Աղասի Այվազյան | Հիշողություն Բոմբեյի մասին

Շոգը փղի վրա էր նստած: Կիրքը ծանրաքայլ էր՝ փղի ճեմարանքի հանգույն: Հնդկական կծուն ու քաղցրը՝ թանձրացնելով արյունը՝ նեղում էին անոթներին, մազանոթներին, սեփական հրայրքի ընթացքի համար պատշաճ անցք էին որոնում, ելք էին փնտրում՝ կրակ կպած մարմնից մի կերպ դուրս պրծնելու ճիգերով: Օվկիանոսը կանացի անուշահոտություն էր բուրում՝ իր ալիքների տաք խոնավությունը ցպնելով Բենիամինի դեմքին… Շիրայի կաթոց էր զարկերակը. «Բոմ-բե՛յ… Բոմ-բե՛յ… Բոմ-բե՛յ…»:
Ամեն մի զարկի հետ ուղեղում առկայծում-հայտնվում էին հնդկուհիների մերկ պորտերը, որոնք դեռևս ինքնաթիռի միջանցքներում սահում էին նրա գլխավերևում…
Բոմբեյի մութը ևս հաստացած կիրք էր, որն իր շերտավոր գրկի մեջ խեղդել, շնչահեղձ էր ուզում անել Բենիամինին: Եվ ասես կիրք դարձած նրա կերպարանքը երեկոյան ամբոխի մեջ առանձնանում էր, ճառագայթմունք արտաբերում… Պիտի որ նկատելի լիներ նա, և նկատվեց, տեսնվե՜ց… Բենիամինի կողքով անցավ տարեց, մաշված մի գեղեցկուհի և հայացքով հրեց նրան: Հայացքը Բոմբեյի տռփանքի բոցում խանձված մի զույգ մոխրագույն աչքն էր, որոնց մեջ և՛ նենգաժպիտ կար, և՛ մահվան հրավերք, և՛ հեշտանքի լաբիրինթոս… Բենիամինին քաշեց իր ետևից՝ թիկունքի վրա գծագրելով մեղսակիր հաճույքի խոստումնառատ հեռանկար… Բենիամինի ոտնաձայները այլևս արձագանք էին տալիս մարմնով մեկ՝ նրանք էին խոսում, նրանք էին հևում, նրանք էին ուղղություն տալիս մտքին.
«Բոմ-բե՛յ… Բոմ-բե՛յ… Բոմ-բե՛յ… Բոմ-բե՛յ… Բոմ-բե՛յ…»:
Մաշված գեղեցկուհին շրջվեց ու ինչ-որ բան ասաց Բենիամինին: Բենիամինը մոտեցավ նրան և իր տաք ու շփոթահար ժպիտի վրա հարցական դրեց:
– Հետևի՜ր ինձ,- անգլերենով ասաց մաշված գեղեցկուհին: Բենիամինը գլխով արեց, և շարունակվեց խորհրդավոր երթը Բոմբեյի փողոցներով: Անցան մի փողոցը, վերջացրին, երկրորդը, ճեղքեցին ամբոխը, և երբ փոքր-ինչ նոսրացավ շրջապատը, Բենիամինը նկատեց, որ իր ետևից քայլում է ոսկրոտ, նիհար, բայց խոշորանդամ մի տղամարդ: Անցան էլի մի քանի փողոց… Բենիամինը հաճախակի ետ էր նայում, ոսկրոտ անձնավորությունը շարունակում էր հետևել նրան: Բենիամինի կիրքը կես էր լինում: «Ո՞վ է այս մարդը… Ինչո՞ւ է գալիս մեր ետևից…»: Երբ նրա քայլերը դանդաղեցին, մաշված գեղեցկուհին ևս դանդաղեցրեց իր ընթացքը՝ մոտեցնելով Բենիամինին իրեն:
-Այդ մարդը իմ նախկին ամուսինն է… Բաժանվել ենք…
-Ամուսի՞նը… – իր վատ անգլերենով մրթմրթաց Բենիամինը:
-Մի՝ վախենա,- մտերմանալու միտումով ասաց մաշված գեղեցկուհին: – Նա հիվանդ է… Պակասավոր է…
– Պակասավոր է,- մրթմրթաց Բենիամինը և նորեն հայացքը դարձրեց տղամարդու վրա: «Պակասավորի նման չի… Լավ էլ հզոր է…» մտածեց Բենիամինը, և նրա կիրքը մի քիչ էլ նվազեց:
Կինը՝ առջևից, Բենիամինը՝ նրա ետևից, կնոջ պակասավոր ամուսինը՝ Բենիամինի ետևից… Եկավորում էր եռյակը Բոմբեյի փողոցներով, և երբ փողոցները նեղացան, մթի սավանը փռվեց գլխավերևում, Բենիամինի քայլքն սկսեց դանդաղել:
«Բոո՜մ-Բեե՜յ… Բոո՜մ-Բեե՜յ… Բոո՜մ-Բեե՜յ…»:
Դանդաղեց նաև ավյունի ընթացքը: Ամեն ինչ ետ շրջվեց, բնության մեջ պատահում է, երբ սիրտը գտնվում է աջ կողմում, ինչու պիտի, ուրեմն, զարմանալ, թե Բենիամինի արյան շրջանառությունը ընդունակ է հակառակ ուղղությունը բռնել:
Մաշված կինը ոտուձեռով նշան արեց Բենիամինին, որ մի քանի վայրկյանով գործ ունի այս տանը և ներս մտավ ավելի մութ կամարակապ մուտքը: Պակասավոր ամուսինը մի քիչ հեռվում նույնպես սպասաման մեջ կանգնեց: Տարօրինակ պղտորություն կար այս բոլորում:
Անցավ կես ժամ, կինը չերևաց: Անցավ էլի կես ժամ, կինը նորեն չերևաց: Այս կես ժամերը Բենիամինին հաղորդում էր իր մեջ սաղմնավորվող զզվանքաշարժ քստմնության հաշվիչը:
Բենիամինը աչքի պոչով դիտում էր կնոջ ամուսնուն, և նրա կերպարանքը գնալով չարագույժ տեսք էր ստանում:
«Ի՞նչ է անում այդ մութ, խորհրդավոր մուտքում կինը: Եվ ինչու է նրա բաժանված ամուսինը այստեղ մնացել: Ինձ ուր են տանելու: Ամուսինը մնում է ամուսին, բաժանված լինի, թե ոչ: Բենիամինի կիրքը սկսեց մտածել: Երբ կիրքը սկսում է մտածել, հեշտանքը մտնում է նրա ծոցը: Մարմնի բոլոր մասերը ուշադրությունը դարձրեցին մտքի կողմը: Ամբողջի սևեռումից զարկերակը ահազանգեց.
«Բոոո՜մ-բեեե՜յ… Բոոո՜մ-բեեե՜յ… Բոոոո՜մ- բեեեե՜յ…»:
Պղծանքն ընկերացավ կրքին… Դուրս գալ, դուրս գալ այս մթնապատած միջավայրից… Եվ Բենիամինը խուսահնարներով աջ շարժվեց, ձախ շարժվեց, մի ոտքից մյուսն ընկավ, հետո երկու ոտքը գործի դրեց, և ոտքերն իրենք տարան անհայտ մի ուղղությամբ: Ուր էլ տանեն՝ Բենիամինի համար միևնույն է: Նրանք իրենց վախով են ղեկավարվում և տեղը առանց Բենիամինի էլ կգտնեն: Քստմնությունն ու նյարդային աղտեղությունը պրկել էին ոտքի մկաններն ու ջղերը, և գետինն էր զգում նրանց հևքը.
«Բոոոոո՜մ-բեեեեե՜յ… Բոոոոո՜մ-բեեեեե՜յ… Բոոոոո՜մ-բեեեեե՜յ…»:
Սկզբում ետ էր նայում Բենիամինը, պակասավոր ամուսինը անշարժ մնացել էր իր տեղում, հետո նրա կերպարանքը փոքրացավ, փոքրացավ և անհետացավ աղջամուղջի մեջ:
Բենիամինի առջև բացվեց օվկիանոսը… «Բոոոոոոոոոոո՜մ-բեեեեեեեեեեե՜յ…»
Օվկիանոսի ալիքները ափին էին զարնում, քիչ էր մնում Բենիամինին հասնեին, և նրանց կիրքը հզոր էր, ազատ, ազնվազարմ ու բնական: Բենիամինի մարմինը նվաղել էր, ու օվկիանոսի ալիքի մի աշխույժ լեզու խոսել էր ուզում նրա հետ, սփոփել էր ուզում նրան, կրքից առաջացած մրրության թուլությունը հանել էր ուզում նրանից, բայց Բենիամինը չգիտեր նրա լեզուն, չէր հասկանում նրան…

Վախի զգայնությունը գլխավորում էր էությունն ամբողջությամբ, և հիմա նա Բենիամինին զգալ տվեց, որ ետևում կանգնած է մաշված գեղեցկուհին: Նա կտրուկ շրջվեց ու ապշանքով տեսավ, որ կնոջ հետևում նորեն պակասավոր ամուսին է: Իսկ հեռվում երևում է տագնապահարույց կամարակապ մուտքը, ուրեմն պրկված ջղերով ոտքերը շատ չէին հեռացրել նրան…
Կինը բարեկամաբար ժպտաց: Նրան հետևելով՝ մանկական ժպիտ արտաբերեց իր դեմքին պակասավոր ամուսինը:
-Գնա՛նք,- ասաց կինը:
Բենիամինը իրեն երազի մեջ զգաց: Ո՞ւր, ինչո՞ւ… մոռացել էր, որ կրքի խեղդուցիչ թելադրանքը իրեն մղել էր մաշված գեղեցկուհու ետևից: Եվ նրանք իրար հասկացել էին. տղամարդու այդ վիճակը վերծանելու փորձ ու հմտություն ուներ կինը, և Բենիամինը ո՝չ առաջինն էր, ո՝չ վերջինը: Ամեն ինչ ուրիշ երանգով երևութացավ, օվկիանոսն, ասես, խաղաղ էր, հեռվում երևացող մուտքը՝ ավելի լուսավոր, մաշված գեղեցկուհին ու նրա պակասավոր ամուսինը՝ շատ հանգիստ, խեղճ ու առօրեական…
Բենիամինի գործողությունների ղեկավարությունն ստանձնեց հասարակաբանությունը: Նա բարձրացրեց օվկիանոսի ափից Բենիամինին և կցեց կնոջն ու պակասավոր ամուսնուն: Ամենը հասարակ էր, սովորական, և որ տռփանքը, Բոմբեյի կծուն ու քաղցրը հեշտասիրության հետ քստմնություն կարող էին ծնել, անհասկանալի էր… Բենիամինը, ասես ինքն իրենից դուրս, հարցուկության գիրկն ընկած, նորեն քայլեց մաշված գեղեցկուհու ետևից՝ իմանալով, որ իր ետևից քոնթքոնթում է պակասավոր ամուսինը…
Կինը նորեն մտավ կամարակապ մուտքը՝ հաճոյամիտ արտահայտությամբ հրավիրելով Բենիամինին հետևել իրեն… Մուտքից բացվեց զարմանահրաշ մի բակ, որ լուսավոր էր այնքան, որքան մութ էր նրա մուտքը… Նախշազարդ պատշգամբներում կանայք էին նստած, նրանց արանքներում ետ ու առաջ էր անում ոսկեզօծ գլխափաթթոցով խափշիկը…
Պակասավոր ամուսինը մնաց կամարակապ մուտքի մեջ, և նրա կերպարանքը աստիճանաբար ուրվականի դրսևորույթ ստացավ:
Մաշված գեղեցկուհին Բենիամինին անցկացրեց մի քանի դռներով ու բերեց արտաքուստ շքեղ մի սենյակ: Սենյակն, ասես, շպար ուներ, պատերին՝ սեռական գործողություններ կատարող հնդիկներով որմնանկարներ.. Մեղր էր ծորում առաստաղից…Տոթն իր մեջ հավաքել էր հեշտասիրության տնքոցներ, քրտինքի, կծու օծանելիքի և համեմունքի զարամանազան հոտերը…Տոթն ավելի խտացավ, երբ Բենիամինի առջև հայտնվեցին տասի չափ կանայք՝ տարեց ու մանկահասակ, երիտասարդ ու երիտասարդացող….Եվ նրանց մեջտեղում՝ իր մաշված գեղեցկուհին….
-Ընտրի՛ր,- ասաց մաշված գեղցեցկուհին: Գեղեցիկի ծայրահեղության տգեղը սարսափելի է, քաղցրի շատության դառնությունր անտանելի է, և այս շինծու երջանությունը փակեց Բենիամինի շնչափողը.. «Մի պուտ օ՜դ, մի պուտ օ՜դ.. »,-թախանձում էր Բենիամինի հայացքը, որը հնդկերեն թարգմանած այլ բան հասկացվեց կանանց կողմից: Նրանք խմբով հեռացան՝ Բենիամինի մոտ թողնելով մաշված գեղեցկուհուն:
Մահճակին իջած կիրքը ժանգառ էր, ցավակիր էր, դիվալուկ էր…
«Բոո՜մ-բե՝յ… Բոո՜մ-բե՛յ… Բոո՜մ-բե՛յ…»
Մաշված գեղեցկուհու տակը մաշված էր մահճակը, և նա հոգոց էր հանում կնոջ հետ մեկտեղ:
«Բոոոոոոո՜մ բե՛յ… Բոոոոոոո՜մ-բե՛յ… Բոոոոոոո՜մ-բե՛յ…»:
Բենիամինի հայացքը անցք էր որոնում, և ասես, նրան օգնության եկավ օվկիանոսը: Նրա ալիքը զարկեց պատուհանի փեղկերին, ներս ընկավ, հեղեղեց ամեն ինչ՝ իը տակն առավ և՛ մաշված զեղեցկուհուն, և՛ Բենիամինին, և՛ պաճուճազարդ սենյակը..
Թերթերը մյուս օրը հայտնեցին, որ ջրհեղեղ էր Բոմբեյում, և, հասարակաց տան կենվորների հետ զոհվեց նաև մի օտարական:
Իսկ ոմանք կարծում էին, որ ջրհեղեղը օվկիանոսի կիրքն էր, աշխարհատարած կիրքը, յուրաքանչյուրի մեջ և յուրաքանչյուրի վրա…
«Բոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոո՜մ-բեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեե՜յ»

 

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *