ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ | Երևան հյուրանոց

Լուսանկարը՝ Սամվել Սևադայի

Լուսանկարը՝ Սամվել Սևադայի

[պոեմ մեծամասնական]
հատվածներ

Ես դեգերելով շարունակվեցի
Երկիր հորջորջվող լաբիրինթոսում:

Շարունակվում եմ անվերջ ու հոսում
անանցանելի ու մութ էս փոսում:

Շարունակվում եմ էս անլույս մթնում.
քչփորում եմ, բայց ելքը չեմ գտնում:

Ինձ գիտեն բոլոր մեղավորները,

մորուքավոր ու բեղավորները,
անմորուսները և անբեղները,
անմեղսունակներն ու անմեղները,
բոլոր գիտուններն ու թերուսները,
նամուսովներն ու աննամուսները:

Ինձ գիտեն բոլոր նկարիչները,
մուտիլովչիկներն ու սադրիչները,
բոլոր օձերը և կարիճները,
ենթակաները և վարիչները:
Ինձ գիտեն բոլոր գրամոլները,
Ինձ գիտեն բոլոր խաղամոլները,
որ խարխափում են էս անլույս մթնում:
Նրանք ինձ գիտեն, սակայն չեն գտնում:

Ինձ գիտեն նախկին ու նոր տերերը,
որ ճիշտ բաշխեցին մեզ մեր դերերը:
Ինձ գիտեն նաև վարձակալները,
գիտեն հին ու նոր գործակալները,
որ խարխափում են էս անլույս մթնում:
Ինձ գիտեն, սակայն հետքըս չեն գտնում:

Ինձ գիտեն բոլոր մուրացկանները,
բոլոր ձախորդներն ու վարձկանները,
ինձ գիտեն բոլոր ընչազուրկները,
ինձ գիտեն բոլոր գործազուրկները,
գիտեն քաղաքներն ու խուլ գյուղերը,
գիտեն ջեբկիրներն ու լուրջ գողերը,
ովքեր ցնծում են էս անլույս մթնում,
զի` ամենուրեք ավար են փնտրում:

Ինձ գիտեն բոլոր ճարտասանները,
բոլոր հին ու նոր սուտասանները,
բոլոր առնետներն ու մուտանտները,
բոլոր հին ու նոր դեպուտատները,
բոլոր նախկին ու նոր պադանտները:
Ինձ գիտի նույնիսկ Ձեր Սադոյանը,
որ գեղգեղում է զերդ Մադոյանը
անանցանելի ու մութ էս փոսում:
Ինձ գիտի, սակայն ելքը չի ասում:

***
Ինձ գիտի Իսոն, գիտի Վարուժը,
գիտի Արամոն, գիտի Մերուժը,
գիտի Աննան ու գիտի Սաթիկը,
գիտի Հայկազը, գիտի Թաթիկը,
գիտեն Աքիլեսն ու Հոմերոսը,
գիտի Լորիսը, որ նորեն հոս է,
քանզի բոլորից լավ է հասկացել,
որ չարչարանաց էս տեղը փոս է:

***
Ինձ գիտեն Կոնդի Թուլն ու Իսանը,
գիտեր Գնունու Թուրքը` Հասանը,
ինձ գիտի Ջափըն Յուկիկո Սանը,
Վիրապյան Էդոն` մեծ սուտասանը,
գիտեր Վարդգեսը, հա´, Պետրոսյանը,
գիտի Լևոնը` Տեր-Պետրոսյանը,
գիտի Ռոբերտը, բայց` Ամիրխանյան,
գիտի Նաիրին, բայց` ո´չ Հունանյան,
գիտի Վախթանգը, բայց` ո´չ Անանյան,
եւ շատ ուրիշներ` տհաս ու հասուն,
որ գիտեն, սակայն ելքը չեն ասում:

***
Ինձ գիտեն Շուշին ու Հորադիզը,
Մարտինը, Սամվելն ու «Պարադիզը»,
Տիկին Էլվիրան, Արգիշտն ու Հուսոն,
Արկադն ու Գեղամն, Արթուրն ու Լուսոն,
Սերգուշն ու Լալան, ֆլան-ֆստանը,
գիտեն Գավիոտան ու Սեբաստյանը,
որ սիրում էին իրար ու խոկում`
վարձակալվելով իմ ռաբիս խորքում:

Շարունակեմ իմ անկապ տողերը.
ինձ շատ լավ գիտեն Հ. Թումանյանի
տուն-թանգարանի աշխատողները,
թե´ տարեցները և թե´ նորերը.
ես իրենց հետ եմ գլորել կյանքիս
ամենադժգույն ու փուչ օրերը:

Ինձ գիտեր ամբողջ Թումանյան ցեղը.
Արմիկն ու Իրման ու ողջ Դսեղը,
Արտաշը, Մեխակն ու խեղճ Վարվառան,
որ շոշափում էր Մեծի բարբառը
իր դողդոջուն ու հին թաթիկներով.
նա մի բան գիտեր, սակայն ինձ չասաց,
քանզի սնվում էր իր գաղտնիքներով:

***
Ինձ գիտի Ճըպըլն ու գիտի Ճաճոն,
գիտի Հրաչն ու գիտի Հրաչոն,
ինձ գիտի Վանանդն ու գիտի Սիսը,
գիտեր Սիփանը, գիտի Մասիսը,
գիտեր Նեմրութն ու գիտի Տավրոսը,
գիտեին Կազբեկն ու Թույն Էլբրուսը,
որ մի իրիկուն կնոջը խանդեց
ու Մագադանում հոգին ավանդեց:
(Մանուշի մահով մեր օդը լցվեց
մոր` Անթառամի ողբ ու կականով:
Ընթացքում նաև Սիրածը խփվեց.
(նա ճիշտ էր, սակայն` ո´չ գողականով)):

Թե Աստված ինձ տար բացառիկ հնար`
կուզեի անվերջ էս կղզում մնալ:
Աստղաշատ երկինք ու զիլ հատակ էր.
կայարանամերձ ի՜նչ հրեշտակներ,
քուչի մարտերի ի՜նչ նահատակներ`
Վարազ ու Կոլե, ջիլ ու Վարանցով…
Ես պիտի ապրեմ այսպես` սրանցով:

***
Էլ բան չըմընաց. պրծավ կալոդըս.
ինձ գիտեն Հենոն, Նորքի Վալոդը,
Ռոմանն ու Սմբոն, Ծոն ու Ղայդինը,
Դանիկն ու Դնոն, Դինջն ու Այդինը,
Արփենն ու Արփին, Նարեկն ու Սաքսը,
Սերոժն ու Անոն, Էդոն ու Մաքսը,
Հակոբն ու Սիլվան, Սենն ու Մետաքսեն,
Ալվարդն ու Շուշոն, Յուրան, Ղուկասը,
Ստյոպն ու Նորոն, Տուզն ու Վալետը,
Մարինեն, Ռուզանն ու Վիոլետը,
որին կըսազեր ձեր կաբրիոլետը:

Նրանց հետ կյանքը կյանք չէ, այլ` մի տոն:
Ինձ գիտեն Պիլն ու Արեշի Կինտոն,
Մալիշն ու Ցախի Մեյդանի Հենդոն,
Սադի Գոքորն ու Գորվետկի Ճուտոն,
Լյուդվիգ Դուրյանն ու Գնունու Լութոն,
Սրբազանն ու մեր Լութոն, որ հիմի
իգդիրցիներին բերում է ի մի:

***
Ես սիրում եմ Ձեզ, չնայած երբեք
չեք պատասխանել իմ խեղճ հարցերին:
Սիրում եմ անցած-գնացածներին,
սիրում եմ եկած-մնացածներին,
խեղճ կոտըրվածին ու սուտ կարծըրին,
մոտիկ ցածըրին, հեռու բարձըրին,
անխըտիր բոլոր մնացածներին`
ովքեր սովոր են փափուկ բարձերին,
ովքեր սովոր են բանտ ու կարցերին,
բոլոր բարձրացած ու ցցվածներին,
բոլոր բարձրացած ու գցվածներին,
բոլոր բարձրացած ու ձգվածներին,
բոլոր բարձրացած ու հղկվածներին,
բոլոր խեղճացած ու քցվածներին,
բոլոր խեղճացած ու կքվածներին,
բոլոր խեղճացած ու լքվածներին:

Սա կյանք չէ. համակ Սեր է` լույսի տոն.
եւ Սերն ամուր է` զերդ ցեմենտբետոն.
եւ Հույսն ամուր է` զերդ ցեմենտբետոն:

Կսիրեմ Ձեզ ու Կյանքն այս, քանի դեռ
նախագահը չի դրել իր վետոն:

© Արմեն Շեկոյան, 2000-2001թթ:
Հրապարակված է հեղինակի թույլտվությամբ։ Առանց հեղինակի թույլտվության արտատպումը կամ հրապարակումն արգելվում է։

Share Button

8 Կարծիք

  • vahram says:

    Փնտրեք ձեր անունը Շեկոյանի պոեմում, իր անունը չգտնողին խոստանում ենք դրամական պարգև: Ի դեպ բլոգում պոեմից մի հատված է միայն:

  • Hasmik Hakobyan says:

    Արքմենիկի անունը հաստատ չկա Վահրամ ջան, այնպես որ, պատրաստիր դրամական պարգևը:

  • Կարեն Անտաշյան says:

    Դուք ճիշտ էք, սակայն` ո´չ գողականով :))))

  • vahram says:

    Հաս ջան ում անունը չկա, ինքն է տալու պարգևը:

  • anahit says:

    Apres Has, nenc miangamic gtar ov chka:) Vahram mi porci takic drus gal, khostacac mrcanakd tur, ya!

  • vahram says:

    Հաս ջան , որ ժողովուրդը պնդում է, ուրեմն պիտի տամ: Հետո էլ ասում են պոեզիայով դրամ չես վաստակի:)

  • H. HAYK says:

    Hrashali poem e…..i mijiayloc es el chkam, bayc amboxj hetankaxutyan tasnamyaky ka-ir hancharnerov u charagortcneroc, ir herosnerov u hakaherosnerov

  • Liana Zurabyan says:

    Es karcum em Armen Shekoyanin petk e chanachel.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *