Երեկոյան քամին Հովհանենց դռանը թինկ տված Կարոյի ու խաշնարած Վարուժի քթի տակով անցկացնում էր Օֆիկի տնից տարածվող սխտորաբույրն ու խառնում մոտակա դաշտերի վազերից քրտնածոր իջնող խաղողահյութին, դրանք միացնում ախոռաշեմին շարված դույլերից դուրս պրծնող թարմ կաթի տաք շնչառությանն ու ողողում ամբողջ գյուղը։ Քարերի հեռու ծերպերում փեթակած վայրի մեղուներն էլ մի քանի ձոր էն կողմ զգում էին Օֆիկի անուշ սխտորաբույրն ու դրան խառնված խաղողահյութի ու թարմ կաթի տաք հոտը, արբունքից վառվելով ճանկռում էին շաբաթներով բիբի պես պահած, փայփայած փեթակի աչքերն ու հեռու քարերի բարձր ծերպերից այդ օրը մեղրը ծորում էր ձորերում շիրայոտ ապառաժները լիզող արջերի երախը։ Ու մինչ Վարուժի քիթն առաջինն առնում էր իր ձեռքի տակով անցած անասունների կաթի ազնիվ բույրը, քարափներում ու ձորերում վայրի մեղրից ու մորթու խոնավ հատվածներում պարսված մլակների խայթոցներից խելագարված արջերը հրճվանքով իրենց թավալգլոր գետն էին նետում։
Մեկ շաբաթ առաջ քաղաքում գործի համար դիմել էի։ Պարտատերերն իրենց պարտքերով օղակել էին պարանոցս, այդ շրջանն օձիքիս շուրջ հետզհետե նեղանում էր։ Խոստացել էին՝ եթե գոհ լինեն, գուցե կես տարի հետո աշխատավարձի բարձրացում էլ լինի։ Բայց գյուղի ժամանակն էականորեն տարբերվում էր քաղաքի ժամանակից և դրա պատճառն ամենևին գյուղական կյանքի մաշեցնող, գերլարված առօրյան չէր։ Դեռ քաղաքում աշխատող մարդու առօրյան ավելի վատթար է։ Գյուղի նույնիսկ ամենաչարքաշ կենցաղով ապրող շնչի մեջ անընդհատ արթնանում է ազատության զգացողությունը և դա հանգստություն է բերում։ Մտածում էի՝ գուցե լեռներից է, գուցե գետի երբեք չհանգստացող ընթացքն է կանխարգելում թմրածության վտանգը, իսկ գուցե հողի հետ երկխոսությամբ է, որ մարդուն տրվում է աստվածադիր հավերժական օրինաչափությունը, կորսված ազատությունը վերգտնելու խորհուրդները։ Իսկ եթե պարզվի՝ հեռավոր ակունքներից ծնված ավազաչափ իմաստությունը, որ ի հարկե՛ կարող էր աննյութությունից նյութի՝ մարմնի վերածվել, եթե պետք է՝ ավազից էլ հազարապատիկ փոքր մի թռչնի սրտի մեջ մտնել ու հատել դարերի հասարակածը, նախորդ դարերի գենետիկ ու հոգևոր կրիչը լինելով կամրջել հին ու նոր աշխարհները, իմաստությունը, որ նախամարդու միտքն արթնացնում էր ջրի մեջ սեփական մերկությունը տեսնելուց զատ նաև հավերժական անմահության արտացոլանքը որոնել, չի կարողացել անցնել հրի ու երկաթի այս դարի դռների միջով, անօգնական խոցվել ու ընկել է հենց դարաշեմին։
Առավոտյան զանգ ստացա։ Ասացին՝ շնորհավորում են, որ մայրաքաղաքի ակտիվ փողոցներից մեկում տպագրատանը պահնորդի թափուր աշխատանքի համար դիմումս ընդունվել է, որ վաղվանից պետք է սափրված, ճերմակ վերնաշապիկով գործի անցնեմ։ Այդ վայրկյանին գլխումս մի բան ճռռաց, պողպատի պես զնգաց ու ձախ բթամատով խցանեցի ականջս, որովհետև մի ձայն, չգիտեմ իմ միջից, թե տափաստաններից եկող, մետաքսե հովվերգությամբ ինձ իր մոտ էր կանչում։ Նախկինում այդ ձայնը էլի էի լսել։ Չէի ուզում նրան ենթարկվել։ Հաղորդեցի, որ վաղը կգամ։
Մայրաքաղաքում երրորդ-չորրորդ շաբաթից գյուղի մասին այլևս թախծով չէի խոսում․ դա առաջին փորձությունն էր։ Բայց զգում էի՝ կյանքի տեմպը, իրար խառնվող ու երբեք չներդաշնակվող մեքենաների, մարդկանց փողոցային խմբերի, թափառաշների և նույնիսկ խաղաղություն փնտրող մտքիս աղմուկը հետզհետե անխնա մեռցնում էին մեղվի պես քրտնելով հազար ու մի լանդշաֆտներով ու ձորերով թափառելուց հետո պսպղուն աչքերով գտած մի նեկտարաչափ խաղաղությունը։ Այդ աղմուկն է, որ խցանում էր ականջներս, այլևս դադարում էի ջրի, դղրդացող երկրի և կամ քամու մեջ լսել բարձր երկինքների մասին պատմող միատոն ձայնը, խզվում էր երկնքից կառչածիս վերջին փրկաթելը։ Մի ծուղակ էլ կար, որ քաղաքը լարում էր գլխիս միջով։ Մարդկանց անընդհատ բզզացող հոսանքում չդադարող ձայները մենության հակապատրանք, մարդկանցով շրջապատված լինելու զգացողություն էին ստեղծում, ու մինչ փողոցում միևնույն ուղին միասին կիսող երկու հարյուր մարդու անհատականության մեջ իմ կշիռը տարրալուծվում էր ևս երկու հարյուր անգամ, փողոցային աղմուկը շշնջում էր՝ «դու միայնակ չես»՝ բոլորիս թողնելով մեր սեփական մենության ողբերգական իրականությանն անտեղյակ լինելուն հանդիման։
Բայց այս գիտակցության կողքին կարծում էի, որ այդ ծուղակներից կխուսափեմ։ Վստահ էի, որ չեմ սայթաքելու։ Մտածում էի՝ քաղաքի անկենդան ոգու հետ բաժին չունեմ, կարող եմ աչքերս փակ անցնել ՝ երբ փորձությունը ներկայանա, ասում էի ինքս ինձ՝ փոսը տեսնողը չի կարող ընկնել ու մեկ ամսվա մեջ արդեն երկու ընկեր էի գտել։ Երբեմն ազատ ժամերին գարեջուր էինք խմում ստորգետնյա պանդոկներում։ Նրանց հետ շփումը փրկում էր խելագարությունից, ցերեկը՝ դռան ետևում, գիշերը մահճի տակ թաքնված մենության ստվերը փախչում էր։ Պատահում էր՝ քնած, թե արթուն, գլխումս մի բան էր ճռռում, պողպատի պես զնգում, ու ես երկու ափերով փակում էի ականջներս, որովհետև մի ձայն, չգիտեմ իմ միջից, թե տափաստաններից եկող, մետաքսե հովվերգությամբ ինձ իր մոտ էր կանչում։ Նախկինում էլ էի այդ ձայնը լսում։ Գիտեի, որ եթե տեղի տամ, սրնգի քաղցր թակարդն ընկնող վիշապօձի պես ինձ կվերցնի, կտանի, կկախարդի ու կփակի։ Մի քանի տարի է՝ մեղմ շոյում էր ականջներս, թե մի հոսող ջուր էլ լիներ՝ գետ կամ առու, խառնվում էր սուլոցքի հետ ու ծոր տալիս մտքերիս մեջ, ինձ ասում էր․ «Լսիր։ Միայն մեկ անգամ»։ Բայց ես գիտեի՝ եթե տրվեի, ինձ կտաներ ու կփակեր անվերադարձ։
Աշխատավայրում ղեկավարությանը գոհ էր։ Իմ քչախոսությունն ու առանձնապես հանգիստ բնավորությունը հավանելով խոստանում էին՝ էսպես շարունակեմ՝ «լավ կլինի»։ Գումարը չէր բավականցնում, միշտ ավելիի կարիք կար։ Բնակարանի վարձը ուշացնելու պատճառով երբեմն տան տերը սպառնում էր նույն սենյակում ինձ հետ համաբնակեցնել արտերկրացի մի ուսանողի։ Խնդրում էի, որ համբերի, մեջ էի բերում համբերության, եղբայրասիրության մասին ազգային ու կրոնական ասացվածքներ, երկու-երեք օր էլ էի շահում։ Լինում էին շրջաններ, երբ նախորդ օրերի չորահացն էի թրջում, ծամում, բայց պարտքերի մի մասը մարել էի։ Զգում էի, որ երբ ազատվեմ, հանգիստ շունչ քաշեմ, ծանր օրերը կթոթափվեն։
Չորրորդ ամիսն էր, ինչ քաղաքում էի։ Եղանակը փոխվել էր, սառնությունը ճաք էր գցում ձեռքերիս կոճերի, փոսերում կուտակված սառցաջրերի, մարդկանց խոնավ շրթունքների վրա։ Տնօրենությանը զգուշացրել էի՝ կգնամ, եթե այս ամիս գումարը չբարձրացնեն։ Սպառնացել էի, որ գյուղ կվերադառնամ։ Տնօրենն ասաց՝ ժամը յոթին գնամ փողոցի անկյունի գինետուն, ինքն այնտեղ է լինելու, մի-մի բաժակ կխմենք, համաձայնության կգանք։ Սա առաջին ձմեռն էր՝ տանից հեռու։ Քաղաքում բնական փայտով չէին տաքանում մարդիկ ու փողոցում որքան էլ առատ ձյուն գար, սպիտակ հորիզոններում տարածվող մխահոտը միշտ պակասում էր լիարժեք ձմռանը։ Գինետան դուռը բացեցի, մաճառահյութին խառնված մի թանձր սխտորաբույր շիթով խփեց դեմքիս։ Անկյունից ինձ նկատեց, ձեռքով հրամայական կանչեց իր մոտ, ու մինչ կմոտենայի շշի առջև նստած տնօրենիս, ես զգացի, որ մաճառի ու սխտորի տաք բույրը գինետնից շատ ավելի այն կողմ, հեռավոր մի տեղից է գալիս, ինձ կանչում է, խոսում ինձ հետ, բայց չէի մտաբերում՝ որտեղ եմ զգացել, որտեղից էր այն։