…Ներանց, ովքեր ուրախությամբ իրենց սերը պահ տվին ինձ նոր միայն հեռացան:
Չորս օր բանատեղ չդրի, այդպես լինում է, երբ աչքերդ խենթի սուր հայացքից ես փախցնում, բայց պրծում չկա՝ «հեռանալ» բառիս հետ մի բան այն չէ, գուցե հիվանդացրել էի նրան, մինչդեռ երբևէ ճամփորդելու, գնալու, հիմնական տեղս փոխելու մասին խորքային չէի մտածել, եղել էին ակնթարթային առերեսումներ՝ տուրիստական բուկլետներում ներկայացված ափամերձ քաղաքների, կամ լեռնային հանգիստը նկարագրող գովազդների հետ, ուրիշ ոչինչ, այսինքն հիմնավոր պատճառներ չունեմ, թե օրեր շարունակ հանգիստս բռնած խոսքը որտեղից ու երբ է վարակվել:
Մտքումս «հեռանալ» բառն իրեն այսուայնկողմ է նետում, իրենից հոմանիշներ է ծնում՝ «քաշվել-գնալ»: Անցյալի փորձիցս հասկանում եմ, որ այսպիսի շարունակությունը դժբախտության կբերի (մարդկանց խորշանքները, ամիսներով հիվանդասենյակում փակվելու, իսկ գլխավորը ներան այլևս չայցելելու…) ու գլխումս Բառահատման սրահն է պտտվում, որից խուսափում էի, փոքրուց որոշակի բառեր տարել էի այնտեղ, սրանց մտքիցս կտրել-հանել էին, հատելու պրոցեսը վանում ու չեմ մտաբերում, ինձ հուսադրում եմ՝ կանցնի, համբերի՛ր:
Հեռանալ բառը տեղով վտանգավոր երևույթ է, փողոցներում, տներում, ամենուր փակցված էկրանիկները գուժում են հիվանդ բառերի դեմ պայքարելու միջոցները, և հատկապես նախազգուշացնում են «հեռանալ»-ու անսպասելի ու մահավտանգ խորամանկությունների մասին:
Հեռանալ-ն իրենից արտադրում է նաև անջատվելը, ու ես հետզհետե քաշվում եմ մարդկանցից, սիրտս անհագիստ է, շարժումներս սովորականից տարբերվող՝ ցատկող, արագացող, հանկարծակի դադարող, սրանք ինձ կմատնեն, տնից ելնելուց առաջ ճիգ եմ գործադրում, որ ամենքի նման հավասարաչափ քայլեմ: Միացնում եմ էկրանիկն ու երեխաների համար նախատեսված քայլերի շարժանկարները վերհիշում՝ նորից չափումներ եմ կատարում՝ մի ոտքս մյուսից` հեռավորությունը 30 սմ., արագությունը 12 րոպեում 1 կիլոմետր. այս ամենը, որպեսզի մարդիկ միանման շարժվեն ու անսպասելիությամբ մեկը մյուսին չխանգարեն, մտածողությունը գրեթե միևնույն, իսկ հիվանդ բառերը ներխուժում այլանդակում են միօրինակությունը: Առավոտյան անկողնուց թռա. դուռը, մի թևիս հագած շապիկը, ոտքերիս կոշիկները ինձ գցեցին դուրս. արագ էի վազում. պատկերները լուծվում են. դեղատան կանաչ լույս, կարմիր շրջազգեստ, գլուխը կախ՝ օդում հետագիծ թողող ձեռքեր…(ժամում 30 կմ. վազք, մտածողությունս մասնիկային քար-կատու-մարդ, առանց գույների ու վերլուծության, տեսողությունս աչքերից ներս չանցնող) որովհետև, երբ երազներումս քեզ կարոտում ու օձից կծածի պես զարթնում եմ, վազում եմ, որ տեսողությունս չմարսի շուրջս:
Երկու կին զրուցում են՝ փայտացած հայացքներով, առանց շուրջը նայելու՝ միմյանց աչքերին հառված, զրուցելու կերպը միայն այդպես է հնարավոր, եթե կողքերդ նայես՝ մեկ այլ իրողոթյուն, առարկայի բերես քո հայացք ու շարունակես զրուցել, դիմացինդ անմիջապես կնկատի ու կկապվի սրահի հետ: Կամենում եմ աննկատ անցնել, վազքս հանդարտում ու նախատեսված արագությամբ հավասարվում եմ ներանց, ասես պայմանավորված՝ երկուսով լռում և ուղիղ աչքերիս են նայում, անժպիտ, անկյանք, կարծում եմ, ներանցից հատել են բոլոր հիվանդ խոսքերը ու թողել են այո, ոչ-ը, այժմ այնքան են շատացել դատարկամտերը, որ դող է ընկնում մարմինս, ափերով փակում եմ ներանց հայացքն ու ցաքուցրիվ շարունակում եմ քայլել,- երիտասա՛րդ,- ճչում է ներանցից մեկը, մյուսն ասում է՝ Ձեզ շնորքով պահե՛ք: Այլևս արագ, անբնական եմ առաջանում, ներանք պայուսակներից հանում են էկրանիկներն ու նկարում են ինձ,-ես որսվել եմ, բռնվում եմ, – ասում եմ ինքս ինձ ու առանց շրջվելու փախչում եմ…
Սպասում, ինձ զսպում եմ և լողավազան այցելելու օրերին եմ ներան մտաբերում ու ջրի տակ արտասվելու ընդունակություն եմ ձեռք բերում, որպեսզի չնկատեն: Գոնե կիրակին շուտ մոտենա, նե երկու ամիս կլինի հիվանդասենյակում է, յուրաքանչյուր կիրակի հարազատները հնարավորություն ունեն այցելելու այնտեղ, վարակվելուց խուսափելու համար՝ հիվանդներին պահում են ապակիներով բաժանված հեռավորության վրա ու մեկը մյուսի ձայնը չի լսում:
-Կգա՛ս, – մատնվելուց առաջ ասում էր նե, – բերանդ կմոտեցնես ապակուն ու բժիշկներից աննկատ գոլ կփչես, հետո մի քանի կտոր գալարուն ալիք կնկարես, ես կտեսնեմ, – ասում է, – նորից կհիշեմ բառս… չբռնվես, – ասում է, – ոչ մի դեպքում չբռնվես, որ կարողանաս ինձ հիշեցնել…
Քանի նե կողքիս չէ, երկուսիս հոգեհարազատ բառը հեշտությամբ է թաքնվում, ինչպես ասեմ ներան, որ երկու ամսվա ընթացքում, մեր վատառողջ բառն այնքան եմ դրել ճնշման տակ, մամլիչով սեղմել, ինչի հետևանքով ուրիշներն են եկել՝ ցրվել մտքումս, սրանցից հեռանալ-ը մյուսներին անցել ազատ շրջում է գլխումս, տարածվում է անսանր մազերումս, մարմնիս յուրաքանչյուր շարժման մեջ իրեն հայտնում է, սա ահ չունի, չի ենթարկվում մամլիչին, մտքումս բռնում սեղմում եմ պատերին, արյունաքամ անում, բայց նա կրկին սպրդում՝ հավաքում է հոմանիշներին ու անցնում պայքարի, հիմա՛ր բառ, նույնսիկ չգիտի, որ տենչում եմ իրեն պաշտպանել, Բառահատման սրահում նրան բռնելու են ստորացնեն, տառառտառ առանձնացնեն ու վերացնեն: Երբեմն պառկում, ափերով բռնում եմ գլուխս, քունքերս շոշափում ու հենց զգում եմ հեռանալ-ն այնտեղ է՝ խոսում եմ հետը, համոզում եմ թաքնված մնալ, բացատրում եմ՝ նա էլ ուրիշ մեկից է ծնվել, որ առաջացել է իմ ու ներա գլխավոր բառից, ինչը տարիներով փայփայել ու թաքցրել ենք, հիմա եկել ուզո՞ւմ ես մատնել մեր սիրելի բառը:
-Մի անգամ արդեն իմ սիրտը թալանել են, – ասում էր նե, – մտել՝ ճանգրել, դուրս գալիս էլ անոթները պոկել են, չմոռանա՛ս ալիքները…
Քիչ-քիչ հասկանում եմ, որ հեռանալ բառը դավաճան է, բառահատման սրահի կամայականություն, եկել է, որպեսզի իր հոմանիշներով անջատի ինձ ներա պահ տված բառից, ինչպե՞ս վարվեմ. պառկում՝ մտմտում եմ, հետզհետե սպանում եմ մարմինս, որտեղ նա բնավորվել ու մեկնելու շարժում է առաջացնում: Էսօր մահացնում եմ ոտքերիցս մեկը՝ ծալում դնում եմ տակս թմրում է, սակայն մտքումս պարող մարդ կա, ում շարժումները սև են. արմունկները, ծնկները բոլոր միացման կետերը կտրված են ու անտես. ինքս ինձ պարացնում եմ, որ խավարում կայծեր առաջանան՝ մթնագույն մարմինս մթով իր գծերն առանձնացնի, լույսից փրթիկներ արտադրի ու ներա թողած բառը փնտրի. այս միանման քաղաքում հեռանալ-ն իր մեխանիզմներով, «գլուխն առնել գնալու» հոմանիշ խոսքերով ինձ կործանման է տանում:
Երբ միասին թափառում էինք քաղաքում, տարեց մարդու հանդիպելիս ասում էի.
– Մեզնից շուտ ես գնալու՝ աչքերովդ թարթի մեզ, որ երկնքում ցույց տաս:
Ոնց որ ապարատի դիմաց՝ գրկվում նայում ենք ծերունու աչքերին (ես մտքում ունեմ ներան, կղզիները, անտառի խրճիթն ու…) ու թարթ: Մեզ չորս կողմից նկարում են, մենք ֆոտոապարատների աշխարհում ենք, մեր բոլոր կադրերը տանելու են վերևներին ցույց տան, մենք ֆոտոալբոմ ունենք վերևում, մեզնից ոչինչ չի մոռացվում, որովհետև մարդիկ զբաղված են միայն մեզ նկարելով ու մեզնից առաջ մեռնելով՝ շուտ գործն էնտեղ հասցնելու մոլուցքով:
Կիրակի. Բառահատման սրահում մարդկանց կուտակումներ են, բուժանձնակազմը յուրաքանչյուրին հատուկ թղթեր է տրամադրել, մարդիկ իրենց անառողջ բառերը դրանց վրա են լրացնում, և սպասում են անվանականչին: Տարեցները գլխահակ նստել են պատի երկյանքով, ավելի երիտասարդները ճաղավանդակ պատուհանների մոտ են կանգնել, իսկ երեխաների սենյակից լացի ձայներ են լսվում, սենյակի դուռը շրխկաց հետնապատին՝ աղջնակն արտասվելով վազեց սրահով մեկ ու ընկավ կողքս, գրկեցի հատակից բարձրացրի՝ նե սնկրտալով ցույց տվեց թաթիկներում ճմռված թուղթը, սրա վրա գրված էր՝ «կարմիր լուսին»: Ուրեմն երեխան կարմրած լուսին էր տեսել՝ հրճվել ու մտքում պահել, հետզհետե լուսինը ծնել էր իր հոմանիշներն ու աղջնակին հեքիաթային աշխարհ տարել: Ծնողները զգացել էին հիվանդագին բառի ներկայությունն ու բերել էի Հատման կենտրոն:
Ներա մայրը մոտեցավ գրկիցս վերցրեց երեխային, աչքն ընկավ թղթիս բառին՝ «հեռանալ», ու վախվորած՝ դստերն իրեն սեղմելով ծլկեց մանկասենյակ:
Այս կիրակի ներան չեմ տեսնում, քանզի փողոցում հանդիպած կանանց նկարահանածը տեղ է հասել, ինձ բերել են Հատման կենտրոն, մինչ նրանք գլխիս են միացնում սարքերն ու շարժապատկերներով ստուգում արձագանքման ռիթմերս՝ ես խաղաղությամբ ննջում եմ, որովհետև վախենալու բան չունեմ. նրանք գտնելու են իրենց իսկ ստեղծած «հեռանալ» բառը՝ արնաշաղաղ, սպանված, որն այդպես էլ չկարողացավ հասնել ներա թաքցրած խոսքին…
Հաջորդ օրը զսպելով ուրախությանս դրսևորումները՝ հետևելով ոտքերիս հեռավորությանը՝ 30 սմ., շտապում եմ ներան դիմավորելու. նե Բառահատման համազգեստով տղամարդու ձեռք է բռնել՝ կիսով հենվել սրա ուսին, մոտենում եմ՝ բարևում, քանի սրիկան ներա կողքին է չի ստացվում կարգին բան խոսել, նե ասում է՝ մենք ամուսնանում ենք, կարող ես շնորհավորել, ես բռնում եմ ներա ձեռքը, իբր շնորհավորելու՝ պինդ սեղմում եմ, այնպես որ մատները ալիքվեն ու ներա հայացքը շեղում բերում եմ ալիքներին, նե անհաղորդ է, պաշտոնյան սրում է հայացքը՝ ուղիղ աչքերիս է սևեռվում, գնալուս ժամանակն է, ներանից այլևս անջատել են մեզնից ծնվածին, բայց նե հասցրել էր իր հիվանդ բառն իմ մեջ պահ տալ…