Բազմադարյա պատմություն ունեցող հայ-իրանական փոխառնչակցության յուրահատուկ դրսևորումն է թե՛ իրանցիների ներկայությունը հայ գրականության մեջ և թե՛ հայերինս՝ իրանական պոեզիայում և արձակում։ Անդրադառնալով հայերի կերպարին պարսից գրականության մեջ՝ պետք է հիշենք, որ իրանական գրականության թերևս բոլոր շրջափուլերում էլ առկա է հայը։ Իրանական ժամանակակից գրականության մեջ իրանահայ համայնքը և անհատապես հայը պատկերված են Մոհամմադ Ալի Ջամալզադեի ուղեգրություններում, Մոջթաբա Բոզորգ Ալավիի «Սենյակիս պատմությունը», Սադեղ Չուբաքի «Իրիկնավարտ», Մոնիրու Ռավանիփուրի «Հերոս», Փաքսիմա Մոջավեզիի «Քառասունութ աստիճան», Ռեզա Ամիր Խանիի «Հայ Նասերը» և այլ պատմվածքներում։ Ուշագրավ է իրանահայ արձակագիր Զոյա Փիրզադի ստեղծագործությունը, որտեղ դեպքերը մեծավ մասամբ զարգանում են հայ համայնքում (հատկապես՝ «Լույսերը ես կհանգցնեմ» վեպը)։ Իրանական արդի վեպերից կարելի է նշել Գոլի Թարաղիի «Վերադարձ», Ռեզա Ամիր Խանիի «Ես՝ Նրանը» և մի շարք այլ երկեր, որոնցից յուրաքանչյուրում հայը պատկերված է յուրովի։
Մեր աշխատանքում կանդրադառնանք ամերիկաբնակ իրանցի ժամանակակից հեղինակ Հոմա Ջասեմիի «Ախթամար» ժողովածուին և մասնավորապես՝ այն պատմվածքներին, որոնց գեղարվեստական առանցքը հայը կամ հայկականությունն է։ Հոմա Ջասեմին ծնվել է 1963 թվականին Թեհրանում: Բարձրագույն կրթությունը հոգեբանության բնագավառում ստացել է Թեքսասի համալսարանում: Մի շարք պատմվածքների, գիտական հոդվածների հեղինակ է: Նա այժմ բնակվում է ԱՄՆ-ում: 2021 թվականին Իրանում լույս է տեսել նրա պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Ախթամար» խորագրով[1]։
Տասնյոթ պատմվածքներից բաղկացած այս ժողովածուի երկու՝ «Ախթամար» և «Անետն ու Այլինը» պատմվածքները հայերի մասին են, իսկ գլխավոր կերպարները՝ իրանահայեր։
Ուշագրավ է «Ախթամար» պատմվածքը, որի վերնագիրը կարդալիս արդեն հայ ընթերցողի աչքի առջև պատկերվում է հայկական հայտնի լեգենդը, և մտածում է՝ միթե պատմվածքը հյուսված է այդ պատումի շուրջ, կամ ինչո՞ւ է օվկիանոսից անդին բնակվող մի իրանցի հեղինակ անդրադարձել հայկական լեգենդին։ Հարց է առաջանում՝ այստեղ հեղինակը դիմել է գրական հնարքի՞, թե՞ դա զուտ արտահայտչամիջոց է՝ պատումին ավելի խորքայնություն և գեղեցկություն տալու համար։ Հարցի պատասխանը տվել է հենց ինքը՝ Հոմա Ջասեմին, իր հարցազրույցներից մեկում։ «․․․․Ամեն ինչ սկսվեց Սպահանի կամուրջներին նմանվող կամուրջի վրա մի աղջկա նկարի նայելուց: Մի օր փնտրում էի Գուգլի քարտեզները՝ պատմվածքիս համար իսկական հրուշակեղենի խանութի անուն գտնելու համար և «Ախթամար» հրուշականոցի անունը տեսա։ Չհասկանալով, որ ենթագիտակցությանս մեջ ձևավորվում է պատումի մի հատվածը, հետաքրքրությամբ փնտրեցի բառի իմաստը և իմացա հայկական «Ախթամար» լեգենդի մասին։ Պատմվածքը գրելը քանիցս թողեցի, բայց ժամանակ առ ժամանակ թափառում էի Սպահանի հին լուսանկարների մեջ, մինչև որ մի օր տեսա Հոլսթրի և նրա հայ կնոջ նկարը։ Պատկերացում չունեի, որ այդ գերմանացի ինժեները կհայտնվի իմ պատմության մեջ և իր փայտե եռոտանիով տեսախցիկով կլուսանկարի Սիոսեփոլը։ Քանի որ ծանոթ էի գերմաներենին, սկսեցի ուսումնասիրել նրա կյանքը և խորասուզվեցի նրա՝ Սպահանից արված լուսանկարների մեջ։ Բանը նրան հասավ, որ երբ նայում էի նրա Սպահանի տան նկարին, թվում էր՝ անցյալ եմ մտնում, լսում կյանքի ձայնը այդ սև ու սպիտակ, գեղեցիկ բնապատկերի միջից և այն օթյակաձև պատուհաններում տեսնում եմ Հոլսթրին ու կնոջը՝ Մարիամ Հախնազարին։ Հենց այդ արտասովոր զգացողություններից էր, որ թույլ տվեցի նարատորը ինչ-որ տեղ ասի․ «պապան ունի նրա նկարների գիրքը: Անունը Հոլթսր է: Պապան ասում է՝ Սպահանում մարդիկ չեն մեռնում, պատմության գիրկն են անցնում»։ Այդպես, Գուգլի քարտեզներում տեսա Վանք եկեղեցին ու վարդապետ Կեսարացու արձանը։ Տասնյակ հոդվածներ կարդացի եկեղեցու և վարդապետ Կեսարացու մասին և շարունակ փնտրում էի, թե վարդապետի՝ եկեղեցու դիմացի արձանի ձեռքին ինչ կա։ Սպահանի ու Ջուղայի մասին այնքան լուսանկարներ ու տեսանյութեր նայեցի, որ զգացի՝ պատկերացնում եմ պատմվածքիս մթնոլորտը ոչ միայն ներկայում, այլ նաև այն ժամանակ, երբ Հոլսթրը կամ վարդապետ Կեսարացին շնչում էին Սպահանում։ Երբ գրելն ավարտեցի, ընկերոջս միջոցով պատմվածքս մի հայուհու հանձնեցի։ Նա ասաց, որ կարդալիս հուզվել է, և իրեն թվացել է՝ կարծես ինքն է պատմության հերոսը, և զարմացել, թե ինչպես եմ կարողացել պատկերել հայ ընտանիքի։ Այդ ժամանակ էր, որ հասկացա՝ պատմվածքը պատրաստ է, գործս՝ ավարտուն»[2]։
Հեղինակի այս խոսքերից կարելի է ենթադրել, որ հայկականությունը տվյալ պատմվածքում ավելի շատ գեղարվեստական պատկերավորման միջոց է։ Այս հարցը պարզելուց հետո փորձենք հասկանալ, թե ինչ սյուժե ունի պատմվածքը։ Պատումի գլխավոր կերպարը Արլինն է՝ Սպահանում բնակվող Ստեփանյանների ընտանիքի դպրոցահասակ դուստրը, որի հայրը կոտրել է իր ոտքը, և տնային բուժումների համար իրենց տուն է գալիս իրանցի երիտասարդ մի բժիշկ։ Հետագայում ամբողջ պատմվածքը զարգանում է Արլինի և բժշկի՝ կիսով չափ իրական, կիսով չափ երևակայական ու ցնորական սիրո դրվագներով։ Եվ նրանց սերն էլ կարծես մի յուրօրինակ «Ախթամար» լինի։ Արլինն ինքն էլ, հասկանալով, որ հրապուրված է մուսուլման երիտասարդով, գիտակցում է, որ իր սերը դատապարտված է ձախողման՝ մտածելով․ «․․․․ամաչում էի, որ աղոթում եմ՝ հայրս երբեք չլավանա»[3] կամ «․․․․եթե պապան գլխի ընկնի, որ սիրահարվել եմ մի մուսուլման տղայի, ինչ կլինի հետս»[4]։
