Հրաչ Բեգլարյան | Տորթը

Կանգնած էր գլուխը կախ, ակնկոր: Դահլիճի ձայնը գվվոց էր թվում: Ասես կանգնել էր մի մեծ մեքենայի մոտ ու վարորդը անխիղճի պես ոտքը «գազին» դրած` հուպ էր տալիս: Թեև հայացքը չէր բարձրացնում, բայց զգում էր դահլիճի ծաղրը, խնդուքը: Թշնամանք չկար, դահլիճում նստածներից և ոչ մեկը չէր կարող թշնամություն ունենալ իր հետ: Բայց կար չարախնդությունը, ծաղրը կար: Դահլիճը Վաչիկի մտապատկերում մի մեծ ու թեք բացված բերան էր: Ծիծաղում էր անզուսպ, ձեռքը դեմքին դրած թեքվում կողքինի ականջին ու շշնջում: Թե շատ լարեր լսողությունը, գուցե նաև շշունջը լսեր, բայց այդքան լարվել չէր կարողանում: Ականջի մեկը բեմի կողմն էր: Իսկ բեմում նստած էին երեք հոգի: Կենտրոնում սպիտակ վերնաշապիկով, կապույտ փողկապով ընկեր Արարատյանն էր` դպրոցի տնօրենը, մյուսը ֆերմայի վարիչ Մացակն էր, իսկ երրորդին չէր ճանաչում: Շրջանից էր եկել: Դատարանի՞ց, թե՞ ուրիշ մի պաշտոնական մարմնից, չգիտեր: Հետո գլխի ընկավ, որ պետական մեղադրողն է: Բեմի մոտ` դահլիճում էլի մեկը կար նստած, որ հավանաբար դատապաշտպան էր կամ դրա նման մեկը, որ էլի շրջկենտրոնից էր եկել և նրանից մի քիչ հեռու` մյուս կողմում` ևս մի կինարմատ, որ արձանագրում էր նիստը: Կինն իրենց գյուղացի էր` գյուղխորհրդի քարտուղարուհին, բայց թե ում կինը կամ աղջիկն էր, չգիտեր: Ե՞րբ էր գյուղում լինում, որ իմանար:
Այն, որ կենտրոնում Արարատյանն էր, նշանակում էր, որ նա է այստեղ ղեկավարը: Վաչիկը գիտեր, խիստ է Արարատյանը, բայց վնաս չի հասցնի: Կան չէ՞, մարդիկ, որ հետդ ասում-խոսում են, երեսիդ ծիծաղում, բայց հետո գլխիդ էնպիսի բան են բերում, որ մինչև մահ ու մեռ մոռանալ չես կարողանում: Արարատյանն այդպիսին չէր: Դպրոցում էլ: Վզակոթդ կդաղեր, թե դասդ սովորած չլինեիր, կնայեր խոժոռ, ասես ողջ կյանքում պարտք ես եղել իրեն: Ասենք ինչո՞ւ մենակ դու. նաև պապդ ու հերդ են նրան պարտք քո դաս չսովորելու համար: Կխեթեր, կգոռար, բայց տարվա վերջում նույն դասարանում չէր թողնի: Մացակը հեչ, Մացակը հարց վճռող չէ: Մացակին ընկերական դատարանի անդամ են դարձրել, որպես կուսակցականի, իսկ շրջանից եկածը… Նրան չգիտի: Չգիտի նաև դատախազին:
Դահլիճը: Դահլիճը դժվար թե իր վատը ուզենա, դահլիճում նստածներից ամեն մեկն առանձին վերցրած իրեն բարեկամ է, ծանոթ, ընկեր, համագյուղացի վերջապես, բայց երբ միասին են, դժվար է: Դժվար է, քանի որ այդ դեպքում ամեն մարդ մոռանում է ինքն իրեն ու դառնում ընդհանուրի մի մասը: Պատասխանատվությունն իր վրայից վերցնում, դնում է ընդհանուրի վրա, ու ինքն այլևս ոչ թե ինքն է, այլ հանրության մի մասը:
Ուրեմն դահլիճը գվվում էր: Եվ այդ գվվոցի միջից Վաչիկի ականջին էր հասնում մատնաչափ թռչնակի դայլայլը: Նստել էր լուսամուտի տակի եղևնուն ու երգում էր: Երգում էր իրեն կոտորելով, երգում էր հոգին փոթոթելով, չէր նայում մթնած երկնքին, չէր նայում գարնանային անձրևին, նախ եղևնու նոր-նոր դալարած և կարմրին տվող կոնի կատարին էր կանգնել, իսկ հետո, երբ անձրև սկսվեց, թաքնվեց ինչ-որ տեղ՝ ծառի ճյուղերից մեկի տակ, բայց երգելը չդադարեցրեց: Երգում էր սրտապատառ եղածի պես, այնպես, ասես այս օրը վերջինն էր լինելու իր կյանքում և եթե չերգեր, աշխարհին մի բուռ սեր պարտք մնացած կլիներ: Եթե իր սերը չարտահայտեր, աշխարհը լրիվ սիրազուրկ կդառնար ու կչորանար` ամռան կեսին երախը բացած հեղեղատի պես: Ու երգում էր: Վաչիկի ականջը որսում էր դահլիճի ծաղրը ինչ-որ չափով խլացնող նրա երգը, և դա մի քիչ թեթևացնում էր նրա վիճակը: Թվում էր, հենց ականջը հեռացնի թռչնակի երգից, ընկնելու է անհուսության խոր փոսի մեջ, որտեղից այլևս դուրս գալ չի կարողանալու:
Քանի դեռ դատական նիստը չէր սկսվել, սիրտը ճմլվում էր, բայց հետո Արարատյանը բացեց նիստն ու Վաչիկը մի տեսակ հանգստացավ: Նախ Արարատյանը խոսեց, ներկայացրեց դեպքը, հետո սեղանի մոտ նստած մարդն սկսեց խոսել: Ինքը նրան ոչ մի վատ բան չէր արել, չէր ճանաչել նույնիսկ, բայց նա խոսում էր այնպես, ասես հազար տարվա թշնամիներ լինեին:
-Ո՞վ է տեսել,- ասում էր զարմացած,- որ խորհրդային երկրում, մեր լի օրերում ապրող մարդն այդպիսի բան անի:
Դատ ու դատարանից բան չէր հասկանում Վաչիկը, բայց գիտեր, որ իր արածը հիմար բան էր: Վատ բան էր արել, ճիշտ է, բայց եթե հարցնեին` ինչո՞ւ ես արել, հաստատ պատասխանել չէր կարողանա: Նույնիսկ ինքն իրեն չէր կարողանում պատասխանել:
Ձմռան այդ առավոտ քաղաք էր գնացել: Մեքենան տաք գվվացել էր ձմեռվա սառած, բայց անձյուն ճանապարհի վրա: Մեքենայի մեջ հանգիստ ու հարմարավետ էր եղել: Վաչիկը միացրել էր ռադիոն, լսել ծորուն մեղեդին, ոչ մի բանի մասին չէր մտածել: Ասենք ինչու չէ, մտածել էր: Կգնա քաղաք, իր մանր-մունր առևտուրը կանի, ետ կգա, կպառկի վառարանի մոտ` թախտին ու կնայի հեռուստացույցի կապույտ էկրանին: Ուշադիր չի լինի: Ի՞նչ կարևոր է` ինչ են ցույց տալիս: Հոգին խաղաղ ու հանդարտ` կնայի ձեռի հետ, աչքը կկպցնի հարկ եղած պահին ու կգուրգուրի իր անհոգ պարապությունը: Ռուսաստանում աշխատել է ութ ու կես ամիս ու տուն է եկել լիքը գրպանով: Ինչո՞ւ մի քիչ երես չտա իրեն, ինչո՞ւ չպառկի թախտին ու ծուլության չտրվի:
Ուրեմն նախ շուկա էր մտել, առել Սոնիկի պատվիրածները, հետո տնտեսական խանութից մանր մեխ էր առել` հին պահարանի ապակին ամրացնելու համար, հետո ասես անտեսանելի մի ձեռք մեքենան արգելակել էր քաղցրավենիքի խանութի լուսամուտի տակ: Նայել էր ցուցափեղկում դրված տորթերին, հիացել: Ոտքերն իրենից անկախ ներս էին տարել իրեն ու գնացել կանգնել էր խանութի մեջտեղում: Էլի էր նայել տորթերին: Գեղեցիկ էին, այնքան ճաշակով սարքած, ասես մարդու ձեռ չէր կպել: Հինգ հատ տորթ էր դրված վաճառասեղանին, բոլորն էլ լավն էին, բայց դրանց մեջ կար մեկը, որը հմայեց նրան: Նայեց գնին, թանկ էր: Գրպանում փող կար, բայց էդքան մեծ ու էդ գնանոց տորթը շատ էր իր ընտանիքի համար: Մի պահ որոշեց ավելի փոքրը գնել, բայց հետո ժլատությունը բռնեց ու…
Ուզում էր դուրս գալ, բայց ոտքերն ասես մեխել կամ սոսնձել էին խանութի հատակին ու ինքն իրեն ոչ մի կերպ ստիպել չէր կարողանում, որ թողնի, հեռանա: Հակառակի պես սրահում ոչ ոք չկար: Կանգնել էր արդեն մի հինգ րոպեի չափ, բայց իրեն բանի տեղ դնող չկար: Հազաց մի թեթև, բայց պատասխանը լռությունն էր: Զգում էր, թե ինչպես ներսում գլուխ բարձրացրած մեկը ականջին քչփչում է.«Վերցրու տորթը, սրանից լավ առի՞թ: Վերցրու, մեկ է, տեր չունի: Վերցրու, էս աշխարհում ինչ վերցրեցիր, քոնն է: Վերցրու, քշիր մեքենադ ու գնա»: Ինքը դիմադրում էր: Չէր խոսում այդ ներսինի հետ, բայց ամեն կերպ դիմադրում էր: Իսկ ներսինը վայրկյան առ վայրկյան ավելի համարձակ ու առավել լպիրշ էր դառնում.«Սրանից լավ առի՞թ: Հո լոխ չե՞ս: Քեզ ո՞վ է ճանաչում: Խանութի համար մի տորթ ավել, մեկը` պակաս: Տար, դիր մեքենադ ու քշիր»:
Վաչիկն զգում էր, որ դիմադրելը դժվարանում է: Էլի ջանք գործադրեց, որ թողնի հեռանա, բայց չկարողացավ: Տորթը երեք հարկանի էր, հարսի պես սպիտակ ու անմեղ, բայց զգլխիչ էին հատկապես վրայի ծաղիկները` կեսը կանաչ, կեսը` կապույտ ու վարդագույն: Թվում էր, եթե այդ ծաղիկներից մեկը չուտեր, իր հետ մի վատ բան կպատահեր: Քաղցրակեր չէր, բկլիկ չէր, բայց անդիմադրելի մի ցանկություն խուտուտ էր տալիս ձեռքերը, իսկ միտքը հետը խոսում էր այնպես, ասես կենդանի մարդ նստած լիներ ներսում. «Հազացիր, չէ՞, քեզ պատասխանող չեղավ: Ձայն տվեցիր, չէ՞, էլի անպատասխան մնացիր… Ուրեմն մարդ չկա, ուրեմն քո բախտն է, վերցրու, գնա»:
Եվ ձեռքերը մեկնեց, վաճառասեղանից կտրեց տորթը: Հույս ուներ, թե մեկը դուրս կգա, չնայած չգիտեր, թե նույնիսկ էդ դեպքում ի՞նչ է ասելու, բայց հույս ուներ, որ մեկը դուրս կգա ու ինքը չի լսի իր ներքին ձայնին: Բայց խանութը դատարկ էր: Վերցրեց տորթը, դուրս եկավ, դրեց մեքենայի մեջ` իր կողքի նստարանին, կանգնեց, նայեց շուրջը, հետո նստեց մեքենան ու քշեց:
«Բա որ ասում եմ` քո բախտն է՞,- ականջին շշնջաց ձայնը,- քշիր, գնա: Տերն ո՞վ է»: Ու քշեց մեքենան, մի քիչ հեռացավ խանութից ու արագացրեց ընթացքը: Ուր որ է դուրս էր գալու քաղաքից, երբ ազդանշան լսեց: Բանի տեղ չդրեց: Իր հետ չեն: Ինքը երթևեկության կանոնները չի խախտել: Բայց ազդանշանի ձայնը գնալով ուժեղանում էր ու ահագնանում: Կողքի հայելու մեջ նայեց` ոստիկանական մեքենա էր, լույսերը վառում-հանգցնում էր տենդորեն: Հաստատ իրեն էր ազդանշան տալիս: Դանդաղեցրեց ընթացքը, քաշեց աջ, բայց չէր հասցրել կանգնել, երբ մեքենան քաշեց դեմը, կտրեց ճանապարհը: Մեքենայից նախ սպիտակ խալաթավոր չաղլիկ մի կին դուրս թռավ, հետո գլխարկը թեք դրած ոստիկանը: Հետո էլի ոստիկաններ մոտեցան մեքենային: Վաչիկը չէր մտածում, թե տորթի համար է: Իր կարծիքով ինքը խանութից հեռացել էր աննկատ ու ոչ ոք չէր նկատել իր արածը: Մտածում էր` չլինի՞ ճանապարհին ինչ-որ տեղ խախտում է արել ու չի հասկացել:
-Էս տորթը որտեղի՞ց,- մեքենայի դուռը բացելով հարցրեց կինը:
-Առել եմ,- ստեց առանց աչքը թարթելու:
-Որտեղի՞ց,- կնոջ վրայից վանիլի անուշ հոտ էր գալիս, բայց աչքերը կարմրած ու դուրս պրծած էին, նույնքան կարմիր էր դեմքը: Վաչիկը չգիտեր զայրույթից էր, թե՞ նրա բնական գույնն էր այդպիսին:
-Խանութից,- աչքը չթարթեց Վաչիկը,- ձեր ի՞նչ գործն է, թե տորթը որտեղից: Ես` իմ ապրանքը: Ի՞նչ է, տորթ գնել չի՞ կարելի:
-Ինչքանո՞վ ես առել,- խոսակցությանը խառնվեց մեքենայից առաջինը դուրս թռած ոստիկանը:
-Հարցաքննո՞ւմ եք,- ժամանակ շահեց Վաչիկը:
-Դեռևս ոչ, բայց պատասխանեք հարցին:
-Երեսունհինգ ռուբլի,- խանութում դրած գինը հիշեց Վաչիկը:
-Ստի արևը թաղե՞մ,- բերանից թուք շաղ տվեց կինը:
-Տիկին, ինչո՞ւ եք վատ բառեր ասում,- քաղաքավարության հետևում թաքնվեց ու աչքերը ճպճպացրեց: Հասկացավ, որ բռնվել է ու դուրս պրծնելու որևէ հնար էր փնտրում:
-Քաղաքավարուս տեսե՛ք,- ծոր տվեց կինը,- մեր խանութից ես գողացել: Տեսնող կա, չէ՞, վկա:
-Ի՞նչ վկա:
– Հետո կիմանաս,- ասաց ոստիկանն ու հրամայեց,- դուրս արի մեքենայից:
Վաչիկը փորձեց դիմադրել, բայց կինը ոստիկաններին կանխելով հարձակվեց նրա վրա, հարվածեց մի քանի անգամ, հետո տորթը վերցրեց նրա մեքենայի միջից ու հետույքը շորորացնելով տարավ, դրեց ոստիկանների մեքենան:
-Ախր երկու օր տանջվել եմ, ախր մարդիկ հարսանիքի համար են պատվիրել, արևդ թաղեմ,- ասաց:
Կնոջ հարվածները փափուկ էին, մի տեսակ` հաճելի: Երևի նրանից եկող վանիլի հոտը մեղմում էր հարվածների տհաճությունը, Վաչիկի ենթագիտակցության մեջ նրա փափկությունը չեզոքացնում էր Սոնիկի ոսկրոտ չորությունն ու հաճելի էր թվում:
-Մի խփեք, տիկին,- հարվածներից թույլ պաշտպանվում էր Վաչիկն ու կրկնում էր արագ- արագ:
Հետո ոստիկանատուն տարան, «աբիզյաննիկի» մեջ գցեցին, ասես պետական բանկն էր թալանել: Վկաներ բերեցին, արձանագրություն կազմեցին: Վաչիկն ստորագրեց գլուխը կախ, լակոտի պես:
Կնոջ ու ոստիկանների հանդիմանությանը մեկ-մեկ պատասխանում էր քթի տակ.
-Մի վիրավորեք, մի անպատվեք, ամեն մարդու հետ կպատահի…
Ուզում էր նրանց պատմել, որ իր մեջ այդ պահին հայտնված ձայնն է մեղավոր, թե խաբվեց, բայց հասկանում էր, որ դրանով միայն ծիծաղի տեղիք կտա ու լռում էր: Կմտածեին` ուզում է դուրս պրծնել` իրեն հոգեկան հիվանդի տեղ դնելով:
Մի երկու օր պահեցին բաժնում, հետո ստորագրությամբ բաց թողեցին ու սկսվեց քաշքշուկը: Քննում ու քննում էին, ասես տորթի փոխարեն տորթի գործարան էր եղել գողացածը: Երկու ամիս քարշ տվեցին, գործն ուղարկեցին դատարան: Դատավորը կարդաց, ծիծաղը եկավ:
– Դատարանն էլ ուրիշ գործ չունի՞, որ տորթ գողացողի հացերը քննի, մարդուն տանենք, բանտարկե՞նք մի տորթի համար,- ասաց քթի տակ: Հետո կանչեց Վաչիկին, մի կլորիկ գումար չանթեց ու գործն ուղարկեց ընկերական դատարան:
Հիմա կանգնել է Վաչիկը դահլիճի դիմաց ու ամաչում է: Գողնալուց հետո կարգին բան լիներ գողացածը, թե չէ տորթ: Ու լսում է դահլիճի ծիծաղախառը գռմռոցը, թռչնակի սիրատոչոր երգն է լսում ու չի խոսում, հարցերին չի պատասխանում: Դատարանի անդամները` Արարատյանից սկսած, տասն անգամ կարդացել են գործը, բայց հիմա նորից հարց են տալիս: Արարատյանը խստորեն կիտել է հոնքերն ու ասես դաս հարցնելիս լինի.
-Ասա, ինչո՞ւ գողացար թխվածքաբլիթը:
«Տորթ էր, թխվածքաբլիթ չէր»,- քիչ է մնում պատասխանի ինքը: Մտքում զարմանում է` տեսնես չգիտի, որ տորթին հայերեն թխվածքաբլիթ չեն ասում: Բայց չի խոսում, իսկ Արարատյանը նոր հարց է տալիս.
-Ամբաստանյալ Վաչիկ Կոստանյան, պատմեք, թե ինչպե՞ս գողացաք թխվածքաբլիթը,- հետը «Դուք»-ով է խոսում, ասես չի ճանաչում, կարծես իսկի դաս էլ չի տվել:
Վաչիկն էլի չի պատասխանում: Ախր ի՞նչ մի պատմելու բան է: Տեսել է անտեր է, լսել է ներսի ձայնին, ագահությունը հաղթել է իրեն, անկուշտ աչքը գոնե մի պահ կշտացնել է ուզել ու վերցրել է: Չի գողացել, վերցրել է:
Ափսոս, որ գիրուկ կինը չկա, նրա ցուցմունքը Արարատյանն է կարդում: Դեպքի օրվանից հետո չի տեսել նրան: Տեսներ… Ասենք ի՞նչ պիտի ասեր: Պիտի ասեր.«Եղածը բան չէ, սխալվել եմ: Երեխաներիս հորը բանտարկել մի տա»: Ասենք վստահ էլ չէր, թե էդքան բանը կասեր: Բայց կինը դատական նիստին չի եկել ու Վաչիկը ականջը դահլիճի ու դատարանի ձայնին` կանգնել, մնացել է:
Դահլիճը…Դահլիճը ծիծաղում է:
-Վաչիկին ի՞նչ կա, ձրի ք…ը մեղրեն անուշ կուդե,- ձայն է տալիս մեկը:
Ո՞ւմ ձայնն է, ո՞վ է սրամտում, Վաչիկը չի կարողանում տարբերել: Ծիծաղում են բարձրաձայն, շշուկով քննարկում ու չի լսվում բեմի վրա նստածների ձայնը: Արարատյանը ոտքի է կանգնում, զայրացած սաստում է բոլորին, ասես կապը կտրած դասարան մտած լինի:
-Ձայնե՜րդ,- հոխորտում է իր սովորության համաձայն, քիչ է մնում ասի «լակոտներ», ու դահլիճում նստածները` իր նախկին աշակերտները, սովորույթի ուժով զգաստանում են:
Հիմա խոսելու հերթն իրեն պաշտպանողինն է: Չնայած իր հետ ծանոթ չէ, բայց լավ է ներկայացնում, բազմաթիվ դրական բաներ է ասում իր մասին` աշխատող է, ընտանիքի օրինակելի հայր…
Իսկ Վաչիկի միտքը գնում է հեռուն: Աչքի պոչով տեսնում է, որ անձրևը փոխվել է ձյունի: Ձյունը թափվում է, ասես վախենում է, որ գարունը կգա, ինքը չի հասցնի իր վերջին ասելիքն ասել ու թափվում է: Նրան ի՞նչ, որ գետինն արդեն կանաչել է, որ Նախրքաշի արտերի թմբերի վրա իր դեղին աչքն է բացել գնարբ ծաղիկն ու կցրտահարվի: Նրան ի՞նչ: Ձյունն իր խենթ պարն է պարում: Թռչնակը լռել է վախվորած: Կարո՞ղ է շուտ է եկել, կարո՞ղ է բնազդը խաբել է իրեն ու այս գիշեր ցրտահար պիտի ընկնի բնից:
Ելույթ են ունենում, հարցեր են տալիս Վաչիկին, իսկ նա չի պատասխանում: Ի՞նչ պատասխանի` գողացել է, ուրեմն պիտի պատժեն: Ու այսօրվա լռությունը նմանեցնում է իր մի այլ օրվա լռությանը: Հորեղբայրը եկել էր Թիֆլիսում բանվորություն անելուց հետո: Վաչիկը կարոտած էր եղել: Ինչքան չլինի` իրար հետ են մեծացել, հետո ի՞նչ, որ հորեղբայրն իրենից յոթ տարով մեծ էր: Հորեղբայրն իր սպիտակ վերնաշապիկը տվել էր Վաչիկին, թե.
-Հագի, գնա դպրոց:
Ու հագել էր Վաչիկը, չիմանալով, որ հորեղբայրը վերնաշապիկի հետ նաև բանվորական վայրից բերած իր ոջիլներն է տվել իրեն: Գնացել էր դասի, ցուցադրաբար կուրծքը դուրս ցցելով` իբր տեսեք, նոր վերնաշապիկ եմ հագել: Ոջիլները ելել, սկսել էին ուսումնասիրել իրենց նոր տարածքն ու հայտնվել էին Վաչիկի վզի վրա:Դասամիջոցին համադասարանցիները տեսել էին: Ինքն էլ էր գլխի ընկել, թե ինչն ինչոց է, բայց ցույց էր տվել` իբր չի հասկանում, թե համադասարանցի աղջիկներն ինչո՞ւ են գալիս, նայում իրեն ու փախչում «յա՛խկ» անելով: Գիտեր, որ բոլորի վրա էլ ոջիլ կա: Վեր չէր կենում տեղից, չէր բացատրում, թե այսպես ու այսպես…. Եթե դուք չգիտեք ոջիլն ի՞նչ է, ո՞նց եք իմ վրա տեսնում ու ճանաչում: Չէր արդարանում, նստել էր` իբր գլխի չէ ու վայրկյանները ձգվում էին ժամերի պես: Քունքի վրա տրոփում էր երակը, սիրտը զարկում էր խելագար, ուզում էր վեր կենալ ու փախչել, բայց լռում էր, ցույց էր տալիս` իբր գլխի չէ:
Հիմա նույնպես ուզում է թողնել ու փախչել, հեռանալ: Դահլիճից, իրեն օտարացած մարդկանցից, բայց ամենից առաջ` ինքն իրենից: Եթե դպրոցում ինքը մեղավոր չէր, այստեղ…
Արարատյանը մեղմացնում էր Վաչիկի արարքը.
-Ընդամենը թխվածքաբլիթ է,- ասում էր:
Իսկ քաղաքից եկած դատախազը, խոսում էր տրամաբանված, ջախջախում էր բոլոր տեսակի փաստերն ու փաստարկները, թե.
-Ի՞նչ տարբերություն: Գողությունը գողություն է: Եթե ոչ թե երեսունհինգ ռուբլիանոց տորթ լիներ, այլ ասենք հազար ռուբլիանոց ուրիշ բան, էլի պիտի վերցներ, չէ՞: Եթե գողություն է արել, ուրեմն պիտի պատժվի, բանտում պիտի քավի իր հանցանքը:
Վաչիկին աթոռ էին տվել, բայց չէր նստում: Չէր կարողանում նստել, չէր կարողանում թուլանալ ու ցույց տալ, իբր` անտարբեր է: Դրսում ձյունը թափվում էր, մարդիկ չէին շտապում: Գյուղի արական կեսը օրվա զբաղմունք էր գտել, ընկերական դատարանի անդամները նույնպես չէին շտապում ու ձգում էին` ամեն ինչ մանրամասորեն քննարկելով: Նույնիսկ Մացակը ձեռք բարձրացրեց: Ձեռքը մեկնեց զգույշ, ասես շաբաթվա մեջ մի անգամ դաս սովորած աշակերտ լիներ:
-Ասա, Մացակ,- իր անբավականությունը չթաքցրեց Արարատյանը: Ի՞նչ պիտի խոսի Մացակը, այդ ի՞նչ փաստարկ պիտի բերի, որ ինքը չի բերել:
Մացակը մաքրեց կոկորդը, հազաց զգույշ ու վեր կացավ, կանգնեց:
-Ընկեր դատարան,- ասաց,- ընկեր Վաչիկը…
-Ընկեր չէ, ամբաստանյալ,- ուղղեց Արարատյանը:
-Լավ, ամբաստանյալ Վաչիկը մի տորթ է գողացել, բայց եկեք չմոռանանք, որ տորթը վերադարձրել է առանց նույնիսկ մի կտոր ուտելու:
-Անձեռնմխելի,- ուղղեց Արարատյանը:
-Հա, էլի, առանց ձեռք տալու: Բացի այդ, մարդը նաև տորթի գինն է մուծել, չէ՞, էլ չեմ ասում` մյուս մուծածները:
Բոլորն էլ գիտեին, որ խորհրդային միլիցիան Վաչիկից յոթ կաշի է քերթել, քերթել են նաև մյուս իրավապահ մարմինները, բայց ո՞նց կարող էին բացահայտ ասել:
-Ի՞նչ ի նկատի ունեք «մյուս մուծածներն» ասելով,- խոժոռվեց դատախազը:
-Դե գնալ-գալը,- խոսքը կտուրը գցեց Մացակը,- էսքան ամիս գյուղում անաշխատանք նստելը, էսքան լղճվանքն ու մտածմունքը:
-Տորթը քթից եկավ,- էլի նույն ձայնն էր: Վաչիկն ուզում էր տեսնել` ո՞վ է իրեն սրամիտի տեղ դրել, բայց գլուխը չէր բարձրացնում: Սիրտ չուներ դրա համար: Գլխում անհընդհատ մի միտք էր պտտվում` փախչել, փախչել այս ամենից, բայց գիտեր, որ մինչև դատը չավարտվի, գյուղի ակումբի դահլիճից հեռանալ չի կարող: Եթե հեռանա, այս անգամ կպատժեն դատարանն անպատվելու համար:
-Հը՜մ,- ասաց դատախազը:
-Դրա համար առաջարկում եմ Վաչիկին ազատել, թույլ տալ, որ պատիժը կրի սեփական ընտանիքը պահելով:
-Լա՛վ պատիժ է,- ծիծաղեց դահլիճը:
Վաչիկը լուռ ու անթարթ նայում էր իր դիմաց, հայացքը չէր կտրում բեմից, չնայած դատարանը գնացել էր խորհրդակցելու:Դահլիճում նստածների մի մասը դուրս եկավ ծխելու, մյուսները նստած մնացին, ծիծաղելով ինչ-որ բաներ պատմեցին, քննադատեցին Վաչիկին, թե.
-Այ շան տղա, գողանալուց հետո մի կարգին բան գողանայիր, կամ ասա Սոնիկը չէ՞ր կարա մի քիչ խմոր լղճորտեր, թխվածք աներ, որ զխկտվեիր ու ձեռքդ ուրիշի տորթին չմեկնեիր:
Վաչիկը լսում էր, բայց հայացքը հիմա էլ լուսամուտւց այն կողմ` մի ժամվա մեջ գարնան կանաչից ձմռան սպիտակ հագած եղևնուն էր հառել: Ձյունն արդեն դադարել էր, բայց թռչնակը չէր վերսկսում իր դայլայլը: Երևի անհաստատ եղանակը փախցրել էր նրա սիրելու ախորժակը և վախվորած կուչ էր եկել մի ճյուղի տակ:
Վաչիկի համար արդեն միևնույնն էր, թե ինչ պատիժ կտային, լրիվ նույնն էր, թե ինչ կասեին իր մասին: Ոտքերը ցավում էին, ցավում էր մեջքը, գլուխն ասես դատարկ տակառ լիներ ու վճիռը կարդացող Արարատյանի ձայնը խուլ արձագանքում էր գլխի մեջ:
-Հասարակական պարսավանք և երկու տարի` պայմանական…,- բառերն ասես առանձնացան Արարատյանի խոսքից ու մտան ուղեղի մեջ:
Դատական նիստն ավարտվեց: Բոլորը հեռացան, իսկ Վաչիկը կանգնել-մնացել էր:
-Ինչի՞ ես կանգնել, դու էլ գնա,- նիստն արձանագրող քարտուղարուհին էր: Կապույտ աչքերի մեջ խղճմտանքի մի պեծ էր ցոլում ու դեմքին քսած հաստ շպարի տակից երևում էին պեպենոտ այտերը,- գնա,- ասում էր,- լավ պրծար:
…Հետո… Նոր եկած ձյունը տհալ էր, ծնկահար: Ամեն քայլափոխի խրվում էր, բայց չէր դադարեցնում վազքը: Վազում էր, իրեն հաշիվ չտալով, թե ուր: Ոչ ոք չէր նայում նրա հետևից, ոչ ոքի այլևս հետաքրքիր չէր նա: Իսկ ինքը վազում էր: Շունչը կտրվում էր, ծնկներն արդեն ծալվում էին, բայց վազում էր: Իքնաբերաբար գնում էր դեպի գյուղի տակի արտեզյան աղբյուրն ու նրա կողքի տափարակը: Վազում էր, ասես, եթե մի վայրկյան ուշ հասներ, աշխարհը շուռ էր գալու: Հասավ տափարակին ու բերանքսիվար փռվեց ձյան վրա: Դեմքը մտցրել էր ձյան մեջ ու փորձում էր նրա տակից գլուխը հողից նոր հանած կանաչ խոտի հոտն առնել: Բայց ո՜չ ձյան հոտն էր առնում, ո՜չ նորածիլ խոտի: Դեմքը խրել էր ձյան մեջ ու շնչում էր ագահորեն և նոր եկած ձյունը տորթի սպիտակ անարատությունն ուներ կարծես: Բայց նոր եկած ձյունը չէր կարողանում պատճենել աչքերից հոսող արցունքն ու դիմակ չէր դառնում նրա դեմքի համար:

16-ը մայիսի 2020թ.

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *