, – քարշ տվեց առաջ։ Հետը եկած օրիորդը գլխով արեց Նինային, Նինան մեղմորեն ժպտաց, իջեցրեց գլուխը, Ճըն Փինին նայող Երկարաոտ Վանի հետ դուրս եկավ, հասավ մուտքին, բացեց ապակե դուռը, դուրս եկավ։ Մի զույգ՝ կին ու տղամարդ, դրսից բացում էին ապակե դուռը, որ ներս մտնեն, դռան վրայի կարմիր լույսը արտացոլվում էր ապակու վրա։
Մի միտք փայլատակեց Երկարաոտ Վանի գլխում․ «Էս ինձ թողած Ճըծյունը չի, ինչի՞ է Մյաո Ծոնդանի հետ»։
Մի միտք փայլատակեց Ճըծյունի ուղեղում «Երկարաոտ Վանը ընկերուհի է ձեռք բերել»։
Երկարաոտ Վանը հրեց իր ձախ կողմի դուռը, Ճըծյունը հրեց աջ կողմի դուռը։ Երբ ապակե դուռը շարժվեց, նեոնային լույսը արտացոլվեց վրան, Երկարաոտ Վանը քաշեց Նինայի արմունկից, ջերմորեն ասաց․ «Dear!»
Ճըծյունը կախվեց Մաո Ծոնդանի թևից, ժպտալով գլուխը քիչ բարձրացրեց․
-Ծոնդա՜ն․․
Ծոնդանի գլխում սա էր․ «Հարգելի՛ Մյաո Ծոնդան, քաղաքապետի նամակ, քաղաքապետի նամակ, հարգելի՛ Մյաո Ծոնդան»։
Ապակե դուռը փակվեց, դռան վրայի կանաչ թավիշը բաժանեց Երկարաոտ Վանին ու Մյաո Ծոնդանին։ Հասան միջանցք ու հանդիպեցին թմբուկ նվագող երաժիշտին՝ Ջոնսոնին, որ շտապ դուրս էր վազում, Մյաո Ծոնդանը ձեռքով արեց։
-Hello,Johny!
Ջոնսոնի աչքերը իր կողմ թեքվեցին, նորից առաջ նայեցին․
-Հետո կխոսենք։
Մյաո Ծոնդանը ներս մտավ ու թողեց Ճըծյունը նստի։ Միայն տեսավ դիմացի սեղանի մոտ մեկը՝ մազերը խառը, ձեռքերը կատաղի սեղմած, ընկած կողքի սեղանին գինու բաժակներն է թխկթխկացնում։ Նարնջադեղին գինին թափվեց, լցվեց Հու Ծյունյիի ոտքին։ Հու Ծյունին այդ պահին Հուան Դայցիենի հետ էր խոսում, բայց Հուան Դայցիենը վախից վեր թռավ։
Հու Ծյունյին, չհասկանալով ինչ կատարվեց, վեր թռավ․
-Էս ի՞նչ էր։
Հուան Դայցիենը նայեց Ճըն Փինին, Ճըն Փինը իր կողմ թեքեց աչքերը, ասաց․
-Հըմ, էս ի՞նչ էր։
Ճըն Փինի ընկերը փորձում էր նրան նստեցնել աթոռին ու Հու Ծյունյիից իր փոխարեն ներողություն խնդրել․
-Ներողություն եմ խնդրում, հարբած է։
-Խնդիր չկա, – հանեց թաշկինակն ու հարցրեց հո Հուան Դայցիենը չի կեղտոտել շորերը, հանկարծ զգաց, որ իր ոտքն է թրջվեց, չկարողացավ զսպել ծիծաղը։
Մի քանի սպիտակ հագած մատուցողներ շրջապատեցին նրանց, փակեցին տեսադաշտը։
Այս պահին Ջոնսոնը ներս մտավ, Ճըծյունի կողքին նստեց․
-Ո՞նց ես, Baby։
-Ապրես, լավ եմ։
-Johny,you look very sad!
Ջոնսոնը ուսերը թոթվեց, ժպտաց։
-Ի՞նչ է եղել։
-Կինս հենց հիմա տանը ծննդաբերում է, քիչ առաջ զանգեցին, տուն կանչեցին։ Չտեսա՞ք որ անհանգիստ դուրս վազեցի։ Մենեջերի հետ խոսեցի, չի թողնում տուն գնամ։
Էսքանն ասաց, մի մատուցող վազելով մոտեցավ․
-Միսթըր Ջոնսոն, զանգում են։
Նա էլի շտապ դուրս վազեց։
Երբ լույսերը վառեցին, Հու Ծյունյիի սեղանին նորից նարնջադեղին գինի դրեցին։ Հու Ծյունիի երեսը նորից մոտեցավ Հուան Դայցիենի երեսին։ Ճըն Փինը տխուր դեմք ընդունեց, լուռ նստեց։ Նրա ընկերը թաշկինակով մաքրում էր քրտինքը։ Ճըծյունը զգաց, որ հետևում մեկն իրեն է նայում, գլուխը թեքեց։ Ծի Ծիեն էր։ Այդ աչքերը սև գիշերվա նման էին։ Ոչ ոք չգիտեր՝ այդ բիբերը ինչ խորն էին ու ներսում ինչ կար։
-Արի՛, նստիր։
-Չէ, մենակ կնստեմ։
-Ինչի՞ ես անկյունում նստել։
-Սիրում եմ լռություն։
-Մենա՞կ ես եկել։
-Սիրում եմ մենակություն։
Նա հայացքը թեքեց, դանդաղ, դիակի հայացքի պես, ուշադիր նայելով իր սև կոշիկներին։ Չգիտես ինչու՝ սկսեց դողալ, գլուխը շրջեց։
-Ո՞վ է, – Մյաո Ծոնդանը հարցրեց։
-Մեր համալսարանի շրջանավարտ։ Երբ ես նոր էի ընդունվել, ինքը ավարտում էր։
Մյաո Ծոնդանը կոտրեց լուցկու պոչը։ Հերթով կոտրում էր, դնում մոխրամանի մեջ։
-Ծոնդան, էսօր ո՞նց ես։
-Եսիմ ոնց, – ուղղեց մեջքը, հայացքը բարձրացրեց, նրան նայեց։
-Կարող ես ամուսնանալ, Ծոնդան։
-Փող չունեմ։
-Քաղաքային իշխանությունների աշխատավարձը չի՞ բավարարում։ Համ էլ, դու ընդունակ ես։
-Ընդունակ․․․, – խոսքերը խեղդվեցին, այդ պահին Ջոնսոնը հեռախոսը վերցրած ներս մտավ, հասավ էնտեղ։
Ջոնսոնը կանգնած էր նրանց դիմաց, դանդաղ ասաց․
-Տղա ունեցանք, մահացավ։ Կինս ուշաթափվել է, տուն են կանչում, բայց չեմ կարող գնալ։
-Ուշաթափվե՞լ, ինչի՞։
-Չգիտեմ, – լռեց, քիչ անց ասաց, – ուզում եմ լացեմ, էստեղ ասում են՝ պիտի ժպտաս։
-I’m Sorry for you,Johny!
-Let’s cheer up,- միանգամից մի բաժակը խմեց, կանգնեց, ոտքերին թփթփացրեց, ու թռվռաց, թռվռաց։ – Թևեր են աճել, կարող եմ թռչել, ա՜հ, կարող եմ թռչել, կարող եմ թռչել, – թռվռալով գնաց։
Ճը Ծյունը ծիծաղից թեքվեց, Հուան Դայցիենը թաշկինակով ծածկեց բերանը, Մյաո Ծոնդանը սկսեց բարձր ծիծաղել, Ճըն Փինը հանկարծ փորը բռնած սկսեց ծիծաղել։ Հու Ծյունյին անմիջապես մի կում գինի կուլ տվեց, ծիծաղեց։
Հա՜, հա՜, հա՜։ Հա՜։ Հա՜։ Հա՜, հա՜, հա՜, հա՜։ Հա՜, հա՜, հա՜հա՜։
Հուան Դայցիենը չգիտեր` ուր գցեր թաշկինակը, մեջքով հենվեց աթոռին, դեմքը վերևի կարմիր, նեոնային լույսերին։ Բոլորը իրար հետևից ծիծաղում էին՝ բերանները բացած, բերանները բացած, բերանները բացած։ Ինչքան նայում էիր, էնքան էլ բերանի նման չէին։ Ամեն մեկի դեմքը լրիվ փոխել էր իր ձևը։ Ճըն Փինը սուր կզակ ուներ, Հու Ծյունյին՝ կլոր կզակ, Մյաո Ծոնդանի կզակը, որ առանձնացել էր բերանից, ասես ադամախնձորից դուրս ցցված լիներ, Հուան Դայցիենի կզակը ամբողջովին կնճռոտ էր։
Միայն Ծի Ծիեն չէր ծիծաղում։ Լուռ, բժշկական դանակի պես սուր հայացքով նրանց էր նայում, սրել էր ականջները, խոր անտառում որսորդական շան նման ուզում էր բռնել ամեն մի ծիծաղի ձայնը։
Մյաո Ծոնդանը տեսավ դանակի պես սուր հայացքը, սրած ականջները, հանկարծ լսեց ինքն իր ծիծաղը, լսեց մնացածի ծիծաղը, մտածեց․
-Ինչ տարօրինակ ձայներ են։
Հու Ծյունյին էլ տեսավ․
-Էս ի՞մ ծիծաղն է։
Հուան Դայցիենը աղոտ հիշեց՝ փոքր ժամանակ մի անգամ երազից վեր էր թռել, տեսել էդ մութ սենյակը, բարձր գոռացել էր․ «Վախենո՜ւմ եմ»։
Ճըն Փինը շփոթված ասաց․
-Էս մարդկային ձա՞յն է։ Էս մարդիկ ո՞նց են ծիծաղում։
Մի պահ հետո այդ չորսից ոչ մեկը չէր ծիծաղում։ Շուրջբոլորը խեղդված, ցածրաձայն ծիծաղի ձայները քիչ անց դադարեցին։ Սարսափելի ու միայնակ տրամադրություն համակեց նրանց, ասես խորը գիշերը անտառում, երբ կրակ չկա, մարդ չկա, մի բան ես ուզում գտնել, որ հույս դնես։ Ծնծղաների ձայնը խեղդվեց, Ջոնսոնը կանգնած էր երաժշտական հարթակին․
-Cheer up,Ladies and gentlemen!
Թմբուկի ձայնը հնչեց անմիջապես, այնքան շտապ, ռիթմիկ մրրկահողմի պես։ Զույգ-զույգ տղամարդիկ ու կանայք պտտվում էին պարահրապարակում, հետևում այդ մրրկահողմին։ Հուան Դայցիենը ձգեց Հու Ծյունյիին ու վազեց, Մյաո Ծոնդանը քաղաքապետի նամակը շպրտեց։ Ճըն Փինը կանգնեց, բայց իր հետ եկած ընկերը արդեն ձեռքը դրել էր այն օրիորդի գոտկատեղին։
-Բոլորը փախել են։ Բոլորը փախել են, – նա հանկարծ ձեռքով ծածկեց դեմքը, իջեցրեց գլուխը, նստեց մտքերով, որ փախչելն անհնար է։ Հանկարծ նա զգաց, որ իր սրտում ամեն ինչ պարզ դարձավ, զգաց, որ բացարձակ հարբածի նման չի։ Բարձրացրեց գլուխը, միայն տեսավ այն օրիորդին, որի սեղանի գինու բաժակը շրջել էր։ Այն միջին տղամադու հետևից ամբողջ պարահրապարակով վազում էր։ Ինչ արագ քայլեր էին, խելագարի պես։ Մի պարազույգ պտտվում էր նրա դիմաց, ասես թռչում էր, պտտվում էր ու էլ չէիր տեսնում։ Էլի մի զույգ, էլի անհետանում էին։ «Փախչելն անհնար է։ Փախչելն անհնար է»։ Քիչ հետո գլուխը թեքեց, որ ասես թաքնվելու տեղ գտնի, բայց տեսավ Ծի Ծիեին, որ այդ պահին ուշադիր իրեն էր նայում։ Մոտեցավ, ասաց․
-Ընկե՛ր, հումոր պատմեմ, լսիր։
Սկսեց ինչ-որ բան պատմել կասետի նման։ Ծի Ծիեն ձայն չէր հանում, միայն նրան էր նայում, մտքում ասում․
-Ի՞նչ ես դու։ Ի՞նչ եմ ես։ Ի՞նչ է «ես»-ը։ Ի՞նչ է «դու»-ն։
Ճըն Փինը իր դիմաց միայն բրածո աչքեր տեսավ, անշարժ։ Բայց դա իր համար մեկ էր, պատմում էր ու ծիծաղում։
Ճծյունն ու Մաո Ծոնդանը դադարեցին պարել, հետ եկան, նստեցին սեղանի մոտ։ Ճըծյունը մի թեթև շունչ քաշեց, լսեց Ճըն Փինի հումորը, լսեց ու ցածրաձայն ծիծաղեց։ Դեռ ծիծաղում էր, Մյաո Ծոնդանը նրան քարշ տվեց, գնացին։ Ծի Ծիեի ականջը լսեց Ճըն Փինին, մատները սակայն լուցկու պոչերն էին կտրում, լուցկիներն ավարտվեցին, պատռեց լուցկիների տուփը, պատռեց վերջացրեց, խնդրեց մատուցողին էլի բերի։
Մատուցողը նոր տուփ բերեց, ասաց․
-Պարո՛ն, Ձեր սեղանին կոտրած լուցկիներ են։
-Չորս վայրկյանում կարելի է մի լուցկին բաժանել ութ կտորի, մեկ ժամում՝ մի տուփ ու կես․․․ հիմա ժամը քանի՞սն է։
-Հեսա երկուսն է, պարո՛ն։
-Ուրեմն, մի տուփ կոտրելուց հետո կարող եմ գնալ, – դեռ կոտրում էր լուցկիները։
Մատուցողը աչքերը պտտեց նրա վրա ու գնաց։
Հաճախորդների զրույց․
Հաճախորդ Գ․
-Հետաքրքիր տղա է, եկել էստեղ լուցկի է կոտրում։ Չի կարո՞ղ սռնել, տանը ամբողջ օրը կոտրել։
Հաճախորդ Դ․
-Հացը կերել է, անելու բան չունի։ Որ եկել լուցկի է կոտրում, ուրախ մարդ է։
Հաճախորդ Գ․
-Էն հարբեցողը ուրախ չի՞։ Ինչ եկել է, ուրիշների բաժակներն է շուռ տալիս, վիրավորում է, հիմա էլ իրենց հետ ամբողջ ուժով ծիծաղում ու խոսում է։
Հաճախորդ Դ․
-Էստեղ բոլորն են ուրախ։ Նայի՛ր, Հուան Դայցիենը ու Հու Ծյունյին, իրենց դիմացի երկու հոգին, ինչ ոգևորված են պարում։
Հաճախորդ Գ․
-Հա, չէ՞, ոնց որ չեն վախենում ոտքները կոտրելուց։ Ինչ ուշ է, հիմա՞․․․
Հաճախորդ Դ․
-Երկուսն անց է։
Հաճախորդ Գ․
-Գնա՞նք։ Բոլորը գնում են։
Ապակե դուռը բացվեց, մի զույգ՝ տղամարդ ու կին, տղամարդը՝ ծուռ փողկապով, կինը՝ խառը մազերով, դուրս վազեցին։
Ապակե դուռը նորից բացվեց, էլի մի զույգ, տղամարդը՝ ծուռ փողկապով, կինը՝ խառը մազերով, դուրս վազեցին։
Պարահրապարակը կամաց դատարկվեց, լռեց։ Միայն երևում էր մենեջերը, որ հետ ու առաջ էր քայլում։ Երևում էր փայլուն ճաղատը, մեկ կարմիր, մեկ կանաչ, մեկ կապույտ, մեկ սպիտակ։
Հու Ծյունյին նստեց, վերցրեց թաշկինակն ու սրբեց վզի քրտինքը, ասաց․
-Արի էս մի երգի տակ չպարենք։
Հուան Դայցիենն ասաց․
-Լավ․․ Չէ, ինչի՞ չպարենք։ Էսօր ես քսանութ տարեկան եմ, վաղը քսանութ տարեկան ու մի օրական,մի օրով էլ պիտի մեծանամ։ Օր օրի ծերանում եմ: Կինը մի օր բաց չի կարող թողնել։ Ինչի՞ չպարեմ քանի ջահել եմ։ Ինչի՞ չպարեմ։
-Դայցիեն, – թաշկինակը դեռ ձեռքին, կինը նորից նրան քարշ տվեց պարահրապարակ։
Մյաո Ծոնդանը պարում էր, երբ տեսավ որ վերևում կախված փուչիկերի պոչերը թուլանում են։ Անմիջապես թռավ ու բռնեց մեկը, Ճըծյունի դեմքին մոտեցրեց․
-Բռնի՛ր, էս աշխարհն է, – Ճը Ծյունը փուչիկը դրեց իրենց դեմքերի մեջտեղում, ծիծաղելով ասաց․
-Դու արևմտյան կիսագնդում ես, ես՝ արևելյան կիսագնդում։
Ինչ-որ մեկը փուչիկը պայթեցրեց։ Մյաո Ծոնդանի ժպտացող դեմքը սառավ․
-Էս աշխարհն է։ Նայի՛ր, էս պայթած փուչիկը․․․ էս պայթած փուչիկը, – իր կուրծքը պինդ սեղմեց Ճըծյունին, ասես սահում էր, մարդկանց խմբի միջով ոլորապտույտ սահում էր։
-Հերիք է, Ծոնդան, կջարդվեմ, – Ճըծյունը ժպտալով շնչակտուր եղավ։
-Կարևոր չի, հիմա երեքն անց է, հիմա երեքն անց է, չորսին է փակվում։ Պարի՛ր։ Պարի՛ր, – խփվեց ուրիշին, – ներողություն, – էլի սահեցին։
Ծի Ծիեն կոտրում էր լուցկիները։
Մի տուփ, երկու տուփ, երեք տուփ, չորս տուփ, հինգ տուփ․․․
Ճըն Փինը դեռ հումորներ էր պատմում, ինքն էլ չգիտեր ինչ էր՝ պատմում, ծիծաղում էր ու պատմում։
Կողքին կանգնած մատուցողը հորանջեց։
Ճըն Փինը դադարեց պատմել։
-Բերանդ չորացե՞լ է, – Ծի Ծիեն չգիտես ինչու ժպտաց։
Ճըն Փինը ձայն չհանեց, հոգոց հանեց․
«Օտա՜ր
Ժամանակին ես քեզ «սիրելիս» էի անվանում
Հիմա ասում ես, որ օտար եմ
Օտա՜ր
Ժամանակին ասում էիր՝ քո ստրուկն եմ
Հիմա ասում ես, որ օտար եմ
Օտա՜ր»
Ծի Ծիեն նայեց ժամին, սրբեց ձեռքերը, դրեց լուցկիները․
-Դեռ քսան րոպե կա։
Ժամանակի ոտնաձայները արձագանքում էին Ճըն Փինի սրտում, ամեն վայրկյանը մրջյունի նման մագլցում էր նրա սրտի վրայով, հատ-հատ, այնքան արագ ու այնքան շատ, անվերջ․ «Նինան գլուխը բարձրացրեց հավասարեցրեց Երկարաոտ Վանի շուրթերի շարժմանը։ Մի վայրկյան անց դիրքը փոխվում էր, մի վայրկյան անց նորից փոխվում էր, փոխվում էր մինչ հիմա, չգիտեր՝ համբույրի դիրքի երբ կանցնեն»։ Զգաց, որ սիրտը կամաց սեղմվում էր․ «Արի՛ հումոր պատմեմ»։ Բայց էլ հումոր չուներ պատմելու։
Ժամանակի ոտնաձայները արձագանքում էին Հուան Դայցիենի սրտում, ամեն վայրկյանը մրջյունի նման մագլցում էր նրա սրտի վրայով, հատ-հատ, այնքան արագ ու այնքան շատ, անվերջ․ «Վայրկյանը վայրկյանի վրա ծերանում էր․ «Կինը հինգ տարուց ավել ջահել չի մնում»։ Երևի վաղը ծեր կին կդառնա։ Զգաց, որ սիրտը կամաց սեղմվում էր․ «Պարե՛նք»։ Բայց շատ հոգնած էր, որ պարեր։
Ժամանակի ոտնաձայները արձագանքում էին Հու Ծյունյիի սրտում, ամեն վայրկյանը մրջյունի նման մագլցում էր նրա սրտի վրայով, հատ-հատ, այնքան արագ ու այնքան շատ, անվերջ․ «Երբ օրը լուսանա, ոսկու արքա Հու Ծյունյին սնանկ կդառնա։ Դատարան, աճուրդ, բանտ․․․»։ Զգաց, որ սիրտը դանդաղ սեղմվում էր։ Նա հիշեց անկողնու մոտ փոքր սեղանիկի վրայի քնաբերը, խոհանոցի խոզի սթեյք կտրելու դանակը, դրսում մեքենայի մեջ ննջող սլավոնական արքայազնի գոտկատեղի վեց ցունանոց ատրճանակը, ատրճանակի փողը․․ «Էդ փոքր բանի մեջ ի՞նչ կա»։ Հանկարծ շատ ուզեց քնել, շատ ուզեց ատրճանակը վերցնել։
Ժամանակի ոտնաձայները արձագանքում էին Մյաո Ծոնդանի սրտում, ամեն վայրկյանը մրջյունի նման մագլցում էր նրա սրտի վրայով, հատ-հատ, այնքան արագ ու այնքան շատ, անվերջ․ «Մյուս շաբաթվա սկզբին ես ազատ մարդ եմ, էլ ստանդարտ տառատեսակով փոքր տեքստեր գրելու կարիք չի լինի, էլ առավոտ շուտ չեմ շտապի Ֆընլին կամուրջ, մենակ չեմ նստի քսաներկու համարի ավտոբուսը ու քամի չի փչի վրաս, ճիշտ չի՞։ Ես ազատ եմ»։ Զգաց, որ սիրտը կամաց սեղմվում էր․ «Ուրախացի՛ր։ Գինի խմի՛ր։ Վաղվանից սկսած աշխավարձի օր չի լինի»։ Քաղաքային իշխանությունների աշխատողներից ո՞վ կհավատար, որ Մյաո Ծոնդանը այլասերված ու վատ մտքեր կունենար, այդքան զգուշավոր մա՞րդ։ Չի կարող լինել, բայց անհնար բաներն էլ կարող են մի օր հնարավոր դառնալ։
Սպիտակ սփռոցի կողքին նստած օրիորդները հերթով կանգնեցին, ձեռքի պայուսակները վերցրին, բացեցին, փոքր հայելիով նայեցին իրենց քթին, դիմափոշի քսեցին ու մտածեցին․ «Իմ պես հաճելի՜․․․», քանի որ նրանք տեսնում էին միայն իրենց քթերը, կամ աչքերը, կամ բերանը, կամ մազերի մի խուրձ, չէին տեսնում իրենց ամբողջ դեմքը։ Ջենթլմենները բոլորը հանեցին ծխախոտները, վառեցին լուցկին վերջին գլանակի համար։
Բեմից «Բարի գիշեր, սիրելիս» հաճելի, կարճ մեղեդի հնչեցրին։
«Վերջին երգն է»։ Բոլորը կանգնեցին պարելու։ Հրապարակում միայն քաոսային խառը սպիտակ սփռոցներ կարելի էր տեսնել, մութ անկյունում ավելը ձեռքերին սպասող մատուցողների հորանջող դեմքերը, մենեջերի ճաղատ գլխի այս ու այն հատվածի փայլելը, ապակե դռան բացվելը, խումբ-խումբ տղամարդիկ ու կանայք երազի մեջ քայլում էին վառ միջանցք։
Թմբուկի բարձր ձայն, պարահրապարակի սպիտակ լույսերը միացան, բեմի երաժիշտները կռացած հավաքում էին իրենց գործիքները։ Ավելը ձեռքերին մատուցողները դուրս վազեցին, մենեջերը մուտքի մոտ ամեն մեկին բարի գիշեր էր մաղթում։ Քիչ անց պարահրապարակը դատարկվեց։ Մնաց մի դատարկ սենյակ, խառը, լուռ, լրիվ դատարկ հատակ, սպիտակ լամպի լույսը սրբել, տարել էր երազները։
Մաո Ծոնդանը կանգնեց իր սեղանի կողքին․ «Պայթած փուչիկի նման»։
Հուան Դայցիենը մի պահ իրեն նայեց․ «Պայթած փուչիկի նման»։
Հու Ծյունյին հոգոց հանեց․ «Պայթած փուչիկի նման»։
Ճըն Փինը սեղմեց իր գինուց հետո տաքացած գլուխը․ «Պայթած փուչիկի նման»։
Ծի Ծիեն ուշադիր նայում էր մեջտեղի մեծ լամպին․ «Պայթած փուչիկի նման»։
Ի՞նչ է փուչիկը։ Ի՞նչ է պայթած փուչիկը։
Ջոնսոնը խոժոռվել էր, դրսից դանդաղ ներս մտավ։
-Good-night,Johny, – Մաո Ծոնդանն ասաց։
-Կինս էլ է մահացել։
-I’m awfully sorry for you,Johny, – Մաո Ծոնդանը ուսին թփթփացրեց։
-Ուզում եք գնա՞լ։
-Գնանք, չգնանք, մեկ է։
Հուան Դայցիեն․ «Ուր էլ փախչեմ, երիտասարդությունս հետ չի գա»։
Ճըն Փին․ «Ուր էլ փախչեմ, Նինան հետ չի գա»։
Հու Ծյունյի․ «Ուր էլ փախչեմ, ութ հարյուր հազարի ունեցվածքս հետ չի գա»։
-Մի վայրկյան սպասեք։ Մի բան էլ նվագեմ, պարեք, լա՞վ։
-Լավ։
Ջոնսոնը գնաց բեմի վրայից մի ջութակ վերցրեց, պարահրապարակի մեջտեղում կանգնեց, կզակը սեղմեց ջութակին, դանդաղ, դանդաղ սկսեց նվագել։ Շագանակագույն աչքերից երկու կաթիլ արցունք ընկավ լարերին։ Ասես անհոգի, երեք սպառված զույգ՝ Ծի Ծիեն ու Ճընփինը, Հու Ծյունյին ու Հուան Դայցիենը, Մաո Ծոնդան ու Ճըծյունը իր շուրջ պարում էին։
Անսպասելի ձայն։ Լարը կտրեց։ Ջոնսոնը գլուխը կախեց, հետո իջեցրեց ձեռքերը։
-I can’t help!
Պարողներն էլ կանգնեցին, նայեցին նրան սարսափով։
Ճըն Փինը թոթվեց ուսերը, ասաց․
– No one can help!
Ծի Ծիեն հանկարծ նայեց պոկված լարերին․
-C’est totne savie․
Մի ձայն կամացուկ հինգ հոգու ականջին շշնջաց․
-No one can help․
Անձայն, հինգ ուրվականների պես, սպառված մարմիններն ու սպառված սրտերը վերցրած քայլ-քայլ դուրս եկան։
Դրսում՝ Հու Ծյունյիին մեքենայի կողքին, ուժեղ պայթյուն լսվեց։ Անվադո՞ղն էր։ Ատրճանակի՞ ձայն էր։
Ոսկու արքա Հու Ծյունյին պառկած էր գետնին, արևի տակ՝ ատրճանակի փողը։ Արյունոտ նրա դեմքը ցավից խոժոռվել էր։ Հուան Դայցիենը վախից թռավ մեքենայի մեջ։ Շատ մարդիկ էին վազում տեսնելու, բարձրաձայն հարցեր տալիս, շուրջը պտտվում, քննարկում, ծանր հոգոց հանում, էլի գնում։
Օրը կամաց սկսեց լուսանալ, Հուանհոու գիշերային ակումբի դռան դիմաց պառկած Հու Ծյունյիի մարմինը, կողքին կանգնած հինգ հոգի՝ Ջոնսոնը, Ծի Ծիեն, Մաո Ծոնդանը, Հուան Դայցիենը, Ճըն Փինը լուռ նրան էին նայում։
Չորս թաղման մասնակից
Հազար ինը հարյուր երեսուն երկու թվական, ապրիլի տասը։ Չորս հոգի դուրս եկան ընդհանուր գերեզմանոցից, ճանապարհում էին Հու Ծյունյիին։ Այս չորս հոգին վշտից սպիտակած մազերով Ճըն Փինն էր, գործը կորցրած Մաո Ծոնդանը, քսանութ տարեկան ու չորս օրական Հուան Դայցիենը, բժշկական դանակի պես աչքերը սրած Ծի Ծիեն։
Հուան Դայցիեն․ «Ես իրոք հոգնել եմ մարդ լինելուց»։
Մաո Ծոնդան․ «Իսկ նա դադարեց մարդ լինելուց։ Ինչ լավ կլիներ իր պես հանգստանայի»։
Ճըն Փին․ «Ես էլ ծերունու սիրտ ունեմ»։
Ծի Ծիե․ «Բացարձակ չեմ հասկանում ինչ եք ասում»։
Բոլորը լռեցին։
Մի երկար գնացք անցավ, անցավ, անցավ, անվերջանալի ռելսերի վրա հոգոց հանելով՝ դուուուու՜։
Հեռավոր քաղաք, հեռավոր ճամփորդություն։
Բոլորը ծանր շունչ քաշեցին, դանդաղ գնում էին, գնում, գնում։ Նրանց դիմաց հեռավոր, միայնակ ճանապարհ էր․․․
Հեռավոր քաղաք, հեռավոր ճամփորդություն․․․
Թարգմանությունը չինարենից՝ Գոհար Աթիկյանի