Պատմվածքում մի յուրօրինակ թելով հեղինակը հյուսում է Արլինի հոգեկան անառողջության փաստը։ Խոսվում է նրա շփոթվածության, շարունակական ձայներ լսելու, բժիշկներին այցելության ու դեղահաբերի մասին։ Հերոսուհու աչքին հաճախ են պատկերվում տեսիլքներ, որոնցից մեկն էլ, պարզվում է, բժշկի հետ իր սիրո պատմությունն ու «Ախթամարի» Թամար դառնալն է։ Հետաքրքիր կերպով է հեղինակը բացում Արլինի հոգեկան խնդիրների կծիկը։ Արլինը ասում է՝ «․․․բայց ես հենց այդ պատուհաններից (նկատի ունի Սիոսեփոլի օթյակները Ա․ Բ․) էի նայում Զայանդեռուդին, երբ մի օր հայելին ձեռքիցս ընկավ, և ջուրը տարավ այն: Այդ նույն օրն էր, որ նա խեղդվեց: Փնտրեցի նրան պապայի բոլոր գրքերում, Զայանդեռուդի բոլոր լուսանկարներում, Սպահանի ողջ պատկերներում»[5]: Այստեղ է, որ պարզվում է՝ նրանց սիրո ցնորական լինելը, քանի որ ցամաքած Զայանդեռուդն ինչպես կարող է քշել-տանել հայելին, իսկ պատմվածքի վերջում էլ, այս կծիկն էլ ավելի բացելով, Արլինի մայրը դիմում է հոգեբույժին․ «․․․․Բժի՛շկ, որևէ մեկը չի խեղդվել. առհասարակ ուր է ջուր, որ: Անցած տարի մի ուսանող տղա էր գալիս մեր տուն՝ ամուսնուս ոտքը բուժելու: Նա էլ հետո գնաց Թեհրան»[6]։
Պատմվածքի ժամանակը և տարածությունը ևս հաճախ են փոխվում։ Առաջին հայացքից թվում է, թե գործողությունները ներկայում են՝ ժամանակակից Սպահանում, սակայն հերոսները մի յուրօրինակ «ճամփորդության» են ենթարկվում գրքերի, լուսանկարների ու համացանցի միջոցով։ Հատկանշական է, որ, ի տարբերություն, ժամանակի հոսքի այլ ստեղծագործությունների՝ այստեղ նկատելի է, թե որոնք են այն միջոցները կամ վերջնակետերը, դեպի որը պիտի ճամփորդեն հերոսները։ «Ախթամար» պատմվածքում դրանք երեքն են՝ «Ախթամար» լեգենդը, Խաչատուր Կեսարացին և Էռնեստ Հոլսթրը՝ իր կնոջ Մարիամ խանումի հետ։
Ինչպե՞ս է հայկական լեգենդը հյուսվում սպահանյան այս պատմությանը։ Ստեփանյանների տուն եկող բժիշկը ասում է, որ ճանապարհին մի հրուշականոց կար՝ հետաքրքիր մի անվամբ՝ Ախթամար՝ հարցնելով դրա պատմությունը։ Եվ հենց այդ հրուշականոցի անունն էլ դառնում է կամուրջ լեգենդի ու կիսալեգենդ սիրո պատմությունների միջև, որտեղ պիտի հոսեն ժամանակն ու տարածությունը։ Երբ նա իմանում է Թամարի ու երիտասարդի սիրո տխուր վախճանի մասին, Արլինի ցնորքներում իրենց սերը համեմատում է այդ լեգենդի հետ՝ Արլինին էլ այսուհետ անվանելով Ախթամար։
