Հիշողության թեման համարվում է ֆրանսիական գրականության կարևոր երևույթներից մեկը, և պատահական չէ, որ այս թեմային անրադառնում է ֆրանսիացի գրող Աննի Էռնոն, ում համար անհատական և սոցիալական կամ հանրային հիշողությունները ինչ-որ կետում բախվում են, ինչը տեսնում ենք նրա «Տարիներ» վեպում: Սակայն մինչ բուն վեպին անցնելը, պետք է հիշել, թե ովքեր են անրադարձել այս թեմային:
Հիշողությունը կամ անցյալամետությունը համաշխարհային գրականության մեջ հայտնի է մեզ ավելի շատ 20-րդ դարի ֆրանսիացի արձակագիր, մոդեռնիստական վեպի հիմնադիրներից մեկի` Մարսել Պրուստի շնորհիվ, ով գրել է «Կորուսյալ ժամանակների որոնումներում» վիպաշարը: Պրուստի անցյալի հանդեպ կարոտը կամ սրբազան նվիրվածությունը զգացվում է այս տողերից.
« Ի՜նչ սոսկալի է, մտորում էի ես. մի՞թե այժմյան ավտոմոբիլները կարող են համեմատվել անցյալի լծակառքերի նրբագեղությա՜ն հետ. ես, անշուշտ, արդեն շատ եմ ծերացել, բայց ստեղծվա՜ծ չեմ այս աշխարհի՛ համար, ուր կանայք խցկվում են այնպիսի զգեստների մեջ, որոնք հայտնի չէ, թե ի՞նչ կտորից են: Էլ ինչո՞ւ գամ այստեղ` այս ծառերի ամպհովանու տակ, երբ նրբագեղորեն բոսորացող սաղարթների տակն այլևս ամեն ինչն այլ է, երբ գռեհկությունն ու խենթությունը փոխարինել են այն ամենն, ինչն իրենց նրբինությամբ ամփոփել էին ծառե՜րը: Ի՜նչ սոսկանք, իմ միակ սփոփանքն ա՛յն էր, որ ինձ մնում էր խորհել իմ երբեմնի ճանաչած կանանց մասին, որ նրբագեղություն այլևս չկա՜: Իսկ այդ տղամարդիկ, որոնք հիանում են այս անճոռնի արարածներով` գլուխներին թռչնանոցով կամ բանջարանոցով բեռնված եզրավոր գլխարկներով, մի՞թե ունակ են զգալ, թե որքա՜ն հիասքանչ էր տ-ն Սվանը` իր անպաճույճ եղրևանեգույն գդակով կամ փոքրիկ գլխարկով, որի վրա ցցված էր շիփ-շիտակ, մենավոր հիրի՜կը»:
Սքանչելի տողեր, որ սիրահարվես անցյալին ու տրվես քո ներքին ժամանակին, կանխատեսում, որ աշխարհը կամ դարաշրջանը արդեն թևակոխել է այլ փուլ, ուր պետք է գտնես նոր հենման կետ, և դա Մարսել Պրուստի համար մտապատկերներով հագեցած իր ներքին ժամանակն էր, այսինքն ներքին Ես-ը, ով փորձում է դիմադրել քաղքենի փոփոխություններին: Նույնպիսի հակում ունի նաև Աննի Էռնոն, սակայն նոր հայացքով է նայում ու մեկնաբանում հիշողության ֆենոմենը: Նրա արձակը ֆրագմենտար է, ինչպես մեր հիշողությունը: Գիրքը սկսվում է այս տողերով.
« բոլոր պատկերները կանհետանան…»
անշուշտ կանհետանան, սակայն հեղինակը նաև գիտակցում է հիշողության ուժը և վեպի մեկ այլ կետում մեջբերում.
«Հիշողությունը երբեք կանգ չի առնում՝ սեռական ցանկության նման»:
Հասկանալով այս ամենը` Էռնոն իր ներքին կամ միստիկ փորձառությունը (ինչպես կասեր Ժորժ Բատայը. «Ներքին փորձառություն ասելով՝ հասկանում եմ այն, ինչ սովորաբար անվանում են միստիկական փորձառություն՝ էքստազի, հափշտակության, առնվազն խոկալից հույզի վիճակներ»:), կապում է սոցիալական հիշողության հետ, որի անբաժանելի մի մասն է: Նա ընթերցողին տալիս է հիշողության երկու սլաքներ՝ անհատական և սոցիալական (հիշելով «Կարմիր մայիսը կամ 1968-ի մայիսը»), նա ակտիվ մասնակիցներից մեկն էր, ով նաև փորձում էր սեռապես ազատագրվել գենդերային կարծրատիպերից, փորձում էր կազմաքանդել Ֆրանսիայի գաղութատիրական դեմքը ալժիրցիների հանդեպ, ազատագրվում էր սպառողական հասարակությունից, ամոթից, կաշկանդվածությունից, որը պարտադրում էր Շառլ Դը Գոլի համակարգը,:
«Մենք, որ իրականում երբեք էլ չէինք համակերպվել աշխատանքի հետ, մենք, որ իրականում երբեք ցանկություն չէինք ունեցել գնելու այն, ինչ գնում էինք, մեր սեփական դեմքն էինք ճանաչում ոստիկանական շարասյան վրա քարեր նետող երիտասարդների մեջ, որոնցից մեզ ընդամենը մի քանի տարի էր բաժանում: Նրանք եկել էին՝ մեր փոխարեն իշխանությանը պատասխան տալու գրաքննության և բռնաճնշումների, ալժիրցիների դեմ կիրառվող պատժամիջոցների և հալածանքների, «Միանձնուհու» և պաշտոնյաների սև կառավարական մեքենաների համար: Նրանք եկել էին՝ մեր փոխարեն վրեժ լուծելու մեր պատանեկության տարիների կաշկանդվածության, ամֆիթատրոններում տիրող հարգալից լռության, մեր ամոթի համար հանրակացարանի սենյակներում տղաների հետ թաքուն հանդիպելիս: Մեր ներսում՝ մեր խեղդված ցանկությունների, մեր ճնշված հնազանդության մեջ էր ամփոփված մեր համախոհությունը Փարիզի այդ բոցավառ երեկոների հետ: Ցավ էինք զգում, որ այդ ամենն ավելի շուտ չէինք ապրել, բայց մեզ բախտավոր էինք համարում, որ այդ ամենը կատարվում է մեր մասնագիտական հենց ուղու սկզբում»:
Կարևոր է նաև հոր մասին հիշողության տվյալ դրվագը.
«Հիշողության անտանելի խորքերում նաև հոր հոգեվարքի պատկերն է, դիակի պատկերն այն կոստյումով, որ հայրն ընդամենը մի անգամ՝ իր ամուսնության օրն է կրել, ու որ հետո պոլիէթիլենային տոպրակով ննջասենյակից առաջին հարկ էին իջեցնում սանդուղքով, որ չափից դուրս նեղ էր դագաղն անցկացնելու համար»: Էռնոն շատ հանգամանորեն անրադառնում է նաև սերնդային հիշողությանը, այն ամենին ինչ հոգեհարազատ էր իր ծնողների ժամանակաշրջանին, հետպատերազմյան առաջին տարիներին: Իր հասուն տարիքի մելանխոլիան և իր երեխաների տեխնոկրատական և սպառողական սերունդը, առևտրային նոր հասարակությունը. յոթանասունականների ավարտին ընտանեկան ընթրիքների ժամանակ, որոնց ավանդույթը պահ մեր մաշվող մարմինն ու աշխարհը հակառակ ուղղությամբ էին ընթանում: Ժամանակը չափվում էր էկրանին շարժվող մկնիկի կայտառ և սրընթաց կտկտոցով: Աշխարհի մեծ, աղոտ հիշողությունն էր ապրում մեր ներսում: Գրեթե ամեն ինչից մեզ մնում էին միայն խոսքեր, մանրուքներ, անուններ, այն ամենը, ինչը ստիպում էր մեզ Ժորժ Պերեկի նմն ասել. «Ես հիշում եմ», հիշում եմ բարոն Ամպենին, Պիկորետտը, Բերեգվոյի գուլպաները, Դըվաքեին, Մալուինյան կղզիների պատերազմը, Բենկոյի նախաճաշը: Բայց դրանք իրական հիշողություններ չէին, դրանով մենք ուրիշ մի բան էինք փնտրում մեր մտքում՝ դարաշրջանի հետքերը»:
Տվյալ մեջբերումները փաստում են, որ Էռնոն այս վեպում փորձել է խտացնել իր ինքնությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք սեփական մաշկով զգացել, ապրել իմաստավորել, այնուհետև փոխանցել է հիշողությանը, իսկ հետո իրենից արդեն ինչ-որ չափով օտարել` հանձնելով ընթերցողին: Այսպիսի գեղարվեստական խճանկարը, հանդես է գալիս որպես հայելի, որտեղ կփնտրես քո մանկության, պատանեկության, երիտասարդության, հասունության, ուրախության, ցավի, մելամաղձության, սեռական առաջին մեծ ցանկության, դիմացինին ինչ որ բան ապացուցելու դեմքը, հետո կվերադառնաս ներկա, կշոշափես կնճիռներդ ու կհասկանաս, որ տվյալ հետքերը այն ակնթարթային երջանկությունների ու վատ դիպվածների շարքն են, որ կյանքը գրել է երեսիդ իր ձեռքով:
Մենք էլ մեր հիշողության հետ երկխոսության կարիք ունենք, և «Տարիներ« վեպը գլխավոր այն ուղեցույցներից մեկն է, որը թույլ կտա մեզ նայել ներսից հիշողության տարբեր խորքերից, խճանկարի նման հավաքել մեզ տարբեր տարիքներում հասնել մեր կորուսյալ Դրախտին:
Գրականության ցանկ
- Աննի Էռնո: Տարիները: Թարգմ.՝ Շուշանիկ Թամրազյան.- Եր.: Անտարես, 2023.- 240 էջ
- Բատայ Ժորժ: Ներքին Փորձառություն/ Ֆրանս. թարգմ.՝ Ա. Բոյաջյան-Եր.: Սարգիս Խաչենց, Փրինթինֆո, 2018թ:
- https://www.grakantert.am/archives/13560
