Երևանի ուղիղ կենտրոնում` Աբովյան փողոցի վրա, էսօր շատ մարդաշատ չէր. օրվա անսպասելի շոգին փոխարինեց կտրուկ ու առատ անձրև։
Օրվա առաջին հատվածում հանդիպել էի համալսարանից ժառանգություն մնացած մի քանի ծանոթների` Օպերայի մոտ։ Մի քիչ խոսել էինք, հետո չէինք դիմացել շոգ օրվան ու ցրվել էինք տներով։ Կողքիս մնացել էր միայն ընկերս, ում հետ մի քիչ զվռնեցինք փողոցներով, հետո, երբ մի երկու կաթ անձրև գցեց, ես նրան ուղարկեցի տուն (անկեղծ ասած` ի սկզբանե ունեցել էի նրան ցրելու ցանկություն, բայց հաշվի առնելով, որ ահագին ժամանակ էր` չէինք տեսնվել, զսպել էի ինձ) ու ականջակալները խցկեցի ականջներս, զլեցի Զեմֆիրայի Ղրիմն ու սկսեցի անշտապ քայլել։
Անձրևը վարարեց, բայց ես թքած ունեի էդ ամենի վրա։ Մաշտոց-Թումանյան խաչմերուկը սովորություն ունի հետիոտներին երկար սպասեցնել տալ` անցումի լույսը չվառելով ուղիղ րոպե ու կես։ Ես կանգնած թրջվում էի անսպասելի սկսվալ անձրևի տակ` սկզբում մտածելով` լավ է, կհովանանք, իսկ հետո` լրիվ թրջվեցի, վայթե մրսեմ։
Էդ րոպե ու կեսի ընթացքում ես ոչինչ չէի անում։ Ես ուղղակի սպասում էի։ Վերջապես բացվեց կարմիր լույսը, ու բոլորը սկսեցին վազել։ Հետաքրքիր խաչմերուկ է Մաշտոց-Թումանյանը. հետիոտնին տալիս է փողոցին տիրելու ամբողջական լիազորություն` կանգնեցնելով մեքենաների քառակողմ երթևեկությունը։
Իսկ ես քայլում եմ անցումի դեղնավուն գծերի վրայով` խիստ անշտապ։
Մեքենաներից ինձ նայող մարդկային հայացքներին անտարբեր եմ, կամ խիստ վերապահումով եմ մոտենում։
Ես ականջներումս զգում եմ Ռամազանովայի վերջին երգը ու քայլում եմ փողոցով` ասես քաղաքն իմն է, բայց մարդկանց վրա խաբար չկա։ Ես ձգտում եմ հնարավորինս շատ էսթետիկա քաղել իմ քայլքից, բայց հետո հիշում եմ մի քիչ կորացած մեջքս, նիհար մարմինս, բարակ ոտքերս (որոնք, ի դեպ, տեսանելի են բոլորին` հաշվի առնելով հագիս կապույտ շորթը) ու կորցնում եմ ինքնավստահությունս։ Էստեղ մի փոքր չափազանցրի. ես երբեք էլ չեմ կորցնում ինքնավստահությունս. ես, գուցե, մի փոքր նեղվում եմ մարմնիս կառուցվածքից, բայց դե ինձ էսպես էլ են սիրում, ընդունում, հարգում (որոշներն, իհարկե)։
Անցումից վաղուց հեռացել էի արդեն, երբ զգացի` լրիվ ջուր եմ։ Մազերս, որ ահագին երկարել են արդեն, հետ տվեցի` հաճույք ստանալով դրանց խոնավությունից ու իմ հանդեպ հնազանդություն ցուցաբերելուց, որը կապված էր էդ իսկ խոնավության հետ (ի վերջո, մարդը եթե հնազանդ չի, չեն կարող հնազանդ լինել նրա մարմնի տարբեր մասերը` առանձին։ Օրգանիզմը դրանով է ինձ հետաքրքրում)։
Հիմա ես կանգնած եմ Թումանյան փողոցի վրա` բարձրահարկ շենքերից մեկի ծածկի տակ։ Հետս կանգնած են մի քանի ջահել։ Մի զույգ կա, որ իրար գրկել-կանգնել է, երկու աղջիկ` մեկը բոյով ու նիհար, մյուսը` բոյով ու գեր։ Ես ինձ ձև եմ տալիս, թե հետաքրքիր տիպ եմ, բայց շատ արագ հոգնում եմ ձևերիցս` սովորությանս համաձայն, ու անկապ կանգնում-նայում եմ դատարկվող փողոցին. Օպերայի շրջակայքում մի երկու լողացող-փախչող պատկեր եմ տեսնում ու ոչ էլ սևեռվում եմ։ Մտածում եմ` անձրևը դեռ շատ կտևի, ու պետք չի անիմաստ ժամանակ վատնել, հատկապես, որ էս զույգը ներվերիս սկսում է ազդել։
Ղրիմը ավտոփլեյի տակ եմ դրել, ինքն էլ անընդհատ սկսվում ու ավարտվում է ականջներումս։ Ես դուրս եմ գալիս շենքի ապահովության տիրույթներից ու շարունակում եմ քայլել սելավի տակով։ Ուսիս հոգնությունը ստիպում է հիշել` պայուսակով եմ, որի մեջ նոթբուքն է, չբացված սիգարետի տուփը` ապահովություն ունենալու համար, նաև դրամապանակս, որի մեջ կանխիկ գումար չեմ պահում։ Մտածում եմ` հանկարծ չթրջվի նոթբուքն ու փչանա` վարի տալով իմ էսքան տարվա աշխատանքը` բոլոր պատմվածքներս ու, որն ավելի կարևոր եմ համարում, վեպս` երկու օրվա ավարտած` դեռ սևագիր։
Քանի դեռ կքայլեմ դեպի Աբովյան փողոց, մի երկու խոսք վեպիս` “Հովուլոների” մասին։
Չէի հավատում, որ (Չ)վեպից վեպ` էդքան արագ կանցնեմ։ Մտածում էի` տարուց ավել պետք կլինի` վերականգնվելու համար։ Կուզեք` հավատացեք, կուզեք` չէ, բայց միայն ես գիտեմ` ինչքան եմ աշխատել էդ գրքի վրա, ու ինչ արժեցավ դա ի վերջո ինձ։ Իրոք որ` անսպասելի արագ սկսեցի “Հովուլոները”, անսպասելի էնտուզիազմով ու անհասկանալի ոգևորությամբ։ Տարակարծությունների տեղիք շատ կտա, որովհետև ինձ ոչ այնքան բնորոշ քֆուրախառը բան դուրս եկավ։ Բայց ինձնից դուրս եկած ամեն բան ես հարազատ եմ ընդունում ինձ։ Գուցե ինձ թանկ արժենա դրա գրելը, առավել ևս, եթե մի օր հրատարակենք` հրատարակելը, բայց ինձ մեկ է։ Ես չեմ գրել արձագանքների համար (հա, ես չափից դուրս ինքնաբավ եմ էս առումով), ես գրել եմ ինքս ինձ համար, կամ ինքս ինձ ապացուցելու համար, գուցե` պատճառով։ Մի խոսքով` կապրենք` կտեսնենք` ինչ կլինի “Հովուլոներիս” հետ։
Ես արդեն Աբովյան փողոցում եմ` հարազատ գրախանութ-աշխատավայրիս դիմաց։
Անձրևն արդեն կտրվել է, ու ես առիթը բաց չեմ թողել` ծխելու։
Ես կանգնած լուռ ծխում եմ` բոլորվին միայնակ, բոլորովին ինքնաբավ ու ինքս իմ ծխելուց հաճույք զգալով։
Խանութից աշխատողները ձեռքով են անում. մեղմ ժպտում ու ձեռքս թույլ պարզում եմ` ի նշան բարևները առնելու։
Ծխում ու կտացնում եմ գետնին, իսկ մոխիրս տարրալուծվում է դեռ թաց գետնի ճաքերի վրա։
Աջ եմ նայում։