Երկրորդ հարցը, որ տալիս է բժիշկը Ստեփանյաններին, Խաչատուր Կեսարացու՝ Ջուղայի եկեղեցու դիմաց դրված արձանի ձեռքի առարկայի վերաբերյալ է։ Բժիշկը զարմացած հարցնում է․ «․․․․Ներքևում տեսա՝ գրված էր Վարդապետ Կեսարացի[7]՝ Մերձավոր Արևելքի առաջին տպարանի հիմնադիր, բայց ինչքան նայեցի, չհասկացա՝ ձեռքում ինչ է բարձրացրել»[8]։ Հենց այս հարցն է, որ տանջում է Արլինին և հանուն իր սիրելի բժշկի պատրաստ է տառապել, տքնել՝ գտնելու, թե ինչ կա Խաչատուր Կեսարացու ձեռքում։ Եվ շատ հետաքրքիր է այդ տեղեկությունը իմանալու ողջ տքնանքի նկարագրությունը, որը ինչ-որ տեղ անգամ հիշեցնում է հայոց այբուբենի երկնումը։ «․․․․Մինչև ուրբաթ ում տեսա, հարցրի, բայց որևէ մեկը չգիտեր՝ վանահոր ձեռքում ինչ է: Գիշերը հասա համացանցի ջանին և մինչև լուսադեմ ամենուր տակնուվրա արեցի: Ի վերջո, Ազատ Մաթյանի[9] բանաստեղծություններից մեկում գտա այն առարկան, որ վանահայր Կեսարացու ձեռքին էր: Բանաստեղծությունը ոգևորված երեք անգամ կարդացի ու աչքերս փակեցի: Տեսա մանրավաճառների, որ դուրս էին գալիս Վանք եկեղեցու կողքի խանութներից: Անհասկանալի ժխորին խառնված նրանց ոտնաձայները զրնգացին գլխումս: Բոլորը հավաքվեցին ավազանի դիմաց, ուր վանահոր արձանն էր դրված: Հետո նրանցից մեկը ձեռքը երկարեց՝ մատնացույց անելով վանահոր ձեռքի մետաղը: Աչքերս բացեցի: Մաթյանի բանաստեղծության բառերը մեկիկ-մեկիկ անհետանում էին էկրանի վրայից: Ինչքան կտտացնում էի, անօգուտ էր. ստեղնաշարս շարքից դուրս էր եկել: Մոնիտորը մթնեց, թրթռաց, և սենյակումս քստքստոց լսվեց: Վանահայրը իջավ պատվանդանի վրայից, անցավ սաղր ավազանի միջոց և երբ քայլում էր դեպի եկեղեցի, հետևից ջրի բարակ հետք էր նշմարվում: Երբ հասավ ժամի աշտարակի տակ, մի քանի վայրկյան կանգնեց: Վեղարի տակից դեմքը դժվարությամբ էի տեսնում: «Ես Խաչատուր Կեսարացին եմ և մի քանի հարյուր տարի անց վերադարձել եմ Ջուղա՝ ձեզ համար հիմնած տպարանի տառերը փնտրելու»: Եկեղեցու բակում նրա ոտնաձայներն էին լսվում: Վանահայրը բացեց փայտե մի շինության դուռ, որը մինչև այդ չէի տեսել եկեղեցու շրջակայքում, մտավ ներս և կանգնեց կապույտ լույսի տակ՝ կամարակապ ու փոքրիկ պատերով սենյակում, սեղանի վրայից վերցրեց մի հին գիրք, մատը հպեց շապիկի վրայի խունացած գրությանն ու ասաց. ««Դավթի սաղմոսներ»՝ սա առաջին գիրքն է, որ երեք հարյուր ութսուն տարի առաջ տպագրեցինք այստեղ»: Այնուհետև սենյակի փայտե ու մետաղե գործիքների մեջ փնտրեց իր տպարանի հին տառերը: Երբ դուրս եկավ շինությունից, բռան մեջ մի բան էր պահել: Ամենուր մթնել էր: Անցավ ժամացույցի աշտարակի տակով և նորեն կանգնելով հրապարակում՝ իր մշտական պատվանդանի վրա, ձեռքը վեր բարձրացրեց ու ասաց. «Սա հենց Ջուղայի տպարանի առաջին տառն է, որ մատներիս արանքում է»»[10]։
