Լևոն Խեչոյան | Հովհաննես Թումանյանի հեռագիրը

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

«Առանց Թումանյանի ու Կոմիտասի վարդապետության մենք մոլորվելու էինք խավար ճամփաբաժաններում, չարությամբ ու թշնամանքով էինք նայելու մարդկության իմաստությունը տարածող քրմերին, սակայն, հիմա մերոնց ներկայությամբ այլոց կարկառուն ներկայացուցիչները մեզ չեն վախեցնում, մեր մեծերի բացած հորիզոնով է, որ սեր և հարազատության զգացողություն ունենք, անգամ, ամենաայլազան մեծ և փոքրաքանակ ժողովուրդների մշակույթի նկատմամբ, քանզի, արվեստն ամենից առաջ մեծ հայրենասիրություն»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՌԱԳԻՐԸ
( Նվիրվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակին )

Այս տարի մեր արվեստի ամենայն մեծաց` Կոմիտասի (1869-1935) և Թումանյանի (1869-1923) 140-ամյակներ են լրանում։ Երկուսի էլ` երաժշտական և բանաստեղծական, թողած ժառանգության մեջ լույսը և հույսը այնքան շատ են, որ երբեմն թվում է, թե այս ժողովուրդը չէ, որ անցել է եղեռնի և նախճիրների միջով։
Սակայն, քանի որ լույսը և հույսը գին ունեն, երկուսն էլ ազգային աղետի զոհասեղանին դրեցին շատ թանկ արժեքներ. մեկը` պատանի որդուն, մյուսը` իր կյանքը։ Որպեսզի նրանց նման ոգիներ ստեղծվեն, ժողովուրդները դարերով լուռ տքնում են, ինչպես որ մի կաթիլ մեղր ստանալու համար փեթակի լռության մեջ օրնիբուն հազարավոր ջանադիր մեղուներ են աշխատում։ Նրանց ապրած կյանքը, իրոք, նման էր մեր ժողովրդի ճակատագրին, սակայն նրանց գլուխգործոցները ներառում են ազգի 6-7 հազարամյա գոյության ընթացքում փորձով ամբարած ամենայն լավագույնը, կատարյալը, լույսը, այն ոգեղենը, ինչն ապագա սերունդներին մաքառել է տալիս կայծակնազարկ փոթորիկների դեմ։
Թումանյանը հեռավոր խորքերից ճանապարհ ելած մեր գրականության ամենաբարդ երևույթն է։ Սակայն իրապե՞ս ամենաբարդն է, երբ մեծին ու փոքրին մատչելի է. «Քաջ Նազարը», «Գիքորը», «Մի կաթիլ մեղրը», «Անհունը», քառյակները։ Գուցե ամենաբարդ ասածը մեր նախաստեղծ հայրենիքի` Հայասայի, Ուրարտուի, քրիստոնեության ժամանակներից եկող մշակույթից վերցրած ազգային մտածելակերպի խորհուրդը ժողովրդին վերադարձնելու մեջ է։ Ինքն ասել է. «Սովորաբար խոսում են, թե ժողովուրդը քիչ է երևում պատմության մեջ։ Ոչ, ես կարծում եմ, ժողովուրդը կա, երևում է, խոսում է հազար ձևերով ու արտահայտություններով, միայն հարկավոր է կարողանալ գտնել, նկատել և տեսնել նրան»։
1905 թվականին Անդրկովկասի վրա պղպջում էր հայ-թուրքական բախումների հետևանքով թափված արյունը։ Սպիտակ ձի հեծած, սպիտակ դրոշ պարզած` իր խմբով գյուղից գյուղ, սարից սար էր անցել. ոչ թե հակառակորդից խաղաղություն էր աղերսել, այլ` ինչպես որ իքն էր հավատացած անկեղծ համոզմունքով, անդրկովկասյան ժողովուրդների եղբայրական դաշինք էր քարոզում` կանխատեսելով մեծ ապագա։
Արյունալի օրերին սահմանամերձ գյուղերից մեկում, հացի սեղանի շուրջ, հակառակորդ երկու կողմերին իմաստության խոսք էր ասել. «Եթե ուժեղ ենք ու կռվում ենք` ուրեմն անխիղճ ենք, եթե թույլ ենք ու կռվում ենք` ուրեմն անխելք ենք»։
Այդ տարիների ահասարսուռ իրադարձություններից կարկամած բանաս- տեղծը ոչ մի տող չկարողացավ թղթին տալ, բայց որպես քաղաքացի, մտավորական գործիչ, հազարավոր կյանքեր փրկեց. «Ես այսօր գոհ չեմ գրականության մեջ իմ արած գործերից, որքան գոհ եմ, որ ակներև կարողացա իրար դեմ կանգնած ժողովուրդների սրերը պատյան դնել տալ և շատ-շատ անմեղների ազատել այս գազանային կոտորածներից»։
Հայ և վրաց հանրապետությունների բախումների ժամանակ դարձյալ նա էր, որ որպես բաժանարար սահման կանգնեց երկու եղբայրական ժողովուրդների բանակների միջև։
Հետո պատահեց աղետալի 15-ը, որ օխրայագույն անապատները ծաղկեցրեց մեր սպիտակ ոսկորներով, երկինքներ բնակեցրեց մեր մեռելների հանգիստը չգտած ոգիներով։ Դարձյալ Թումանյանն էր, որ հավատաց մարդուն, նրա խղճին և Հայոց գրողների ընկերության անունից հեռագիր հղեց, Եվրոպային, Արևմուտքին, համայն աշխարհի բոլոր մշակութային, հասարակական կազմակերպություններին, որն ավելի շատ աղաղակ, հառաչանք, օգնության կանչ էր. «Դիմում եմ բոլորին` սկսել է կոտորած` Էրզրումից մինչև Կիլիկիա, Սև ծովից մինչև Միջագետք։ Հայոց գրողների ընկերությունն այս ահավոր ճգնաժամին դիմում է բոլոր ազգերի խղճմտանքին, ի դեմս նրանց լուսավոր հաստատությունների և լավագույն զավակների, խնդրում է բարձրացնել իրենց ազդու ձայնն այս անօրինակ ոճիրի հանդեպ` հանուն մարդկության, հանուն քրիստոնեության և հանուն մշակույթի»։
Եվ մի՞թե այս հեռագիրը ռեքվիեմ չէ մարդկության արժեքների, բարոյական չափանիշների խորտակման մասին, ոչ միայն մեր ազգային, այլ եվրոպական և արևմտյան մարդու դարավոր գոյության փլուզման խորունկ վիշտ։
Հետո մի քանի գործիչներով մեկնեցին Վան, Ալաշկերտ, Աբաղայի դաշտ, հետո քար կտրած հոգով վերադարձել էր Էջմիածին, վանքի պատերի տակ կուչուրված որբերի խնամքն էր վերցրել։ Հետո արդեն այդ օրերին պատահել էր անդառնալին. կորցրել էր հայ ժողովրդի արևմտյան զանգվածի վիթխարի մասը, պատմական հայրենիքը, հարազատ, արյունակից եղբայրներին և Վանի դիրքերում` նաև Արտավազդ որդուն։ Մի ամսում միանգամից սմքել, սպիտակամազ ծերունի էր դարձել ։
Սակայն ամենածանրը, ամենադաժանը Անդրանիկի հետ հանդիպումն էր։ Երբ պարտված մի զորավար և եղեռնի ենթարկված ժողովրդի խիղճը` մի բանաստեղծ, կարծես զառանցանքի, երազի մեջ հանդիպած լինեին. այդ գիշեր հայրենիքի ավերակների դեմ հանդիման` ով էր ում մխիթարում, ով էր ում ցնորվելուց հետ պահում, այդքան էլ պարզ չէր։ Կործանարար զարկի ժամանակ երկուսն էլ ժողովրդի հետ էին եղել, նրա տնքոցի մեջ, նրա անունից առաջին շարքերում դրոշակ բռնողներն էին եղել։ Մեկը պետական գործիչ էր պետություն չունեցող ժողովրդի մեջ, իսկ մյուսը` մի հայրենիքի զորավար էր, որը բանակ չուներ, շատ թշնամիներ ու քիչ բարեկամներ ուներ։
