Ահավոր հոտ է գալիս։
Մեր փողոցից երկու փողոց ներքև ընտիր ասֆալտ կա, որ ձգվում է մոտ երկու հարյուր մետր ու մեզ կանչում դեպի ինքը։ Մեր փողոցից երկու փողոց ներքև բացարձակ արքայություն է մեզ՝ երեխեքիս համար, որովհետև էնտեղ լավ ֆուտբոլ խաղալ է լինում ու լավ հեծո քշել, քանզի ընտիր ասֆալտ կա, որ մեր աչքաչափով, ոնց էլ չլինի, կձգվի մի երկու հարյուր մետր։
-Էն ընտիր ասֆալտով փողոցից երկու փողոց վերև է մեր տունը,- բացատրում էի հորս հարցնող լղար ծերուկին,- այ ըսենց բարձրացի՝ դարուփոս ու քարքարոտ ճամփով, կապույտ դարպասով ներս մտի։
Ընտիր ասֆալտով փողոցը վտանգ է մեզ համար, որովհետև կարծես բացարձակ ճշմարտություն լինի, որ էն, ինչին ձգտում են երեխեքը, միշտ մեծերի համար չարիք է լինում. ասենք՝ տասը-տասնհինգ տարեկան տղերքը ձգտում են ծխել, տասը-տասնհինգ տարեկան տղերքը իրար հայհոյել են սիրում, տասը-տասնհինգ տարեկան տղերքը կռիվներից հաճույք են ստանում, տաս-տասնհինգ տարեկան տղերքը բարձրացնում են տասը-տասնհինգ տարեկան աղջիկների շրջազգեստները…
Վերևի փողոցի տասը-տասնհինգ տարեկան տղերքը իջնում են երկու փողոց ներքև՝ ընտիր ասֆալտով փողոց՝ ֆուտբոլ խաղալու։ Ախր պարզ երևում է՝ վատ բան կա սրա մեջ։ Կամ կռիվ են անելու ներքևի թաղի տասը-տասնհինգ տարեկան տղերքի հետ, կամ հաստատ ֆուտբոլի համար չեն գնացել, այլ թաքուն ծխելու, կամ ներքևի թաղի աղջիկներին բշտելու են գնացել, կամ… չգիտեմ, գլուխ չեմ հանում…
-Անժիկոյին նայեք, ոնց որ մեր ինադու էսօր շալվար ա հագել։
-Թքած, շալվարը կհանենք հագից։
Ներքևի թաղի Անժիկոն էսօր ողբալով պիտի տուն գնա, ներքևի թաղի Անժիկոն չէ, Անժիկոյի պուճուր ախպե՛րը պիտի լացելով տուն գնա, տո բոլոր երեխեքը՝ Անժիկոյի հոր՝ իր աղջկան նեղելու պահը տեսած լինելու պատճառով լացելով պիտի տուն գնան։
Ես էսօր ավտո եմ քշել առաջին անգամ։ Ինձ զգում եմ ավտո քշող մեծ տղա։ Խի տղա։ Տղամարդ։ Մարդ։ Մարդ եմ զգում ինձ ես։ Զգում եմ մարդ ինձ ես։ Ինձ ես զգում եմ։ Ես եմ զգում ինձ մարդ։ Ավտո քշող մարդ։ Մարդ։
Ես էսօր ներքևի փողոց եմ իջնում որպես հաղթանակած գլադիատոր։ Ես ստրկացրել եմ մեքենա։ Նա։ Նա տեսել է ինձ ստրկացնելիս մեքենան։ Նան Անժիկոն է։ Կոն է ուտում՝ պաղպաղակ։ Ականջօղերը՝ կլոր-կլոր գնդակներ՝ ներքևից վերև՝ կարմիր, Միրոյենց խանութից առած հացի փշրանքներ՝ ներկան ու անցյալն էլ խառնած իրար։
Մտքումս հաշվում եմ տասը՝ ամեն վայրկյանում աշխատելով երկու լոք գցել՝ վազքս արագացնելով ու ոտքերս մարմնիցս առաջ գցելով՝ չկորցնելով հավասարակշռությունս։ Անժիկոն պիտի որ փողոցում լինի ու պիտի որ տղերքը դեռ ներքև իջած չլինեն ու պիտի որ էսօր ես չթողնեմ՝ նեղեն Անժիկոյին, որովհետև Անժիկոն ինձ ժպտաց, երբ տեսավ մեքենայի ղեկին եմ։ Կարևոր չի, որ հայրիկի գրկում նստած եմ եղել ու միայն ղեկն եմ բռնել իմ երերուն ձեռքերով, ու հա, ընդհանրապես կարևոր չի, որ հայրիկն էլ էր բռնել ղեկը, ու հա, հենց էլ՝ հա, կարևոր չի որ ոտքերս չէին հասնում գետնին, գլուխս էլ՝ ղեկից վերև։ Անժիկոն տեսավ, որ ես ստրկացրել եմ մեքենային։ Ես գլադիատոր եմ, իսկ նա արքայադուստրը, որ դիտում էր իմ խաղը։
Մեկ վայրկյանում՝ երկու լոք։ Մեկին՝ երկուս, ուսերն՝ անշարժ, ձեռքերը՝ ձիգ, ոտքերը՝ թռի-վռի՝ կարի մեքենայի ասեղի պես՝ վերև ներքև։
Անժիկոն կանգնած է մեր փողոցից երկու փողոց ներքև՝ ընտիր ասֆալտին։ Մեն-մենակ։ Անժիկոն նայում է ինձ։ Պուտավոր կիսաշրջազգեստով Անժիկոն, տասներկու տարեկան Անժիկոն, իմ սրտից մի փերթ եղած Անժիկոն, սևուկ դեմքով, կարմիր թշով Անժիկոն, երկու ոտքին երկու վերքով Անժիկոն՝ երկու պոչիկ կապած։
Ես վազում եմ, պոկում Քյաչենց հայաթի յասամաններից երկու ճյուղ։ Հոտոտելով վազում եմ։ Երկու ողկույզ յասաման եմ տանում Անժիկոյին։ Հասնում կանգնում եմ դիմացը՝ նայում դեմքին։ Ինքը սկսում է ծիծաղել ու ես էդ պահին տեսնում եմ նրա խոշոր կաթնատամները, որ կարծես նապաստակի ատամներ լինեն։ Իսկ նա հռհռում է, չգիտեմ՝ ինչի։ Ինքը իրեն երևի հաղթած է զգում։ Իրեն երեկ ծաղրողը իր մոտ էսօր յասամանով է եկել։ Նա փորը բռնել հռհռում է։ Իր պատկերը իմ երկու աչքերում լղոզվում է, կոպերիցս ինչ-որ խոնավ բաներ են կախվում, ու ես ձեռքով փորձում եմ պոկել։ Քրտնած-սառած մաշկիս վրայով վար են գնում աչքերիս պարկերը, ու ես յասամաններով սկսում եմ ծեծել Անժիկոյին, խփում եմ գլխին, բարձրացնում նրա պուտավոր կիսաշրջազգեստը, չտեսնելով էլ ոչինչ՝ աչքերիցս հոսող արցունքների պատճառով, ու ճղրտում նրա շորերը, սկսում խփել քացով, ձեռքերով, քարերով, երբ նա վազում է իրենց տան կողմ, բայց կարծես շփոթվում, մտնում է կողքի բակը, իսկ ես փախչում եմ մեր թաղը։
-Կգա՞ բայց, ինչ ես մտածում։
-Ո՞ւմ աղջկան ծեծես՝ չգա։ Կգա։
Տղերքով բարձրացել ենք երկու փողոցների արանքում աճած պոպոքի ծառի վրա՝ երեկոյան մառ-մշուշի մեջ մեզ կորցնելով մնացածի աչքից, բայց Անժիկոյենց տան լույսը դեռ վառ է, բայց Անժիկոյի հերը դուրս չի գալիս տնից, Անժիկոյի հոր ձայնը չի գալիս իրենց տնից, իրենց տնից ոչինչ էլ չի գալիս ու չի գալիս աղլղորված շորերով իմ Անժիկոն։
Ահավոր հոտ է գալիս միայն։
Համոն ասում է, էդ հոտը արդեն մի քանի օր է ինչ գալիս է Անժիկոյենց տան կողքի տնից։ Բնառվի ուսով դեպի ներքև՝ փոքրիկ մետաղյա իբր թե կամուրջով անցնում ես, մտնում փոքր դալանով՝ կանաչ դարպասից ներս անցնում։ Այ այդտեղից։
Անժիկոյի հորեղբայրն է՝ ասում են։ Հայրն ու հորեղբայրը կռված են։ Քանի տարի է՝ բարև-բարլուս չունեն։ Անժիկոյից հարցուփորձ եմ անում՝ չի ճանաչում։ Ասում է՝ հայրը իրեն արգելել է էդ կողմ նայել, էդ կողմ գնալ, էդ կողմից երևացողին բարևել։ Էդ կողմը արգելված է։ Ես հարցնում եմ՝ դա ո՞ր կողմն է։ Ասում է՝ էն, որ աջը չի։ Ասում եմ ձա՞խը։ Ասում է՝ հա։ Ասում է՝ իրեն անգամ ձախ բառը օգտագործել չի կարելի, ձախ շրջվել չի կարելի, ձախ ոտքով քայլ գցել չի կարելի՝ հայրն է արգելել։
Ասում եմ՝ դու էսօր ոնց որ գժված լինես, Անժիկո, իսկ հայրդ, ախ հայրդ հիմարի մեկն է, Անժիկո։
Ինքը ուռացնում-լցնում է աչքերը, բռնելով կիսաշրջազգեստի փեշերից՝ վազում է իրենց տուն։
Հայրիկին հարցնում եմ՝ Անժիկոյի հորեղբայրը ո՞ղջ է։
Ասում է՝ հա, իրանց տան կողքն էլ ապրում է։
Ասում եմ՝ գիտես չէ՞, էնտեղից ահավոր հոտ է գալիս, պա՛պ։
Ասում է՝ նորմալ է, ալկաշի մեկն է։
Իմ՝ յասամանով իրեն ծեծելուց հետո Անժիկոն տարօրինակ է դարձել։
Անժիկոյին ձայն եմ տալիս՝ Անժիկո՜։
Ինքը հռհռում է, քրքջում, քիթը հանում՝ տանում բերանը։ Անժիկոն լաց է լինում ծիծաղելով, աջին ասում է ձախ, ձախին՝ վերև, ինձ ասում է մեքենա, հեռուստացույցին՝ բաժակ։ Քարից սրտով Անժիկոն, սրտիցս պոկված, տեսածից խաբված իմ Անժիկոն։ Հոր պատճառով խեղված Անժիկոն՝ սև շորերով, կարմիր պուտերով կիսաշրջազգեստը հագին, լցված աչքերով, դատարկ ձեռքերով, կաթնատամներից հետո էլ ատամ չհանած, մի աչքը միշտ խաղացող, քթի ձախ անցքը վերև քշտող Անժիկոն։
Ամեն իրիկուն՝ տուն վազելիս, Անժիկոն կողքի բակ է մտնում-դուրս գալիս։
Հոր արգելքին նայել չսիրող Անժիկոն ամեն իրիկուն համարձակություն ունի կողքի բակը մտնելու։ Ամեն հաջորդ օրը կողքի բակը ավելի ահավոր հոտով է լցվում, իսկ Անժիկոն ավելի մեծ հաճույքով է էնտեղ մտնում։
Ես հայրիկին ասում եմ՝ պապ, ախր ահավոր հոտ է գալիս։
Հայրիկն էլ՝ ալկաշների տնից էդպիսի հոտ միշտ էլ գալիս է։
Ու էսպես ոչ մեկի համար տարօրինակ չեղավ էդ հոտը, մինչև Անժիկոն չխախտեց տասը տարվա հրամանը, չթեքվեց ձախ, չանցավ դալանն ու կանաչ դարպասը ու չգտավ հորեղբորն արդեն նեխած ու քրքրված։
Իրեն բնառվի վրայից՝ իբր թե կամրջից, ներքև գցած՝ հոսանքի տարած, ջրահեղձ եղած Անժիկոն՝ հորեղբոր տեսքից ծիծաղող, յասամանների ողկույզներ հիշեցնող Անժիկոն։