Հաջորդ «կամուրջը», որ ապահովում է պատումի տարածաժամանակային անցումը, հյուսվում է Էռնեստ Հոլսթրի կերպարի շուրջ։ Նա էլ, ինչպես Խաչատուր Կեսարացին, եղել է իրական անձնավորություն՝ մեծ ավանդ ունենալով Սպահանի կյանքում։ Հոլսթրը (1835-1911) գերմանացի ինժեներ և լուսանկարիչ էր, որ 1863թ.-ին առաջին անգամ գնաց Սպահան, այնտեղ ամուսնացավ Մարիամ Հախնազար անունով մի հայ աղջկա հետ: Սպահանի շատ լուսանկարներ հենց նրա կողմից են արվել[11]: Պատմվածքում նրա լուսանկարների գիրքը կապ է ստեղծում հին ու նոր Սպահանների միջև, իսկ հայուհու հետ ամուսնացած գերմանացի Հոլսթրը ասես այն կերպարն է, որ պիտի հեռվից խիզախություն պարգևի մուսուլման բժշկին՝ խոստովանելու իր սերը Արլինին։ Եվ պատահական չէ Արլինի հարցը՝ բժշկին․ «․․․․Որ ի՞նչ ես անընդհատ նկարում ինձ: Չլինի՞ ուզում ես էն գերմանացու նման հայ կին առնել․․․»[12]: Եվ ինչպես նման են Հոլսթրի ու մուսուլման բժշկի կերպարները, այնպես էլ զուգահեռվում են Մարիամի ու Արլինի ճակատագրերը։ Արլինի ցնորքներում ականատեսն ենք լինում նաև 19-20-րդ դարից եկած այդ կնոջը, որ հերոսուհուն պիտի ասի․ «․․․․Աղջի՛կս, ժամանակը կանգ է առել Էռնեստի լուսանկարներում»[13]:
Բայց պետք է հիշել, որ այս ամենը՝ Արլինի սիրո փոխադարձ լինելը, Կեսարացու, Հոլսթրի ու Մարիամ Հախնազարի՝ ժամանակակից օրերում հայտնվելը սոսկ հերոսուհու հոգեկան անառողջության արդյունքն են, և բուժվել նշանակում է մեռցնել, սպանել այն ողջ երազը, որ հյուսել էր Արլինը և այդ տաքուկ աշխարհում էլ ապրում էր։ Իսկ արդեն պատմվածքի վերջում կարդում ենք․ «․․․․Դեղերի թիվը երբ մեծացավ, էլ ո՛չ հետն էի խոսում, ո՛չ է; տեսնում: Երբ նստում էի տաղավարում, պապայի գրքում նայում Սպահանի հին նկարները, Հուլթսրի տունը, որ գունազարդ պատուհաններ ուներ: Կարող էի Մարիամ խանումի պես կանգնել պատշգամբներին ու տեսնել Զայանդեռուդը կամ Սիոսեփոլի պատուհաններին հայելին ձեռքս առնել ու սպասել նրա գալուն»[14]:
Ժողովածուի՝ հայերին անդրադարձող հաջորդ պատմվածքը «Անետն ու Այլինը»-ն է։ Սա ողբերգական պատմություն է երկու քույրերի, նրանց մենության ու դժբախտության մասին։ Ինչպես նախորդ երկում, այստեղ ևս հանդիպում ենք մուսուլմանի և քրիստոնյայի սիրո դրվագի, որը, ի տարբերություն «Ախթամար»-ի, դարձել է ամուսնություն։ Խոսքը պատումի նարատորի՝ Էսիի և Այլինի մասին է։ Հետաքրքիր է, որ նրանց ամուսնությունը ևս միանշանակ չի ընդունվում, հատկապես՝ ընտանիքի ավագ անդամների կողմից։ Ահա, օրինակ, Էսիի մայրը ասում է․ «․․․․ Էսի՛, էդ քո արածը հեչ բանի նման չի․ ցեղում էսքան աղջիկ ունենք, գնացիր հայ աղջկա հետևի՞ց»[15]։
Սակայն պատմվածքում առաջնային չէ հենց այս խնդիրը, և հեղինակը բնավ իր առաջ չի դնում հարցին որևէ կերպ գնահատական տալ։ Պատումի առանցքը չարաբաստիկ մի պատահար է, որի արդյունքում զոհվել են Անետի ամուսինը՝ Էդվինը և երկու մանկահասակ զավակները։ Անետն էլ, աշխարհից կտրված, եկել-հաստատվել է այն ձորի հարևանությամբ, որտեղ տեղի է ունեցել աղետը՝ ապրելով մի փոքրիկ խրճիթում։ Հեղինակը վարպետորեն է հյուսել Անետի խռովքը աշխարհից, նկարագրել նրա մենությունը մութ ու ցուրտ խրճիթում, որի պատուհանները չունեն ապակի, և դրանց փոխարինող մոմլաթները քամու հետ դիվային աղմուկ են բարձրացնում։ Անետի կերպարին զուգահեռ՝ ականջալուր ենք լինում Այլինի՝ նարատորի կնոջ հոգեկան ծանր ապրումներին։ Մեղքի զգացումից, անզորությունից, քրոջ ծանր ու դժբախտ ճակատագրի համար շարունակական մտածմունքներից այս կինը նախ կորցնում է իր հիշողությունը, ապա՝ մահանում։ Եվ միայն պատմվածքի վերջում է ընթերցողն իմանում, որ Էսին եկել էր Անետի մոտ՝ հայտնելու Այլինի մահվան մասին, սակայն գերադասում է վշտահար քրոջ սիրտը էլ ավելի չծանրացնել՝ թողնելով, որ ապրի իր ցնորքների աշխարհում։ Իսկ ցնորքներ, միանշանակ կան․ օրինակ՝ հեղինակը ներկայացնում է՝ ինչպես է սահմանային վիճակի հասած Անետը պատմում, թե ամուսինն ու երեխաները հաճախ են գալիս իր խրճիթ՝ ասելով․ «․․․․Գիտե՞ս՝ խոսելն ինչու չեմ մոռացել։ Մեկ-մեկ Էդվինը գալիս է էստեղ, նստում է կողքս՝ էս թախտին, զրուցում եմ նրանց հետ, երեխաներս խաղում են, մենք էլ՝ նայում նրանց։ Միշտ չէ, որ գալիս են, բայց գալիս են»[16]։
Թե՛ «Ախթամար» և թե՛ «Անետն ու Այլինը» պատմվածքներում հեղինակը հատուկ ուշադրություն է դարձրել ցավի, դառնության պատճառով ճակատագրի լուսանցքում հայտնված հերոսների ներաշխարհի խորքերը թափանցելուն, և հաջողության գաղտնիքն էլ թերևս գրողի հոգեբան լինելն է։
Հետաքրքիր է, թե ինչ միջոցներով է Ջասեմին իր այս պատմվածքներում ստեղծել հայկական միջավայրը։ Առաջին հերթին հեղինակը դիմել է լեզվական միջոցներին․ այսինքն՝ պարսկերենով գրված հայերեն բառերի, արտահայտությունների միջոցով ասես հայկական շղարշ է տվել իր ստեղծագործություններին։ Դրանցից են «բարև», «պապա», «Արլին, կոֆե ուզո՞ւմ ես», «մի՛ վախեցիր», «չէ», «այո» և այլ բառերը և նախադասությունները։
Հաջորդիվ նկատելի է կրոնական կոնտեքստը։ Ինչպես գիտենք՝ հայերը Իրանում կրոնական փոքրամասնություն են, և իրանցիները հաճախ մի արտասովոր խորթությամբ, հետաքրքրասիրությամբ են հայացք գցում հայկական եկեղեցիներին, այնտեղի իրականությանը, որը միանշանակ տարբերվում է իսլամականից։ Այսպես, երկու պատմվածքներում էլ յուրօրինակ ակնածանքով ու խորհրդավորությամբ է խոսվում հայկական եկեղեցիների՝ Վանքի, Սուրբ Սարգսի մասին։ Օրինակ՝ «Անետն ու Այլինը» պատմվածքում երբեք եկեղեցի չմտած Էսին զարմացած ասում է․ «․․․․Էս խաչերը մարդուն «Դրակուլայի» ֆիլմերն են հիշեցնում։ Ես մինչև հիմա ոչ մի եկեղեցի չեմ մտել․ վամպիր-մամպիր չհարձակվե՞ն վրաներս»[17]։ Ապա կարդում ենք եկեղեցու խնկաբույրի, միստիկ լռության, խորանում փակցված Մարիամ Աստվածածնի նկարի մասին։ Հեղինակը նաև հետաքրքիր կերպով է անդրադառնում եկեղեցում աղոթող տարեց հայուհիներին։ Նրանց անվանելով կարճլիկ գուլպաներով ու մուգ գլխանոցներով «կանայք, որ իրենց երիտասարդությունը կարծես կորցրել էին քթոցների, եփված սուրճի հոտերի ու փողոցային փսփսոցների արանքում»[18]։
Այսպիսով, ամփոփելով մեր աշխատանքը՝ կարող ենք ասել, որ
- Հոմա Ջասեմիի «Ախթամար» ժողովածուի երկու պատմվածք՝ «Ախթամար»-ը և «Անետն ու Այլինը» հյուսված են հայերի շուրջը և նրանց մասին։
- Հեղինակը ներկայացրել է իրանահայ երկու ընտանիքների կյանքը, նրանց անձնական, մեծ ու փոքր խնդիրները։
- Երկու պատմվածքներում էլ հայկական թեմատիկան զուտ գեղարվեստական արտահայտչամիջոց է՝ երկն ավելի հետաքրքիր ու յուրահատուկ դարձնելու համար։
- Հայկականությունն ապահովելու համար հեղինակը «Ախթամար» պատմվածքում անդրադարձել է հայկական համանուն լեգենդին, Խաչատուր Կեսարացու և Էռնեստ Հոլսթրի կերպարներին։
- Երկու պատմվածքներում էլ Ջասեմին հայկական միջավայրին համ ու հոտ տալու համար մեծ տեղ է հատկացրել քրիստոնեական տարրերին՝ հայկական եկեղեցիներ, աղոթքներ, ինչպես նաև պարսկատառ հայերենով գրված որոշ բառերի։
[1] پدرم/هما جاسمی https://shahrvand.com/archives/109480
[2] از پرسهزنی میان عکسهای قدیم اصفهان تا خلق آختامار
[3] آختامار، مجموعه ای از داستان های کوتاه – هما جاسمی، چاپ اول، موسسه انتشارات نگاه،1399، ص 152.
[4] Նույն տեղում։
[5] «Ախթամար» պատմվածքը հայերեն թարգմանությամբ հասանելի է
[6] آختامار، مجموعه ای از داستان های کوتاه – هما جاسمی، چاپ اول، موسسه انتشارات نگاه،1399، ص 162.
[7] Խաչատուր Կեսարացի (1590-1646): Եղել է Նոր Ջուղայի առաջնորդը և Ս. Ամենափրկիչ վանքում (վանահայր 1620–1646 թվականներին) կատարել է կրթական-լուսավորական աշխատանք։ Իսկ 1638թ. հիմնել է Իրանի առաջին տպարանը:
[9] Ազատ Մաթյան (ծնվ.՝ 1942)` իրանահայ բանաստեղծ և թարգմանիչ:
[10] آختامار، مجموعه ای از داستان های کوتاه – هما جاسمی، چاپ اول، موسسه انتشارات نگاه،1399، ص 157.
[11] Ernst Hoeltzer and his shots of 19th-century Isfahan
[12] آختامار، مجموعه ای از داستان های کوتاه – هما جاسمی، چاپ اول، موسسه انتشارات نگاه،1399، ص 155.
[13] Նույն տեղում։
[14] Նույն տեղում, էջ 152:
[15] آختامار، مجموعه ای از داستان های کوتاه – هما جاسمی، چاپ اول، موسسه انتشارات نگاه،1399، ص 88.
[16] آختامار، مجموعه ای از داستان های کوتاه – هما جاسمی، چاپ اول، موسسه انتشارات نگاه،1399، ص 92.
[17] آختامار، مجموعه ای از داستان های کوتاه – هما جاسمی، چاپ اول، موسسه انتشارات نگاه،1399، ص 90.
[18] Նույն տեղում։