Լևոն Խեչոյանին
Խոսքը, որ ծնվում է այնպես, ինչպես խոտն է ծիլ տալիս,
հողի սիրտը պատռելով` լույս աշխարհ դուրս գալիս, այդ խոսքը պահ ես տալիս անծանոթ մեկի ունկին այն նույն հավատով, ինչ սերմնացանն է հերկում ցելը: Այդ հավատով մեկ էլ մարդուն ես պահ տալիս հողին: Մեկ էլ երկիրը` զինվորին: Մեկ էլ հոգին` Տիրոջը: Բուրվառ ես խնկում ջանադրաբար, քանի դեռ չես հաշվել, թե արծաթը որքան առատ է հոսում, աղոթքդ թեժանում է Տիրոջ տան մեջ, երբ մեղքերդ դեռ լինելու են: Բառերը նույնպես լինում են աղոթքի մեջ ու հայհոյանքի, սիրո մեջ ու թշնամանքի, փրկության մեջ ու կործանումի: Բառերը լինում են աննյութ ու անկշիռ ու անմեռ, նաև նյութ ու կշիռ ու մահ ցուցանող, երբ խոսք են զուգում: Ու ծնվում են բառերը հենց մահվան թիկունքում, ու մեռնում են բառերը շատ սիրվելիս, ու ապրում են բառերը` ի հեճուկս ատելության: Ու հեռանում են մոգերը, որ խոսք են դավանել: Ու գալիս են հավատավորները, որ խոսք են տարածում: Ու լինում է ամեն բան խոսքի մեջ ու խոսքով ու հանուն խոսքի: Միշտ ու երբեք:
Երբ Կամյուն ասում է` անտրամաբանականի տրամաբանությունն աբսուրդի մտածողությունն է, – սարսռում ես խոսքի ու մտքի տոնահանդեսում:
Երբ Բակունցն ասում է` մեր լեզուն կարոտ է, տխրություն, զայրույթ, այդպես Ղաթրինի ձորում երգում է կաքավը և մթնում կարկաչում Ցուրտ աղբյուրը, – ծնկներդ ծալվում են դեռ քնի մեջ երազ տեսնելիս, իբր` կաս, մարդ ես ու հիշողություն ունես:
Իբր գրող ես ու հիշողություն ունես:
Գրողի հիշողությունը մարդու հիշողության էն շատ ինքնատիպ տեսակն է: Գրողը հիշում է մի բան, որ չի տեսել, չի լսել, չի համտեսել, հոտը չի առել, չի շոշափել, չի զգացել անգամ յոթերորդ զգայարանով, մտքովն իսկ չի անցել, ենթագիտակցության մեջ էլ չկա: Ինտուիտիվ այդ հիշողությունը կա ամեն գրողի բջջակազմում: Գրելիս հենց այդ հիշողությունն է արթնանում: Գրելիս բառերը քայլում են ու վազում ու փախչում են քեզնից, հետո գալիս փաթաթվում են վզիդ, փարվում են կրծքիդ ու ընկնում ոտքերդ, հետո խորշում են քեզնից ու քեզ դավաճանում, երբ համոզվում են, որ իրենց տերն ես ու սպասավորը: Դու բառ ես շնչում ու արտաշնչում, դու տող ես բեռնում ու բեռնաթափում, դու հուշ ես մոգոնում ու հիշում մոգոնածդ: Ու մերթ որոնում ես անտրամաբանականի տրամաբանությունը, մերթ լսում ես երբևէ չլսածդ` ասունի լեզուն իբրև անասունի երգ, իբրև աղբյուրի կարկաչ, մերթ էլ քեզ ես տեսնում աշխարհը տեսնելիս` դեռ ոչ մեկին ու ոչինչ չտեսած:
Բառդ աշխարհն է, աշխարհդ` բառը, տողդ բաց երակ է, որ արյուն է ոթում, կյանքդ բառ է, բառդ` կյանք: Այսպես դատելիս անգամ պատսպարվում ես խոսքով, որ հիշողությունդ է լրում: Գրում ես ու քրտնահոտի պես ռունգերդ լցվող բառերից խորշում նույնքան դիվահար, որքան մառախուղի թացից ես խորշում` ճամփաբաժանի պռնկին մոլոր կանգնած: Գրում ես, ու բառերը շնչափողդ են թռնում, տողերը չխկչխկում են արհեստական ատամներիդ արանքում ու փշուր-փշուր լինում ուժասպառ, տողարանքդ մթնում է հերթական անգամ ու այլևս` անհույս, որ արևածագին Լեռը մոտ է լինելու: Հետո գրում ես` առանց գրելու, հետո չես գրում` գրելով անգամ, հետո նահանջում ես` դեռ չհարձակված ու հաղթում ես քեզ` պարտվելուց ավելի ամոթ զգալով, հետո հեռանում ես` դեռ ճամփա չելած ու տեղ ես հասնում ետդարձի ճամփին: Այսպես գրում ես, որ շունչդ տեղն ընկնի, որ արյանդ գույնը չխամրի ու մնաս, երբ արդեն գնացել ես, ու թիկունքդ ամենքին արած` հեռանաս, երբ արդեն կաս ու կաս: