Թափառախումբը գյուղ մտավ անսպասելի: Թե երբ էին եկել, որտե՞ղ էին բացել իրենց վրանները, ոչ ոք չէր իմացել: Գյուղ մտան երգ ու պարով: Ջահել, կլորիկ կրծքերով գնչուհին լավ էր երգում: Երգում էր սիրո, կյանքի անիմաստ ու կարճ լինելու մասին, երգի մեջ լաց էր լինում սիրո գիշերների կարճության և հառաչում էր կյանքի դառնությունների համար, թեև ինքը միայն սեր էր ճաշակել և կյանքի դառը բաժակից դեռևս մի կում անգամ չէր արել: Բայց լավ էր երգում: Նրան հետևողները պարում էին, ձայնակցում ու նրանց ձայնը տարածվում էր գյուղի ծայրին ով գիտե երբվանից շիրիմ դարձած գետաքարերի վրա: Ամառնավերջի փոշոտ ճանապարհն ագահորեն կուլ էր տալիս գնչուհու երգը, փոշին բարձրանում, նստում էր նրա մազերին, իսկ թափառախմբի մյուս աղջիկներն ու կանայք չէին նկատում, թե նա ինչպես է հասունանում վայրկյան առ վայրկյան:
Գնչուհին երգում էր սրտանց, քանի որ նրա համար աշխարհը հենց այդ պահի մեջ էր ամփոփված: Չկար անցյալ և ապագա չկար: Կար ինքը, թափառախումբը կար, գյուղի փոշոտ ճանապարհը և իր երգն ու պարը կային և կողմնակի լսող չկար: Գյուղը կեսօրվա նինջի մեջ էր` անտարբեր նրանց երգ ու պարին, անտարբեր` մատաղ գնչուհու սիրո ու կրակված սրտի նվաղուն տրոփյունին:
Տղամարդկանց մեծ մասը կամ դաշտերում էր, կամ վաղուց չվել էր Ռուսաստան` ապրուստ, սիրտը ժամանակավորապես տաքացնող սեր և արկածներ գտնելու:
Թափառախումբը հասավ գյուղամեջ ու զարմացած կանգ առավ Բենոյենց Ցոլակի առաջ: Ցոլակը մոռացել էր տարիների հաշիվը, չգիտեր` կեսօ՞ր է, թե առավոտ, չգիտեր` ինչ է ուզում օրվանից և օրն իրենից ինչ է պահանջում: Ինչ-որ ժամանակ նրան ասել էին, թե առվով հոսող արտեզյան ջուրը ոտքացավ է բուժում ու ոտքերը առվի մեջ դրած նստելը լավ է: Հետևել էր մարդկանց խորհրդին: Ու չնայած արդեն մի ամիս է առուն չորացել էր, նա ամեն օր գալիս, ոտքերը հանում, կախում էր չոր հունի մեջ ու նստում էր այդպես: Երիտասարդ գնչուհին անմիջապես հասկացավ, որ նրա համար նույնպես անցյալ ու ապագա չկա և մոտեցավ: Չհարցրեց` ինչու է ոտքերը դրել չոր առվի մեջ, նայեց աչքերին, իսկ աչքերը դատարկ էին ու անպատմություն: Պատմելու բան չուներ Ցոլակը, իր բոլոր պատմությունները պատմել վերջացրել էր ու հիմա նստած էր: Ոչ ոքի չէր սպասում, ոչինչ չէր ուզում: Գնչուհուն նույնպես չէր ուզում տեսնել: Աղջիկը սարսռաց նրա դատարկ հայացքից ու սեփական վախը լռեցնելու համար ասաց.
