Էրիկ Միրաքյան | Հորս մահը

Ես չգիտեի հորս։ Տարիներ առաջ մի ամպամած օր գնդակ էինք տշմշում մանր գրունտի վրա։ Մեր բակի Տիկոն ու հինգերորդ հարկի Լյովչոն ինչ-որ բան առանձին քչփչալուց հետո եկան ու հարցրին ինձ.
– Է., բա պապադ ո՞ւր ա։
Հինգ-վեց տարեկան էինք։ Եթե անկեղծ, ես մտավոր երևելի ունակություններով չէի փայլում։ Հիշում եմ, էդ տարիքում բարևում էի ամեն պատահած անցորդի՝ կարծելով, թե էդպես ճիշտ է, մարդիկ զարմացած շրջվում էին ու փորձում մտաբերել, թե ում երեխան եմ։ Երբ երթուղայինում էինք մայրիկիս հետ, չգիտես ինչու, երկար պլշում էի մարդկանց աչքերին, կարծես դա ինչ-որ խաղ է, թե ով ավելի շուտ հայացքը կթեքի։ Ինչ-որ եթերային, երևակայական աշխարհում էի ապրում, որտեղ ես իբր վագր եմ, իսկ նույն էն Լյովչոն առյուծը։ Էդ հարցը ինձ բերեց իրականություն։
Ես չգիտեի՝ ինչպես արձագանքել։ Մինչ այդ ես «պապա» էի ասում պապիկիս։ Չեմ էլ հիշում՝ վերջը ինչ պատասխանեցի. երևի սովորականի պես մի անտրամաբանական անկապ բան ասած կլինեմ։ Բայց նույն օրը երեկոյան մայրիկիս միջանցքում հարցրի.
– Մա՛մ, պապաս ո՞ւրա։
Մայրս շփոթվեց։ Տարիներ շարունակ երևի պատրաստվել էր այս անխուսափելի հարցին, մտովի վերապրել էր սպասվող բախտորոշ վայրկյանները միմիկայից մինչև ձայնի տոնայնություն, բայց, միևնույն է, շփոթվեց։ Մի քանի վայրկյան ինձ ուշադիր զննելուց հետո միայն մայրս ի մի բերեց մտքերը ու պատմեց, որ նրանք իմ ծնվելուց հետո բաժանվել են և հասկացրեց, որ հայրս ինձնով երբեք չի հետաքրքրվել, ինչը ես ինքս էլ էի իմ՝ այն ժամանակվա կարճ ուղեղով հասկանում, որովհետև այդ մարդը ուղղակի չկար։ Նա պատմում էր անշտապ, առանց ավելորդ հուզականության, պարզ անպաճույճ լեզվով, կարծես էդպես էլ պետք է լիներ։
Տարիներն անտարբեր հաջորդում էին միմյանց։ Ահա, ես դեռ 15-16 տարեկան պատանի առաջին ընկերուհուս և ավելի շատ ինձ վստահեցնում եմ, որ մի օր, անպայման, գտնելու եմ հորս, որ հասկանամ՝ ինչու էսպես ստացվեց։ Նրա մասին տանը երբեք չէին խոսում։ Մորս հետ կռիվների, անգամ ծեծկռտուքի հասնող վիճաբանությունների ժամանակ միայն նա կարող էր կրակել.
– Կոպիա հերդ ես։
Խաղաղ ժամանակ ես ոչ մորս էի բան հարցնում, ոչ պապիս. զգում էի, որ այդ թեման իրենց հիշողության վրա խորը վերք էր թողել, որ այդպես էլ անբուժելի մնաց։ Ինչքան էլ ինձ հետաքրքիր էին անցյալի մանրամասները, այդ մարդու էությունը, արդյոք նման եմ ես նրան արտաքնապես, թե ոչ, ես, միևնույն է, ոչինչ չէի հարցնում, չէի ուզում ցավ պատճառել։ Խելք էի հավաքել։
Էլի տարիներ։ Զինկոմիսարիատ։ Ինչպես և մանկությանս տարիներին այստեղ ևս հնչեց հարց, որ ցնցեց ներաշխարհս.
– Դու Ն. – ի թո՞ռն ես։
Հարցնողը սովետական հին սեղանի մոտ նստած մազերը շեկ ներկած հիսունին մոտ մի կին էր։ Նա հարցրեց կարծես նմանեցնելով ինձ ինչ-որ մեկին։ Չհասցրեցի ես մի ըմբռնելի պատասխան տալ հնչեց երկրորդ հարցը.
– Դու Է. – ի տղե՞ն ես։
Այ էստեղ ես շվարեցի. հայրանունս էր։ Մեջս մի անասելի զայրույթ արթնացավ։ Ես ամբողջ կյանքս չեմ իմացել, թե հայրս ով է, չեմ իմացել գեթ մեկին, ում ես կարող էի նրանից մի բան հարցնել ու հանկարծ անդուր սանրվածքով մի կին այդքան ինտիմ ինձ համար թեման մնացած խուզած գլուխների մոտ բացում է ու դեռ անհոգ շարունակում.
– Ի՜նչ էլ նման ես հորդ։
– Ես միակողմանի ծնողազուրկ եմ, – հատ-հատ հնչեցրի ես ատամներս կրճտացնելով։
– Շատ նման ես, – կարծես ասածս չլսելով։
Այս դրվագն աննինջ ուղեկցում էր ինձ երկու տարի։ Տնից հեռու գիշերային այն պաղ լռության մեջ մեր գնդի նեղ ծխարանը սիգարետիս թանձր քուլաների հետ կլանում էր մտորումներս անհայտ ծնողիս մասին։ Ես պատկերացնում էի, թե ինչպես եմ վերադառնում տուն ու մի որոշ ժամանակ հետո գտնում նրան, խոսում նրա հետ։ Ուրա՞խ կլինի նա. հույս ունեի, որ հա, կլինի։ Մտածո՞ւմ է արդյոք իմ մասին… հա՞, էդ դեպքում որտե՞ղ է… որտե՞ղ էր։ Արժե՞ ընդհանրապես իրեն ման գալ իր բացակայության տասնութ տարիներից հետո։
Վերադարձա։ Անհոգ ամառն ակնթարթորեն անցավ։ Ընդունվեցի առաջին պատահած աշխատանքի, ուսումս փոխեցի հեռակա։ Ամեն առավոտ, երբ ճխտած երթուղայինն անցնում էր անհյուրընկալ զինկոմիսարիատի փողոցով, ես վերհիշում էի այն կնոջ խոսքերն ու «վերջնականապես» որոշում, որ վաղն անպատճառ կգնամ ու հարցուփորձ կանեմ նրան։ Վաղ, թե ուշ ես գնալու էի։ Եվ ահա մի օր, երբ զորակոչն արդեն մի ամիս է, ինչ ավարտվել էր, անմարելի տարակուսանքը գլխում մտա զինկոմիսարիատ։ Կցկտուր հարցադրումներով, նկարագրություններով հասա հին կահույքի ու կոնյակով կոնֆետների անտանելի հոտով մի աշխատասենյակ, որի մեջտեղում այն նույն կինն էր նստած՝ երկու տարվա ընթացքում բացարձակ չփոխված արտաքնապես, կարծես երեկ էի նրան տեսել։
– Ի՞նչ հարցով ես եկել, տղա՛։
– Ներողություն, – արտաբերեցի ես, – դուք… երկու տարի առաջ զորակոչի ժամանակ ասացիք… որ ես Է. – ին եմ նման, ես…
– Հա՛, գիտեմ հորդ, – ընդհատեց նա՝ չդիմանալով ծամծմվող խոսքիս, – էս վերևի շենքերն էին մնում, պապդ էլ էստեղա աշխատել մի վախտ։
«Մնում էին…»
– Բա հիմա գիտե՞ք՝ որտեղ է։
– Չէ, հիմա չգիտեմ, հնարավորա երկրում էլ չլինի։
– Մարդ չգիտե՞ք, ումից կարող եմ հարցնել։
– Չէ, չգիտեմ, տղա ջա՛ն։
Ես մի քանի վայրկյան քարացած կանգնած էի էդ անտարբեր «չէ, չգիտեմ» – ի դիմաց։ Հետո ճռռացող դուռը բացելով խուլ ասացի.
– Մերսի։
Մի դասարանցի ունեի էդ նույն շենքերից։ Ո՛չ ինքը, ո՛չ իր շրջապատը, ո՛չ իր տանեցիները չէին լսել Է. – ի կամ Ն. – ի մասին։ Զինկոմիսարիատի տեսքն անգամ, հատկապես այս վերջին այցից հետո սրտխառնոց էր առաջացնում։ Ես այնտեղ վերադարձողը չէի, հետո անիմաստ էր.
հին աշխատողներից կարծես այդ կինն էր միայն մնացել։
Փորձեցի ման գալ սոցցանցերում։ Իմ ազգանվամբ հազար ու մի մարդ հաջորդում էին միմյանց համակարգչի էկրանին՝ անողորմ լույս գցելով աչքերիս կարմիր ճյուղավորումներին ու ընդգծելով թխպոտ հայացքիս խոժոռ ստվերները։ Այդ գիշեր ես որևէ հույս կորցրած խարխափում էի «սոցսարդոստայնում», երբ աչքովս հանկարծ ընկավ մի ջահել տղա ինձանից երևի 1-2 տարի փոքր։ Իմ ազգանունը ու հորական պապիս անունը՝ Ն.: «Իսկ ի՞նչ, եթե սա իմ եղբայրն է», – փշաքաղվեցի ես։ Նմանության ինչ-որ նշույլներ կային անկասկած…
Հաջորդ օրը էջն ավելի լավ ուսումնասիրելուց հետո պարզվեց, որ նա ծառայում է նույն գնդում, ինչ ընկերս մի ժամանակ։ Զանգեցինք ծանոթներին, գտանք ու հեռախոսով մի քանի հարց տվեցինք։ Անձամբ ես հետը չխոսեցի։ Չէի ուզում։
– Է. – ի հետ կապ ունե՞ս, – ընկերս էր։
– Հորեղբայրս է։
– Էստե՞ղ եք ապրում։
– Չէ՛, մի ժամանակ տանեցիներն են էդտեղ ապրել, հիմա արտերկրում են։
«Արտերկրում են… հորեղբորս տղան է… ինձ եղբայր է գալիս, գտա վերջապես… հորս տեսնելու եմ», – մտքերս սարսռալով վազում էին իրար հետևից։
– Համարն ունի՞, թո՛ղ համարը տա, – ես էի։
– Համարն ունե՞ս։
– Չէ՛, հորս համարն է, իրանը կարող եմ տալ՝ խոսե՛ք, ինչ-որ խնդիր կա՞։
– Չէ՛, ոչ մի խնդիր, ասա՛, հին ծանոթներն են ման գալիս, – ցածր ասացի ես։ Ընկերս կրկնեց, բարի ծառայություն մաղթեցինք ու հեռախոսն անջատեցինք։ Բավական հեռատես քայլ էր տալ հոր համարը՝ պարզելու, թե ովքե՞ր են իրոք զանգել։
Երկու օր անց զանգեցինք հորեղբորս։ Խոսեցի արդեն ես։ Ուրախ բացականչություններ իհարկե չէի սպասում, բայց այդ մեծամիտ քամահրանքով հեղեղված տհաճ տոնը ուղղակի զինաթափում էր։ «Բա էս ո՞նց էսքան երկար ժամանակ հետո բարեհաճեցիր հետաքրքրվել», – սա լսելով հունից դուրս եկա։ Խոսակցությունը, որ պետք է ընդամենը րոպե տևեր, անցավ ձգձգվող անմիտ վիճաբանության։ Համարը չէր տալիս։ Նյարդայնությունից ձեռքերս սկսում էին դողալ։ Ընկերս չդիմանալով վերցրեց հեռախոսը ձեռքիցս ու երկու քաղցր խոսք ասաց հորեղբորս, որից հետո վերջապես ստացանք համարը նամակով։ Ես երկար ժամանակ փորձում էի վերլուծել այս ոչնչով չարդարացված անբարյացակամությունն իմ հանդեպ, հասկանալ պատճառը, բայց որևէ տրամաբանական պատասխան չէի գտնում։ Նենգ վերաբերմունքը կենդանի էակի հանդեպ իմաստային խելամիտ հենարան չունի, նենգ վերաբերմունքը պարզապես կենդանական բնազդ է։ Սրան էի հանգում։
Տանեցիներս բնականաբար ոչինչ չգիտեին։ Մի պաղ երեկո, երբ փողոցներն տեղ-տեղ լցվել էին դեղնավուն հիվանդ լույսերով, ընկերոջս հետ դուրս եկանք քայլելու։ Ներքևի շենքերից մեկի դիմաց կիսաքանդած շինություններ կային, հաճախ էինք գնում էդտեղ գարեջուր խմելու։ Դրանց կտուրներին հաճելի էր մշտական խոհերի մեջ սուզվել. հեռվում գտնվող շենքերի քնկոտ լույսերը՝ օտար ընտանիքների այդ տաքուկ օջախները մեղմ շողյունով հետևում էին քեզ, փորձում ինչ-որ բան հաղորդել, մի բան, որ կօգնի, բայց նրանք այնքան հեռու էին։ Այդ երեկո հազիվ նշմարելի աստղերը սառցաշթերի պես կախվել էին մութ երկնքից մեզ բանի տեղ չդնելով։ Հեռախոսս գրպանից հանեցի։ Օտարերկրյա երկար համարը ուշադիր նայում էր վրաս ու միգուցե սպասում էր զանգիս, բայց ինքը չգիտես ինչու չէր զանգում արդեն քսան տարուց ավել։ Ի՞նչ էի ես սպասում այդ զանգից, չգիտեմ։ Ի՞նչ էի ես իրեն պատրաստվում ասել՝ մեղադրել, լիիրավ դիրքից բացատրություն պահանջել, ոչ։ Ինչպես պարզվեց՝ ոչ։ Ես ուզում էի լսել այն հարազատ ձայնը, որը երբեք չեմ ունեցել։ Ես ի վերջո խոսեցի հետը… ու ի՞նչ։ Լսեցի փոքր-ինչ ջղագրգիռ հոգնած ձայնով մի օտար մարդու, որ կարծես գործից նոր հասել էր տուն՝ իր ընտանիքի գիրկը, որտեղ երկու երեխաներն հայրիկին էին սպասում՝ տնայինները կիսատ թողած։ Լսեցի նաև հեղհեղուկ բացատրություններ, որ ուղղված էին միակողմանի ծնողազուրկ որդուն. դրանք պարզապես արդարացված չէին։ «Ինձ գտնելով ու էսպես գտնելով դու ապացուցեցիր, որ սիրտ ունես», – հնչեց խոսակցության ընթացքում։ Դառը… դառն էլ չէ, լեղահամ մի զավեշտ էր լսել սա հորից, որ էդ սրտին երբեք չէր էլ դիպչել։
Սա իմ առաջին ու վերջին խոսակցությունն էր հորս հետ։ Տեսականորեն կարող էր նաև երկրորդն ու երրորդը լինել, կարող էր անգամ հանդիպում լինել, ես դա չէի բացառում, և ինչ խոսք, ուզում էի հորս տեսնել, բայց… բայց… Հետագա անսպասելի իրադարձությունները, որոնց հետ ես կապ չունեի, և իմ նոր ազգականների բուռն, ինչ-որ տեղ (ցավոք) գռեհիկ արձագանքը ստիպեցին ինձ ինչ-որ տեղ, նույնիսկ, զղջալ, որ մանկությունից մնացած երազանքս փորձում էի իրականացնել։ Թողենք ավելորդություններն անցյալում։ Պետք է միայն երախտապարտ լինել, որ նրանք երբեք չեն հետաքրքրվել ինձնով։
Անցնում է տարի։ Կյանքն իր մշտական անակնկալ հունով շարժվում էր առաջ։ Ես որերորդ անգամ նոր գործի էի, ու նստած էի ինձ համար գրասենյակում, երբ հեռախոսիս հանկարծակի զանգ եկավ.
– Ալո՛։
– Ալո՛։
– Է. – ի հետ եմ խոսում։
– Հա՛, ո՞վ է։
– … է անունս, եղբայրդ է…
«Ի՞նչ», – շշմեցի ես՝ անկարող բարձրաձայն արձագանքել։
Վայրկյաններ անց.
– Զանգել եմ՝ ասեմ, որ…
Հեռախոսն անցնում է մեկից մյուսին, վերջում հորաքույրս վշտահար հայտնում է, որ հայրս մահացել է, եթե ուզում եմ հոգեհանգստի գալ, այս ինչ տեղում է լինելու, այս ինչ ժամին։
Չգիտեի՝ ինչ մտածել։ Թվում էր, թե ներսում այդ մարդուն հատկացված էր մի անհուն դատարկություն, և դա էլ ցնդեց, իսպառ վերացավ։
Գործից հետո քայլերս ուղղվեցին դեպի այն կիսաքանդած շինությունները, որտեղ ես խոսել էի նրա հետ հեռախոսով մեկ տարի առաջ։ Աստղեր ընդհանրապես չկային, ինչպես և արցունքներ։ Միայն ամայության մեջ սուլող սառը քամի։
Հաջորդ օրը ծաղիկներ վերցրի ու նստեցի տաքսի։ Վարորդի թեժ մոնոլոգը շոգ եղանակից անցավ իր մեքենայի շարժիչին ու արդեն հասնում էր քաղաքականությանը.
– Հորս հոգեհանգստին եմ գնում, – չդիմացա ես։ Չարժեր։
– Վա՛յ, կներես, ախպե՛ր, ցավակցում եմ, – անկեղծորեն արձագանքեց նա։
– Մի՛ ցավակցեք, ես նրան չէի ճանաչում։
Վարորդը, հայացքը ճամփից կտրելով, շշմած նայեց վրաս։
«Առավել ևս չարժեր»
– Էստեղ սպասե՛ք, շուտ եմ գալու։
Մտա դատարկ միջանցք։ Սրահից դուրս եկավ մի կարճահասակ տղամարդ ու թեթև չափեց ինձ։ «Հորեղբայրս է», – մտքովս անցավ։ Ես փորձեցի մտնել սրահ, բայց առաջին անգամից չկարողացա։ Թողեցի ծաղիկներն դռան տակ ու մոտեցա միջանցքի պատուհանին։ Տաքսու վարորդը կարծես ծանոթ էր տեսել. երևի պատմում էր, թե ինչ եմ խոսել մեքենայի մեջ։ Շրջվեցի ու մտա սրահ։ Հորս խոժոռ մեծ նկարը, դագաղի մեջ նա ու ներքևում իմ բերած ծաղիկները… Քարացած մնացի դռան մոտ։ Ազգականները մի պահ լռեցին ու զննեցին ինձ։ Ոչ ոք չմոտեցավ, ու ես ոչ ոքի չմոտեցա, անգամ մահացած հորս։ Տեսա նրան հեռվից, տեսա անծանոթ հորս դագաղի մեջ, թողեցի, գնացի։

Share Button

Նշանաբառ՝

3 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *