Լեոնարդո Ալիշան — Նարդո։
Ծնվել է Թեհրանում հայ ծնողներից։ 1973-ից ուսանելու համար հաստատվել է ԱՄՆ-ում։ 1978-97 թվականներին պարսկական և համեմատական գրականություն է դասավանդել Սալտ Լեյք Սիթիի, Ութահ համալսարանում։
Նրա բանաստեղծությունները և պատմվածքները տպաագրվել են Ամերիկյան ազգային և միջազգային պարբերականներում, քանիցս մրցանակներ բերելով բանաստեղծին։
Ալիշանի առաջին գիրքը «Dancing Barefoot on Broken Glasss» տպագրվել է 1991 թվականին Նյու Յորքում։ Նրա բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն «Through a Dewdrop» տպագրվել է Գլենդելում, 2002 թվականին։
Հրկիզվել է 2005 թվականի հունվարի 9-ին Սալտ Լեյք Սիթիում։
Մի զգացում
Մի զգացում պարուրել է արթնանալս
այս առավոտ, լճակի պես
շրջանցելով մահճակալս։
Մի զգացում անհատուցելի մի կորստի
նման դատարկված գինու շշի,
փոստարկղ նետված մի նամակի,
նաև այն նվերի,
որ երբ բացվում է, ինչ-որ բան դառնում
այն կնոջ նման, որ վստահ է,
որ սիրված է արդեն։
Մի զգացում
շատ ավելի խորթ քան տրտմությունը,
ավելի հյուծող,
քան ընկճող,
ներսումդ բացված սև փոսի նման
կլանելով կարևորը և լույսն ամենայն։
Այն զգացումը, որ այս առավոտ
այնքան մերձավոր
որքան մի քույր – սիրեցյալ – ընկեր,
և այնքան խորթ որքան ամեն օտարական
ոմն, ինձ երազելիս ավանդեց հոգին։
Հոգնաբեկ մտքեր
Նրանք տաս միլիոն ական են թաղել
աֆղանիստանում, մեկ ական
յուրաքանչյուր կամ երկու-երեք աֆղանցու համար
առանց տարիքի կամ տոհմային խտրականության։
Մայրերի արգանդների մեջ մահ են սերմանել
եվ ուտելիքի հետ, արհեստական ոտք ու ձեռք են
օդից շաղ տվել։ Նրանք ական են ցանել
Աստծու բարձի տակ և նրա աղավնածոր երազների։
Ամեն գիշեր մի նոր մութ երազ
թևերն է բացում երազներիս մեջ։ Այս առավոտ արթնացա,
սարսռացնող գլխացավով։ Հոգնած արթնացա։
ամբողջ գիշերն ես, ական էի պայթեցրել, կամ չեզոքացրել։
Մի երազ այնքան իրական, ստուգեցի մարմնամասերս
իմն էին դեռ։ Մի երազ այնքան մութ
սիրտս ստուգեցի։ Աստված դեռ մեջն էր։
բայց դեռ ականներ կային այնտեղ։
Խնդիրը տաս միլիոն ականներն են,
տաս միլիոն մարմնամասեր, տաս միլիոն կյանք, տաս միլիոն
երազ, նետված մեկ կողմ Ասծո սրտում, որ վար է անում հողագործների հետ և ապրում իմ մեջ։
Հրաշք
Առյուծը քաղաք մտավ
ինձ հարցնելով։
Նա ինձ չգտավ։
Ես եկեղեցում էի, աղոթում՝
որ առյուծը տեղ հասնի։
Հաղորդություն
Բա՞խ։
Ո՛չ։
Ինձ տվեք խենթ կոմիտասին։
Ինձ տվեք կյանքի վերջին տարիներում
իր հոգու վերջին բջիջներում,
նրա հորինած
և անապատի
ավազի վրա գրած
երաժշտական գործերը։
Ո՛չ։
Բախի Աստվածը
Մայր տաճարի Աստվածն է,
ըստ մաթեմաթիկայի շատ ճշգրիտ։
Ինձ տվեք իր մի բուռ նոտաները
մեկ միլիոն և հինգ հարյուր հազար մահացածների մեջ փնտրող
իմ խենթ կոմիտասին։
Ինձ տվեք երաժշտությունը ստեղծված հացով
թխված արյունով։
Թողեք անթերի Հայրը
Բախինը լինի,
Թողեք Բախի անթերի երաժշտությունը
իր Հորը մնա։
ինձ տվեք այն հասարակ մանյակը
պատրաստված մի հաշմանդամ Ասծո
ատամներից։
Այո։ Ինձ տվեք
Կոմիտասին։
Թարգմանությունը անգլերենից՝ Խաչիկ Խաչերի