-Արի, բախտդ գուշակեմ:
Ցոլակն անտարբեր մնաց: Նույնիսկ չնայեց նրա ուղղությամբ: Կեսօրվա արևը հաճելի էր: Տաքացնում էր մգդակած սև բաճկոնը, տաքացնում էր թիկունքն ու արյունը հազիվ վազում էր երակների մեջ:
Աղջիկը վերցրեց նրա ձեռքը, նայեց ափի մեջ ու սարսափեց դարձյալ: Ափի մեջ գծեր չկային: Ջնջվել, վերացել էր կյանքի գիծը, ասես չէր էլ եղել սիրո գիծը, ճակատագրի գծի փոխարեն հարթ մաշկ էր: Այդ մարդը ո՜չ անցյալ ուներ, ո՜չ ապագա: Ամեն ինչ ջնջվել էր տարիների հետ: Նրանը միայն այդ վայրկյանն էր` անցնում էր ու հետք չէր թողնում ո՜չ նրա ափի մեջ, ո՜չ էլ կյանքի վրա էր ազդում: Աղջիկը շոշափեց սառը ձեռքը, շուռումուռ տվեց, հետո բաց թողեց ու տարակուսած նայեց շուրջը:
Անցածից միայն դժգոհությունն էր մնացել ծերունու մգդակած բաճկոնի վրա: Միայն բաճկոնն էր հիշում նրա անցած կյանքը և նրա դժգոհ փնթփնթոցը: Երբ արև ու պարզ եղանակ էր լինում, Ցոլակը տագնապում էր կարտոֆիլի արտերի համար ու րոպեն մեկ բացականչում էր, մեղադրանքը դեպի երկինք ուղղելով.
-Վառա՛վ, վառա՛վ, վառավ ու թափա՛վ…
Իսկ երբ մի քանի օր անձրև էր գալիս, նույն տագնապով հայացքը հառում էր դեպի երկինք ու կանչում.
-Նեխե՛ց, նեխե՛ց, բույսի արմատը նեխե՛ց հողի մեջ…
Ցոլակը չգիտեր, որ Աստված կրակն է ընկել իր ձեռքը: Չգիտի ի՞նչ անի, որ նա գոհ մնա: Մի քանի անգամ փորձեց նրա ուզածով անել, հետո հասկացավ, որ Ցոլակի խելքով երկիր ու տիեզերք կառավարել չի կարելի ու սկսեց քմծիծաղով վերաբերվել նրա դժգոհությանը: Մեկ է, ինչ էլ աներ` Ցոլակը դժգոհ էր մնալու:
Գնչուհին միայն այդքանը կարդաց նրա անգիծ ձեռնափի ու հին բաճկոնի վրա և զարմացավ: Նա իր կյանքում դեռևս այդպիսի մարդ չէր տեսել: Գնչուհին երիտասարդ էր, դեռևս անփորձ, չէր կարողանում հայացքը սուզել ժամանակի մեջ և անցյալն ու ապագան մշուշոտ էին թվում աչքին: Հայացքի առաջ առաջիկա գիշերն էր ու կրակոտ գնչուի մերթ մեղմ, մերթ ցավոտ փայանքները:Դրա համար էլ չէր հասկանում, որ Ցոլակի ափերի գծերը ջնջվել են այն ժամանակ, երբ նա ջարդել, փշրել է իր տան կողքին երեք հազար տարի պառկած գերեզմանաքարերը: Քարերը հին էին, անգիր, անմշակ, անզարդ և ավելի շատ խանգարում էին: Իսկ ինքն ինչո՞ւ պիտի պահեր ով գիտե երբ մեռած մարդկանց տապանաքարերը: Հարվածել էր ուռնով, հարվածել մի օր, երկու… մի ամիս ու փշրել բոլորը, լցրել էր կողքի ձորակն ու գերեզմանոցի տեղում կանաչու մարգեր էր սարքել: Քրտինք էր թափել Ցոլակն ու չէր նկատել, որ ժամանակը քարերի հիշատակի հետ ջնջվել վերացել է իր կյանքից:
Գնչուհին նայում էր ափի մեջ ու ոչինչ չէր տեսնում:
Թափառախումբը վաղուց ցրվել էր թաղերով: Սթափվեց: Իր ի՞նչ գործն է ծերունու ճակատագիրը, իր ինչի՞ն է պետք նրա անցյալը ետ բերելը կամ չունեցած բախտը գուշակելը, մանավանդ, որ նրանից որևէ ակնկալիք ունենալ չի կարող: Ինքը նույնպես պիտի գնա մի կողմի վրա, մեկին պիտի բռնի, բախտը գուշակի, խաբի կամ մի բան թռցնի: Օրվա ապրուստը հայթայթել է պետք:
Խոնավ, գեղեցիկ աչքերը հառեց արևին և զարմացավ, որ նա այդքան արագ է շարժվում: Իսկ ինքը չէր ուզում, որ արևը շարժվեր, չէր ցանկանում, որ սկսված օրը վերջանար, բայց արևն իրեն չէր նայում, աննկատելի և արագորեն դեպի մայրամուտ էր թեքվում: Գնչուհու աչքին ցերեկն էլ գիշերվա նման էր` շատ արագ էր անցնում ու ինքը չէր հասցնում ապրել: Ներկա վայրկյանը միշտ էլ կարճ էր նրա համար, խաբուսիկ ու անբռնելի:
Նայեց առվի կողքին նստած ծերունուն, նայեց գունդ-գունդ երակներին` ոտքերի վրա, նայեց բացակա հայացքին ու գնաց առաջին պատահած փողոցով:
Փողոցները դատարկ էին, փողոցների տերը շոգն էր` թավալվում էր փոշու մեջ, կտոր-կտոր լինում ստվերներում, հետո հավաքվում ու գունդ դառած հարվածում էր պատահական անցորդի բաց գլխին: Գնչուհու մարմինը թրթռում էր արևի տակ, նրա սիրտը հաճելի խուտուտ էր գալիս, երբ պատկերացնում էր, թե մութի քողի տակ իրեն ինչպես է գրկելու սև աչքերով, կեռ բեղերով գնչուն:
Դարպասը կապույտ էր ներկած ու կիսաբաց էր: Բակից երգի ձայն էր գալիս: Երգողը կին էր ու լավ էր երգում: «Հաստատ նա էլ է սիրո մասին երգում»,- մտածեց գնչուհին ու հայացքը դարպասից ներս սահեցրեց:
Լիլոն այդ տարվա ցորենի բերքից բղլուրացու էր ընտրել, մաղել, խաշել, ծեծել ու փռել էր արևի տակ: Արևն արդեն առել էր թացը, մնացել էր խոնավությունը և նա ոտքերը հանել, մտել էր փռոցքի մեջ ու կռացած` խառնում էր: Եվ երգում էր բարձրաձայն: Նախ քթի տակ դնդնացել էր, հետո սիրտը թնդացել էր ու երգը տարածվել էր փողոցն ի բաց: Գիտեր` շուրջը ոչ ոք չկա, գիտեր տղամարդու հայացք չկա ու ոտքերը բաց կռացել էր փռոցքի վրա: Ոտքերը ջրվեժ-ջրվեժ սկսվում էին մեջքից ու իջնում, թաղվում էին ցորենի մեջ: Գնչուհին նայեց նրան ու մի երկվայրկյան ափսոսաց, որ ինքը տղամարդ չէ: Առաջ գնաց ու կամացուկ հազաց:
Լիլոն ուղղվեց, նայեց օրվա այդ ժամին իր բակում անսպասելի հայտնված կնոջն ու անմիջապես գլխի ընկավ, որ գնչուհի է: «Ի՛նչ էլ սիրուն է մեռածը,- մտածեց նրա խորունկ ու սև աչքերին, դեղնաշեկ մազերին, լիքն ու կարմիր շրթունքներին, կլորիկ ու ձիգ կրծքերին նայելով,- ցիգան չեղներ` Արգամիս ուզեի»,- ուսանող տղային հիշեց: Մտածելուն զուգահեռ զարմացավ, որ գնչուհին սևուկ չէ, այլ շեկ ու դեղնավուն: Եվ գեղեցիկ է ամառնավերջի օրվա նման:
-Բարև, քուրիկ,- ասաց գնչուհին ու առաջ եկավ,- ասեցի` բախտդ գուշակեմ:
-Հը՞,- տարակուսեց Լիլոն,- բախտս ի՞նչ գուշակես, էլ նոր հո չե՞մ պսակվելու,- ծիծաղեց իր ասածի վրա:
-Ձեռքդ տուր, սկաժու,- ասաց գնչուհին՝ ռուսերեն ու հայերեն բառերն իրար խառնելով:
Լիլոն ցորենոտ, մի քիչ խոնավ ձեռքը քսեց շորին չորացնելու համար և ձեռքի հետ ուղղեց փոնթված փեշերը:
-Ասենք ձեռքդ չտաս էլ կասեմ: Տղադ լավն է, բայց յա զամուժեն, հետո կամուսնանա, լավ աղջիկ կառնի:
Լիլոն զգաստացավ: Ինքը մտածել է միայն, իսկ այս աղջիկն արդեն գիտե իր մտածածը: Լիլոն ի՞նչ իմանար, որ գնչուհին ծերանում ու փորձառու է դառնում ժամ առ ժամ: Ի՞նչ իմանար, որ գյուղամիջից մինչև Լիլոյի տուն, նա ծերացել է մի քանի տարով:
Գնչուհին շարունակում էր պատմել Լիլոյի ամուսնացած աղջկա, ամուսնու մասին, որ իրեն շատ է սիրում և այն մասին, թե Լիլոն ինչպես ամեն օր ջահել հարսի պես սպասում է, թե Անդիգը ե՞րբ է սարից գալու և երբ է գիշեր լինելու:
-Քա, վա՛յ, աղջի,- կարմրեց Լիլոն,- աղջի, լավ է ուրիշի մոտ չես ասում, աղջի խայտառակ արեցիր:
-Էստեղ ոսկի կա,- ասաց գնչուհին շուրջը նայելով:
-Որտե՞ղ,- հարցրեց Լիլոն ու իրենից անկախ մտածեց մի լիտրանոց բանկայի մեջ պահած կանաչ դոլարների մասին: Կոպեկ-կոպեկ հավաքել, պահել են: Էրեխի տեր են: Տղան ուսումը վերջացնի, ամուսնացնեն:
Իսկ գնչուհին շարունակեց այնպես, կարծես Լիլոն բարձրաձայն խոսած լիներ.
-Չէ, բանկայի մեջ պահած փողերի մասին չեմ ասում, ասում եմ, ձեր հողի ու ջրի կամ պատերի մեջ ոսկի են թաքցրել ժամանակին:
-Աղջի, դու բանկայի փողերի մասին որտեղի՞ց իմացար,- ձեռքը բերանին տարավ Լիլոն:
-Դու թուղթ փող մի պահի,- խորհուրդ տվեց գնչուհին,- ոսկի պահի:
-Ոսկի որտեղի՞ց,- ձեռքերն իրեր զարկեց Լիլոն:
-Ծախում եմ,- ասաց գնչուհին ու ծոցից մի փաթեթ հանեց: Փալասի մեջ փաթաթած երկու դեղին մետաղի կտոր:- Ոսկի ա, ուզո՞ւմ ես:
-Չէ, ամուսինս տանը չէ,- դեմուդարձ եղավ Լիլոն,- ամուսինս սարում չլիներ, ուրիշ: Էս էդ բաներից չեմ հասկանում:
-Էժան տամ,- էլի ասաց գնչուհին,- թուղթ փող մի պահե, թուղթն ի՞նչ ա: Ոսկին չի փչանում: Ինչ երկիր էլ գնաս, ոսկին ոսկի է:
Լիլոն հիշեց հարևան Զաբելի գլխին եկածը, բայց վախեցավ մտածել: Մտածեր` գնչուհին անմիջապես կիմանար: Բայց որքան էլ փորձում էր միտքը մաքուր պահել, չէր կարողանում: Մի քանի տարի առաջ Զաբելի տղա Արամը սենյակները ձևափոխելու համար քանդել էր տան միջնապատն ու պատի միջից կապերով փողեր էին թափվել, խորհրդային ռուբլիանոցներ: Հայրն էր պահել սև օրվա համար: Իր վրա սև էր եկել, մեռել էր երկար հիվանդանալուց հետո, բայց փողերի տեղը չէր ասել տղային: Ո՞վ գիտե, չէ՞ր վստահել, թե՞ մտածել էր` մահվան մահճից վեր է կենալու ու մի նեղ օրի այդ փողերը պետք են գալու: Հորը թաղել էին պարտք անելով, հետո փողը փոխվել էր ու տղան անսպասելի գտել էր անպետք թղթերը: Գլուխը երկու ձեռքով բռնել, պպզել էր էդ փողերի կողքին ու նայել էր: Հետո մի քիչ ուշքի էր եկել ու սկսել էր ոտքերով տրորել փողերի վրա նկարած Լենինի գլուխները:
-Հիմի ձեզ ի՞նչ անեմ: Նեղ օրիս չկայիք, հիմի…,- ասել ու լաց էր եղել, ասել ու ծխել էր: Հետո մորն էր հասել, թե.«Որ գիտեիր, ինչի՞ չէիր ասում»: Մայրը չքմեղացել, արցունք էր թափել և տղան այդպես էլ չէր իմացել` մայրն իմացել, չի՞ ասել, թե՞ նա էլ չի իմացել հոր գաղտնարանի մասին:
Լիլոն մտքում տալիս-առնում էր, Լիլոն լսում ու չէր լսում գնչուհուն: Իսկ գնչուհին արդեն գիտեր, որ նրան համոզել պրծել է:
-Թուղթն ի՞նչ ա, ոսկին երբ ուզես, թուղթ կսարքես:
Եվ Լիլոն, ինքն էլ չիմանալով ինչպես, պահած տեղից հանել էր լիտրանոց բանկան, բերել, գնչուհու աչքի առաջ բացել, հաշվել էր քսան հատ հարյուր դոլարանոցն ու տվել էր նրան: Վերցրել էր երկու ձուլակտոր: Չէր կասկածել, հավատացել ու վստահել էր նրան: Էդ կարգի սիրունություն ունեցող աղջիկը չի կարող իր վատը կամենալ, մանավանդ, որ գիտե իր կյանքի ամեն մի մանրամասնը:
Գնչուհին չէր ուզել սուրճ խմել, չէր ցանկացել շարունակել զրույցը: Փողը վերցրել էր ու գնալուց առաջ խորհուրդ տվել.
-Քո աջ կողմի հարևանը քեզ նախանձում է: Առ էդ խաշած ցորենից մի բուռ ու քից նրա բոստանը: Չար աչքը կվերանա:
Հետո գնացել էր փախչելու պես: Հասել էր գյուղամեջ, թեք հայացք գցել առվի ափին նստած ծերունու կողմը և քայլել անհանգիստ հևքով: Ցոլակի դատարկ հայացքը մի պահ ետ էր եկել հեռվից, կենտրոնացել նրա վրա և ծերունին հառաչել էր.
-Դեղնո՛ւկ…
Ինչ էր տեսել նա, ոչ ոք չէր իմացել: Չէր իմացել նաև գնչուհին, բայց երկար ժամանակ ծերունու դատարկ հայացքը սառեցրել էր բարակ ու ճկուն մեջքը: Իսկ ձայնը ընկել էր դատարկ առվի մեջ, ներծծվել հողում և միայն իրեն հայտնի ճանապարհով գնացել, կուտակվել էր Անդիգի պապական հորում:
Լիլոն ճանապարհ էր դրել նրան, երկար ժամանակ նայել հետևից: Հետո մտքի մեջ ծանրութեթև էր արել նրա ասածը: Ափսոսացել էր մի բուռ բղլուրը, բայց անվերապահ հավատացել էր գնչուհու խոսքին: Վերցրել էր մի ճանկ, մոտեցել ցանկապատին ու աննկատելի շաղ էր տվել հարևանի արտի մեջ, մտքի մեջ նրա հետ կռվելով.«Դու ե՞րբ ես իմ վատը տեսել, որ ինձ նախանձում ես, Սիրան աղջիկ»:
Ասել էր, հետո սկսել էր ուսումնասիրել իր առած դեղին մետաղի կտորները:
Իրիկունը Անդիգը տուն էր եկել ու կինը պատմել էր գնչուհու մասին, նրա բոլոր ասածները վերաշարադրել էր, մի քիչ էլ իր կողմից ավելացնելով: Հին մարագն էր ցույց տվել, Անդիգի պապի սարքած հորը, թե. «Ասում ա դրանց մեջ ոսկի կա»: Հետո բերել, ցույց էր տվել իր առածները.
-Ոսկի է, թուղթ փողը պահենք, ի՞նչ լինի: Արամենց պատմությունը հիշո՞ւմ ես:
Անդիգն անբավական էր մնացել կնոջից. «Դու քանի՞ գլխանի ես, որ առանց ինձ հարցնելու դոլարը տաս, ոսկի առնես: Դու քանի՞ գլխանի ես: Էս տան ղեկավարը ե՞ս եմ, թե՞ դու»,- մրթմրթացել էր խոլոր:
Լիլոն լացել էր, հոնգուր-հոնգուր, Լիլոն ուզել էր ամեն անգամվա պես խռովել, բայց հասկացել էր, որ ինքը մեղավոր է, մանավանդ, որ Անդիգը կասկածել էր էդ դեղին մետաղի ոսկի լինելուն: Գիշերն ավելի պինդ էր սեղմվել նրան, ու թեև Անդիգը երեսը պատին արած էր եղել, Լիլոյի սիրազեղ փայանքների նկատմամբ անտարբեր մնալ չէր կարողացել: Իսկ առավոտյան վերցրել էր ձուլակտորներն ու գնացել էր քաղաք` ծանոթ ոսկերիչի մոտ:
Ոսկերիչը խոշորացույցը ճակատից իջեցրել էր աչքին, ուսումնասիրել ու ժպտացել.
-Մաքուր… լատուն է:
-Հաստա՞տ,- անսպասելիորեն բերանը լցված աղի ջուրը մի կերպ կուլ էր տվել ու հարցրել էր Անդիգը:
-Հաստատ,- գլուխը թափահարել էր ոսկերիչը,- ես քեզ կխաբե՞մ: Էս ո՞վ է տվել:
Անդիգը հարցը չլսելու էր տվել, հավատացել էր նրան, բայց մի վերջին հույսով գնացել էր ուրիշի մոտ ու նույն պատասխանն էր ստացել:
Եկել էր տուն, «ոսկին» գցել կնոջ առաջ, թե տար, տուր քո գնչուհուն:
-Վա՛յ,- ծնկներն էր ծեծել Լիլոն,- ասա դու չամաչեցի՞ր, աղջի, սպասի, երեսս երեսին հանդիպի՞:
-Քո անխելք հերն եմ անիծել,- ասել էր Անդիգը,- էլ նա էս կողմերը կգա՞: Դու ցիգան գտնո՞ղ ես:
Կսկծու երկու օր բերանը բան չէր դրել, կնոջ հետ չէր խոսել երկու օր, հետո ինքն իրեն հավաքել էր ու կառչել էր վերջին ծեղից.
-Ասում էր` ոսկին որտեղ է՛,- հարցրել էր կնոջը:
-Ասում էր, էս պատերի մեջ,- իր ասածը կրկնել էր կինը, մարագն ու հորը ցույց տալով:
Անդիգն սկսել էր նախ մարագը քանդել: Քանդել էր զօր ու գիշեր, քանդել էր էրկրից եկած պապի շքի հետ կռվելով.
-Ասա տեսնեմ` ոսկին որտե՞ղ ես պահել, որ քեզնից հետո ոչ ոք չի գտել: Հերս չի գտել, ախպերս չի գտել… Ես պիտի գտնեմ:
Մանկուց լսել էր, որ իր պապը երկրից հետը ոսկի է բերել: Էդ ոսկին պահել ու ոչ ոքի չի տվել, հետո էլ մեռել է, տեղը ոչ ոքի չասելով:
-Ասա ո՞ր ոսկի պահողն է վայելել, որ դու վայելես,- պապի հետ կռվում ու քանդում էր: Աշխատում էր գիշեր ու զօր, աշխատում էր առանց իրեն խնայելու:Աշխատում էր համարյա հաց չուտելով: Տենդագին փայլում էին աչքերը, վառվում ինչ-որ ներքին հրից և Լիլոն մեկ-մեկ վախենում էր դրանց նայելիս:
-Դեղնո՛ւկ, դեղնո՜ւկ, սիրտդ մեռնի,- գնչուհու շքի հետ կռվում էր Լիլոն,- որտեղի՞ց հայտնվեցիր: Եկար, խաղաղ կյանքս խառնեցիր իրար: Ո՞նց պիտի ուտես մեր արյուն-քրտինքը:
Անդիգը նախ մարագի պատերը քանդեց, ստուգեց ամեն քար, ամեն խորշ, հետո, քանի որ քարն ուրիշ բանի համար անօգտագործելի էր` մանր ու անտաշ, մեքենա կանչեց, բարձեց հատ-հատ ու տարավ թափեց ձորը: Քրքրվեց, բայց բան չգտավ:
«Ով գիտե, գուցե հորի մե՞ջ է պահել»,- հույս տվեց ինքն իրեն ու մտքում հայհոյեց գնչուհուն.
-Ասում էիր, կարգին ասեիր, իսկական տեղն ասեիր, թե չէ…
Կանգնեց հորի մոտ, հայացքով չափեց խորությունը և ականջին հասավ Ցոլակի ձայնը: Չհասկացավ, թե Ցոլակն ի՞նչ կապ ունի այս պատմության հետ, բայց չզարմացավ: Մտածեց երևի շատ աշխատելուց է: Թափ տվեց փոշոտ գլուխն ու մտավ հորը: Սկսեց թխկթխկացնել բոլոր քարերը: Քլունգի ծայրով հարվածում էր քարին ու փորձում լսել` արդյոք տարբեր ձայն չի՞ հանում: Թխկթխկացրեց հերթով ու կանգ առավ մի մեծ, կապույտ քարի վրա: Հաստատ դրա տակ թաղած կլինի, իսկական տակը ոսկի թաղելու քար է:
Հիմա արդեն ինքն իրեն համոզել էր, որ պապը հաստատ ոսկի է թաղել ու էդ ոսկին իրեն է բաժին հասնելու: Իրենց տոհմի ամենաարժանին ինքն է ու ինքը պիտի վայելի պապի չվայելածը: Նրա աչքին դեղին էր երևում ամեն բան` հորի կլորիկ շարած քարերը, հողե հատակը, Լիլոյի` ժամանակ առ ժամանակ վերևից նայող դեմքը, որ հորի խորությունից բացված արևածաղկի էր նմանվում:
Իսկ Լիլոն հետևում էր ամուսնուն, տեսնում նրա մոլեգնությունից վառվող աչքերը, հիշում գնչուհու տված դեղին մետաղի կտորներն ու ինքն իրեն կրկնում.
-Դեղնո՛ւկ, դեղնո՜ւկ… Սիրտդ մեռնի աղջիկ…
Անդիգը նորից հարվածեց մեծ կապույտ քարին ու ավելի համոզվեց, որ այդ քարն ուրիշ ձայն է հանում: Քլունգով սկսեց թուլացնել: Նախ մի կողմից փորձեց, տեսավ` չի ստացվում, քլունգը գցեց քարի մյուս գլխին ու հուպ տվեց: Քարը դուրս թռավ: Կռացավ, նայեց, տակը բան չկար: Դառը հառաչանք դուրս պրծավ նրա կրծքից ու չիմացավ, թե ինչպես հորը հանկարծ դղրդոցով փլվեց գլխին:
…Մի քանի հոգով մի կերպ դուրս քաշեցին մարմինը, Լիլոն սուգ ու շիվանով սրբեց նրա հողոտ երեսը, հետո լողացրին, նոր շորեր հագցրին ու դրեցին գորգով ծածկած ճաշասեղանի վրա:
Լիլոն երկու օր սիրտը պատռելով լացեց ամուսնու վրա, բայց ո՜չ գնչուհու անունը տվեց, ո՜չ ոսկու: Հարցնողներին բացատրում էր, թե ուզում էր հին հորը նորացնել:
Իսկ երկրորդ օրը մարդիկ հանկարծ տեսան, որ Անդիգի մարմինը ոսկու գույն է ստանում: Նախ ձեռքերը դեղնեցին, հետո այտերը, հետո ճակատը, իսկ ամենավերջում` երեք օրում սպիտակած մազերը:
23-ը հունվարի 2020թ.
Ք. Սևան