Հին ծանոթներիցս մեկը փողոցն ի վեր է քայլում Միլենայի հետ։ Տխուր դեմքերով են։ Երկու աղջիկ` իրար ձեռք մտած քայլում են։ Ո՞ւր են քայլում, խի՞ են քայլում` չգիտեմ, բայց քայլում են դեպի ինձ (չէ, ինձ չեն մոտենում, ուղղակի ես իրենց ճանապարհի վրա հերթական օբյեկտն եմ)։
Մտածում եմ` մի՞թե էսքան հեշտ պիտի լիներ “Հովուլոներից” հետո միանգամից սկսել ավելի կարևոր մի բան` “Միլենան” (միանգամից հիշում եմ Նաբոկովին` չգիտեմ` խի)։
Հազիվ նշմարում են ինձ, աչքներում ժպիտ եմ բռնում (դե էս օրերին դեմք չես տեսնում, ստիպված աչքերով ես փորձում գուշակել)։
Բարևում ենք, մի երկու կեղծ-հետաքրքրվող հարց ենք իրար տալիս։ Ակնհայտորեն ձև եմ բռնում, թե ուրախ տիպ եմ, ու էն հին տղուց բան չի մնացել։ Արագ հոգնում եմ ձևերիցս, ոնց` միշտ։
Սկսում ենք խոսակցության ավելի բովանդակային կողմին անցնել, անկեղծ ասեմ, անսպասելի։ Մտածում էի` շուտ կգնան, բայց չեն գնում։
Միլենան ինձ էսօր շատ է դուր գալիս։ Ես իրեն ահագին ժամանակ է` գիտեմ (ոնց էլ չլինի` մի տարի ու կես), բայց միշտ թերահավատությամբ եմ լցվել իմ հանդեպ` իր հետ շփվելու համար։
Միլենան էնքան բարի աչքեր ունի, էնքան նուրբ դիմագծեր, որ ուղղակի հիանում եմ իրենով։ Էսօր ես լրիվ դատարկ եմ, էսօր ես լրիվ բաց եմ բոլորի համար, էն էլ` Միլենայի։ Սկսում եմ կոմպլիմենտներ անել` սկզբում անընդհատ հումորի տալով, որովհետև վախկոտի մեկն եմ ու մտածում եմ` լրջության դիմաց կփակվի ինձնից։ Կամաց-կամաց ավելի շատ եմ շոյում իրեն խոսքով, բայց մենք շարունակում ենք ծիծաղել` իբր ես կատակ եմ անում։
Հին ծանոթս, իհարկե, լավ ճանաչելով ինձ (մի քանի անգամ լաց եղած կլինեմ իր մոտ։ Չգիտեմ` ինչի պիտի ինքը լիներ էդ եզակին), սկսում է ձևեր բռնել, մեկնաբանել ամեն մի խոսքս` իբր բացատրում է Միլենային, որ իրեն հաճոյանում եմ։
Նորից սիգարետ եմ հանում, ծանոթս էլ է խնդրում. տալիս եմ։
Միլենան աննկարագրելի սիրուն է ինձ թվում, չգիտեմ` ինչի եմ նկատում դա ու սկսում ինքս ինձ նկարագրել։
Ժամը տասն է մոտենում։ Գրախանութը փակվում է արդեն, բայց մենք դեռ կանգնած ենք փողոցում, ես հասցրել եմ չորս հատ ծխել, ծանոթս` երկու, Միլենան` ոչ մի։ Ես հասցրել եմ Միլենային սոցցանցերում գտնել (չգիտեմ` ինչի առաջ չէի փնտրում), հասցրել եմ սիգարետի մնացուկը երեք մետրից աղբամանը նետել` թիթիզանալով (թե ինչ կա դրա մեջ), հասցրել եմ մի երկու թվացյալ խելացի բան ասել, մի անգամ էլ արդեն համբուրել եմ Միլենայի ձեռքը` միտումնավոր ստեղծելով համապատասխան առիթ` ինչ-որ անկապ կատակ անելով։
Մութն արդեն գտել էր Աբովյան փողոցը, երբ իրենք սկսում են հավաքել գրախանութի դիմաց դրված իրերը (կամ էլ` չկար իր, ուղղակի ինձ է թվացել)։ Ես զգում եմ` իրենք գնալու են։
Ես նայում եմ Միլենայի աչքերի մեջ, որ էդ պահին նստած էր աստիճաններին, իսկ ես կնագնած էի նրա դիմաց.
– Կամուսնանա՞ս հետս։
– Խի չէ,- խնդում է ինքը։
Ես հանում եմ մատանիս աջ ձեռքիս մատնեմատից, բռնում եմ Միլենայի ձեռքը, հերթով փորձում մատներին, բայց մատանիս մեծ է ու լող է գալիս իր նուրբ մատներին։ Ստիպված շրջում եմ ձեռքը, դնում ափի մեջ, իմ ձեռքերով փակում իր ձեռքը, ասում եմ (պաթետիկ էր).
– Վերջ։
Բացում է ձեռքը, նայում մատանուս ու ասում.
– Էս ի՞նչ ա գրած վրան։
– Օլայի, Օլայի, Լամա Սաբաքթհանի։
– Ու՞։ Ի՞նչ ա նշանակում։
– Դե էդ խոսքերը Աստվածաշնչից են, բայց գրականության մեջ էլ են շատ պատահում` Դոստոևսկու Ոճիր և պատիժից մինչև Եռոֆեևի Մոսկվա-Պետուշկին։ Նշանակում ա` Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ ինձ լքեցիր։ Ու քանի որ ես առաջ մռածում էի` Աստված լքել ա ինձ, հիմա տալիս եմ քեզ, որովհետև Աստված վերադարձել ա,- էս խոսքիս վրա չգիտեմ` խնդամ, թե շարունակեմ խաղալ։
Միլենան ծիծաղում է` ինձ հույս տալով, որ ապուշի տեղ չի դրել ինձ ու հումորս տեղ է հասել։
Մենք վեր ենք կենում մեր տեղից։ Իրենք հաջողություն են ասում։ Ես խոսակցության ընթացքում հասցրել էի փաբ գնալու ու խմելու առաջարկով մերժվել` մի ուրիշ անգամվա թողնելու պատասխանով։ Միլենան ձեռքը առաջ է բերում, ասում է` դե վերցրու (մատանու հետ է)։ Ես սկսում եմ քայլել` դեմքս իրեն արած, համարյա` հետ-հետ.
– Հանդիպենք` հետ կտաս։
Մթության մեջ չեմ տեսնում` Միլենան ժպտա՞ց։ Ժպտար էլ` չէի տեսնելու (անիծվեք դուք, դիմակնե՛ր)։
Ես խմած եմ հասնում տուն։ Տան ճանապարհին հասցնում եմ մի երկու բառ գրվել Միլենայի հետ։ Հասցնում եմ իր ուսերին մի քանի ծանր բեռ գցել, ասենք` վեպիս առաջին կարդացողը լինելը։ Ես հասցրած եմ լինում իրեն ուղարկել, հասցրած եմ լինում ասել, որ մատանիս, որը թողեցի իր մոտ, անգամ պատմվածքներիցս մեկում կա, որը դրել եմ գրքում, հասցրած եմ լինում ասել, որ գիրքս, երբ արդեն դուրս գա տպարանից, կնվիրեմ իրեն ու կօժտեմ ընտրյալությամբ` միակը լինելու, ում առանց որևէ պարտավորության եմ նվիրում։
Միլենան արդեն քնում է։ Ես արդեն տանն եմ` պառկած անկողնումս։
Ու հիշում եմ` մատանիս երկու տարի է` չէի հանել մատիցս։