Թումանյանի ամբողջ կյանքը արարումի և քաղաքացիական պարտքի սխրագործություն էր։ ժողովրդի զոհասեղանին դրեց և կյանքը, և հանճարը։
Նրա բանարվեստը մարդկության կեցության և տիեզերական օրենքների այնպիսի մի ամբողջականություն է ներառում, որ ազգի ինքնագիտակցության, մշակույթի և բանականության հանրագիտարան է թվում, ինչը ստեղծագործողների մեջ անհատներից ամենաանհատին է տրված լինում։ Նրանցում արևելյան գրականության ոճը չէ, ոչ շքեղազարդություն կա, ոչ էլ երգեցիկ բառերի վերամբարձ հոգեվիճակ, ինչը նաև Կոմիտասի երաժշտական արվեստին է հատուկ։ Երկու մեծերն էլ մեկ ուրիշ` մեր ազգային մշակույթի ամենահին երևույթին` ճարտարապետության ոճին հատուկ ճանապարհ բռնեցին։ Թումանյանի ստեղծագործությունների ասելաձևը բազմադարյա խորքերից եկող մեր ասացողներին (ժողովրդական) հատուկ լսել տալու դյութիչ խորհրդավորությունը և հասկանալի լինելու պարզությունն ունի։ Ամենաէականն ասելու համար ոչ թե գեղեցկազարդ դրվագներ, այլ ամբողջի կոմպոզիցիոն կառուցվածքի ներդաշնակությունն է օգտագործում, ինչպես մեր հնագույն ճարտարապետությունն է իր ոճով ամբողջական, վսեմությունով տեսանելի, միաժամանակ, պարզ մանրաքանդակների թվացյալ երկրորդայնությամբ լրացնում է մոնումենտալ ամբողջի կառույցը։ Նամակներից մեկում գրում է. «Ամեն մի ազգի բանաստեղծություն ժողովրդական լեգենդներով է, ազգային ոգու ստեղծագործություններով է զորանում, հաստատվում, առաջ գալիս, որպես մի ամբողջ ժողովրդի խոսք և դրանով էլ դառնում է պատկառելի»։
Այդ Թումանյանն ու Կոմիտասն են, որ հասանելի են ժողովրդի բոլոր խավերին` սկսած հովվից, մինչև ակադեմիկ, սկսած`թերուսից, մինչև ամենակրթյալը, Թումանյանին ու Կոմիտասին հասկանալու համար կրթություն պետք չէ, ցանկացած մարդ գիտի «Շունն ու կատուն», «Անհունը», քառյակները, «Կռունկն» ու «Շողեր ջան»-ը։ Եվ ուրիշ ոչ մի արվեստագետ, մեր տնքացող ոգուն, մեր երեխային, մեր ծերին այնքան հարազատ չէ, ինչքան այս երկու մեծաց աշխարհներն են, նրանցով է, որ կարողանում ենք մերից համամարդկային մշակույթ մտնել։ Փոքրաքանակ ազգերը միայն այս կերպ` խոշոր տաղանդով կարող են սուր խաչել մեծ ազգերի հետ, քչաքանակների, բայց տաղանդավորների գումարն է հաղթում անկիրթ ազգերի վայրագությանը։
Առանց Թումանյանի ու Կոմիտասի վարդապետության մենք մոլորվելու էինք խավար ճամփաբաժաններում, չարությամբ ու թշնամանքով էինք նայելու մարդկության իմաստությունը տարածող քրմերին, սակայն, հիմա մերոնց ներկայությամբ այլոց կարկառուն ներկայացուցիչները մեզ չեն վախեցնում, մեր մեծերի բացած հորիզոնով է, որ սեր և հարազատության զգացողություն ունենք, անգամ, ամենաայլազան մեծ և փոքրաքանակ ժողովուրդների մշակույթի նկատմամբ, քանզի, արվեստն ամենից առաջ մեծ հայրենասիրություն է։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *