Այդ ցուրտ աշնանային օրն Աննա Գրեյսն արթնացել էր հակասական զգացումներով։ Նա սրտխառնոց ուներ, քանի որ նախորդ օրը խմած երեք բաժակ թեքիլան չափից դուրս էր իր համար։ Սակայն աշխատանքային երկուշաբթին սպասեցնել չէր տալիս։ Աննան հագավ կոշիկները, որոշեց այդ օրը գեղեցիկ շարֆ կապել, վերցնել փոքրիկ պայուսակը, օծանելիք ցանել և գնալ աշխատանքի։ Նա քայլում էր նյույորքյան փողոցներով թեթև հովի նման։ Ծանոթ կրպակից սուրճ և կրուասան գնեց ու շուտով մոտեցավ գրասենյակին։
Հենց այս պատկերն էր պտտվում Մաթիի գլխում Երևանի փողոցներով զբոսնելիս, երբ արդեն կորցրել էր աշխատանքը։ Նրա մտքում շարունակ ինչ-որ Աննա Գրեյս էր, որն անհոգ ապրում էր Նյու Յորքում, զբաղվում թեթև գրասենյակային աշխատանքով, երեկոյան գնում բար, որտեղ ջազ է հնչում, հանդիպում ծանոթներից մեկին, զրուցում, թե ինչ լավ է ապրել Նյու Յորքում, չմտածել ոչնչի մասին, լինել երջանիկ, քանի որ ամեն առավոտ կա տաք կրուասան, գեղեցիկ սև կոշիկներ, երկար ու բարակ ոտքեր։
Ի տարբերություն իր պատկերացումներում ապրող Աննա Գրեյսի՝ Մաթին իր կյանքն արդեն կործանված էր համարում։ Իսկ այդպես համարելու պատճառները մի քանիսն էին։ Առաջինը նա կորցրել էր աշխատանքը, երկրորդ՝ մի քիչ մրսած էր, երրորդ՝ վաղուց չէր սիրահարվել։
Շուտով նա վերադարձավ իր մեկսենյականոց բնակարան, սուրճ պատրաստեց, շոյեց շան՝ Ռիկոյի գլուխը և միացրեց «I’d rather go blind» երգը։
Մաթիլդան նորից սկսեց պատկերացնել Աննա Գրեյսին և նրա կյանքը։ Մտածեց, թե ինչ հետաքրքիր կլիներ, եթե Նյու Յորքում նա էլ հիմա լսելիս լիներ նույն երգը և փորձեր հաղթահարել սիրելիի հետ բաժանումը։
Սակայն ամեն դեպքում նրա մոտ հավանաբար ամեն ինչ ավելի երջանիկ է։ Օրինակ այսպես՝ Աննան հանդիպել էր Ջոյին, երբ դեռ 18 տարեկան էր, իր ծննդյան օրը։ Ջոն նրան ջին էր հյուրասիրել, ապա համբուրել, ապա ասել, որ հավետ կողքին կլինի։ Աննան սիրում էր Ջոյին, նույնիսկ այնքան, որ պատրաստ էր ամեն ուիքենդի սթեյք պատրաստել նրա համար, կողքին ծնեբեկ դնել և մատուցել մեծ ու գեղեցիկ սպիտակ ափսեի մեջ։ Իսկ հետո` երբ Ջոն կշտանում էր, նրանք միացնում էին «Cry me a river» երգը և Ջոյի ձեռքերն ամուր գրկում էին Աննային։
Այժմ, սակայն, Ջոն ստիպված էր մի շատ կարևոր գործնական առաջարկի հետևից Փարիզ մեկնել։ Նրանք երկուսն էլ հասկանում էին, որ Ջոն էլ ետ չի վերադառնա, բայց որոշել էին չտանջել միմյանց և, մի բաժակ կանաչ թեյ խմելով, հրաժեշտ տալ։
Եվ այսպես՝ Աննան հիմա նստած է իր նյույորքյան բնակարանում, բացել է հերթական գինու շիշը, դուրս եկել պատշգամբ և վայելում է իր ազատ երեկոն՝ առանց սթեյք պատրաստելու դժվարությունների։
Ահա, թե որքան թեթև էր Աննա Գրեյսի կյանքը ըստ Մաթիի պատկերացումների։
Իսկ ինքն արդեն 25 տարեկան էր և գաղափար չուներ անգամ, թե ինչու մի աշնանային ցուրտ երեկո հայրը շուտ վերադարձավ աշխատանքից, երբ իր մայրը դեռ արթուն էր, և ինն ամիս անց ծնվեց ընտանիքի կրտսեր անդամը։
Սակայն ամենասարսափելին այն էր, որ Մաթիի շրջտապատում ոչ ոք պատկերացում չուներ անգամ, թե որքան դժբախտ է իրեն զգում Մաթին և որ նրա իրական հոբբին ոչ թե նկարչությունն է, այլ հորիված Աննա Գրեյսի մասին մտածելը։ Նա շատ կցանկանար գտնել իր առաքելությունը, լինել երջանիկ, անգամ երեխաներ ունենալ, սակայն ավաղ ոչինչ չէր ստացվում։ Վերջերս նա դա սկսել էր կապել ծնողական սցենարի հետ, որն անկախ մեր կամքից փոխանցվում է մեզ։ Մի խոսքով կյանքը նրան անհույս էր թվում և նրա հոգին լցվում էր արցունքներով, ինչպես աշնանային այդ երեկոն էր լցվում անձրևի կաթիլներով։
Մաթին որոշեց, որ այնուամենայնիվ պետք է աշխատանք գտնել և հոգալ սեփական ծախսերը՝ մորից այլևս գումար չխնդրելով։ Ի վերջո, նրա մայրը՝ Իզաբելլան, այնուամենայնիվ մեղավոր չէր, որ 26 տարի առաջ ամուսինը շուտ էր վերադարձել աշխատանքից և արդյունքում ծնվել էր իրենց հինգերորդ երեխան՝ Մաթիլդան։
Իզաբելլան կասկածում էր, իհարկե, որ անվան ընտրությունը պատահական չէ, և հավանաբար ամուսնու մոտ այդ անունը նուրբ հուշեր է արթնացնում երբեմնի ունեցած սերերից մեկի մասին։ Ինչևէ, Մաթին գեղեցկադեմ աղջնակ էր, իսկ դա երջանկացնում էր նրա մորը։
Քույրերի և եղբոր հետ նա այնքան էլ կապված չէր։ Ինքներդ մտածեք՝ Հայկ, Գայանե, Եվա, Սմբատ և Մաթիլդա։ Անունների տարբերությունը կարծես որոշել էր նրանց ճակատագիրը։
Ընտանեկան ոչ մոտ հարաբերություններն ասես բացատրում էին, թե ինչն էր Մաթիին դրդել կյանքի վերջին մի քանի տարին ընկերանալ Աննա Գրեյսի հետ։
Նրա վերջին սերը մի ամուսնացած տղամարդ էր։ Մաթիլդան ընտրել էր վերջինիս՝ լավ իմանալով, որ երբեք, ոչ մի օր զագսում կանգնած և Խորհրդային միությունը հիշեցնող սանրվածքով կինը չի ազդարարի ընտանեկան երջանիկ կյանքի սկիզբը։ Քանի որ դա ամենևին էլ այն դեպքը չէր, երբ մարդիկ սիրահարվում են, և տղամարդը սկսում է խոստանալ, որ շատ շուտով կթողնի կնոջը։
Մաթին գիտեր, որ եթե այդպես էլ լիներ, ապա շատ շուտով այդ տղամարդը նույն կերպ կվարվեր նաև իր հետ, և բացի անհուն ցավից ու տառապանքից իրեն ոչինչ չէր մնա։
Այնուամենայնիվ այդ կարճատև, բայց բուռն սիրային կապը դեռևս հանգիստ չէր տալիս Մաթիլդային։ Իր մտքերում նա շարունակ վերադառնում էր այդ տղամարդու առանձնատուն, որտեղ միասին ժամանակ էին անցկացնում։
Եվ ահա մի օր նա խոստացավ զանգել, բայց անհետացավ։ Մեկ օր, երկու օր, երեք օր։ Մաթիի հասուն եսը հասկացավ, որ եթե անգամ նա հայտնվի, ապա այս իրավիճակն էլի է կրկնվելու․ կինն ու երեխաները հոր կարիքն են զգալու։ Հետևապես պետք է հրաժարվել այդ անհեռանկար կապից և կենտրոնանալ սեփական կյանքի ու անելիքների ուղղությամբ։ Բայց նրա մյուս՝ դեռահաս եսը, համաձայն չէր։ Նրան դուր էին գալիս այդ տղամարդու խոսքերը, ռոմանտիկ պոռթկումները և, իհարկե, միասին կիսած անկողինը։
Ուստի որոշ ժամանակ նա իրան զգում էր աշխարհից կտրված, չէր կարողանում ուտել և քնել։ Նույնիսկ չէր մտածում Նյու Յորքի փողոցներում անհոգ զբոսնող Աննա Գրեյսի մասին։ Չէ՞ որ նա՝ այդ տղամարդը, պարզապես թողել և հեռացել էր։ Իսկ ամենասարսափելին այն էր, որ անգամ չէր ասել դրա մասին։ Ուստի կար շանս, որ նա դեռ կհայտնվեր, ներողություն կխնդրեր և կցանկանար հանդիպել։ Ահա այստեղ սկսվում էր նրա տառապանքների երկրորդ շղթան՝ նա չէր հասկանում, թե ինչ կանի այդ պահին։ Ո՞վ կհաղթի իր մեջ՝ հասուն, թե՞ դեռահաս եսը։
Մաթիլդան մտածում էր, որ անգամ երբ օրվա ընթացքում զբաղվում է ինչ որ գործերով, միևնույնն է՝ օրվա ավարտին իրեն մնում է մենությունը։ Եվ ոչ ոք չի կարողանում լցնել այն՝ ոչ մտքերը, ոչ Վուդի Ալենի ֆիլմերը, ոչ էլ խմիչքը։
Միգուցե այլ բան է պետք գտնել մենություն չզգալու համար․ օրինակ՝ խոսել հոր հետ, հանդիպել ընկերներին, համեղ ուտելիք պատրաստել։ Բայց այս ամենը միայն ժամանակավոր փախուստ էր մենությունից։
Թերևս կյանքն էլ ժամանակավոր փախուստ է մահից, իսկ մինչ մահը մենք շտապում ենք գործից անկողին, անկողնուց գործ, անհասկանալի մտքերից խոհանոց՝ ուտելու, ուտելուց՝ մարզասրահ։ «Վազի՛ր, Ֆորե՛սթ, վազի՛ր»,-հնչում էր նրա գլխում։
Մաթին մտածեց, որ երբեք չի կարողանում բաց ու ազնիվ լինել ինքն իր հետ։
Ծուխն աստիճանաբար լցվում էր իր սենյակ, օրն արդեն մեռել էր, երկու օրից լուսինը ճիշտ իր պատուհանի վերևում կլիներ, իսկ ինքը կնայեր և այդ տեսարանը կնմանեցներ հոլիվուդյան փսլնքոտ մելոդրամայի։
Նախկինում նա ապրում էր ամռանը սպասելով, և դա կարծես երջանիկ լինելու ինչոր հույս էր։ Բայց արդեն ձմեռ էր՝ շատ դժվար ժամանակ անգործ մնացած մարդու համար։ Ուրեմն ի՞նչ անել։ Սպասել մինչև նորից ամա՞ռ գա։
Այդ պահին ինքնասպան լինելու աստիճանի ձանձրացած ու անհույս Մաթիլդան հասկացավ, որ վերջին մի քանի տարիների իր բոլոր հանդիպումները տարբեր տղաների հետ խաղ էին։ Սեփական անկատարությունից և թերություններից փրկվելու համար բեմադրված խաղ։ Դա նման է նրան, որ հազարավոր սպիներով պատված մարդը գունավոր շորեր հագնի և փողոց դուրս գա։
«Իսկ մերկ լինելը դժվար է։ Սեփական վերքերն ու սպիները տեսնելն է դժվար»,- այս միտքն էր նրա ուղեղում գինու վերջին բաժակը դատարկելիս։
Մաթիլդան հասկացավ, որ իր բեմադրած էժանագին թատրոնը թվացյալ փրկօղակ է, որը շուտով իր պարանոցին է հայտնվելու, սեղմելու և սպանելու է սեփական իլյուզիաների մեջ։ Եվ մինչ այս ուղեղային մորմոքը տանջում էր Մաթիին, կյանքը նրա շուրջ շարունակվում էր․ Երևանի ցուրտ փողոցներում երիտասարդների՝ թեյի բաժակից տաքացած մատները շոյում էին իրար, իսկ Նյու Յորքում թեթև հովի նման շարունակում էր զբոսնել Աննա Գրեյսը։
Հիանալի պատմվածք էր, ապրես Սոնա ջան: